ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/3667/02/22 2025 թ. | ||||||
|
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/3667/02/22 |
|||||||
| |||||||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
|
նախագահող |
Գ. Հակոբյան | |
| զեկուցող |
Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա. ՄկրտչՅԱՆ Է. Սեդրակյան | |
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2025 թվականի նոյեմբերի 26-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Լաուրա Նալբանդյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյանի (այսուհետ՝ Կառավարիչ) հայցի ընդդեմ Սմբատ Նալբանդյանի` պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.11.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Կառավարչի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Կառավարիչը պահանջել է Լաուրա Նալբանդյանի մասով անվավեր ճանաչել վերջինիս և նրա հոր՝ նվիրառու Սմբատ Նալբանդյանի միջև 14.12.2019 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրն ու որպես անվավերության հետևանք՝ այդ մասով անվավեր ճանաչել *******1 բնակարանի նկատմամբ նվիրառու Սմբատ Նալբանդյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 20.02.2023 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.08.2023 թվականի որոշմամբ Կառավարչի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 20.02.2023 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.11.2023 թվականի որոշմամբ Սմբատ Նալբանդյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 05.08.2024 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 27.09.2024 թվականի որոշմամբ Կառավարչի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է։
Վերաքննիչ դատարանի 05.11.2024 թվականի որոշմամբ Կառավարչի բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կառավարիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ ու 371-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը գտել է, որ վերաքննիչ բողոքը կրկին ներկայացվել է 30.10.2024 թվականին, այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, սակայն նշված պատճառաբանությունն անհիմն է և չի համապատասխանում իրականությանը, քանի որ վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելիս ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտում թույլ չի տրվել։ Մասնավորապես՝ վերաքննիչ բողոքը կրկին ներկայացվել է ոչ թե 30.10.2024 թվականին, ինչպես արձանագրվել է բողոքարկվող դատական ակտում, այլ բողոքը փոստային ծառայության միջոցով Վերաքննիչ դատարանին հանձնվել է վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար նախատեսված ժամկետի ընթացքում՝ 28.10.2024 թվականին, որպիսի փաստն անտեսվել և հաշվի չի առնվել Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ իր կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կանոնների խախտում, այն է՝ վերաքննիչ բողոքին կրկին կցված չէ վերաքննիչ բողոքի էլեկտրոնային կրիչը, սակայն այդ պնդումը ևս անհիմն է, քանի որ վերաքննիչ բողոքին կցվել է բողոքի էլեկտրոնային կրիչը, իսկ հակառակն ապացուցող որևէ փաստ առկա չէ: Այդ մասին է վկայում նաև այն, որ Վերաքննիչ դատարանի աշխատակազմից չի ստացվել վերաքննիչ բողոքում առկա թերությունների մասին արձանագրություն, ինչպես որ եղել է վերաքննիչ բողոքն սկզբնապես ներկայացնելուց հետո:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 05.11.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1‑ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1‑ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6‑րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 80-րդ հոդվածի համաձայն` hիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ նույն գլխում [Սահմանադրության 2-րդ գլուխ] ամրագրված դրույթների էությունն անխախտելի է:
Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (…), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք(տե՛ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է բոլոր անձանց քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին վերաբերող յուրաքանչյուր պահանջ դատարանին ներկայացնելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է «դատարանի իրավունքը», որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից, և որի սահմանափակումը դատարանների կողմից՝ ընթացակարգային օրենքների զուտ խիստ մեկնաբանման հետևանքով, կառաջացնի իրավունքի խախտում, ու անձի այդ իրավունքը կկրի վերացական բնույթ, հետևաբար՝ քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում, ինչի արդյունքում առհասարակ արժեզրկվում են այդ վարույթի արդար, հրապարակային և արագ քննության բնորոշումները: Ընդ որում, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի նպատակը ոչ թե տեսական կամ վերացական, այլ գործնական և արդյունավետ իրավունքների երաշխավորումն է: Դա, մասնավորապես, վերաբերում է դատարան դիմելու իրավունքին` նկատի ունենալով այն զգալի դերը, որ արդար դատաքննության իրավունքն իրականացնում է ժողովրդավարական հասարակությունում (տե՛ս Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով (թիվ 28249/95 գանգատ) Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52-56, Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (թիվ 4451/70 գանգատ) Եվրոպական դատարանի 21.02.1975 թվականի վճիռը, կետ 34):
Ըստ Եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքը չի ներառում վերաքննության իրավունքը։ Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հետևողականորեն արտահայտվում է այն սկզբունքային իրավական դիրքորոշումը, որի համաձայն՝ Կոնվենցիան պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե ստեղծվել են, ապա պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում ևս օգտվեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի երաշխիքներից (տե՛ս Ստարոշչկն ընդդեմ Լեհաստանի գործով (թիվ 59519/00 գանգատ) Եվրոպական դատարանի 22.03.2007 թվականի վճիռը, կետ 125)։
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը (տե՛ս Էշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (թիվ 8225/78 գանգատ) Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (թիվ 18139/91 գանգատ) Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59):
Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6‑րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն` գործնական և արդյունավետ իրավունքների երաշխավորման ապահովմամբ (տե՛ս Ալ‑Ադսանին ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (թիվ 35763/97 գանգատ) Եվրոպական դատարանի 21.11.2001 թվականի վճիռը, կետ 53, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով (թիվ 34791/97 գանգատ) Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 35, 36, Ռապոն ընդդեմ Ֆրանսիայի գործով (թիվ 4210/00 գանգատ) Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90, «Պայքար և հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով (թիվ 21638/03 գանգատ) Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, կետ 44):
Միաժամանակ Եվրոպական դատարանը նշել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է դատարան դիմելու արդյունավետ իրավունքը, այնուամենայնիվ, պետության հայեցողությանն է թողնված նշված նպատակի համար անհրաժեշտ միջոցների ընտրության հարցը (տե՛ս Էյրին ընդդեմ Իռլանդիայի գործով (թիվ 6289/73 գանգատ) Եվրոպական դատարանի 09.10.1979 թվականի վճիռը, կետ 26):
Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին ու խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս Դումիտրու Գեորգն ընդդեմ Ռումինիայի գործով (թիվ 33883/06 գանգատ) Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
Եվրոպական դատարանը մեկ այլ գործով արձանագրել է, որ պետության կողմից սահմանված՝ բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայց և այնպես այդ կանոններն ու դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս Մագոմեդովը և մյուսներն ընդդեմ Ռուսաստանի գործով (թիվ 33636/09 գանգատ) Եվրոպական դատարանի 28.03.2017 թվականի վճիռը, կետ 87):
Սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ`
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:
Սահմանադրական դատարանը 09.04.2007 թվականի թիվ ՍԴՈ-690 որոշմամբ նշել է նաև, որ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ՝ օրենսդրորեն նախատեսված, հստակ, և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն:
Նախկինում կայացրած որոշումներում ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը ( տե՛ս, ի թիվս այլնի, «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ն ընդդեմ «ՍԱԳ» Արտադրական կոոպերատիվի թիվ ԵԴ/17246/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.10.2023 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը ( տե՛ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին (մասնավորապես` Բելլեն ընդդեմ Ֆրանսիայի գործով (թիվ23805/94 գանգատ) 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի գործով (թիվ 25083/05 գանգատ) 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25), փաստել է, որ որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (տե՛ս «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերությունն ընդդեմ Մհեր Մուրադյանի թիվ ԿԴ1/2503/03/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.05.2019 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով կիրառման ենթակա իրավական նորմերը և սույն գործի փաստերը դիտարկել վերը շարադրված ելակետային դրույթների ու դիրքորոշումների լույսի ներքո։ Այսպես՝
Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդիրը, դատական ակտերի բողոքարկման ինստիտուտը դիտարկելով որպես դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխիք, այդուհանդերձ սահմանել է բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ: Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Դատական ակտերի բողոքարկումը վերաքննության կարգով» վերտառությամբ 53-րդ գլխում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրացման կարգը և պայմանները սահմանելու հետ միաժամանակ ամրագրվել են ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու, ընդունումը մերժելու ու վարույթ ընդունելու հիմքերը: Այսինքն, օրենսդիրը սահմանել է այն իրավական հետևանքները, որոնք վրա են հասնում կախված այն հանգամանքից, թե որքանով է վերաքննիչ բողոք բերած անձն իր վերաքննիչ բողոքարկման իրավունքն իրականացրել օրենքին համապատասխան: Ըստ այդմ էլ՝ ներկայացված վերաքննիչ բողոքի նկատմամբ կարող են կայացվել տարբեր դատավարական հետևանքներ առաջացնող որոշումներ, այն է՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում, վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում կամ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում (տե՛ս «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը և մյուսներն ընդդեմ Նանե Իսրայելյանի թիվ ԵԴ2/15602/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.12.2024 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատավարության մասնակիցները և այլ անձինք նույն օրենսգրքով նախատեսված գրավոր փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, հայցադիմումի պատասխան, միջնորդություն և այլն) կարող են դատարան ներկայացնել առձեռն, էլեկտրոնային եղանակով կամ փոստով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատավարական ժամկետը համարվում է պահպանված, եթե հայցադիմումը, դիմումը, հայցադիմումի պատասխանը, բողոքը, այլ փաստաթղթերը կամ դրամական միջոցները համապատասխանաբար հանձնվել են փոստ, փոխանցվել կամ ներկայացվել են համապատասխան մարմին կամ դրանք ընդունելու լիազորություն ունեցող անձին մինչև դատավարական ժամկետի վերջին օրվա ժամը 24.00-ն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝բողոքին կցվում են (…) վերաքննիչ բողոքի էլեկտրոնային կրիչը: (…)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1‑ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368‑րդ հոդվածի պահանջները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1‑ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, կամ բողոքը ներկայացրել է նույն օրենսգրքի 371‑րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, (…)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, (…) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների և իրավակարգավորումների համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատաընթացակարգային նորմերը կարող են պարունակել բողոքարկման իրավունքի իրացման ու բողոքի ըստ էության քննության հասնելու համար ինչպես ժամկետային, այնպես էլ ձևական ընթացակարգային պահանջներ և սահմանափակումներ, ինչը համատեղելի է Սահմանադրությամբ ու Կոնվենցիայով երաշխավորված անձի արդար դատաքննության իրավունքի իրացման հետ, եթե նման սահմանափակումների առկայությունն անհրաժեշտ է իրավունքի իրացման համար, իրագործելի և ողջամիտ է ու իր ծանրությամբ չի հանգեցնում իրավունքի էության խախտմանը՝ ապահովելով արդարադատության պատշաճ իրականացումը և իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանությունը։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատաընթացակարգային նորմերի խախտումն առաջացնում է օրենքով հստակ կանխորոշված հետևանք, այն է՝ վերաքննության կարգով բողոքարկման պարագայում հանգեցնում է վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշման կայացմանը, ինչի արդյունքում սահմանափակվում է բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոքի ըստ էության քննության հասնելու հնարավորությունը, այնուհանդերձ բողոքարկման իրավունքի նման սահմանափակումն իրավաչափ է միայն այն պարագայում, երբ պարտադիր պահպանման ենթակա ընթացակարգային պահանջները պարզ և հասանելի են բողոք բերած անձի համար, իսկ դրանց խախտման արդյունքում վրա հասնող հետևանքները՝ կանխատեսելի։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործին մասնակցող անձի բողոքարկման իրավունքի սահմանափակումը, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով բողոքարկման իրավունքի իրացման համար անհրաժեշտ ժամկետային և (կամ) ձևական պահանջների չպահպանման հետևանքն է, կարող է վրա հասնել և իրավաչափ համարվել միայն այն պարագայում, երբ բողոք ներկայացրած անձն իրապես թույլ է տվել ընթացակարգային նորմերի խախտում, ինչն էլ իր հերթին հիմնավոր կերպով ներկայացվել է դրա արդյունքում կայացվող դատական ակտում։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ դիմելով դատարան` Կառավարիչը պահանջել էԼաուրա Նալբանդյանի մասով անվավեր ճանաչել վերջինիս և նրա հոր՝ նվիրառու Սմբատ Նալբանդյանի միջև 14.12.2019 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրն ու որպես անվավերության հետևանք՝ այդ մասով անվավեր ճանաչել *******2 նկատմամբ նվիրառու Սմբատ Նալբանդյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Դատարանի 05.08.2024 թվականի վճռով հայցը մերժվել է (հատոր 3-րդ, գ.թ. 60-75)։
Կառավարչի կողմից 04.09.2024 թվականին Դատարանի վերը նշված վճռի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք (հատոր 4-րդ, գ.թ. 6-9)։
Վերաքննիչ դատարանը 27.09.2024 թվականի որոշմամբ պատճառաբանելով, որ «Տվյալ դեպքում, ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կանոնների` վերաքննիչ բողոքին կցված չէ բողոքը պատասխանող Սմբատ Նալբանդյանին ուղարկելու վերաբերյալ ապացույցը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի էլեկտրոնային կրիչը (հիմք՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի գրասենյակի պետ Դ. Ջոլոխովայի և գրասենյակի առաջատար մասնագետ Գ. Մելքոնյանի կողմից կազմված 06.09.2024թ. արձանագրություն)` վերադարձրել է Կառավարչի բերած վերաքննիչ բողոքը՝ արձանագրելով, որ «Բողոքում թույլ տված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացվելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը» (հատոր 4-րդ, գ.թ. 17, 18)։
Նշված որոշումը Կառավարչի կողմից ստացվել է 08.10.2024 թվականին (հիմք՝ թիվ «LO124682823AM» փոստային ծածկագիրը կրող ստացման ծանուցագիր) (հատոր 4-րդ, գ.թ. 20)։
30.10.2024 թվականին Վերաքննիչ դատարան է մուտքագրվել Կառավարչի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը (հատոր 4-րդ, գ.թ. 23-28)։
Վերաքննիչ դատարանի 05.11.2024 թվականի որոշմամբ Կառավարչի բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «Տվյալ դեպքում հայցվոր Լաուրա Նալբանդյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյանը Վերաքննիչ դատարանի 27.09.2024թ. որոշումը ստացել է 08.10.2024թ., մինչդեռ վերաքննիչ բողոքը կրկին ներկայացվել է 30.10.2024թ.՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, ինչպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը եզրակացնում է, որ վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման: (…) Տվյալ դեպքում, ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կանոնների` վերաքննիչ բողոքին կրկին կցված չէ վերաքննիչ բողոքի էլեկտրոնային կրիչը: Այս պայմաններում նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի 27.09.2024թ. որոշմամբ մատնանշված խախտումը բողոք ներկայացրած անձի կողմից չի վերացվել, ինչպես նաև վերաքննիչ բողոքը կրկին ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ՝ Վերաքննիչ դատարանը եզրակացնում է, որ վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման»։
Կառավարիչը Վերաքննիչ դատարանի 05.11.2024 թվականի որոշման դեմ ներկայացրել է վճռաբեկ բողոք։ Ներկայացված վճռաբեկ բողոքին կցվել է թիվ «LO125057662AM»փոստային ծածկագիրը կրող փոստային անդորրագիրը, որում որպես ստացող նշված է «ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ», և նշված փոստային անդորրագիրը թվագրված է 28.10.2024 ամսաթվով։
Ի պատասխան Կառավարչի ներկայացուցիչ Արմեն Դավթյանի դիմումի՝ Վերաքննիչ դատարանի աշխատակազմը 26.02.2025 թվականի թիվ ԴԴ-Ա-2-4589 գրությամբ հայտնել է, որ «(…) Ըստ «Հայաստանի Հանրապետության դատական համակարգ» ծրագրի ուսումնասիրության, Լաուրա Նալբանդյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյանի ներկայացուցիչ Արմեն Դավթյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոքի շտկում և բողոքների էլեկտրոնային մատյանում նշվել է որ կցվում է էլեկտրոնային կրիչ։ Վերաքննիչ բողոքի շտկումը ստացվել է 30.10.2024 թվականին Հայփոստ ծառայության միջոցով (հիմք՝ 29.10.2024թ առաքանիների ցուցակում նշված LO125057662AM գծանիշ կոդի) (…)»:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով սույն գործի փաստերին և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի 05.11.2024 թվականի որոշման ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Կառավարչի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է, ըստ էության, երկու հիմքով՝
1) թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5‑րդ մասով սահմանված ժամկետի խախտում, այն է՝ Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 27.09.2024 թվականի որոշումն ստացվել է 08.10.2024 թվականին, մինչդեռ վերաքննիչ բողոքը կրկին ներկայացվել է 30.10.2024 թվականին՝ սահմանված տասնհինգօրյա ժամկետի խախտմամբ.
2) թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1‑ին մասի 1-ին կետի խախտում, այն է` ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի վերաքննիչ բողոքին կրկին չի կցվել վերաքննիչ բողոքի էլեկտրոնային կրիչը։
Անդրադառնալով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու համար հիմք հանդիսացած հանգամանքներից յուրաքանչյուրին՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը.
Տվյալ դեպքում «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 27.09.2024 թվականի որոշումը Կառավարչի կողմից ստացվել է 08.10.2024 թվականին, հետևաբար կրկին վերաքննիչ բողոք կարող էր ներկայացվել մինչև 29.10.2024 թվականը ներառյալ։ Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտով արձանագրել է, որ կրկին վերաքննիչ բողոք ներկայացվել է 30.10.2024 թվականին, ինչն ինքնուրույն հիմք է հանդիսացել վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու համար։
Վճռաբեկ դատարանը, համեմատական վերլուծության ենթարկելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և գործում առկա ապացույցները, փաստում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի աշխատակազմի 26.02.2025 թվականի գրությամբ նշվել է, որ «(…) Վերաքննիչ բողոքի շտկումը ստացվել է 30.10.2024 թվականին Հայփոստ ծառայության միջոցով (հիմք՝ 29.10.2024թ առաքանիների ցուցակում նշված LO125057662AM գծանիշ կոդի) (…)», ինչից բխում է, որ վերաքննիչ բողոքը հանձնվել է փոստային ծառայությանն այն Վերաքննիչ դատարան առաքելու նպատակով, ընդ որում՝ առաքանին նշված է եղել 29.10.2024 թվականի առաքանինների ցուցակում, այսինքն՝ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքն առնվազն 29.10.2024 թվականին հանձնված է եղել փոստային ծառայությանը։ Բացի այդ, վճռաբեկ բողոքին կից ներկայացված փոստային անդորրագիրը, որը բողոք բերած անձը ներկայացրել է որպես ապացույց այն փաստի, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է փոստային առաքման միջոցով սահմանված տասնհինգօրյա ժամկետի ընթացքում, ևս կրում է թիվ «LO125057662AM»փոստային ծածկագիրը, որպիսի պարագայում նշյալ փոստային անդորրագիրը համընկնում է կրկին վերաքննիչ բողոքը փոստային ծառայության հանձնելու փաստը հաստատող և Վերաքննիչ դատարանի գրասենյակի կողմից ընդունված առաքանու հետ։ Նշված փոստային անդորրագիրը թվագրված է 28.10.2024 ամսաթվով։
Փաստերի նման դասավորվածության պարագայում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճելի է մնում Կառավարչի կողմից կրկին վերաքննիչ բողոքը 30.10.2024 թվականին ներկայացված լինելու փաստը, քանի որ ինչպես Վերաքննիչ դատարանի աշխատակազմի 26.02.2025 թվականի գրությամբ, այնպես էլ վճռաբեկ բողոքին կից ներկայացված փոստային անդորրագրով հաստատվում է, որ կրկին վերաքննիչ բողոքը Կառավարչի կողմից փոստային ծառայությանն է հանձնվել է մինչև 29.10.2024 թվականը ներառյալ, որպիսի պայմաններում վերաքննիչ բողոք ներկայացրած անձի կողմից չի խախտվել «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 27.09.2024 թվականի որոշմամբ կրկին բողոք ներկայացնելու համար սահմանված տասնհինգօրյա ժամկետը։
Նման պարագայում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը չէր կարող մերժվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5‑րդ մասով սահմանված ժամկետի խախտում թույլ տալու հիմքով, քանի որ առնվազն Վերաքննիչ դատարանի գրասենյակ ստացված փոստային առաքանին (ինչը փաստվում է հենց Վերաքննիչ դատարանի աշխատակազմի կողմից տրված գրությամբ) վկայել է այն մասին, որ կրկին բողոքը ներկայացվել է մինչև 29.10.2024 թվականը ներառյալ, այսինքն՝ «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 27.09.2024 թվականի որոշմամբ սահմանված ժամկետում։
Անդրադառնալով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու համար հիմք հանդիսացած երկրորդ հանգամանքին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, 27.09.2024 թվականին որոշում կայացնելով նաև վերաքննիչ բողոքի էլեկտրոնային կրիչը կից ներկայացված չլինելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին, Կառավարչին ըստ էության առաջադրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքից բխող՝ օրենքով սահմանված կարգով վերաքննիչ բողոքի էլեկտրոնային կրիչը բողոքին կից ներկայացնելու իրավաչափ պահանջ, որն ինքնին չի սահմանափակում անձի` դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորությունը` հաշվի առնելով, որ նման պահանջով անձի վրա չի դրվում օբյեկտիվ իրականության մեջ առկա հնարավորությունների հաշվառմամբ անիրագործելի պարտականություն: Ավելին` Վերաքննիչ դատարանը ժամկետ է սահմանել վերը նշված թերությունը վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար, ինչը ևս վերոնշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ իրավաչափ և օրենքից ածանցվող պահանջ է։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը վկայակոչված՝ նույն թիվ ԴԴ-Ա-2-4589 գրությամբ նշվել է, որ «Ըստ «Հայաստանի Հանրապետության դատական համակարգ» ծրագրի ուսումնասիրության, Լաուրա Նալբանդյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյանի ներկայացուցիչ Արմեն Դավթյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոքի շտկում և բողոքների էլեկտրոնային մատյանում նշվել է որ կցվում է էլեկտրոնային կրիչ», այսինքն՝ հավաստվել է, որ վերաքննիչ բողոքը ներկայացնելիս, ինչպես նշված է եղել վերաքննիչ բողոքի կից փաստաթղթեր ենթաբաժնում, կցված է եղել էլեկտրոնային կրիչը։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեև գործում, կրկին ներկայացված վերաքննիչ բողոքինկիցներկայացված փաստաթղթերում առկաչէվերաքննիչ բողոքիէլեկտրոնային կրիչը, այնուհանդերձ վերոնշյալ գրությամբ արձանագրված փաստն առ այն, որ բողոքը Վերաքննիչ դատարանի գրասենյակ մուտքագրելիս առկա է եղել էլեկտրոնային կրիչը, առնվազն վիճելի է դարձնում Վերաքննիչ դատարանի՝ բողոք բերած անձի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի՝ վերաքննիչ բողոքի էլեկտրոնային կրիչ կցված չլինելու հիմքով խախտում թույլ տալու վերաբերյալ կատարված եզրահանգումը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը, ինչը ենթադրում է նաև բողոքարկման իրավունքի սահմանափակում, կարող է իրավաչափ համարվել և համատեղելի լինել Սահմանադրությամբ ու Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի պաշտպանության հետ այնքան ժամանակ, քանի դեռ այդ սահմանափակումները չեն վնասում այդ իրավունքի էությանը և ձևական խոչընդոտներ չեն ստեղծում անձի կողմից դատական պաշտպանության իրավունքի իրացման համար։
Միաժամանակ, ինչպես արդեն իսկ արձանագրվեց վերը, դատաընթացակարգային նորմերով նախատեսված սահմանափակումները, որոնց կատարումն ու պահպանումը պարտադիր է բողոքարկման իրավունքի իրացման տեսանկյունից, կարող են բացասական հետևանքներ առաջացնել միայն այն պարագայում, երբ իրապես այդ խախտումները թույլ են տրվել բողոք ներկայացրած անձի կողմից։ Ընդ որում՝ նախատեսված ձևական-ընթացակարգային պահանջները պետք է հստակ և կանխատեսելի լինեն բողոք ներկայացնող անձի համար, իսկ դրանց խախտման փաստը չպետք է կասկած հարուցի՝ առաջացնելով օրենքով կանխորոշված բացասական հետևանքները։
Սույն դեպքում վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու համար հիմք հանդիսացած երկու փաստական հանգամանքներն էլ, վերը վկայակոչված դիրքորոշումների և ապացույցների գնահատման համատեքստում, մնում են վիճելի, որպիսի պարագայում բողոքարկման իրավունքի սահմանափակումը չի կարող գնահատվել իրավաչափ, իսկ նման հետևանքների կիրառման պարագայում չի ապահովվի իրավունքի և դրա սահմանափակման միջև առկա ողջամիտ հարաբերակցությունն ու համաչափությունը, ինչն էլ իր հերթին կհանգեցնի հիմնարար իրավունքի կոպտագույն խախտման։
Նման պարագայում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու համար հիմք հանդիսացող փաստական հանգամանքների վիճելի լինելու պարագայում Վերաքննիչ դատարանը պարտավոր էր առաջնորդվել անձի՝ դատարանի մատչելիության և բողոքարկման իրավունքի գործնական ու արդյունավետ իրացումն ապահովելու հրամայականով, և, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածը, կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը պետք է վարույթ ընդունվեր։
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 05.11.2024 թվականի որոշմամբ ոչ իրավաչափորեն է մերժել Կառավարչի վերաքննիչ բողոքի ընդունումը` վերջինիս զրկելով Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից՝ միաժամանակ սահմանափակելով նրա` Սահմանադրության 61-րդ և 63‑րդ հոդվածներով ու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքները: Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 05.11.2024 թվականի որոշումը ենթակա է վերացման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար: Ուստի, սույն դեպքում ենթակա է կիրառման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը վերացնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.11.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
____________________
1 Առկա է անձնական տվյալ։
2 Առկա է անձնական տվյալ։
Նախագահող Գ. հակոբյան Զեկուցող Ս. Մեղրյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա. ՄկրտչՅԱՆ Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
Է. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 փետրվարի 2026 թվական: