ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Երևան քաղաքի առաջին ատյանիընդհանուր իրավասության քրեական դատարան, նախագահող դատավոր` Գ․ Գասպարյան |
ԵԴ1/1264/06/24 |
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
|||
|
| |||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Լ. Թադևոսյանի | ||
|
|
|
Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
5 սեպտեմբերի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Նարեկ Լևոնի Փափազյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 23-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ․Գրիգորյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1․ 2024 թվականի հուլիսի 4-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, 297-րդ հոդվածի 3-րդ մասի, 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 09-0487-24 քրեական վարույթը։
2024 թվականի հուլիսի 23-ին թիվ 09-0541-24 ու 09-0487-24 քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում, և նախաքննությունը շարունակվել է 09-0487-24 համարով։
Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատախազության դատախազ Վ․Համբարձումյանի՝ 2024 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ Նարեկ Լևոնի Փափազյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասով, և նույն թվականի հուլիսի 25-ին նրան մեղադրանք է ներկայացվել։
2․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2024 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ մեղադրյալ Նարեկ Փափազյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է։
3․ Դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի օգոստոսի 23-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 26-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ․Գրիգորյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ու սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա, և միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն։
Այսպես, ըստ բողոքաբերի՝ առևանգման հանցակազմի օբյեկտիվ կողմին սույն վարույթով նեղ մեկնաբանություն է տրվել․ Ն․Փափազյանի արարքում առևանգման հանցակազմի օբյեկտիվ կողմի առկայությունը պետք է դիտարկվեր 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի համատեքստում Սուրեն Սարգսյանի և Հարություն Դանոյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո, համաձայն որի՝ առևանգումն առկա է նաև այն դեպքում, երբ այն կատարվել է խաբեության եղանակով անձի կամքն անտեսելով։
Վերոգրյալի հաշվառմամբ գնահատելով սույն վարույթի փաստական հանգամանքները, բողոք ներկայացրած անձն արձանագրել է, որ Ն․Փափազյանը, խաբեությամբ, այն է՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն հայտնելով, տուժողներին տեղափոխել է իր կողմից ընտրված վայր՝ կտրելով նրանց իրենց միկրոսոցիալական միջավայրից։
Այս համատեքստում բողոքի հեղինակը նաև փաստարկել է, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը քննելիս սույն վարույթով քննարկման առարկա է դարձել այնպիսի հարց, որը դուրս էր այդ պահին դատարանի առջև դրված խնդիրների շրջանակից։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 23-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7․ Նարեկ Փափազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում ու նրան մեղադրանք է ներկայացվել այն արարքի համար, որ նա. «(․․․) [Հ]անդիսանալով «ՀԷՑ» ՓԲ ընկերության «Արաբկիր» շահագործման շրջանի պետը, ի պաշտոնե տեղյակ լինելով, որ «ՀԷՑ» ՓԲ ընկերության «Արաբկիր» շահագործման շրջանի օրվա պատասխանատու օպերատիվ խմբի կազմում ընդգրկված են ավագ կարգավար Ս․Ա․-ն և էլմանտյորներ՝ Ս․Ե․-ն, Ս․Վ․-ն, Վ․Զ․-ն և Գ․Ա․-ն, նպատակ ունենալով վերջինների կամքն անտեսելով նրանց տեղափոխել այլ վայր՝ 2024 թվականի հուլիսի 03-ին՝ ժամը 22:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում զանգահարել է նույն ընկերության «Արաբկիր» շահագործման շրջանի ավագ կարգավար Ս․Ա․-ին և դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելով՝ վերջինին հայտնել է Երևան քաղաքի Ռուբինյանց 27/109 հասցեում գործող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության թիվ 1637 ենթակայանում պայթյուն լինելու վերաբերյալ իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ և Ս․Ա․-ի միջոցով հրահանգել է օրվա պատասխանատու օպերատիվ խմբին մեկնել հիշյալ վայր:
Այնուհետև, Ս․Ե․-ի, Ս․Վ․-ի, Վ․Զ․-ի և Գ․Ա․-ի կողմից հիշյալ վայր ժամանելուց հետո, 2024 թվականի հուլիսի 03-ին՝ առավոտյան տեղի ունեցած միջադեպի շուրջ հաշվեհարդար տեսնելու նպատակով՝ նույն օրը՝ ժամը 23:05-ի սահմաններում քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված անձանց հետ հիշյալ վայր են եկել Ա․Դ․-ն, Վ․Մ․-ն, Վ․Ղ․-ն և Հ․Դ․-ն, որտեղ վերջինն իր մոտ գտնվող զենքի գործադրման սպառնալիքով և հայհոյանքներ հնչեցնելով՝ Ս․Ե․-ին, Ս․Վ․-ին, Վ․Զ․-ին և Գ․Ա․-ին հրահանգել է չշարժվել, որից հետո խմբի մյուս անդամները զենքի և իրենց մոտ գտնվող մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված և հարմարեցված միջոցների գործադրմամբ, ինչպես նաև ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Ս․Ե․-ին, Ս․Վ․-ին և Վ․Զ․-ին, որի ընթացքում հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ հնչեցրել են հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ, ինչպես նաև համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ խախտել են դեպքի վայրին հարակից բնակվող մարդկանց անդորրը»1։
8․ Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ․ «(․․․) [Վ]արույթն իրականացնող մարմնի կողմից (․․․) ներկայացված նյութերում առկա են տեղեկություններ, փաստեր և ապացույցներ, որոնք ուղղակիորեն մատնանշում են մեղադրյալ Ն․Փափազյանի առնչությունը մեղադրանքի ձևակերպման մեջ նկարագրված գործողություններին, սակայն վերջինիս կատարած արարքի ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքին համապատասխանելու վերաբերյալ բավարար փաստական տվյալներ չեն ներկայացվել:
Ներկայացված նյութերում առկա չեն այնպիսի տվյալներ, որոնք կվկայեն այն մասին, որ Ն․Փափազյանը կատարել է իրեն մեղսագրվող և ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը, քանի որ վերոնշյալ հոդվածի դիսպոզիցիայում նշվում է, որ մարդուն առևանգելը` դա իր կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով կամ անօգնական վիճակն օգտագործելով այլ վայր տեղափոխելն է, մինչդեռ ներկայացված նյութերից և մեղադրանքի ձևակերպումից ակնհայտ է դառնում, որ մեղադրյալը որևէ մեկին տվյալ վայր չի տեղափոխել, ինչը կենթադրեր որևէ կերպ ֆիզիկական միջամտություն մեկ վայրից մեկ այլ վայր անձանց տեղափոխվելու գործընթացին (օրինակ՝ իր կողմից անձամբ, կամ համակատարողների կողմից՝ այդ թվում իր կազմակերպմամբ, անձանց տեղափոխելն ինչ-որ տրանսպորտային միջոցով), իսկ իր կողմից տնօրինվող կազմակերպության աշխատակիցներին մեկ այլ վայր գնալ ուղղորդելը չի կարող մեկնաբանվել վերոնշյալ դիսպոզիցիայի շրջանակներում։ Ուղղորդել և տեղափոխել եզրույթները նույնականացնելու դեպքում անձին առևանգելու հանցակազմը կարող է չափազանց լայն մեկնաբանվել՝ ինչն ակնհայտորեն չի բխում նշված հանցակազմը սահմանելու օրենսդրի նպատակից։
Այլ կերպ՝ դեպքը, որի կատարման մեջ անձը կասկածվում է, առերևույթ չի համընկնում ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներին, իսկ ներկայացված փաստական տվյալների ծավալի շրջանակներում մեղադրանքի ձևակերպման մեջ նկարագրված արարքի՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մեկ այլ հանցակազմի, այդ թվում ենթադրյալ խուլիգանության հանցակցության հատկանիշներին հնարավոր համընկման մասին դատողություններ կամ հանցակազմի ձևակերպում կատարելու դեպքում՝ [Առաջին ատյանի դ]ատարանը դուրս կգա մինչդատական վերահսկողության ընթացքում իրեն վերապահված լիազորությունների շրջանակներից, քանի որ նշված դատողությունների համար կպահանջվի մեղադրանքի ավելի խորը վերլուծություն, ինչն [Առաջին ատյանի դ]ատարանը չի կարող կատարել վարույթի այս փուլում»2։
9․ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ ըստ էության ամբողջությամբ համաձայնել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին3։
10․ 2024 թվականի հոկտեմբերի 22-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է ստացվել թիվ ԵԴ1/2966/01/24 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Ն․Փափազյանի և մյուսների. նախնական դատալսումների ընթացքում Ն․Փափազյանի նկատմամբ մինչդատական վարույթում կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքի փոխարեն կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավը՝ գրավի չափ սահմանվելով 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամը4:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
11. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ Ն․Փափազյանի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության առերևույթ կատարման վերաբերյալ հիմնավոր կասկածը բացակայում է։
12․ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`
(…) 4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով (…)»։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և oրենքով uահմանված կարգով.
(…) գ) անձի oրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու oրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար (…)»։
13. Վերահաստատելով և զարգացնելով կալանավորման պայմաններից «հիմնավոր կասկածի» գնահատման սահմանների վերաբերյալ Վահրամ Գևորգյանի5, Հարություն Խաչատրյանի6 գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն Էդգար Եղիազարյանի գործով ընդգծել է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում (մեղադրվում) ենթադրյալ հանցագործության կատարման մեջ։ Այսինքն՝ քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված և, միևնույն ժամանակ, չպետք է պարունակեն իրավական գնահատականներ անձի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբ7։
Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլնի, ընդգծել է հետևյալ հանգամանքները՝
- հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումն այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում (մեղադրվում է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված,
- մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես՝ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից8, ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը։ Միևնույն ժամանակ, հիմնավոր կասկածի հարցը գնահատման ենթարկելիս վճռորոշ նշանակություն կարող են ունենալ այն իրավիճակները, երբ արարքին տրված իրավական որակումն ակնհայտորեն չհամապատասխանի արարքի փաստական նկարագրությանը, իսկ արարքի փաստական կողմն առերևույթ վկայի արարքին տրված իրավական որակման համեմատությամբ իր բնույթով առավել նվազ ծանրության ենթադրյալ հանցագործության կատարման մասին9։
14․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Նարեկ Փափազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն արարքի համար, որ նա, հանդիսանալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության «Արաբկիր» շահագործման շրջանի պետ, ի պաշտոնե տեղյակ լինելով, որ օրվա պատասխանատու օպերատիվ խմբի կազմում ընդգրկված են ավագ կարգավար Ս․Ա․-ն, էլմանտյորներ՝ Ս․Ե․-ն, Ս․Վ․-ն, Վ․Զ․-ն և Գ․Ա․-ն, ունենալով վերջինների կամքն անտեսելով նրանց այլ վայր տեղափոխելու նպատակ, 2024 թվականի հուլիսի 3-ին՝ ժամը 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում զանգահարել է Ս․Ա․-ին ու նրա միջոցով՝ իրականությունը դիտավորությամբ խեղաթյուրելով և կեղծ տվյալներ ներկայացնելով, թե իբրև Երևան քաղաքի Ռուբինյանց 27/109 հասցեում գտնվող թիվ 1637 ենթակայանում պայթյուն է եղել, օպերատիվ խմբին հրահանգել է մեկնել նշված վայր։ Արդյունքում Ս․Ե․-ն, Ս․Վ․-ն, Վ․Զ․-ն և Գ․Ա․-ն մեկնել են վերոհիշյալ տեղանք, որտեղ Ս․Ե․-ն, Ս․Վ․-ն և Վ․Զ․-ն մի խումբ անձանց կողմից ենթարկվել են բռնության10,
- Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել մեղադրյալ Ն․Փափազյանի առնչությունը մեղադրանքում ձևակերպված ենթադրյալ դեպքին, սակայն գտել է, որ իրավական գնահատականը չի համապատասխանում մեղադրանքի փաստական հանգամանքներին։ Մասնավորապես, ըստ Առաջին ատյանի դատարանի՝ առևանգման հանցակազմի օբյեկտիվ կողմի հատկանիշը՝ «այլ վայր տեղափոխելը» ենթադրում է ֆիզիկական միջամտություն մեկ վայրից մեկ այլ վայր անձին տեղափոխելու գործընթացին։ Տվյալ դեպքում, մեղադրյալը որևէ մեկին մեղադրանքում նշված վայր չի տեղափոխել, իսկ այնտեղ մեկնելու հարցում ուղղորդելը չի կարող մեկնաբանվել որպես հանցակազմի օբյեկտիվ կողմի դրսևորման հնարավոր ձև։ «Ուղղորդել» և «տեղափոխել» եզրույթները նույնականացնելու պարագայում առևանգման հանցակազմը չափազանց լայն մեկնաբանության կենթարկվի, ինչը, ըստ Առաջին ատյանի դատարանի՝ չի բխելու հանցակազմը սահմանելու օրենսդրի նպատակներից11,
- Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ ըստ էության ամբողջությամբ համաձայնել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին12,
15․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ու շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առևանգման հանցակազմի օբյեկտիվ կողմի դրսևորման ձևի առնչությամբ ստորադաս դատարանների ձևավորած դատողությունը հիմնավոր չէ:
Այսպես, Վճռաբեկ դատարանն անընդունելի է համարում ստորադաս դատարանների պնդումն առ այն, որ առևանգումը ենթադրում է բացառապես ֆիզիկական միջամտության արդյունքում մի վայրից մեկ այլ վայր անձին տեղափոխելը։ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածով նախատեսված առևանգման հանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է մարդուն այլ վայր տեղափոխելով, այսինքն՝ հանցակազմն ավարտված է համարվում տուժողին իր բնական միկրոսոցիալական միջավայրից դուրս բերելու և այլ վայր տեղափոխելու պահից։ Ընդ որում, օրենսդիրը ձեռնպահ է մնացել հանցագործության եղանակների սպառիչ թվարկումից՝ ընդգծելով, որ առևանգումն առկա է, եթե, ի թիվս այլնի, այն կատարվել է անձի կամքն անտեսելով։ Նշված դեպքում տուժողի կամքը հաշվի չի առնվում և վերջինս առևանգվում է, օրինակ, խաբեության միջոցով13, որը դրսևորվում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնելով կամ որոշակի փաստեր, հանգամանքներ, իրադարձություններ թաքցնելով` նպատակ հետապնդելով տուժողին ապակողմնորոշելու, ներգործելու իր գտնվելու վայրն ընտրելու ազատ կամարտահայտության վրա` այդ կերպ նաև խուսափելով նրա հնարավոր դիմադրությունից14։
Տվյալ դեպքում, գնահատելով տուժողների և մեղադրյալի ունեցած փոխհարաբերության, առևանգմանն անմիջապես նախորդող հանգամանքների, իրենց գտնվելու վայրից մեղադրյալի կողմից ընտրված վայր տուժողներին հասցնելու եղանակի, վերջիններիս հայտնված՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության վերաբերյալ մեղադրանքում ձևակերպված տվյալների համակցությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության տվյալ փուլում այդպիսիք բավարար են ողջամիտ ենթադրություն անելու, որ մեղադրյալը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության «Արաբկիր» շահագործման շրջանի օպերատիվ խմբի կազմում ընդգրկված Ս․Ե․-ին, Ս․Վ․-ին, ՎԶ․-ին և Գ․Ա․-ին իր կողմից ընտրված` թիվ 1637 ենթակայանի տարածք է տեղափոխել խաբեության արդյունքում` իրականությունը դիտավորությամբ խեղաթյուրելով և կեղծ տվյալներ ներկայացնելով, թե հիշյալ ենթակայանում պայթյուն է եղել։ Այսինքն՝ մեղադրյալ Ն․Փափազյանին վերագրված արարքն առերևույթ բովանդակում է ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Ն․Փափազյանի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության առերևույթ կատարման վերաբերյալ հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունը հիմնավոր չէ:
16․ Ինչ վերաբերում է բողոքի հեղինակի պնդմանն առ այն, որ հիմնավոր կասկածի հարցը գնահատման ենթարկելիս դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկնել, որ հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի, թե դեպքը, իրադարձությունն արդյո՞ք համընկնում է այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը մեղադրվում է, արարքին տրված իրավական որակումն արդյո՞ք համապատասխանում է արարքի փաստական նկարագրությանը15։
17․ Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի խախտում, այն է` սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածը, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 26-ի և այն անփոփող թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի օգոստոսի 23-ի դատական ակտերը բեկանելու համար:
Սակայն, հաշվի առնելով, որ սույն վարույթով մինչդատական վարույթն ավարտվել է, և Ն․Փափազյանի վերաբերյալ քրեական գործն ըստ էության քննության առնելու համար ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, նախնական դատալսումների ընթացքում խափանման միջոցի վերաբերյալ կայացվել է որոշում16, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը բեկանելու իրավական հնարավորությունը բացակայում է։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Մեղադրյալ Նարեկ Լևոնի Փափազյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 23-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
__________________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 15-16։
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 45-60։
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4, թերթեր 37-50։
4 Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԵԴ1/2966/01/24 քրեական գործը:
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վահրամ Գևորգյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշումը, կետեր 20-23։
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հարություն Խաչատրյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՏԴ2/0009/06/11 որոշումը, կետեր 13 և 15:
7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 14:
8 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշումը։
9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 15:
10 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
11 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
12 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
13 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Խալաֆյանի գործով 2024 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ ԵԴ/0470/01/21 որոշումը, կետ 14:
14 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սուրեն Սարգսյանի և Հարություն Դանոյանի գործով 2018 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ԵԷԴ/0042/01/16 որոշումը, կետ 13․1:
15 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 15:
16 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ. Գրիգորյան Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2026 թվական: