ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Երևան քաղաքի առաջին ատյանիընդհանուր իրավասության քրեական դատարան, նախագահող դատավոր` Կ. Ֆարխոյան |
ԵԴ/0715/01/20 |
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
|||||||
|
| |||||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ . Թադևոսյանի | ||
|
|
|
Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
7 նոյեմբերի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալներ Կարեն Ռուբիկի Գալստյանի և Էլեն Արմենի Եղիազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի մարտի 1-ի որոշման դեմ պաշտպան Ժ.Համբարձումյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1․ 2019 թվականի հունիսի 17-ին, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 316-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 1-ին մասով, հարուցվել է թիվ 13205219 քրեական գործը։
2020 թվականի փետրվարի 25-ին Կարեն Ռուբիկի Գալստյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման համար։
2020 թվականի փետրվարի 25-ին Էլեն Արմենի Եղիազարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման համար։
2020 թվականի հունիսի 25-ին Կ.Գալստյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, լրացվել, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման համար։
2020 թվականի հունիսի 25-ին Է.Եղիազարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, լրացվել, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման համար։
2. 2020 թվականի հուլիսի 6-ին, քրեական գործի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, ստացվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։
Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի նոյեմբերի 24-ի որոշումներով Կ.Գալստյանի և Է.Եղիազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի ապրիլի 14-ի դատավճռով Կարեն Գալստյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։ Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Նույն դատավճռով Էլեն Եղիազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։ Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Կ.Գալստյանին պատկանող՝ ***** ****** ******** **** ******** */* ***** **** բնակարանի վրա 8000 (ութ հազար) ՀՀ դրամի չափով դրված կալանքը վերացվել է՝ դրա պահպանման անհրաժեշտությունը վերացած լինելու պատճառաբանությամբ։
Ապացույց ճանաչված այլ փաստաթղթերը և լազերային սկավառակը պահվել են քրեական գործի հետ միասին։
3․ Պաշտպան Ժ.Համբարձումյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի մարտի 1-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 14-ի դատավճիռը թողնելով անփոփոխ։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալներ Կ.Գալստյանի և Է.Եղիազարյանի պաշտպան Ժ.Համբարձումյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի սեպտեմբերի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա։
5.1. Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ սույն քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցների համակցությամբ հաստատվում է մեղադրյալ Կ.Գալստյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված հանցագործության պարտադիր տարր հանդիսացող՝ սուբյեկտիվ կողմի բացակայությունը։
Բողոքաբերը, վկայակոչելով ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, նշել է, որ քննարկվող հանցագործությունը սուբյեկտիվ կողմից դրսևորվում է ուղղակի դիտավորությամբ, իսկ սույն դեպքում՝ Կ.Գալստյանի կողմից տուժող Տ.Գ.-ին հարվածը հասցվել է ոչ թե դիտավորյալ, այլ անկանոն շարժումների արդյունքում։
Ըստ բողոքաբերի՝ նման պայմաններում Կ.Գալստյանի դատապարտումն անհիմն է, և ստորադաս դատարանները պարտավոր էին վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցակազմի բացակայության պատճառով։
5.2. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ Կ.Գալստյանին և Է.եղիազարյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության հնգամյա ժամկետը լրացել է 2024 թվականի հունիսի 17-ին։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի մարտի 1-ի որոշումը, այն փոփոխել՝ կայացնելով գործն ըստ էության լուծող նոր դատական ակտ՝ առաջադրված մեղադրանքում ճանաչելով և հռչակելով Կ.Գալստյանի անմեղությունը, իսկ վերջինիս նկատմամբ արդարացման դատական ակտ կայացնելու անհնարինության դեպքում՝ մեղադրյալներ Կ.Գալստյանի և Է.Եղիազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7․ Կարեն Ռուբիկի Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) 2019 թվականի հունիսի 17-ին՝ ժամը 00։10-ի սահմաններում, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 1 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարանի դիմացի հատվածում Կարեն Ռուբիկի Գալստյանը վիճաբանել է կնոջ՝ Էլեն Արմենի Եղիազարյանի հետ, բարձրաձայն բղավել, հարվածել են միմյանց, հայհոյանքներ հնչեցրել։ Վիճաբանության ընթացքում վերջիններիս մոտեցել են տվյալ փողոցում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի ոստիկաններ Ռ.Ռ.Օ.-ն և Ս.Ս.Մ.-ն, Կարեն Գալստյանին և Էլեն Եղիազարյանին ներկայացրել վիճաբանությունը և հայհոյանքները դադարեցնելու օրինական պահանջ, սակայն վերջիններս շարունակել են իրենց հակահասարակական վարքագիծը, որի ընթացքում Էլեն Արմենի Եղիազարյանը իշխանության ներկայացուցչի նկատմամբ, իր ծառայողական պարտականութունները կատարելու հետ կապված գործադրել է կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն, այն է՝ բռունցքով հարվածել է Ռ.Ռ.Օ.-ին և վերջինիս պատճառել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող՝ աջ քունքային կողմնային մակերեսի, պարանոցի աջ կեսի կողմնային մակերեսի, աջ արմնկային առաջնային մակերեսի, աջ նախաբազկի ս/3-ի առաջնային մակերեսի, աջ դաստակի թիկնային մակերեսի, աջ դաստակի 5-րդ մատի եղնգային ֆալանգի թիկնային մակերեսի քերծվածքների ձևով մարմնական վնասվածքներ։ Կարճ ժամանակ անց դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի ոստիկաններ Տ.Կ.Գ-ն և Ա.Հ.Հ.-ն, ովքեր Կարեն Գալստյանին և Էլեն Եղիազարյանին կրկին ներկայացրել են վիճաբանությունը և հայհոյանքները դադարեցնելու օրինական պահանջ, սակայն վերջիններս շարունակել են իրենց նույն կերպ դրսևորել՝ չենթարկվելով ՀՀ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, որի ընթացքում Տ.Կ.Գ-ն, Կարեն Գալստյանին բերման ենթարկելու նպատակով գրկել է վերջինիս և մոտեցրել թիվ 0302 պարեկային ավտոմեքենային, սակայն Կարեն Գալստյանը չի ցանկացել նստել ավտոմեքենա և իշխանության ներկայացուցչի նկատմամբ, իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված գործադրել է կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն, այն է՝ բռունցքով հարվածել է Տ.Կ.Գ-ի ձախ աչքի և ունք-այտային հատվածին և վերջինիս պատճառել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող՝ քթի մեջքի շրջանի ձախ կեսի, ձախ հոնքաղեղի ստորին հատվածի, ձախ այտային շրջանի, ձախ նախաբազկի ս/3-ի ներսային հետին մակերեսի քերծվածքի ձևերով մարմնական վնասվածքներ։ ՀՀ ոստիկանության աշխատակիցներին մեծ դժվարությամբ՝ ֆիզիկական ուժի գործադրմամբ հաջողվել է Էլեն Եղիազարյանին և Կարեն Գալստյանին տեղափոխել Երևան քաղաքի Քաջազնունի 11 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունք, որտեղ վերջիններս, շարունակելով հակահասարակական վարքագիծը, ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իրենց անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, շուրջ 1 ժամ տևողությամբ, հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ բացահայտ անթաքույց արհամարհանք դրսևորելով, շրջապատին հակադրվելու ցանկությամբ, հայհոյանքներ են հնչեցրել ՀՀ ոստիկանության աշխատակիցների հասցեին, ինչպես նաև անհասցե, որի արդյունքում տևական ժամանակ խաթարվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի բնականոն աշխատանքը»1։
8․ Էլեն Արմենի Եղիազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) 2019 թվականի հունիսի 17-ին՝ ժամը 00։10-ի սահմաններում, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 1 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարանի դիմացի հատվածում Էլեն Արմենի Եղիազարյանը վիճաբանել է ամուսնու՝ Կարեն Ռուբիկի Գալստյանի հետ, բարձրաձայն բղավել, հարվածել են միմյանց, հայհոյանքներ հնչեցրել։ Վիճաբանության ընթացքում վերջիններիս մոտեցել են տվյալ փողոցում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի ոստիկաններ Ռ.Ռ.Օ.-ն և Ս.Ս.Մ.-ն, Կարեն Գալստյանին և Էլեն Եղիազարյանին ներկայացրել վիճաբանությունը և հայհոյանքները դադարեցնելու օրինական պահանջ, սակայն վերջիններս շարունակել են իրենց հակահասարակական վարքագիծը, որի ընթացքում Էլեն Արմենի Եղիազարյանը իշխանության ներկայացուցչի նկատմամբ, իր ծառայողական պարտականութունները կատարելու հետ կապված գործադրել է կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն, այն է՝ բռունցքով հարվածել է Ռ.Ռ.Օ.-ին և վերջինիս պատճառել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող՝ աջ քունքային կողմնային մակերեսի, պարանոցի աջ կեսի կողմնային մակերեսի, աջ արմնկային առաջնային մակերեսի, աջ նախաբազկի ս/3-ի առաջնային մակերեսի, աջ դաստակի թիկնային մակերեսի, աջ դաստակի 5-րդ մատի եղնգային ֆալանգի թիկնային մակերեսի քերծվածքների ձևով մարմնական վնասվածքներ։ Կարճ ժամանակ անց դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի ոստիկաններ Տ.Կ.Գ-ն և Ա.Հ.Հ.-ն, ովքեր Կարեն Գալստյանին և Էլեն Եղիազարյանին կրկին ներկայացրել են վիճաբանությունը և հայհոյանքները դադարեցնելու օրինական պահանջ, սակայն վերջիններս շարունակել են իրենց նույն կերպ դրսևորել՝ չենթարկվելով ՀՀ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, որի ընթացքում Տ.Կ.Գ-ն, Կարեն Գալստյանին բերման ենթարկելու նպատակով գրկել է վերջինիս և մոտեցրել թիվ 0302 պարեկային ավտոմեքենային, սակայն Կարեն Գալստյանը չի ցանկացել նստել ավտոմեքենա և իշխանության ներկայացուցչի նկատմամբ, իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված գործադրել է կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն, այն է՝ բռունցքով հարվածել է Տ.Կ.Գ.-ի ձախ աչքի և ունք-այտային հատվածին և վերջինիս պատճառել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող՝ քթի մեջքի շրջանի ձախ կեսի, ձախ հոնքաղեղի ստորին հատվածի, ձախ այտային շրջանի, ձախ նախաբազկի ս/3-ի ներսային հետին մակերեսի քերծվածքի ձևերով մարմնական վնասվածքներ։ ՀՀ ոստիկանության աշխատակիցներին մեծ դժվարությամբ՝ ֆիզիկական ուժի գործադրմամբ հաջողվել է Էլեն Եղիազարյանին և Կարեն Գալստյանին տեղափոխել Երևան քաղաքի Քաջազնունի 11 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունք, որտեղ վերջիններս, շարունակելով հակահասարակական վարքագիծը, ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իրենց անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, շուրջ 1 ժամ տևողությամբ, հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ բացահայտ անթաքույց արհամարհանք դրսևորելով, շրջապատին հակադրվելու ցանկությամբ, հայհոյանքներ են հնչեցրել ՀՀ ոստիկանության աշխատակիցների հասցեին, ինչպես նաև անհասցե, որի արդյունքում տևական ժամանակ խաթարվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի բնականոն աշխատանքը»2։
9. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 14-ի դատավճռով արձանագրվել է հետևյալը․ «(…) Կոնկրետ դեպքով դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտությամբ, ինչպես նաև դատարանի ներքին համոզմամբ ապացուցվել է ամբաստանյալ Էլեն Արմենի Եղիազարյանի կողմից 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և ամբաստանյալ Կարեն Ռուբիկի Գալստյանի կողմից 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու փաստը (…):
Ապացուցված է ամբաստանյալ Էլեն Արմենի Եղիազարյանի մեղավորությունը կատարած արարքի մեջ, որը նախատեսված է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (05.05.2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մաս) (…):
Ապացուցված է ամբաստանյալ Կարեն Ռուբիկի Գալստյանի մեղավորությունը կատարած արարքի մեջ, որը նախատեսված է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (05.05.2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մաս) (…):
2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով կատարած արարքի համար ամբաստանյալներ Էլեն Արմենի Եղիազարյանը և Կարեն Ռուբիկի Գալստյանը ենթակա են պատժի (…)»3։
10․ Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի մարտի 1-ի որոշմամբ արձանագրվել է հետևյալը․«(…) [Պ]աշտպան Ժ.Համբարձումյանի կողմից վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանություններն առ այն, որ իր պաշտպանյալները դիտավորություն չեն ունեցել ոստիկանության աշխատակիցներին մարմնական վնասվածքներ պատճառելու և տվյալ դեպքում տուժողները մարմնական վնասվածքեր են ստացել բացառապես մեղադրյալների անկանոն շարժումների արդյունքում, հերքվում է մասնավորապես հետևյալով.
- Գործի փաստական տվյալներով չի արձանագրվել որևէ հանգամանք, որը կարող էր բավարար հիմք հանդիսանալ տուժողներ Տ.Գ.-ի, Ռ.Օ.-ի, վկաներ Ս.Մ.-ի, Ա.Հ.-ի, Հ.Ս.-ի, Ա.Թ.-ի, Գ.Վ.-ի, Գ.Բ.-ի, Հ.Ս.-ի ցուցմունքներն անարժանահավատ համարելու համար, առավել ևս, որ դրանցում որևէ հակասություն չկա, դրանք փոխադարձաբար լրացնում են մեկը մյուսին և գործով ձեռք բերված մյուս ապացույցների համակցությամբ թույլատրելի և բավարար են Կարեն Գալստյանին ու Էլեն Եղիազարյանին մեղսագրված հանցանքը հիմնավորված համարելու համար։ Ընդ որում վերոնշյալ ցուցմունքները հաստատում են, որ ամբաստանյալները գործելով ուղղակի դիտավորությամբ՝ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի ոստիկաններ Ռ.Օ.-ի ու Տ.Գ.-ին պատճառել են մարմնական վնասվածքներ (…):
- Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոն ՊՈԱԿ-ի փորձագետի կողմից 13.03.2020 թվականին տրված թիվ 1054 եզրակացության՝ Տ․Գ.-ի ստացած մարմնական վնասվածքները՝ քթի մեջքի շրջանի ձախ կեսի, ձախ հոնքաղեղի ստորին հատվածի ձախ այտային շրջանի, ձախնախաբազկի ս/3-ի առաջային մակերեսի, աջ սրունքի միջին առաջայինմակերեսի արյունազեղումների, աջ` նախաբազկի ս/3-ի ներսային հետին մակերեսի քերծվածքի, ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների, ձախից վերին կոպի և հոնքային շրջանիփափուկ հյուսվածքների սալջարդերի ձևերով պատճառվել են բութ առարկային ներգործության հետևանքով, հնարավոր է նշված ժամանակին և հանգամանքներում, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում։
- Վերոգրյալ հանգամանքները հիմնավորվում են նաև ոստիկանության աշխատակիցների անձնական հեռախոսներով կատարված տեսագրություններով և տվյալ դեպքում առկա է փոխկապակցված ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որը հիմք է տալիս, անվերապահ հետևություն անելու առ այն, որ մեղադրյալներ Կարեն Գալստյանը և Էլեն Եղիազարյանը մեղավորությամբ կատարել են իրենց վերագրվող արարքը (…)։
Վերոգրյալի համատեքստում վերլուծելով գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված վերոշարադրյալ ապացույցները, այդ ապացույցներից յուրաքանչյուրը գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, ինչպես նաև ստացման աղբյուրի և ձևավորման ընթացքի համատեքստում, դրանցից յուրաքանչյուրը համադրելով մյուս աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ, մեղադրյալների մեղավորության մասին չփարատվող կասկածները մեկնաբանելով նրանց օգտին՝ վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ տվյալ դեպքում առկա է փոխկապակցված ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որը հիմք է տալիս, բացառելով հակառակի ողջամիտ հավանականությունը, հետևություն անելու առ այն, որ չենթարկվելով ՀՀ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, Կարեն Գալստյանն ու Էլեն Եղիազարյանը ուղղակի դիտավորությամբ 2019-ի հունիսի 17-ին՝ իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված՝ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի ոստիկաններ Ռ.Օ.-ի ու Տ.Գ.-ի նկատմամբ գործադրել են կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն՝ նրանց պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։
Այսպիսով, դատաքննությամբ և գործով ձեռք բերված ապացույցները համադրելով վերոշարադրյալ փաստական հանգամանքների, վերլուծությունների և դատողությունների հետ, դրանք գնահատելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների համատեքստում, ինչպես նաև հիմք ընդունելով վիճարկվող դատական ակտի հիմնավորումները, վերաքննիչ դատարանը գտնում է, որ Երևանի քրեական դատարանը, հաստատված համարելով Կարեն Գալստյանի և Էլեն Եղիազարյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի առկայությունը, պատշաճ վերլուծության և գնահատման է ենթարկել գործում առկա ապացույցները և հանգել է ճիշտ եզրահանգման (…)։
Վերոշարադրյալն իրենց ամբողջության մեջ վերլուծելու և գնահատելու արդյունքում վերաքննիչ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանի դատավճիռը բավարար չափով պատճառաբանված է, կայացվել է գործը ճիշտ լուծող դատական ակտ, գործը քննելիս և լուծելիս Երևանի քրեական դատարանի կողմից պահպանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսդրության պահանջները և թույլ չի տրվել ՀՀ Սահմանադրության, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատություների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների պահանջների խախտում, որը կարող էր դատական ակտը բեկանելու հիմք հանդիսանալ, ուստի ներկայացված վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման (…)»4։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
11. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ մեղադրյալ Կ.Գալստյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
12. ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի համաձայն՝ «1. Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով (…)»:
12.1. Վճռաբեկ դատարանը
մշտապես ընդգծել է, որ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, ինչը՝ որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով․ այն, մի կողմից՝ պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից՝ անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ։ Ընդ որում, թեև ապացույցները գնահատվում են ներքին համոզմունքի հիման վրա, այնուամենայնիվ, այն չի կարող կամայական լինել և պետք է բխի գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունից։ Այլ կերպ՝ յուրաքանչյուր գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելիս (հանցագործության դեպքը և հանգամանքները, կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին, անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ և այլն) դատարանը կրում է առկա ապացույցները բարեխիղճ գնահատման ենթարկելու պարտականություն, ինչն էլ, իր հերթին, պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների տեսքով5։13․ Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման հիմնավորվածությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական վարույթում առկա նյութերը, Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ ստորադաս դատարանները ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում Կ.Գալստյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության:
Մասնավորապես, Կ.Գալստյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը բավարար չափով պատճառաբանված և հիմնավորված են, և նրա մեղավորությունը հաստատվել է ստորադաս դատարանների դատական ակտերում թվարկված՝ վերաբերելի և արժանահավատ ապացույցների բավարար ամբողջությամբ։
Այս առումով Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Կ.Գալստյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը դիտավորությամբ կատարած լինելու փաստը հաստատող փոխկապակցված ապացույցների բավարար համակցության առկայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևություններին և գտնում է, որ հակառակի վերաբերյալ բողոքաբերի փաստարկը գործի նյութերով չի հաստատվում։
14. Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ Կ.Գալստյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են:
15․ Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Կ.Գալստյանի և Է.Եղիազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`
(...)
12) անձը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից (...)»:
Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե՝
(...)
3) մեղադրյալի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը, և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները (...)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ «3. Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը (…)»:
Նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն6՝ «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
(…)
2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու
օրվանից.
(…)
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (…)»։
16․ Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անցել են վաղեմության ժամկետները։
17. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Կ.Գալստյանին և Է.Եղիազարյանին վերագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքն ավարտվել է 2019 թվականի հունիսի 17-ին7: Վերոնշյալ արարքը կատարելու մեջ Կ.Գալստյանի և Է.Եղիազարյանի մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2023 թվականի ապրիլի 14-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2024 թվականի մարտի 1-ին8։ Նշված որոշման դեմ Կ.Գալստյանի և Է.Եղիազարյանի պաշտպանի կողմից 2024 թվականի հուլիսի 12-ին բերված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ է ընդունվել 2024 թվականի սեպտեմբերի 16-ին9:
18. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-16-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կ.Գալստյանին և Է.Եղիազարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների հաշվարկի առումով կիրառելի են վերջիններիս կողմից արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումները. այսինքն՝ Կ.Գալստյանին և Է.Եղիազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը 5 տարի է, որը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կ.Գալստյանին և Է.Եղիազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրացել է 2024 թվականի հունիսի 17-ին, իսկ այդ օրվա դրությամբ, նրանց նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել, ուստի պետք է Կ.Գալստյանի և Է.Եղիազարյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 14-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի մարտի 1-ի որոշումը բեկանել՝ Կ.Գալստյանի և Է.Եղիազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
19․ Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կարեն Ռուբիկի Գալստյանի և Էլեն Արմենի Եղիազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, պետք է վերացնել։
Կ.Գալստյանին պատկանող Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի 6/5 շենքի 3-րդ բնակարանի վրա 8000 (ութ հազար) ՀՀ դրամի չափով դրված կալանքը պետք է վերացնել՝ դրա պահպանման անհրաժեշտությունը վերացած լինելու պատճառաբանությամբ։
Ապացույց ճանաչված այլ փաստաթղթերը և լազերային սկավառակը պետք է պահել քրեական գործում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ, 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 386-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Կարեն Ռուբիկի Գալստյանի և Էլեն Արմենի Եղիազարյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 14-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի մարտի 1-ի որոշումը բեկանել։
Կարեն Ռուբիկի Գալստյանի և Էլեն Արմենի Եղիազարյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
2. Կարեն Ռուբիկի Գալստյանի և Էլեն Արմենի Եղիազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, վերացնել։
3. Կարեն Ռուբիկի Գալստյանին պատկանող ***** ****** ******** **** ******** */* ***** **** բնակարանի վրա դրված կալանքը վերացնել։
4. Ապացույց ճանաչված այլ փաստաթղթերը և լազերային սկավառակը պահել քրեական գործում։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
________________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 175-177։
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 181-183։
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 6, թերթեր 48-82։
4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 7, թերթեր 109-139։
5 Տե՛ս, ի թիվս այլնի, ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08 և Հմայակ Դավթյանի գործով 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ՇԴ/0216/01/12 որոշումները։
6 Անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն՝ Կ.Գալստյանի և Է.Եղիազարյանի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավական կարգավորումը։
7 Տե՛ս սույն որոշման 7–րդ և 8-րդ կետերը։
8 Տե՛ս սույն որոշման 2-ին և 3-րդ կետերը։
9 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Հ. Գրիգորյան Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ Լ. Թադևոսյան
Ս. Ավետիսյան
Ա. Պողոսյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2026 թվական: