ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
2 հուլիսի 2019 թվականի |
թիվ 19 |
քաղ. Մոսկվա |
ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ) կաթի մասնագիտացված ճյուղի վերլուծության արդյունքները,
անդամ պետություններում կաթի մասնագիտացված ճյուղի կայուն գործունեությունն ապահովելու, անդամ պետությունների տարածքներում հում կաթի արտադրությունը և մրցունակ կաթնային արտադրությունը զարգացնելու, արտադրանքի անվտանգության, մթերատվության կաթնային ուղղվածության խոշոր եղջերավոր անասունների աճեցման և կաթի վերամշակման ժամանակ գենետիկ նյութի, հումքի, արտադրության միջոցների ներմուծումից անդամ պետությունների գյուղատնտեսական ապրանք արտադրողների կախվածությունը նվազեցնելու, անդամ պետությունների տարածքներում արտադրված կաթնային արտադրանքը երրորդ երկրների շուկաներ արտահանումը խթանելու՝ հաշվի առնելով անդամ պետությունների միջազգային պարտավորությունները, ինչպես նաև կաթի և կաթնային արտադրանքի արտադրության ոլորտում անդամ պետությունների կոոպերացիան զարգացնելու համար պայմաններ ստեղծելու նպատակներով
հանձնարարում է անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համակարգմամբ համագործակցություն իրականացնել կաթի և կաթնային արտադրանքի արտադրության ոլորտում՝ հավելվածով սահմանված միջոցառումների ցանկին համապատասխան:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 2-ի թիվ 19 հանձնարարականի |
ՑԱՆԿ
կաթի և կաթնային արտադրանքի արտադրության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության զարգացման միջոցառումների
I. Ռեսուրսների ապահովման ոլորտի միջոցառումները
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ) կաթնային տավարաբուծության զարգացման, կերերի և կերային հավելումների, անասնաբուծության համար անասնաբուժական դեղամիջոցների արտադրության նպատակներով, ինչպես նաև կաթնային տավարաբուծության ճյուղի համար ռեսուրսային բազա ստեղծելու համար հանձնարարվում է ցուցաբերել աջակցություն՝
ա) տոհմային կաթնային տավարաբուծության համակարգի զարգացմանը, այդ թվում՝ միջերկրային համագործակցությունը զարգացնելու, ինչպես նաև մթերատվության կաթնային ուղղվածության խոշոր եղջերավոր անասունների նոր ցեղատեսակների շուկայական դիրքավորման միջոցով արդյունավետ շուկայահանման քաղաքականություն վարելու հաշվին, այդ թվում՝ ներառելով գյուղատնտեսական ապրանք արտադրողների խորհրդատվական ծառայությունը.
բ) առկա ձեռնարկությունների արդիականացման և նոր ձեռնարկությունների կառուցման միջոցով կերերի և կերային հավելումների արտադրության զարգացմանը.
գ) անասնաբուծության ճյուղի համար անասնաբուժական դեղամիջոցների արտադրության ծավալների մեծացմանը.
դ) գիտատեխնիկական և փորձարարական–կոնստրուկտորական ոլորտներում կոոպերացիայի զարգացմանը:
2. Փոքր տնտեսավարման ձևերում ապրանքային կաթի արտադրությունը մեծացնելու և կաթի վերամշակման ձեռնարկությունները որակյալ հումքով ապահովելու նպատակով հանձնարարվում է աջակցել անդամ պետությունների գյուղատնտեսական կազմակերպությունների և վերամշակող ձեռնարկությունների հետ դրանց կոոպերացիայի զարգացմանը:
II. Գիտահետազոտական համագործակցության ոլորտի միջոցառումները
3. Կաթնային տավարաբուծության ճյուղի և կաթի մասնագիտացված ճյուղի առջև ծառացած արդիական խնդիրները լուծելու, ինչպես նաև վերջինիս նորարարական զարգացման համար հեռանկարային ուղղություններ ստեղծելու նպատակով հանձնարարվում է ցուցաբերել աջակցություն՝
ա) մթերատվության կաթնային ուղղվածության խոշոր եղջերավոր անասունների բարձր մթերատու ցեղատեսակների դուրսբերման, ինչպես նաև կերային մշակաբույսերի բարձր բերքատու սորտերի ոլորտում գենոմային սելեկցիայի ձեռքբերումների յուրացմանը, կերերի արտադրությանը, կերակրման և կաթնային հոտը պահելու նորարարական տեխնոլոգիաներին.
բ) համատեղ գիտական հետազոտությունների անցկացմանը, այց թվում՝ մանկական, դիետիկ բուժական և դիետիկ պրոֆիլակտիկ սննդի ոլորտում ժամանակակից պահանջներին համապատասխանող կաթնամթերքի արտադրության տեխնոլոգիաների մշակմանը՝ ներգրավելով անդամ պետությունների վերամշակող ձեռնարկությունները՝ ստացված արդյունքները հետագայում անդամ պետությունների տարածքներում ներդնելու համար.
III. Կաթի և կաթնային արտադրանքի արտադրության ոլորտի միջոցառումներ
4. Անդամ պետությունների կաթնատու տավարաբուծության ճյուղի և կաթի մասնագիտացված ճյուղի հավասարակշռված զարգացման նպատակով հանձնարարվում է աջակցել՝
ա) կաթնային տավարաբուծության ճյուղում ուղղակի ներդրումների ներգրավմանը, այդ թվում՝ պետական ծրագրեր ընդունելու կամ գործող պետական ծրագրերում մթերատվության կաթնային ուղղվածության խոշոր եղջերավոր անասունների՝ ապրանքային մայրական գլխաքանակ բուծելուն ուղղված միջոցառումներ ներառելու միջոցով, կերերի և կերային հավելումների, անասնաբուծության ճյուղի համար անասնաբուժական դեղամիջոցների արտադրության զարգացմանը.
բ) Եվրասիական զարգացման բանկի, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ու միջազգային այլ ֆինանսական ինստիտուտների միջոցների ներգրավման հաշվին ֆինանսավորման հնարավորությամբ կոոպերացիոն նախագծերի մշակմանը և իրականացմանը.
գ) կաթի և կաթնային արտադրանքի արտադրության (այդ թվում՝ երկրորդային կաթնային հումքի վերամշակման) ռեսուրս խնայող ժամանակակից տեխնոլոգիաների և սարքավորումների մշակմանն ու ներդրմանը, այդ թվում՝ եվրասիական տեխնոլոգիական հարթակների շրջանակներում.
դ) անդամ պետությունների շուկաներում կոնտրաֆակտ և կեղծված կաթնային արտադրանքի շրջանառությանը հակազդելուն ուղղված միջոցառումների մշակմանն ու իրականացմանը.
ե) երրորդ երկրների հետ արտաքին առևտրի նկատմամբ առաջնահերթության հիման վրա կաթնային արտադրանքի փոխադարձ առևտրի զարգացմանը.
զ) անդամ պետությունների՝ կաթնային տավարաբուծության ոլորտի համար կադրերի նախապատրաստման և վերապատրաստման բնագավառում համատեղ նախագծերի իրականացմանը.
է) անդամ պետություններում կաթնային արտադրանքի սպառման մեծացմանը՝ սոցիալական ծրագրերի իրագործման և կաթի սպառման ժողովրդականացմանն ուղղված գովազդային արշավների անցկացման միջոցով:
IV. Կաթնային արտադրանքի արտահանումը զարգացնելու ոլորտի միջոցառումները
5. Անդամ պետությունների տարածքներում արտադրված կաթնային արտադրանքի արտահանումը երրորդ երկրների շուկաներ ավելացնելու նպատակով հանձնարարվում է ապահովել՝
ա) առաջատար առևտրային գործընկերների և դրանց իրավասու մարմինների հետ բանակցություններ ու խորհրդակցություններ անցկացնելու միջոցով անդամ պետությունների տարածքներում արտադրված կաթնային արտադրանքը երրորդ երկրների շուկաներում առաջ մղելու համար բարենպաստ պայմանների ստեղծումը.
բ) երրորդ երկրների հավատարմագրման և անդամ պետությունների հիմնական առևտրային գործընկերների՝ միջազգային ինտեգրացիոն միավորումների համակարգերում անդամ պետությունների սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) հավատարմագրման աջակցությունը՝ անդամ պետությունների տարածքներում արտադրված՝ կաթնային արտադրանքի համապատասխանության գնահատման (հաստատման) արդյունքները ճանաչելու նպատակով.
գ) կաթի և կաթնային արտադրանքի արտադրության ժամանակ միջպետական ստանդարտների վրա հիմնված՝ որակի և անվտանգության կառավարման համակարգերի ներդրումն ու սերտիֆիկացումը.
դ) անդամ պետությունների՝ կաթը և կաթնային արտադրանքն արտադրողների ցուցահանդեսատոնավաճառային գործունեության համակարգումը:
V. Միասնական տեղեկատվության ապահովման ոլորտի միջոցառումներ
6. Անդամ պետություններում կաթի և կաթնային արտադրանքի արտադրության տեղեկատվայնացման արդիական խնդիրների լուծման, ինչպես նաև դրա նորարարական զարգացման համար պայմանների ստեղծման նպատակներով հանձնարարվում է ապահովել՝
ա) մթերատվության կաթնային ուղղվածության խոշոր եղջերավոր անասունների, հում կաթի և կաթնային արտադրանքի նույնականացման, գրանցման և հետագծելիության ազգային տեղեկատվական համակարգերի ստեղծումն ու զարգացումը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մինչև 2025 թվականն իրագործելու հիմնական ուղղություններին համապատասխան:
բ) Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մթերատվության կաթնային ուղղվածության տոհմային խոշոր եղջերավոր անասունների հաշվառման ավտոմատացված համակարգի մշակումը և ներդրումը.