ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2023 թվականի N 1667-Ն
ՊԵՏԱԿԱՆ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց., փոփ. 02.04.26 N 443-Ն)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ, 67-րդ և 68-րդ հոդվածների, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերի, 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 4.1-ին գլխի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը լրաց. 02.04.26 N 443-Ն)
1. Հաստատել պետական, համայնքային գույքի օտարման և պետական գույքի վարձակալության (բացառությամբ հողամասերի վարձակալության) տրամադրման նպատակով էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային աճուրդի անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը լրաց., փոփ. 02.04.26 N 443-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման նպատակով էլեկտրոնային աճուրդի անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 395-Ն որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
29.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականիսեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
(վերնագիրը լրաց., փոփ. 02.04.26 N 443-Ն)
1. Սույն կարգով կանոնակարգվում են էլեկտրոնային համակարգի միջոցով պետական, համայնքային գույքի օտարման (բացառությամբ հարկադիր կատարողի որոշմամբ հարկադիր աճուրդով իրացման ենթակա արգելանքի տակ դրված գույքի օտարման) և պետական գույքի վարձակալության (բացառությամբ հողամասերի վարձակալության) տրամադրման էլեկտրոնային աճուրդի (այսուհետ՝ էլեկտրոնային աճուրդ) անցկացման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը լրաց., փոփ. 02.04.26 N 443-Ն)
2. Էլեկտրոնային աճուրդով պետական, համայնքային գույքի օտարման և պետական գույքի վարձակալության (բացառությամբ հողամասերի վարձակալության) տրամադրման գործընթացները կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի, «Պետական գույքի կառավարման մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքների և պետական, համայնքային գույքի օտարման և պետական գույքի վարձակալության (բացառությամբ հողամասերի վարձակալության) տրամադրման գործընթացը կանոնակարգող այլ իրավական ակտերի պահանջների հիման վրա:
(2-րդ կետը լրաց., փոփ. 02.04.26 N 443-Ն)
3. Էլեկտրոնային աճուրդի միասնական համակարգը (այսուհետ՝ համակարգ) ընդգրկում է աճուրդի կազմակերպման համար անհրաժեշտ ծրագրային ապահովումները, ինտերնետային հասցեն, տեխնիկական լուծումները և բոլոր այն միջոցները, որոնք անհրաժեշտ են էլեկտրոնային սակարկությունների կազմակերպման, իրականացման և ավտոմատ եղանակով հաղթողին որոշելու համար:
(3-րդ կետը լրաց. 02.04.26 N 443-Ն)
4. Էլեկտրոնային աճուրդի մասնակից կարող են հանդիսանալ ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև պետական գույքի դեպքում՝ համայնքները, իսկ համայնքային գույքի դեպքում՝ պետությունը:
(4-րդ կետը փոփ. 02.04.26 N 443-Ն)
4.1. Էլեկտրոնային աճուրդի պատասխանատու անձ (աշխատակից) կարող է հանդիսանալ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կամ համայնքի համապատասխան աշխատակիցը։
(4.1-ին կետը լրաց. 02.04.26 N 443-Ն)
5. Էլեկտրոնային աճուրդի լոտ կարող է լինել ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում` գույքային իրավունք՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
6. Էլեկտրոնային աճուրդով վարձակալության են տրամադրվում պետական մարմիններին հանձնված (ամրացված) և անհատույց օգտագործման պայմանագրերի համաձայն պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին տրամադրված պետական գույքը (բացառությամբ հողամասերի), որն օգտագործման որոշակի ժամանակահատվածում համարվում է ազատ կամ թերի ծանրաբեռնված։
(6-րդ կետը լրաց. 02.04.26 N 443-Ն)
7. Էլեկտրոնային աճուրդը կազմակերպում և անցկացնում է էլեկտրոնային աճուրդի կազմակերպիչը:
8. Էլեկտրոնային աճուրդի կազմակերպիչ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն և համապատասխան համայնքի ղեկավարը (այսուհետ՝ կազմակերպիչ):
(8-րդ կետը լրաց. 02.04.26 N 443-Ն)
9. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը կամ համայնքի ղեկավարն իրենց կողմից տրված հրամանի կամ որոշման համաձայն սահմանում են համակարգն սպասարկողներին, օգտվողներին և նրանց գործառույթները։
(9-րդ կետը խմբ. 02.04.26 N 443-Ն)
10. Համակարգից օգտվողներն են համակարգի շահագործման և դրանից օգտվելու թույլատվություն ունեցող անձինք՝ ելնելով յուրաքանչյուր աշխատակցի կողմից իրականացվող գործառույթներից և պահանջվող համապատասխան մասնագիտական գիտելիքների առկայությունից։
11․ Յուրաքանչյուր կազմակերպիչ իր էլեկտրոնային կայքում (այսուհետ՝ կայք) հրապարակում է համապատասխանաբար պետական կամ համայնքային գույքի էլեկտրոնային աճուրդի կազմակերպման ժամկետի մասին հրապարակային ծանուցումը՝ պետական և համայնքային գույքի աճուրդով վաճառքի կամ պետական գույքի վարձակալության մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածով սահմանված կարգի պահանջներին համապատասխան ներկայացված գույքի աճուրդով վարձակալության տրամադրման դեպքում՝ աճուրդը կայացնելու վերաբերյալ որոշում ընդունելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ աշխատանքային ժամերին։ Էլեկտրոնային աճուրդն անցկացվում է պետական գույքի վարձակալության տրամադրման մասին, ինչպես նաև պետական կամ համայնքային շարժական գույքի օտարման մասին հրապարակային ծանուցմանը հաջորդող 15-րդ օրվանից, իսկ պետական կամ համայնքային անշարժ գույքի դեպքում՝ օտարման մասին հրապարակային ծանուցմանը հաջորդող 45-րդ օրվանից ոչ շուտ։
(11-րդ կետը խմբ. 11.12.25 N 1832-Ն, 02.04.26 N 443-Ն)
12. Էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է նաև զանգվածային լրատվության միջոցով և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում:
13. Էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի աճուրդի մասին հետևյալ տեղեկությունները՝
1) աճուրդի կայացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը, ընդ որում, էլեկտրոնային աճուրդի սկիզբ չի կարող սահմանվել ժամը 12:00-ից հետո և ոչ աշխատանքային օրերին.
2) աճուրդի կազմակերպչի անվանումը.
3) աճուրդի ձևը և անցկացման կարգը.
4) աճուրդի պայմանները, այդ թվում` լոտի (լոտերի) անվանումը, լոտի նկատմամբ սահմանափակումները, եթե լոտն առարկա է, ապա նրա ֆիզիկական վիճակը (մաշվածությունը) և (կամ) արտադրման տարեթիվը, լոտի մեկնարկային գինը, լոտի իրավունք լինելու դեպքում` այդ իրավունքի գործողության ժամկետը, ինչպես նաև էական այլ պայմաններ.
5) լոտն ուսումնասիրելու վայրը, ամսաթիվը և ժամանակը.
6) աճուրդին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
7) աճուրդում հաղթողին որոշելու կարգը.
8) կազմակերպչի կողմից սահմանված նախավճարի չափը, ինչպես նաև վճարման կարգը, ժամկետները և հաշվեհամարը.
9) անշարժ գույքի օտարման դեպքում գնահատված շուկայական արժեքը, վճարման կարգը և ժամկետները, հողամասի և շինության նպատակային և գործառնական նշանակությունները, մակերեսները, Քաղաքաշինության կոմիտեի կողմից տրված՝ գույքի քաղաքաշինական սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվությունը՝ ըստ տարածական պլանավորման փաստաթղթերի անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի համարը.
10) մեկից ավելի լոտերի աճուրդի դեպքում` լոտերի վաճառքի հերթականությունը.
11) յուրաքանչյուր լոտի համար՝ նվազագույն գնային հավելումի չափը.
12) գնման գնի կամ վարձավճարի վճարման կարգը, ժամկետները և հաշվեհամարը.
13) ինչպես նաև այլ տեղեկություններ գույքի մասին (պարտադիր ներառելով լուսանկարներ (առկայության դեպքում՝ տեսաձայնագրություններ), տրանսպորտային միջոցների աճուրդի դեպքում՝ պարտադիր կցելով նաև տեսաձայնագրությունն ու շարժիչի լուսանկարը):
(13-րդ կետը լրաց. 11.12.25 N 1832-Ն, փոփ. 02.04.26 N 443-Ն)
14. Էլեկտրոնային աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի, ինչպես նաև պետական գույքի վարձակալության (բացառությամբ հողամասերի վարձակալության) տրամադրվող գույքի (տարածքի, բացառությամբ հողամասերի վարձակալության) վարձավճարի մեկնարկային գինը, որից սկսվում է յուրաքանչյուր լոտի էլեկտրոնային աճուրդը, սահմանվում է պետական, համայնքային գույքի օտարման և պետական գույքի վարձակալության (բացառությամբ հողամասերի վարձակալության) տրամադրման վերաբերյալ համապատասխան իրավական ակտերով՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության գնահատման օրենսդրության համաձայն տվյալ գույքի և տարածքի, բացառությամբ հողամասերի վարձակալության վարձավճարի գնահատված արժեքի մեծությունը։
(14-րդ կետը լրաց., փոփ. 02.04.26 N 443-Ն)
15․ Պետական և համայնքային գույքի օտարման և պետական գույքի վարձակալության տրման դեպքում էլեկտրոնային աճուրդի մասնակիցների համար, ելնելով լոտի մեկնարկային գնից, սահմանվում են մեկնարկային գնի նվազագույն հավելման հետևյալ չափերը՝
1) լոտի մեկնարկային գնի մինչև 100.000 դրամի դեպքում նվազագույն հավելման չափը սահմանվում է 500 դրամ.
2) լոտի մեկնարկային գնի 100.001-500.000 դրամի դեպքում` 1.000 դրամ.
3) լոտի մեկնարկային գնի 500.001-1.000.000 դրամի դեպքում` 10.000 դրամ.
4) լոտի մեկնարկային գնի 1.000.001-10.000.000 դրամի դեպքում` 50.000 դրամ.
5) լոտի մեկնարկային գնի 10.000.000-ից ավելիի դեպքում` մեկնարկային գնի 1 %-ի չափով:
(15-րդ կետը խմբ. 02.04.26 N 443-Ն)
16. Էլեկտրոնային համակարգում մասնակիցների գրանցումն իրականացվում է առցանց եղանակով` նշելով՝
1) ֆիզիկական անձանց դեպքում` գրանցվողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան ամսաթիվը, հեռախոսահամարը, հասցեն, քաղաքացիությունը, հանրային ծառայությունների համարանիշը, էլ-փոստի հասցեն.
2) իրավաբանական անձանց դեպքում՝ կազմակերպության անվանումը, հասցեն ու հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաև տնօրենի (եթե գրանցվողն այլ անձ է) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան ամսաթիվը, հեռախոսահամարը, հասցեն, քաղաքացիությունը, հանրային ծառայությունների համարանիշը, էլ-փոստի հասցեն:
17․ Մինչև էլեկտրոնային աճուրդի սկսելը մասնակիցը կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի համապատասխան աշխատակիցը կարող է ուղղել կարգի 16-րդ կետում նշված տվյալներում առկա տեխնիկական վրիպակները, եթե դրանք չեն կարող ազդել աճուրդի ելքի և հաղթող մասնակցի ընտրության վրա, ընդ որում, յուրաքանչյուր լրացված դաշտում երկու նիշի փոփոխությունից ավելի չի թույլատրվում կատարել:
(17-րդ կետը խմբ. 02.04.26 N 443-Ն)
18․ Համակարգում գրանցված անձը կարող է մասնակցել պետական և համայնքային գույքի օտարման և պետական գույքի վարձակալության (բացառությամբ հողամասերի վարձակալության) տրման նպատակով կազմակերպվող էլեկտրոնային աճուրդին սույն կարգի 20-րդ կետով սահմանված ժամկետի մեկնարկից սկսած մինչև ավարտից առնվազն 5 րոպե առաջ՝ նախավճար վճարելու դեպքում: Էլեկտրոնային աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է հետևյալ կերպ՝
1) պետական և համայնքային գույքի օտարման դեպքում՝
ա․ լոտի մեկնարկային գնի մինչև 100 000 դրամի (ներառյալ) դեպքում նախավճարի չափը սահմանվում է մեկնարկային գնի 50 տոկոսի չափով,
բ․ լոտի մեկնարկային գնի 100 001-1 000 000 դրամի դեպքում` 40 տոկոսի չափով,
գ․ լոտի մեկնարկային գնի 1 000 001-10 000 000 դրամի դեպքում` 30 տոկոսի չափով,
դ․ լոտի մեկնարկային գնի 10 000 001-100 000 000 դրամի դեպքում` 20 տոկոսի չափով,
ե․ լոտի մեկնարկային գնի 100 000 001-500 000 000 դրամի դեպքում` 10 տոկոսի չափով,
զ․ լոտի մեկնարկային գնի 500 000 001 դրամից ավելիի դեպքում` 5 տոկոսի չափով.
2) պետական գույքի վարձակալության (բացառությամբ հողամասերի վարձակալության) տրամադրման դեպքում՝
ա․ լոտի մեկնարկային գնի մինչև 100 000 դրամի (ներառյալ) դեպքում նախավճարի չափը սահմանվում է մեկնարկային գնի 300 տոկոսի չափով,
բ․ լոտի մեկնարկային գնի 100 001-1 000 000 դրամի դեպքում` 100 տոկոսի չափով,
գ․ լոտի մեկնարկային գնի 1 000 001 դրամից ավելիի դեպքում` 50 տոկոսի չափով։
(18-րդ կետը խմբ. 11.12.25 N 1832-Ն, 02.04.26 N 443-Ն)
19. Էլեկտրոնային աճուրդին մասնակցելու համար մասնակիցը լոտի մեկնարկային գնի՝ սույն կարգի 18-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով կետով սահմանված չափով նախավճար է սառեցնում առցանց վճարման համակարգի միջոցով։
(19-րդ կետը փոփ. 11.12.25 N 1832-Ն)
20. Յուրաքանչյուր լոտի էլեկտրոնային աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում կայքում տվյալ լոտի աճուրդի նվազագույնն սկսման պահին հաջորդող երրորդ աշխատանքային օրվա համապատասխան ժամը:
(20-րդ կետը լրաց. 11.12.25 N 1832-Ն)
21. Էլեկտրոնային աճուրդի ավարտին նախորդող վերջին րոպեի ընթացքում յուրաքանչյուր նոր գնային առաջարկի դեպքում աճուրդը շարունակվում է ևս 1 րոպե՝ հաշված առաջարկի ստացման պահից: Աճուրդի ընթացքում յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու նոր գնային առաջարկ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային առաջարկը՝ առնվազն նվազագույն հավելման չափով: Ընդ որում, մեկից ավելի լոտերը կարող են սկսվել միաժամանակ, սակայն յուրաքանչյուր հաջորդ լոտ կարող է ավարտվել նախորդ լոտի ավարտից առնվազն 1 րոպե հետո։
22. Էլեկտրոնային աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը: Հաղթողը որոշվում է համակարգի միջոցով: Հաղթող մասնակիցը համակարգի միջոցով գեներացված էլեկտրոնային աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը (այսուհետ՝ արձանագրություն)՝ համաձայն ձևի և հետևյալ փաստաթղթերը ներկայացնում է համապատասխան կազմակերպչին՝
1) ֆիզիկական անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին` անձը հաստատող փաստաթղթի, փախստական անձի դեպքում՝ նույնականացման քարտի կամ ճամփորդական փաստաթղթի, իսկ օտարերկրյա քաղաքացին` անձնագրի պատճենները և թարգմանությունը.
2) իրավաբանական անձանց համար՝ գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները, իսկ քաղաքացիների, իրավաբանական անձանց գործադիր մարմնի ղեկավարի և լիազորված անձանց համար՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
3) իրավաբանական անձանց համար նաև գրավոր հավաստում այն մասին, որ Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ դիմողի (հայտատուի) կանոնադրությամբ տվյալ գույքը տվյալ ձևով գնելու համար պետական համապատասխան մարմինների համաձայնություն չի պահանջվում կամ, որ պահանջվող համաձայնություններն ստացված են (կցելով այդ համաձայնագրերը).
4) հաղթողի կողմից տրված լիազորագիրը (եթե արձանագրությունն ստորագրում է լիազորված անձը):
(22-րդ կետը խմբ. 02.04.26 N 443-Ն)
23․ Էլեկտրոնային աճուրդի հաղթող մասնակիցը ստորագրված արձանագրությունն ու սույն կարգի 22-րդ կետում նշված փաստաթղթերը աճուրդի կայացման օրվանից մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը առցանց եղանակով (պաշտոնական էլեկտրոնային հասցեին) փոխանցում է համապատասխան կազմակերպչին:
(23-րդ կետը խմբ. 02.04.26 N 443-Ն)
24. Կազմակերպչի համապատասխան աշխատակիցը, մինչև արձանագրությունը ղեկավարի ստորագրմանը ներկայացնելը, ստուգում է սույն կարգի 23-րդ կետում ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը կարգի 22-րդ կետի պահանջներին: Եթե փաստաթղթերը չեն համապատասխանում կարգի 22-րդ կետի պահանջներին, կամ առկա են թերություններ, դրանք վերադարձվում են հաղթող մասնակցին շտկելու և մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը կազմակերպչին վերադարձնելու համար: Փաստաթղթերի համապատասխանության դեպքում արձանագրությունը ներկայացվում է կազմակերպչի ղեկավարի ստորագրմանը:
25․ Էլեկտրոնային աճուրդի հաղթող մասնակիցը պարտավոր է արձանագրությունն ստորագրելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել լոտի գինն ամբողջությամբ՝ հաշվանցելով նախավճարը, իսկ պետական գույքի վարձակալության տրամադրման (բացառությամբ հողամասերի վարձակալության) նպատակով կազմակերպված էլեկտրոնային աճուրդի հաղթողը՝ երկամսյա ժամկետում նաև գույքի միասնական տեղեկանքը։
(25-րդ կետը խմբ. 02.04.26 N 443-Ն)
26. Էլեկտրոնային աճուրդի հաղթող մասնակիցը սույն կարգի 25-րդ կետով նախատեսված վճարումներն իրականացնում է առցանց բանկային հաշվեհամարով կամ փոխանցում կատարելով։
27․ Սույն կարգի 25-րդ կետով նախատեսված վճարումները կատարելուց հետո (բացառությամբ տրանսպորտային միջոցների օտարման դեպքերի), Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, էլեկտրոնային աճուրդի հաղթող մասնակցի հետ կնքվում է առուվաճառքի կամ վարձակալության պայմանագիր և իրականացվում են գույքի հանձնման-ընդունման աշխատանքներ:
(27-րդ կետը խմբ. 11.12.25 N 1832-Ն)
28. Էլեկտրոնային աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի նախավճարը երեք աշխատանքային օրվա ընթացքում ապասառեցվում է, իսկ համապատասխան հաշվին փոխանցվածը վերադարձվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում:
29. Էլեկտրոնային աճուրդը չկայացած և անվավեր է ճանաչվում, եթե՝
1) աճուրդին չի մասնակցել ոչ մի գնորդ կամ վարձակալ.
2) 16-րդ կետով սահմանված տվյալները սխալ են` բացառությամբ սույն կարգի 17-րդ կետում նշված դեպքի.
3) աճուրդում հաղթած մասնակիցը չի ստորագրել արձանագրությունը կամ հրաժարվել է կատարել հետագա վճարումները.
4) հաղթողի կողմից սույն կարգի 24-րդ կետով սահմանված ժամկետում շտկված փաստաթղթերը չեն ներկայացվել.
5) աճուրդը չկայացած է հայտարարվում նշված հանգամանքների ի հայտ գալու հաջորդ օրվանից ոչ ուշ.
6) աճուրդն անվավեր կարող է ճանաչվել միայն շահագրգիռ անձի հայցով՝ դատական կարգով.
7) աճուրդն անվավեր ճանաչվելու դեպքում կազմակերպվում է նոր աճուրդ, իսկ դրա անհնարինության դեպքում կիրառվում են անվավերության հետևանքներ՝ օրենքով սահմանված կարգով:
30. Էլեկտրոնային աճուրդը սույն կարգի 29-րդ կետի 2-4-րդ ենթակետերում նշված դեպքերում չկայանալու ժամանակ նախավճարը չի վերադարձվում և փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքային բյուջե:
(30-րդ կետը լրաց. 02.04.26 N 443-Ն)
31. Էլեկտրոնային աճուրդը չկայացած հայտարարվելու դեպքում կազմակերպչի կողմից արձանագրությունը կազմվելուց հետո դրա մասին տեղեկատվությունը 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում է կազմակերպչի էլեկտրոնային կայքում:
32․ Համակարգի տեխնիկական անսարքության (ձախողման) դեպքում էլեկտրոնային աճուրդների անցկացումը կարող է կասեցվել մինչև տեխնիկական անսարքությունների վերացումը, որոնց մասին աճուրդի համապատասխան կազմակերպիչը տեղեկացնում է տվյալ լոտի աճուրդի մասնակիցներին՝ էլեկտրոնային փոստի կամ հեռախոսային հաղորդագրության միջոցով։ Յուրաքանչյուր տեխնիկական անսարքության (ձախողման) դեպքում կազմվում է եզրակացություն անսարքության (ձախողման) պատճառների մասին, և այն տեղադրվում է էլեկտրոնային մատյանում։ Եզրակացությունը ներկայացվում է համակարգը սպասարկողի կողմից, ընդ որում, եթե տեխնիկական անսարքության (ձախողման) պատճառով մասնակիցներից մեկը հաղթող է ճանաչվել, ապա կազմակերպիչն անսարքության (ձախողման) պատճառների մասին տեղեկանքի հիման վրա կազմում է հաղթող չճանաչելու մասին արձանագրություն, վճարված նախավճարը 3 աշխատանքային օրվա ընթացքում ապասառեցվում է, իսկ համապատասխան հաշվին փոխանցվածը՝ կազմակերպչի կողմից վերադարձվում է:
(32-րդ կետը լրաց. 11.12.25 N 1832-Ն, խմբ. 02.04.26 N 443-Ն)
32․1․ Համայնքների ղեկավարների կողմից կազմակերպված էլեկտրոնային աճուրդների ընթացքում թույլատրվում է փոփոխություններ կատարել՝
1) կարգի 17-րդ կետով սահմանված դեպքում․
2) համայնքային կազմակերպչի կողմից թույլ տրված հրապարակային ծանուցման և կից ներկայացված տեղեկատվության մեջ առկա վրիպակների դեպքում, եթե դրանով չեն փոփոխվում աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական պայմանները, համայնքային կազմակերպիչը 1 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան աճուրդի ավարտից 2 օր առաջ էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին, ինչով պայմանավորված՝ վերջինս 1 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է համապատասխան գործողությունները.
3) համակարգի տեխնիկական անսարքությունների (ձախողման) դեպքում աճուրդի համայնքային կազմակերպիչը 1 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին, ինչով պայմանավորված՝ վերջինս 1 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է համապատասխան գործողությունները։ Ընդ որում, եթե համակարգի տեխնիկական անսարքության (ձախողման) պատճառով մասնակիցներից մեկը հաղթող է ճանաչվել, ապա աճուրդի համայնքային կազմակերպչի համապատասխան աշխատակիցն անսարքության (ձախողման) պատճառների մասին, համակարգը սպասարկողի կողմից տրված եզրակացության հիման վրա, կազմում է հաղթող չճանաչելու մասին արձանագրություն, վճարված նախավճարը 3 աշխատանքային օրվա ընթացքում ապասառեցվում է, իսկ համապատասխան հաշվին փոխանցվածը՝ համայնքային կազմակերպչի կողմից վերադարձվում է:
(32.1-ին կետը լրաց. 02.04.26 N 443-Ն)
33. Տեխնիկական անսարքությունները վերացնելուց հետո էլեկտրոնային աճուրդը շարունակվում է սույն կարգով նախատեսված պայմաններով։
34. Էլեկտրոնային աճուրդի մասնակիցների համակարգում տեխնիկական անսարքության (ձախողման) դեպքերի համար կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում։
35. (կետն ուժը կորցրել է 02.04.26 N 443-Ն)
36․ Յուրաքանչյուր չկայացած էլեկտրոնային աճուրդից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, կայքում զետեղվում է կրկնակի աճուրդի դրված լոտի մասին հրապարակային ծանուցումը, և աճուրդն անցկացվում է պետական գույքի վարձակալության տրամադրման (բացառությամբ համայնքային գույքի վարձակալության) և պետական կամ համայնքային շարժական գույքի օտարման դեպքում՝ ծանուցման հրապարակմանը հաջորդող 15-րդ օրվանից, իսկ պետական կամ համայնքային անշարժ գույքի օտարման դեպքում՝ 45-րդ օրվանից ոչ շուտ: Եթե էլեկտրոնային աճուրդը չի կայանում, ապա լոտի մեկնարկային գինը սահմանվում է հետևյալ կերպ՝
1) պետական գույքի օտարման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշմամբ սահմանված կարգով.
2) պետական գույքի վարձակալության տրամադրման դեպքում՝ հաջորդ աճուրդը կազմակերպելուց լոտի մեկնարկային գինն իջեցվում է համապատասխան իրավական ակտով սահմանված չափով․
3) համայնքային անշարժ գույքի օտարման դեպքում երկրորդ էլեկտրոնային աճուրդի ժամանակ մեկնարկային գինը սահմանվում է գնահատված արժեքի 85 տոկոսի չափով, չվաճառվելու դեպքում՝ երրորդ և հերթական էլեկտրոնային աճուրդի ժամանակ մեկնարկային գինը սահմանվում է գնահատված արժեքի 70 տոկոսի չափով, իսկ համայնքային շարժական գույքի էլեկտրոնային աճուրդով վաճառքի ներկայացնելու ժամանակ` չվաճառվելու դեպքում հաջորդ և հերթական էլեկտրոնային աճուրդի կազմակերպման ժամանակ մեկնարկային գինն իջեցվում է մեկնարկային գնի 15 տոկոսի չափով։
(36-րդ կետը խմբ. 11.12.25 N 1832-Ն, 02.04.26 N 443-Ն)
36.1․ Պետական և համայնքային գույքի օտարման և պետական գույքի վարձակալության (բացառությամբ հողամասերի վարձակալության) տրման դեպքում, եթե աճուրդը համարվում է չկայացած, հաղթող մասնակցի կողմից վճարումները սույն կարգով սահմանված ժամկետում չկատարվելու կամ աճուրդային արձանագրությունը չստորագրվելու, երկամսյա ժամկետում միասնական տեղեկանք չներկայացնելու, ինչպես նաև մասնակցի կողմից ներկայացված տվյալներն ու փաստաթղթերը սխալ լինելու պատճառով, ապա այդ դեպքերում հաջորդ աճուրդը կազմակերպվում է առանց մեկնարկային գնի նվազման, իսկ նախավճարը սահմանվում է՝ սույն կարգի 18-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված սանդղակներով հաշվարկված նախավճարի մեծությունը բազմապատկելով 1.1 գործակցով, որը կարող է կիրառվել մեկ անգամ։
(36.1-ին կետը լրաց. 11.12.25 N 1832-Ն, խմբ. 02.04.26 N 443-Ն)
36․2․ Սահմանել, որ սույն որոշման հաղթող մասնակցի կողմից վճարումները սույն կարգով սահմանված ժամկետում չկատարվելու կամ աճուրդային արձանագրությունը չստորագրվելու հիմքով վարձակալության տրամադրման նպատակով կազմակերպված աճուրդը չկայացած համարվելու դեպքում, հաղթող մասնակիցը կորցնում է գույքի վարձակալության համար տվյալ լոտի բոլոր հաջորդիվ անցկացվող աճուրդներին մասնակցելու իրավունքը։
(36.2-րդ կետը լրաց. 11.12.25 N 1832-Ն)
37. Էլեկտրոնային աճուրդի կազմակերպիչը երաշխավորում է աճուրդի մասնակիցների անձնական տվյալների պաշտպանությունը: Աճուրդի մասնակիցների անձնական տվյալները չեն կարող տրվել երրորդ անձանց՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
38. Յուրաքանչյուր կազմակերպիչ պարտավոր է վարել փաստաթղթային գրառումներ և պահպանել էլեկտրոնային աճուրդի հետ կապված փաստաթղթերը (պայմանագրերը, արձանագրությունները և այլն) աճուրդի ավարտից երեք տարվա ընթացքում և արխիվացնել օրենքով սահմանված կարգով:
(38-րդ կետը խմբ. 02.04.26 N 443-Ն)
39. Կազմակերպիչը պատասխանատվություն է կրում լոտի այն թերությունների համար, որոնց մասին տեղյակ է եղել կամ պարտավոր էր տեղյակ լինել, սակայն չի զգուշացրել սակարկությունների մասնակիցներին: Կազմակերպիչը պատասխանատվություն է կրում իր տիրապետման տակ գտնվող լոտի վնասվածքների համար և կրում է լոտի պատահական կորստի ռիսկը, եթե սակարկությունների կազմակերպման մասին պայմանագրով այլ բան սահմանված չէ: Այլ մարմնի տիրապետման տակ գտնվող լոտի վնասվածքների և պատահական կորստի համար պատասխանատվություն է կրում տվյալ մարմինը:
Ձև
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
|
1. Աճուրդի կազմակերպչի (համայնքային կազմակերպչի դեպքում համապատասխան համայնքի) անվանումը, գտնվելու վայրը |
|
|
2. Գույքը հաշվառող մարմինը |
|
|
3. Աճուրդի կազմակերպման իրավական հիմքը |
|
|
4. Աճուրդի կազմակերպման ամսաթիվը, ժամը, վայրը |
|
|
5. Լոտի համարը |
|
|
6. Լոտի անվանումը և բնութագրող ցուցանիշները |
|
|
7․ Լոտը երրորդ անձով ծանրաբեռնված լինելու վերաբերյալ տեղեկատվություն |
|
|
8. Լոտի մեկնարկային գինը |
|
|
9. Լոտի վերաբերյալ տեղեկատվություն |
|
|
10. Լոտի գնման գինը |
|
|
11. Նախավճարը |
|
|
12․ Աճուրդի կայացման դեպքում հաղթողի տվյալները |
|
Հաղթող (հաղթողի ներկայացուցիչ)` |
Կազմակերպչի ղեկավար` | ||
|
|
|||
|
—————————— (անունը, ազգանունը) |
—————— (ստորագրությունը) |
—————————— (անունը, ազգանունը) |
—————— (ստորագրությունը) |
|
—— ———— ————— (օրը, ամիսը, տարեթիվը) |
—— ———— ————— (օրը, ամիսը, տարեթիվը) | ||
(ձևն խմբ. 02.04.26 N 443-Ն)
(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 11.12.25 N 1832-Ն, 02.04.26 N 443-Ն)
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
29.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2023 թվական: