ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 1993 թ. N 190
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության ժամանակավոր կանոնադրությունը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի նոյեմբերի 17-ի «Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի բաժինների ու գործերի կառավարչության օրինակելի կանոնադրության մասին» N 589 որոշումը:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Հաստատված է ՀՀ կառավարության 1993 թվականիապրիլի 26-ի N 190 որոշմամբ |
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության ապարատը նրա գործերի կառավարչությունն է, որը կոչված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնելու Հայաստանի Հանրապետության կառավարությունում քննարկվող հարցերի նախապատրաստումը և ապահովելու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և կարգադրությունների, հանձնարարականների կատարման ստուգումը:
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությունը գլխավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարիչը, որը նշանակվում և ազատվում է պաշտոնից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից և անմիջականորեն ենթարկվում է Հայաստանի Հանրապետության վարչապետին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությունը կազմված է վարչություններից, բաժիններից և կառուցվածքային այլ ստորաբաժանումներից, իր ենթակայության տակ ունի կառավարության տնտեսական սպասարկման հիմնարկներ և կազմակերպություններ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքը և աշխատողների աշխատանքի վարձատրության տարեկան ֆոնդը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, իսկ գործերի կառավարչության կառուցվածքային ստորաբաժանումների ներքին կառուցվածքը և գործերի կառավարչության հաստիքային ցուցակը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչի կողմից:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությունն իր գործունեության մեջ ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:
II. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության հիմնական խնդիրները և ֆունկցիաները
6. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության հիմնական խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների շրջանային, քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործկոմների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարություն սահմանված կարգով մտցված որոշումների ու կարգադրությունների նախագծերի նախապատրաստումը` կառավարությունում քննարկելու համար, Հայաստանի Հանրապետության վարչապետի, փոխվարչապետի, պետական նախարարների և գործերի կառավարչի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և կարգադրությունների նախագծերի նախապատրաստումը.
բ) հանրապետության տնտեսության համապատասխան բնագավառների գործերի վիճակի պարբերաբար վերլուծությունը, հրատապ հարցերի բացահայտումը և դրա հիման վրա սեփական նախաձեռնությամբ առաջարկությունների մշակումը.
գ) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ծրագրով և բյուջեով նախատեսված միջոցառումների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը, ծրագրով նախատեսված խնդիրների լուծման հետ կապված հարցերի վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը.
դ) կառավարության որոշումների և կարգադրությունների ու կարգադրական այլ փաստաթղթերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությունն իր հիմնական խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ ֆունկցիաները`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարության հանձնարարությամբ ժամանակին քննության է առնում Հայաստանի Հանրապետության կառավարություն մտցված հարցերը, որոշումների, կարգադրությունների և օրենսդրական ակտերի նախագծերն ու նախապատրաստում դրանք կառավարությունում քննարկելու համար.
բ) նախապատրաստում է տեղեկատվական նյութեր և առաջարկություններ այն հարցերի վերաբերյալ, որոնք ենթակա են քննարկման Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահության նիստերում, վարչապետի, փոխվարչապետի, պետական նախարարների մոտ հրավիրվող խորհրդակցություններում.
գ) պարբերաբար վերլուծում է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան ծրագրի և բյուջեի կատարումը, ժամանակին կառավարության ղեկավարությանը զեկուցում ծրագրով և բյուջեով սահմանված միջոցառումների կատարման ընթացքի մասին.
դ) կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահության, Հայաստանի Հանրապետության վարչապետի, փոխվարչապետի, պետական նախարարների և գործերի կառավարչի հանձնարարությունները.
ե) ուսումնասիրում և ամփոփում է նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների շրջանային, քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործկոմների գործունեությունը.
զ) ապահովում է կառավարության որոշումների և կարգադրությունների, կառավարության ղեկավարության ցնցումների, հանձնարարությունների կատարման ստուգումը, ժամանակին կառավարության ղեկավարությանը տեղեկացնում որոշումների, կարգադրությունների, ցուցումների և հանձնարարությունների կատարման ընթացքի մասին, ստուգման արդյունքներով նախապատրաստում անհրաժեշտ առաջարկություններ.
է) կազմում է Հայաստանի Հանրապետության կառավարության և նրա նախագահության աշխատանքի պլանները, ապահովում է կառավարության և նրա նախագահության աշխատանքի պլաններով նախատեսված հարցերի վերաբերյալ նյութերի սահմանված կարգով և ժամկետում ներկայացումը.
ը) քննության է առնում քաղաքացիների նամակները և նախապատրաստում դրանց վերաբերյալ առաջարկություններ.
թ) վարում է Հայաստանի Հանրապետության կառավարության, նրա նախագահության նիստերի, կառավարության կողմից անցկացվող խորհրդակցությունների արձանագրությունները.
ժ) հասցնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները և կարգադրությունները Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների շրջանային և քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործկոմներին.
ի) ապահովում է գործերի կառավարչության ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածությունը.
լ) ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարություն հարցեր մտցնելու սահմանված կարգի պահպանումը.
խ) ապահովում է գործավարության ճշգրիտ կիրառումը` գործող հրահանգին համապատասխան:
III. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչի իրավունքներն ու պարտականությունները
8. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարիչը`
ա) կազմակերպում և գլխավորում է գործերի կառավարչության գործունեությունը.
բ) ապահովում է կառավարություն հարցերի ներկայացման սահմանված կարգի պահպանումը.
գ) ստորագրում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված որոշումները, ինչպես նաև որոշումների և կարգադրությունների հավելվածները.
դ) ղեկավարում է գործերի կառավարչությանը ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեությունը.
ե) իր իրավասության սահմաններում հրապարակում է հրամաններ և հրահանգներ.
զ) հանդիսանում է գործերի կառավարչության ֆինանսական միջոցների կարգադրիչը.
է) սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և ազատում պաշտոնից գործերի կառավարչության աշխատողներին և գործերի կառավարչությանը ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների աշխատողներին.
ը) պահանջում է անհրաժեշտ հաշվետվություններ նախարարություններից, պետական վարչություններից, գերատեսչություններից և պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներից` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, կարգադրությունների և հանձնարարությունների կատարման մասին.
թ) հանձնարարում է Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին նախապատրաստել Հայաստանի Հանրապետության կառավարությունում քննարկման ենթակա հարցերի վերաբերյալ կառավարության որոշումների ու կարգադրությունների նախագծեր` համաձայնեցված շահագրգիռ կազմակերպությունների հետ.
ժ) վերադարձնում է կառավարություն ներկայացված որոշումների և կարգադրությունների նախագծերը և մյուս նյութերը, եթե դրանք չեն համապատասխանում սահմանված պահանջներին կամ ներկայացվել են կառավարություն հարցեր մտցնելու սահմանված կարգի խախտումներով.
ի) համագործակցում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների ղեկավարների հետ` գործերի կառավարչության գործունեության ընթացքում ծագող հարցերի լուծման համար:
IV. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության աշխատողների հիմնական իրավունքները և պարտականությունները
9. Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը գլխավորում է ստորաբաժանման գործունեությունը, կրում պատասխանատվություն ստորաբաժանման առջև դրված խնդիրների կատարման համար, կատարում է աշխատանքի բաշխում, ապահովում է աշխատանքային կարգապահությունը և գործավարության ճշգրիտ վարումը:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և պատասխանատու մյուս աշխատողները`
ա) մասնակցում են Հայաստանի Հանրապետության կառավարության, նրա նախագահության նիստերին, Հայաստանի Հանրապետության վարչապետի, փոխվարչապետի, պետական նախարարների և գործերի կառավարչի մոտ կայացող խորհրդակցություններին համապատասխան հարցերով.
բ) ըստ անհրաժեշտության կամ իրենց ծառայողական պարտականությունների շրջանակներում մասնակցում են Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների կոլեգիաների, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների նիստերին.
գ) ծանոթանում են նախարարություններում, պետական վարչություններում, գերատեսչություններում, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներում իրենց ծառայողական պարտականությունների շրջանակի մեջ մտնող հարցերին.
դ) պահանջում են Հայաստանի Հանրապետության նախարարություններից, պետական վարչություններից, գերատեսչություններից, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներից Հայաստանի Հանրապետության կառավարությունում քննարկվելիք հարցերի նախապատրաստման համար անհրաժեշտ նյութերը.
ե) ներգրավում են Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների աշխատողներին կառավարությունում քննարկվելիք հարցերի նախապատրաստմանը:
11. Գործերի կառավարչության աշխատողները`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և կարգադրությունների նախագծերը նախապատրաստելիս, դրանք համաձայնեցնում են գործերի կառավարչության կառուցվածքային մյուս ստորաբաժանումների հետ, որոնց իրավասությունների հետ առնչվում են նախագծերում բովանդակող հարցերը.
բ) սիստեմատիկաբար բարձրացնում են իրենց տեսական գիտելիքները և պրոֆեսիոնալ մակարդակը.
գ) խստորեն պահպանում են աշխատանքային և կատարողական կարգապահությունը, ինչպես նաև ծառայողական ու պետական գաղտնիքները: