|
N 958-Ա |
«19» փետրվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Հովիկ Գրիգորյանի 2026 թվականի հունվարի 21-ի թիվ Դ-5547-26 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է վարչարարություն:
2026 թվականի հունվարի 21-ի թիվ Դ-5547-26 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջի քննության կապակցությամբ 2026 թվականի փետրվարի 9-ին ժամը 11:00 հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել է Հովիկ Գրիգորյանը:
Ուսումնասիրելով 2026 թվականի հունվարի 21-ի թիվ Դ-5547-26 դիմումը, նշված դիմումին կից ներկայացված ապացույցները, 2026 թվականի փետրվարի 9-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի 2026 թվականի հունվարի 23-ի թիվ 32 և 2026 թվականի փետրվարի 9-ի թիվ 60 գրությունները և գնահատելով դիմումի առարկային առնչվող բոլոր ապացույցներն ու փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Վարույթի լսումների ընթացքում Հովիկ Գրիգորյանը պնդել է 2026 թվականի հունվարի 21-ի թիվ Դ-5547-26 դիմումով ներկայացված պահանջը և, հիմք ընդունելով պահանջի կապակցությամբ ներկայացված ապացույցները, խնդրել է փոխհատուցել 2025 թվականի դեկտեմբերի 8-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայով ընթանալու ժամանակ իր վարած «Mercedes-benz S500 4matic» մակնիշի «60 OX 606» հաշվառման համարանիշի ավտոմեքենան տրոլեյբուսի պոկված լարին բախվելու պատճառով վնասվելու արդյունքում առաջացած վնասը, որը կազմում է 2.194.000 (երկու միլիոն մեկ հարյուր իննսունչորս հազար) ՀՀ դրամ:
2025 թվականի ապրիլի 2-ին տրված՝ տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ AI232242 վկայագրի համաձայն՝ «Mercedes-benz S500 4matic» մակնիշի «60 OX 606» հաշվառման համարանիշի ավտոմեքենան հանդիսանում է Հովիկ Գրիգորյանի սեփականությունը:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակցի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 8-ին կազմվել է նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին թիվ 1018929 արձանագրությունը, որի համաձայն՝ նշված օրը Հովիկ Գրիգորյանի վարած «Mercedes-benz S500 4matic» մակնիշի «60 OX 606» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ինքնավթար, ինչի կապակցությամբ նաև կազմվել է պատահարի վայրի սխեմա:
2026 թվականի հունվարի 21-ի թիվ Դ-5547-26 դիմումի կապակցությամբ «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի 2026 թվականի հունվարի 23-ի թիվ 32 գրությամբ պարզաբանվել է, որ դիմումին կից ներկայացված փաստաթղթերում առկա չէ պարտադիր կատարման ենթակա իրավական որևէ ակտ, որը կհաստատեր «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության առնչությունը կամ մեղավորությունը Հովիկ Գրիգորյանի ավտոմեքենային պատճառված վնասի համար:
«Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի 2026 թվականի փետրվարի 9-ի թիվ 60 գրությամբ տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Երևան քաղաքում առկա տրոլեյբուսային հպակային ցանցը սնուցող բոլոր պղնձալարերը պատկանում են «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերությանը:
«Փորձագետների միություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2026 թվականի հունվարի 21-ի թիվ Գ-26/001 ապրանքագիտական եզրակացության «Հետևություն» բաժնի համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված «Mercedes-benz S500 4matic» մակնիշի «60 OX 606» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սեփականատիրոջը տրոլեյբուսի լարերին բախվելու հետևանքով պատճառված նյութական վնասի չափի շուկայական գինը, 2025 թվականի դեկտեմբերի 8-ի դրությամբ գործող շուկայական գներով, գնահատվում է 2.194.000 (երկու միլիոն մեկ հարյուր իննսունչորս հազար) ՀՀ դրամ:
2026 թվականի հունվարի 21-ի թիվ Դ-5547-26 դիմումին կից, ինչպես նաև 2026 թվականի փետրվարի 9-ին հրավիրված լսումների ընթացքում Հովիկ Գրիգորյանի կողմից չեն ներկայացվել ենթադրյալ վնասը Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի օգտագործմամբ պայմանավորված տեղի ունենալու և ենթադրյալ վնասը Երևանի քաղաքապետարանի կողմից փոխհատուցման ենթակա լինելու վերաբերյալ ապացույցներ, ինչպես նաև «Mercedes-benz S500 4matic» մակնիշի «60 OX 606» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վնասմանը հանգեցրած պատահարի հանգամանքներն ու պատճառները հետազոտող, տրանսպորտային միջոցի հետքաբանական փորձագիտական եզրակացություններ:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը որպես փոխհատուցման ենթակա վնաս դիտել է այն վնասը, որը պատճառվել է տեղական ինքնակառավարման մարմնի ապօրինի գործողություններով (անգործությամբ), որպիսի հանգամանքը վարույթով ապացուցված չէ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավաբանական անձինք և քաղաքացիները, որոնց գործունեությունը կապված է շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ (տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, բարձր լարվածության էներգիայի, ատոմային էներգիայի, պայթուցիկ նյութերի, ուժեղ ներգործող թույների և այլնի օգտագործում, շինարարական և դրա հետ կապված այլ գործունեության իրականացում), պարտավոր են հատուցել առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասը, եթե չեն ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով: Առավել վտանգի աղբյուրի սեփականատիրոջը դատարանը կարող է նաև լրիվ կամ մասնակիորեն ազատել պատասխանատվությունից` սույն օրենսգրքի 1076 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով: Վնաս հատուցելու պարտականությունը դրվում է առավել վտանգի աղբյուրը սեփականության իրավունքով կամ այլ օրինական հիմքով (վարձակալության իրավունք, լիազորագրով տրանսպորտային միջոցները վարելու իրավունք և այլն) տիրապետող իրավաբանական անձի կամ քաղաքացու վրա:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշմամբ հաստատված կանոնների 65-րդ կետով սահմանված է, որ վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ` հաշվի առնելով երթևեկության ինտենսիվությունն ու տրանսպորտային միջոցի և բեռի վիճակն ու առանձնահատկությունները, ճանապարհային և օդերևութաբանական պայմանները, մասնավորապես, ճանապարհային ծածկույթի վիճակն ու տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ: Նույն կանոնների 67-րդ կետով սահմանված է, որ երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու` ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը: Այդ դեպքում կողանցումն ու շրջանցումը թույլատրելի է, եթե վարորդը համոզված է, որ դա անվտանգ է երթևեկության մյուս մասնակիցների համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):
Դիմումով ներկայացված վնասի փոխհատուցման պահանջի հիմնավորվածության ապացուցման նկատմամբ կիրառվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի դրույթը:
Քննարկվող պարագայում՝ 2026 թվականի հունվարի 21-ի թիվ Դ-5547-26 դիմումին կից ներկայացված, ինչպես նաև վարչարարության շրջանակներում բացահայտված փաստերի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտման արդյունքում չի հիմնավորվել նկարագրված պատահարի և 2.194.000 (երկու միլիոն մեկ հարյուր իննսունչորս հազար) ՀՀ դրամ գումարի չափով վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, չի հիմնավորվել ենթադրյալ վնասը Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի օգտագործմամբ պայմանավորված առաջանալու հանգամանքը, ինչպես նաև չի հիմնավորվել ենթադրյալ վնասը Երևանի քաղաքապետարանի կողմից հատուցման ենթակա լինելու հանգամանքը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ, 1072-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ հաստատված կանոնների 65-րդ և 67-րդ կետերով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ, 42-րդ, 43-րդ և 96-րդ հոդվածների դրույթներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Հովիկ Գրիգորյանի 2026 հունվարի 21-ի թիվ Դ-5547-26 դիմումով ներկայացված պահանջը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |