ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 2026 թվականի N 446-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1712-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի «Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային կարգը և պետական կառավարման համակարգի առանձին մարմինների ցանկը հաստատելու մասին» N 1712-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածում՝
ա. 5-րդ կետում «Ներկայացված առաջնահերթությունները քննարկվում և համաձայնեցվում են փոխվարչապետերի հետ և ներկայացվում են Վարչապետին:» բառերը փոխարինել «Ընդ որում՝ առաջնահերթ ուղղությունների համար, ըստ դրանց կարևորության, իրականացվող աշխատանքների բարդության կամ այլ փաստարկված հիմնավորումների հաշվառմամբ, կարող են առաջարկվել կշիռներ՝ արտահայտած տոկոսներով։ Այդ դեպքում առաջնահերթություններին տրված կշիռների հանրագումարը պետք է հավասար լինի 100%-ի:» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետով.
«5.1. Ներկայացված առաջնահերթությունները քննարկվում և համաձայնեցվում են փոխվարչապետերի հետ և ներկայացվում են Վարչապետին։ Ընդ որում՝ Կառավարման մարմինների համար սահմանված առաջնահերթություններից և դրանց կատարման առանձնահատկություններից ելնելով, այդ թվում՝ տարբեր մարմինների կողմից ներկայացված առաջնահերթությունների իրականացման բարդության համադրելիությունն ապահովելու նպատակով՝ քննարկումների արդյունքում փոխվարչապետերի կողմից առաջնահերթ առանձին ուղղությունների համար կարող են սահմանվել 0․8-1․2 միջակայքում հավելող կամ դիսկոնտավորող գործակիցներ։»,
գ. 9-րդ կետը «թվաբանական միջինից» բառերից հետո լրացնել «կամ կշիռներ սահմանած լինելու դեպքում՝ կշռված թվաբանական միջինից» բառերով,
դ․ 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ընդ որում՝ անկախ փոխվարչապետերի կողմից առաջնահերթ առանձին ուղղությունների համար հավելող կամ դիսկոնտավորող գործակիցներ սահմանելու հանգամանքից՝ հնարավոր առավելագույն է համարվում «5» միավորը:»,
ե. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Կառավարման մարմնի խրախուսման ֆոնդի մեծությունը հաշվարկելու համար հիմք հանդիսացող պաշտոնների յուրաքանչյուր խմբի գործակիցները և պարգևատրման պարբերականությունը սահմանվում են կառավարման մարմիններին գումար հատկացնելու վերաբերյալ Կառավարության որոշումներով, որոնցով խրախուսման ֆոնդ կարող է հատկացվել նաև այլ մարմինների համար:»,
զ․ 15-րդ կետում «• ՊԳ-ն՝ յուրաքանչյուր պաշտոնային դրույքաչափի նկատմամբ պարգևավճարի հաշվարկման գործակիցն է,» բառերը փոխարինել «• ՊԳ-ն՝ պաշտոնների յուրաքանչյուր խմբի նկատմամբ պարգևավճարի հաշվարկման գործակիցն է,» բառերով,
է. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Սույն կարգով որոշվող խրախուսման ֆոնդից պարգևատրման բաշխումն իրականացվում է համապատասխան պաշտոնատար անձի անհատական իրավական ակտով, ընդ որում, տվյալ մարմնի խրախուսման ֆոնդից պարգևատրման մինչև 20 տոկոսը կարող է բաշխվել սույն կարգի իմաստով ղեկավար պաշտոն չզբաղեցնող անձնակազմի, իսկ մինչև 5 տոկոսը՝ տվյալ մարմնի ենթակա իրավաբանական անձանց անձնակազմերի միջև։»,
ը. 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Խրախուսանքի արժանացած անձին հարկումից հետո տրված պարգևավճարի 10 տոկոսը, իսկ վերջինիս մեծությունը 250 հազար դրամը գերազանցելու դեպքում՝ 250 հազար դրամը, նախատեսված է վճարման կիսամյակին հաջորդող կիսամյակի ընթացքում տվյալ անձի կողմից իր կրթության, այդ թվում՝ հեռավար կրթության, վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման, կամ գիտական գործունեության հետ կապված, այդ թվում՝ միջազգային հեղինակավոր գիտական պարբերականներում հրապարակումների (այսուհետ՝ կրթության) նպատակով ծախսերի համար։ Կրթության նպատակով նախատեսված ծախսերի առավելագույնը 20,000 դրամը կարող է ուղղվել գրքերի և գիտակրթական նյութերի ձեռքբերմանը։
Կրթության նպատակով ստացված միջոցների գծով ծախսերը հաստատող փաստաթղթեր չներկայացնելու կամ նախատեսված չափից քիչ ներկայացնելու դեպքում այդ մասը ենթակա է նվազեցման հաջորդող ժամանակահատվածի խրախուսման ֆոնդից:»,
թ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 18-րդ կետով.
«18. Այն դեպքերում, երբ կրթության նպատակով ծախսերը գերազանցում են խրախուսանքի արժանացած անձին հարկումից հետո տրված պարգևավճարի 10 տոկոսը, իսկ վերջինիս մեծությունը 250 հազար դրամը գերազանցելու դեպքում՝ 250 հազար դրամը, ապա ավելի կատարված ծախսերը ենթակա են նվազեցման հաջորդող կիսամյակի համար կրթության նպատակով նախատեսված ծախսերից։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի 1-ին և 2-րդ կիսամյակների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման գործընթացի վրա:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
03.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |