ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 2026 թվականի N 225-Ն
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ (ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ) ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՆՎԱԶԵՑՎՈՂ (ՉՀԱՐԿՎՈՂ) ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐ ԿԱՄ ՇԵՄԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների շեմերը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշմամբ սահմանված եկամուտները՝
1) կարող են հայտարարագրվել՝ անկախ հայտարարագրման ոչ ենթակա լինելու կամ շեմը չգերազանցելու հանգամանքից.
2) սահմանված շեմը գերազանցելու դեպքում հայտարարագրման ենթակա են ամբողջ գումարի չափով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի և հետագա հաշվետու տարիների համար ներկայացվող եկամտային հարկի տարեկան հաշվարկների (հայտարարագրերի) վրա:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
27.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 26-ի N 225-Ն որոշման |
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ (ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ) ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՆՎԱԶԵՑՎՈՂ (ՉՀԱՐԿՎՈՂ) ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
1. Եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ենթակա չեն հաշվետու տարվա ընթացքում ստացված՝
1) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կուտակային կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում ֆիզիկական անձի համար (օգտին) կատարվող կուտակային հատկացումների հաշվին մինչև կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունքի ձեռքբերման` օրենքով սահմանված ժամկետը լրանալն ստացվող եկամուտները.
2) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-66-րդ հոդվածների համաձայն` զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց համար կատարվող աշխատանքները, նրանց մատուցվող ծառայությունները կամ նրանց՝ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացվող եկամուտները, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինծառայողների (ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների) ստացվող դրամական ապահովությունը.
3) արյուն ու կրծքի կաթ հանձնելու և դոնորության այլ տեսակների համար ստացվող եկամուտները.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների (չափերի), Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման դեպքում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված չափերը չգերազանցող գումարների սահմաններում աշխատանքային պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման հետ կապված փոխհատուցման վճարները (այդ թվում` դիվանագիտական ծառայողների փոխհատուցման վճարները), բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների.
5) «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կազմակերպության կողմից կամավորին՝ իր բնակության վայրից (քաղաքից կամ գյուղից) դուրս կամավոր աշխատանք կատարելու դեպքում կատարված ծախսերի հատուցումը՝ ոչ ավելի, քան գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված նվազագույն չափերով, որոնք հիմնավորված են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հաշվարկային փաստաթղթերով.
6) ստացվող վարկերի գումարները, բացառությամբ պարտատիրոջ կողմից վարկի գումարների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումարները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության դեպքերի (այդ թվում` օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրանալու պահին).
7) Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթներում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները.
8) գործատուի կողմից առողջության ապահովագրության համար կատարվող ապահովագրավճարները` եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչև 10 հազար դրամի չափով, ինչպես նաև «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ֆիզիկական անձանց կամ նրանց փոխկապակցված անձանց համար (օգտին) կատարվող ապահովագրավճարները.
9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով իրականացվող՝ գովազդային վիճակախաղերի մասնակիցների դրամական և իրային շահումները՝ յուրաքանչյուր շահման դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով.
10) մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների արժեքը` յուրաքանչյուր մրցանակի դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով.
11) բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական համակազմի մինչև տասը տոկոսի՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ուսման վարձի փոխհատուցման գումարները.
12) պետական պարգևները (մրցանակները).
13) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և (կամ) 2-րդ կետերով շահութահարկ վճարողների համար հաշվարկվող եկամտի և փաստացի հատուցման գումարի (առանց ԱԱՀ-ի) կամ վարձակալական վճարի (առանց ԱԱՀ-ի) դրական տարբերությունը.
14) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 116-րդ հոդվածով սահմանված ներկայացուցչական ծախսերի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 120-րդ հոդվածով սահմանված՝ օգնության, սննդի կազմակերպման, սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերի հաշվին ստացվող դրամական և բնամթերային (ոչ դրամական) ձևով եկամուտները՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համապատասխանաբար 116-րդ և 120-րդ հոդվածներով սահմանված չափերի սահմաններում.
15) ռազմական դրության ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված կամ անհայտ կորած ֆիզիկական անձի ամուսնուն, համատեղությամբ ապրող զավակին կամ համատեղությամբ ապրող ծնողին ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերի կամ վարկային կազմակերպությունների տված վարկի գումարների ներման արդյունքում ֆիզիկական անձի եկամուտները` անկախ սույն կետի 6-րդ ենթակետի դրույթներից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
27.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 26-ի N 225-Ն որոշման |
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ (ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ) ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՆՎԱԶԵՑՎՈՂ (ՉՀԱՐԿՎՈՂ) ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՇԵՄԵՐԸ
|
NN ը/կ |
Եկամուտների տեսակներ |
Միանվագ ստացված եկամուտների շեմ |
|
1. |
Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասի վերջին պարբերությամբ սահմանված ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից ստացվող գույք և (կամ) դրամական միջոցներ |
մինչև 1 մլն դրամը ներառյալ |
|
2. |
Ոչ առևտրային կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվներ, աշխատանքներ, ծառայություններ |
մինչև 1 մլն դրամը ներառյալ |
|
3. |
Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվներ, աշխատանքներ, ծառայություններ, նշված մարմինների ու կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց համար (օգտին) կատարվող վճարումներ |
մինչև 1 մլն դրամը ներառյալ |
|
4.
|
Սեփականության իրավունքով ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարումից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասի վերջին պարբերությամբ սահմանված ընտանիքի անդամ չհամարվող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտներ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետով սահմանված հողամասի (անկախ հողամասի նպատակային նշանակությունից) օտարումից ստացվող եկամուտների |
մինչև 1 մլն դրամը ներառյալ |
|
5. |
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասի վերջին պարբերությամբ սահմանված ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից ստացվող փոխառությունների գումարներ, բացառությամբ պարտատիրոջ կողմից փոխառության գումարների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումարները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության դեպքերի (այդ թվում` օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրանալու պահին) |
մինչև 1 մլն դրամը ներառյալ |
|
6. |
Աշխատողի ընտանիքի որևէ անդամի մահվան դեպքում միանվագ կարգով ստացվող օգնության գումարներ |
մինչև 1 մլն դրամը ներառյալ |
|
7. |
Առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեություն իրականացնող հարկային գործակալին օտարվող ոսկու և թանկարժեք քարերի դիմաց ստացվող եկամուտներ |
մինչև 1 մլն դրամը ներառյալ |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
27.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 փետրվարի 2026 թվական: