ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ՏԴ3/0277/02/14 2026 թ. | ||||||
| Քաղաքացիական գործ թիվ ՏԴ3/0277/02/14 | |||||||
| |||||||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող |
Գ. Հակոբյան | |
| զեկուցող |
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ | |
|
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2026 թվականի փետրվարի 13-ին
գրավոր ընթացակարգով քննելով «ԴԱՎԻԹ ԵՎ ՍՅՈՒԶԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.08.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՓԲԸ-ի հայցի ընդդեմ Ընկերության ու Էդվարդ Աղասյանի` ապահովագրական հատուցում տրամադրելու պարտականությունից ազատ լինելու իրավունքը ճանաչելու պահանջի մասին, և ըստ Ընկերության հակընդդեմ հայցի ընդդեմ «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՓԲԸ-ի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` «ՍԻԼ ԻՆՇՈւՐԱՆՍ» ապահովագրական ՓԲԸ-ն պահանջել է ճանաչել 24.08.2014 թվականին տեղի ունեցած վթարի կապակցությամբ իր՝ Ընկերությանն ապահովագրական հատուցում տրամադրելու պարտականությունից ազատ լինելու իրավունքը։
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է «ՍԻԼ ԻՆՇՈւՐԱՆՍ» ապահովագրական ՓԲԸ-ից բռնագանձել 1.800.000 ՀՀ դրամ՝ որպես ապահովագրական հատուցման գումար, և այդ գումարի նկատմամբ հաշվարկված՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները՝ 17.09.2024 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրն ընկած ժամանակահատվածի համար։
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 29.06.2022 թվականի վճռով սկզբնական հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն՝ նաև վճռվել է ««Սիլ Ինշուրանս» ԱՓԲ ընկերությունից հօգուտ «Դավիթ և Սյուզի» ՍՊ ընկերության բռնագանձել 1,800,000 ՀՀ դրամ, որպես ապահովագրական գումար: «Դավիթ և Սյուզի» ՍՊ ընկերության հակընդդեմ հայցը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ բռնագանձելու պահանջի մասով մերժել»։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.08.2023 թվականի որոշմամբ «ՍԻԼ ԻՆՇՈւՐԱՆՍ» ապահովագրական ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 29.06.2022 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ սկզբնական հայցը բավարարվել է՝ որոշվել է ճանաչել Ընկերության նկատմամբ «ՍԻԼ ԻՆՇՈւՐԱՆՍ» ապահովագրական ՓԲԸ-ի ապահովագրական հատուցման տրամադրման պարտականությունից ազատ լինելու իրավունքը, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Սերգեյ Ամիրխանյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել «ՍԻԼ ԻՆՇՈւՐԱՆՍ» ապահովագրական ՓԲԸ-ն։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի խորհրդի 17.12.2010 թվականի թիվ 36-Լ որոշմամբ հաստատված թիվRL1-017 կանոնները, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի խորհրդի 13.09.2010 թվականի թիվ 10-Լ որոշմամբ հաստատված թիվ RL 1-001 կանոնների 8.3.8, 7.7.1, 7.7.2, 7.8.1 կետերը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 983-րդ, 995-րդ, 996-րդ, 999-րդ, 1003-րդ և 1020-րդ հոդվածները։
Բողոք բերող անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը չի բխում գործի փաստական հանգամանքներից, գործում եղած ապացույցներից և ՀՀ օրենսդրության համապատասխան իրավակարգավորումներից։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թեև ապահովագրության պայմանագրի պայմանները կարող են նաև որոշվել ապահովագրողի կամ ապահովագրողների միության ընդունած կամ հաստատած՝ ապահովագրության համապատասխան տեսակի, դասի համար սահմանված ստանդարտ պայմաններով, սակայն ապահովագրության պայմանագիրը պետք է անպայման հղում պարունակի այդ պայմաններին՝ դրանց պարտադիր կիրառելիության համար։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ թիվ SF 217922 վկայագրի 14-րդ կետում բացառապես թիվ RL1-001 կանոններին հղում տրված լինելու պայմաններում «ՍԻԼ ԻՆՇՈւՐԱՆՍ» ապահովագրական ՓԲԸ-ն ապահովագրական հատուցում տրամադրելու մասին դիմումը ոչ իրավաչափորեն մերժել է թիվ RL1-017 կանոնների չպահպանման հիմքով՝ միևնույն ժամանակ սխալ մեկնաբանելով նշված կանոնների դրույթները։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.08.2023 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 29.06.2022 թվականի վճռին կամ գործն ուղարկել նոր քննության։
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները
Վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձը հայտնել է, որ բողոք բերող անձի այն պնդումը, որ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի խորհրդի թիվ RL1-017 կանոնները տվյալ դեպքում կիրառելի չեն, անհիմն է, քանի որ Բյուրոյի կանոնները, կրելով իմպերատիվ բնույթ և կարգավորելով պարտադիր ապահովագրության ոլորտին առնչվող հարաբերությունները, յուրաքանչյուր դեպքում կիրառելի են օրենքի ուժով՝ անկախ պայմանագրում դրանց հղում տրված լինելուց։
Հետևաբար՝ տվյալ դեպքում կիրառելի են իրավահարաբերության ծագման պահին գործող ԱՊՊԱ բոլոր, այդ թվում՝ ապահովագրական հատուցում տրամադրելը մերժելու մասին որոշմամբ վկայակոչված թիվ RL1-017 կանոնները։
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 04.08.2023 թվականի որոշումը թողնել անփոփոխ։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության 26.05.2014 թվականի թիվ SF 217922 վկայագրով ապահովագրվել է «PORSCHE CAYENNE» մակնիշի ****1 հաշվառման համարանիշով ավտոմեքենայի շահագործումից բխող պատասխանատվության ռիսկը։
Նշված վկայագրի՝ «Ապահովագրության պայմաններ» վերտառությամբ 14-րդ կետում վկայակոչված են «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի կողմից 13.09.2010 թվականին հաստատված՝ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանները (հատոր 1-ին, գ.թ. 56).
2) 24.08.2014 թվականին Արզնի քաղաքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ «PORSCHE CAYENNE» մակնիշի *****2 պետհամարանիշով և «LEXUS ES 350» մակնիշի *****3 պետհամարանիշով ավտոմեքենաների մասնակցությամբ (հատոր 1-ին, գ.թ. 11).
3) «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ-ի գործադիր տնօրենի 16.09.2014 թվականի՝ «Ապահովագրական հատուցման տրամադրման մերժման վերաբերյալ» որոշմամբ Ընկերության հայցային դիմումը՝ ապահովագրական հատուցման վերաբերյալ, մերժվել է՝ թիվ RL 1-001 կանոնների 7.8.1. կետով և թիվ RL 1-017 կանոնների 4-րդ կետով սահմանված պահանջներն ապահովադրի կողմից չպահպանելու պատճառաբանությամբ (հատոր 1-ին, գ.թ. 59-62).
4) «ՀՀ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ի 06.04.2017 թվականի թիվ 07931608 եզրակացությամբ նաև նշվել է, որ 24.08.2014 թվականին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարում «PORSCHE CAYENNE» մակնիշի *****4 պետհամարանիշով ավտոմոբիլի վարորդը, իրականացնելով իր վարած ավտոմոբիլի ընթացքի ոչ ճիշտ կառավարում, ուշադիր չհետևելով ճանապարհատրանսպորտային իրադրությանը, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն և կատարել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջին հակասող գործողություն՝ դրանով իսկ պայմանավորելով տվյալ պատահարի առաջացումն ու իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից: «LEXUS ES 350» մակնիշի ******5 պետհամարանիշով ավտոմոբիլի վարորդի կողմից թույլ տրված այնպիսի գործողություններ, որպիսիք տեխնիկական տեսակետից հակասելով ՃԵԿ-ի պահանջներին, կարող էին պայմանավորել «PORSCHE CAYENNE» մակնիշի ******6 պետհամարանիշով ավտոմոբիլի հետ ընդհարման առաջացումը, չեն արձանագրվել (հատոր 2-րդ, գ.թ. 3-5).
5) ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ «ԱՆԻԿՈՄ» ՍՊԸ-ի 20.01.2020 թվականի թիվ ԱԴ 07/19 ԱԱ 130 եզրակացությամբ «LEXUS ES 350» մակնիշի *******7 հաշվառման համարանիշով ավտոմոբիլի հատուկ տեխնիկային պատճառված վնասի շուկայական արժեքը 12.01.2020 թվականի դրությամբ գնահատվել է 2,535,000 ՀՀ դրամ, իսկ 24.08.2014 թվականից մինչև 16.09.2014 թվականն ընկած ժամանակահատվածի համար՝ 2,612,000 ՀՀ դրամ (հատոր 5-րդ, գ.թ. 15-34):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 999-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք ապահովագրական ընկերությունն ապահովագրության ընդհանուր պայմաններում պարունակվող, սակայն ապահովագրության պայմանագրի (վկայագրի) մեջ չընդգրկված պայմանի չպահպանման հիմնավորմամբ կարող է մերժել ապահովագրական հատուցում ստանալու մասին շահառուի ներկայացրած դիմումը, եթե պայմանագրում (վկայագրում) ուղղակիորեն վկայակոչված չէ այդ պայմանի կիրառումը։
1․ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտն է, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար:
Նույն հոդվածի համաձայն՝
օրենսդրական ակտը Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամ Ազգային ժողովի ընդունած նորմատիվ իրավական ակտն է՝ Սահմանադրությունը, սահմանադրական օրենքները և օրենքները,
ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտն է,
անհատական իրավական ակտը նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված գրավոր իրավական ակտն է, որը սահմանում է վարքագծի կանոն կամ առաջացնում է փաստական հետևանքներ և վերաբերում է միայն դրանում անհատապես նշված անձի կամ անձանց,
ներքին (լոկալ) իրավական ակտը նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված իրավական ակտն է, որը, սահմանում է վարքագծի կանոն այն անձանց խմբի համար, որոնք դա ընդունող մարմնի հետ աշխատանքային, քաղաքացիաիրավական կամ վարչական հարաբերությունների մեջ են կամ օգտվում են դա ընդունող մարմնի ծառայություններից կամ աշխատանքներից:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավական ակտը վարքագծի կանոններ պարունակող գրավոր փաստաթուղթ է, որը պայմանավորված իրավական ակտ ընդունելու իրավասություն ունեցող սուբյեկտների կարգավիճակով, կարգավորման ենթակա իրավահարաբերությունների բնույթով և հասցեատերերի շրջանակով՝ դասակարգվում է մի քանի տեսակների: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում հայտնի են իրավական ակտերի հետևյալ տեսակները՝ 1. նորմատիվ իրավական ակտեր, 2. անհատական իրավական ակտեր, 3. ներքին (լոկալ) իրավական ակտեր:
Նորմատիվ իրավական ակտերը բաժանվում են երկու խմբի՝ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի, ընդ որում՝ ենթաօրենսդրական ակտերն իրենց իրավաբանական ուժով ստորադասվում են օրենսդրական ակտերին: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրական ակտերի շարքում բարձրագույն իրավաբանական ուժ ունի Սահմանադրությունը, այնուհետև՝ սահմանադրական օրենքները, որից հետո՝ օրենքները: Սահմանադրությունը, սահմանադրական օրենքները և օրենքները, ինչպես նաև ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պարունակում են վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար: Ի տարբերություն նորմատիվ իրավական ակտերի, անհատական իրավական ակտերը վերաբերում են միայն դրանում անհատապես նշված անձի կամ անձանց, իսկ ներքին (լոկալ) իրավական ակտերը վերաբերում են անձանց խմբի, որոնք դա ընդունող մարմնի հետ աշխատանքային, քաղաքացիաիրավական կամ վարչական հարաբերությունների մեջ են կամ օգտվում են դա ընդունող մարմնի ծառայություններից կամ աշխատանքներից:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արձանագրել է, որ ինչպես անհատական, այնպես էլ ներքին (լոկալ) իրավական ակտերն ընդունվում են նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան, ինչից ուղղակիորեն բխում է, որ անհատական և ներքին (լոկալ) իրավական ակտերը ևս պարտադիր են այդ ակտերի հասցեատերերի համար: Այլ կերպ ասած՝ չնայած այն հանգամանքին, որ անհատական և ներքին (լոկալ) իրավական ակտերը չեն պարունակում վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար, այդուհանդերձ, այդպիսի ակտերով սահմանված նորմերը պարտադիր են այդ ակտերի հասցեատերերի համար, որը մի դեպքում կոնկրետ անձը կամ անձինք են, իսկ մյուս դեպքում՝ անձանց կոնկրետ խումբը:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ այս կամ այն իրավական նորմի հասցեատիրոջը, այլ կերպ ասած՝ այն սուբյեկտներին, որոնց վարքագծի կարգավորման նպատակով ընդունվել է համապատասխան իրավական նորմը, պարզելու համար նախևառաջ կարևոր է պարզել տվյալ իրավական նորմի տեսակը, որն էլ անմիջականորեն բխում է այն իրավական ակտի տեսակից, որում արտացոլված է այդ նորմը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում առաջացող իրավահարաբերությունները կարգավորվում են ամենատարբեր իրավական ակտերով, ընդ որում՝ միևնույն ոլորտը կարող է կարգավորվել ինչպես տարբեր իրավաբանական ուժ, այնպես էլ տարբեր հասցեատերեր ունեցող իրավական ակտերով, ինչը նշանակում է, որ իրավահարաբերության այս կամ այն մասնակցի գործողությունները պետք է գնահատվեն հենց այդ մասնակցի վարքագիծը կարգավորող իրավական նորմեր պարունակող իրավական ակտի լույսի ներքո՝ անկախ տվյալ ոլորտում առաջացող հարաբերությունների մյուս մասնակիցների վարքագիծը այլ իրավական ակտերով կարգավորման ենթարկված լինելու հանգամանքից:
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը իրավահարաբերության մասնակիցներին հնարավորություն է ընձեռել նաև փոխադարձ համաձայնությամբ սահմանել միմյանց վարքագծի կարգավորման կանոններ՝ պայմանագիր կնքելու միջոցով, ինչը, անշուշտ, պետք է համապատասխանի օրենսդրի սահմանած ընդհանուր կանոներին (տե'ս «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Արկադի Անդրեասյանի և Խաչատուր Ենգոյանի` թիվ ԼԴ/0611/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.07․2021 թվականի որոշումը):
2․ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականացվել կամավոր և պարտադիր ապահովագրություն:
Կամավոր ապահովագրությունն ապահովադրի կամավոր ցանկությամբ ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքելու միջոցով իրականացվող ապահովագրությունն է:
Պարտադիր ապահովագրությունը ապահովադրի կամքից անկախ ապահովագրողի հետ օրենքի ուժով ծագող հարաբերություններն են, որի տեսակները, պայմաններն ու իրականացման կարգը կարգավորվում են նույն օրենսգրքով, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և պարտադիր ապահովագրության մասին համապատասխան օրենքներով:
Նշված նորմից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում թույլատրված է ապահովագրության երկու տեսակ՝ կամավոր և պարտադիր: Կամավոր ապահովագրության դեպքում օգտվելով օրենքով ընձեռված այդ հնարավորությունից՝ անձն ապահովագրության համապատասխան դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձի (ապահովագրող) հետ ապահովագրության պայմանագիր կնքում է իր ցանկությամբ և հայեցողությամբ: Մինչդեռ պարտադիր ապահովագրության դեպքում անձն ապահովագրողի հետ ապահովագրական իրավահարաբերությունների մեջ մտնում է օրենքի իմպերատիվ թելադրանքով՝ անկախ իր կամքից:
Հայաստանի Հանրապետությունում պարտադիր ապահովագրության է ենթակա ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունը, որի առարկան ավտոտրանսպորտային միջոցի շահագործման հետևանքով երրորդ անձանց գույքին, առողջությանը և/կամ կյանքին պատճառված վնասի հատուցման քաղաքացիական պատասխանատվությունն է: Այս պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմաններն ու իրականացման կարգը սահմանված են «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով (տե'ս «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպությունն ընդդեմ Սեյրան Առաքելյանի, Նորիկ Ղուկասյանի` թիվ ՍԴ/0614/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12․12․2022 թվականի որոշումը):
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, նույն օրենքով, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (...) իրավական ակտերով, Բյուրոյի կանոններով և իրավական այլ ակտերով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ոլորտում առաջացող իրավահարաբերությունները, նախևառաջ, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, որը, որպես ապահովագրության ոլորտի ընդհանուր սկզբունքները և կանոները սահմանող նորմատիվ իրավական ակտ, պարունակում է հետևյալ կարևոր դրույթները.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 996-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապահովագրության պայմանագրով մի կողմը` ապահովագրողը, որոշակի միանվագ կամ պարբերական վճարի (ապահովագրավճարի) դիմաց պարտավորվում է մյուս կողմին` ապահովադրին կամ նրա մատնանշած անձին (շահառուին), որոշակի ապահովագրական գումարի շրջանակներում հատուցել որոշակի իրադարձության (իրադարձությունների) տեղի ունենալու արդյունքում պատճառված վնասը կամ դրա մի մասը կամ տրամադրել որոշակի գումար (ապահովագրական հատուցում), եթե այդ իրադարձությունների տեղի ունենալը կրում է հավանական և (կամ) պատահական բնույթ և կախված չէ կողմերի կամ ապահովագրված անձի կամ շահառուի կամքից (բացառությամբ կյանքի ապահովագրության այն դեպքերի, երբ հատուցվում է որոշակի հավաստի և ակնկալվող իրադարձության տեղի ունենալը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 998-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապահովագրության պայմանագրի էական պայմաններն են՝ ապահովագրության օբյեկտը, ապահովագրական պատահարը (պատահարները) կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում տրվում է ապահովագրական հատուցումը, ապահովագրական գումարի չափը, ապահովագրական հատուցման կարգը, ապահովագրավճարի չափը, ապահովագրական պատահարի տեղի ունենալու մասին ապահովադրի և (կամ) շահառուի կողմից ապահովագրողին տեղեկացնելու կարգը և ժամկետները, վնասի գնահատման կարգը, ապահովադրի կողմից ապահովագրավճարի` պայմանագրում սահմանված ժամկետներում և կարգով չվճարելու հետևանքները:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ապահովագրության պայմանագրում պետք է նշվեն նաև՝ ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետը, ապահովագրության պայմանագրի փոփոխման, լրացման և վաղաժամկետ լուծման կարգը, նշում այն մասին, որ ապահովադիրը ծանոթացել է ապահովագրության վկայագրի պայմաններին, ապահովագրության պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ապահովագրության վկայագիրը պետք է ներառի հետևյալ վավերապայմանները՝ ապահովագրության վկայագրի համարը, ապահովագրողի անվանումը և գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ինտերնետային կայքի հասցեն, ապահովադրի շահառուի անունը կամ անվանումը, գտնվելու վայրն ու հեռախոսահամարը, ապահովագրության համապատասխան դասը և ենթադասը, ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետը, ապահովադրի ստորագրությունը (եթե ապահովադիրը իրավաբանական անձ է, նրա գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությունը) և նշում այն մասին, որ ապահովադիրը ծանոթացել է ապահովագրության պայմանագրի պայմաններին, ապահովագրողի կողմից լիազորված անձի ստորագրությունը կամ դրա ֆաքսիմիլային վերարտադրությունը, ապահովագրության վկայագիրը տալու տարին, ամիսը, ամսաթիվը, ապահովագրական գումարի չափը, ապահովագրական պատահարը կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում տրվում է ապահովագրական հատուցումը, ապահովագրական պատահարի տեղի ունենալու մասին ապահովադրի և (կամ) շահառուի կողմից ապահովագրողին տեղեկացնելու կարգը և ժամկետները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 999-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանները, որոնցով կնքվում է ապահովագրության պայմանագիրը, կարող են որոշվել ապահովագրողի կամ ապահովագրողների միության ընդունած կամ հաստատած ապահովագրության համապատասխան տեսակի, դասի համար սահմանված ստանդարտ պայմաններով (ապահովագրության ընդհանուր պայմաններ): Եթե ապահովագրության պայմանագիրը կնքվել է ապահովագրողի կամ ապահովագրական միությունների կողմից հաստատված ապահովագրության պայմանագրի ընդհանուր պայմանների հիման վրա, ապա ապահովագրության պայմանագիրը պետք է հղում պարունակի այդ պայմաններին:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ապահովագրության ընդհանուր պայմաններում պարունակվող և ապահովագրության պայմանագրի մեջ չընդգրկված պայմանները պարտադիր են ապահովադրի (շահառուի) համար, եթե պայմանագրում ուղղակի վկայակոչված է այդ ընդհանուր պայմանների կիրառումը, և այդ պայմանները կցված են պայմանագրին, ընդ որում, պայմանագիր կնքելիս ապահովագրական պայմանների հանձնումն ապահովադրին պետք է հավաստվի պայմանագրի մեջ կատարվող գրառմամբ:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ապահովագրության պայմանագիր կնքելիս ապահովադիրը և ապահովագրողը պետք է գրավոր (ապահովագրական պայմանագրով կամ առանձին համաձայնությամբ) պայմանավորվեն ապահովագրության ընդհանուր պայմանների առանձին դրույթներ փոփոխելու, վերացնելու կամ լրացնելու կարգի վերաբերյալ: Ընդ որում, եթե նախատեսված է ընդհանուր պայմանների միակողմանի փոփոխումն առանց ապահովադրի համաձայնության, ապա պայմանագրում պետք է ամրագրվի այդպիսի փոփոխության դեպքում ապահովագրողի կողմից ապահովադրին նախապես ծանուցելու պարտականությունը և այդպիսի փոփոխության հետ համաձայն չլինելու դեպքում պայմանագիրն անմիջապես լուծելու ապահովադրի իրավունքը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Արկադի Անդրեասյանի և Խաչատուր Ենգոյանի՝ թիվ ԼԴ/0611/02/18 քաղաքացիական գործով 23․07․2021 թվականին կայացրած որոշմամբ անդրադառնալով վերը նշված հոդվածների վերլուծությանն արձանագրել է, որ ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրի հիման վրա, ընդ որում՝ օրենքով սահմանված են այն անհրաժեշտ և էական պայմանները, որոնք պետք է պարտադիր նշվեն ապահովագրության պայմանագրի կամ ապահովագրական վկայագրի մեջ: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ ապահովագրության պայմանագրի որոշակի պայմաններ կարող են որոշվել նաև ապահովագրողի կամ ապահովագրողների միության ընդունած կամ հաստատած ապահովագրության համապատասխան տեսակի, դասի համար սահմանված ստանդարտ պայմաններով (ապահովագրության ընդհանուր պայմաններ), ինչի պարագայում ապահովագրության պայմանագիրը պետք է պարտադիր հղում պարունակի այդ պայմաններին: Բացի այդ, Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ապահովագրության պայմանագիր կնքելիս ապահովադիրը և ապահովագրողը պետք է գրավոր (ապահովագրական պայմանագրով կամ առանձին համաձայնությամբ) պայմանավորվեն ապահովագրության ընդհանուր պայմանների առանձին դրույթներ փոփոխելու, վերացնելու կամ լրացնելու կարգի վերաբերյալ և եթե նախատեսված է ընդհանուր պայմանների միակողմանի փոփոխումն առանց ապահովադրի համաձայնության, ապա պայմանագրում պետք է ամրագրվի այդպիսի փոփոխության դեպքում ապահովագրողի կողմից ապահովադրին նախապես ծանուցելու պարտականությունը և այդպիսի փոփոխության հետ համաձայն չլինելու դեպքում պայմանագիրն անմիջապես լուծելու ապահովադրի իրավունքը:
Ամփոփելով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապահովագրողի կամ ապահովագրողների միության ընդունած կամ հաստատած ապահովագրության համապատասխան տեսակի, դասի համար սահմանված ստանդարտ պայմանները հանդիսանում են ապահովագրական պայմանագրի անբաժանելի մաս միայն այն դեպքում, երբ ապահովագրողի և ապահովադրի միջև կնքված ապահովագրության պայմանագիրը պարտադիր հղում է պարունակում այդ պայմաններին, իսկ բոլոր այն դեպքերում, երբ ապահովագրության պայմանագիրը հղում է պարունակում ապահովագրության ընդհանուր պայմաններին, ապա ապահովագրության ընդհանուր պայմանները ևս, ի թիվս ապահովագրության պայմանագրի մյուս էական պայմանների, դառնում են պարտադիր ապահովագրության պայմանագրի կողմերի համար: Այդուհանդերձ, ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել այն կարևոր հանգամանքը, որ ապահովագրության պայմանագրի անբաժանելի մաս են հանդիսանում միայն ապահովագրության այն ընդհանուր պայմանները, որոնք վերաբերում են կողմերի միջև ապահովագրության պայմանագրից ծագած հարաբերություններին, իսկ այն պայմանները, որոնք կարգավորում են կողմերի միջև կնքված ապահովագրության պայմանագրի կարգավորման ոլորտից դուրս գտնվող հարաբերություններ, բնականաբար, չեն հանդիսանում ապահովագրության պայմանագրի անբաժանելի մաս:
Այսպիսով ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ ապահովագրության ընդհանուր պայմանների՝ ապահովագրության պայմանագրի մաս հանդիսանալու համար անհրաժեշտ է երկու հանգամանքի միաժամանակյա առկայություն՝ 1. պայմանագիրը պետք է պարտադիր հղում պարունակի ապահովագրության ընդհանուր պայմաններին և 2. ապահովագրության ընդհանուր պայմանները պետք է կարգավորեն ապահովագրության պայմանագրից ծագած իրավահարաբերություններ:
Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը, հարկ է համարում ընդգծել, որ եթե ապահովագրության պայմանագիրը կնքվել է ապահովագրողի կամ ապահովագրական միությունների կողմից հաստատված ապահովագրության պայմանագրի ընդհանուր պայմանների հիման վրա, ապա օրենսդիրն իմպերատիվ կերպով սահմանել է, որ ապահովագրության պայմանագիրը նախ պետք է հղում պարունակի այդ պայմաններին։ Ընդ որում, եթե առկա կլինեն ապահովագրության ընդհանուր պայմաններում պարունակվող և ապահովագրության պայմանագրի մեջ չընդգրկված պայմաններ, ապա դրանք պարտադիր կլինեն ապահովադրի (շահառուի) համար՝ հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում․
պայմանագրում ուղղակիորեն պետք է վկայակոչված լինի այդ ընդհանուր պայմանների կիրառումը,
այդ պայմանները պետք է կցված լինեն ապահովագրության պայմանագրին, և
ապահովագրության պայմանագիր կնքելիս ապահովագրական պայմանների հանձնումն ապահովադրին պետք է հավաստված լինի պայմանագրի մեջ կատարվող գրառմամբ։
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապահովագրության ընդհանուր պայմաններում պարունակվող, սակայն ապահովագրության պայմանագրի (վկայագրի) մեջ չընդգրկված պայմանի չպահպանման հիմնավորմամբ ապահովագրական ընկերությունը չի կարող մերժել ապահովագրական հատուցում ստանալու մասին շահառուի կողմից ներկայացված դիմումը, եթե պայմանագրում (վկայագրում) ուղղակիորեն վկայակոչված չէ այդ պայմանի կիրառումը։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SF 217922 վկայագրով ապահովագրվել է «PORSCHE CAYENNE» մակնիշի ******8 հաշվառման համարանիշով ավտոմեքենայի շահագործումից բխող պատասխանատվության ռիսկը։
Նշված վկայագրի՝ «Ապահովագրության պայմաններ» վերտառությամբ 14-րդ կետում վկայակոչված են «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի կողմից 13.09.2010 թվականին հաստատված՝ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանները։
24.08.2014 թվականին Արզնի քաղաքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ «PORSCHE CAYENNE» մակնիշի *****9 պետհամարանիշով և «LEXUS ES 350» մակնիշի ******10 պետհամարանիշով ավտոմեքենաների մասնակցությամբ։
«Սիլ Ինշուրանս» ԱՓԲ ընկերության գործադիր տնօրենի 16.09.2014 թվականի ապահովագրական հատուցման տրամադրման մերժման վերաբերյալ որոշմամբ 08.09.2014 թվականի «Դավիթ և Սյուզի» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Դավիթ Դավթյանի կողմից ներկայացված ապահովագրական վնասի վերաբերյալ հայցային դիմումը մերժվել է:
Դիմումն ըստ էության մերժվել է 2 հիմքով, այն է՝
1/ ապահովագրական ընկերության ներկայացուցիչների կողմից վարչական վարույթի իրականացման պահանջի առկայության դեպքում վթարի մասնակիցները հրաժարվել են վարչական վարույթից,
2/ «Դավիթ և Սյուզի» ՍՊ ընկերության կողմից չի ներկայացվել ճանապարհատրանսպորտային պատահարի բոլոր մասնակիցների ու պատահարին մասնակցած տրասնպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրած բոլոր ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների կողմից պատահարի վայրում համատեղ ստորագրած պատահարի հանգամանքների վերաբերյալ համաձայնության ակտը:
Դիմելով դատարան` «ՍԻԼ ԻՆՇՈւՐԱՆՍ» ապահովագրական ՓԲԸ-ն պահանջել է ճանաչել 24.08.2014 թվականին տեղի ունեցած վթարի կապակցությամբ իր՝ Ընկերությանն ապահովագրական հատուցում տրամադրելու պարտականությունից ազատ լինելու իրավունքը։ Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է «ՍԻԼ ԻՆՇՈւՐԱՆՍ» ապահովագրական ՓԲԸ-ից բռնագանձել 1.800.000 ՀՀ դրամ՝ որպես ապահովագրական հատուցման գումար, և այդ գումարի նկատմամբ հաշվարկված՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները՝ 17.09.2024 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրն ընկած ժամանակահատվածի համար։
Դատարանի 29.06.2022 թվականի վճռով սկզբնական հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն այն հիմնավորմամբ, որ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ-ի կողմից ապահովագրական հատուցում տրամադրելու մասին դիմումի մերժման հիմքում դրված՝ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի թիվ RL 1-017 կանոնները կիրառելի չեն, քանի որ դրանք ուղղակիորեն վկայակոչված չեն վկայագրում։
Նշված վճռի՝ սկզբնական հայցի մերժված և հակընդդեմ հայցի՝ բավարարված մասերի դեմ «ՍԻԼ ԻՆՇՈւՐԱՆՍ» ապահովագրական ՓԲԸ-ի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 04.08.2023 թվականի որոշմամբ Դատարանի 29.06.2022 թվականի վճիռը բեկանել և փոփոխել է՝ սկզբնական հայցը բավարարել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժել այն հիմնավորմամբ, որ «(…) Բյուրոյի կանոնները պարտադիր ապահովագրության դեպքում կիրառելի են համարվում անկախ նրանից պայմանագրում հղում կա որևէ կոնկրետ կանոնի մասին, թե ոչ։ Ավելին՝ կանոնները կիրառելի են և գործածվում են անգամ ապահովագրական պայմանագրի բացակայության պարագայում, ուստի՝ որևէ կանոնի մասին նշումը կամ հղումը չի բացառում իրավահարաբերության ծագման պահին գործող ԱՊՊԱ մյուս կանոնները կիրառելը։
Վերաքննիչ դատարանը նման եզրահանգման է գալիս նաև այն պատճառով, որ ԱՊՊԱ բյուրոյի կանոններն ունեն իմպերատիվ և ոչ դիսպոզիտիվ բնույթ և դրանք կարգավորում են պարտադիր ապահովագրության ոլորտին առնչվող հարաբերությունները, ուստի՝ անկախ կողմերի կամքից, այդ թվում՝ պայմանագրում միայն կոնկրետ կանոնների վրա հղում կատարելու հանգամանքից, դրանք կիրառել են բոլոր դեպքերում օրենքի ուժով։ (…)»։
Վերոգրյալ իրավական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանն անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանն արձանագրում է հետևյալը.
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կանոնադրության «Իրավական ակտերի մասին կանոններ» վերտառությամբ Հավելված 2-ի 6-րդ բաժնի 1-ին գլխի 6-րդ կետի համաձայն՝ Բյուրոյի իրավական ակտերը Բյուրոյի կառավարման մարմինների, ինչպես նաև Բժշկական հանձնաժողովի կողմից «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի կամ Բյուրոյի կանոնադրությամբ սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում ընդունված ժամանակավոր կամ մշտական բնույթ կրող, մեկանգամյա կամ բազմակի կիրառման համար նախատեսված պաշտոնական գրավոր փաստաթղթեր են, որոնցով սահմանվում են պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություններ, սահմանափակումներ կամ վարքագծի այլ կանոններ:
Նույն գլխի 7-րդ կետի համաձայն՝ Բյուրոյի իրավական ակտերն ըստ բնույթի ստորաբաժանվում են երկու տեսակի` անհատական և ներքին (լոկալ):
Նույն գլխի 8-րդ կետի համաձայն՝ անհատական են համարվում Բյուրոյի այն իրավական ակտերը, որոնք սահմանում են վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակի անհատապես նշված (նախատեսված) անձանց համար:
Նույն գլխի 9-րդ կետի համաձայն՝ Ներքին են համարվում Բյուրոյի այն իրավական ակտերը, որոնցով սահմանվող վարքագծի կանոնները տարածվում են միայն անորոշ կամ որոշակի (բայց ոչ անհատական) այն անձանց վրա, ովքեր` 1) Բյուրոյի հետ գտնվում են աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ կամ 2) օգտվում են Բյուրոյի ծառայություններից կամ աշխատանքներից կամ 3) Բյուրոյի անդամներ են:
Նույն գլխի 10-րդ կետի համաձայն՝ Բյուրոյի կողմից ընդունվում են երկու խմբի ներքին իրավական ակտեր` 1) Բյուրոյի կանոններ, 2) Բյուրոյի այլ ներքին իրավական ակտեր:
Նույն գլխի 11-րդ կետի համաձայն՝ Բյուրոյի կանոններն իրենց հերթին բաժանվում են հետևյալ տեսակների`1) Բյուրոյի ընդհանուր կանոններ, 2) Բյուրոյի ներքին կանոններ:
Նույն գլխի 12-րդ կետի համաձայն՝ Բյուրոյի ընդհանուր կանոններ են համարվում Բյուրոյի այն ներքին իրավական ակտերը, որոնք Բյուրոյի կողմից ընդունվում են որպես ԱՊՊԱ համակարգի կարգավորող մարմին կամ հասարակական կազմակերպություն, և որոնցով պահանջներ են սահմանվում ԱՊՊԱ համակարգի մասնակիցների, Բյուրոյի և (կամ) Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների` միմյանց միջև հարաբերությունների նկատմամբ։ Բյուրոյի կողմից ընդունված ցանկացած իրավական ակտ համարվում է Բյուրոյի ընդհանուր կանոն, եթե պարունակում է թեկուզ մեկ դրույթ, որն առնչվում է Բյուրոյի, նրա անդամ ապահովագրական ընկերությունների և (կամ) ԱՊՊԱ համակարգի մասնակիցների` միմյանց միջև հարաբերություններին: Բյուրոյի ընդհանուր կանոններ են համարվում նաև Բյուրոյի ընդհանուր կանոններում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող, ինչպես նաև Բյուրոյի ընդհանուր կանոնների կամ դրանց մի մասի գործողությունը դադարեցնող իրավական ակտերը` նույնիսկ այդ փոփոխությունների կամ լրացումների` նույն կետով նախատեսված հարաբերությունները կարգավորող դրույթներ չպարունակելու դեպքում: Բյուրոյի ընդհանուր կանոնները հաստատվում են Բյուրոյի խորհրդի կողմից, իսկ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի կամ Բյուրոյի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում` Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովի կամ Բժշկական հանձնաժողովի կողմից։
Այսպիսով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Բյուրոյի կանոնները հանդիսանում են ներքին (լոկալ) իրավական ակտեր, ինչը ենթադրում է, որ Բյուրոյի կանոները սահմանում են վարքագծի կանոններ անձանց խմբի համար, ընդ որում՝ պայմանավորված յուրաքանչյուր կանոնի բովանդակությամբ՝ յուրաքանչյուր դեպքում տարբեր է անձանց այն խումբը, որը հանդիսանում է Բյուրոյի այս կամ այն կանոնի հասցեատեր, քանի որ մի դեպքում այդ հասցեատերերը Բյուրոյի անդամ հանդիսացող ապահովագրական ընկերություններն են, իսկ մյուս դեպքում՝ ԱՊՊԱ համակարգի մասնակիցները:
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի կողմից 17․12․2010 թվականին ընդունված թիվ RL 1-017 կանոնների 4-րդ կետի համաձայն՝ ապահովագրական ընկերությունը տուժողի (նրա իրավահաջորդի) կողմից ապահովագրական հատուցում ստանալու համար դիմելու օրը վերջինիս տրամադրում է ապահովագրական հատուցում ստանալու համար ԱՊՊԱ պայմանագրի պայմաններով սահմանված այն փաստաթղթերի ցանկը, որոնք դեռևս տուժողի կամ նրա իրավահաջորդի կողմից չեն ներկայացվել: Ընդ որում, ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների կողմից տվյալ պատահարի գծով վարչական վարույթ իրականացնելու պահանջից հրաժարվելու դեպքում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու լիազոր մարմնի կազմած արձանագրությունը (եզրակացությունը) համարվում է ԱՊՊԱ պայմանագրի պայմանների 50-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված պահանջներին բավարարող փաստաթուղթ, եթե ապահովագրական ընկերություն են ներկայացվել նաև ճանապարհային երթևեկության անվտանգության համար պատասխանատու լիազոր մարմնի կողմից կազմված ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների համաձայնությունը վարույթ իրականացնելու պահանջից հրաժարվելու մասին, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարի սխեման և ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների բացատրությունները պատահարի հանգամանքների վերաբերյալ (4-րդ կետը փոփ. է 16/12/2014թ. թիվ 41-Լ և 23/06/2015թ. թիվ 70-Լ որոշմամբ)։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով 26.05.2014 թվականի ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SF 217922 վկայագրի 14-րդ կետում որպես ապահովագրության պայմաններ վկայակոչված են «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի կողմից 13.09.2010 թվականին հաստատված՝ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանները, ինչը նշանակում է, որ կողմերը, ելնելով պայմանագրի ազատության սկզբունքից, սահմանել են, որ միայն նշված կանոններն են կիրառելի ապահովագրության գործընթացում։ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ-ի կողմից ապահովագրական հատուցում տրամադրելու մասին դիմումի մերժման հիմքում դրվել է նաև «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի թիվ RL 1-017 կանոնները, որոնք ընդունվել են 17.12.2010 թվականին, այսինքն՝ ապահովագրական վկայագրում վկայակոչված ներքին իրավական ակտի հաստատումից շուրջ երեք ամիս հետո, հետևաբար դրանք ապահովագրական վկայագրում ուղղակի վկայակոչված չլինելու պայմաններում, չէին կարող կիրառելի լինել, հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 999-րդ հոդվածի 2-րդ կետի իրավակարգավորումը։ Սույն դեպքում «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի թիվ RL 1-017 կանոնները կիրառելի չլինելու մասին Դատարանի հետևությունները Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում այն պատճառաբանությամբ, որ թիվ SF 217922 վկայագրի 14-րդ կետում որպես ապահովագրության պայմաններ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի թիվ RL 1-017 կանոններն ուղղակիորեն վկայակոչված չեն, հետևաբար՝ կողմերն ուղղակիորեն բացառել են ապահովագրական գործընթացում նշված կանոնների կիրառման իրավական հնարավորությունը։
Այս պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է թե´ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 999-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը, թե´ այն իրողությունը, որ սույն դեպքում կողմերի միջև կնքված ապահովագրության պայմանագրի բովանդակությունը կազմող պայմանները որևէ հղում չեն պարունակել ապահովագրական գործընթացում «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի թիվ RL 1-017 կանոնների կիրառման՝ կողմերի համաձայնեցված կամքին, հետևաբար՝ ապահովագրության ընդհանուր պայմաններում պարունակվող, սակայն ապահովագրության պայմանագրի մեջ չընդգրկված պայմանները չեն կարող պայմանագրով չնախատեսված իրավունքներ և պարտականություններ առաջացնել։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վերը նշված հանգամանքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով Վերաքննիչ դատարանի 04.08.2023 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով․ գույքային պահանջի գործերով՝ հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից, ոչ գույքային բնույթի պահանջի գործերով՝ բազային տուրքի 20-պատիկի չափով։
Վճռաբեկ բողոքը բավարարելու՝ Վերաքննիչ դատարանի 04.08.2023 թվականի որոշումը բեկանելու և Դատարանի 29.06.2022 թվականի վճռին օրինական ուժ տալու պայմաններում անդրադառնալով պետական տուրք բռնագանձելու հարցին՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ Դատարանի 29.06.2022 թվականի վճռով դատական ծախսերի բաշխման հարցը լուծված լինելու, ինչպես նաև Վերաքննիչ դատարանում «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՓԲԸ-ի կողմից վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի գումարը վճարված լինելու պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցն այդ մասով պետք է համարել լուծված: Միաժամանակ նկատի ունենալով, որ դատական ծախսերը սույն դեպքում կազմված են միայն Ընկերության կողմից նախապես վճարված՝ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված 74.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի գումարից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՓԲԸ-ից հօգուտ Ընկերության ենթակա է բռնագանձման 74.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված պետական տուրքի գումար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.08.2023 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 29.06.2022 թվականի վճռին:
2. «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՓԲԸ-ից հօգուտ «ԴԱՎԻԹ ԵՎ ՍՅՈՒԶԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բռնագանձել 74.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված պետական տուրքի գումար։
3. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
____________________
1 Առկա է անձնական տվյալ։
2 Առկա է անձնական տվյալ։
3 Առկա է անձնական տվյալ։
4 Առկա է անձնական տվյալ։
5 Առկա է անձնական տվյալ։
6 Առկա է անձնական տվյալ։
7 Առկա է անձնական տվյալ։
8 Առկա է անձնական տվյալ։
9 Առկա է անձնական տվյալ։
10 Առկա է անձնական տվյալ։
|
Նախագահող |
Գ. հակոբյան |
|
Զեկուցող |
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ |
|
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս. Մեղրյան | |
|
Ա. Մկրտչյան Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ՏԴ3/0277/02/14 քաղաքացիական գործով 13.02.2026 թվականին կայացված որոշման վերաբերյալ
24.02.2026 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), քննելով ըստ «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՓԲԸ-ի հայցի ընդդեմ «ԴԱՎԻԹ ԵՎ ՍՅՈՒԶԻ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ու Էդվարդ Աղասյանի` ապահովագրական հատուցում տրամադրելու պարտականությունից ազատ լինելու իրավունքը ճանաչելու պահանջի մասին, և ըստ Ընկերության հակընդդեմ հայցի ընդդեմ «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՓԲԸ-ի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.08.2023 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ 2026 թվականի փետրվարի 13-ին որոշել է Ընկերության վճռաբեկ բողոքը բավարարել՝ բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.08.2023 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 29.06.2022 թվականի վճռին։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ա. Աթաբեկյանս և Գ․ Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ կոլեգիալ կազմով որոշումներն ընդունվում են դատական կազմի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, Վճռաբեկ դատարանում` քաղաքացիական պալատի (…) դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ գործի կոլեգիալ քննության ժամանակ դատավորն իրավունք չունի ձեռնպահ մնալու քվեարկելուց:
Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ մեծամասնության կարծիքին չհամաձայնվող դատավորի հատուկ կարծիք ունենալու մասին նրա ստորագրությամբ նշում է կատարվում դատական ակտում։ (…)։
Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ հատուկ կարծիքը կարող է վերաբերել դատական ակտի ինչպես պատճառաբանական, այնպես էլ եզրափակիչ մասին:
Նույն հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ հատուկ կարծիքը հրապարակվում է դատական ակտի հրապարակումից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Սույն գործով հայտնվող հատուկ կարծիքը վերաբերում է Վճռաբեկ դատարանի 13.02.2026 թվականի որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերին՝ հետևյալ հիմնավորումներով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ նշելով, որ «Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 999-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը»։
Դրանից ելնելով անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ բողոքի քննության արդյունքներով նման եզրահանգման գալու համար։
Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս կամ օրինական ուժի մեջ թողնելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը որպես Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու շարժառիթ, ըստ էության, նշել է, որ «սույն գործով 26.05.2014 թվականի ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SF 217922 վկայագրի 14-րդ կետում որպես ապահովագրության պայմաններ վկայակոչված են «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի կողմից 13.09.2010 թվականին հաստատված՝ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանները, ինչը նշանակում է, որ կողմերը, ելնելով պայմանագրի ազատության սկզբունքից, սահմանել են, որ միայն նշված կանոններն են կիրառելի ապահովագրության գործընթացում։ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ-ի կողմից ապահովագրական հատուցում տրամադրելու մասին դիմումի մերժման հիմքում դրվել է նաև «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի թիվ RL 1-017 կանոնները, որոնք ընդունվել են 17.12.2010 թվականին, այսինքն՝ ապահովագրական վկայագրում վկայակոչված ներքին իրավական ակտի հաստատումից շուրջ երեք ամիս հետո, հետևաբար դրանք ապահովագրական վկայագրում ուղղակի վկայակոչված չլինելու պայմաններում, չէին կարող կիրառելի լինել, հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 999-րդ հոդվածի 2-րդ կետի իրավակարգավորումը։ Սույն դեպքում «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի թիվ RL 1-017 կանոնները կիրառելի չլինելու մասին Դատարանի հետևությունները Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում այն պատճառաբանությամբ, որ թիվ SF 217922 վկայագրի 14-րդ կետում որպես ապահովագրության պայմաններ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի թիվ RL 1-017 կանոններն ուղղակիորեն վկայակոչված չեն, հետևաբար՝ կողմերն ուղղակիորեն բացառել են ապահովագրական գործընթացում նշված կանոնների կիրառման իրավական հնարավորությունը։
Այս պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է թե´ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 999-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը, թե´ այն իրողությունը, որ սույն դեպքում կողմերի միջև կնքված ապահովագրության պայմանագրի բովանդակությունը կազմող պայմանները որևէ հղում չեն պարունակել ապահովագրական գործընթացում «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի թիվ RL 1-017 կանոնների կիրառման՝ կողմերի համաձայնեցված կամքին, հետևաբար՝ ապահովագրության ընդհանուր պայմաններում պարունակվող, սակայն ապահովագրության պայմանագրի մեջ չընդգրկված պայմանները չեն կարող պայմանագրով չնախատեսված իրավունքներ և պարտականություններ առաջացնել»։
Կարծում ենք, որ վերը նշվածը չէր կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի 04.08.2023 թվականի որոշումը բեկանելու և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 29.06.2022 թվականի վճռին օրինական ուժ տալու համար հետևյալ պատճառաբանությամբ։
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պարտադիր ապահովագրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, նույն օրենքով, «Ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտերով, Բյուրոյի կանոններով և իրավական այլ ակտերով:
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի 13.09.2010 թվականի թիվ RL1-001 կանոնների 1.1-րդ կետի համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության Պայմանները (այսուհետ նաև` Պայմաններ) ԱՊՊԱ վկայագրի (այսուհետ նաև` Վկայագիր) հետ ԱՊՊԱ պայմանագրի անբաժանելի մասերն են:
Նույն կանոնների 7.1-րդ կետի համաձայն՝ Ապահովադիրը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում պարտավոր են ապահովագրական պատահարը տեղի ունենալուց հետո անհապաղ (առաջին իսկ հնարավորության դեպքում) այդ մասին հայտնել Ապահովագրողին` զանգահարելով Վկայագրի վրա նշված հեռախոսահամարով (հեռախոսահամարներից որևէ մեկով), որոնց շուրջօրյա հասանելիությունը (ներառյալ ոչ աշխատանքային օրերին) և հեռախոսազրույցի ձայնագրումը Ապահովագրողը պարտավորվում է ապահովել։
Նույն կանոնի 7.3-րդ կետի համաձայն՝ Պայմանների 7.1-րդ կետի համաձայն Ապահովագրողին զանգահարելու դեպքում Ապահովադիրը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը պետք է հայտնի ապահովագրական պատահարի վերաբերյալ նախնական տեղեկատվությունը, որը պետք է առնվազն պարունակի`
ա) Վկայագրի համարը,
բ) տեղեկատվություն տրամադրելու պահին ապահովագրական պատահարի տեղի ունենալու հանգամանքների վերաբերյալ Ապահովադրին (ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձին) հայտնի ամբողջ տեղեկատվությունը, մասնավորապես`
V ապահովագրական պատահարը տեղի ունենալու օրը և ժամը,
V ապահովագրական պատահարի վայրը (ճշգրիտ հասցեն կամ հնարավորինս պարզ նկարագրությունը),
V ապահովագրական պատահարի մասնակիցների վերաբերյալ տվյալներ (առնվազն նրանց քանակը, հեռախոսահամարները, պատահարին մասնակից այլ ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, հաշվառման համարանիշը),
V ապահովագրական պատահարի համառոտ նկարագիրը, պատահարի հետևանքով պատճառված վնասների բնույթը, վնասի մոտավոր մեծությունը (հնարավորության դեպքում),
գ) տեղեկատվություն Պայմանների 7.5-րդ կետում նշված համաձայնեցված հայտարարագիր կազմելու մասին համաձայնության առկայության կամ դրա բացակայության վերաբերյալ։
Նույն կանոնների 7.8-րդ և 7.8.1-րդ կետերի համաձայն՝ ապահովադիրը (ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը) Պայմանների 7.1-րդ և 7.3-րդ կետերում նշված գործողությունները ձեռնարկելուց բացի, պարտավոր է նաև`
ա) ողջամիտ և մատչելի միջոցներ ձեռնարկել պատահարի հետևանքով հնարավոր վնասները նվազեցնելու համար։ (...),
բ) չլքել ապահովագրական պատահարի վայրը և չտեղաշարժել ավտոտրանսպորտային միջոցը կամ ապահովագրական պատահարի հետ կապ ունեցող առարկաները մինչև Ապահովագրողի ներկայացուցչի, իսկ Ապահովագրողի ներկայացուցչի պահանջով` նաև ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական մարմինների աշխատակիցների ժամանումը և ապահովագրական պատահարի փաստով բոլոր անհրաժեշտ տեղեկատվության արձանագրումը` բացառությամբ այն դեպքերի, երբ`
V տեղաշարժերը պայմանավորված են եղել մարդկանց անվտանգությունը ապահովելու և (կամ) օրենքի պահանջները կատարելու նկատառումներով,
V տեղաշարժերը պայմանավորված են եղել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական մարմինների աշխատակիցների ցուցումներով,
V Ապահովադիրը (ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը) կարող է չսպասել Ապահովագրողի ներկայացուցչի ժամանելուն, եթե վերջինս Պայմաններում նշված ժամկետում չի ժամանել պատահարի վայր կամ հեռախոսով հայտնել է պատահարի վայր իր չժամանելու մասին և համապատասխան հետագա ցուցումներ է տվել Ապահովադրին (ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձին) և տուժողին (տուժողներին),
գ) համապատասխան պահանջի առկայության դեպքում ներկա գտնվել և (կամ) մասնակցել պատահարի գրանցման և քննության պետական մարմինների և Ապահովագրողի` իրեն վերաբերող գործընթացներին,
(…):
Նույն կանոնների 7.9-րդ և 7.9.1-րդ կետերի համաձայն՝ համաձայնեցված հայտարարագրով հատուցման գործընթացի դեպքում՝
Պայմանների 7.1-րդ և 7.3-րդ կետերում նշված գործողություններից բացի Ապահովադիրը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը պարտավոր է`
ա) մյուս ավտոտրանսպորտային միջոցը տիրապետող անձի հետ կազմել Պայմաններով նախատեսված և սահմանված կարգի համաձայնեցված հայտարարագիր,
բ) ողջամիտ և մատչելի միջոցներ ձեռնարկել հնարավոր վնասները նվազեցնելու համար։ Ապահովադիրը (ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը) նման միջոցներ կիրառելիս պետք է հետևի ապահովագրական պատահարը տեղի ունենալուց հետո Ապահովագրողի ներկայացուցչի կողմից հեռախոսով Ապահովադրին տրված ցուցումներին (եթե նման ցուցումներ տրվել են)։ Հատուցման ենթակա վնասները նվազեցնելու նպատակով Ապահովադրի (ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձի) կողմից կատարված ծախսերը, եթե այդպիսիք անհրաժեշտ են եղել կամ կատարվել են Ապահովագրողի ներկայացուցչի ցուցումներին համապատասխան, հատուցվում են Ապահովագրողի կողմից նույնիսկ այն դեպքում, երբ համապատասխան միջոցներն արդյունավետ չեն եղել։ Նման ծախսերը հատուցվում են անկախ այն բանից, որ դրանք այլ վնասների հատուցման հետ մեկտեղ կարող են գերազանցել Պայմաններով սահմանված համաձայնեցված հայտարարագրի միջոցով հատուցվող վնասի առավելագույն չափը։
գ) մինչև ապահովագրական հատուցման գործընթացի վերջնական կարգավորումը կամ Ապահովագրողի եզրակացության վերաբերյալ իր և (կամ) ապահովագրական պատահարի մասնակից մյուս ավտոտրանսպորտային միջոցը տիրապետող անձի համաձայնության ձեռքբերումը առանց Ապահովագրողի համաձայնության չիրականացնել վթարված ավտոտրանսպորտային միջոցի կամ պատահարի արդյունքում վնասված այլ գույքի վերանորոգման աշխատանքներ` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք պայմանավորված են վարորդի կամ ուղևորի անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ կամ իրավասու պետական մարմինների ցուցումով և հրահանգով։ Նման դեպքերում ապահովադիրը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցը տիրապետող այլ անձը պարտավոր է վթարված ավտոտրանսպորտային միջոցի կամ պատահարի արդյունքում վնասված այլ գույքի վերանորոգման աշխատանքները սկսելուց առնվազն մեկ օր առաջ տեղեկացնել այդ մասին Ապահովագրողին (Ապահովագրողի ներկայացուցչին) (հնարավորության առկայության դեպքում)
դ) տեղեկանալուց հետո անհապաղ Ապահովագրողին տեղեկացնել պատահարը տեղի ունենալու կամ դրա արդյունքում պատճառված վնասների առթիվ քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ հարուցվելու մասին և ներկայացնել նման գործ հարուցված լինելը ապացուցող փաստաթղթեր, ե) ապահովագրական պատահարից հետո Ապահովագրողի ներկայացուցչին և (կամ) փորձագետին տրամադրել համապատասխան ավտոտրանսպորտային միջոցի զննումն անցկացնելու հնարավորություն, զ) ապահովագրական պատահարի մասնակից մյուս ավտոտրանսպորտային միջոցը տիրապետող անձին տեղեկացնել, որ ապահովագրական հատուցում ստանալու համար անհրաժեշտ է պահպանել սույն կետի «ա», «գ», «ե» և «է» ենթակետերով սահմանված պահանջները,
է) համապատասխան պահանջի առկայության դեպքում ներկա գտնվել և (կամ) մասնակցել պատահարի գրանցման և քննության պետական մարմինների և Ապահովագրողի` իրեն վերաբերող գործընթացներին։
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի 17.12.2010 թվականի թիվ RL 1-017 կանոնների կանոնների 4-րդ կետի համաձայն՝ ապահովագրական ընկերությունը տուժողի (նրա իրավահաջորդի) կողմից ապահովագրական հատուցում ստանալու համար դիմելու օրը վերջինիս տրամադրում է ապահովագրական հատուցում ստանալու համար ԱՊՊԱ պայմանագրի պայմաններով սահմանված այն փաստաթղթերի ցանկը, որոնք դեռևս տուժողի կամ նրա իրավահաջորդի կողմից չեն ներկայացվել: Ընդ որում, ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների կողմից տվյալ պատահարի գծով վարչական վարույթ իրականացնելու պահանջից հրաժարվելու դեպքում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու լիազոր մարմնի կազմած համապատասխան արձանագրության (եզրակացության) հետ պետք է ներկայացվեն նաև ճանապարհային երթևեկության անվտանգության համար պատասխանատու լիազոր մարմնի կողմից կազմված ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների համաձայնությունը վարույթ իրականացնելու պահանջից հրաժարվելու մասին, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարի սխեման, ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների բացատրությունները պատահարի վերաբերյալ և ճանապարհատրանսպորտային պատահարի բոլոր մասնակիցների ու պատահարին մասնակցած ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրած բոլոր ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների կողմից պատահարի վայրում համատեղ ստորագրած (նշում` պատահարի վայր չժամանած կամ ստորագրելուց հրաժարված ապահովագրական ընկերության ներկայացուցչի վերաբերյալ) պատահարի հանգամանքների վերաբերյալ համաձայնության ակտը (համաձայն Ձև 1-ի): Սահմանված ժամկետում ապահովագրական ընկերության (ընկերությունների) ներկայացուցչի չներկայանալու, ինչպես նաև պատահարի վայր չժամանելու մասին հեռախոսով հայտնելու կամ ստորագրելուց հրաժարվելու դեպքում սույն կետով նախատեսված ակտի «ստորագրություններ» դաշտում նշում է կատարվում այդ մասին, և համարվում է, որ ապահովագրական ընկերության (ընկերությունների) ներկայացուցիչը ակտում նշված տեղեկատվության վերաբերյալ տվել է իր համաձայնությունը, բացառությամբ, եթե ապահովագրական ընկերության (ընկերությունների) հաղորդման հիման վրա տվյալ պատահարում խարդախության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և գործով վարույթը չի կարճվել (քրեական հետապնդումը չի դադարեցվել, արդարացման դատավճիռ չի կայացվել) անձի արարքում խարդախության հանցակազմի բացակայության հիմքով: (4-րդ կետը փոփ. է 29/05/2014թ թիվ 19-Լ)։
Նույն կանոնների 5-րդ կետի համաձայն՝ ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմումը համարվում է ստացված ԱՊՊԱ պայմանագրի պայմանների համաձայն՝ տվյալ տեսակի վնասի հատուցման համար ներկայացման ենթակա բոլոր փաստաթղթերը պատշաճ կերպով ապահովագրողի կողմից ստացվելու պահին:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված իրավախախտումներով վարչական վարույթ իրականացվում է պատահարի մասնակցի` պատահարի վայրում ներկայացված գրավոր պահանջով կամ նախաքննության կամ հետաքննության մարմնի որոշմամբ:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պատահարի մասնակիցների կողմից նույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված պահանջի բացակայությունը փաստվում է գրավոր համաձայնությամբ:
Սույն գործի փաստերի համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SF 217922 վկայագրով ապահովագրվել է «PORSCHE CAYENNE» մակնիշի ********1 հաշվառման համարանիշով ավտոմեքենայի շահագործումից բխող պատասխանատվության ռիսկը։ Նշված վկայագրի՝ «Ապահովագրության պայմաններ» վերտառությամբ 14-րդ կետում վկայակոչված են «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի կողմից 13.09.2010 թվականին հաստատված՝ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանները։
24.08.2014 թվականին Արզնի քաղաքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ «PORSCHE CAYENNE» մակնիշի ********2 պետհամարանիշով և «LEXUS ES 350» մակնիշի ********3 պետհամարանիշով ավտոմեքենաների մասնակցությամբ։
«Սիլ Ինշուրանս» ԱՓԲ ընկերության գործադիր տնօրենի 16.09.2014 թվականի ապահովագրական հատուցման տրամադրման մերժման վերաբերյալ որոշմամբ 08.09.2014 թվականի «Դավիթ և Սյուզի» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Դավիթ Դավթյանի կողմից ներկայացված ապահովագրական վնասի վերաբերյալ հայցային դիմումը մերժվել է երկու հիմքով՝
1) ապահովագրական ընկերության ներկայացուցիչները պահանջել են պատահարի մասնակից վարորդներին, որպեսզի իրականացվի գործի քննություն՝ վարչական վարույթ, սակայն վթարի մասնակիցները հրաժարվել են վարչական վարույթից՝ խախտելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի RL 1-001 կանոնների 7.8.1-րդ կետի «գ» ենթակետը, ինչն ապահովագրական հատուցման մերժման հիմք է,
2) «Դավիթ և Սյուզի» ՍՊ ընկերության կողմից չի ներկայացվել ճանապարհատրանսպորտային պատահարի բոլոր մասնակիցների ու պատահարին մասնակցած տրասնպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրած բոլոր ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների կողմից պատահարի վայրում համատեղ ստորագրած պատահարի հանգամանքների վերաբերյալ համաձայնության ակտը:
Համադրելով սույն գործի փաստերը և վերը նշված իրավական նորմերը՝ գտնում ենք, որ այն դեպքում, երբ տուժողի կողմից հատուցում ստանալու համար ապահովագրական ընկերությանը չի ներկայացվում ճանապարհային ոստիկանության կողմից իրականացված վարչական վարույթի հիման վրա կազմված եզրակացությունը, ապա դրա փոխարեն պետք է պարտադիր կերպով ներկայացվի ճանապարհատրանսպորտային պատահարի բոլոր մասնակիցների ու պատահարին մասնակցած ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրած բոլոր ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների կողմից պատահարի վայրում համատեղ ստորագրած (նշում` պատահարի վայր չժամանած ապահովագրական ընկերության ներկայացուցչի վերաբերյալ) պատահարի հանգամանքների վերաբերյալ համաձայնության ակտը։
Հատուցման վճարումը կարող է մերժվել, եթե տուժողը կամ նրա իրավահաջորդը եռամսյա ժամկետում չի ներկայացրել պահանջվող բոլոր փաստաթղթերը, կամ ներկայացված փաստաթղթերում առկա են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ, ինչպես նաև, եթե այդ փաստաթղթերը կեղծ են կամ թերի։ Ապահովագրական ընկերությունը միայն համապատասխան փաստաթղթերի ներկայացման դեպքում է իրավասու ապահովագրական հատուցման վարույթ իրականացնել։ Այսինքն, այն դեպքում, երբ պատահարի տուժողը, չնայած ապահովագրական ընկերության կողմից իրեն ներկայացված վարչական վարույթ իրականացնելու պահանջին, հրաժարվել է վարչական վարույթի իրականացումից, ապա հատուցում ստանալու համար պարտավոր է ապահովագրական ընկերությանը ներկայացնել ի թիվս այլ փաստաթղթերի նաև ճանապարհատրանսպորտային պատահարի բոլոր մասնակիցների ու պատահարին մասնակցած ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրած բոլոր ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների կողմից պատահարի վայրում համատեղ ստորագրած (նշում՝ պատահարի վայր չժամանած ապահովագրական ընկերության ներկայացուցչի վերաբերյալ) մեղավորության վերաբերյալ համաձայնության ակտը:
Սույն գործով վթարի վարորդներն ընտրել են ինքնուրույն կարգավորման գործընթացը: Նշվածը հիմնավորվում է այն հանգամանքով, որ 25․08.2014 թվականի բացատրություններով Աղասյան Էդվարդը հայտնել է, որ ընդունում է իր մեղավորությունը և հրաժարվում վարչական վարույթից, իսկ Ասատրյան Արթուրը հայտնել է, որ մյուս մեքենայի վարորդն ընդունել է իր մեղավորությունը, ինքը ևս հրաժարվում է վարչական վարույթից: Այսինքն՝ պատահարի վերաբերյալ վարչական վարույթ չի իրականացվել, քանի որ կողմերը հրաժարվել են վարչական վարույթից, որից հետո չի ստորագրվել նաև ճանապարհատրանսպորտային պատահարի բոլոր մասնակիցների ու պատահարին մասնակցած ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրած բոլոր ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների կողմից պատահարի վայրում համատեղ ստորագրած մեղավորության վերաբերյալ համաձայնության ակտը։
Վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ 16.09.2014 թվականի ապահովագրական հատուցումը մերժվել է ոչ միայն «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի 17.12.2010 թվականի թիվ RL 1-017 կանոններով ղեկավարվելու արդյունքում, այլ նաև «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի 13.09.2010 թվականի թիվ RL 1-001 կանոններով։ Հետևաբար ապահովագրական հատուցումը մերժելիս «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի 17.12.2010 թվականի թիվ RL 1-017 կանոնները վկայակոչելը նշված որոշումը ոչ իրավաչափ չի դարձնում, ինչպիսի սխալ եզրահանգման եկել է Դատարանը։
Վերոգրյալի հիման վրա հայտնում ենք մեր անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ։
________________________
1 Առկա է անձնական տվյալ
2 Առկա է անձնական տվյալ
3 Առկա է անձնական տվյալ
Դատավորներ` Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ Գ․ ՀԱԿՈԲՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 ապրիլի 2026 թվական: