ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐ
|
«19» դեկտեմբերի 2025 թ. |
N 1 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N ՀՕ-225-Ն ՕՐԵՆՔԻ 4-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՆԵՐԱԾԱԿԱՆ ՄԱՍ
«Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին 2022 թվականի դեկտեմբերի 26-ի N ՀՕ-569-Ն օրենքի հիմքով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներում կատարված լրացումների համաձայն՝ օրենքի գործող խմբագրությամբ սահմանվեցին կարգավորումներ առ այն, որ ՀՀ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերում կառուցվող այն շինությունների նկատմամբ, որոնց շինարարության թույլտվության ժամկետն ավարտվել կամ երկարաձգվել է, ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը սահմանվում է 1.0: Ընդ որում, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի գործող խմբագրությամբ ավարտվածության աստիճանը բնութագրող 1.0 գործակից կիրառելու վերաբերյալ առկա են կարգավորումներ երկու հոդվածներում՝ 4-րդ և 5-րդ: 4-րդ հոդվածը սահմանում է անշարժ գույքի հարկով հարկման նպատակով հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և դրանց բարելավումների (բացառությամբ հողամասերի բարելավումներ համարվող բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանների, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված ավտոտնակների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների) շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը և նույն հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը 1.0 գործակցի կիրառումը նախատեսում է սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերում կառուցվող հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցվող անհատական բնակելի տների նկատմամբ՝ փաստացի չնախատեսելով կարգավորում բազմաբնակարան բնակելի շենքերի նկատմամբ։ Միաժամանակ, 5-րդ հոդվածը սահմանում է բազմաբնակարան բնակելի շենքի առանձին միավորների՝ բնակարանների, բազմաբնակարան բնակելի շենքի ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված ավտոտնակների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն. «Սույն կետով սահմանված՝ ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը չի կիրառվում Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերում կառուցվող այն շինությունների նկատմամբ, որոնց շինարարության թույլտվության ժամկետն ավարտվել կամ երկարաձգվել է: Սույն պարբերությունում նշված դեպքերում ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը սահմանվում է 1.0:», ինչը բազմաբնակարան բնակելի շենքի համար տրամադրված շինարարության թույլտվության ժամկետն ավարտված կամ երկարաձգված լինելու դեպքում հանգեցնում է ոչ բավարար հստակության և տարաբնույթ ընկալման: Հաշվի առնելով, որ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին 2022 թվականի դեկտեմբերի 26-ի N ՀՕ-569-Ն օրենքը հեղինակել էր ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ Կադաստրի կոմիտեն խնդրել էր վերջինիս տրամադրել փոփոխությունների կատարման սկզբնական նպատակի վերաբերյալ տեղեկատվություն, որին ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարարությունը N 01/2-3/22351-2025 գրությամբ առաջարկել էր Կադաստրի կոմիտեին խնդրո առարկա հարցի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով տալ պաշտոնական պարզաբանում՝ հիմքում ունենալով քննարկվող հարցի վերաբերյալ նույն գրությամբ արտահայտվող՝ ՀՀ ֆինանսների նախարարության դիրքորոշումը՝ որպես խնդրո առարկա օրենսդրական փոփոխությունը նախաձեռնած մարմնի դիրքորոշում:
ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:
Տվյալ պարագայում «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին 2022 թվականի դեկտեմբերի 26-ի N ՀՕ-569-Ն օրենքի նախագիծը մշակել և շրջանառել է ՀՀ ֆինանսների նախարարությունը, և վերջինս 2025 թվականի դեկտեմբերի 4-ի Կադաստրի կոմիտե ներկայացված N 01/2-3/22351-2025 գրությամբ հայտնել է.
«1) կատարված օրենսդրական փոփոխությամբ նպատակ չի հետապնդվել շինարարության թույլտվության ժամկետն ավարտված լինելու պարագայում բազմաբնակարան բնակելի շենքի նկատմամբ կիրառել ավարտվածության աստիճանը բնութագրող 1.0 գործակից: Ուստի, Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի աղյուսակից հետո լրացված պարբերությամբ նման կարգավորում չի նախատեսվել: Այսինքն, կատարված օրենսդրական փոփոխության շրջանակներում բազմաբնակարան բնակելի շենքն ինքնին չպետք է դիտարկել որպես գնահատման առարկա,
2) կատարված օրենսդրական փոփոխությամբ նպատակ է հետապնդվել, մասնավորապես, շինարարության թույլտվության ժամկետն ավարտված լինելու պարագայում բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանների նկատմամբ կիրառել ավարտվածության աստիճանը բնութագրող 1.0 գործակից: Ուստի, Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի աղյուսակից հետո լրացված պարբերությամբ նախատեսվել է նման կարգավորում:
Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում ընդգծել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունք-ներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:
Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ խնդրո առարկա դրույթները տարաբնույթ ընկալումների տեղիք են տալիս, ինչպես նաև հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի թիվ 1159-Ն որոշմամբ հաստատված ցանկի համաձայն՝ անշարժ գույքի հարկման նպատակով անշարժ գույքի կադաստրային գնահատման օրենսդրության հետ կապված պաշտոնական պարզաբանում տրամադրող մարմինը Կադաստրի կոմիտեն է՝ առաջարկում ենք խնդրո առարկա հարցի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով տալ պաշտոնական պարզաբանում՝ հիմքում ունենալով քննարկվող հարցի վերաբերյալ սույն գրությամբ արտահայտվող՝ Ֆինանսների նախարարության դիրքորոշումը՝ որպես խնդրո առարկա օրենսդրական փոփոխությունը նախաձեռնած մարմնի դիրքորոշում:»:
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ
Հիմք ընդունելով վերոգրյալը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերով՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածների տարաբնույթ ընկալումներից խուսափելու նպատակով՝ պաշտոնապես պարզաբանում եմ.
Բազմաբնակարան բնակելի շենքի շինարարության թույլտվության ժամկետն ավարտված կամ երկարաձգված լինելու պարագայում շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը մինչև շինարարության ավարտական ակտի տրամադրումը գնահատվում է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանված գնահատման կարգով, և բազմաբնակարան բնակելի շենքի՝ ըստ առանձին նախագծային բնակարանների, բազմաբնակարան բնակելի շենքի ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված ավտոտնակների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը սահմանվում է 1.0:
|
12/19/2025
|
Ս. Թովմասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2025 թվական: