ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«09» հունվար 2026 թ. N 02-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԱՆԿԱԿԱՆ ՆԵՐԶԱՏԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել մանկական ներզատաբանի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
09.01.2026 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
|
Հավելված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2026 թվականի հունվար «09»-ի թիվ 02-Ն հրամանի |
ՄԱՆԿԱԿԱՆ ՆԵՐԶԱՏԱԲԱՆԻ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Մանկական ներզատաբանն իրականացնում է մասնագիտական գործունեություն մանկական ներզատաբանության ոլորտում հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:
2. Մանկական ներզատաբան կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն մանկական ներզատաբանություն մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, կլինիկական ռեզիդենտուրա) և ում կրթությունը հավաստող փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից:
3. Մանկական ներզատաբանը կրթական ծրագրերի միջոցով կարող է ձեռք բերել լրացուցիչ մասնագիտացում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։
2․ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
4․ Մանկական ներզատաբանն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.
1) Հիվանդանոցային բժշկական հաստատության մանկական ներզատաբան.
2) Առողջության առաջնային պահպանման ծառայության մանկական ներզատաբան.
3) Մանկական ներզատաբանական բաժանմունքի վարիչ.
4) Ցերեկային ստացիոնարի մանկական ներզատաբան.
5) Անհետաձգելի բժշկական օգնության բաժանմունքի մանկական ներզատաբան․
6) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն)։
3․ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
5. Բժշկական գիտելիքներ և ունակություններ. մանկական ներզատաբանը պետք է.
1) Անցկացնի էնդոկրին համակարգի հիվանդություններով կամ վիճակներով երեխայի հետազոտություն՝ ախտորոշումը հաստատելու նպատակով.
2) Տիրապետի և կարողանա իրականացնել էնդոկրին համակարգի հիվանդություններով կամ վիճակներով երեխաների բուժման նշանակումները, ապահովելով դրա արդյունավետությունն ու անվտանգությունը.
3) Տիրապետի կլինիկական ուղեցույցներով (բուժման գործելակարգերով) բժշկական օգնության տրամադրմանը, առաջնային մասնագիտացված առողջության պահպանման չափորոշիչներին․
4) Տիրապետի էնդոկրին համակարգի հիվանդություններով կամ վիճակներով երեխաներից (նրանց օրինական ներկայացուցիչներից) գանգատների և կյանքի պատմության հավաքագրման մեթոդաբանությանը.
5) Տիրապետի էնդոկրին համակարգի հիվանդություններով կամ վիճակներով պացիենտների հետազոտման մեթոդներին.
6) Իմանա էնդոկրին համակարգի անատոմիական և ֆունկցիոնալ վիճակը նորմայի և խախտումների դեպքում.
7) Տիրապետի էնդոկրին համակարգի հիվանդությունների կամ վիճակների էթոլոգիային և պաթոգենեզին.
8) Կարողանա վերլուծել էնդոկրին համակարգի հիվանդությունների կամ վիճակների ժամանակակից դասակարգումները, կլինիկական ախտանիշները.
9) Տիրապետի էնդոկրին համակարգի հիվանդությունների կամ վիճակների կլինիկական և հարկլինիկական ախտորոշման ժամանակակից մեթոդներին.
10) Տիրապետի հիվանդությունների միջազգային դասակարգմանը (ՀՄԴ).
11) Իմանա էնդոկրին համակարգի հիվանդություններով կամ վիճակներով երեխաների մոտ բարդությունների ընթացքի ախտանիշներն ու առանձնահատկությունները.
12) Իմանա բժշկական ցուցումները և հակացուցումներն էնդոկրին համակարգի հիվանդություններով կամ վիճակներով երեխաների մոտ՝ գործիքային ախտորոշման մեթոդների կիրառման համար (համաձայն բժշկական օգնության տրամադրման ընթացակարգերի, կլինիկական ուղեցույցների) և կարողանա իրականացնել խնամք։
13) Իմանա էնդոկրին համակարգի հիվանդություններով կամ վիճակներով երեխաների լաբորատոր ախտորոշման մեթոդների կիրառման բժշկական ցուցումները՝ համաձայն բժշկական օգնության տրամադրման ընթացակարգերի, կլինիկական ուղեցույցների (բուժման գործելակարգերի)՝ հաշվի առնելով բժշկական օգնության չափորոշիչները.
14) Կարողանա իրականացնել վահանաձև գեղձի գոյացությունների գնահատում և ուլտրաձայնային հսկողության ներքո բշտի կամ հանգույցի բիոպսիայի ցուցումների որոշում և կատարում.
15) Կարողանա գնահատել էնդոկրին համակարգի հիվանդությունները կամ վիճակները, որոնք պահանջում են շտապ բժշկական օգնություն.
16) Կարողանա գնահատել այլ օրգան-համակարգերի հիվանդությունները կամ վիճակները, որոնք ուղեկցվում են էնդոկրին օրգանների փոփոխություններով.
17) Տիրապետի էնդոկրին համակարգի հիվանդություններով կամ վիճակներով պացիենտների բուժման ժամանակակից մեթոդներին` համաձայն բժշկական օգնության տրամադրման ընթացակարգերի, կլինիկական ուղեցույցների (բուժման գործելակարգերի)` հաշվի առնելով բժշկական չափորոշիչները.
18) Կարողանա վերլուծել էնդոկրինոլոգիայում օգտագործվող դեղերի, բժշկական սարքերի և դիետոթերապիայի ազդեցության մեխանիզմները, բժշկական ցուցումները և հակացուցումները, հնարավոր բարդությունները, կողմնակի ազդեցությունները, անցանկալի ռեակցիաները.
19) Կարողանա վերլուծել էնդոկրին համակարգի հիվանդությունների կամ վիճակների վիրաբուժական բուժման սկզբունքներն ու մեթոդները, բժշկական ցուցումները և հակացուցումները, հնարավոր բարդությունները, կողմնակի ազդեցությունները, անցանկալի ռեակցիաները.
20) Իմանա էնդոկրին համակարգի հիվանդություններով կամ վիճակներով երեխաների նախավիրահատական պատրաստման և հետվիրահատական վարման կարգը.
21) Տիրապետի էնդոկրին համակարգի հիվանդություններով կամ վիճակներով երեխաներին շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու սկզբունքներին ու մեթոդներին, ներառյալ արտակարգ իրավիճակներում, բժշկական օգնության տրամադրման գործող ընթացակարգերին և կլինիկական ուղեցույցներին (բուժման գործելակարգերին) համապատասխան.
22) Իմանա էնդոկրին համակարգի հիվանդություններով և վիճակներով երեխաների բժշկական վերականգնման հիմունքները.
23) Կարողանա վերլուծել էնդոկրին համակարգի հիվանդություններով և վիճակներով երեխաների վերականգնողական միջոցառումների իրականացման համար բժշկական ցուցումները և հակացուցումները, ներառյալ էնդոկրին համակարգի հիվանդությունների համար հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման անհատական ծրագրերը.
24) Իմանա անաշխատունակության թերթիկների տրամադրման կարգը.
25) Իմանա Էնդոկրին համակարգի հիվանդություններով և վիճակներով երեխաների դիսպանսերային հսկողության սկզբունքները կանոնակարգերի և այլ փաստաթղթերի համաձայն.
26) Իմանա բժշկական ցուցումները և հակացուցումներն էնդոկրին համակարգի հիվանդությունների կանխարգելման մեթոդների կիրառման համար՝ համաձայն բժշկական օգնության տրամադրման ընթացակարգերի, կլինիկական ուղեցույցների (բուժման գործելակարգերի)՝ հաշվի առնելով բժշկական օգնության չափորոշիչները.
27) Իմանա էնդոկրին համակարգի քրոնիկական հիվանդություններով կամ վիճակներով պացիենտների շրջանում առողջարարական միջոցառումների իրականացման սկզբունքներն ու առանձնահատկությունները.
28) Իմանա առողջ ապրելակերպի սկզբունքների ձևավորման վերաբերյալ սանիտարական և կրթական աշխատանքի ձևերն ու մեթոդները, ներառյալ քաշի կորստի ծրագրերը, ալկոհոլի և ծխախոտի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործումը բացառելու համար.
29) Տիրապետի առողջ ապրելակերպի հիմունքներին, դրա ձևավորման մեթոդներին.
30) Իմանա «Մանկական ներզատաբանության» ոլորտում բժշկական օգնություն տրամադրող բժշկական կազմակերպություններում բժշկական փաստաթղթերի վարման կանոնները, ներառյալ էլեկտրոնային ձևով.
31) Իմանա «Մանկական ներզատաբանության» ոլորտում բժշկական օգնություն տրամադրող բժշկական կազմակերպություններում բուժաշխատողների աշխատանքային պարտականությունները.
32) Տիրապետի պացիենտներից (նրանց օրինական ներկայացուցիչներից) գանգատների և բժշկական պատմության հավաքագրման մեթոդաբանությանը.
33) Կարողանա իրականացնել պացիենտների ֆիզիկական զննում՝ պալպացիա, պերկուսիա, աուսկուլտացիա:
6. Բժշկական hատուկ գիտելիքներ և հմտություններ. մանկական ներզատաբանը պետք է․
1) Իմանա արյան շրջանառության և շնչառության հանկարծակի դադարեցման կլինիկական նշանները.
2) Տիրապետի հիմնական (բազային) սիրտ-թոքային վերակենդանացման կանոններին.
3) Կարողանա իրականացնել էնդոկրին համակարգի հիվանդություններով կամ վիճակներով պացիենտներին շտապ բժշկական օգնության տրամադրում, ներառյալ արտակարգ իրավիճակներում, որոնք ներառում են.
ա. հիպոգլիկեմիա և հիպոգլիկեմիկ կոմա.
բ. դիաբետիկ կետոացիդոզ և կետոացիդոտիկ կոմա.
գ. հիպերօսմոլյար ոչ կետոացիդոտիկ կոմա.
դ. լակտացիդոզ.
ե. սուր մակերիկամային անբավարարություն.
զ. թիրեոտոքսիկ կրիզ.
է. հիպոթիրեոիդ կոմա.
ը. սուր հիպոկալցեմիա.
թ. հիպերկալցեմիկ կրիզ։
4․ ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. Մանկական ներզատաբանը պետք է ունենա․
1) հաղորդակցման հմտություններ․
2) վեճերի լուծման հմտություններ.
3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:
5․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
8․ Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. մանկական ներզատաբանը պետք է տիրապետի բուժաշխատողի էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հայասատանի կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման:
9․ Տեխնիկական հմտություններ. մանկական ներզատաբանը պետք է կարողանա`
1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.
2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.
3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.
4) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.
5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.
6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:
6․ ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
10․ Մանկական ներզատաբանը պետք է կարողանա`
1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն․
2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։
7․ ՄԱՆԿԱԿԱՆ ՆԵՐԶԱՏԱԲԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Մանկական ներզատաբանն իր աշխատանքային գործունեության ընթացքում պետք է ղեկավարվի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների վերաբերյալ իրավունքներով և պարտականություններով:
8. ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ` ՄԱՆԿԱԿԱՆ ՆԵՐԶԱՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ
12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:
13. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներն են`
1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:
2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:
3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար բժիշկ մասնագետի հսկողությամբ):
Աղյուսակ
|
Բժշկական միջամտություն |
Կոմպետենտության աստիճան |
Կոմպետենտության մակարդակ |
|
1. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Դիտորդ |
1 |
|
2. Իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն |
2 |
|
3. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Լիարժեք կոմպետենտություն |
3 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունվարի 2026 թվական: