ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«16» փետրվարի 2026 թ. |
N 06-Ն |
ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժ.9» կետի պահանջով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել «Մանկապատանեկան մարզական կազմակերպությունների անվանակոչության կարգը»` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ՆԱԽԱՐԱՐ` |
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
|
Հավելված ՀՀ կրթության, գիտության, 2026 թվականի փետրվարի 16-ի N 06-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ
1. ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Մանկապատանեկան մարզական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) անվանակոչության մասին որոշումները, սույն կարգի պահանջներին համապատասխան, ընդունում է Կազմակերպության հիմնադիրը (այսուհետ՝ Հիմնադիր)՝ ըստ ենթակայության։
2. Կազմակերպության անվանակոչության վերաբերյալ առաջարկություններ կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան Կազմակերպությունը, իրավաբանական և ֆիզիկական անձինք:
3. Առաջարկությունները պետք է պարունակեն հետևյալ տեղեկությունները`
1) Կազմակերպության հասցեն,
2) Կազմակերպության առաջարկվող և գործող անվանումները,
3) հիմնավորումը,
4) անվանումն առաջարկողի տվյալները (ֆիզիկական անձի անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները, կազմակերպության անվանումը),
5) Կազմակերպության (կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի, մարզչական խորհրդի) համաձայնությունը, որի բացակայության դեպքում անվանակոչության առաջարկությունը չի կարող քննարկվել,
6) ֆիզիկական անձի գործունեության վերաբերյալ տեղեկությունները, որի անունով առաջարկվում է իրականացնել անվանակոչությունը:
4. Անվանակոչության վերաբերյալ առաջարկը ստանալուց հետո Հիմանդիրը մեկամսյա ժամկետում քննարկում է ներկայացված առաջարկությունը և ընդունում Կազմակերպության անվանակոչության կամ գործող անվանումն անփոփոխ թողնելու մասին որոշում՝ գրավոր ներկայացնելով մերժման համար հիմք հանդիսացած պատճառները:
5. Կազմակերպության անվանակոչության մասին որոշում ընդունած հիմնադիրը որոշումն ընդունելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում այն տրամադրում է Կազմակերպությանը՝ Կազմակերպության կանոնադրության փոփոխությունը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ պետական գրանցման ներկայացնելու համար:
2. ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
6. Անվանումներ տրվում են`
1) նոր կառուցվող կամ հիմնադրվող Կազմակերպությանը,
2) Կազմակերպության անվանումը փոխելու որոշում կայացրած Կազմակերպությանը,
7. Կազմակերպությունները կարող են անվանակոչվել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ավանդ ունեցող մարզական գործիչների, օլիմպիական խաղերի հաղթողների և մրցանակակիրների, աշխարհի չեմպիոնների անուններով:
8. Սույն կարգին համապատասխան անվանակոչություն չի կարող իրականացվել հանցագործությունների համար դատապարտված անձանց անվամբ, եթե դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ:
9. Կազմակերպություններն անվանակոչվում են Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզվով՝ գրական հայերենով:
10. Եթե միավորվող (միաձուլվող) Կազմակերպություններն անվանակոչված են սույն կարգի պահանջներին համապատասխան, ապա միավորման (միաձուլման) արդյունքում ստեղծված Կազմակերպության անվանման մասին որոշումը կայացնում է լիազոր հիմնադիրը:
11. Անվանակոչված Կազմակերպության անվանումը կարող է փոփոխվել միայն այն անվանակոչելուց առնվազն 20 տարի հետո՝ համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում՝ սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան:
12. Բացառիկ դեպքերում Կազմակերպության անվանակոչումը կամ անվանման փոփոխությունը կարող է քննարկվել ավելի վաղ ժամկետում, եթե անվանակոչման ներկայացված են պետական բարձրագույն պարգև ստացած, միջպետական համաձայնագրերով ամրագրված գործիչների անուններ:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 փետրվարի 2026 թվական: