ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
14 հոկտեմբերի 2025 թվականի |
թիվ 94 |
քաղ. Մոսկվա |
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ, ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 7-րդ և 44-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կցվող՝ «Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների կիրառման հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթը։
2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի ապրիլի 24-ի «Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների կիրառման հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» թիվ 37 որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 94 որոշմամբ |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների կիրառման հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին
I. Ընդհանուր դրույթներ
1. Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների կիրառման հարցերով խորհրդատվական կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ստեղծվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային առընթեր՝ (այսուհետ համապատասխանաբար՝ Հանձնաժողով, Կոլեգիա)՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված (այսուհետ՝ Պայմանագիր)) 7-րդ և 44-րդ կետերին համապատասխան:
Կոմիտեն Հանձնաժողովի խորհրդատվական մարմինն է, որն ապահովում է՝ տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում չափումների միասնականության ապահովման և սանիտարական, անասնաբուժասանիտարական ու կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման հարցերով առաջարկների, հանձնարարականների նախապատրաստումը և խորհրդակցությունների անցկացումը:
2. Կոմիտեն իր գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում է Պայմանագրով, Միության մարմինների միջազգային այլ պայմանագրերով և ակտերով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգով, ինչպես նաև սույն հիմնադրույթով։
II. Կոմիտեի հիմնական խնդիրները
3. Կոմիտեի հիմնական խնդիրներն են՝
ա) «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 46-րդ կետին համապատասխան՝ Պայմանագրի X և XI բաժինների դրույթների իրագործման հարցերի վերաբերյալ հանձնարարականների նախապատրաստում Հանձնաժողովի համար, այդ թվում՝
Միության մարմինների ակտերի կատարելագործումը՝ տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման, Միության շրջանակներում չափումների միասնականության ապահովման և սանիտարական, անասնաբուժասանիտարական ու կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման ոլորտներում,
տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, առողջապահության, բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության, անասնաբուժության, բույսերի կարանտինի, գյուղատնտեսության, տնտեսության այլ ճյուղերի, Միության շրջանակներում չափումների միասնականության ապահովման, Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) իրականացման համար, ինչպես նաև Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման ոլորտներում լիազորված՝ Միության անդամ պետությունների պետական իշխանության մարմինների (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, լիազորված մարմիններ) համաձայնեցված գործողությունների ապահովումը՝ Պայմանագրի, տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման, Միության շրջանակներում չափումների միասնականության ապահովման և սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման ոլորտներում Միության մարմինների միջազգային պայմանագրերի և ակտերի իրագործման ժամանակ,
նորմատիվ իրավական կարգավորման վիճակի և կատարելագործման ուղղությունների գնահատումը՝ տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման, Միության շրջանակներում չափումների միասնականության ապահովման և սանիտարական, անասնաբուժասանիտարական ու կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման ոլորտներում,
տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման, Միության շրջանակներում չափումների միասնականության ապահովման և սանիտարական, անասնաբուժասանիտարական ու կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման ոլորտներում պահանջների ներդրման, կիրառման, փոփոխության կամ գործողության դադարեցման հարցերի վերաբերյալ առաջարկների նախապատրաստումը, այդ թվում՝ Հանձնաժողովի հանձնարարականների համապատասխան նախագծերի նախապատրաստումը.
բ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մարտի 17-ի թիվ 7 կարգադրությամբ հաստատված՝ այն հարցերի ցանկում ներառված հարցերի քննարկումը, որոնց առնչությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան պարտավոր է անցկացնել խորհրդակցություններ Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների կիրառման հարցերով խորհրդատվական կոմիտեի շրջանակներում՝ Կոլեգիայի կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումն ընդունելուց առաջ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 25-րդ կետին համապատասխան.
գ) Միության շրջանակներում սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման ոլորտում Միության մարմինների ակտերի փորձաքննության իրականացումը՝ միջազգային ստանդարտներին, որոշումներին և առաջարկներին համապատասխանության մասով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 212 որոշմամբ հաստատված՝ «Սանիտարական, անասնաբուժական ու բուսասանիտարական միջոցների կիրառման ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի փորձաքննություն անցկացնելու միասնական կարգի մասին» հիմնադրույթին համապատասխան.
դ) տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման, Միության շրջանակներում չափումների միասնականության ապահովման և սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման ոլորտներում այլ հարցերի քննարկումը:
III. Կոմիտեի կազմը
4. Կոմիտեի կազմը ձևավորվում է լիազորված մարմինների ղեկավարներից (ղեկավարների տեղակալներից) և (կամ) այլ պաշտոնատար անձանցից (կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից ոչ ցածր)՝ անդամ պետությունների առաջարկների հիման վրա։
Կոմիտեի կազմում յուրաքանչյուր անդամ պետությունից պարտադիր կարգով ընդգրկվում են, սույն արձանագրության 3-րդ կետի «ա» ենթակետի երրորդ պարբերությանը համապատասխան, ոլորտներում կարգավորումներ իրականացնող լիազորված մարմինների ներկայացուցիչները։
Անդամ պետությունների առաջարկների հիման վրա՝ յուրաքանչյուր անդամ պետությունից Հանձնաժողովի կազմում ընդգրկվում է ոչ ավելի, քան 15 ներկայացուցիչ, այդ թվում՝ ոչ ավելի, քան գործարար համայնքի, գիտական և հասարակական կազմակերպությունների, այլ անկախ փորձագետների (անհրաժեշտության դեպքում) 3 ներկայացուցիչ։
5. Կոմիտեի կազմը հաստատվում է Հանձնաժողովի կոլեգիայի կարգադրությամբ:
Անդամ պետությունները Հանձնաժողովին ժամանակին տեղեկացնում են Կոմիտեի անդամների փոխարինման անհրաժեշտության մասին, ինչպես նաև ներկայացնում առաջարկներ՝ դրա կազմում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
6. Լիազորված մարմինների և Կոմիտեի անդամների առաջարկների հիման վրա՝ Կոմիտեի նիստերին կարող են մասնակցել անդամ պետությունների այն փորձագետները, որոնց իրավասությանն են վերապահված Կոմիտեի գործունեության ուղղություններին առնչվող հարցերը:
Կոմիտեի նիստերին այն լիազորված մարմինների իրավասությանը վերապահված հարցերը քննարկելիս, որոնց ներկայացուցիչները Կոմիտեի անդամներ չեն, պարտադիր կարգով հրավիրվում են այդ լիազորված մարմինների ղեկավարները (ղեկավարների տեղակալները)։
Կոմիտեի նախագահի հրավերով՝ Կոմիտեի նիստերին կարող են մասնակցել Հանձնաժողովի պաշտոնատար անձինք և աշխատակիցները, որոնց իրավասությանն են վերապահված Կոմիտեի նիստին քննարկվող հարցերը, ինչպես նաև Միության դիտորդ պետությունների պետական իշխանության մարմինների ներկայացուցիչները, որոնք լիազորված են՝ սույն հիմնադրույթի 3-րդ կետի «ա» ենթակետի երրորդ պարբերության մեջ նշված կարգավորման ոլորտներում։
Կոմիտեի նիստերին կարող են մասնակցել նաև Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների այն ներկայացուցիչները, որոնք իրականացրել են Կոմիտեի նիստի ժամանակ քննարկման համար նախատեսվող՝ Հանձնաժողովի ակտերի նախագծերի նկատմամբ կարգավորման ազդեցության գնահատում:
7. Կոմիտեի նիստերին նախագահում և Կոմիտեի աշխատանքի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Կոլեգիայի այն անդամը, որի իրավասությանն են վերապահված տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման հարցերը (այսուհետ՝ Կոմիտեի նախագահ):
8. Կոմիտեի նախագահը՝
ա) ղեկավարում է Կոմիտեի գործունեությունը և կազմակերպում է Կոմիտեին վերապահված խնդիրների կատարման աշխատանքները.
բ) Կոմիտեի նիստին մասնակցող Կոմիտեի անդամների հետ համաձայնեցմամբ հաստատում է Կոմիտեի նիստի օրակարգը և սահմանում է դրա անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը.
գ) վարում է Կոմիտեի նիստը.
դ) ստորագրում է Կոմիտեի նիստերի արձանագրությունները.
ե) տեղեկացնում է Հանձնաժողովի կոլեգիային և խորհրդին՝ Կոմիտեի կողմից՝ սույն հիմնադրույթի 3-րդ կետի «բ» ենթակետում նշված հարցերի ցանկում ներառված հարցերի քննարկման արդյունքների մասին, ինչպես նաև Կոմիտեի կողմից քննարկված այլ հարցերի մասին.
զ) ներկայացնում է Կոմիտեն Հանձնաժողովի կոլեգիայի նիստերին և այլ մարմինների ու կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.
է) նշանակում է Կոմիտեի պատասխանատու քարտուղարին:
9. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը նշանակվում է Կոմիտեի որոշմամբ՝ Հանձնաժողովի այն պաշտոնատար անձանց թվից, որոնց իրավասությանն են վերապահված Կոմիտեի գործունեության ուղղություններին առնչվող հարցերը:
Կոմիտեի պատասխանատու քարտուղար նշանակելու վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրվում է Կոմիտեի նիստի արձանագրության մեջ:
10. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը՝
ա) ապահովում է Կոմիտեի նիստի օրակարգի նախագծի նախապատրաստումը և այն ներկայացնում է Կոմիտեի նախագահի համաձայնեցմանը.
բ) ուղարկում է Կոմիտեի նիստի օրակարգի նախագիծը Կոմիտեի անդամներին.
գ) տեղեկացնում է Կոմիտեի անդամներին Կոմիտեի նիստի անցկացման ամսաթվի, ժամի և վայրի մասին, Կոմիտեի նիստի օրակարգի նախագծի նյութերը Միության պաշտոնական կայքում տեղադրելու մասին.
դ) իրականացնում է հսկողություն Կոմիտեի նիստի օրակարգի նախագծի նյութեր նախապատրաստելու և դրանք ներկայացնելու նկատմամբ.
ե) ապահովում է Կոմիտեի նիստի արձանագրության վարումը, և այն ներկայացնում է Կոմիտեի նախագահի ստորագրմանը.
զ) կազմակերպում է Կոմիտեի նիստի արդյունքների հիման վրա նախապատրաստված ամփոփիչ փաստաթղթերի նախապատրաստումը և Կոմիտեի անդամներին դրանց ուղարկումը.
է) իրականացնում է հսկողություն Կոմիտեի արձանագրային որոշումների կատարման նկատմամբ.
ը) Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ կատարում է սույն հիմնադրույթի 8-րդ կետի «ա»-«զ» ենթակետերով նախատեսված գործառույթները։
IV. Կոմիտեի ենթակոմիտեները, փորձագիտական և աշխատանքային խմբերը
11. Կոմիտեն իրավունք ունի ստեղծելու ենթակոմիտեներ՝ ըստ Պայմանագրին չհակասող մասով գործունեության հետևյալ ուղղությունների վերաբերյալ հարցերը լուծելու համար՝
ա) տեխնիկական կանոնակարգերի և դրանց կից ստանդարտների ցանկերի մշակում.
բ) չափումների միասնականության ապահովում.
գ) հավատարմագրում և համապատասխանության գնահատում.
դ) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) իրականացում.
ե) սանիտարական միջոցների կիրառում.
զ) անասնաբուժասանիտարական միջոցների կիրառում.
է) կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառում.
ը) շինարարությունում տեխնիկական կանոնակարգման իրականացում.
թ) գործունեության այլ ուղղություններ:
12. Անհրաժեշտության դեպքում, Կոմիտեի որոշմամբ, Կոմիտեին առընթեր կարող են ստեղծվել փորձագիտական և աշխատանքային խմբեր՝ կոնկրետ խնդիրների կարգավորման նպատակով:
13. Ենթակոմիտեների, փորձագիտական և աշխատանքային խմբերի մասին հիմնադրույթները, դրանց կազմերը և նախագահները հաստատվում են Կոմիտեի որոշմամբ՝ անդամ պետությունների լիազորված մարմինների և փորձագետների առաջարկների հիման վրա:
V. Կոմիտեի աշխատակարգը
14. Կոմիտեի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան եռամսյակը 1 անգամ։
15. Կոմիտեի նիստի անցկացման մասին որոշումն ընդունում է Կոմիտեի նախագահը։
16. Կոմիտեի նիստի օրակարգի նախագիծը ձևավորվում է ըստ թեմատիկ բլոկների՝ Կոմիտեի նախագահի, ինչպես նաև լիազորված մարմիններից ստացված առաջարկների հիման վրա և, որպես կանոն, ընդգրկում է ոչ ավելի, քան 10 հարց։ Կոմիտեի նիստի օրակարգում նշվում են Կոմիտեի նիստի անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը։
17. Կոմիտեի նիստի օրակարգի նյութերը (բացառությամբ, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, պետական գաղտնիքին (պետական գաղտնիքներին) կամ սահմանափակ տարածման տեղեկություններին (այսուհետ՝ սահմանափակ տարածման տեղեկություններ) դասվող տեղեկությունները) տեղադրվում են Միության պաշտոնական կայքում՝ «Խորհրդատվական կոմիտե» բաժնում, և ընդգրկում են՝
ա) քննարկվող հարցերին առնչվող տեղեկանքներ.
բ) քննարկման համար առաջարկվող փաստաթղթերի նախագծեր (առկայության դեպքում).
գ) արձանագրային որոշումների նախագծեր.
դ) Միության մարմինների ակտերի նախագծեր (անհրաժեշտության դեպքում).
ե) անհրաժեշտ տեղեկատվական և վերլուծական նյութեր ու կանխատեսումներ։
18. Կոմիտեի նախագահը Կոմիտեի նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 30 օրացուցային օր առաջ ուղարկում է Կոմիտեի նիստի օրակարգի նախագիծը և դրա նյութերն անդամ պետությունների կառավարություններ։
Կոմիտեի պատասխանատու քարտուղարը Կոմիտեի նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 30 օրացուցային օր առաջ ուղարկում է (այդ թվում՝ էլեկտրոնային փոստի միջոցով (բացառությամբ սահմանափակ տարածման տեղեկությունների)) Կոմիտեի նիստի օրակարգի նախագիծը և դրա նյութերը՝
Կոմիտեի անդամներին.
լիազորված մարմինների ղեկավարներին (ղեկավարների տեղակալներին), որոնք Կոմիտեի անդամ չեն (այն դեպքում, երբ նրանց իրավասությանն են վերապահված Կոմիտեի նիստի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերը).
Միության դիտորդ պետությունների պետական մարմինների պետական իշխանության մարմինների ղեկավարներին (ղեկավարների տեղակալներին), որոնք լիազորված են սույն հիմնադրույթի 3-րդ կետի «ա» ենթակետի երրորդ պարբերության մեջ նշված կարգավորման ոլորտներում (Կոմիտեի նախագահի որոշմամբ)։
Կոմիտեի պատասխանատու քարտուղարը նաև ապահովում է Կոմիտեի նիստի օրակարգի նախագծի և քննարկվող հարցերին վերաբերող տեղեկանքների տեղադրումը Միության պաշտոնական կայքում՝ «Խորհրդատվական կոմիտե» բաժնում:
19. Կոմիտեի անդամներն իրավունք ունեն առաջարկներ ներկայացնելու Կոմիտեի նիստի օրակարգի նախագծում լրացուցիչ հարցեր ընդգրկելու վերաբերյալ (կցելով սույն հիմնադրույթի 17-րդ կետում նշված նյութերը)՝ ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 15 օրացուցային օր առաջ: Նշված ժամկետից ավելի ուշ ստացված առաջարկներն ընդգրկվում են Կոմիտեի հաջորդ նիստի օրակարգի նախագծում: Կոմիտեի պատասխանատու քարտուղարը Կոմիտեի նիստի օրակարգի նախագծում լրացուցիչ հարցերի ընդգրկման վերաբերյալ տեղեկություններն ուղարկում է Կոմիտեի անդամներին՝ ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 10 օրացուցային օր առաջ:
20. Կոմիտեի անդամները կարող են առաջարկել Կոմիտեի քննարկումից հանել հարցը՝ ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ, եթե, նրանց կարծիքով, տվյալ հարցը պահանջում է լրացուցիչ մշակում:
21. Կոմիտեի նիստերը, որպես կանոն, անցկացվում են Հանձնաժողովի սենքերում: Հանձնաժողովի սենքերում անցկացվող Կոմիտեի նիստերի կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Հանձնաժողովը։
Կոմիտեի նիստը կարող է անցկացվել անդամ պետություններից յուրաքանչյուրում՝ լիազորված մարմինների կողմից ներկայացված առաջարկների հիման վրա ընդունվող՝ Կոմիտեի նախագահի որոշմամբ։ Այդ դեպքում ընդունող անդամ պետությունը աջակցություն է ցուցաբերում Կոմիտեի նիստի կազմակերպման և անցկացման հարցում։
Կոմիտեի նախագահի և անդամների առաջարկներով Կոմիտեի նիստերը կարող են անցկացվել տեսաժողովի ռեժիմով։
22. Կոմիտեի նիստը ճանաչվում է իրավազոր, եթե դրան մասնակցում են ոչ պակաս, քան Կոմիտեի անդամների ընդհանուր թվի կեսը, ընդ որում, ապահովվում է յուրաքանչյուր անդամ պետության ներկայացուցչությունը:
Կոմիտեի անդամները Կոմիտեի նիստերին մասնակցում են անձամբ։
Բացառիկ դեպքում, երբ Կոմիտեի նիստին Կոմիտեի անդամի ներկայությունն անհնարին է, նա իրավունք ունի ոչ ուշ, քան Կոմիտեի նիստն անցկացնելու օրվանից 2 աշխատանքային օր առաջ, Կոմիտեի նախագահին գրավոր ներկայացնելու քննարկվող հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումը և (կամ) Կոմիտեի նիստին մասնակցելու համար ուղարկելու լիազորված մարմնի՝ որոշումներ ընդունելու համար լիազորված պաշտոնատար անձի:
23. Կոմիտեի նախագահի որոշմամբ՝ օպերատիվ քննարկում պահանջող առանձին հարցերը կարող են քննարկվել հեռակա կարգով։ Կոմիտեի պատասխանատու քարտուղարն այդ դեպքում Կոմիտեի անդամներին էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում է սույն հիմնադրույթի 17-րդ կետով նախատեսված նյութերը: Քննարկվող հարցերի վերաբերյալ Կոմիտեի անդամների դիրքորոշումները գրություններով ներկայացվում են Կոմիտեի նախագահին՝ նշված նյութերն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում։
Հեռակա կարգով հարցերի քննարկման արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ, որում նշվում են Կոմիտեի նիստի անդամների դիրքորոշումները՝ Կոմիտեի նախագահի կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ տեղեկություններով՝ Կոմիտեի անդամի վերջին գրությունն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ:
Քննարկման արդյունքներով որոշումն ընդունվում է սույն հիմնադրույթի 24-րդ կետի առաջին պարբերությանը համապատասխան։ Այն դեպքում, երբ քննարկվող հարցի վերաբերյալ որոշում չի ընդունվել, ապա Հանձնաժողովի դեպարտամենտները, որոնց իրավասությանն են վերապահված Կոմիտեի գործունեության ուղղությունների վերաբերյալ հարցերը, այն լիազորված մարմինների հետ համատեղ, որոնց իրավասությանն է վերապահված քննարկվող հարցը, ապահովում են հիմնադրույթի 17-րդ կետով նախատեսված նյութերի լրամշակումը և համաձայնեցումը աշխատանքային քննարկումներին, բանակցություններին, խորհրդակցություններին՝ նախքան Հանձնաժողովի կոլեգիայի նիստին սահմանված կարգով քննարկելու համար քննարկվող հարցի վերաբերյալ նյութերի փաթեթն ուղարկելը։
24. Կոմիտեի որոշումներն ընդունվում են Կոմիտեի՝ նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ՝ անկախ յուրաքանչյուր անդամ պետությունից Կոմիտեի կազմում անդամների թվից, յուրաքանչյուր անդամ պետություն ունի 1 ձայնի իրավունք:
Կոմիտեի նիստին հարցերի քննարկման ժամանակ Կոմիտեի անդամներն ունեն հավասար իրավունքներ։
Կոմիտեի նիստի արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ, որի մեջ նշվում են Կոմիտեի անդամների դիրքորոշումները:
Կոմիտեի պատասխանատու քարտուղարն էլեկտրոնային փոստի միջոցով ապահովում է Կոմիտեի նիստի արձանագրության նախագծի ուղարկումը նիստին մասնակցող Կոմիտեի անդամներին:
Կոմիտեի անդամներն իրավունք ունեն արձանագրության նախագծի վերաբերյալ իրենց առաջարկները ներկայացնելու Կոմիտեի պատասխանատու քարտուղարին էլեկտրոնային փոստի միջոցով՝ Կոմիտեի նիստի արձանագրության նախագիծը Կոմիտեի պատասխանատու քարտուղարի կողմից ուղարկվելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Կոմիտեի պատասխանատու քարտուղարը Կոմիտեի անդամներից առաջարկներ ստանալու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է Կոմիտեի նիստի արձանագրության լրամշակումը՝ հաշվի առնելով ստացված առաջարկները և այն ներկայացնելը Կոմիտեի նախագահի ստորագրմանը:
Կոմիտեի նիստի արձանագրությունը Կոմիտեի նախագահն ստորագրում է Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում։
25. Այն դեպքում, երբ Կոմիտեի անդամը Կոմիտեի կողմից քննարկվող հարցի առնչությամբ ունի հատուկ կարծիք, այն շարադրվում է գրավոր և կցվում է Կոմիտեի նիստի արձանագրությանը:
Կոմիտեի անդամների ներկայացված առաջարկները չեն կարող դիտարկվել որպես անդամ պետությունների վերջնական դիրքորոշում:
Կոմիտեի նիստի արձանագրությանը կարող են կցվել նաև Հանձնաժողովի ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկները, տեղեկատվական և վերլուծական նյութերն ու համապատասխան հիմնավորումները:
26. Կոմիտեի նախագահի կողմից արձանագրությունը ստորագրելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեի պատասխանատու քարտուղարն ապահովում է Կոմիտեի նիստի արձանագրության պատճենների ուղարկումն անդամ պետությունների կառավարություններ, ինչպես նաև Կոմիտեի անդամներին և այն լիազորված մարմիններ, որոնց իրավասությանն են վերապահված Կոմիտեի նիստին քննարկված հարցերը։ Կոմիտեի նախագահի հրավերով՝ Կոմիտեի նիստին մասնակցած անձանց կարող է ուղարկվել Կոմիտեի նիստի արձանագրության պատճենը կամ դրա քաղվածքը:
Պատասխանատու քարտուղարն ապահովում է Կոմիտեի նիստի արձանագրության տեղադրումը Միության պաշտոնական կայքում՝ «Խորհրդատվական կոմիտե» բաժնում:
Կոմիտեի նիստերի արձանագրությունները պահվում են Կոմիտեի պատասխանատու քարտուղարի մոտ:
27. Կոմիտեի նիստերին Կոմիտեի անդամների և Կոմիտեի անդամ չհանդիսացող լիազորված մարմինների ներկայացուցիչների մասնակցության հետ կապված ծախսերը հոգում են նրանց ուղարկող լիազորված մարմինները:
Կոմիտեի նիստերին գործարար համայնքների, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, այլ անկախ փորձագետների մասնակցության հետ կապված ծախսերը նշված անձինք հոգում են ինքնուրույն:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական: