ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 ապրիլի 2026 թվականի N 459-Ն
ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՎ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ՀԱՄԱՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով և անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետություն վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել փոխհատուցման հայտերի ուսումնասիրության գործընթացի կազմակերպումը՝ սահմանելով անհրաժեշտ հսկողական և ստուգողական մեխանիզմներ։
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից փոխհատուցման հայտերի ուսումնասիրության շրջանակներում անհրաժեշտ ստուգումներ իրականացնելու համար տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից՝ առցանց ձևաչափով։
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետով սահմանված ժամկետում ապահովել հաստատված հայտերի հիման վրա փոխհատուցումների տրամադրումը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
6. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2026 թվականի փետրվարի 28-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով գնված ավիատոմսերի վրա։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
09.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի N 459-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՎ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ՀԱՄԱՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով և անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետություն վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնց Հայաստանի Հանրապետություն վերադարձի ուղիղ կամ տարանցիկ չվերթերը չեղարկվել են Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով, և որոնք Հայաստանի Հանրապետություն վերադարձի համար ձեռք են բերել նոր ավիատոմսեր կամ կատարել են ավիատոմսերի վճարովի փոփոխություն, կառավարության կողմից տրամադրվում է մինչև 250.0 հազար դրամ փոխհատուցում՝ յուրաքանչյուր անձի համար:
3. Սույն կարգի 2-րդ կետում նշված անձանց կողմից 250.0 հազար դրամից պակաս արժեքով նոր ավիատոմսի գնման դեպքում փոխհատուցումը տրամադրվում է փաստացի վճարված գումարի չափով:
4. Սույն որոշման գործողությունը տարածվում է նաև ուսումնառության նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատարի Պետություն, Քուվեյթի Պետություն, Իսրայելի Պետություն մեկնած՝ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների վրա, որոնք անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ 2026 թվականի փետրվարի 28-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում վերադարձել են Հայաստանի Հանրապետություն:
5. Փոխհատուցումը ստանալու համար Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (е-request.am) միջոցով անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել փոխհատուցման հայտ (այսուհետ՝ հայտ)՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող վավեր փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ).
2) ընտանիքի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անդամի (ծնող, ամուսին, երեխա, քույր, եղբայր) համար դիմելու դեպքում՝ ընտանեկան կապը հավաստող փաստաթղթերը (ծննդյան վկայական, ամուսնության վկայական և այլն) և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող վավեր փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ).
3) այն ավիատոմսը, որով Հայաստանի Հանրապետություն նախատեսված թռիչքը չեղարկվել է կամ որը ենթարկվել է վճարովի փոփոխության.
4) թռիչքի չեղարկումների վերաբերյալ ծանուցումներ.
5) Հայաստանի Հանրապետություն վերադարձի նոր գնված կամ լրացուցիչ վճարով փոփոխված ավիատոմսը.
6) 5-րդ կետում նշված ծախսերի փաստացի կատարված վճարման ապացույցը (անդորրագիր).
7) բանկային հաշվեհամար (Հայաստանի Հանրապետության առևտրային բանկում).
8) գրավոր համաձայնություն՝ հայտի հետ կապված տեղեկությունների համապատասխանությունը ստուգելու, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններից և ավիաընկերություններից տեղեկություններ ստանալու եղանակով.
9) սույն կարգի 4-րդ կետում նշված անձինք՝ նաև համապատասխան ուսումնական հաստատությունում ուսանելը հավաստող փաստաթուղթ։
6. Հայտը ուսումնասիրվում է դրա ստացման պահից 15-օրյա ժամկետում։ Հայտը բավարարվելու դեպքում նշվում է փոխհատուցման ենթակա գումարի չափը, իսկ մերժման դեպքում՝ մերժման պատճառը։ Հայտի լրացուցիչ ուսումնասիրման անհրաժեշտության պարագայում նշյալ ժամկետը կարող է երկարաձգվել:
7. Փաստաթղթերի թերի լինելու կամ լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության դեպքում դիմողին առաջարկվում է եռօրյա ժամկետում լրացնել դրանք։
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից հաստատված հայտերը եռօրյա ժամկետում փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ փոխհատուցման ենթակա գումարը հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքացու բանկային հաշվեհամարին փոխանցելու նպատակով:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
09.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 ապրիլի 2026 թվական: