ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
31 հուլիսի 2019 թվականի |
թիվ 128 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության միջև փոխըմբռնման հուշագրի նախագծին (կցվում է):
Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տ.Ս. Սարգսյանին ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու շուրջ բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չկրող փոփոխություններ։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Կ. Մինասյան |
Նախագիծ
ՀՈՒՇԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության միջև փոխըմբռնման
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությունը, այսուհետ՝ Կողմեր,
հաստատելով իրենց հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին, ինչպես որ դրանք արտացոլված են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ, ընդգծելով ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 2015 թվականի սեպտեմբերի 25-ի 70/1 բանաձևով հաստատված՝ մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածում կայուն զարգացման բնագավառում օրակարգում ներառված՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու կարևորությունը,
հաշվի առնելով այն փաստը, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ որպես Եվրասիական տնտեսական միության մշտապես գործող կարգավորող մարմնի հիմնական խնդիրը Եվրասիական տնտեսական միության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով հիմնադրված տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպության գործունեության և զարգացման պայմանների ապահովումն է,
ճանաչելով Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության դերը հանրային իրավունքի ոլորտում գիտելիքների տարածման գործում,
հիմնվելով փոխադարձ հարգանքի, փոխշահավետ համագործակցության և Կողմերի հավասարության սկզբունքների վրա,
ցանկանալով ստեղծել համագործակցության հիմք,
հանգեցին փոխըմբռնմանը հետևյալի վերաբերյալ.
1. Միջազգային հանրային իրավունքի զարգացմանն աջակցելու նպատակով Կողմերը մտադիր են համագործակցել իրենց իրավասության շրջանակներում հետևյալ ուղղություններով՝
միջազգային ինտեգրացիոն միավորումների գործունեության վերլուծություն.
առաջարկների մշակում՝ միջազգային ինտեգրացիոն միավորումների մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցների վերաբերյալ.
առաջարկների մշակում՝ միջազգային ինտեգրացիոն միավորումների շրջանակներում վեճերի լուծման մեխանիզմների վերաբերյալ.
համագործակցության՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններ։
2. Կողմերը մտադիր են սույն հուշագրի շրջանակներում համագործակցություն իրականացնել հետևյալ ճանապարհներով՝
տեղեկատվության և փորձի փոխանակում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ.
մասնակցություն՝ Կողմերի կողմից անցկացվող միջոցառումներին.
վերլուծական ամփոփագրերի նախապատրաստում.
խորհրդակցությունների, սեմինարների, գիտաժողովների, կլոր սեղանների և այլ միջոցառումների անցկացում.
համագործակցության այլ ձևերի իրագործում:
3. Սույն հուշագրի իրագործման նպատակներով Կողմերը կարող են մշակել համագործակցության ծրագրեր և համատեղ միջոցառումների պլաններ։ Նշված միջոցառումների անցկացման պայմաններն ու կարգը նախապես կորոշվեն Կողմերի կողմից՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին:
4. Կողմերից յուրաքանչյուրը կսահմանի սույն հուշագրի իրագործման շրջանակներում Կողմերի փոխգործակցության համակարգման համար պատասխանատու անձ:
5. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ, չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ և չի հանգեցնում որևէ ֆինանսական պարտավորության։
6. Սույն հուշագրի իրագործման հետ կապված հարցերը կլուծվեն Կողմերի միջև բանակցությունների միջոցով:
7. Սույն հուշագիրը կիրառվում է այն ստորագրելու օրվանից։
8. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ՝ համապատասխան արձանագրություն ստորագրելու միջոցով։
9. Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն հուշագրի կիրառումը՝ մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Կողմի կողմից այդպիսի ծանուցում ստանալու օրվանից։
Ստորագրված է 2019 թվականի «____» _________ քաղաք _________, երկու օրինակից, յուրաքանչյուրը՝ ռուսերեն և անգլերեն: Տարընթերցումների դեպքում օգտագործվում է անգլերեն տեքստը։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ |
Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության կողմից՝ |