ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
30 օգոստոսի 2022 թվականի |
թիվ 148 |
քաղ. Մոսկվա |
ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ԵՎ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ «Եղանակի կանխատեսման և օդերևութաբանական ծառայությունների ոլորտում վարչական համագործակցության մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար:
2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2022 թվականի նոյեմբերի 15-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել սույն կարգադրության 1-ին կետում նշված համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցման անցկացման արդյունքների մասին:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Նախագիծ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
եղանակի կանխատեսման և օդերևութաբանության ծառայությունների ոլորտում վարչական համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը, Բելառուսի Հանրապետության բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը, Ղազախստանի Հանրապետության էկոլոգիայի, երկրաբանության և բնական ռեսուրսների նախարարությունը, Ղրղզստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, Ռուսաստանի Դաշնության բնական ռեսուրսների և էկոլոգիայի նախարարությունն ու Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի դաշնային ծառայությունը, այսուհետ՝ Կողմեր,
ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 68-րդ հոդվածի դրույթներով (այսուհետ՝ Պայմանագիր),
Կողմերի, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված պետական հիդրոօդերևութաբանական ծառայությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ, հիդրոօդերևութաբանական ծառայություններ) վարչական համագործակցության պատշաճ մակարդակ ապահովելու նպատակով՝ եղանակի կանխատեսման և օդերևութաբանական ծառայությունների ոլորտում Միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկա ձևավորելու համար,
ընդունելով վարչական համագործակցության կարգ սահմանելու, այդ թվում՝ Կողմերի և հիդրոօդերևութաբանական ծառայությունների միջև տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությունը,
համաձայնեցին հետևյալի մասին՝
Հոդված 1
Սահմանումները
Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
օդերևութաբանական ծառայությունների միասնական շուկա՝ օդերևութաբանական ծառայությունների միասնական շուկայի մասնակիցների միջև՝ իրենց գործունեության իրականացման ժամանակ ծագող հարաբերությունների ամբողջություն.
օդերևութաբանական ծառայությունների միասնական շուկայի մասնակիցներ՝ եղանակի կանխատեսման և օդերևութաբանական ծառայությունների բնագավառում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող՝ անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտներ։
Սույն համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են Պայմանագրով և Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով:
Հոդված 2
Համաձայնագրի առարկան
Սույն համաձայնագրի առարկան այն հարաբերություններն են, որոնք ծագում են օդերևութաբանական ծառայությունների միասնական շուկայի գործունեությունն ապահովելու նպատակով Կողմերի (հիդրոօդերևութաբանական ծառայությունների) տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում՝ հաշվի առնելով Պայմանագրի և Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերի դրույթները։
Սույն համաձայնագրի առարկան չի վերաբերում այն հարաբերություններին, որոնք ծագում են ավիացիայի հիդրոօդերևութաբանական ապահովման, հիդրոօդերևութաբանական գործընթացների վրա ակտիվ ներգործության աշխատանքների կատարման և ջրաբանության (հիդրոլոգիայի), ագրոօդերևութաբանության ոլորտում գործունեության իրականացման ժամանակ։
Հոդված 3
Տեղեկատվության տեղադրումը
1. «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում Կողմերի և (կամ) հիդրոօդերևութաբանական ծառայությունների պաշտոնական կայքերում (այսուհետ՝ կայքեր) անդամ պետությունների պետական լեզուներով և ռուսերենով տեղադրվում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) անդամ պետությունների այն նորմատիվ իրավական ակտերի մասին, որոնք առնչվում են եղանակի կանխատեսման և օդերևութաբանության ոլորտի գործունեության հետ․
2) օդերևութաբանական ծառայությունների միասնական շուկայի մասնակիցների մասին՝ ներառյալ
իրավաբանական անձի, անհատ ձեռնարկատիրոջ անվանումը․
գործունեություն և (կամ) գործողություններ իրականացնելու համար թույլտվությունների (ներառյալ լիցենզիաների, սերտիֆիկատների և այլ տեսակի թույլտվությունների) քանակը, անվանումները, տրման ամսաթվերը, համարները և բովանդակությունը։
2. Կողմերը և հիդրոօդերևութաբանական ծառայություններն ապահովում են սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված տեղեկատվության ազատ հասանելիությունը կայքերում։
3. Օդերևութաբանական ծառայությունների միասնական շուկայի և այդ շուկայի մասնակիցների գործունեության մասին տեղեկատվությունն արդիական վիճակում պահպանելու համար, Կողմերն ու հիդրոօդերևութաբանական ծառայությունները դրանց փոփոխման դեպքում սույն տեղեկատվությունը թարմացնում են կայքերում:
4. Կայքերում տեղադրված և Կողմերի ու հիդրոօդերևութաբանական ծառայությունների տեղեկատվական ռեսուրսներում առկա տեղեկատվությունը պետք է պահպանվի առնվազն 5 տարվա ընթացքում։
Հոդված 4
Տեղեկատվության փոխանակումը
1. Կողմերը և հիդրոօդերևութաբանական ծառայություններն իրականացնում են օդերևութաբանական ծառայությունների միասնական շուկայի մասնակիցների մասին տեղեկատվության, այդ թվում՝ տրված թույլտվությունների մասին տեղեկությունների փոխանակում։
Կողմերը և հիդրոօդերևութաբանական ծառայություններն իրականացնում են փոխգործակցություն խորհրդատվությունների, համատեղ խորհրդակցությունների, բանակցությունների միջոցով, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներով։
2. Կողմերի և հիդրոօդերևութաբանական ծառայությունների միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է ռուսերենով կամ անդամ պետության պետական լեզվով (կցելով ռուսերեն թարգմանությունը)՝ գրավոր հարցման հիման վրա։
3. Կողմերի (հիդրոօդերևութաբանական ծառայությունների) հարցումով իրականացվում է տեղեկատվության տրամադրում, որն անհրաժեշտ է դրանց կողմից սույն համաձայնագրին համապատասխան վարչական փոխգործակցություն իրականացնելու համար։
4. Սույն համաձայնագրի դրույթները չեն տարածվում այն տեղեկատվության վրա, որը, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, դասվում է պետական գաղտնիքի (պետական գաղտնիքների) շարքին:
Հոդված 5
Տեղեկատվություն տրամադրելու մասին հարցման բովանդակությունը
1. Սույն համաձայնագրի 4-րդ կետին համապատասխան տեղեկատվության տրամադրման մասին հարցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝
1) հարցում ուղարկող Կողմի (հիդրոօդերևութաբանական ծառայության) անվանումը
2) հարցում ստացող Կողմի (հիդրոօդերևութաբանական ծառայության) անվանումը
3) հղում սույն Համաձայնագրի համապատասխան դրույթներին
4) հիմք՝ հարցում ուղարկելու համար և հարցման էության ու հարցվող տեղեկատվության բնույթի հետ կապված փաստերի, իրադարձությունների և հանգամանքների մասին այլ տեղեկություններ
5) օդերևութաբանական ծառայությունների միասնական շուկայի մասնակիցների և այլ անձանց անվանումները, որոնց վերաբերյալ կատարվում է տեղեկատվության հարցում
6) հարցման նպատակների և էության համառոտ շարադրանքը
7) հարցվող տեղեկատվության նկարագրությունը
8) տեղեկություններ այն անձանց մասին, որոնք ենթադրաբար տիրապետում են հարցվող տեղեկատվությանը (առկայության դեպքում)
9) սույն համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն (Կողմերի (հիդրոօդերևութաբանական ծառայությունների) հետ համաձայնեցմամբ)։
2. Հարցում ստացող Կողմը (հիդրոօդերևութաբանական ծառայությունը)՝ ըստ հարցման, օդերևութաբանական ծառայությունների միասնական շուկայի և դրա մասնակիցների վերաբերյալ տրամադրում է հետևյալ տեղեկատվությունը (առկայության դեպքում)՝
1) օդերևութաբանական ծառայությունների միասնական շուկայի մասնակիցներին տրված համապատասխան թույլտվությունների գործողությունը դադարեցնելու, կասեցնելու, չեղյալ ճանաչելու մասին․
2) օդերևութաբանական ծառայությունների միասնական շուկայի մասնակիցների նկատմամբ հսկողության նոր մեթոդիկաների մասին։
3. Հարցումն ստորագրվում է հարցում ուղարկող Կողմի (հիդրոօդերևութաբանական ծառայության) ղեկավարի կամ ղեկավարի տեղակալի կողմից։
4. Ստացված հարցման իսկության կամ բովանդակության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում հարցում ստացող Կողմը (հիդրոօդերևութաբանական ծառայությունը) իրավունք ունի պահանջելու այդ հարցումն ուղարկելու գրավոր հաստատում։
Հոդված 6
Հարցման նպատակները
Հարցումն իրականացվում է հետևյալ նպատակներով՝
մի անդամ պետության օդերևութաբանական ծառայություններ ստացողների իրավունքների պաշտպանություն՝ մյուս անդամ պետության օդերևութաբանական ծառայությունների միասնական շուկայի մասնակցի կողմից դրանք տրամադրվելու դեպքում.
օդերևութաբանական ծառայությունների միասնական շուկայի մասնակցի և օդերևութաբանական ծառայություններ ստացողի կողմից պարտավորությունների կատարում.
անբարեխիղճ մրցակցության կանխարգելում.
անդամ պետությունների օդերևութաբանական ծառայությունների ծավալների մասին հավաստի տվյալների փոխանակում.
հարցում ուղարկող Կողմի (հիդրոօդերևութաբանական ծառայության) կողմից իր լիազորություններն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվության ստացում։
Հոդված 7
Հարցման կատարումը
1. Հարցումը կատարվում է հարցումն ստացող Կողմի (հիդրոօդերևութաբանական ծառայության) անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով այն գրանցելու օրվանից 20 օրացուցային օրվա ընթացքում։ Սահմանված ժամկետում հարցումը կատարելու համար խոչընդոտող կամ դրա կատարումն ուշացնող հանգամանքներ առաջանալու դեպքում հարցում ստացող Կողմը (հիդրոօդերևութաբանական ծառայությունը) հարցումը գրանցելու օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում այդ մասին ծանուցում է ուղարկում հարցում ուղարկող Կողմի (հիդրոօդերևութաբանական ծառայության) հասցեով (նշելով պատճառները)։
2. Հարցման պատասխանը ներկայացվում է գրավոր՝ ռուսերենով կամ անդամ պետության պետական լեզվով (կցելով ռուսերեն թարգմանությունը)՝ սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետում։
Հոդված 8
Հարցման կատարումը մերժելը
1. Հարցում ստացող Կողմը (հիդրոօդերևութաբանական ծառայությունը) իրավունք ունի մերժելու հարցումն ամբողջությամբ կամ մասնակիորեն կատարելը հետևյալ դեպքերում՝
1) հարցման բովանդակությունը չի համապատասխանում սույն համաձայնագրի 5-րդ հոդվածին․
2) հարցվող տեղեկատվության բացահայտումը հակասում է հարցում ստացող Կողմի (հիդրոօդերևութաբանական ծառայության) անդամ պետության ազգային անվտանգության շահերին․
3) հարցվող տեղեկատվությունն անդամ պետության օրենսդրությամբ պահպանվող առևտրային կամ այլ գաղտնիք կազմող տեղեկատվություն է։
2. Հարցումն ամբողջությամբ կամ մասնակիորեն կատարելը մերժելու դեպքում հարցում ստացող Կողմը (հիդրոօդերևութաբանական ծառայությունը) հարցումը գրանցելու օրվանից 20 օրացուցային օրվա ընթացքում այդ մասին գրավոր (նշելով պատճառները) ծանուցում է ուղարկում հարցում ուղարկող Կողմին (հիդրոօդերևութաբանական ծառայությանը)։
Հոդված 9
Փոփոխությունների կատարումը
Սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և համարվում են սույն համաձայնագրի անբաժանելի մասը։
Հոդված 10
Վեճերի կարգավորումը
Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են Պայմանագրով սահմանված կարգով:
Հոդված 11
Եզրափակիչ դրույթներ
1. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն Հայաստանի Հանրապետության կողմից կատարվելու մասին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։
2. Կողմերը՝ սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում ծանուցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն համաձայնագրի շրջանակներում փոխգործակցության համար պատասխանատու հիդրոօդերևութաբանական ծառայությունների մասին։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն այդ ծանուցումն ստանալու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում նշված տեղեկատվությունն ուղարկում է մյուս Կողմերին։
3. Կողմի (հիդրոօդերևութաբանական ծառայության) անվանումը փոփոխվելու և (կամ) դրա գործառույթներն այլ մարմին (հիդրոօդերևութաբանական ծառայությանը) փոխանցվելու դեպքում համապատասխան Կողմը անվանման փոփոխության (գործառույթների փոխանցման) օրվանից 1 ամսվա ընթացքում այդ մասին ծանուցում է մյուս Կողմերին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։
4. Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և ընդգրկվում է Միության իրավունքի կազմում։
Կատարված է ___________ քաղաքում, 202___ թվականի ________-ի «___» -ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ |
|
|
Բելառուսի Հանրապետության բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի պահպանության նախարարության կողմից՝ |
|
|
Ղազախստանի Հանրապետության էկոլոգիայի, երկրաբանության և բնական ռեսուրսների նախարարության կողմից՝ |
|
|
Ղրղզստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից՝ |
|
|
Ռուսաստանի Դաշնության բնական ռեսուրսների և էկոլոգիայի նախարարության կողմից՝ |
Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի դաշնային ծառայության կողմից՝ |