ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«13» մարտ 2026 թ. N 22-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 6.1-ին հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Սահմանել լաբորատորիաների որակի արտաքին գնահատման և լաբորատորիաների մասնագետների կոմպետենտության գնահատման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
13.03.2026
|
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
Հավելված Առողջապահության նախարարի 2026 թվականի մարտ «13»-ի N 22-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒԹՅՈՒՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է առողջապահության ոլորտում ռեֆերենս նշանակված լաբորատորիաների (այսուհետ՝ Ռեֆերենս լաբորատորիա) կողմից առողջապահության ոլորտում հետազոտական մեկ կամ մի քանի ցուցանիշով հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների (այսուհետ՝ Լաբորատորիա) որակի արտաքին գնահատման և լաբորատորիաների մասնագետների կոմպետենտության գնահատման հետ կապված իրավահարաբերությունները:
2. Սույն կարգը նախատեսված է Ռեֆերենս լաբորատորիայի, ինչպես նաև որակի արտաքին գնահատումներին և լաբորատորիաների մասնագետների կոմպետենտության գնահատումներին մասնակցող Լաբորատորիաների համար։
3. Սույն կարգով չկարգավորված որակի արտաքին գնահատումների, Լաբորատորիաների մասնագետների կոմպետենտության գնահատումների իրականացման հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ որակի արտաքին գնահատումների իրականացման ձևերի որոշումը, կարգավորվում են Ռեֆերենս լաբորատորիաների և Լաբորատորիաների փոխհամաձայնությամբ՝ պայմանագրային հիմունքներով։
2. ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Ռեֆերենս լաբորատորիաների կողմից որակի արտաքին գնահատումները իրականացվում են հետևյալ ձևերով՝
1) Լաբորատորիայի տեղում գնահատում․
2) «կույր» նմուշների նույնականացում․
3) հետազոտվող նյութի վերստուգում (վերահաստատում):
5. Ռեֆերենս լաբորատորիաների կողմից որակի արտաքին գնահատումները կարող են իրականացվել սույն կարգի 4-րդ կետով նշած ինչպես մեկ, այնպես էլ մի քանի ձևերի համակցությամբ։
6. Լաբորատորիայի տեղում գնահատումը կազմակերպվում և իրականացվում է Ռեֆերենս լաբորատորիայի կողմից այցելությունների միջոցով՝ լաբորատոր գործընթացների ամբողջականությունը դիտարկելու և համապատասխանությունը գնահատելու նպատակով։
7. «Կույր» նմուշը Ռեֆերենս լաբորատորիային հայտնի ցուցանիշներով նմուշն է, որն անհայտ է Լաբորատորիային և Ռեֆերենս լաբորատորիաների կողմից տրամադրվում են Լաբորատորիաներին՝ հետազոտելու և նույնականացնելու նպատակով:
8. «Կույր» նմուշները Լաբորատորիաների կողմից հետազոտվում և նույնականացվում են ինչպես իրական նմուշներ՝ Ռեֆերենս լաբորատորիայի կողմից տրամադրված կիրառման հրահանգներին համապատասխան:
9. Լաբորատորիայի կողմից իրականացված «կույր» նմուշների հետազոտության և նույնականացման արդյունքները ներկայացվում են Ռեֆերենս լաբորատորիային։
10. Հետազոտական նյութի վերստուգման (վերահաստատման) միջոցով իրականացվում է Լաբորատորիայի կողմից հետազոտված նմուշի վերստուգում (վերահաստատում) Ռեֆերենս լաբորատորիայի կողմից։
11. Որակի արտաքին գնահատման ենթակա նմուշների պիտակավորվումը, փաթեթավորվումը և տեղափոխումն իրականացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հունիսի 23-ի N 38-Ն հրամանի:
12. Որակի արտաքին գնահատումների արդյունքների հիման վրա Ռեֆերենս լաբորատորիայի կողմից իրականացվում են վերլուծություններ և իրականացված վերլուծությունների հիման վրա Լաբորատորիաներին տրամադրվում են բարելավման առաջարկություններ։
3. ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ
13. Որակի արտաքին գնահատումների արդյունքների հիման վրա Ռեֆերենս լաբորատորիայի կողմից կատարվում է Լաբորատորիաների մասնագետների կոմպետենտության գնահատումներ:
14. Լաբորատորիաների մասնագետների կոմպետենտության գնահատումների արդյունքները որոշվում են հիմք ընդունելով որակի արտաքին գնահատումների շրջանակներում Լաբորատորիաների մասնագետների կողմից «կույր» նմուշների հետազոտության և նույնականացման, հետազոտվող նյութերի վերստուգման (վերահաստատման) արդյունքները հետևյալ ցուցանիշներով՝
1) բարձր կոմպետենտություն՝ ներկայացված «կույր» նմուշները հետազոտվել և նույնականացվել են, հետազոտվող նյութերը վերստուգվել (վերահաստատվել) են 85–100 տոկոսով.
2) միջին կոմպետենտություն՝ ներկայացված «կույր» նմուշները հետազոտվել և նույնականացվել են, հետազոտվող նյութերը վերստուգվել (վերահաստատվել) են 70–84 տոկոսով.
3) ցածր կոմպետենտություն՝ ներկայացված «կույր» նմուշները հետազոտվել և նույնականացվել են, հետազոտվող նյութերը վերստուգվել (վերահաստատվել) են մինչև 70 տոկոս:
15. Լաբորատորիաների մասնագետների կոմպետենտության գնահատումների հիման վրա Ռեֆերենս լաբորատորիաների կողմից Լաբորատորիաներին տրամադրվում է առաջարկություններ միջին կոմպետենտության, ցածր կոմպետենտության Լաբորատորիաների մասնագետների մասնագիտական կարողությունների բարելավման ուղղությամբ։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 ապրիլի 2026 թվական: