ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
24 դեկտեմբերի 2019 թվականի |
թիվ 44 |
քաղ. Մոսկվա |
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ (ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻՆ) ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՆՁԱՆՑ ԱՆԱՐԳԵԼ, ՀԱՐՄԱՐ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրագործմանն ուղղված՝ 2018-2020 թվականների միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») 12-րդ կետին համապատասխան,
տրանսպորտային ենթակառուցվածքին և հանրային ուղևորատար տրանսպորտի տրանսպորտային միջոցներին (ընդհանուր օգտագործման տրանսպորտին) սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց անարգել, հարմար և անվտանգ հասանելիության համար պայմանների ստեղծման և տրանսպորտային ծառայությունների որակի բարձրացման նպատակով,
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սույն հանձնարարականը Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հրապարակելու օրվանից Եվրասիական տնտեսական միության մարմինների՝ տրանսպորտային միջոցներին և տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներին ներկայացվող միասնական պարտադիր պահանջները սահմանող ակտերի նախագծերի, ինչպես նաև ուղևորների փոխադրման ծառայությունների տրամադրմանն առնչվող նորմատիվ իրավական ակտերի և ծրագրային փաստաթղթերի նախագծերի պատրաստման դեպքում հաշվի առնել տրանսպորտային ենթակառուցվածքին և հասարակական ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներին (ընդհանուր օգտագործման տրանսպորտին) սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց հասանելիության ապահովման ընդհանուր մոտեցումների կիրառման հնարավորությունը՝ համաձայն հավելվածի։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 44 հանձնարարականի |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
տրանսպորտային ենթակառուցվածքին և հանրային ուղևորատար տրանսպորտի տրանսպորտային միջոցներին (ընդհանուր օգտագործման տրանսպորտին) սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց հասանելիության ապահովման
I. Ծառայությունների մատուցման ընդհանուր մոտեցումները
1. Ուղևորային փոխադրումների հասարակական կամ առևտրային համակարգի շրջանակներում մարդկանց խմբերի փոխադրման համար նախատեսված տրանսպորտային ենթակառուցվածքին և հանրային ուղևորատար տրանսպորտի տրանսպորտային միջոցներին (ավտոբուսներ, տրոլեյբուսներ, տրամվայներ, մետրոպոլիտեն, ուղևորատար գնացքներ, գետային և ծովային ուղևորատար նավեր, քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռներ) (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) անարգել, հարմար և անվտանգ հասանելիության մասով ծառայությունների մատուցումը՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան հաշմանդամ ճանաչված, օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարմամբ առողջության՝ հիվանդություններով, վնասվածքների հետևանքներով կամ թերություններով պայմանավորված այնպիսի խանգարում ունեցող անձին (այսուհետ՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձ), որը հանգեցնում է կենսագործունեության սահմանափակմանը և անհրաժեշտության դեպքում հաստատվում է այնպիսի փաստաթղթով, որի ձևը սահմանվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրությանը համապատասխան, իրականացվում է՝ հաշվի առնելով հետևյալ սկզբունքները․
ա) ոչ խտրականություն՝ տրանսպորտային ծառայությունների տրամադրման դեպքում ուղևորների բոլոր կատեգորիաների, այդ թվում՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց հավասարության պահպանում
բ) թափանցիկություն՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց՝ վերջիններիս համար տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների, տրանսպորտային միջոցների և տրանսպորտային ծառայությունների հասանելիության մասին տեղեկացնելը
գ) արհեստավարժություն և բարեխղճություն՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց սպասարկման հետ կապ ունեցող աշխատողների հրահանգավորման կամ ուսուցման կազմակերպում՝ այդպիսի անձանց համար տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների, տրանսպորտային միջոցների և տրանսպորտային ծառայությունների հասանելիության ապահովման ոլորտում։
2. Պետական իշխանության մարմինները և կազմակերպությունները, տնտեսական գործունեության սուբյեկտները, անկախ իրենց կազմակերպաիրավական ձևերից, սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց համար ապահովում են՝
ա) տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներին և տրանսպորտային ծառայություններին անարգել, հարմար և անվտանգ հասանելիության համար պայմանները
բ) երկաթուղային, օդային, ջրային, ավտոմոբիլային տրանսպորտից և քաղաքային վերգետնյա էլեկտրական տրանսպորտից, կապի և տեղեկատվության միջոցներից (ներառյալ տեսողական և ձայնային տեղեկատվության կրկնակումն ապահովող միջոցները, տեղեկատվության արտացոլման շոշափողական միջոցները և այլն) անարգել, հարմար և անվտանգ օգտվելու պայմանները․
գ) տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների տարածքով ինքնուրույն տեղաշարժման,
այդպիսի օբյեկտներ մուտքի և ելքի, տրանսպորտային միջոց նստելու և իջնելու հնարավորությունը, այդ թվում՝ անվասայլակի օգտագործմամբ և ուղեկցող շան ուղեկցությամբ։ Ընդ որում՝ ուղեկցող շան գործառույթները պետք է հաստատվեն շան հատուկ ուսուցման մասին փաստաթղթով, որի ձևն ու տրամադրման կարգը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան
դ) տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներում ուղեկցումն ու օգնության տրամադրումը՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց համար, որոնք ունեն տեսողության ֆունկցիայի կայուն խանգարումներ և չեն կարող տեղաշարժվել ինքնուրույն․
ե) տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներին և տրանսպորտային ծառայություններին սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց անարգել, հարմար և անվտանգ հասանելիության ապահովման համար անհրաժեշտ սարքավորումների և տեղեկատվության կրիչների պատշաճ տեղակայումը՝ հաշվի առնելով նրանց կենսագործունեության սահմանափակումները
զ) ձայնային և տեսողական տեղեկատվության կրկնակումը, րկնակո նաև Բրայլի ռելիեֆային-կետային տառատեսակով այնպիսի ցուցանակների օգտագործմամբ տեղեկացումը, որոնք տեղակայվում են այն շենքերի մուտքի մոտ, որտեղ ուղևորներին տրամադրվում են ծառայությունները՝ նշելով շինության նշանակությունը և ծառայությունների տրամադրման ժամանակը՝ տեսողության ֆունկցիայի կայուն խանգարումներ ունեցող, սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց համար
է) մուտքի իրավունքը՝ որպես ուղեկցող սուրդոթարգմանիչ և տակտիլային սուրդոթարգմանիչ.
ը) սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց տեղաշարժման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռնածանրոցի՝ սահմանված նորմայից ավելի անվճար փոխադրումը։
3. Տրանսպորտային ծառայություններ մատուցող կազմակերպությունները պետք է ապահովեն տրանսպորտային միջոցների համալրումը հատուկ հարմարանքներով և սարքվածքներով՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց կողմից այդպիսի միջոցների անարգել օգտագործումն ապահովելու նպատակով։
II. Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց համար տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների հասանելիության ապահովման ընդհանուր մոտեցումները
4. Ավտոմոբիլային, երկաթուղային, ծովային և գետային կայարաններում (այսուհետ՝ կայարաններ) և օդանավակայաններում սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց գտնվելու և տեղաշարժվելու հարմարության նպատակով պետք է ապահովվի այդ անձանց համար ուղևորների սպասարկման հիմնական ֆունկցիոնալ գոտիների հասանելիությունը, ինչպես նաև պետք է նախատեսվի նրանց տեղաշարժը դյուրացնող սարքավորումների (անվասայլակներով տեղաշարժվող՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց և նրանց ուղեկցող անձանց համար թեքամուտքերի, բեռնաուղևորատար վերելակների, հենովի մեքենայացված ելարան-շարժասանդուղքների, ավտոմատ վերելակների (վերհանների), շարժական վերհանների և (կամ) տրանսպորտային միջոցներ նստելու համար շարժական թեքահարթակների), սպասասրահում անվասայլակների տեղակայման վայրերի, բուֆետներում, սրճարաններում, ռեստորաններում հատուկ սեղանիկների՝ հաշվի առնելով անվասայլակների չափսը, հասարակական զուգարաններում հատուկ խցիկների առկայությունը։
5. Տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներում տեղեկատվական տերմինալների, տոմսերի վաճառքի ավտոմատ սարքերի և համանման սարքավորումների առկայության դեպքում այդ սարքավորումները (ընդհանուր քանակի 5 տոկոսը, սակայն սարքավորումների 1 միավորից ոչ պակաս) պետք է ունենան միջերես, որը հասանելի է անվասայլակով տեղաշարժվող՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձի կամ ցածրահասակ մարդու համար։ Ընդ որում՝ ընդունիչ սարքերը և տերմինալների, աշխատանքային արտապատկերման (դիսփլեյ) միջոցների և այլ սարքավորումների կառավարման սարքվածքները հարկավոր է տեղակայել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց համար ֆիզիկական հասանելիության գոտում։ Նաև՝ այդ սարքավորումները պետք է ապահովեն սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով, այդ թվում՝ տեսողության լրիվ կորուստ ունեցող անձի կողմից դրանց կառավարման հնարավորություն։ Այդ սարքավորումների մեջ պետք է իրականացված լինի տեսողական տեղեկատվության ձայնային կրկնակման գործառույթը։ Մնացորդային տեսողությամբ անձանց համար սարքավորումների հասանելիությունն ապահովելու համար պետք է ապահովվի եզրաչափերի վառ ցայտուն մակնշման, պատկերի մեծացման գործառույթների ծրագրավորման, ցայտագունության և ֆոնի գույնի փոփոխության հնարավորությունը։
6. Տրանսպորտային միջոցների յուրաքանչյուր կայանատեղում (կանգառում)՝ տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների մոտակայքում պետք է հատկացվեն տեղեր սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց տրանսպորտային միջոցների անվճար կայանման համար (տեղերի 10 տոկոսից ոչ պակաս, սակայն առնվազն 1 տեղ)։
7. Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց տրանսպորտային միջոցների անվճար կայանման համար նախատեսված տեղերից օգտվելու կարգը, ինչպես նաև նշված տեղերում այլ տրանսպորտային միջոցներ տեղակայելու դեպքում խափանման միջոցները սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ։
8. Անվասայլակներով տեղաշարժվող՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց երթուղիներում դռնատեղերի և շեմերի եզրաչափերը պետք է թույլ տան նրանց տեղաշարժվել անարգել ։
9. Կառամատույցների, կայարանների հարթակների լայնությունը նախագծելիս անհրաժեշտ է հաշվի առնել անվասայլակներով տեղաշարժվող՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց և թունելներից ելքերի շրջուղիներով բեռնասայլակների զուգահեռ երթևեկության հնարավորությունը՝ ծածկարանների հենարանների և լուսավորող կայմերի միջև։
10. Կառամատույցներում, կայարանների և օդանավակայանների շենքերում հարկավոր է կիրառել կոնտրաստային ցուցիչներ, որոնք դյուրացնում են սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց տեղաշարժը (նախազգուշացնող՝ հարթակի եզրերի երկայնքով, տեղեկացնող՝ երթևեկության ընթացքով), ինչպես նաև տեսողության լրիվ կորուստ ունեցող ուղևորների համար շոշափողական ցուցիչներ։ Բացի այդ՝ կայարանների և օդանավակայանների շենքերում անհրաժեշտ է նախատեսել տեսողական և ձայնային տեղեկատվության կրկնակման հնարավորություն։
11. Կայարանների և օդանավակայանների տեսողական տեղեկատվության համակարգում պետք է նախատեսվեն շինությունների հասանելիության պայմանանշաններով պատկերագրեր՝ անվասայլակներով տեղաշարժվող՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց համար։
12. Կայարանների և օդանավակայանների ձայնային տեղեկատվության համակարգում պետք է նախատեսվի նվազեցված լսողությամբ ուղևորների համար առանձին դրամարկղերի՝ հատուկ սարքվածքներով համալրումը, որոնք դյուրացնում են գանձապահի հետ ուղևորի շփումը։
13. Կայարանների և օդանավակայանների շենքերում տեղակայված՝ փաստաթղթերը լրացնելու համար նախատեսված սեղանները պետք է հասանելի լինեն անվասայլակներով տեղաշարժվող՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց համար։
III. Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց համար՝ վերջիններիս փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցների հասանելիության ապահովման ընդհանուր մոտեցումները
14. Տրանսպորտային միջոցի կառուցվածքը պետք է ապահովի սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց անարգել և հարմար մուտքն ուղևորասրահ (սրահ) և դրա մեջ անվտանգ ուղևորությունը։
15. Տրանսպորտային միջոցի (բացառությամբ օդային և ջրային տրանսպորտի) կորպուսի արտաքին կողմում պետք է զետեղված լինի մականշվածք, որը տեղեկացնում է սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց համար դրա հասանելիության մասին։
16. Տրանսպորտային միջոցով (բացառությամբ օդային և ջրային տրանսպորտի) պետք է նախատեսվի առնվազն մեկ դուռ, որի միջոցով իրականացվում է սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց նստեցումն ու իջեցումը։
Նշված դուռը պետք է ունենա համապատասխան նշագրումներ, գրառումներ կամ պատկերագրեր, ինչպես նաև՝ հատուկ լուսային և ձայնային ազդանշանային համակարգ։
Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց՝ տրանսպորտային միջոց մուտք գործելու համար նախատեսված դռնատեղի չափսերը պետք է թույլ տան նրանց անարգել տեղաշարժը։
17. Այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցները սարքավորված են անվասայլակներով տեղաշարժվող՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց նստեցման օժանդակ սարքվածքով կամ ամրացման պահող համակարգով, տրանսպորտային միջոցի սրահում պետք է գտնվեն դրանց գործնական շահագործման ձեռնարկներ։
18. Տրանսպորտային միջոցի՝ ուղևորների վթարային փրկության ստանդարտ միջոցները պետք է հարմարեցված լինեն սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց տարահանման համար՝ հաշվի առնելով նրանց կարողություններն ու հնարավորությունները։
Տրանսպորտային միջոցի՝ ուղևորների վթարային փրկության միջոցների գտնվելու տեղերը, այդ թվում՝ վթարային ելքերը, հարկավոր է համալրել լուսային և ձայնային փարոսիկներով, որոնք ունեն վթարային իրավիճակներում միանալու և էներգասնուցման հուսալի համակարգեր։
19. Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց անվտանգության և հարմարության ապահովման համար տրանսպորտային միջոցի մեջ պետք է հատկացված լինեն՝
ա) սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց տեղավորման գոտի,
բ) անվասայլակներով տեղաշարժվող՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց տեղավորման գոտուն վերջիններիս մոտենալու համար անհրաժեշտ տարածություն,
գ) անվասայլակները ծալված վիճակում տեղավորելու համար տարածություն (անվասայլակով տեղաշարժվող՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձին անվասայլակից ուղևորի նստատեղին տեղափոխելու դեպքում)։
20. Եթե տրանսպորտային միջոցի կառուցվածքով ենթադրվում է ընդհանուր օգտագործման զուգարանի առկայություն, ապա այն պետք է հարմարեցված լինի նաև սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց օգտագործման համար։
Եթե տրանսպորտային միջոցի մեջ նախատեսված է ընդհանուր օգտագործման մի քանի զուգարան, ապա դրանցից առնվազն մեկը, որն ամենից մոտն է գտնվում սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց տեղավորման վայրերին, պետք է հարմարեցված լինի այդ անձանց կողմից օգտագործման համար։
Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց տեղավորման գոտին տեղակայում են տրանսպորտային միջոցի՝ նրանց համար հասանելի մուտքի և զուգարանի (առկայության դեպքում) կողքին։
21. Անվասայլակներով տեղաշարժվող՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց համար նախատեսված՝ տրանսպորտային միջոցի կուպեի (ճամփորդախցիկի) հատակագծումը պետք է նախատեսի նրանց ուղեկցող անձանց ներսում տեղավորելը, ապահովի անվասայլակով այնտեղ մուտք գործելու հնարավորությունը, կուպեի (ճամփորդախցիկի) ներսում մանևրելու համար տարածությունը, ինչպես նաև՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց համար կուպեի (ճամփորդախցիկի) ցանկացած սարքավորման հասանելիությունը։
22. Անվասայլակով տեղաշարժվող՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձի համար նախատեսված յուրաքանչյուր կուպե (ճամփորդախցիկ) պետք է տեղակայված լինի այդ անձի համար հասանելի զուգարանի մոտակայքում և դրա հետ կապված լինի հասանելի անցամասով (միջանցքով)։
23. Հատակի մակերևույթը պետք է բացառի սահումը։
24. Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց երկարատև ուղևորությունների համար նախատեսված բազկաթոռները (նստատեղերը) պետք է ունենան ռելիեֆային տեսքով համապատասխան նշագրում (գրառումներ, պատկերագրեր), գլխակալներով թիկնակներ, թեքության անկյան տակ կարգավորվող՝ սրունքի համար հենարաններ, ոտնաթաթերի համար հենարաններ և արմնկակալներ։ Բազկաթոռների (նստատեղերի) արմնկակալները, որոնք տեղակայված են սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձին անվասայլակից տեղափոխելու կողմում, պետք է լինեն հետգցովի։
25. Անվասայլակներով տեղաշարժվող՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց տեղավորման գոտին կարող է սարքավորված լինել ընդհանուր օգտագործման հետգցովի և հավաքովի նստատեղերով, որոնք սովորական ուղևորների կողմից կարող են օգտագործվել այն դեպքերում, երբ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձինք այդ գոտին չեն զբաղեցնում։
Այդ նստատեղերը հավաքված դիրքով չպետք է ծանրաբեռնեն սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց տեղավորման համար նախատեսված գոտին։
26. Տրանսպորտային միջոցները պետք է համալրված լինեն բռնաձողերով և կանգնակներով, որոնք ապահովում են հարմար և անվտանգ նստեցումը, նստեցումից հետո տրանսպորտային միջոցի ներսում տեղաշարժը, սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց տրանսպորտային միջոցի մեջ տեղավորելը և այնտեղից նրանց դուրս գալը, և դրանք չպետք է սահմանափակեն անվասայլակներով տեղաշարժվող՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց պտտվելու և մանևրելու համար նախատեսված տարածությունը մուտքի դռնից դեպի տեղավորման գոտի նրանց տեղաշարժի ժամանակ, ինչպես նաև՝ խոչընդոտեն այլ ուղևորների շարժը։
Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց օգտագործման համար նախատեսված բոլոր հենարանային սարքվածքները (բռնաձողերը, կանգնակները և այլն), ինչպես նաև սպասարկման և կառավարման տարրերն ու մեխանիզմները (լծակները, բռնատեղերը, բռնակները, անջատիչները, վարդակները և այլն) տրանսպորտային միջոցի մեջ պետք է տեղակայվեն նրանց ֆիզիկական հասանելիության գոտում։
Տրանսպորտային միջոցի ներսում տեղակայված բռնաձողերի և կանգնակների գույնը պետք է լինի կոնտրաստային՝ տրանսպորտային միջոցի սրահի պատերի և հատակի գույնի նկատմամբ։
27. Զուգարանի սարքավորումների հարմարակազմությունը պետք է թույլ տա սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձին անարգել օգտվել այդ զուգարանից, ապահովի զուգարանի ներսում անվասայլակով տեղաշարժվող՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձի անհրաժեշտ մանևրելու և օգնություն ցուցաբերելու համար նրան ուղեկցող անձի՝ զուգարանում գտնվելու հնարավորություն, ինչպես նաև նախատեսի անվասայլակը զուգարանակոնքի կողքին տեղակայելու համար տեղ։
Զուգարանում պետք է նախատեսված լինեն հորիզոնական և ուղղահայաց բռնաձողեր, որոնք սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձի համար դյուրացնում են սանիտարական սարքավորումներից օգտվելը։
28. Սանիտարական սարքավորումները (լվացարանի լվացարանակոնքը, հայելին, թղթե սրբիչների և զուգարանի թղթի համար նախատեսված տարաները, օճառամանը, կեռիկները և այլն) հարկավոր է տեղակայել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց համար ֆիզիկական հասանելիության գոտում։
29. Տրանսպորտային միջոցի ներսում զուգարանի արտաքին դուռը պետք է ունենա համապատասխան ռելիեֆային-գրաֆիկական նշագրում (գրառում կամ պատկերագիր)։
30. Սարքերն ու սարքվածքները պետք է ապահովեն դրանք մեկ ձեռքով գործողության մեջ դնելու հնարավորությունը։
31. Տրանսպորտային միջոցները պետք է համալրված լինեն լուսային և ձայնային ազդանշանային սարքերով, որոնք ապահովում են տրանսպորտային միջոցի ներսում գտնվող՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձի հուսալի, այդ թվում՝ երկկողմանի կապը տրանսպորտային միջոցի անձնակազմի հետ։
32. Յուրաքանչյուր տրանսպորտային միջոց պետք է սարքավորված լինի ձայնային և տեսողական (ցուցատախտակ, արտապատկերման միջոց և այլն) տեղեկատվական համակարգերով՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց երթուղու, կանգառների մասին տեղեկություններով և ցանկացած այլ նախազգուշացնող տեղեկատվությամբ ապահովելու համար։
33. Տեքստային տեղեկատվական միջոցները պետք է ճշգրիտ համամասնություններ ունենան։ Գրառումներում և տեքստերում տառերն ու թվերը պետք է ունենան համատարած եզրագիծ՝ առանց միջակապերի։
34. Պատկերագրերը պետք է ունենան պարզ և հստակ կոմպոզիցիոն կառուցվածք, հասկանալի նկար կամ պայմանանշան, կոմպոզիցիոն տեսանկյունից արդարացված ֆոն, տառերի և թվերի չափ։
35. Տրանսպորտային միջոցները պետք է համալրված լինեն արտաքին և ներքին կողմնորոշիչների համակարգերով, որոնք նախատեսված են տրանսպորտային միջոցի ելքն ու մուտքը սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց կողմից որոնումը դյուրացվելու և տրանսպորտային միջոցի ներսում նրանց անվտանգ տեղաշարժվելու համար։
36. Կողմնորոշիչ սարքվածքների պատրաստման համար չպետք է կիրառվեն այնպիսի նյութեր և գունային լուծումներ, որոնք բացասաբար են ազդում մարդու տեսողական ապարատի և նրա հոգեֆիզիոլոգիական վիճակի վրա (մակերևույթների խամրածություն, կուրացնող կոնտրաստներ և այլն)։
37. Կողմնորոշիչ սարքվածքների մակերևույթների մակատեսքը և ռելիեֆը չպետք է իրենց մեջ պահեն փոշին և կեղտը, իսկ դրանց պատվածքը պետք է ապահովի փոշու և կեղտի հեռացումն առանց մակերևույթների որակը վնասելու։