ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
26 օգոստոսի 2022 թվականի |
թիվ 20 |
քաղ. Չոլպան Աթա |
ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԵՏԱԳԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային արժույթների օգտագործման զարգացման վերաբերյալ հանձնարարականին։
2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների և կենտրոնական (ազգային) բանկերի հետ համատեղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին կես տարին մեկ տեղեկացնել Հանձնարարականների իրականացման ընթացքի մասին։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 26-ի թիվ 20 կարգադրությամբ |
ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային արժույթների օգտագործման զարգացման վերաբերյալ
Եվրասիական տնտեսական միության զարգացումը և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի հետևողական աճն ուղեկցվում են փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժնի ավելացմամբ։ Միության ստեղծման պահից անցած յոթ տարիների ընթացքում դրանց մասնաբաժինը գերազանցել է 70 տոկոսը՝ 2022 թվականին հասնելով 74 տոկոս ցուցանիշին։
Ազգային արժույթների օգտագործման ընդլայնումը նպաստում է ԵԱՏՄ անդամ պետությունների կոոպերացիոն կապերի ամրապնդմանը, ինչպես նաև արտաքին գործոններից ազգային տնտեսությունների անկախության բարձրացմանը։
Միջազգային առևտրի ճարտարապետության փոփոխումը, լոգիստիկ շղթաների գլոբալ վերակառուցումը ստեղծում են պայմաններ՝ ազգային արժույթներով հաշվարկների հետագա որակական ավելացման համար։ Այդպիսի հաշվարկների դերը, որպես ազգային տնտեսությունների տնտեսական ինքնիշխանության ապահովման էական գործոն, հետևողականորեն կբարձրանա։
Այսօրվա դրությամբ, չնայած ազգային արժույթների էական մասնաբաժնին, ինչպես նաև բարենպաստ տնտեսական կոնյունկտուրային, Միության անդամ պետությունների փոխադարձ առևտրի շրջանակներում հաշվարկները հաճախ բախվում են տնտեսական կապերի հետագա զարգացմանը խոչընդոտող սահմանափակումների։ Դա ռիսկեր է ստեղծում փոխադարձ առևտրի համար, բարձրացնում է անորոշության գործոնը, ինչը, վերջ ի վերջո, բացասաբար է անդրադառնում ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների ու սպառողների վրա։
Բացի այդ, զարգացման համար էական ներուժ ունեն Միության անդամ պետությունների ազգային արժույթներով սահմանված բորսայական գործիքները։
ԵԱՏՄ անդամ պետությունների՝ ազգային արժույթներով հաշվարկների զարգացմանն ուղղված համաձայնեցված աշխատանքի կազմակերպման նպատակով սույն հանձնարարականներով առանձնացվում են տվյալ աշխատանքի առանցքային ուղղություններն ու առաջնահերթ խնդիրները, ինչպես նաև դրանց հասնելու ցուցիչները։
Որպես առաջնահերթ ուղղություններ պետք է առանձնացվեն՝
1. Անկախ վճարային ենթակառուցվածքների զարգացումը՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում։
Տվյալ ուղղությամբ հանձնարարվում է՝
1.1 ԵԱՏՄ անդամ պետությունների վճարային քարտերի ազգային համակարգերի միջհամակարգային փոխգործակցության ապահովումը։
Այսօրվա դրությամբ Միության անդամ պետություններում գործում են վճարային քարտերի հետևյալ ազգային համակարգերը, որոնց միջև կազմակերպվել է միջհամակարգային փոխգործակցություն՝ «Արմենիան Քարտ»՝ Հայաստանի Հանրապետությունում, «Բելքարտ»՝ Բելառուսի Հանրապետությունում, «Էլքարտ»՝ Ղրղզստանի Հանրապետությունում, և «Միր»՝ Ռուսաստանի Դաշնությունում։ Բացի այդ, Ղազախստանի Հանրապետությունում տարվում է աշխատանք՝ ուղղված Վճարային քարտերի ազգային միջբանկային համակարգի ստեղծմանը։
Միության շրջանակներում ազգային արժույթներով անդրսահմանային վճարումների ու հաշվարկների հետևողականորեն աճող մասնաբաժնով, ինչպես նաև արտասահմանյան վճարային համակարգերի օգտագործման հետ կապված ռիսկերով է պայմանավորված ԵԱՏՄ երկրների վճարային քարտերի գործող ազգային համակարգերի միջհամակարգային փոխգործակցության կազմակերպման անհրաժեշտությունը։
Տվյալ հանձնարարականի իրականացման ցուցիչը ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային վճարային քարտերի փոխադարձ ընդունման ապահովումն է։
1.2 ԵԱՏՄ երկրների բանկերի՝ ազգային արժույթներով թղթակցային հաշիվների բավարար ցանցի գործունեությունը։
Միության երկրների տնտեսավարող սուբյեկտների անդրսահմանային հաշվարկները ԵԱՏՄ շրջանակներում այսօրվա դրությամբ իրականացվում են Միության անդամ պետությունների բանկերի կողմից բացված թղթակցային հաշիվների զարգացած ցանցի օգտագործմամբ։ Թղթակցային հարաբերություններ են հաստատվել ԵԱՏՄ անդամ պետությունների ավելի քան 200 առևտրային բանկերի միջև։ Թղթակցային հաշիվների ստեղծված ցանցն ընդհանուր առմամբ ապահովում է հաշվարկների իրականացումը Միության երկրների փոխադարձ առևտրի շրջանակներում։
Ընդ որում, թղթակցային հաշիվների օգտագործմամբ հաշիվների հետագա զարգացումը, հաշվի առնելով փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժնի հետևողական ավելացումը, ենթադրում է ձևավորված թղթակցային ցանցի գործունեության պահպանում՝ ազգային արժույթներով բացվող հաշիվների մասնաբաժնի հետևողական ավելացմամբ։
Տվյալ հանձնարարականի իրագործման ցուցիչն է Միության երկրների օպերատորների միջև հաշվարկների իրականացումը՝ ԵԱՏՄ երկրների ազգային արժույթներով թղթակցային հաշիվների ստեղծված համակարգի միջոցով։
1.3 Ֆինանսական տեղեկատվության փոխանակման հնարավորության ապահովում՝ առանց SWIFT-ի օգտագործման, փոխադարձ թղթակցային հաշիվների մասով անդրսահմանային հաշվարկների շրջանակներում։
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխադարձ առևտրի շրջանակներում բաց թղթակցային հաշիվների մասով հաշվարկների անխափան իրականացումն ուղղակիորեն պայմանավորված է ֆինանսական տեղեկատվության փոխանակման՝ SWIFT-ից անկախ ուղիների օգտագործման հնարավորությամբ։
Այսօրվա դրությամբ Միության անդամ պետությունների կողմից անցկացվում է ակտիվ աշխատանք՝ ուղղված Միության երկրների ազգային (կենտրոնական) բանկերի՝ Ռուսաստանի բանկի ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգին (ՖՀՓՀ) միանալուն, որով կապահովվի փոխադարձ առևտրի շրջանակներում տնտեսավարող սուբյեկտների հաշվարկների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական տեղեկատվության երաշխավորված փոխանցումը։
Բացի այդ, ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ֆինանսական տեղեկատվության անխոչընդոտ փոխանցմանը կնպաստեր նաև Ռուսաստանի բանկի ՖՀՓՀ-ին ԵԱՏՄ անդամ պետությունների առևտրային ֆինանսական կազմակերպությունների միանալը, այդ թվում՝ սերվիս-գրասենյակի ձևով։
Տվյալ հանձնարարականի իրագործման ցուցիչն է արտաքին տնտեսական գործունեությունը սպասարկող վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսական տեղեկատվության փոխանակման՝ SWIFT-ին այլընտրանքային ուղիների, այդ թվում՝ Ռուսաստանի բանկի ՖՀՓՀ-ի օգտագործման հնարավորության ապահովումը՝ փոխադարձ թղթակցային հաշիվների մասով անդրսահմանային հաշվարկներ իրականացնելիս (մինչև 2022 թվականի վերջը)։
2. Ազգային արժույթներով կազմակերպված առևտրի զարգացումը։
Տվյալ ուղղությամբ հանձնարարվում է՝
2.1. ԵԱՏՄ ազգային արժույթների արժութային զույգերով սակարկությունների զարգացումը
Միության շրջանակներում ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժնի հետևողական ավելացումը ձևավորում է երկարաժամկետ պահանջարկ՝ համապատասխան արժույթների գնման (փոխանակման) գործառնությունների համար։ Կնքված պայմանագրերի մասով փոխադարձ հաշվարկներում օգտագործման համար արժույթի ձեռքբերումն ապահովող առանցքային մեխանիզմներից մեկը բորսային արժութային շուկան է։
Որպես ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային արժույթների արժութային զույգերով բորսային առևտրի զարգացման ներուժի ցուցանիշ կարող է ծառայել մասնավորապես ազգային արժույթների արժութային զույգերի առևտրի ամենամսյա ծավալների աճը։ Օրինակ՝ Մոսկովյան բորսայում ռուսական ռուբլի-ղազախական տենգե արժութային զույգի մասով գործառնությունների ծավալը 2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում 2021 թվականի 2-րդ կիսամյակի համեմատ ավելացել է 3,05 անգամ։
Չնայած այն փաստին, որ այսօրվա դրությամբ Միության երկրների արժույթների արժութային զույգերով բորսային սակարկությունների ծավալները պահուստային արժույթների արժութային զույգերի համեմատ մեծ չեն, ԵԱՏՄ շրջանակներում փոխադարձ հաշվարկների կառուցվածքով, ինչպես նաև փոխադարձ առևտրի ավելացող մասնաբաժնով հիմնավորապես պայմանավորված դրանց աճի ներուժը գնահատվում է որպես բարձր։
Անհրաժեշտ է ապահովել այդ սակարկությունների իրացվելիությունը, ինչպես նաև ազգային արժույթներով փոխադարձ գնանշումների ձևավորումը՝ սակարկություններում Միության երկրների խոշոր բանկերի՝ համապատասխան արժույթներով իրացվելիության մատակարարների մասնակցության համար պայմանների ստեղծման, ինչպես նաև սակարկությունների մասնակիցների փոխադարձ հասանելիության նպատակով ԵԱՏՄ բորսաների միջև երկկողմ համաձայնագրերի կնքման և նախևառաջ, ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսությունների իրական հատվածի կողմից այդ արժույթների մասով պահանջարկի ապահովման միջոցով։
Տվյալ հանձնարարականի իրագործման ցուցիչն է՝
- ԵԱՏՄ անդամ պետությունների բորսաներում սակարկությունների գործարկումը՝ ԵԱՏՄ ազգային արժույթների արժութային զույգերով.
2.2 Ապրանքահումքային ակտիվներով կազմակերպված առևտրի գործարկումը՝ ազգային արժույթներով ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների մասնակցությամբ։
Կազմակերպված (բորսային) առևտուրը ծառայում է որպես ապրանքահումքային ակտիվներին ոչ խտրական հասանելիության, ինչպես նաև դրանց մասով արդար գնագոյացման ապահովման առանցքային գործիքներից մեկը։
Տվյալ ուղղության զարգացումը նախատեսված է Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղություններով (հաստատված են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ), որոնցով, որպես ԵԱՏՄ զարգացման հեռանկարային նպատակներից մեկը, սահմանված է ապրանքների ընդհանուր կազմակերպված շուկայի ձևավորումը։
Այսօրվա դրությամբ տվյալ խնդրի գործնական իրագործման առաջնահերթ ուղղությունը փուլային աշխատանքն է՝ ուղղված ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքային բորսաներ առևտրային գործունեության սուբյեկտների փոխադարձ արդար հասանելիության համար իրավական ու կազմակերպչական հիմքերի ձևավորմանը՝ Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղություններին համապատասխան։
Տվյալ խնդրի իրագործումը թույլ կտա ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային շուկաները հարմարեցնել ապրանքային բորսաներում սակարկությունների կազմակերպման նոր պայմաններին։
Տվյալ հանձնարարականի իրագործման ցուցիչներն են՝
- Ապրանքների ընդհանուր բորսայական շուկայի զարգացման ծրագրի նախապատրաստումը, որը այդ թվում ներառում է ԵԱՏՄ անդամ պետությունների կազմակերպված սակարկություններին ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների մասնակցությամբ ապրանքահումքային ակտիվների առևտրի գործարկման համար պայմանների ձևավորմանն ուղղված միջոցառումներ։
3. Փոխգործակցության ակտիվացում բիզնես համայնքի հետ՝ ազգային արժույթների օգտագործումն ընդլայնելու հարցերով։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) և ԵԱՏՄ անդամ պետությունների լիազորված մարմինների համատեղ աշխատանքի կարևոր ուղղություն է փոխադարձ առևտրի շրջանակներում ազգային արժույթներով հաշվարկների առավելությունների և հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը Միության անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների գիտությանը հասցնելը, ինչպես նաև ԵԱՏՄ ազգային արժույթներով հաշվարկների զարգացման վերաբերյալ համատեղ առաջարկներ (այդ թվում՝ ԵԱՏՄ գործարար խորհրդի հիման վրա) մշակելը։
ԵԱՏՄ անդամ պետություններին խորհուրդ է տրվում ավելի ակտիվորեն ներգրավել ազգային բիզնես ասոցացիաները փոխադարձ առևտրի շրջանակներում ազգային արժույթների օգտագործման ընդայնմանն ուղղված՝ անդամ պետությունների կողմից անցկացվող աշխատանքին։
Անցկացվող համատեղ աշխատանքի արդյունքում կստեղծվեն պայմաններ՝ փոխադարձ առևտրի շրջանակներում Միության անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների՝ ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների փուլային ընդլայնման համար։