ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 5188-Ա |
«18» դեկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ, ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՓԱԿՈՒՂՈՒ Հ.43/1 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 15.12.2025թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից 08.08.2025թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «Վահագն Սարգսյան» Ա/Ձ-ի կողմից տրված տեղեկանքը, կառույցն իրականացրած անձի՝ ի դեմս ներկայացուցչի դիմումները (12.09.2024թ. հ.Դ-116155-24, 08.09.2025թ. հ.Դ-98823-25), ինչպես նաև հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետի 2020 թվականի մարտի 6-ի «Երևան, Աջափնյակ, Բաշինջաղյան փողոցի փակուղու հ.43/1 հասցեում՝ սեփականության իրավունքով քաղաքացի Արտակ Վարդանի Աբրահամյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.830-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) 4-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով սահմանված 60-օրյա ժամկետում օրինականացման վճարը չվճարելու հետևանքով Որոշումն` համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի, համարվել է ուժը կորցրած.
1. Երևան, Աջափնյակ, Բաշինջաղյան փողոցի փակուղու հ.43/1 հասցեում՝ սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.30072019-01-0235 վկայական տրված 30.07.2019թ.) քաղաքացի Արտակ Վարդանի Աբրահամյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 406.5 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն՝ 366.2 քառ.մետր (1-ին հարկ` 123.5 քառ.մետր, 2-րդ հարկ՝ 118.9 քառ.մետր, աստիճաններ՝ 6.2 քառ.մետր, ձեղնահարկ՝ 117.6 քառ.մետր, որի 12.5 քառ.մետր և 14.0 քառ.մետր մակերեսով հատվածների բացվածքները ենթակա չեն օրինականացման), օժանդակ շինություն՝ 40.3 քառ.մետր) ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 1803641 (մեկ միլիոն ութ հարյուր երեք հազար վեց հարյուր քառասունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված օրինականացման վճարը չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
| Տ. Ավինյան |