ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2025 թվականի N 1915-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» N 1231-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ լրացումները.
1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․2-2․6-րդ կետերով՝
«2.2. Նոր բնակության վայրում հաշվառվելու նպատակով անձը կարող է ներկայացնել համապատասխան դիմումը (վավեր էլեկտրոնային թվային ստորագրությամբ)՝ մուտքագրելով առցանց եղանակով՝ Հարթակի միջոցով՝ անցնելով անհատի խիստ նույնականացում։
2.3. Հարթակը կազմված է վեբ հասանելիություն ունեցող կայքից՝ նախատեսված քաղաքացիների կողմից առցանց դիմումների ներկայացման համար, և սահմանափակ հասանելիություն ունեցող գործերի կառավարման համակարգից՝ նախատեսված ստացված դիմումների վերաբերյալ վարչական վարույթ իրականացնելու և վարչական վարույթում ներգրավված պետական մարմինների միջև փոխգործակցությունն ապահովելու համար։
2.4. Դիմումը համարվում է ընդունված համապատասխան դիմումի էջում «Հաստատել» կոճակը սեղմելու պահից։
2.5. Հարթակ մուտք գործելիս անձը պարտադիր տրամադրում է իր էլեկտրոնային փոստի հասցեն (այդպիսով տալով իր համաձայնությունը՝ ծանուցումները էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկելու վերաբերյալ), որոնք կմշակվեն լիազորված մարմնի կողմից, և լիազորված մարմինը ծանուցումներ կուղարկի համապատասխան անձին՝ իր կողմից ներկայացված դիմումի կարգավիճակի (դիմումի՝ լիազորված մարմին մուտքագրված լինելը հաստատելու և դիմումի բավարարման կամ մերժման վերաբերյալ), ինչպես նաև պահանջվող փաստաթղթերը համալրելու վերաբերյալ։ Նշված ծանուցումներն ուղարկվում են էլեկտրոնային փոստի հասցեին, որից հետո դիմումատուն համարվում է պատշաճ ծանուցված։
Հարթակ մուտք գործելիս ծնողը, իր հաշվառման դիմումը ներկայացնելու հետ միաժամանակ, կարող է համապատասխան դաշտում կատարել նշում իր՝ մինչև 16 տարեկան երեխային նույն հասցեով հաշվառելու վերաբերյալ՝ երեխայի տվյալների՝ բնակչության պետական ռեգիստրում առկայության և բացառապես երեխայի՝ ծնողի հասցեով հաշվառելու պայմաններով։
2.6. Հարթակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն և 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշումներով սահմանված կարգով պետք է փոխգործելի լինի և հնարավորություն ունենա ստանալ տեղեկատվություն ստորև նշված պետական տվյալների շտեմարաններից՝
1) Բնակչության պետական ռեգիստրից (հանրային ծառայության համարանիշ, անուն, ազգանուն, հաշվառման հասցե, անձնագրային տվյալներ)՝ առկա հաշվառման տվյալները ստանալու, ինչպես նաև դիմումի բավարարման դեպքում նոր հասցեի հաշվառման տվյալները մուտքագրելու նպատակով.
2) Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տվյալների շտեմարանից (ամուսնական կարգավիճակ, ամուսնու հանրային ծառայության համարանիշ, ամուսնու անձնագրային տվյալներ, երեխաների անուն և ազգանուն, երեխաների հանրային ծառայության համարանիշ, երեխաների անձը հաստատող փաստաթղթի տվյալներ)՝ երեխաների վերաբերյալ տվյալները ստանալու նպատակով.
3) Կադաստրի կոմիտեի հասցեների ռեեստրից՝ հասցեների վերաբերյալ տվյալները ստանալու նպատակով.
4) Պաշտպանության նախարարության տվյալների շտեմարանից՝ զինվորական հաշվառման կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1269-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերությամբ սահմանված հիմքերի առկայությունը ստուգելու նպատակով.
5) Ֆինանսների նախարարության գանձապետական էլեկտրոնային համակարգից` պետական տուրքի վճարված լինելը հավաստելու համար:».
2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին կետով՝
«19.1. Սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 2.2-րդ, 2.5-2.6-րդ կետերով սահմանված պահանջներին (ստուգումներին, պայմաններին) չբավարարելու, Բնակչության պետական ռեգիստրում հասցեի բացակայության, ինչպես նաև դիմումն անձամբ չներկայացնելու դեպքերում սույն որոշմամբ սահմանված 20.1-ին կետի 1-ին պարբերությամբ նախատեսված հիմքով հաշվառման համապատասխան դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տեղական ռեգիստր են ներկայացվում բացառապես առձեռն։
Սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 2.2-րդ, 2.5-2.6-րդ կետերով սահմանված ստուգումներին և պահանջներին չբավարարելու, Բնակչության պետական ռեգիստրում հասցեի բացակայության, ինչպես նաև դիմումն անձամբ չներկայացնելու դեպքերում դիմումը Հարթակի միջոցով ներկայացնելիս որևէ վարույթ չի իրականացվում, և այն թողնվում է անհետևանք, որի վերաբերյալ համապատասխան ծանուցումն ուղարկվում է դիմում ներկայացնողի էլեկտրոնային փոստի հասցեին, որից հետո վերջինս համարվում է պատշաճ ծանուցված».
3) հավելվածի 20.1-ին կետի առաջին պարբերությունը «ուղարկվում փաստացի բնակվելու փաստը հավաստող կամ հերքող տեղեկատվություն (տեղեկանք կամ գրություն)» բառերից հետո լրացնել «, իսկ սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 2.2-րդ կետով նախատեսված կարգով դիմում ներկայացվելու դեպքում նշված տեղեկատվությունը մուտքագրվում է Հարթակ։» բառերով.
4) հավելվածի 20.1-ին կետը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ երեք նոր պարբերություններով՝
«Սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 2.2-րդ կետով նախատեսված կարգով դիմում ներկայացվելու դեպքում փաստացի բնակվելու փաստը հավաստող տեղեկատվությունը Հարթակ մուտքագրվելուց հետո լիազոր մարմինը զինապարտ քաղաքացու հաշվառման դիմումի վերաբերյալ հարցումը էլեկտրոնային եղանակով ուղարկում է զինվորական հաշվառումն իրականացնող զինկոմիսարիատ։ Զինկոմիսարիատը հարցումը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում Հարթակ է վերբեռնում զինվորական հաշվառման կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1269-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերությամբ սահմանված հիմքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկատվություն՝ այդ մասին կատարելով համապատասխան նշում Հարթակում։
Դրական դիրքորոշման դեպքում լիազոր մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում հաշվառվող անձի անհատական տվյալները մուտքագրում է բնակչության պետական ռեգիստր՝ Հարթակի միջոցով ծանուցելով դիմումատուին։ Բնակվելու փաստը հերքող տեղեկատվություն ստանալուց կամ զինվորական կոմիսարիատից վերբեռնված բացասական դիրքորոշումը Հարթակ մուտքագրելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղական ռեգիստրը Հարթակի միջոցով մերժում է դիմումատուին՝ մերժման վերաբերյալ ծանուցումն ուղարկելով դիմումատուին:
Նույնականացման քարտի տվյալների էլեկտրոնային պահոցում հաշվառման հասցեի վերաբերյալ փոփոխություն կատարելու համար դիմումատուն առձեռն համապատասխան դիմում է ներկայացնում տեղական ռեգիստր։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
25.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2025 թվական: