ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՄԿՐՏՉՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 40662/16)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
6 նոյեմբերի 2025թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Անդրեաս Զունդ [Andreas Zünd]՝ Նախագահ,
Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy],
Վահե Գրիգորյան [Vahe Grigoryan]՝ դատավորներ,
և Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն՝ 1984 թվականին ծնված և Տաշիր քաղաքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Կարեն Մկրտչյանի (դիմումատու) կողմից, որին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Ա. Գրիգորյանը, ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2016 թվականի հուլիսի 8-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 40662/16),
գանգատի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու մասին որոշումը, որին ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը,
Կառավարության դիտարկումները,
գանգատը Կոմիտեի կողմից քննության առնելու վերաբերյալ Կառավարության առարկությունը մերժելու մասին որոշումը,
2025 թվականի հոկտեմբերի 9-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Սույն գործը վերաբերում է իրավական որոշակիության սկզբունքի ենթադրյալ խախտմանը՝ կապված դիմումատուի օգտին կայացված վերջնական վճռի բեկանման հետ։ Նա բողոք է ներկայացրել՝ համաձայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի։
2. 2013 թվականին դիմումատուն, որն այդ ժամանակ գործող փաստաբան էր, Լ.Ա.-ի հետ կնքված իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա ստանձնել է Լ.Ա.-ի եղբորը ներկայացնելու դերը վերջինիս դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակներում։
3. 2014 թվականի հոկտեմբերին Լ.Ա.-ն քաղաքացիական հայց է ներկայացրել՝ դիմումատուից 400 000 ՀՀ դրամ (որն այդ պահի դրությամբ համարժեք էր մոտավորապես 770 եվրոյի) կանխավճարի վերադարձի պահանջով՝ պնդելով պայմանագրի խախտման մասին (Լ.Ա.-ն պնդում էր, որ դիմումատուն պետք է ներկայացներ իր եղբորը նաև դատական փուլում, մինչդեռ դիմումատուն պնդում էր, որ պայմանագիրը նախատեսում էր իրավաբանական ներկայացուցչություն միայն մինչդատական փուլում)։
4. 2014 թվականի հոկտեմբերի 23-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը (Վարչական շրջանի դատարան) ստանձնել է գործի քննությունը։
5. 2015 թվականի փետրվարի 20-ի՝ նույն օրը հրապարակված վճռով Վարչական շրջանի դատարանը մերժել է Լ.Ա.-ի հայցը՝ գտնելով, որ դիմումատուն կատարել է պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները։ Այդ վճիռը ենթական էր բողոքարկման այն հրապարակվելուց հետո մեկ ամսվա ընթացքում։ Կողմերից որևէ մեկը վերաքննիչ բողոք չի ներկայացրել վճռի դեմ, և 2015 թվականի մարտի 23-ին այն դարձել է վերջնական։
6. 2015 թվականի հունիսի 30-ին Լ.Ա.-ն վերաքննիչ բողոք է ներկայացրել Վարչական շրջանի դատարանի 2015 թվականի փետրվարի 20-ի վճռի դեմ (տե՛ս վերևում՝ 5-րդ պարբերությունը): Լ.Ա.-ն իր վերաքննիչ բողոքին զուգահեռ պահանջել է վերականգնել վերաքննիչ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետը՝ նշելով, որ այն ժամանակահատվածում, երբ վճռի դեմ հնարավոր էր բողոքարկել, նա անաշխատունակ էր և միաժամանակ ունեցել էր բարդ հղիություն։ Այդ պահանջը հիմնավորելու նպատակով Լ.Ա.-ն ներկայացրել էր անաշխատունակության վերաբերյալ երկու տեղեկանք (հիվանդության արձակուրդի թերթիկ)՝ առաջինը՝ տրված մանկաբույժի կողմից՝ 2015 թվականի մարտի 2-ից 13-ն ընկած ժամանակահատվածի համար (այլ անձի խնամելու նպատակով), և երկրորդը՝ տրված ծննդատան կողմից՝ 2015 թվականի մարտի 23-ից օգոստոսի 9-ն ընկած ժամանակահատվածի համար (ծննդաբերության արձակուրդ)։
7. 2015 թվականի հուլիսի 14-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը (Վերաքննիչ դատարան) բավարարել է ժամկետը վերականգնելու մասին Լ.Ա.-ի պահանջը և ընդունել է նրա վերաքննիչ բողոքը քննության՝ մասնավորապես հղում կատարելով նախկին Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածին (գործել է մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը)։ Վերաքննիչ դատարանը գործը քննության ընդունելիս նշել է, որ այն ժամանակահատվածում, երբ վճիռը ենթակա էր բողոքարկման, Լ.Ա.-ն անաշխատունակ էր, նախ՝ հիվանդ անձի խնամքի, ապա նրա հղիության պատճառով, ինչն օբյեկտիվորեն զրկել էր նրան ժամանակին վերաքննիչ բողոք ներկայացնելու հնարավորությունից։
8. 2015 թվականի հուլիսի 16-ին Լ.Ա.-ն Վերաքննիչ դատարանին ներկայացրել է նույն օրը ծննդատան կողմից տրված տեղեկանք, ըստ որի՝ 2014 թվականի նոյեմբերից նա գտնվել է նախածննդյան խնամքի տակ, ծննդաբերել է 2015 թվականի մայիսին, և նրան տրամադրվել է անաշխատունակության մասին երկու տեղեկանք՝ 2015 թվականի մարտի 23-ից օգոստոսի 9-ի և 2015 թվականի օգոստոսի 10-ից 24-ի համար։
9. 2015 թվականի հոկտեմբերի 9-ին Վերաքննիչ դատարանը բեկանել է 2015 թվականի փետրվարի 20-ի Վարչական շրջանի դատարանի վճիռը (տե՛ս վերևում՝ 5-րդ պարբերությունը) և գործն ուղարկել նույն դատարան՝ կրկնակի քննության։
10. 2015 թվականի նոյեմբերի 9-ին դիմումատուն վճռաբեկ բողոք է ներկայացրել 2015 թվականի հոկտեմբերի 9-ի Վերաքննիչ դատարանի որոշման դեմ՝ պնդելով, որ այն կայացվել է res judicata (օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կրկնակի քննության արգելքի) սկզբունքի խախտմամբ։
11. 2015 թվականի դեկտեմբերի 2-ին Վճռաբեկ դատարանը մերժել է բողոքարկման իրավունք շնորհել դիմումատուին։
12. 2016 թվականի հունվարի 26-ին Վարչական շրջանի դատարանը գործը վարույթ է ընդունել։
13. 2016 թվականի հունիսի 17-ին Վարչական շրջանի դատարանում անցկացվել է նիստ, որի ընթացքում ներկա են գտնվել դիմումատուն և նրա ներկայացուցիչը և ներկայացրել են իրենց փաստարկները։ Հաջորդ նիստը նշանակվել է 2016 թվականի հունիսի 28-ին։
14. 2016 թվականի հունիսի 27-ին դիմումատուն Վարչական շրջանի դատարանից պահանջել է հետաձգել վարույթը, քանի որ նա մտադիր էր հակընդդեմ հայց ներկայացնել Լ.Ա.-ի դեմ՝ իրավաբանական ծառայությունների համար իրեն վճարման ենթակա գումարները գանձելու նպատակով, և նա ստիպված էր սպասել նույն օրը իր կողմից կատարված տարբեր հարցումների պատասխաններին։
15. 2016 թվականի հունիսի 28-ին Վարչական շրջանի դատարանն ավարտել է գործի քննությունը, իսկ 2016 թվականի հուլիսի 8-ին կայացրել է վճիռ, որով բավարարել է Լ.Ա.-ի հայցը (տե՛ս վերևում՝ 3-րդ պարբերությունը)։
16. Դիմումատուի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի շրջանակներում Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Վարչական շրջանի դատարանի վճիռը։ Դիմումատուի կողմից ներկայացված բողոքին ի պատասխան, որը վերաբերում էր Վարչական շրջանի դատարանի մերժմանը՝ հետաձգելու 2016 թվականի հունիսի 28-ի նիստը (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը)՝ նրան ապացույցներ հավաքելու և հակընդդեմ հայց ներկայացնելու հնարավորություն ընձեռելու նպատակով, Վերաքննիչ դատարանը նշել է, որ դիմումատուն ունեցել է բավարար հնարավորություն փաստարկներ ներկայացնելու, ապացույցներ հավաքելու և հակընդդեմ հայց ներկայացնելու՝ Վարչական շրջանի դատարանի կողմից գործը վարույթ ընդունելու պահից մինչև վերջին նիստը, այսինքն՝ 2016 թվականի հունիսի 28-ը, սակայն նա դա չի արել: Վերաքննիչ դատարանը նշել է այն հանգամանքը, որ Վարչական շրջանի դատարանն արդեն մեկ անգամ հետաձգել էր նիստը դիմումատուի պահանջով, ինչպես նաև նա և նրա ներկայացուցիչը, չնայած պատշաճ կերպով ծանուցված լինելու հանգամանքին, 2016 թվականի հունիսի 28-ին չէին ներկայացել նիստին։ Քանի որ վարույթի կողմերից ակնկալվել է իրենց դատավարական իրավունքներն իրացնել բարեխղճորեն, չի կարելի ասել, որ Վարչական շրջանի դատարանը գործել է կամայականորեն՝ հրաժարվելով իրացնել տվյալ նիստը հետաձգելու իր հայեցողական լիազորությունը։
17. 2016 թվականի դեկտեմբերի 14-ին Վճռաբեկ դատարանը մերժել է բողոքարկման իրավունք շնորհել դիմումատուին։
ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
18. Դիմումատուն բողոքել է, որ 2015 թվականի փետրվարի 20-ի վերջնական վճռի բեկանմամբ խախտվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված իրավական որոշակիության սկզբունքը։
19. Դատարանը նշում է, որ սույն բողոքը ո՛չ ակնհայտ անհիմն է, ո՛չ էլ անընդունելի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի ,աե ենթակետում նշված որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
20. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված արդար լսումներ անցկացնելու իրավունքը, որը մեկնաբանվում է օրենքի գերակայության և իրավական որոշակիության սկզբունքների լույսի ներքո, ներառում է պահանջ, որ այն դեպքում, երբ դատարանները հարցի վերաբերյալ վերջնական որոշում են կայացրել, նրանց որոշումը չպետք է կասկածի տակ դրվի (տե՛ս Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Brumărescu v. Romania [GC]] գործը, թիվ 28342/95, § 61, ՄԻԵԴ 1999-VII): Այս սկզբունքից շեղումն արդարացված է միայն այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունն առկա է էական և պարտադիր բնույթի հանգամանքներից ելնելով, ինչպիսին է էական թերությունը, կամ արդարադատության սխալ իրականացումն ուղղելու նպատակով (տե՛ս Կարեն Պողոսյանն ընդդեմ Հայաստանի [Karen Poghosyan v. Armenia], թիվ 62356/09, § 44, 2016 թվականի մարտի 31, և Տիգրակն ընդդեմ Թուրքիայի [Tığrak v. Turkey] թիվ 70306/10, § 48, 2021 թվականի հուլիսի 6, գործերը, համապատասխան նախադեպային իրավունքի սկզբունքների հակիրճ նկարագրության համար)։ Այն գործերում, որտեղ խոսքը վերաբերում է իրավական որոշակիության սկզբունքին, Դատարանը շեշտել է, որ res judicata սկզբունքը հարգելը պարտադիր է, քանի որ ապահովելով վճիռների վերջնականությունը և վարույթի կողմերի իրավունքները՝ այն նպաստում է դատական համակարգի կայունությանը և դատարանների նկատմամբ հանրային վստահությանը (տե՛ս Գուդմունդուր Անդրի Աստրադսոնն ընդդեմ Իսլանդիայի [ՄՊ][Guðmundur Andri Ástráðsson v. Iceland [GC]] գործը, թիվ 26374/18 , § 238, 2020 թվականի դեկտեմբերի 1)։
21. Ընդունելով Լ.Ա.-ի կողմից ուշ ներկայացված վերաքննիչ բողոքը՝ Վերաքննիչ դատարանը հղում էր կատարել նախկին Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածին, որը դատարանին թույլ էր տալիս կողմի պահանջի հիման վրա վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետը, եթե դատարանը ժամկետը բաց թողնելու հիմքերը համարում էր վավեր։ Դատարանը որոշել է ընդունել Լ.Ա.-ի ժամկետանց վերաքննիչ բողոքը քննության համար (տե՛ս վերևում՝ 7-րդ պարբերությունը), ինչն ի վերջո հանգեցրել է դիմումատուի օգտին կայացված վերջնական վճռի բեկանմանը և գործի նոր քննությանը՝ դիմումատուի համար ոչ նպաստավոր ելքով (տե՛ս վերևում՝ 9-րդ և 15-17-րդ պարբերությունները)։ Այդ կերպ Վերաքննիչ դատարանն ընդունել է Լ.Ա.-ի այն փաստարկը, ըստ որի՝ վճռի հրապարակումից հետո նա չի կարողացել մեկամսյա ժամկետի ընթացքում վերաքննիչ բողոք ներկայացնել, քանի որ խնդրո առարկա ժամանակահատվածում նա եղել է անաշխատունակ (հիվանդ անձի խնամելու պատճառով) և միաժամանակ ունեցել է բարդ հղիություն (տե՛ս վերևում՝ 5-րդ և 6-րդ պարբերությունները)։
22. Թեև սովորական բողոքարկման ժամկետի վերականգնումը կամ երկարաձգումը սկզբնապես թողնված է ներպետական դատարանների հայեցողությանը, այդպիսի հայեցողությունն անսահմանափակ չէ: Դատարաններից յուրաքանչյուր դեպքում պահանջվում է նշել իրենց կողմից կայացված որոշման հիմքերը, ինչպես նաև ստուգել՝ արդյո՞ք բողոքարկման ժամկետի վերականգնման հիմքերը կարող են արդարացնել res judicata սկզբունքի խախտումը, հատկապես, երբ ներպետական օրենսդրությունը թե՛ ժամանակի, թե՛ ժամկետների վերականգնման հիմքերի առումով չի սահմանափակում դատարանների հայեցողությունը (տե՛ս mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Պոնոմարյովն ընդդեմ Ուկրաինայի [Ponomaryov v. Ukraine], թիվ 3236/03, §§ 41-42, 2008 թվականի ապրիլի 3, և Բեզրուկովաներն ընդդեմ Ռուսաստանի [Bezrukovy v. Russia] թիվ 34616/02, §§ 33-44, 2012 թվականի մայիսի 10):
23. 2015 թվականի փետրվարի 20-ի վճիռը, որը դարձել էր վերջնական 2015 թվականի մարտի 23-ին, ենթակա էր բողոքարկման այն հրապարակելու ամսաթվից հետո մեկ ամսվա ընթացքում, այսինքն՝ մինչև 2015 թվականի մարտի 20-ը (տե՛ս վերևում՝ 5-րդ պարբերությունը)։ Լ.Ա.-ն վերաքննիչ բողոք է ներկայացրել վճռի դեմ 2015 թվականի հունիսի 30-ին (տե՛ս վերևում՝ 6-րդ պարբերությունը)։
24. Վերաքննիչ դատարանը չի ներկայացրել պատճառաբանություններ Լ.Ա.-ի այն փաստարկն ընդունելու համար, որ նա հնարավորություն չի ունեցել ժամանակին ներկայացնելու վերաքննիչ բողոք. փաստարկ, որը հիմնականում հիմնավորված էր հիվանդության արձակուրդի թերթիկով՝ կապված նրա կողմից այլ անձի խնամելու հետ՝ 2015 թվականի մարտի 2-ից 13-ը ներառյալ (ծննդատան կողմից տրված բժշկական տեղեկանքները վերաբերում էին 2015 թվականի մարտի 23-ին հաջորդող ժամանակահատվածին, երբ վճիռն արդեն դարձել էր վերջնական)։ Այսպիսով, այն հանգամանքներում, երբ տվյալ հիվանդության արձակուրդի թերթիկն ընդգրկում էր վերաքննիչ բողոք ներկայացնելու մեկամսյա ժամկետի տասնմեկ օրը, Վերաքննիչ դատարանը չի ներկայացրել որևէ պատճառաբանություն՝ եզրակացնելու համար, որ Լ.Ա.-ի կողմից տվյալ հիվանդության արձակուրդի թերթիկով նախատեսված ժամկետից առաջ կամ հետո վերաքննիչ բողոք չներկայացնելն արդարացված էր:
25. Այսպիսով, Դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը չի կատարել իր պարտականությունը՝ պարզելու, թե արդյոք եղել են բավարար հիմքեր՝ ժամկետանց վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելն արդարացնելու համար (տե՛ս, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Կարեն Պողոսյանի գործը, § 50)։
26. Ելնելով վերոնշյալից՝ Դատարանը եզրակացնում է, որ վարույթ ընդունելով Լ.Ա.-ի կողմից ներկայացված՝ Վարչական շրջանի դատարանի 2015 թվականի փետրվարի 20-ի վճռի դեմ բերված ժամկետանց վերաքննիչ բողոքը՝ Վերաքննիչ դատարանն էական և պարտադիր բնույթ կրող հիմքեր չի ապահովել և այդպիսով, խախտել է իրավական որոշակիության սկզբունքը՝ Կոնվենցիայի 6 րդ հոդվածի 1-ին կետի խախտմամբ:
27. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։
II. ՄՅՈՒՍ ԲՈՂՈՔՆԵՐԸ
28. Դիմումատուն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակներում նաև բողոք է ներկայացրել Վարչական շրջանի դատարանի մերժման վերաբերյալ՝ հետաձգելու 2016 թվականի հունիսի 28-ի նիստը, որպեսզի նա կարողանա ներկայացնել հակընդդեմ հայց (տե՛ս վերևում՝ 14-րդ և 15-րդ պարբերությունները)՝ պնդելով, որ արդյունքում նա զրկվել է դատարանի մատչելիության իրավունքից, և խախտվել է կողմերի հավասարության սկզբունքը։
29. Դատարանը գանգատն այդ մասով քննության է առել և համարել, որ հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը և այնքանով, որքանով բողոքների հիմքում ընկած հարցերի քննությունն իր իրավասության սահմաններում է, այդ բողոքները կա՛մ չեն համապատասխանում Կոնվենցիայի 34-րդ և 35-րդ հոդվածներով սահմանված ընդունելիության չափանիշներին, կա՛մ դրանցով չի բացահայտվում Կոնվենցիայով կամ դրան կից արձանագրություններով ամրագրված իրավունքների և ազատությունների խախտման որևէ հատկանիշ:
30. Այստեղից հետևում է, որ գանգատն այդ մասով ենթակա է մերժման՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի ,աե ենթակետին և 4-րդ կետին համապատասխան։
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
31. Դիմումատուն արդարացի փոխհատուցման պահանջ սահմանված ժամկետի ընթացքում չի ներկայացրել։ Ըստ այդմ, Դատարանը գտնում է, որ այդ կապակցությամբ վերջինիս որևէ գումար շնորհելու հիմքեր առկա չեն։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է իրավական որոշակիության սկզբունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ բողոքն ընդունելի, իսկ գանգատի մնացած մասը՝ անընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
./..
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2025 թվականի նոյեմբերի 6-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3 րդ կետերի։
|
Մարտինա Կելլեր`
Բաժանմունքի քարտուղարի տեղակալ |
Անդրեաս Զունդ՝
Նախագահ |