ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2026 թվականի N 328-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 68-րդ հոդվածի 6-րդ կետը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ հոդվածի 5-րդ մասերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման 2-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ 1 131 656 377.90 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով՝ քաղ․ Երևան, Կենտրոն, Մյասնիկյան պողոտա 5/1 հասցեում գտնվող գույքից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված (այսուհետ՝ կոմիտե) 0,3501 հեկտար մակերեսով հողամասը և վարչական շենքից 824,79 քառ․ մետր մակերեսով տարածքը, 74,7 քառ․ մետր մակերեսով պահակակետը, 91,9 քառ․ մետր մակերեսով լաբորատորիան, 118,9 քառ․ մետր մակերեսով պահեստը, 68,7 քառ․ մետր և 30,3 քառ․ մետր մակերեսներով օժանդակ շինությունները (20․10․2025 թվականին գրանցված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 20102025-01-0100 վկայական, այսուհետ՝ գույք 1) հետ վերցնել կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (այսուհետ՝ հանձնաժողով)։
2․ Կոմիտեին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ 954 502 282 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով՝ քաղ․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծ․ Իսակովի պողոտա 50/12 հասցեում գտնվող շենք-շինություններից ինժեներական մասնաշենքի 8-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ հարկերն ամբողջությամբ համապատասխանաբար 404․3, 403․6, 403․8 և 403․7 քառ․ մետր մակերեսներով (29․12․2020 թվականին գրանցված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 29122020-01-0288 վկայական, այսուհետ՝ գույք 2) հետ վերցնել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունից (այսուհետ՝ ընկերություն 1) և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության «Էներգակարգաբերում» մասնաճյուղին (գրանցման համար՝ 264․065․1078439, այսուհետ՝ ընկերություն 2)։
3․ Կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ընկերություն 1-ի հետ ապահովել 2010 թվականի ապրիլի 30-ին քաղ․ Երևան, ՄալաթիաՍեբաստիա, Ծ․ Իսակովի պողոտա 50/12 հասցեում գտնվող գույքի նկատմամբ կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 15/0010 պայմանագրում սույն որոշման 2-րդ կետից բխող համաձայնագրի կնքումը՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով ընկերություն 1-ի միջոցների հաշվին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ընկերություն 2-ի հետ լուծել 2025 թվականի հուլիսի 28-ին գույք 1-ի նկատմամբ կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 33/0025 պայմանագիրը՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով ընկերություն 2-ի միջոցների հաշվին.
3) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում ընկերություն 2-ի հետ կնքել գույք 2-ի անհատույց, անժամկետ օգտագործման տրամադրման պայմանագիր, դրանում սահմանելով, որ պայմանագրի հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման ընկերություն 2-ի միջոցների հաշվին.
4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո հանձնաժողովի հետ համատեղ ապահովել գույք 1-ի հանձնման-ընդունման աշխատանքները։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
20.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |