ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
15 նոյեմբերի 2022 թվականի |
թիվ 197 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔՆ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արտադրանքն օրգանական ճանաչելու մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար։
2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սույն կարգադրության 1-ին կետում նշված համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցումն անցկացնելու արդյունքների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովին մինչև 2023 թվականի մարտի 10-ը տեղեկացնելու մասին խնդրանքով։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
Նախագիծ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արտադրանքն օրգանական ճանաչելու կարգի մասին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթների վրա,
հաստատելով տնտեսական համագործակցությունը զարգացնելու և առևտրատնտեսական կապերն ընդլայնելու մտադրությունը,
նպատակ ունենալով ապահովելու անդամ պետությունների արտադրողների և սպառողների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը,
ղեկավարվելով «Կոդեքս Ալիմենտարիուս» հանձնաժողովի նպատակներով և առաջարկություններով՝
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Սույն համաձայնագրով սահմանվում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում անդամ պետություններում արտադրված (ստացված) արտադրանքը՝ անդամ պետությունների տարածքներում դրա իրացման նպատակով օրգանական ճանաչելու կարգը:
Հոդված 2
1. Միության շրջանակներում արտադրանքը` անդամ պետությունների տարածքներում դրա իրացման նպատակով, ճանաչվում է օրգանական, եթե այդ արտադրանքն անդամ պետություններում արտադրվել (ստացվել) է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող՝ Եվրասիական տնտեսական միության օրգանական արտադրության ստանդարտների ցանկում (այսուհետ համապատասխանաբար՝ Հանձնաժողով, ցանկ) ներառված ստանդարտների պահանջներին համապատասխանող օրգանական արտադրության (դրա հետ կապված վերամշակման, պահպանման և փոխադրման գործընթացների) պայմաններում:
Ցանկում ընդգրկվում են միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտները, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտները:
Ցանկի ձևավորման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից:
2. Անդամ պետությունում այդ անդամ պետության օրենսդրության պահանջներին համապատասխանող օրգանական արտադրության պայմաններում արտադրված (ստացված) արտադրանքն օրգանական ճանաչելն իրականացվում է այդ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:
Անդամ պետությունում այդ անդամ պետության օրենսդրության պահանջներին համապատասխանող օրգանական արտադրության պայմաններում արտադրված (ստացված) արտադրանքը կարող է իրացվել միայն տվյալ անդամ պետության տարածքում:
Հոդված 3
1. Արտադրանքն անդամ պետությունների տարածքներում իրացվում է որպես օրգանական՝ ցանկում ընդգրկված ստանդարտների հետ այդ արտադրանքի արտադրության (դրա հետ կապված վերամշակման, պահպանման և տրանսպորտային փոխադրման գործընթացների) համապատասխանությունը հաստատող սերտիֆիկատի (այսուհետ՝ սերտիֆիկատ) առկայության դեպքում:
2. Ցանկում ընդգրկված ստանդարտների հետ արտադրության (դրա հետ կապված վերամշակման, պահպանման և տրանսպորտային փոխադրման գործընթացների) համապատասխանության գնահատումը (հավաստումը) իրականացվում է կամավոր սերտիֆիկացման ձևով և անցկացվում է համապատասխանության գնահատման (հավաստման) մարմինների կողմից, որոնք անդամ պետություններում հավատարմագրված են որպես օրգանական արտադրության (դրա հետ կապված վերամշակման, պահպանման և տրանսպորտային փոխադրման գործընթացների) սերտիֆիկացման մարմիններ (այսուհետ՝ սերտիֆիկացման մարմիններ):
Սերտիֆիկացման մարմինների մասին տեղեկություններն ընդգրկվում են այն անդամ պետության սերտիֆիկացման մարմինների ռեեստրում, որտեղ դրանք հավատարմագրվել են:
Սերտիֆիկացման մարմինը՝ ցանկում ընդգրկված ստանդարտների հետ արտադրության (դրա հետ կապված վերամշակման, պահպանման և տրանսպորտային փոխադրման գործընթացների)՝ անդամ պետությունում համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու նպատակով պետք է հավատարմագրված լինի այդ անդամ պետությունում պահանջվող բնագավառում՝ բացառությամբ սույն հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքի:
Կամավոր սերտիֆիկացման կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ:
3. Ցանկում ընդգրկված ստանդարտների հետ արտադրության (դրա հետ կապված վերամշակման, պահպանման և տրանսպորտային փոխադրման գործընթացների) համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու և սերտիֆիկատ ստանալու համար դիմումատուն (իրավաբանական անձը կամ ֆիզիկական անձը, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերը) դիմում է այն անդամ պետության սերտիֆիկացման մարմին, որի տարածքում այն գրանցվել է՝ այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Ցանկում ընդգրկված ստանդարտների հետ արտադրության (դրա հետ կապված վերամշակման, պահպանման և տրանսպորտային փոխադրման գործընթացների) համապատասխանության հավաստման դեպքում սերտիֆիկացման մարմինը դիմումատուին տրամադրում է ռուսերենով և անդամ պետության պետական լեզվով (պետական լեզուներով) (եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ) ձևակերպված սերտիֆիկատ:
Այն արտադրանքն արտադրողի մասին տեղեկությունները, որի արտադրության մասով տրվել է սերտիֆիկատ, ընդգրկվում են այն անդամ պետության օրգանական արտադրանք արտադրողների ռեեստրում, որի տարածքում այն գրանցված է:
5. Անդամ պետությունները փոխադարձաբար ճանաչում են սերտիֆիկացման մարմինների կողմից տրվող սերտիֆիկատները:
6. Եթե այն անդամ պետության սերտիֆիկացման մարմինը, որի տարածքում գրանցվել է դիմումատուն, չի իրականացնում ցանկում ընդգրկված ստանդարտների հետ արտադրության (դրա հետ կապված վերամշակման, պահպանման և տրանսպորտային փոխադրման գործընթացների) համապատասխանության գնահատում (հավաստում), ապա դիմումատուն իրավունք ունի դիմելու այլ անդամ պետության սերտիֆիկացման մարմին:
Այդ դեպքում այն սերտիֆիկացման մարմինը, որտեղ դիմել է դիմումատուն, 10 աշխատանքային օրվա ընթացքում այդ դիմումի մասին տեղեկացնում է այն անդամ պետության հավատարմագրման մարմնին, որի տարածքում գրանցված է դիմումատուն:
7. Ցանկում ընդգրկված ստանդարտների հետ արտադրության (դրա հետ կապված վերամշակման, պահպանման և տրանսպորտային փոխադրման գործընթացների) համապատասխանության գնահատումը (հավաստումը) իրականացվում է անկախ արտադրանքի համար Միության իրավունքի կազմում ընդգրկվող միջազգային պայմանագրերով և ակտերով կամ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված համապատասխանության պարտադիր գնահատում (հավաստում) անցկացնելու անհրաժեշտությունից:
Հոդված 4
1. Օրգանական արտադրանքն անդամ պետությունների տարածքներում իրացնելու նպատակով այդ արտադրանքի սպառողական և (կամ) տրանսպորտային փաթեթվածքի կամ դրա վրա ամրացված կամ դրանում տեղադրված տեղեկատվության կրիչների վրա, ինչպես նաև գովազդային նյութերում, մասնագրերում և օրգանական արտադրանքի այլ փաստաթղթերում զետեղվում է օրգանական արտադրանքի նշանը (այսուհետ՝ նշան):
Միության շրջանակներում օրգանական ճանաչված արտադրանքի՝ Միության մաքսային տարածքից դուրս արտահանման դեպքում այդ արտադրանքի վրա նշան կարող է չզետեղվել:
Նշանի պատկերը և դրա օգտագործման կարգը հաստատվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից:
2. Օրգանական արտադրանքի մականշվածքում օգտագործվող գրառումները՝ ներառյալ տարբերակիչ հատկանիշների նկարագրությունը, անվանումը, ապրանքային նշանը, բաղադրությունը, կարող են պարունակել «օրգանական», «կենսաբանական» կամ «էկոլոգիական» բառերը, ինչպես նաև այդ բառերի ածանցյալներից կազմված կրճատումներ կամ բառեր (եթե դա չի հակասում Միության շրջանակներում սահմանված՝ այդ արտադրանքի մակնշմանը ներկայացվող պարտադիր պահանջներին) առանձին կամ օրգանական արտադրանքի անվանման հետ միասին՝ ռուսերենով և այն անդամ պետության պետական լեզվով (պետական լեզուներով) (եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ), որի տարածքում իրացվում է օրգանական արտադրանքը:
3. Անդամ պետությունները հսկողություն են իրականացնում նշանի օգտագործման և սույն համաձայնագրով սահմանված՝ օրգանական արտադրանքի մակնշմանը ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ՝ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված կարգով:
Նշանի անհիմն օգտագործման և սույն համաձայնագրով նախատեսված՝ օրգանական արտադրանքի մակնշմանը ներկայացվող պահանջների խախտման հայտնաբերման դեպքում անդամ պետության լիազորված մարմինն այդ մասին տեղեկացնում է այլ անդամ պետությունների լիազորված մարմիններին և Հանձնաժողովին, ինչպես նաև ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ իր պետության տարածքում այդ արտադրանքը որպես օրգանական իրացնելը թույլ չտալու ուղղությամբ:
Հոդված 5
Միության մաքսային տարածք ներմուծված արտադրանքը ճանաչվում է օրգանական և անդամ պետությունների տարածքներում թույլատրվում է իրացման որպես օրգանական արտադրանք միայն սույն համաձայնագրի 3-րդ հոդվածում նշված սերտիֆիկատի առկայության դեպքում, եթե Միության՝ երրորդ կողմի հետ միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Հոդված 6
Սույն համաձայնագրի իրագործման նպատակներով՝ անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տեղեկատվական փոխանակումն իրականացվում է Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ:
Հանձնաժողովը, սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերում նշված ռեեստրներից տեղեկությունների հիման վրա, ձևավորում և վարում է՝
անդամ պետությունների սերտիֆիկացման մարմինների ռեեստրը.
անդամ պետությունների օրգանական արտադրանք արտադրողների ռեեստրը:
Նշված ռեեստրների ձևավորման և վարման կարգերը հաստատվում են Հանձնաժողովի կողմից:
Հոդված 7
Միության շրջանակներում օրգանական գյուղատնտեսության և օրգանական արտադրանքի շուկայի զարգացման մոնիթորինգի իրականացման նպատակներով անդամ պետությունները վարում են օրգանական արտադրանքի արտադրության և իրացման վիճակագրական հաշվառում՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող ընդհանուր մոտեցումների հիման վրա:
Հոդված 8
1. Անդամ պետությունը սահմանում է սույն համաձայնագրի իրագործման համար պատասխանատու լիազորված մարմին (մարմիններ), ինչի մասին տեղեկացնում է Հանձնաժողովին՝ սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցման հետ միաժամանակ: Լիազորված մարմնի անվանումը փոփոխվելու դեպքում անդամ պետությունն այդ մասին տեղեկացնում է Հանձնաժողովին:
2. Միության շրջանակներում օրգանական արտադրանքի ազատ (անարգել) տեղափոխման ապահովման ընդհանուր մոտեցումներ մշակելու նպատակներով՝ անդամ պետությունների լիազորված մարմինները Հանձնաժողովի մասնակցությամբ կարող են անցկացնել խորհրդակցություններ:
Հոդված 9
Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և ընդգրկվում է Միության իրավունքի կազմում։
Հոդված 10
Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:
Հոդված 11
Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ՝ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և կազմում են սույն համաձայնագրի անբաժանելի մասը։
Հոդված 12
Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Կատարված է _____ քաղաքում 202_ թվականի _____ «___»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի Հանրապետության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության կողմից՝ |
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ |