ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2026 թվականի N 380-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը հաստատելու, ինչպես նաև միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 710-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) N 1 հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գործող հիփոթեքային վարկի, ինչպես նաև հիփոթեքային վարկի վերաֆինանսավորման նպատակով 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ տրամադրված՝ անշարժ գույքի գրավով սպառողական վարկի (այսուհետ՝ գործող հիփոթեքային վարկ) մարման աջակցության հավաստագրի տրամադրում։ Ընդ որում, աջակցության չափի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում հիփոթեքային վարկի սկզբնական մայր գումարի և վերաֆինանսավորման արդյունքում ձևավորված սպառողական վարկի մայր գումարի մնացորդներից նվազագույնը։».
2) N 1 հավելվածի 6-րդ կետից հանել «, եթե ընտանիքն առցանց դիմում-հայտարարությունը կներկայացնի և ծրագրով նախատեսված հավաստագիրը կստանա մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը.
3) N 1 հավելվածի 11-րդ կետի 2-րդ ենթակետում «N 3 հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկում ընդգրկված» բառերը փոխարինել «N 2 հավելվածում չներառված` Հայաստանի Հանրապետության մնացած բոլոր մարզային» բառերով.
4) N 1 հավելվածի 11-րդ կետի 3-րդ ենթակետում «սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հավելվածներում չներառված` Հայաստանի Հանրապետության մնացած բոլոր բնակավայրերում» բառերը փոխարինել «Երևան քաղաքում» բառերով.
5) ուժը կորցրած ճանաչել N 3 հավելվածը.
6) N 4 հավելվածի 1-ին կետը «նախարարի» բառից հետո լրացնել «առաջին» բառով.
7) N 4 հավելվածը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ կետով.
«7. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավաբանական բաժնի պետ».
8) N 5 հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
9) N 5 հավելվածի 5-րդ կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.
«4) եթե ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած դիմումատուների տվյալներն առկա են Ղարաբաղի անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայում կամ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից վարվող՝ դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում, որտեղ արտացոլված է տեղեկատվություն այն մասին, որ ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած դիմումատուն 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից առաջ առնվազն 12 ամիսների ընթացքում աշխատել կամ սովորել է Ղարաբաղում, ապա նրան շնորհվում է շահառուի կարգավիճակ՝ անկախ սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված փաստաթղթերի առկայությունից։»։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» N 898-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 3-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության մեջ «գործող հիփոթեքային վարկի» բառերը փոխարինել «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գործող հիփոթեքային վարկի, ինչպես նաև հիփոթեքային վարկի վերաֆինանսավորման նպատակով 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ տրամադրված՝ անշարժ գույքի գրավով սպառողական վարկի (այսուհետ՝ գործող հիփոթեքային վարկ)» բառերով.
2) 3.1-ին կետի 7-րդ ենթակետում «հաշիվ-ապրանքագրի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված փաստաթղթերի» բառերով։
3. Սույն որոշման 1-ին կետի 1-ին, 3-րդ և 4-րդ ենթակետերի գործողությունը տարածվում է 2024 թվականի մայիսի 16-ից ծագած հարաբերությունների վրա, ընդ որում՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հավաստագիրն իրացրած ընտանիքները կստանան ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով սույն որոշման 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերից բխող աջակցության չափի տարբերությունը, որը կարող է ուղղվել ծրագրի շրջանակում շահառուին տրամադրված հավելյալ հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը կամ իրացվել ծրագրով սահմանված դրական մնացորդի իրացման ուղղություններով։
4. Սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի գործողությունը տարածվում է 2025 թվականի հուլիսի 3-ից ծագած հարաբերությունների վրա։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
27.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |