ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
8 նոյեմբերի 2022 թվականի |
թիվ 42 |
քաղ. Մոսկվա |
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳԵՐԱԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանը՝ ներառյալ մակրոտնտեսական կայունության ապահովմանն ուղղված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 12 կարգադրությամբ հաստատված միջոցների ցանկի իրագործման ժամանակ սպառողների իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով,
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից՝ տնտեսության օժանդակությանն ուղղված առաջնահերթ ժամանակավոր միջոցներ մշակելիս ու իրագործելիս առաջնորդվել սպառողների ու տնտեսավարող սուբյեկտների շահերի հավասարակշռության պահպանման և սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված գերակա միջոցների ցանկի կիրառման նպատակահարմարությամբ՝ հավելվածի համաձայն։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝ |
Վ. Նազարենկո |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 42 որոշման |
ՑԱՆԿ
Սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված գերակա միջոցների
1. Սպառողների, այդ թվում՝ սպառողների առանձին կատեգորիաների (հաշմանդամների, անչափահասների, տարեց մարդկանց) տեղեկատվական օժանդակությունը, որոնց կենսագործունեության առանձնահատկությունը հաշվի է առնվում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականություն անցկացնելու ընթացքում (այսուհետ՝ սպառողների առանձին կատեգորիաներ), սպառողների իրավունքների պաշտպանությունը հետևյալ կերպ կազմակերպելու հարցերով՝
ա) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) լիազորված մարմինների կողմից սպառողների իրավունքների բնույթի, պաշտպանության իրականացման եղանակների և անդամ պետությունների օրենսդրությամբ պահպանվող շահերի վերաբերյալ բնակչության խորհրդատվության կազմակերպում, այդ թվում՝ անդամ պետությունների տարածքում օտարերկրյա տնտեսավարող սուբյեկտների (արտադրողների, վաճառողների, օտարերկրյա արտադրողների գործառույթները կատարող անձանց) գործունեության փակման կամ կասեցման դեպքում՝ անդամ պետությունների սպառողների և գործարար համայնքների ներկայացուցիչների ներգրավմամբ.
բ) հանրային տեղեկատվական-լուսավորչական միջոցառումների անցկացում, որոնք ուղղված են՝
ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների մասով չհիմնավորված ավելացած սպառողական պահանջարկի զսպմանը.
բնակչության իրավական ու թվային գրագիտության զարգացման համար պայմանների ստեղծմանը՝ հեռակա եղանակով ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ձեռքբերման դեպքում թվային տեխնոլոգիաների և «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի ռեսուրսներն անվտանգ ու արդյունավետ օգտագործելու նպատակով։
2. Սպառողական շուկայում պետական հսկողության (վերահսկողության) միջոցների համակարգի կանխարգելիչ դերի բարձրացում՝ սպառողների իրավունքների խախտումներին նպաստող պատճառները վերացնելու նպատակով։
3. Բիզնեսի հետ փոխգործակցություն՝ սպառողների նկատմամբ տեղեկացման, հանրայնացման և բարեխիղճ գործարար գործելակերպի սկզբունքների ներդրման, ինչպես նաև սպառողների առանձին կատեգորիաների իրավունքների ու օրինական շահերի ապահովման հետ կապված առանձնահատկությունների հաշվառման մասով։
4. Պայմանագրերի անթույլատրելի, սպառողների իրավունքները ոտնահարող պայմանների ցանկի նորմատիվ ամրագրում՝ սպառողների իրավունքների պաշտպանության երաշխիքներն ավելացնելու նպատակով։
5. Սպառողների իրավունքների պաշտպանության լրացուցիչ մեխանիզմների մշակում և իրագործում՝ հաշվի առնելով Սպառողների առանձին կատեգորիաների իրավունքների ու շահերի պաշտպանության հատուկ միջոցների սահմանման նկատմամբ ընդհանուր մոտեցումները (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի մայիսի 21-ի թիվ 15 հանձնարարականի հավելված)։
6. Առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների և բնակարանային ու կոմունալ ծառայությունների սակագների նկատմամբ մոնիթորինգի անցկացում։
7. Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում առաջացող վեճերի կարգավորման այլընտրանքային ընթացակարգերի ու եղանակների (հաշտարարության ընթացակարգեր) ներդրման մասսայականացում և օժանդակություն։
8. Անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ պետությունների միջև սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով միջազգային համագործակցության ու փոխգործակցության զարգացման ակտիվացում։