ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2026 թվականի N 389-Ն
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ, ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՆՁԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԸ ԵՎ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ԿԱՐԴԱԼԸ ՀԱՎԱՍՏՎԵԼՈՒ, ԾԱՆՈՒՑՄԱՆ ՀԵՏ ՑԱՆԿԱՑԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ (ԼՈԳԱՎՈՐՄԱՆ) ԵՎ ԼՈԳԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, 9-րդ հոդվածի 4-րդ մասը, 10-րդ հոդվածի 10-րդ մասը և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել անհատական և հրապարակային ծանուցումը տեղադրելու, ծանուցումը տեղադրելու մասին անձին տեղեկացնելու, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ և պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելը և ծանուցումը կարդալը հավաստվելու, ծանուցման հետ ցանկացած գործողություն կատարելու վերաբերյալ տեղեկությունները հաշվառելու (լոգավորման) և լոգերը պահպանելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Ինտերնետով հրապարակային ծանուցման ներկայացման և կայքը վարող անձին փոխանցման, կայքում հրապարակային ծանուցումների տեղադրման ու տեղեկատվության արխիվացման ժամկետների սահմանման կարգը և ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակա հայտարարության էլեկտրոնային ձևաչափը հաստատելու մասին» N 174-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
30.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի մարտի 26-ի N 389-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ, ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՆՁԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԸ ԵՎ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ԿԱՐԴԱԼԸ ՀԱՎԱՍՏՎԵԼՈՒ, ԾԱՆՈՒՑՄԱՆ ՀԵՏ ՑԱՆԿԱՑԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ (ԼՈԳԱՎՈՐՄԱՆ) ԵՎ ԼՈԳԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում անհատական և հրապարակային ծանուցումների տեղադրման և դրա մասին անձին տեղեկացման, անհատական ծանուցման տեղադրման վայր (թվային միջավայր) մուտք գործելու, ծանուցումը կարդալու, ծանուցման հետ ցանկացած գործողություն կատարելու վերաբերյալ տեղեկությունների հաշվառման (լոգավորման) և լոգերի պահպանման ընթացակարգերը։
2. ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ՏԵՂԱԴՐԵԼԸ, ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՆՁԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼԸ
2. Իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին ուղղված անհատական ծանուցումները տեղադրվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում, իսկ ֆիզիկական անձանց ուղղված անհատական ծանուցումները տեղադրվում են անձի պաշտոնական էլեկտրոնային փոստում։
3. Ծանուցումը տեղադրելու մասին իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով տեղեկացվում է նաև իր կողմից իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեով, իսկ ֆիզիկական անձը՝ hանրային տեղեկությունների ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված՝ տեղեկությունների մուտքի միասնական հարթակի միջոցով իր անձնական տվյալներին և փաստաթղթերին, ինչպես նաև հանրային ծառայությունների վերաբերյալ ծանուցումներին հասանելիություն ապահովելու նպատակով ստեղծված թվային միջավայրում և իր կողմից «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մուտքագրված, բնակչության պետական ռեգիստրում հանրային ծառայությունների համարանիշի հետ փոխկապակցված թվային հաղորդակցության միջոցում տրամադրված հավելյալ էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև կարող է տեղեկացվել իրեն պատկանող խիստ նույնականացման միջոցներին փոխկապակցված հեռախոսահամարին ուղարկված հաղորդագրությամբ։ Սույն կետում նշված էլեկտրոնային փոստին կամ հեռախոսահամարին ուղարկվող տեղեկացումը պարունակում է նշում այն մասին, որ անձն ունի անհատական ծանուցում։ Սույն կետում նշված՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեն հարկային մարմնին է փոխանցվում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հետ փոխգործելիության շրջանակում՝ տվյալների փոխանակման շերտի միջոցով։ Սույն մասում նշված՝ ֆիզիկական անձանց կողմից տրամադրված հավելյալ էլեկտրոնային փոստի հասցեի ստացումն ապահովվում է ֆիզիկական անձանց պաշտոնական էլեկտրոնային փոստը սպասարկող համակարգի միջոցով։
4. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ֆիզիկական անձանց ուղղված ծանուցումներն իրականացնում են hանրային տեղեկությունների ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված՝ տեղեկությունների մուտքի միասնական հարթակի` hartak.am (այսուհետ՝ հարթակ) միջոցով, որը հանդիսանում է միասնական վեբկայք կամ ծրագրային հավելված, և, որի միջոցով ապահովվում է ծանուցումների հասանելիությունը:
5. Այն պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք ունեն ծանուցումների գեներացման սեփական էլեկտրոնային համակարգեր, ապահովում են դրանց փոխգործելիությունը հարթակի հետ՝ տվյալների փոխանակման շերտի միջոցով: Ֆիզիկական անձանց ուղղված անհատական ծանուցումները գեներացվում են տվյալ մարմնի համակարգում, որից հետո փոխգործելիության միջոցով փոխանցվում են հարթակին։
6. Համակարգերի փոխգործելիության բացակայության դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինները չունեն ծանուցումների գեներացման սեփական էլեկտրոնային համակարգեր, ծանուցումները գեներացվում են հարթակ մուտք գործելու միջոցով։
7. Ֆիզիկական անձին ուղղված անհատական ծանուցումը հանձնելիս ծանուցում տեղադրող անձին տրվում է անհատական ծանուցման նույնականացման համար:
8. Եթե ֆիզիկական անձին ուղղված անհատական ծանուցմանը կից պետք է ուղարկվի փաստաթուղթ, ապա սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքում այն ուղարկվում է ծանուցողի կողմից վերահսկվող սերվերում տեղադրված եզակի հղման միջոցով, իսկ սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դեպքում փաստաթուղթը կցվում է ծանուցմանը, և հարթակում գեներացվում է այդ փաստաթղթի եզակի հղում: Ծանուցմանը կից ֆայլերին հասանելիությունը պետք է ապահովվի ֆիզիկական անձի խիստ նույնականացմամբ։
9. Ֆիզիկական անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի տեխնոլոգիական լուծումները տվյալների փոխանակման շերտի միջոցով ապահովում են սույն կարգով սահմանված կարգով ուղարկվող ծանուցումների միաժամանակյա տեղադրում՝ հարթակի միջոցով տվյալների սուբյեկտին իր անձնական տվյալներին և փաստաթղթերին, ինչպես նաև հանրային ծառայությունների վերաբերյալ ծանուցումներին հասանելիություն ապահովելու նպատակով ստեղծված թվային միջավայրում, և անձի կողմից «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտի կողմից մուտքագրված, բնակչության պետական ռեգիստրում հանրային ծառայությունների համարանիշի հետ փոխկապակցված թվային հաղորդակցության միջոցում։
10. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին ուղղված ծանուցումները տեղադրում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում։
11. Այն պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք ունեն ծանուցումների գեներացման սեփական էլեկտրոնային համակարգեր, ապահովում են դրանց փոխգործելիությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հետ՝ տվյալների փոխանակման շերտի միջոցով: Իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին ուղղված անհատական ծանուցումները գեներացվում են տվյալ մարմնի համակարգում, որից հետո փոխգործելիության միջոցով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգին, որի միջոցով ապահովվում է ծանուցումների հասանելիությունը։
12. Համակարգերի փոխգործելիության բացակայության դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինները չունեն ծանուցումների գեներացման սեփական էլեկտրոնային համակարգեր, ծանուցումները գեներացվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգում ծանուցում տեղադրելու համար նախատեսված համակարգ մուտք գործելու միջոցով:
13. Եթե իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջն ուղղված անհատական ծանուցմանը կից պետք է ուղարկվի փաստաթուղթ, ապա սույն կարգի 11-րդ կետով նախատեսված դեպքում այն ուղարկվում է ծանուցողի կողմից վերահսկվող սերվերում տեղադրված եզակի հղման միջոցով, իսկ սույն կարգի 12-րդ կետով նախատեսված դեպքում փաստաթուղթը կցվում է ծանուցմանը, և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգում գեներացվում է այդ փաստաթղթի եզակի հղում: Ծանուցմանը կից ֆայլերին հասանելիությունը պետք է ապահովվի իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ խիստ նույնականացմամբ։
14. Եթե իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը կասեցվել է կամ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի իմաստով գործունեությունը դադարեցվել է, ապա անհատական ծանուցումը, սույն կարգով ֆիզիկական անձանց ծանուցման համար նախատեսված ընթացակարգով, ուղարկվում է իրավաբանական անձի դեպքում՝ գործադիր մարմնի ղեկավարին (կոլեգիալության դեպքում՝ գործադիր մարմնի բոլոր անդամներին), իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձին:
15․ Այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որը միացել է hանրային տեղեկությունների ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված տվյալների փոխանակման շերտին, այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին կարող է ծանուցել սույն կարգով սահմանված կարգով։
3. ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ՏԵՂԱԴՐԵԼԸ, ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՆՁԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼԸ
16. Հրապարակային ծանուցումները տեղադրվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ azdarar.am (այսուհետ սույն գլխում՝ կայք):
17. Յուրաքանչյուր անձ կարող է բաժանորդագրվել կայքում` նշելով իր էլեկտրոնային փոստի հասցեն և ստանալ հրապարակային ծանուցումների մասին անվճար տեղեկատվություն:
18. Հրապարակային ծանուցումները տեղադրվում են ինքնաշխատ, եթե դրանք իրականացվում են օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով ծանուցման այլ եղանակներն սպառելուց հետո։ Անհատական ծանուցումն ինքնաշխատ եղանակով կայքում որպես հրապարակային ծանուցում տեղադրվում է հետևյալ դեպքերում՝
1) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ուղղված անհատական ծանուցումների դեպքում, եթե ծանուցումը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում տեղադրվելուց երեք օր հետո բացակայում է համակարգ մուտք գործելու վերաբերյալ էլեկտրոնային հավաստումը.
2) ֆիզիկական անձանց ուղղված անհատական ծանուցումների դեպքում, եթե օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով փոստային պատվիրված նամակը ֆիզիկական անձին ուղարկվելուց յոթ օր հետո բացակայում է նամակը հանձնված լինելը հաստատող հավաստումը, այդ թվում, երբ ֆիզիկական անձը հրաժարվում է փոստային պատվիրված նամակն ստանալուց:
19. Սույն կարգի 18-րդ կետով նախատեսված կարգով հրապարակային ծանուցում տեղադրվելու դեպքում դրանում նշվում են ծանուցողի և ծանուցվող անձի տվյալները, տեղեկատվություն այն մասին, թե երբ է անձին ուղարկվել ծանուցումը պաշտոնական էլեկտրոնային փոստի և փոստային պատվիրված նամակի միջոցով, ինչպես նաև տեղադրվում է հղում, որի միջոցով անձը, անցնելով նույնականացում, կարող է ծանոթանալ ծանուցման տեքստին և առկայության դեպքում՝ կից փաստաթղթերին: Սույն կետով նախատեսված դեպքերում հրապարակային ծանուցման (այսուհետ սույն գլխում` հայտարարություն) տեքստը տեղադրվում է ինքնաշխատ եղանակով և էլեկտրոնային ձևաչափով` համաձայն սույն կարգի N 1 ձևի:
20. Սույն կարգի 18-րդ կետով չնախատեսված դեպքերում հրապարակային ծանուցումները տեղադրվում են՝ հայտարարություն հրապարակող անձի հայտարարության տեքստը կայքի միջոցով ներկայացնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի գործակալություն (այսուհետ սույն գլխում՝ գործակալություն):
21. Սույն կարգի 20-րդ կետով նախատեսված դեպքում, եթե կայքում հրապարակային ծանուցման հետ մեկտեղ պետք է տեղադրվի փաստաթուղթ, ապա այն ներկայացվում է ծանուցողի կողմից վերահսկվող սերվերում տեղադրված հղման միջոցով, որպիսի հղումը հայտարարություն հրապարակող անձինք հայտարարության տեքստի հետ մեկտեղ ներկայացնում են գործակալություն։
22. Սույն կարգի 20-րդ կետով նախատեսված դեպքում, եթե օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով հայտարարության հրապարակման համար սահմանված է ժամկետ, ապա հայտարարությունը պետք է ներկայացվի գործակալություն ոչ ուշ, քան սահմանված ժամկետից առնվազն մեկ օր առաջ: Հայտարարությունը կայքում հրապարակվում է կայքը վարող անձի կողմից հայտարարությունն ստանալու պահից առնվազն մեկ օրվա ընթացքում:
23. Սույն կարգի 20-րդ կետով նախատեսված դեպքում հայտարարության բովանդակության համար պատասխանատու է հրապարակային ծանուցում հրապարակող անձը:
24. Սույն կարգի 20-րդ կետով նախատեսված դեպքում հայտարարությունը ենթակա չէ հրապարակման, եթե օրենքով արգելված է նման բովանդակությամբ հայտարարության հրապարակումը:
25. Գործակալության ծրագրային համակարգերը, ծրագրային միջոցներն ու ծառայությունների մատուցման գործընթացները պետք է հնարավորություն ունենան ապահովելու հայտարարություն ներկայացնողի անհատական տվյալների գաղտնիության և այլ տեղեկատվության պատշաճ ֆիզիկական ու էլեկտրոնային պաշտպանվածությունը:
26. Կայքում տեղադրված ծանուցումները կայքում պահպանվում են երեք տարի ժամկետով, որից հետո դրանք արխիվացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՎԱՅՐ (ԹՎԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐ) ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ, ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ԿԱՐԴԱԼՈՒ, ԾԱՆՈՒՑՄԱՆ ՀԵՏ ՑԱՆԿԱՑԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՇՎԱՌԵԼԸ (ԼՈԳԱՎՈՐՈՒՄԸ) ԵՎ ԼՈԳԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
27. Ծանուցման տեղադրման վայրը (թվային միջավայրը) մուտք գործելը հավաստվում է համապատասխան էլեկտրոնային համակարգի կողմից, որի արդյունքում ըստ ETSI EN 319 522-1 V1.2.1 (2024-01) «Electronic Registered Delivery Services» ստանդարտի՝ ինքնաշխատ եղանակով գեներացվում են իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ մուտք գործելու կամ ֆիզիկական անձի կողմից պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելու և ծանուցումը կարդալու պահի մասին լոգերը։
28. Էլեկտրոնային համակարգերի տեխնոլոգիական լուծումների միջոցով ծանուցման հետ կապված ցանկացած գործողություն՝ ներառյալ կից փաստաթղթերը դիտելու կամ բեռնելու, կատարելու վերաբերյալ տեղեկությունների (դրանք իրականացնելու տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն ու վայրկյանը) հաշվառումը (լոգավորումը) իրականացվում է ինքնաշխատ եղանակով՝ ըստ ETSI EN 319 522-1 V1.2.1 (2024-01) «Electronic Registered Delivery Services» ստանդարտի։
29. Սույն կարգի 27-րդ և 28-րդ կետերով նախատեսված բոլոր հաշվառված (լոգավորված) տեղեկությունները, ինչպես նաև անհատական ծանուցումը պահպանվում են համապատասխան էլեկտրոնային համակարգում առնվազն հինգ տարի ժամկետով՝ հետևելով ISO 15489-1, ISO 30301 և ISO/IEC 27001 ստանդարտներին, որից հետո դրանք արխիվացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ՝ ԱՆՀԱՏԻ ԽԻՍՏ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
30. Սույն գլխով նախատեսված կարգավորումները կիրառելի չեն հրապարակային ծանուցումն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացվելու դեպքում, եթե սույն գլխով այլ բան նախատեսված չէ։
31. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ սահմանված կարգով անհատի խիստ նույնականացման ծրագրային գործիքների կիրառմամբ հրապարակող անձը մուտք է գործում կայք, լրացնում է անհրաժեշտ տեղեկատվական դաշտերը՝ անհրաժեշտության դեպքում կցելով նաև այլ տեղեկություններ: Հրապարակային ծանուցումն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացվելու դեպքում սույն կետով նախատեսված դաշտերը լրացվում են ինքնաշխատ եղանակով:
32. Հրապարակային ծանուցումը հանձնելիս հրապարակային ծանուցում հրապարակող անձին՝ ներառյալ հրապարակային ծանուցումն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացվելու դեպքում, տրվում է հրապարակային ծանուցման նույնականացման համար:
33. Սույն կարգի 31-րդ կետին համապատասխան էլեկտրոնային ձևաչափով սույն կարգի N 2 ձևին համապատասխան ներկայացված հայտարարությունը հայտարարության փոխանցման օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում է կայքի համապատասխան բաժնում:
34. Սույն կարգի 31-րդ կետին համապատասխան ներկայացված հայտարարությունը համարվում է ներկայացված՝ կայքի «Իմ հայտարարությունները» բաժնում տվյալ նույնականացման համար ունեցող ծանուցման տողում «Հաստատված է» պիտակի առկայության դեպքում: Կայքը տրամադրում է նաև ինքնաշխատ գեներացվող՝ հայտարարությունը հրապարակված լինելու փաստը հավաստող էլեկտրոնային փաստաթուղթ:
35. Հայտարարությունը հրապարակային ծանուցում հրապարակող անձի կողմից չեղարկվելու համար կայքի «Իմ հայտարարությունները» բաժնում տվյալ նույնականացման համար ունեցող ծանուցման տողում ընտրվում է չեղարկել հրահանգը՝ նշելով պատճառը:
36. Հայտարարությունը համարվում է չեղարկված՝ կայքի «Իմ հայտարարությունները» բաժնում տվյալ նույնականացման համար ունեցող ծանուցման տողում «Չեղարկված է» պիտակի առկայության դեպքում: Կայքը տրամադրում է նաև ինքնաշխատ գեներացվող՝ հայտարարությունը հրապարակված լինելու փաստը հավաստող էլեկտրոնային փաստաթուղթ:
37. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից սույն կարգի 31-րդ կետի համաձայն կարող է ֆիզիկական անձի վերաբերյալ ներկայացվել հրապարակային ծանուցում, որում նշվում է ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, տարին, ամիսը և բնակության վայրի կամ հաշվառման հասցեն, իսկ ֆիզիկական անձի կողմից այն դիտելու համար անհրաժեշտ է համապատասխան հղումով անցնելուց հետո մուտքագրել իր անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր կամ նույնականացման քարտ) համարը և հանրային ծառայությունների համարանիշը կամ վարորդական վկայականի համարը և հանրային ծառայությունների համարանիշը, ինչպես նաև հաստատել բջջային հեռախոսահամարը:
38. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից սույն կարգի 37-րդ կետի համաձայն հրապարակված հայտարարությունները ենթակա չեն բաժանորդագրության:
39. Հայտարարություն տվող ֆիզիկական կամ իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ներկայացվող հայտարարության տեքստը պետք է ներկայացվի էլեկտրոնային ձևաչափով` համաձայն N 2 ձևի: Հայտարարության տեքստային մասը պետք է մուտքագրված լինի հայերենով և յունիկոդ (unicode) տառաշարով:
40. Հայտարարությունը և հայտարարությանը կից ներկայացվող բոլոր տեքստային նյութերը ներկայացվում են «doc», «docx» ձևաչափի ֆայլերով: Կից նյութերը կարող են ներկայացվել «doc», «docx», «xls», «xlsx», «pdf», «jpg», «png», «gif» ձևաչափի ֆայլերով, իսկ այլ տեսակի ձևաչափերով նյութեր ներկայացնելու անհրաժեշտության դեպքում նյութերը ներկայացվում են արխիվացված տեսքով՝ «zip» ձևաչափով:
41. Իրավաբանական անձանց պետական գործակալության ծրագրային համակարգերը, ծրագրային միջոցներն ու ծառայությունների մատուցման գործընթացները պետք է հնարավորություն ունենան ապահովելու հայտարարություն ներկայացնողի անհատական տվյալների գաղտնիության և այլ տեղեկատվության պատշաճ ֆիզիկական ու էլեկտրոնային պաշտպանվածությունը:
Ձև N 1
«ԻՆՔՆԱՇԽԱՏ ԵՂԱՆԱԿՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ» ՏԵՍԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓ
| Հայտատուի տվյալները (լրացվում է ինքնաշխատ կայքի կողմից) | Ֆիզիկական անձի անունը, ազգանունը և ՀԾՀ-ն, իսկ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի և իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը և ՀՎՀՀ-ն: |
| Ծանուցման տեքստը (լրացվում է ինքնաշխատ կայքի կողմից) | Ծանուցվող անձի տվյալները՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, տարին, ամիսը և բնակության վայրի կամ հաշվառման հասցեն, իրավաբանական անձի դեպքում՝ ՀՎՀՀ-ն, և հղում, որի միջոցով անձը, անցնելով նույնականացում, կարող է ծանոթանալ ծանուցման տեքստին և առկայության դեպքում՝ կից փաստաթղթերին, տեղեկատվություններ այն մասին, թե երբ է անձին ուղարկվել ծանուցումը պաշտոնական էլեկտրոնային փոստի և փոստային պատվիրված նամակի միջոցով կամ տեղադրվել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում։ |
Ձև N 2
«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ» ՏԵՍԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓ
|
Հայտատուի տվյալները (լրացվում է ինքնաշխատ կայքի կողմից՝ կայք մուտք գործելիս և դեր ընտրելիս) |
Ֆիզիկական անձի անունը, ազգանունը և ՀԾՀ-ն, իսկ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի և իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը և ՀՎՀՀ-ն: |
|
Հայտարարության իրավական հիմքը |
Այն իրավական ակտը, որով սահմանված է հայտարարություն ներկայացնելու պահանջը կամ հնարավորությունը: |
|
Ծանուցման վերնագիրը |
Պետք է պարունակի իրավական ակտով սահմանված հայտարարության անվանումը: |
|
Ծանուցման տեքստը |
Ներկայացվում է իրավական ակտով նախատեսված հայտարարության բովանդակությունը, իսկ, եթե հայտարարության բովանդակությունը գերազանցում է 1000 նիշը, ապա այս տողում լրացվում է հայտարարության համառոտ բովանդակությունը, իսկ հայտարարության ամբողջական տեքստը ներկայացվում է կից նյութի տեսքով՝ PDF ձևաչափով: |
|
Հայտարարության արդիականության ժամկետը |
Սահմանում է հայտարարությունը ներկայացնողը: |
|
Հայտարարությունը տալու իրավասություն ունեցող անձի տվյալները |
Հայտարարությունը տալու իրավասություն ունեցող անձի զբաղեցրած պաշտոնը: |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
30.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մարտի 2026 թվական: