ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 1995 թ. N 124
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության կանոնադրությունը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 358 որոշումը։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ է ՀՀ կառավարության 1995 թ. մարտի 7-ի N 124 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
I. Ընդhանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությունը (այսուհետև՝ նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է լուսավորության (հանրակրթության և դաստիարակության) բնագավառում միասնական պետական քաղաքականություն։
2. Նախարարության համակարգը ներառում է իր ենթակայության հանրակրթական, մասնագիտական-տեխնիկական, նախադպրոցական և մանկապատանեկան արտադպրոցական պետական հաստատությունները (այսուհետև՝ լուսհաստատություն), ինչպես նաև ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները։
Հայաստանի Հանրապետության լուսավորության համակարգը ներառում է Հայաստանի Հանրապետության պետական (անկախ գերատեսչական ենթակայությունից) և ոչ պետական լուսհաստատությունները, Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությունը, նրա ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների ժողկրթբաժինները (վարչությունները)։
3. Նախարարությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ։
4. Նախարարությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք ու դրոշմակնիք։
II. Նախարարության հիմնական խնդիրները և գործառույթները
5. Նախարարության հիմնական խնդիրներն են՝
ա) լուսավորության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության իրականացման կազմակերպումը և դրա կենսագործման նկատմամբ վերահսկողությունը.
բ) հանրակրթության ու դաստիարակության բովանդակային և կառուցվածքային բարեփոխումը, մատաղ սերնդի ֆիզիկական ու հոգևոր զարգացման համար պայմանների և հնարավորությունների ապահովումը, լուսավորության բնագավառում արդյունավետ հարաբերությունների ձևավորումը.
գ) կրթության բնագավառի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերի նախագծերի մշակմանը և լուսավորության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության ձևավորմանը մասնակցելը.
դ) լուսավորության բնագավառի զարգացման հեռանկարային ու նպատակային հանրապետական ծրագրերի մշակումը և դրանց իրագործման ապահովումը.
ե) լուսավորության համակարգի տեղեկատվական ապահովումը, դասագրքերի, ձեռնարկների, ուսումնական և դաստիարակչական նորմացույց փաստաթղթերի ստեղծումը.
զ) նախարարության համակարգի լուսհաստատությունների մանկավարժական կադրերով ապահովման կազմակերպումն ու կոորդինացումը, մանկավարժների և ղեկավար կադրերի վերապատրաստումն ու ատեստավորումը.
է) նախարարության համակարգի մանկավարժների և մյուս աշխատողների սոցիալական վիճակի բարելավմանը սատարումը.
ը) նախարարության համակարգի նյութատեխնիկական և ուսումնանյութական բազայի հարստացումն ու արդյունավետ օգտագործումը, հատկացված բյուջետային միջոցների նպատակային ծախսման ապահովումը, ուսումնադաստիարակչական աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ պայմանների ապահովման նկատմամբ վերահսկողությունը.
թ) լուսավորության զարգացման հարցերով Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների, Հայ Առաքելական եկեղեցու, ինչպես նաև օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցումը.
ժ) սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուղղված օգնության կազմակերպումը։
6. Նախարարությունն իր հիմնական խնդիրներին համապատասխան`
ա) ապահովում է երեխաների պարտադիր տարրական և հիմնական կրթությունը, պայմաններ է ստեղծում միջնակարգ կրթության իրականացման համար, միջոցներ է ձեռնարկում հանրակրթության բազմաստիճանության և բազմաձևության ընդլայնման համար.
բ) վերահսկում է պետական հանրակրթական չափորոշիչների պահպանումը պետական և ոչ պետական լուսհաստատություններում.
գ) կազմակերպում է դպրոցական դասագրքերի, նախադպրոցական ձեռնարկների, մեթոդական ուղեցույցների և հանրակրթական ծրագրերի ստեղծման գործը, երաշխավորում է գործածման այլընտրական հանրակրթական ծրագրեր, դասագրքեր, ձեռնարկներ, այլ ուսումնական գրականություն.
դ) հաստատում է լուսհաստատությունների օրինակելի ուսումնական պլանները և ուսումնական ծրագրերը, մշակում ու հրատարակում է ուսուցման և դաստիարակության վերաբերյալ մեթոդական հանձնարարականներ.
ե) սահմանում է պետական հանրակրթական հաստատության տարեկան ուսումնական օրացուցային ժամանակացանկը, սովորողների գիտելիքների գնահատման համակարգը, առաջադիմության և հաճախման գրանցման, դասարանից դասարան փոխադրման, ինչպես նաև ավարտական քննությունների անցկացման կարգն ու պայմանները.
զ) իրականացնում է լուսավորության համակարգի ուսումնագիտական և տեղեկատվական ապահովումը.
է) հաստատում է ուսումնական տիպային սարքավորումների և ուսումնադիտողական պիտույքների ցանկը, մասնակցում է լուսհաստատությունների համար արտադրվող կահույքի, սարքավորումների, ուսուցման տեխնիկական միջոցների, խաղալիքների և այլ գույքի ու պարագաների փորձաքննությանը.
ը) կազմակերպում է օտարերկրյա պետությունների կրթական հաստատություններում Հայաստանի Հանրապետության լուսհաստատությունների սովորողների ու օտարերկրացի երեխաների Հայաստանի Հանրապետության լուսհաստատություններում սովորելու գործը.
թ) սահմանում է Հայաստանի Հանրապետության լուսհաստատություններում երեխաների ընդունելության կարգը և պայմանները, դպրոցական արձակուրդների ժամկետները.
ժ) սահմանում է նախարարության համակարգի մանկավարժական և ղեկավար աշխատողների վերապատրաստման, ինչպես նաև ատեստավորման կարգն ու պայմանները, կազմակերպում է նրանց վերապատրաստման ու ատեստավորման աշխատանքը.
ի) սահմանված կարգով հաստատում է նախարարության համակարգի մանկավարժական և ղեկավար աշխատողների տարիֆաորակավորման բնութագրերը.
լ) մասնակցում է լուսհաստատությունների մանկավարժների և մյուս աշխատողների, աշակերտների ու սաների սոցիալական պաշտպանվածության հանրապետական ծրագրերի մշակմանը.
խ) օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում պետական հանրակրթական հաստատության տիպային կանոնադրության նախագիծը.
ծ) հաստատում է նախադպրոցական և մանկապատանեկան արտադպրոցական պետական հաստատությունների տիպային կանոնադրությունները.
կ) սահմանում է լուսավորության համակարգի լուսհաստատությունների տեսչավորման կարգը.
հ) օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակառուցում և լուծարում է նախարարության համակարգի լուսհաստատությունները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում լուսհաստատությունների տեղաբաշխման գործը.
ձ) հաստատում է նախարարության համակարգի բոլոր լուսհաստատությունների կանոնադրությունները.
ղ) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Հայաստանի Հանրապետության բոլոր լուսհաստատությունների լիցենզավորումը, վկայագրումը և պետական հավատարմագրումը.
ճ) հաստատում է նախարարության համակարգի մանկավարժական և ղեկավար կադրերի ընտրության, նշանակման և տեղաբաշխման կարգը.
մ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) հիման վրա իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների՝ հանրակրթության մասին փաստաթղթերի համապատասխանեցման գործը.
յ) իր իրավասության սահմաններում վարում է բանակցություններ ու կնքում միջգերատեսչական պայմանագրեր (համաձայնագրեր) օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների ու միջազգային կազմակերպությունների հետ և նպաստում համակարգի լուսհաստատությունների, նախարարության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների միջազգային կապերի զարգացմանը.
ն) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է նախարարության համակարգի լուսհաստատությունների, հիմնարկների և կազմակերպությունների բյուջետային հատկացումների բաշխումը և վերահսկում նրանց ֆինանսական գործունեությունը, տնօրինում է նախարարության գույքը.
շ) հանրակրթության ու դաստիարակության հարցերով համագործակցում է Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության տեղական մարմինների հետ.
ո) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ վերահսկում է պետական լուսհաստատություններում երեխաների առողջության պահպանման ու ամրապնդման գործը.
չ) աջակցում է լուսհաստատություններում կրթական հիմնադրամների, կրթասիրաց միությունների, մանկավարժական ընկերակցությունների, հանրակրթության ու դաստիարակության պայմանների բարելավմանը և դրանց բովանդակության զարգացմանը նպաստող այլ միջոցառումների կազմակերպմանը.
պ) օրենսդրությամբ սահմանված կարգով թույլտվություն է տալիս նախարարության համակարգի լուսհաստատությունների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գույքն օտարելիս կամ վարձակալությամբ հանձնելիս.
ջ) լուսավորության բնագավառի զարգացման գործում ներգրավում է հասարակական, գիտամանկավարժական և շահագրգիռ այլ կազմակերպությունների ու ծնողական համայնքների և համագործակցում նրանց հետ.
ռ) սահմանում է ոչ մանկավարժական կրթությամբ մասնագետների լուսհաստատություններում մանկավարժական աշխատանքի անցնելու կարգն ու պայմանները.
ս) Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, գործադիր իշխանության տեղական մարմիններ՛ի հետ համատեղ կազմակերպում է ուսումնադաստիարակչական բնույթի միջոցառումներ, աշխատանք տանում մանկավարժների, դպրոցականների ու նախադպրոցական սաների հանգիստն ու ժամանցը կազմակերպելու ուղղությամբ.
վ) կազմակերպում և մասնակցում է կրթության ու դաստիարակության հարցերով համաժողովների, գիտաժողովների, խորհրդակցությունների և այլ միջոցառումների.
տ) կոորդինացնում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների գործունեությունը նրանց ենթակայության լուսհաստատությունների ուսումնամեթոդական աշխատանքների գծով.
ր) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրատարակում է մանկավարժական ու մանկապատանեկան թերթեր, հանդեսներ, տեղեկագրեր, պարբերականներ.
ց) հետևողական միջոցառումներ է իրականացնում նախարարության համակարգում «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կիրառման ուղղությամբ.
III. Նախարարության աշխատանքի կազմակերպումը
7. Նախարարությունն աշխատանքը կազմակերպում է իրեն վերապահված իրավասության սահմաններում՝ միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցման հիման վրա։
8. Նախարարությունը, միջճյուղային հարցերի մշակման ու լուծման նպատակով, սերտորեն համագործակցում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների և գործադիր իշխանության տեղական մարմինների հետ, անհրաժեշտության դեպքում, նրանց հետ համատեղ արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս հանձնարարականներ։
9. Նախարարությունը համակարգի լուսհաստատությունների ղեկավարումը և վերահսկողությունն իրականացնում է իր տարածքային (շրջանային, քաղաքային) տեսչությունների միջոցով։
10. Նախարարությունը գլխավորում է նախարարը։
11. Նախարարն ունի տեղակալներ, որոնք նշանակվում են պաշտոնի և ազատվում պաշտոնից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ նախարարի ներկայացմամբ։
12. Նախարարը՝
ա) ղեկավարում է նախարարության գործունեությունը.
բ) նշանակում է պաշտոնի և ազատում պաշտոնից նախարարության կենտրոնական ապարատի աշխատողներին, նախարարության համակարգի լուսհաստատությունների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին, նախարարության թերթերի, հանդեսների, տեղեկագրերի և պարբերականների գլխավոր խմբագիրներին.
գ) հաստատում է՝
նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը և հաստիքային ցուցակը.
նախարարության տարածքային (շրջանային, քաղաքային) տեսչություններին կից կրթական խորհուրդների օրինակելի կանոնադրությունը և անհատական կազմը.
նախարարության թերթերի, հանդեսների, տեղեկագրերի և պարբերականների խմբագրությունների կանոնադրությունները.
նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, նախարարության համակարգի լուսհաստատությունների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կանոնադրությունները.
նախարարության համակարգի լուսհաստատությունների հոգաբարձուների խորհուրդների օրինակելի կանոնադրությունը.
նախարարության, նրա կոլեգիայի աշխատանքային պլանները և աշխատակարգը.
նախարարության ուսումնագիտական խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը.
դ) սահմանում է նախարարի տեղակալների, նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և աշխատողների պարտականությունները, իրավունքներն ու պատասխանատվության աստիճանը.
ե) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս ցուցումներ, ստուգում դրանց կատարումը.
զ) վերացնում է նախարարության համակարգի լուսհաստատությունների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների այն հրամանները, որոնք հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, նախարարության հրամաններին, հրահանգներին.
է) սահմանված կարգով խրախուսում է և կարգապահական պատասխանատվության ենթարկում նախարարության կենտրոնական ապարատի աշխատողներին ու նախարարության համակարգի ղեկավարներին.
ը) ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը, կազմակերպում նրա որոշումների կատարման վերահսկողությունը.
թ) ըստ անհրաժեշտության ստեղծում է աշխատանքային հանձնաժողովներ, հանձնախմբեր.
ժ) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ։
13. Նախարարի բացակայության դեպքում նրա պարտականությունները, նախարարի հանձնարարությամբ, կատարում է նախարարի տեղակալներից մեկը։
14. Նախարարության հրամանների, հրահանգների, հանձնարարականների կատարումը պարտադիր է նախարարության համակարգի լուսհաստատությունների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների համար։
15. Նախարարությունն ունի կոլեգիա, որի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` նախարարի ներկայացմամբ։
Կոլեգիայի կազմի մեջ մտնում են նախարարը (նախագահ), նրա տեղակալները՝ ի պաշտոնե, նախարարության, լուսավորության համակարգի, ինչպես նաև պետական այլ մարմինների ու գիտամանկավարժական հիմնարկների ղեկավար կամ պատասխանատու աշխատողներ։
16. Նախարարության կոլեգիան սահմանված կարգով քննության է առնում նախարարության համակարգի կազմակերպման ու զարգացման ընդհանուր հարցերը, ուսումնադաստիարակչական հիմնարար փաստաթղթերի նախագծերը, նախարարության հրամանների, հրահանգների, հանձնարարականների կատարման արդյունքները, կրթության մասին օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունները, կադրերի ընտրության, նշանակման ու տեղաբաշխման հարցերը, նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների, լուսհաստատությունների, նախարարության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվետվություններն ու հաղորդումները, քննարկում ու ամփոփում է Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրման վերաբերյալ առաջարկություններն ու այլ հարցեր և ընդունում որոշումներ։
17. Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, նախարարի հրամաններով։ Նախարարի և կոլեգիայի անդամների միջև ծագած տարաձայնության դեպքում նախարարն իրագործում է իր որոշումը՝ տարաձայնության մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։
18. Հանրակրթության բովանդակության զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները և նյութերը քննության առնելու, մանկավարժական գիտության նվաճումներն ու առաջավոր փորձը կիրառելու, լուսավորության բնագավառում գիտականորեն հիմնավորված կրթական միասնական քաղաքականություն իրականացնելու ուղղությամբ համապատասխան հանձնարարականներ ու երաշխավորություննեը մշակելու նպատակով նախարարությանը կից ստեղծվում է ուսումնագիտական խորհուրդ։
19. Նախարարությունը սահմանված կարգով քննության է առնում քաղաքացիների դիմումները, գանգատները և առաջարկությունները, կատարում քաղաքացիների ընդունելություն։