ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/1379/02/17 2026 թ. | ||||||
| Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/1379/02/17 | |||||||
| |||||||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող և զեկուցող |
Գ. Հակոբյան | |
|
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ | ||
|
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ | ||
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2026 թվականի փետրվարի 03-ին
գրավոր ընթացակարգով քննելով Սերինե Հայրապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.06.2025 թվականի որոշման դեմ` ըստ Սերինե Հայրապետյանի հայցի ընդդեմ «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)՝ հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Սերինե Հայրապետյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության 21.04.2017 թվականի՝ իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում կամ հավասարազոր այլ պաշտոնում, Ընկերությունից բռնագանձել միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, ինչպես նաև 450.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար։
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 11.10.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է անվավեր ճանաչել Ընկերության 21.04.2017 թվականի՝ Սերինե Հայրապետյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանը, վերջինիս վերականգնել Ընկերության պոլիկլինիկա բաժանմունքում ֆիզիոթերապևտի պաշտոնում 0,25 հաստիքով, Ընկերությունից բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը՝ մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, ինչպես նաև բռնագանձել 100.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.02.2023 թվականի որոշմամբ Սերինե Հայրապետյանի ու Ընկերության բերած վերաքննիչ բողոքները բավարարվել են` Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 11.10.2022 թվականի վճիռը բեկանվել է, ու գործն ուղարկվել է նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 16.08.2023 թվականի որոշմամբ Սերինե Հայրապետյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 20.08.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.06.2025 թվականի որոշմամբ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է, դատական ակտը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սերինե Հայրապետյանը (ներկայացուցիչ Արմեն Ղազարյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 6-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը (այսուհետ՝ Կոնվենցիա), «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածն ու 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը:
Վերաքննիչ դատարանը, գործում դատական ակտի բացակայության հիմքով կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը և այդ հիմքով բեկանելով դատական ակտը, ավելի լայն մեկնաբանություն է տվել նշված նորմին, ինչը չի բխում ո՛չ նշված նորմի բովանդակությունից, ո՛չ նորմատիվ իրավական ակտերի մեկնաբանման սկզբունքներից, ու ո՛չ էլ տվյալ նորմով օրենսդրի կողմից սահմանված նպատակներից: Գործում վճռի բացակայությունն ինքնին չի հանդիսանում վճռի բեկանման հիմք։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գործից դատական նիստի արձանագրության բացակայությունն օրենսդիրը սահմանել է որպես դատական ակտի անվերապահ բեկանման առանձին հիմք, և եթե օրենսդրի կամքը նպատակաուղղված լիներ գործում դատական ակտի բացակայությունը ևս սահմանել որպես դատական ակտն անվերապահ բեկանելու հիմք, ապա դա ևս նախատեսված կլիներ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասում:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վճիռը դատական իշխանության պաշտոնական կայք էջում հրապարակված լինելու պայմաններում այն փաստացի գոյություն ունի, և գործում դրա բացակայությունը հիմք չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը կիրառելու համար․ ավելին՝ տվյալ իրավանորմում խոսքը գնում է վճիռը չստորագրված կամ չկնքված լինելու մասին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.06.2025 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) «datalex.am» դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ թիվ ԱՎԴ/1379/02/17 քաղաքացիական գործով Դատարանի կողմից 20.08.2024 թվականին կայացված (դատական ակտը հրապարակվել է 26.08.2025 թվականին) վճռով Սերինե Հայրապետյանի հայցը բավարարվել է (հիմք՝ «datalex.am» դատական տեղեկատվական համակարգ).
2) Դատարանի 20.08.2024 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Ընկերությունը (հատոր 6-րդ, գ.թ. 38-52)․
3) Վերաքննիչ դատարանի 05.06.2025 թվականի որոշմամբ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի կիրառմամբ Դատարանի 20.08.2024 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության (հատոր 6-րդ, գ.թ. 88-92)․
4) թիվ ԱՎԴ/1379/02/17 քաղաքացիական գործում կարվել է մեկ այլ՝ թիվ ԱՎԴ2/0029/02/23 քաղաքացիական գործով 20.08.2024 թվականին կայացված վճիռը (հատոր 5-րդ, գ.թ. 142-148)․
5) գործում առկա չէ սույն քաղաքացիական գործով Դատարանի կողմից 20.08.2024 թվականին կայացված վճիռը։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված հիմքով դատական ակտը բեկանելու իրավական հնարավորությանն այն դեպքում, երբ գործում բացակայում է դատարանի կողմից կայացված վճիռը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտն օրինական է, եթե այն կայացվել է Սահմանադրության, սահմանադրական օրենքների, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի, այլ օրենքների և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառելի են տվյալ գործը քննելիս և լուծելիս։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը հիմնավորված է, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը։
Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ դատական ակտն օրինական համարելու համար անհրաժեշտ պայման է նաև դրա՝ Սահմանադրության, սահմանադրական օրենքների, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի, այլ օրենքների և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ կայացված լինելը։ Միաժամանակ օրենսդիրը սահմանել է նաև դատական ակտը հիմնավորված համարելու չափանիշները՝ դրանք պայմանավորելով այն կայացնելու համար դրանում անհրաժեշտ և բավարար փաստական ու իրավական հիմքեր արտացոլելով։
Վերոգրյալ դիրքորոշման համատեքստում անդրադառնալով վերաքննիչ դատարանի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված հիմքով դատական ակտը բեկանելու իրավական հնարավորությանն այն դեպքում, երբ գործում բացակայում է դատարանի կողմից կայացված վճիռը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը․
Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանների` բողոքարկման ենթակա դատական ակտերը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանում գործերի քննության կարգը, ինչպես նաև վերաքննության սահմանները սահմանվում են օրենքով։
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է նաև, որ պետական մարմինները և պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով վերաքննիչ դատարանին լիազորություն է վերապահվել առաջին ատյանի դատարանների` բողոքարկման ենթակա դատական ակտերը վերանայելու բացառապես օրենքով իր համար սահմանված լիազորությունների սահմաններում, իսկ վերաքննիչ դատարանում գործերի քննության կարգը, ինչպես նաև վերաքննության սահմանները սահմանելու հարցը թողնվել է օրենքի կարգավորմանը։ Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
Մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է եղել բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:
Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտն ստորագրված կամ կնքված չէ:
Այսինքն՝ օրենսդիրը, վերաքննիչ դատարանի համար սահմանելով պարտականություն բողոքարկվող դատական ակտը որպես կանոն վերանայելու միայն վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, միևնույն ժամանակ ընդհանուր կանոնից նախատեսել է ուղղակի բացառություն այն դեպքերի համար, երբ բողոքի քննությամբ վերաքննիչ դատարանը հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասում նշված՝ դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքերից որևէ մեկը։ Ընդ որում, այդ հիմքերն օրենսդիրը սահմանել է սպառիչ կերպով՝ առանց դատարաններին հնարավորություն տալու ընդլայնելու դրանց ցանկը։ Դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը, անկախ այդ հիմքի (հիմքերի) և դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վերաքննիչ բողոքում նշված լինելու հանգամանքից, պարտավոր է, դուրս գալով վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը՝ այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլևս էական չէ՝ այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե՝ ոչ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասում նշված՝ դատական ակտի անվերապահ բեկանման հիմք է նաև նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված՝ դատական ակտի բեկանման հիմքը, երբ առաջին ատյանի դատարանի դատական ակտն ստորագրված կամ կնքված չէ։ Այսինքն՝ գործում առկա է տվյալ գործով կայացված համապատասխան դատական ակտը, սակայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասում նշված պահանջի խախտմամբ՝ դրա յուրաքանչյուր էջը կնքված չէ կամ եզրափակիչ մասը ստորագրված չէ: Այս դեպքում ևս վերաքննիչ դատարանը, անկախ այդ մասին վերաքննիչ բողոքում նշված լինելու հանգամանքից, պարտավոր է դուրս գալով վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերի ցանկի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը քննարկվող հոդվածում առանձնացրել է այնպիսի դատավարական սխալներ, որոնք անմիջականորեն կապված են արդարադատության սկզբունքների և դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտումների հետ: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նման խախտումների առկայության պայմաններում դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, և այն բողոքարկող անձը պարտավոր չէ ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման: Այդպիսի խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի՝ իբրև իրավունքների համապարփակ և արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը: Նման խախտումների առկայությամբ կայացված դատական ակտը չի կարող լինել համոզիչ և հեղինակավոր ու պետք է գնահատվի որպես թույլ տրված խախտման հետևանք:
Գործի քննության ժամանակ կարող են տեղի ունենալ տարբեր բնույթի դատավարական իրավունքի նորմի խախտումներ։ Ընդ որում, նման խախտումները հնարավոր է լինեն ինչպես դատավարության մասնակիցների, այնպես էլ դատարանի ոչ իրավաչափ վարքագծի հետևանք, որոնք գործի ելքի վրա ունենում են տարբեր ազդեցություն (տե՛ս ըստ «Ավիակոմպանիա «Պոբեդա»» ՍՊԸ-ի դիմումի թիվ ԱՐԱԴ/0006/16/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.05.2021 թվականի որոշումը)։
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը․
Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասում նշված՝ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերն օրենսդիրը սահմանել է սպառիչ կերպով։ Այդ հիմքերում որպես այդպիսին սահմանված չէ գործից՝ տվյալ գործով կայացված դատական ակտի բացակայությունը։ Ի տարբերություն դրան՝ օրենսդիրը մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով որպես բոլոր դեպքերում դատական ակտի բեկանման հիմք է սահմանել գործից դատական նիստի արձանագրության բացակայությունը։ Ընդ որում, 07․02․2024 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-82-Ն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում ևս գործից դատական նիստի արձանագրության բացակայությունը ևս սահմանվել է որպես բոլոր դեպքերում դատական ակտի բեկանման հիմք, սակայն պայմանով, որ դա անհնար դարձնի բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը, և հնարավոր չլինի հատուկ համակարգչային ձայնագրման համակարգից արձանագրությունը վերականգնելը։ Ավելին՝ 07․02․2024 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-82-Ն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետով նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնելու արդյունքում նույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում նշված հիմքը ևս համարվել է որպես անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից դատական ակտն անվերապահ բեկանելու հիմք։
Վերոգրալի արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե օրենսդիրը գործից՝ տվյալ գործով կայացված դատական ակտի բացակայությունը չի սահմանել որպես անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից դատական ակտն անվերապահ բեկանելու առանձին հիմք (թեկուզև որպես այդպիսի հիմք սահմանել է դատական ակտի ստորագրված կամ կնքված չլինելը), ապա վերաքննիչ դատարանը, ունենալով պարտականություն կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքներով, իսկ բողոքարկման ենթակա դատական ակտերը վերանայելու բացառապես օրենքով իր համար սահմանված լիազորությունների սահմաններում, իրավունք չունի դատավարական իրավունքի համապատասխան նորմերը նույնացնելու արդյունքում անկախ բողոքի հիմքերից ու հիմնավորումներից դատական ակտն անվերապահ բեկանելու այնպիսի հիմքով, որն ուղղակիորեն նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով։ Ավելին՝ նշված հիմքը որպես բոլոր դեպքերում դատական ակտի բեկանման հիմք նախատեսված չէ նաև նույն հոդվածի 2-րդ մասով։ Հակառակ պարագայում վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը կարող է համարվել ոչ օրինական և չհիմնավորված։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
«Datalex.am» դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ սույն քաղաքացիական գործով Դատարանի կողմից 20.08.2024 թվականին կայացված (դատական ակտը հրապարակվել է 26.08.2025 թվականին) վճռով Սերինե Հայրապետյանի հայցը բավարարվել է։ Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Ընկերությունը։
Սույն՝ թիվ ԱՎԴ/1379/02/17 քաղաքացիական գործում կարվել է մեկ այլ՝ թիվ ԱՎԴ2/0029/02/23 քաղաքացիական գործով 20.08.2024 թվականին կայացված վճիռը։ Միևնույն ժամանակ գործում առկա չէ սույն քաղաքացիական գործով Դատարանի կողմից 20.08.2024 թվականին կայացված վճիռը, սակայն նշված վճիռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով հրապարակվել է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով։
Վերաքննիչ դատարանի 05.06.2025 թվականի որոշմամբ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է, և անկախ բողոքում նշված հիմքերից ու հիմնավորումներից, Դատարանի 20.08.2024 թվականի վճիռը բեկանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի կիրառմամբ, և գործն ուղարկվել է նոր քննության այն պատճառաբանությամբ, որ «Տվյալ դեպքում թեև թիվ ԱՎԴ/1379/02/17 գործով վճիռը հրապարակվել է դատական իշխանության պաշտոնական կայքում, սակայն գործի նյութերում բացակայում է Դատարանի կողմից 20.08.2024 թվականին կայացված, կնքված և ստորագրված թիվ ԱՎԴ/1379/02/17 վճիռը։ Հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հիմքով դատական ակտը պետք է անվերապահ բեկանել։ Հաշվի առնելով վերը նշված հանգամանքը՝ Վերաքննիչ դատարանը չի անդրադառնում բողոքի հիմքերին և հիմնավորումներին»։
Վերը վկայակոչված իրավական ակտերի և դրանց վերաբերյալ արտահայտված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված նորմը կիրառել է սխալ՝ անտեսելով, որ դրանում նշված հիմքով դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե այն ստորագրված կամ կնքված չէ։ Մինչդեռ, տվյալ դեպքում սույն գործում առկա է ոչ թե Դատարանի կողմից 20.08.2024 թվականին կայացված վճիռը, որն ստորագրված կամ կնքված չէ, այլ նշված վճիռն ընդհանրապես բացակայում է գործից, և դրա փոխարեն գործում առկա է (կարվել է) մեկ այլ՝ թիվ ԱՎԴ2/0029/02/23 քաղաքացիական գործով 20.08.2024 թվականին կայացված վճիռը, որը սխալ գործավարության արդյունք է, սակայն էական չէ այն աստիճան, որ խաթարի դատարանի՝ իբրև իրավունքների համապարփակ և արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը, որպեսզի հանգեցնի դատական ակտն անվերապահ բեկանելու հետևանքի։
Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված՝ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքը նույնացնելով այն դեպքի հետ, երբ գործից բացակայում է տվյալ գործով կայացված դատական ակտը, վերը նշված նորմն անհարկի լայն մեկնաբանելով թույլ է տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ՝ արդյունքում խաթարելով արդարադատության բուն էությունը։
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և, հիմք ընդունելով «Datalex.am» դատական տեղեկատվական համակարգում սույն գործով Դատարանի կողմից 20.08.2024 թվականին կայացված վճռի առկայությունը, գործը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ վերաքննիչ բողոքը քննելու նպատակով, նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.06.2025 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող և Զեկուցող Գ. հակոբյան Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս. Մեղրյան Ա. Մկրտչյան Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 ապրիլի 2026 թվական: