ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, նախագահող դատավոր՝ Ս. Յուզբաշյան |
ԵԴ1/0131/01/24 |
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
|||||||
|
| |||||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Լ. ԹԱԴևոՍՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
|
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
19 դեկտեմբերի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Արթուր Արայիկի Միրզոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունիսի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա
․Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 60182522 քրեական վարույթը։
Երևան քաղաքի դատախազության դատախազ Կ․Իսրաելյանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ Արթուր Արայիկի Միրզոյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով, և նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել։
2024 թվականի հունվարի 10-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, 2024 թվականի մարտի 21-ի դատավճռով, Արթուր Միրզոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով՝ 1 (մեկ) տարի ժամկետով:
3․ Մեղադրյալի և պաշտպանների վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հունիսի 26-ին որոշում է կայացրել բողոքները մասնակիորեն բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մարտի 21-ի դատավճիռը պատժի մասով փոփոխելու մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա, մեղադրյալ Ա․Միրզոյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ու սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա, ու միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն։
Մասնավորապես, բողոք բերած անձը գտել է, որ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանը Վճռաբեկ դատարանի վերաբերելի նախադեպային իրավունքի լույսի ներքո պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել մեղադրյալ Ա․Միրզոյանի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության վրա ազդող ստորև նշված գործոնները:
Այսպես՝ բողոքաբերի պնդմամբ՝ հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ Ա․Միրզոյանը դրսևորել է հանցավոր ինքնավստահություն։
Այս համատեքստում, փաստարկվել է, որ ՀՀ Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման (այսուհետ՝ նաև Ճանապարհային երթևեկության կանոններ) 104-րդ կետով սահմանված կանոնի նպատակը երթևեկությունը շարունակելու անվտանգության մեջ համոզվելն է։ Տվյալ դեպքում, մեղադրյալը, համոզվելու համար, որ իր առջևից ընթացող, և չկարգավորվող հետիոտնային անցումից առաջ երթևեկության ընթացքը դանդաղեցնող, ապա կանգնած «Օպել» մակնիշի տրանսպորտային միջոցի առջևում հետիոտներ չկան, միջոցների չի ձեռնարկել իր մեքենայի ընթացքը դանդաղեցնելու, ապա կանգնեցնելու համար, այլ վերադասավորվել ու շարունակել է երթևեկությունը, որից հետո վրաերթի ենթարկել հետիոտն Ս․Կ-ին։ Ընդ որում, մեղադրյալը քաղաքի բանուկ փողոցում երթևեկել է սահմանված արագությունը գերազանցող արագությամբ, որպիսի հանգամանքն ավելի հավանական է դարձրել ծանր հետևանքների առաջացման հնարավորությունը։
Միաժամանակ, մեղադրյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանի հաշվի առնված հանգամանքները, ըստ բողոքի հեղինակի՝ չեն կարող ողջամտորեն նվազեցնել մեղադրյալ Ա․Միրզոյանի կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանալ։
Արդյունքում բողոքի հեղինակը եզրահանգել է, որ սույն գործի փաստական հանգամանքների համակցությունը վկայում են առանց պատիժը փաստացի կրելու պատժի նպատակներին հասնելու անհնարինության մասին։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունիսի 26-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի մարտի 21-ի դատավճռին։
Վճռաբեկ բողոքի պատասխանը.
7. Մեղադրյալի պաշտպան Գ․Միքայելյանը ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանում ըստ էության նշել է, որ ստորադաս դատարանը, Ա․Միրզոյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ։
Բողոքաբերի փաստարկների կապակցությամբ պաշտպանը նշել է, որ մեղադրյալը չի տեսել փողոցը հատող հետիոտնին, հետևաբար, չէր կարող նախատեսել իր արարքի վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը։ Բացի այդ, մեղադրյալի գործողությունները պայմանավորված էին առջևից ընթացող տրանսպորտային միջոցի կտրուկ դանդաղեցմամբ՝ այդ տրանսպորտային միջոցի հետ բախումից խուսափելու նպատակով, ինչը չի կարող դիտարկվել դիտավորյալ խախտում։ Ավելին, ըստ պատասխանի հեղինակի՝ վերադասավորվելը եղել է օրինաչափ։
Միևնույն ժամանակ, հղում կատարելով մեղադրանքի ձևակերպմանը, պատասխանի հեղինակը նշել է, որ մեղադրյալի կողմից սահմանված արագությունը գերազանցելու մասով առկա է չփարատված կասկած, ուստի այն չի կարող մեկնաբանվել ի վնաս մեղադրյալի։ Ավելին, վերադասավորվելիս երթևեկության արագությունը եղել է ավելի նվազ։
Վերոգրյալից բացի, պատասխանի հեղինակը նշել է, որ բողոքաբերը համապատասխան եզրահանգման հանգելիս բավարար ուշադրության չի արժանացրել պատժի անհատականացման գործընթացում արձանագրված մեղադրյալի անձը բնութագրող տվյալները և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները։ Այս համատեքստում մատնանշելով հետիոտնային անցումը հատելիս տուժողի վարքագիծը, բողոքի հեղինակը գտել է, որ տուժողն իր վարքագծով նպաստել է մեղադրյալի կողմից հանցանքի կատարմանը, ինչը պետք է դիտարկել որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք։
8. Վերոշարադրյալի հիման վրա, մեղադրյալի պաշտպան Գ․Միքայելյանը խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի վճռաբեկ բողոքը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Արթուր Միրզոյանը ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ նա․ «2022 թվականի հոկտեմբերի 06-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, իր «Օպել» մակնիշի ** ** *** հաշվառման համարանիշի ավտոմեքենան միայնակ, առանց ուղեբեռի վարել է Երևան քաղաքի Հալաբյան փողոցով՝ Էստոնական փողոցի կողմից Աշտարակի խճուղու ուղղությամբ, մոտ 60-70կմ/ժ արագությամբ, ավտոճանապարհի 2-րդ երթևեկելի ուղեգոտով, ձախ կողմի գոտիները բաժանող կետագծերից մոտ 0,5 մետր հեռավորությամբ և, հասնելով Հալաբյան փողոցի թիվ 73 հասցեի դիմացի հատվածին, թույլ է տվել ՀՀ Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման 103-րդ, 104-րդ կետերի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, այն է՝ միացված արգելակային լույսերից նկատելով իր առջևից՝ երկրորդ երթևեկելի գոտիով ընթացող, ապա չկարգավորվող հետիոտնային անցումից առաջ երթևեկության ընթացքում ընթացքը դանդաղեցնող, ապա կանգնած «Օպել» մակնիշի ավտոմեքենան, միջոցներ չի ձեռնարկել իր վարած ավտոմեքենան հետիոտնային անցումից առաջ կանգնեցնելու համար և առանց համոզվելու, որ տվյալ տրանսպորտային միջոցի առջև հետիոտներ չկան, շարունակել է ուղիղ երթևեկությունը, մասնավորապես՝ վերադասավորվել է առաջին երթևեկելի գոտի, որից հետո խոչընդոտ է ստեղծել չկարգավորվող հետիոտնային անցումներով իր երթևեկության նկատմամբ ձախից դեպի աջ կողմը, ուղիղ անկյան տակ արագ վազքի տեմպով Երևան քաղաքի Հալաբյան փողոցը հատող հետիոտն Ս․Կ-ի համար, որի արդյունքում վրաերթի է ենթարկել նրան և գանգուղեղային փակ բութ վնասվածք պատճառելով, անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահ՝ դրանով իսկ պայմանավորել տվյալ վրաերթի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից»1։
10․ Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով ազատազրկման ձևով նշանակված պատիժը մեղադրյալ Ա․Միրզոյանի կողմից կրելու նպատակահարմարության հարցին, արձանագրել է. «(…) [Պ]ատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող հանգամանքներ է (…) մեղքն ընդունելը, հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելը, խնամքին երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող մայր ունենալը:
(…) [Տ]ուժողի կողմից գույքային հայց չի ներկայացվել, նկատի ունենալով այն արդեն իսկ հատուցված լինելու հանգամանքը:
(…) [Պ]ատասխանատվությունը կամ պատիժը ծանրացնող հանգամանք առկա չէ:
(…) [Ա]նձը բնութագրող հանգամանքներ են դիտարկվում երիտասարդ լինելը, դատվածություն չունենալը և հետհանցավոր վարքագիծը՝ փորձել է օգնություն ցույց տալ տուժողին, զանգահարել է 911 հեռախոսահամարին և կանչ գրանցել:
(…) Ա.Միրզոյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք, որի հետևանքների նկատմամբ վերջինիս կողմից, թեև դրսևորվել է անզգուշություն, այնուամենայնիվ, [Առաջին ատյանի դ]ատարանը գտնում է, որ այն դրսևորվել է հանցավոր ինքնավստահությամբ: Նշվածն արձանագրելիս [Առաջին ատյանի դ]ատարանը հաշվի է առնում մեղադրյալի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը. (…)։ [Գ]նահատելով կոնկրետ իրադրությունում ճանապարհային երթևեկության մասնակցի կյանքին վնաս պատճառելու հնարավորությունը, [Առաջին ատյանի դ]ատարանը դրա հավանականությունը բարձր է համարում, նկատի ունենալով, որ հետիոտնային անցման առկայությունը տրանսպորտային միջոցի վարորդից պահանջում է առավել մեծ ուշադրություն դրսևորել երթևեկելի մասի նկատմամբ:
(…) Նման պայմաններում, [Առաջին ատյանի դ]ատարանն արձանագրում է, որ արագացված վարույթի կիրառումը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և անձը բնութագրող հանգամանքները բավարար չեն հակակշռելու հանցագործությամբ պատճառված վնասի չափին և, հաշվի առնելով խախտման բնույթի և դրա նկատմամբ անձի ունեցած հոգեբանական վերաբերմունքի մասին առկա հանգամանքների բովանդակային համադրումն ու գնահատումը, [Առաջին ատյանի դ]ատարանը գտնում է, որ դրանք բարձրացնում են արարքի հանրային վտանգավորության այն աստիճանի, որը հակադարձ համեմատական է պատիժը պայմանականորեն չկիրառելուն:
Ամփոփելով՝ [Առաջին ատյանի դ]ատարանը գտնում է, որ պատժի նպատակներին հնարավոր է հասնել մեղադրյալ Ա․ Միրզոյանի կողմից վերջինիս նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը կրելով»2։
11․ Վերաքննիչ դատարանը, մեղադրյալ Ա․Միրզոյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու իր եզրահանգումը պատճառաբանել է հետևյալ կերպ․ «(…) Ա․Միրզոյանը երիտասարդ է, բնութագրվում է դրականորեն, նախկինում դատապարտված կամ որևէ կերպ արատավորված չի եղել,
-Ա․Միրզոյանն ունի կայուն աշխատանք, մշտական բնակության վայր, բնակվում է ծնողների հետ, վերջինիս խնամքին է գտնվում 3-րդ խմբի հաշմանդամ մայրը,
-Ա․Միրզոյանը իրեն լիովին մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է կատարվածի համար, աջակցել է գործի բացահայտմանը, վարույթն իրականացնող մարմնին տվել է համապատասխան ցուցմունքներ, մասնակցել է բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններին,
-Ա․Միրզոյանը դեպքից հետո չի լքել դեպքի վայրը և չի դիմել փախուստի, զանգահարել է 9-11 ծառայություն, տուժողին ցուցաբերել է 1-ին բուժօգնություն, մշտապես աջակցել է տուժողի հարազատներին, հոգացել է բոլոր ծախսերը,
-մեղադրյալի կողմից վնասը հատուցվել է և Ա․Միրզոյանի դեմ որևէ բողոք կամ պահանջ չի ներկայացվել:
-բացակայում են պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքերը։
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ հանգամանքներն անմիջականորեն վկայում են մեղադրյալի անձի սոցիալական և բարոյական առանձնահատկությունների մասին, ինչի պայմաններում հանգում է այն հետևության, որ Ա․Միրզոյանի նկատմամբ նշանակված պատիժը՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ռեալ կրելու անհրաժեշտությունը բացակայում է։
(․․․) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ճանապարհային երթևեկության կանոններից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելու հանգամանքը չի կարող ինքնին բացառել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով նախատեսված պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտի կիրառումը և յուրաքանչյուր դեպքում պետք է առկա փաստական հանգամանքների ամբողջության հաշվառմամբ գնահատվի դրա կիրառման հնարավորությունը, (․․․)։
(․․․) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Ա․Միրզոյանը չի նկատել լուսացույցով չկարգավորվող հետիոտնային անցումն ուղիղ անկյան տակ արագ վազքի տեմպով հատող հետիոտն Ս․Կ-ին, որի արդյունքում վրաերթի է ենթարկել նրան և անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, որի պարագայում ակնհայտ է, որ առկա չէ (․․․) այն հանգամանք[ը], որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը թույլ է տրվել գիտակցաբար, ուստի տվյալ դեպքում Ա.Միրզոյանի համար բավականաչափ ակնհայտ չի կարող գնահատվել նաև խախտման արդյունքում վտանգավոր հետևանքների առաջացման հավանականությունը»3:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
12․ Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք մեղադրյալ Ա.Միրզոյանի կողմից կատարված հանցանքի համար ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանի հետևությունը:
13․ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված հանցանք կատարած անձանց նկատմամբ կիրառման ենթակա քրեաիրավական ներգործության միջոցի համաչափությունն ապահովելու առումով, ի թիվս այլնի, համարժեք իրավական գնահատական պետք է ստանան․
ա) հանցագործության կատարման եղանակը և հանգամանքները, հանցագործության կատարման մեջ ամբաստանյալի մեղավորության աստիճանը, հանցանքը կատարելուն նպաստող պայմանները,
բ) ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը,
գ) ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը,
դ) հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը,
ե) հանցագործությամբ պատճառված վնասը, և
զ) հանցանքի կատարումից անմիջապես հետո, ինչպես նաև հետագայում հարուցված քրեական գործի քննության ընթացքում հանցավորի դրսևորած վարքագիծը4։
Հետիոտնային անցումների հատման կանոնների խախտման բնույթը գնահատելիս Վճռաբեկ դատարանն Էդմոն Ասատրյանի գործով արձանագրել է, որ․ «(․․․) [Տ]րանսպորտային միջոցի վարորդի կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելը, այդ թվում` հետիոտնին չզիջելը, պարունակում է ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու մեծ հավանականություն։ Նշված իրադրությունում, որպես կանոն, խախտումը թույլ տվողի համար բավականաչափ ակնհայտ է լինում խախտման արդյունքում վտանգավոր հետևանքների առաջացման հավանականությունը»5։
14․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- Ա.Միրզոյանը մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ նա իր կողմից վարած «Օպել» մակնիշի ** ** *** հաշվառման համարանիշի ավտոմեքենայով, Երևան քաղաքի Հալաբյան փողոցի երթևեկության գոտու երկրորդ շարքով, մոտ 60-70 կիլոմետր ժամում արագությամբ ընթանալիս, միացված արգելակային լույսերից նկատելով իր առջևից՝ նույն շարքով ընթացող, և չկարգավորվող հետիոտնային անցումից առաջ երթևեկության ընթացքը դանդաղեցնող, ապա կանգնած «Օպել» մակնիշի տրանսպորտային միջոցը, միջոցներ չի ձեռնարկել հետիոտնային անցումից առաջ իր վարած տրանսպորտային միջոցը կանգնեցնելու համար ու առանց համոզվելու, որ «Օպել» մակնիշի տրանսպորտային միջոցի առջև հետիոտներ չկան, վերադասավորվելով երթևեկության գոտու առաջին շարք, շարունակել է ուղիղ երթևեկությունը՝ խոչընդոտ ստեղծելով չկարգավորվող հետիոտնային անցումով երթևեկելի մասը՝ արագ վազքի տեմպով հատող հետիոտն Ս․Կ-ի համար՝ այդ կերպ թույլ տալով Ճանապարհային երթևեկության կանոնների 103-րդ, 104-րդ կետերի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, որի հետևանքով վրաերթի է ենթարկել Ս․Կ-ին և նրան անզգուշությամբ մահ պատճառել6,
- Գնահատելով կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, Ա.Միրզոյանի անձը բնութագրող փաստական տվյալները և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները՝ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Ա.Միրզոյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր չէ հասնել պատժի համակցված նպատակի7,
- Վերաքննիչ դատարանը մեղադրյալ Ա․Միրզոյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հետևությունը հիմնավորելու համար նշել է, որ հետիոտնային անցումների հատման կանոնի խախտումն ինքնին չի կարող բացառել պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությունը․ այն պետք է որոշվի մյուս հանգամանքների հետ համադրման միջոցով։ Տվյալ դեպքում, մեղադրյալը երիտասարդ է, բնութագրվում է դրական, նախկինում դատապարտված չի եղել, ունի կայուն աշխատանք, մշտական բնակության վայր, բնակվում է ծնողների հետ, խնամքին է երրորդ խմբի հաշմանդամ ծնողը, տվել է ինքնախոստովանական ցուցմունք, կատարած արարքի համար զղջում է, աջակցել է հանցագործությունը բացահայտելուն, հանցագործությունից հետո դեպքի վայրը չի լքել և հանցագործությունից տուժած անձին ցուցաբերել է առաջին բժշկական օգնություն, հատուցել է պատճառված վնասը, տուժող կողմը բողոք ու պահանջ չի ներկայացրել, իսկ պատասխանատվությունը և պատիժ ծանրացնող հանգամանքներ առկա չեն։ Վերոգրյալի հետ մեկտեղ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ մեղադրյալը ճանապարհային երթևեկության կանոնները գիտակցաբար չի խախտել և կոնկրետ իրադրությունում հանրորեն վտանգավոր հետևանքի առաջացման միջև պատճառական կապի զարգացման հավանականությունը վերջինի համար ակնհայտ չի եղել։ Վերաքննիչ դատարանն այդ դատողության հիմքում դրել է այն հանգամանքը, որ մեղադրյալը չի նկատել չկարգավորվող հետիոտնային անցումն ուղիղ անկյան տակ արագ վազքի տեմպով հատող հետիոտն Ս․Կ-ն։ Ըստ Վերաքննիչ դատարանի՝ նշված հանգամանքների համակցությունը բավարար է արձանագրելու առանց պատիժը փաստացի կրելու պատժի նպատակներին հասնելու հնարավորությունը8։
15․ Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 13-րդ կետում վկայակոչված գործերով արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ա․Միրզոյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս, ստորադաս դատարանը համարժեք իրավական գնահատականի չի արժանացրել այն փաստը, որ մեղադրյալը տուժողին վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով երթևեկելի մասը հատելիս, այսինքն, Ս.Կ-ին անզգուշությամբ մահ է պատճառվել այնպիսի իրադրությունում, երբ նա ճանապարհի երթևեկելի մասը հատում էր օրենքով սահմանված կարգով` հետիոտների տեղաշարժվելու համար նախատեսված երթևեկելի մասի առանձնացված հատվածով։
Վերոգրյալով փոխկապակցված` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տրանսպորտային միջոցի վարորդը ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների մեջ առավել մեծ վտանգ ներկայացնելով, հետիոտնային անցումների հատման կանոնների պահանջներն ապահովելու առումով չկարգավորվող հետիոտնային անցմանը մոտենալիս կարող է շարունակել երթևեկությունը` միայն համոզվելով, որ հետիոտնային անցումով երթևեկելի մասը հատող հետիոտներ չկան: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերջին պահանջն ըստ էության բխում է Ճանապարհային երթևեկության կանոնների 103-րդ և 104-րդ կետերում ամրագրված դրույթի բովանդակությունից։
Տվյալ դեպքում, միացված արգելակային լույսերից նկատելով իր առջևից՝ նույն շարքով ընթացող և չկարգավորվող հետիոտնային անցումից առաջ ընթացքը դանդաղենցող, ապա կանգնած տրանսպորտային միջոցը, մեղադրյալ Ա․Միրզոյանն իրադրությանը համապատասխան անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելով՝ համոզվելու համար, որ հետագա երթևեկությունն անվտանգ է, վերադասավորվելով կողմնային շարք, շարունակել է երթևեկությունը՝ հնարավորություն չտալով տուժողին ավարտելու ընտրված ուղղությամբ երթևեկելի մասի հատումը, արդյունքում ստեղծել է վթարային իրադրություն՝ դրանով իսկ պայմանավորելով վրաերթի առաջացումը։ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ թույլ տրված խախտումը, կոնկրետ իրադրությունում, ավելի հավանական է դարձրել ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հավանականությունը, և արդյունքում տուժողին անզգուշությամբ մահ է պատճառվել։
Վերոնշյալի համատեքստում անդրադարձ կատարելով թույլ տրված խախտման և դրա հանրորեն վտանգավոր հետևանքի նկատմամբ Ա.Միրզոյանի դրսևորած հոգեբանական վերաբերմունքի առումով Վերաքննիչ դատարանի ու բողոքի պատասխանի հեղինակի համընկնող փաստարկին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող մեղադրյալին հայտնի է կամ պետք է հայտնի լիներ ՀՀ Կառավարության հաuտատած ճանապարհային երթևեկության այն կանոնը, ըստ որի՝ եթե որևէ տրանսպորտային միջոց չկարգավորվող հետիոտնային անցումից առաջ դանդաղեցրել է ընթացքը կամ կանգնել, ապա հարևան շարքերով ընթացող մյուս տրանսպորտային միջոցների վարորդները կարող են շարունակել երթևեկությունը` միայն համոզվելով, որ այդ տրանսպորտային միջոցի առջևում հետիոտներ չկան: Այսինքն՝ մեղադրյալը պարտավոր էր գիտակցել, որ չկարգավորվող հետիոտնային անցումից առաջ տրանսպորտային միջոցի ընթացքը դանդաղեցնելու կամ կանգնելու առաջնային ողջամիտ պատճառը հետիոտնային անցումով երթևեկելի մասը հատող հետիոտնի առկայությունն է, ով ունի առավելություն9։
Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, գործի հիշյալ փաստական տվյալները վկայում են այն մասին, որ նման իրադրությունում մեղադրյալ Ա.Միրզոյանը չէր կարող չգիտակցել իր գործողությունների վտանգավորությունը՝ երթևեկության անվտանգության համար։ Այլ կերպ՝ մեղադրյալ Ա.Միրզոյանն իր գործողություններով առավել հավանական է դարձրել հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, հետևաբար մեղսագրվող արարքը կատարել է հանցավոր ինքնավստահությամբ։
Ինչ վերաբերում է բողոքի պատասխանի պնդմանը, թե տուժողն իր վարքագծով նպաստել է մեղադրյալի կողմից հանցանքի կատարմանը, ինչը պետք է դիտարկել որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ քրեական պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող հանգամանք է հանցանքը հանցագործությունից տուժած անձի հակաիրավական վարքագծի ազդեցության տակ կատարելը, մինչդեռ պատասխանի հեղինակը չի պատճառաբանել, թե տուժողը ՀՀ Կառավարության հաuտատած ճանապարհային երթևեկության ո՞ր կանոն(ներ)ը չի պահպանել, այսինքն, ինչպես է դրսևորվել հակաիրավական վարքը։
16․ Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը մեղադրյալ Ա․Միրզոյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումը չի կառուցել վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության վրա: Այսպես` սույն որոշման շրջանակում մեջբերված ու վերլուծված փաստական տվյալների համակցությունը վկայում է մեղադրյալի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանի՝ մեղադրյալ Ա․Միրզոյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրած հանգամանքները բավարար չեն կարող համարվել ողջամիտ հետևության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Ա․Միրզոյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ ստորադաս դատարանի կողմից Ա․Միրզոյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը համարվի իրավաչափ։
Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադյալ Ա․Միրզոյանի կողմից կատարված հանցանքի համար ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանի հետևությունը հիմնավորված չէ:
Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը, պատշաճ կերպով վերլուծելով և գնահատման ենթարկելով վարույթում առկա՝ մեղադրյալ Ա․Միրզոյանի անձը բնութագրող փաստական տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ինպես նաև՝ ծանրացնող հանգամանքների բացակայությունը, կատարված արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, մեղադրյալ Ա․Միրզոյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցում հանգել է ճիշտ հետևության՝ իրավաչափորեն արձանագրելով, որ վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր չէ հասնել պատժի համակցված նպատակներին:
17․ Հիմք ընդունելով նախորդ կետում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, մեղադրյալ Ա․Միրզոյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում, ինչը դատական ակտը բեկանելու հիմք է։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի հունիսի 26-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մարտի 21-ի դատավճռին։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ, 385-րդ ու 387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Մեղադրյալ Արթուր Արայիկի Միրզոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունիսի 26-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի մարտի 21-ի դատավճռին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
______________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 41-53:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 41-53:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 106-115:
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գագիկ Ղուկասյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0075/01/16 որոշման 13-14-րդ կետերը, ինչպես նաև, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Արամ Սահակյանի գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԳԴ1/0003/01/10, Էդմոն Ասատրյանի գործով 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԷԴ/0201/01/11, Արամայիս Հովհաննեսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14 որոշումները:
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդմոն Ասատրյանի գործով վերը նշված որոշումը։
6 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
8 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
9 Տե՛ս Ճանապարհային երթևեկության կանոնների 103-րդ կետը։
|
Նախագահող` Դատավորներ` |
Լ. ԹԱԴևոՍՅԱՆ Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ | |
|
|
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ Ա. ՊՈՂՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2026 թվական: