ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
29 մարտի 2019 թվականի |
թիվ 14 |
քաղ. Մոսկվա |
«ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԳԵԼՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ կից ներկայացվող՝ «Երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրում տեխնիկական արգելքների վերացման կարգի և պայմանների մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) նախագծին և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ Համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգեր անցկացնելու համար:
2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 180 օրացուցային օրվա ընթացքում սույն Համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնելու խնդրանքով:
3. Առաջարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ձեռնարկել հնարավոր միջոցներ՝ ուղղված նախքան սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրը՝ Միության անդամ չհանդիսացող պետությունների կամ պետությունների միավորումների հետ տեխնիկական կանոնակարգման ոլորտում կնքված միջազգային պայմանագրերը «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և Համաձայնագրի դրույթներին համապատասխանեցնելուն։
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրում տեխնիկական արգելքների վերացման կարգի և պայմանների մասին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) դրույթների վրա,
ընդունելով Եվրասիական տնտեսական միությունում (այսուհետ՝ Միություն) տեխնիկական կանոնակարգման ոլորտում ինտեգրացիոն գործընթացները խորացնելու անհրաժեշտությունը,
հաշվի առնելով Առևտրի համաշխարհային կազմակերպության «Առևտրում տեխնիկական խոչընդոտների մասին» համաձայնագրով սահմանված կանոնները և սկզբունքները, որոնք ընդունվել են 1994 թվականի ապրիլի 15-ի բազմակողմ առևտրային բանակցությունների՝ Ուրուգվայի փուլի արդյունքներով,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
1. Սույն Համաձայնագրով սահմանվում են երրորդ երկրների հետ անդամ պետությունների՝ Միության տեխնիկական կանոնակարգերի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի փոխադարձ առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման կարգը և պայմանները:
2. Երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացումն իրականացվում է այդ երկրների հետ Միության միջազգային պայմանագրերի (այսուհետ՝ միջազգային պայմանագրեր) կնքման միջոցով՝ հաշվի առնելով սույն Համաձայնագրի դրույթները։
Հոդված 2
Սույն Համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
համապատասխանության գնահատման փաստաթղթեր՝ փաստաթղթեր, որոնք Պայմանագրին, Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին և (կամ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտերին կամ երրորդ երկրների օրենսդրությանը համապատասխան, ձևակերպվում են համապատասխանության գնահատման արդյունքներով.
փոխադարձ առևտրում տեխնիկական խոչընդոտներ՝ տեխնիկական կանոնակարգման ոլորտում գործող, այդ թվում՝ Միության տեխնիկական կանոնակարգերի, Միությունում կիրառվող համապատասխանության գնահատման ստանդարտների և ընթացակարգերի պահանջների ու արտադրանքի նույնանուն տեսակների մասով երրորդ երկրում կիրառվող՝ տեխնիկական կանոնակարգման ոլորտում գործող, այդ թվում՝ երրորդ երկրի տարածքում կիրառման համար պարտադիր՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտներին ներկայացվող պահանջները կանոնակարգող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի, համապատասխանության գնահատման ստանդարտների և ընթացակարգերի պահանջների տարբերությունները, որոնք խոչընդոտներ են ստեղծում երրորդ երկրների հետ անդամ պետությունների փոխադարձ առևտրում.
երրորդ երկիր՝ պետություն կամ Միության անդամ չհանդիսացող պետությունների միավորում:
Սույն Համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են Պայմանագրով սահմանված իմաստներով։
Հոդված 3
Միջազգային պայմանագրերի կնքումն իրականացվում է՝ հաշվի առնելով հետևյալ պայմաննների կատարման հնարավորությունը՝
Միության շրջանակներում շրջանառության մեջ դրվող արտադրանքի՝ Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին համապատասխանության ապահովում, և երրորդ երկրի տարածքում շրջանառության մեջ դրվող արտադրանքի՝ երրորդ երկրի օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության ապահովում.
համապատասխանության գնահատման արդյունքների ճանաչում՝ Միության շրջանակներում շրջանառության մեջ դրվող արտադրանքի համար Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պարտադիր պահանջների և երրորդ երկրի տարածքում շրջանառության մեջ դրվող արտադրանքի համար երրորդ երկրի օրենսդրությամբ սահմանված պահանջների համադրելիության որոշման հիման վրա.շրջանառության մեջ է դրվում երրորդ երկրի տարածքում.
հավատարմագրման մարմնի առկայություն երրորդ երկրում, որը, երրորդ երկրի օրենսդրությանը համապատասխան, ճանաչվել է որպես իրավասու (լիազորված), և որն իրականացնում է համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրում՝ հավատարմագրման ոլորտում միջազգային ստանդարտների պահանջների համաձայն.
անդամ պետություններում և երրորդ երկրում կիրառվող համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման ընթացակարգերի համազորության ապահովում՝ անդամ պետությունների և երրորդ երկրի հավատարմագրման մարմինների կողմից նշված ընթացակարգերի փոխադարձ համեմատական գնահատումների իրականացման միջոցով՝ հավատարմագրման ոլորտում միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան.
Միությունում և երրորդ երկրում անցկացվող՝ համապատասխանության գնահատման ընթացակարգերի համազորության ապահովում.
տեխնիկական կանոնակարգման օբյեկտների՝ պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման այն արդյունքների փոխադարձ ճանաչում անդամ պետությունների և երրորդ երկրի կողմից, որոնք ստացվել են անդամ պետությունների և երրորդ երկրի կողմից լիազորված (նշանակված)՝ համապատասխանության գնահատման մարմինների կողմից (այսուհետ՝ համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչում):
Հոդված 4
Միջազգային պայմանագրերը, որպես կանոն, պետք է պարունակեն՝
անդամ պետությունների և երրորդ երկրի պարտավորությունները նախատեսող դրույթներ՝ հաշվի առնելով սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածում նշված պայմանները.
արտադրանքի (արտադրանքի խմբերի, տեսակների) ցանկ, որի մասով վերացվում են տեխնիկական խոչընդոտները (այսուհետ՝ արտադրանք, որի մասով վերացվում են տեխնիկական խոչընդոտները).
այն արտադրանքին ներկայացվող պահանջները սահմանող փաստաթղթերի ցանկ, որի մասով վերացվում են տեխնիկական խոչընդոտները.
անդամ պետությունների և երրորդ պետության պարտավորություններն այն արտադրանքին ներկայացվող պահանջներ սահմանող փաստաթղթերի փոխանակման գծով, որի մասով վերացվում են տեխնիկական խոչընդոտները, ինչպես նաև նշված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին տեղեկատվության փոխանակման գծով.
համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչման աշխատանքներ անցկացնելու համար համապատասխանության գնահատման մարմինների՝ անդամ պետությունների օրենսդրության և երրորդ երկրի օրենսդրության համաձայն լիազորման (նշանակման) մասին դրույթներ.
անդամ պետությունների և երրորդ պետության՝ համապատասխանության գնահատման լիազորված (նշանակված) մարմինների մասին տեղեկատվության փոխանակման կարգը, ինչպես նաև անդամ պետությունների և երրորդ պետության՝ նշված տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ներկայացնելու պարտավորությունները սահմանող դրույթներ.
համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչման կարգը նախատեսող դրույթներ.
համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման համար կիրառվող ընթացակարգերի՝ անդամ պետությունների և երրորդ երկրի հավատարմագրման մարմինների կողմից փոխադարձ համեմատական գնահատումների իրականացման կարգը և ժամկետները նախատեսող դրույթներ.
համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչման աշխատանքի արդյունքների հետ կապված վիճելի հարցերի կարգավորման կարգ.
փոխադարձ առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման հարցերին վերաբերող այլ դրույթներ։
Հոդված 5
Միջազգային պայմանագրերը, որպես կանոն, պարունակում են համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչման հետ կապված հետևյալ դրույթները՝
անդամ պետության կամ երրորդ երկրի համապատասխան մարմնի կողմից տրամադրված համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի (այդ թվում՝ հետազոտությունների (փորձարկումների) կամ չափումների արձանագրությունների կամ այլ փաստաթղթերի)՝ հայտատուի կողմից անդամ պետության կամ երրորդ երկրի՝ համապատասխանության գնահատման լիազորված (նշանակված) մարմին ներկայացում.
անդամ պետության կամ երրորդ երկրի՝ համապատասխանության գնահատման լիազորված (նշանակված) մարմնի կողմից՝ հայտատուի ներկայացրած համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի ուսումնասիրության կարգը.
անդամ պետության կամ երրորդ երկրի՝ համապատասխանության գնահատման լիազորված (նշանակված) մարմնի կողմից համապատասխանության գնահատման արդյունքները ճանաչելու հնարավորության մասին որոշման կայացում.
անդամ պետության կամ երրորդ երկրի՝ համապատասխանության գնահատման լիազորված (նշանակված) մարմնի կողմից այն արտադրանքի լրացուցիչ հետազոտությունների (փորձարկումների) կամ չափումների անցկացում, որի նկատմամբ վերացվում են տեխնիկական խոչընդոտները՝ Միության տեխնիկական կանոնակարգերով կամ երրորդ երկրի օրենսդրությամբ սահմանված պահանջներին դրա համապատասխանության հաստատման նպատակներով.
Միությունում և երրորդ երկրում կիրառվող՝ համապատասխանության գնահատման լրացուցիչ ընթացակարգերի անցկացում.
համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչման աշխատանքների արդյունքների հիման վրա անդամ պետության կամ երրորդ երկրի՝ համապատասխանության գնահատման լիազորված (նշանակված) մարմնի կողմից Հանձնաժողովի ակտերով կամ երրորդ երկրի օրենսդրությամբ սահմանված ձևով համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի տրամադրում կամ դրանց տրամադրման մերժում։
Հոդված 6
Միության անդամ չհանդիսացող՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հետ անդամ պետությունների փոխադարձ առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացումը կարող է իրականացվել՝ հաշվի առնելով Միության շրջանակներում միջազգային պայմանագրերը, որոնցով կարգավորում են Միության անդամ չհանդիսացող՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հետ առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման հարցերը, և Անկախ պետությունների համագործակցության միջազգային պայմանագրերը, որոնց մասնակիցներն են բոլոր անդամ պետությունները:
Հոդված 7
1. Համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչումն իրականացվում է անդամ պետությունների կողմից լիազորված (նշանակված)՝ համապատասխանության գնահատման մարմինների կողմից այդ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով։
Նշված մարմինների լիազորությունների դադարեցման դեպքում նրանց կողմից տրամադրված փաստաթղթերի գործողությունը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
2. Հանձնաժողովն իրականացնում է անդամ պետությունների և երրորդ երկրների՝ համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչում իրականացնող՝ համապատասխանության գնահատման լիազորված (նշանակված) մարմինների ռեեստրի վարում: Նշված ռեեստրի ձևավորման և վարման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից։
3. Անդամ պետության պետական իշխանության մարմին չհանդիսացող համապատասխանության գնահատման մարմնին թույլատրվում է անցկացնել համապատասխանության գնահատման արդյունքների ճանաչման աշխատանքներ՝ հետևյալ պայմանների պահպանման դեպքում՝
ա) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ այդ անդամ պետության համապատասխանության գնահատման մարմնի՝ որպես իրավաբանական անձի գրանցում.
բ) 2 տարուց ոչ պակաս գործող՝ անդամ պետության հավատարմագրման մարմնի կողմից տրված հավատարմագրման վկայագրի, կամ եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ, անդամ պետության հավատարմագրման մարմնի կողմից տրամադրված հավատարմագրման կարգավիճակի առկայությունը.
գ) համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրման ոլորտում այն արտադրանքի առկայությունը, որի նկատմամբ վերացվում են տեխնիկական խոչընդոտները.
դ) անդամ պետության հավատարմագրման մարմնի կողմից տրված (տրամադրված) հավատարմագրման վկայագրի (կարգավիճակի) գործողության ժամկետի ընթացքում այնպիսի խախտումների բացակայությունը, որոնց հետևանքով Միության շրջանակներում շրջանառության մեջ է դրվել Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող այն արտադրանքը, որի նկատմամբ վերացվում են տեխնիկական խոչընդոտները.
ե) համապատասխանության գնահատման մարմնում այն արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացումն ապահովող փորձարկման բազայի առկայությունը, որի նկատմամբ վերացվում են տեխնիկական խոչընդոտները, կամ իրավաբանական անձի կազմում գործող փորձարկման լաբորատորիայում, որի կազմի մեջ է մտնում համապատասխանության գնահատման մարմինը, այն արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացումն ապահովող փորձարկման բազայի առկայությունը, որի նկատմամբ վերացվում են տեխնիկական խոչընդոտները։
Հոդված 8
1. Անդամ պետությունները սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրացուցային օրվա ընթացքում, Հանձնաժողով են ներկայացնում Միության տեխնիկական կանոնակարգերի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող այն արտադրանքի վերաբերյալ երկկողմ համաձայնագրերի մասին տեղեկատվությունը, որոնք երրորդ երկրների հետ անդամ պետությունների կողմից կնքվել են մինչև սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելը, այդ երկկողմ համաձայնագրերի պատճենները, ինչպես նաև այն արտադրանքի ցանկերը, որի նկատմամբ վերացվում են տեխնիկական խոչընդոտները, և անդամ պետությունների և երրորդ երկրների՝ համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչման աշխատանքներ իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների ցանկերը։
2. Հանձնաժողովն ապահովում է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Միության պաշտոնական կայքում, սույն հոդվածի 1-ին կետում նշված՝ կնքված միջազգային պայմանագրերի և երկկողմ համաձայնագրերի վերաբերյալ տեղեկատվության տեղադրումը (ներառյալ այն արտադրանքի մասին տեղեկությունները, որի նկատմամբ վերացվում են տեխնիկական խոչընդոտները, և անդամ պետությունների ու երրորդ երկրների՝ համապատասխանության գնահատման լիազորված (նշանակված) մարմինների ցանկերը):
Հոդված 9
1. Սույն Համաձայնագիրը չի ոտնահարում անդամ պետությունների իրավունքները և չի ազդում դրանց պարտավորությունների վրա, որոնք բխում են անդամ պետությունների՝ մինչև սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելը կնքված միջազգային այլ պայմանագրերից, ինչպես նաև բխում են միջազգային կազմակերպություններում անդամ պետությունների անդամակցությունից։
2. Սույն Համաձայնագիրը չի խոչընդոտում սույն Համաձայնագրի նպատակներին և սկզբունքներին չհակասող՝ այն արտադրանքի առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման հարցերով միջազգային պայմանագրերի կնքումն անդամ պետությունների կողմից, որի նկատմամբ չեն ընդունվել կամ ուժի մեջ չեն մտել Միության տեխնիկական կանոնակարգերը։
3. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և սույն Համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում։
4. Սույն Համաձայնագրի կիրառման և (կամ) մեկնաբանման հետ կապված վեճերը կարգավորվում են Պայմանագրով սահմանված կարգով։
Հոդված 10
1. Սույն Համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Միության իրավունքի մասն է կազմում։
2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստացվելու օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Կատարված է _____ քաղաքում 2019 թվականի __________ ___-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը՝ որպես սույն Համաձայնագրի ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ղրղզստանի |
Ռուսաստանի |