հայկական սսհ մինիստրների սովետ
ո ր ո շ ու մ
14 Նոյեմբերի 1973 թվականի N 625
Քաղ. Երևան
ՍՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ 1973 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԾԵՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԱԳԱ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» N 674 ՈՐՈՇՈՒՄԸ
Վերջին տարիներս հանրապետությունում խոշոր միջոցառումներ են ձեռնարկվել ծերության կենսաթոշակառուների և հաշմանդամների կենսաթոշակային ապահովումը բարելավելու, նյութական բարեկեցությունը բարձրացնելու ուղղությամբ։ Զգալիորեն ընդլայնվել է բնակչության այդ կատեգորիայի մասնակցությունը արտադրության, կենցաղային սպասարկման ոլորտում, հասարակական կյանքում։
Դրա հետ մեկտեղ կենսաթոշակառուներին, հաշմանդամներին և տնային տնտեսության մեջ զբաղված անձանց հանրօգուտ աշխատանքում ավելի լայնորեն ներգրավելու հնարավորությունները դեռ անբավարար են օգտագործվում։ Դանդաղ է զարգանում բնակչության այդ կատեգորիաների աշխատանքի օգտագործման համար նախատեսված ձեռնարկությունների, արտադրամասերի և տեղամասերի ցանցը, չեն կատարվում նոր ձեռնարկությունների ընդլայնման պլանները։ Հիշյալ ձեռնարկությունների, արտադրամասերի և տեղամասերի ընդլայնման համար հատկացվող միջոցները հաճախ օգտագործվում են այլ նպատակներով: Ծերության կենսաթոշակառուների, հաշմանդամների և տնային տնտեսության մեջ զբաղված անձանց աշխատանքն օգտագործող առանձին ձեռնարկություններ, արտադրամասեր ու տեղամասեր տեղավորված են արտադրական սանիտարիայի և անվտանգության տեխնիկայի պահանջներին չհամապատասխանող շենքերում, լուրջ դժվարություններ են կրում նյութա-տեխնիկական մատակարարման գործում, վատ են ապահովվում տրանսպորտային միջոցներով։
Ծերության կենսաթոշակառուները, հաշմանդամները և տնային տնտեսությամբ զբաղված անձինք դեռևս թույլ են ներգրավվում բնակչության կենցաղային սպասարկման և առևտրի ոլորտի աշխատանքներում, ինչպես նաև տանը և ոչ լրիվ աշխատանքային օրով (ոչ լրիվ աշխատանքային շաբաթով) աշխատելու համար։
Ծերության կենսաթոշակառուների, հաշմանդամների և տնային տնտեսության մեջ զբաղված անձանց աշխատանքի օգտագործումն ավելի բարելավելու նպատակով Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.
1. Պարտավորեցնել Հայկական ՍՍՀ մինիստրություններին և գերատեսչություններին` լրացուցիչ միջոցներ ձեռնարկել ծերության աշխատունակ կենսաթոշակառուներին, հաշմանդամներին և տնային տնտեսության մեջ զբաղվածներին իրենց աշխատած նախկին ձեռնարկություններում, ժողովրդական սպառման ապրանքների արտադրության հետ կապված ձեռնարկություններում, ինչպես նաև առևտրի ցանցում ու բնակչության կենցաղային սպասարկման ոլորտում ավելի լայնորեն ներգրավելու համար։
2. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Աշխատանքային ռեսուրսների օգտագործման պետական կոմիտեին (ընկ. Գ. Գևորգյանին)՝ Սոցիալական ապահովության մինիստրության և աշխատավորների դեպուտատների քաղաքային ու շրջանային սովետների գործկոմների հետ համատեղ ապահովել հասարակական արտադրության մեջ չզբաղված, բայց աշխատանքի ընդունվել ցանկացող ծերության աշխատունակ կենսաթոշակառուների, հաշմանդամների կազմի ուսումնասիրությունն ու հաշվառումը և մինչև 1973 թվականի դեկտեմբերի 1-ը նյութերը ներկայացնել Պետպլան։
Պետպլանին (ընկ. Ս. Թումանյանին)՝ Աշխատանքային ռեսուրսների օգտագործման պետական կոմիտեի տվյալների հիման վրա մինչև 1974 թվականի հունվարի 1-ը Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ առաջարկություններ ներկայացնել ժողովրդական սպառման ապրանքների արտադրության ձեռնարկություններում նոր արտադրամասեր ու տեղամասեր կազմակերպելու և ծերության կենսաթոշակառուների ու հաշմանդամների աշխատանքի օգտագործման համար նախատեսված ձեռնարկությունները (արտադրամասերը) սահմանված կարգով (այնտեղ, ուր դա նպատակահարմար է), ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ համապատասխան մինիստրությունների ու գերատեսչությունների հետ համաձայնեցնելով, ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ մինիստրությունների և գերատեսչությունների տնօրինությունից, ծերության կենսաթոշակառուներին և հաշմանդամներին աշխատանքի տեղավորելու նպատակով, Տեղական արդյունաբերության մինիստրության տնօրինությանը հանձնելու վերաբերյալ։
3. Պարտավորեցնել ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարներին՝ աշխատանքային ռեսուրսների օգտագործման մարմիններին և սոցիալական ապահովության մարմիններին տեղեկություններ հայտնել այն թափուր պաշտոնների և բանվորական տեղերի մասին, որտեղ կարող են օգտագործվել ծերության աշխատունակ կենսաթոշակառուներն ու հաշմանդամները։
4. Պետպլանին և Նյութա-տեխնիկական մատակարարման գլխավոր վարչությանը (ընկ. Ժ. Փյուսքյուլյանին)՝ պլաններում նախատեսել, որ ծերության կենսաթոշակառուների ու հաշմանդամների աշխատանքի օգտագործման համար նախատեսված ձեռնարկությունները (արտադրական միավորումները) ապահովվեն հումքով, նյութերով, սարքավորումներով, ինչպես նաև փոքրատոննաժ ավտոտրանսպորտով՝ տանն աշխատող անձանց սպասարկելու համար։
Մինիստրություններին ու գերատեսչություններին՝ արդյունաբերական ձեռնարկությունների (անկախ նրանց գերատեսչական պատկանելությունից) չօգտագործված թափոնը հանձնել հիշյալ ձեռնարկություններին (արտադրական միավորումներին) և նրանց օգնել ոչ ստանդարտացված սարքավորումների, տեխնոլոգիական սարքավորանքի ու գործիքների պատրաստման գործում։
5. Տեղական արդյունաբերության մինիստրությանը (ընկ. Մ. Զուրաբյանին), Բնակչության կենցաղային սպասարկման մինիստրությանը (ընկ. Գ. Ալեքյանին) և աշխատավորների դեպուտատների Երևանի քաղաքային սովետի գործկոմին (ընկ. Գ. Հասրաթյանին)՝ լրացուցիչ միջոցներ ձեռք առնել տնաշխատների աշխատանքի օգտագործումը նյութական արտադրության և բնակչության կենցաղային սպասարկման ոլորտում ընդլայնելու համար։
6. Ֆինանսների մինիստրությանը (ընկ. Ս. Սաֆարյանին)՝ մեկամսյա ժամկետում քննության առնել և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ առաջարկություններ ներկայացնել տնայնագործական-արհեստագործական արգելված զբաղմունքների ցանկը կրճատելու վերաբերյալ։
7. Պարտավորեցնել մինիստրություններին ու գերատեսչություններին, աշխատավորների դեպուտատների քաղաքային ու շրջանային սովետների գործկոմներին` ապահովել ծերության կենսաթոշակառուների և հաշմանդամների աշխատանքի օգտագործման համար նախատեսված նոր ձեռնարկությունների, արտադրամասերի, տեղամասերի կառուցմանը և գործող ձեռնարկությունների (արտադրական միավորումների), արտադրամասերի ու տեղամասերի վերակառուցմանն ու ընդլայնմանը հատկացվող միջոցների լրիվ օգտագործումը, և այդ աշխատանքների նյութա-տեխնիկական ապահովումը։
8. Ընդունել ի գիտություն և ղեկավարություն, որ ՍՍՀՄ Մինիստրների սովետը 1973 թվականի սեպտեմբերի 14-ի N 674 որոշմամբ՝
ա) (ենթակետն ուժը կորցրել է 06.07.95 N 451)
բ) հանձնարարել է ՍՍՀՄ Պետպլանին՝ ՍՍՀՄ Ֆինանսների մինիստրության, ՍՍՀՄ Մինիստրների սովետի Աշխատանքի ու աշխատավարձի հարցերի պետական կոմիտեի և ՍՍՀՄ ԿՎՎ-ի հետ համատեղ եռամսյա ժամկետում որոշել առավելապես ծերության կենսաթոշակառուների և հաշմանդամների աշխատանք կիրառող ձեռնարկությունների (արտադրական միավորումների) պլանային ու հաշվետվական ցուցանիշները (արտադրության ծավալը, աշխատանքի արտադրողականությունը և այլն) սահմանելու կարգը, այն հաշվով, որ այդ ձեռնարկությունների (արտադրական միավորումների) տնտեսական շահագրգռվածություն ստեղծվի հիշյալ անձանց աշխատանքն ավելի լայնորեն օգտագործելու համար.
գ) ձեռնարկությունների և կազմակերպությունների ղեկավարներին իրավունք է վերապահել արհմիությունների կոմիտեների հետ համաձայնեցնելով՝
հաշմանդամների և ծերության կենսաթոշակառուների աշխատանքի օգտագործման համար նախատեսված ձեռնարկություններում (արտադրական միավորումներում), արտադրամասերում ու տեղամասերում աշխատող երրորդ խմբի հաշմանդամների և ծերության կենսաթոշակառուների արտադրանքի նորմաները՝ նրանց ցածր աշխատունակության կապակցությամբ իջեցնել, բայց 10 տոկոսից ոչ ավելի, իսկ առաջին ու երկրորդ խմբերի հաշմանդամներինը՝ 20 տոկոսով.
տանն աշխատող երրորդ խմբի հաշմանդամների համար արտադրանքի նորմաներ ու վարձաչափեր սահմանել արտադրամասերում աշխատող երրորդ խմբի հաշմանդամների համար նախատեսված մակարդակով.
տանն աշխատող առաջին և երկրորդ խմբերի հաշմանդամների աշխատանքը վարձատրել արտադրամասերում աշխատող առաջին և երկրորդ խմբերի հաշմանդամների համար սահմանված վարձաչափերով.
դ) հաշմանդամների աշխատանքի օգտագործման համար նախատեսված ձեռնարկություններում (արտադրական միավորումներում), արտադրամասերում ու տեղամասերում աշխատող հաշմանդամների համար (եթե նրանք չունեն ավելի բարձր արտոնություններից օգտվելու իրավունք) 1973 թվականի հոկտեմբերի 1-ից սահմանել է հետևյալ արտոնությունները.
առաջին և երկրորդ խմբերի հաշմանդամների համար՝ 6-ժամյա աշխատանքային օր (շաբաթական 36 ժամ) և 24 աշխատանքային օրվա տևողությամբ ամենամյա արձակուրդ.
երրորդ խմբի հաշմանդամների, ինչպես նաև տանն աշխատող առաջին և երկրորդ խմբերի հաշմանդամների համար՝ 18 աշխատանքային օրվա տևողությամբ ամենամյա արձակուրդ։
Աշխատող ծերության կենսաթոշակառուներին և առաջին ու երկրորդ խմբերի հաշմանդամներին, նրանց ցանկությամբ, առանց աշխատավարձի պահպանման արձակուրդ է տրամադրվում մինչև երկու ամիս տևողությամբ.
ե) սահմանել է, որ ծերության կենսաթոշակառուների և հաշմանդամների աշխատանքի օգտագործման համար նախատեսված ձեռնարկությունները (արտադրական միավորումները), արտադրամասերը և տեղամասերը (բնակչության կենցաղային սպասարկման ձեռնարկություններից բացի), անկախ այդ ձեռնարկությունների, արտադրամասերի, տեղամասերի գերատեսչական ենթակայությունից, կարող են շահույթը (արտադրական ֆոնդերի վճարը և վարկի տոկոսները հանած) արտադրության ընդլայնման ու կատարելագործման, աշխատողների նյութական խրախուսման և սոցիալ-կուլտուրական ու բնակարանային պայմանների բարելավման նպատակով օգտագործել`
50 տոկոսի չափով, եթե ծերության կենսաթոշակառուները և հաշմանդամները կազմում են աշխատողների ընդհանուր թվի առնվազն 50 տոկոսը.
35 տոկոսի չափով, եթե ծերության կենսաթոշակառուները և հաշմանդամները կազմում են աշխատողների ընդհանուր թվի 30-ից մինչև 50 տոկոսը, այն դեպքում, երբ տվյալ ձեռնարկությունների համար ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1966 թվականի սեպտեմբերի 30-ի N 794 որոշմամբ (Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1966 թվականի նոյեմբերի 16-ի N 492 որոշում) մասհանումների ավելի մեծ չափեր չեն սահմանված.
հիշյալ որոշման 3-րդ կետով նախատեսված չափով, եթե ծերության կենսաթոշակառուներն ու հաշմանդամները աշխատողների ընդհանուր թվի 30 տոկոսից պակաս են։
Թույլատրել է միութենական հանրապետությունների մինիստրների սովետներին՝ մինչև 70 տոկոս մեծացնել այն ձեռնարկությունների (արտադրական միավորումների) շահույթից կատարվող մասհանումները, որտեղ ծերության կենսաթոշակառուները կազմում են աշխատողների ընդհանուր թվի 50 տոկոսից ոչ պակաս, այդ ձեռնարկությունների (արտադրական միավորումների) զարգացման համար թողնված միջոցների լրիվ իրացման դեպքում։
Ծերության կենսաթոշակառուների և հաշմանդամների աշխատանքի օգտագործման համար նախատեսված ձեռնարկությունների (արտադրական միավորումների) տրամադրության տակ թողնվող շահույթը, հիշյալ որոշմանը համապատասխան, օգտագործվում է.
կապիտալ ներդրումների պլանից ավելի նոր ձեռնարկություններ (արտադրական միավորումներ), արտադրամասեր ու տեղամասեր կառուցելու, գոյություն ունեցողները վերակառուցելու և ընդլայնելու համար.
նոր ձեռնարկությունների (արտադրական միավորումների) կառուցման, գոյություն ունեցողների վերակառուցման և ընդլայնման նպատակով ՍՍՀՄ Շին-բանկից և ՍՍՀՄ Պետբանկից ստացած վարկերը մարելու համար, կադրերի պատրաստման և վերապատրաստման համար.
բնակարանային և կուլտուր-կենցաղային շինարարության համար՝ ձեռնարկությունների (արտադրական միավորումների) հիշյալ շահույթի մինչև 15 տոկոսի չափով.
տնտեսական խթանման ֆոնդեր ստեղծելու համար։
Ծերության կենսաթոշակառուների և հաշմանդամների աշխատանքի օգտագործման համար նախատեսված այն ձեռնարկությունները, որոնք, փոխադրվել են պլանավորման ու տնտեսական խթանման նոր սիստեմի, ձեռնարկության ֆոնդերը կազմում են ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1965 թվականի հոկտեմբերի 4-ի N 729 որոշմանը համապատասխան, այն կարգով, որը սահմանված է ՍՍՀՄ Պետպլանի, ՍՍՀՄ Մինիստրների սովետի Աշխատանքի և աշխատավարձի հարցերի պետական կոմիտեի և ՍՍՀՄ Ֆինանսների մինիստրության կողմից՝ ՀԱՄԿԽ-ի հետ համատեղ, հաշվի առնելով այդ ձեռնարկությունների աշխատանքի առանձնահատկությունները։
Տեղական արդյունաբերության այն ձեռնարկությունները, որոնք շահույթի մի մասն օգտագործում են ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1973 թվականի սեպտեմբերի 14-ի N 674 որոշման 7-րդ կետին համապատասխան (սույն որոշման 8-րդ կետի «ե» ենթակետ), տեղական արդյունաբերության զարգացման ֆոնդին մասհանումներ չեն կատարում։
Այն մինիստրություններին և գերատեսչություններին, որոնց տնօրինության տակ կան ծերության կենսաթոշակառուների ու հաշմանդամների աշխատանքի օգտագործման համար նախատեսված ձեռնարկություններ (արտադրական միավորումներ), իրավունք է վերապահել անհրաժեշտության դեպքում այդ ձեռնարկությունների (արտադրական միավորումների) հետ համաձայնեցնելով վերաբաշխել հիշյալ որոշման 7-րդ կետին համապատասխան (սույն որոշման 8-րդ կետի «ե» ենթակետ) ձեռնարկությունների (արտադրական միավորումների) տրամադրության տակ թողնվող ազատ միջոցները, դրանք օգտագործելով միայն ծերության կենսաթոշակառուների ու հաշմանդամների աշխատանքն օգտագործող նոր ձեռնարկություններ, արտադրամասեր ու տեղամասեր կառուցելու և գոյություն ունեցողները վերակառուցելու և ընդլայնելու համար.
զ) ՍՍՀՄ մինիստրություններին և գերատեսչություններին իրավունք է վերապահել իրենց իրավասությանը ենթակա ձեռնարկություններին ու կազմակերպություններին թույլ տալու բաժնային մասնակցություն ունենալու միութենական և ինքնավար հանրապետությունների մինիստրների սովետների, աշխատավորների դեպուտատների երկրամասային ու մարզային սովետների գործկոմների որոշումներով կառուցվող` ծերության կենսաթոշակառուների և հաշմանդամների աշխատանքի օգտագործման համար նախատեսված ձեռնարկությունների, արտադրամասերի ու տեղամասերի շինարարությանը, գոյություն ունեցողների վերակառուցմանն ու ընդլայնմանը:
Ծախսերն այդ նպատակով կատարվում են կապիտալ ներդրումների պլաններում արտադրական նշանակության օբյեկտների շինարարության համար նախատեսվող միջոցների հաշվին.
է) հանձնարարել է ՍՍՀՄ Առողջապահության մինիստրությանը՝ մշակել և հաստատել ծերության կենսաթոշակառուների ու հաշմանդամների աշխատանքի օգտագործման համար նախատեսված ձեռնարկությունների (արտադրական միավորումների), արտադրամասերի ու տեղամասերի արտադրական շենքերը շահագործելու և պահելու միասնական սանիտարական կանոնները.
ը) հանձնարարել է ՍՍՀՄ Մինիստրների սովետի Աշխատանքի և աշխատավարձի հարցերի պետական կոմիտեին և ՍՍՀՄ Առողջապահության մինիստրությանը՝ ՀԱՄԿԽ-ի, ՍՍՀՄ մինիստրությունների ու գերատեսչությունների հետ համատեղ ապահովել, որ իրենց իրավասությանը ենթակա գիտական հիմնարկներում ընդլայնվեն ծերության կենսաթոշակառուների և հաշմանդամների աշխատանքի օգտագործման բնագավառի հետազոտությունները.
թ) հանձնարարել է ՍՍՀՄ ԿՎՎ-ին՝ ՍՍՀՄ Մինիստրների սովետի Աշխատանքի ու աշխատավարձի հարցերի պետական կոմիտեի մասնակցությամբ քննության առնել գործող վիճակագրական հաշվետվությունները ձեռնարկություններում ու կազմակերպություններում աշխատող ծերության կենսաթոշակառուների և հաշմանդամների թվաքանակի, ոչ լրիվ աշխատանքային օրով (ոչ լրիվ աշխատանքային շաբաթով) զբաղված աշխատողների թվի մասին ցուցանիշներով լրացնելու հարցը.
ժ) ուժը կորցրած է համարել ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1969 թվականի օգոստոսի 28-ի N 705 որոշման 3-րդ կետը։
(8-րդ կետը փոփ. 06.07.95 N 451)
9. Ուժը կորցրած համարել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1969 թվականի հոկտեմբերի 23-ի N 683 որոշման 6-րդ կետի «բ» ենթակետը.
|
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի ՆԱԽԱԳԱՀ` |
Գ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
|
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |