ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
12 փետրվարի 2019 թվականի |
թիվ 6 |
քաղ. Մոսկվա |
ԴԵՂԱԲՈՒՍԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՍՈՒԲՍՏԱՆՑԻԱՆԵՐԻ (ԴԵՂԱԲՈՒՍԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՀԻՄՔՈՎ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ) ԵՎ ԴԵՂԱԲՈՒՍԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԳՐԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԵՐԻ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 30-րդ հոդվածին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան,
դեղաբուսական պատրաստուկների որակի ապահովմանը և հսկողությանը ներկայացվող պահանջներում տարբերությունները վերացնելու համար դեղամիջոցների շրջանառության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման նպատակով,
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից 6 ամիսը լրանալուց հետո՝ դեղաբուսական հումքի, բուսական դեղագործական սուբստանցիաների (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) և դեղաբուսական պատրաստուկների մասնագրեր կազմելիս կիրառել Դեղաբուսական հումքի, բուսական դեղագործական սուբստանցիաների (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) և դեղաբուսական պատրաստուկների մասնագրեր կազմելու համար թեստերի և ընդունելիության չափանիշների ուղեցույցը՝ համաձայն հավելվածի: Ընդ որում, ելնել այն բանից, որ, եթե նշված ուղեցույցի դրույթների կատարումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտերին համապատասխան, ապա նման դրույթների կիրառումն իրականացվում է համապատասխան ակտերի ուժի մեջ մտնելու օրվանից (կիրառման մեկնարկի ամսաթվից):
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի փետրվարի 12-ի թիվ 6 հանձնարարականի |
ՈՒՂԵՑՈՒՅՑ
դեղաբուսական հումքի, բուսական դեղագործական սուբստանցիաների (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) և դեղաբուսական պատրաստուկների մասնագրեր կազմելու համար թեստերի և ընդունելիության չափանիշների ընտրության
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն ուղեցույցը պարունակում է դեղաբուսական հումքի, բուսական դեղագործական սուբստանցիաների (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) և դեղաբուսական պատրաստուկների մասնագրեր կազմելու վերաբերյալ ընդհանուր սկզբունքները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 78 որոշմամբ հաստատված՝ Բժշկական կիրառման դեղամիջոցների գրանցման և փորձաքննության կանոններին (այսուհետ՝ Գրանցման և փորձաքննության կանոններ) համապատասխան դրանք գրանցելու նպատակով:
2. Սույն ուղեցույցը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 10-ի թիվ 6 հանձնարարականի հավելվածի՝ Դեղաբուսական պատրաստուկների որակի ուղեցույցի (այսուհետ՝ Դեղաբուսական պատրաստուկների որակի ուղեցույց) հետ փոխկապակցված:
3. Որոշակի կատեգորիայի դեղաբուսական պատրաստուկների նկատմամբ, որոնց արդյունավետությունը որոշվում է բացառապես դրանց երկարատև կիրառման հիման վրա, ներդրվել է պարզեցված գրանցման ընթացակարգ՝ Գրանցման և փորձաքննության կանոնների թիվ 1 հավելվածի 15.2 բաժնին համապատասխան: Դեղաբուսական պատրաստուկի որակը չի երաշխավորվում դրա երկարատև էմպիրիկ կիրառմամբ, այդ իսկ պատճառով դեղաբուսական պատրաստուկների որակի ապահովման ընդհանուր սկզբունքները կիրառելի են նաև պարզեցված գրանցման դոսյեով դեղաբուսական պատրաստուկների նկատմամբ:
4. Վիտամիններ և (կամ) միներալներ պարունակող պարզեցված գրանցման դոսյեով դեղաբուսական պատրաստուկների համար սույն ուղեցույցում բերված են վիտամիններով և (կամ) միներալներով դեղաբուսական հումքի խառնուրդներին, բուսական դեղագործական սուբստանցիաներին (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկներին) վերաբերող հատուկ ցուցումներ: Բացի այդ, յուրաքանչյուր վիտամինի կամ միներալի որակը, դրանց մասով մասնագրերը և փաստաթղթերը պետք է համապատասխանեն դեղամիջոցների շրջանառության ոլորտում Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մարմինների ակտերին:
5. Մասնագրերը դեղաբուսական պատրաստուկի որակին և դրա հատկությունների մշտականության ապահովմանն ուղղված՝ դեղաբուսական հումքի, բուսական դեղագործական սուբստանիցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) որակի հսկողության ընդհանուր ռազմավարության մասն են կազմում, որը ներառում է՝
ելակետային հումքի և օժանդակ նյութերի վերահսկողություն.
ներարտադրական վերահսկողություն.
վալիդացում.
կայունության հետազոտություն.
սերիաների որակի հաստատունության հսկողություն:
Այդ ռազմավարության այլ տարրերն են՝
ա) արտադրանքի մշակման ընթացքում այն բնութագրերի սահմանումը, որոնց հիման վրա կազմվում են մասնագրեր.
բ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 77 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական գործելակերպի կանոնների (այսուհետ՝ Պատշաճ արտադրական գործելակերպի կանոններ) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի հունվարի 26-ի թիվ 15 որոշմամբ հաստատված՝ Բուսական ծագման ելակետային հումքի աճեցման, հավաքման, մշակման և պահպանման պատշաճ գործելակերպի կանոնների կատարումը.
գ) վալիդացված արտադրական գործընթացը (օրինակ՝ հումքի փորձարկման).
դ) ներարտադրական վերահսկողությունը, կայունության հետազոտությունը և այլն:
6. Մասնագրերը, որպես կանոն, կազմվում են դեղաբուսական հումքի, բուսական դեղագործական սուբստանցիաների (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) և դեղաբուսական պատրաստուկի համար: Մասնագրերը նախատեսված են նախևառաջ դեղաբուսական հումքի, բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) կամ դեղաբուսական պատրաստուկների որակը որոշելու, այլ ոչ թե այդ դեղագործական արտադրանքների ամբողջական բնութագրի համար, և պետք է ուշադրությունը սևեռեն անվտանգությունը և արդյունավետությունը հաստատող որակի ցուցանիշների վրա:
7. Դեղաբուսական հումքի, բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) որակը որոշվում է բուսական ծագման ելակետային հումքի որակով, մշակմամբ, ներարտադրական վերահսկողությամբ, Պատշաճ արտադրական գործելակերպի կանոններին համապատասխանության վերահսկողությամբ և արտադրական գործընթացի վալիդացմամբ, ինչպես նաև վերամշակման և արտադրական գործընթացների ընթացքում դեղաբուսական հումքի, բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) և դեղաբուսական պատրաստուկների նկատմամբ կիրառվող մասնագրերով:
8. Սույն ուղեցույցում դիտարկվում են թողարկման պահին և պիտանիության ժամկետի ընթացքում դեղաբուսական հումքի, բուսական դեղագործական սուբստանցիաների (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) և դեղաբուսական պատրաստուկների որակի ապահովման համար օգտագործվող՝ մասնագրերում նկարագրվող փորձարկումները, վերլուծական մեթոդիկաները և ընդունելիության չափանիշները: Մասնագրերը որակի ապահովման կարևոր, բայց միակ բաղադրիչը չեն: Բարձր որակի դեղաբուսական հումքի, բուսական դեղագործական սուբստանցիաների (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) և դեղաբուսական պատրաստուկների մշտական արտադրությունն ապահովելու համար անհրաժեշտ է հաշվի առնել սույն ուղեցույցի դրույթները:
9. Սույն ուղեցույցի դրույթները կիրառելի են գրանցման փուլում գտնվող և գրանցված դեղաբուսական պատրաստուկների նկատմամբ:
10. Սույն ուղեցույցի դրույթները չեն վերաբերում կլինիկական մշակման փուլում գտնվող դեղաբուսական պատրաստուկներին, սակայն դրանք պետք է հաշվի առնել այդպիսի արտադրանքների հետագա գրանցման նպատակներով:
11. Սույն ուղեցույցում բերված են ընդունելիության չափանիշներին վերաբերող հանձնարարականներ, որոնք անհրաժեշտ է մշակել դեղաբուսական հումքի, բուսական դեղագործական սուբստանցիաների (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) և դեղաբուսական պատրաստուկների պատրաստի դեղաձևերի համար, այսինքն՝ ընդունելիության համապարփակ չափանիշներին վերաբերող, ինչպես նաև առանձին տեսակի դեղաբուսական հումքի, բուսական դեղագործական սուբստանցիաների (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) և (կամ) դեղաբուսական պատրաստուկների պատրաստի դեղաձևերի համար նախատեսված հատուկ չափանիշներին վերաբերող:
12. Սույն ուղեցույցը պարունակում է տեղեկություններ՝ այն կազմելու պահին առաջատար նվաճումների մասին, սակայն համապարփակ չէ: Անընդմեջ առաջանում են նոր վերլուծական մեթոդիկաներ և գոյություն ունեցող մեթոդիկաների ձևափոխություններ։ Բավարար հիմնավորման դեպքում դրանք նույնպես հարկ է օգտագործել։
13. Սույն ուղեցույցի դրույթներն անհրաժեշտ է հաշվի առնել մասնագրերը մշակելիս և հիմնավորելիս: Դրանք համապարփակ չեն, բայց դրանցից յուրաքանչյուրը պետք է հաշվի առնվի որոշակի հանգամանքներում:
14. Սույն ուղեցույցը պարունակում է այնպիսի իրավիճակների նկարագրություն, որոնց դեպքում այն կարող է կիրառելի լինել, ընդ որում, այդ դրույթների իրականացման մոտեցումների և առաջարկությունների մանրամասնեցումը պետք է հիմնավորված լինի հայտատուի կողմից և հավանության արժանանա Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) լիազորված մարմնի (փորձագիտական կազմակերպության) կողմից:
II. Սահմանումներ
15. Սույն ուղեցույցի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
բուսական թեյեր (herbal teas)՝ եփելու, թրմելու կամ թրջելու միջոցով մեկ կամ մի քանի տեսակի դեղաբուսական հումքից թարմ պատրաստված ջրային հանուկներ: Բուսական թեյերը, որպես կանոն, մատակարարվում են չբաժնեծրարված ձևով կամ սաշեի մեջ բաժնեծրարված.
սպեցիֆիկ փորձարկում (specific test)՝ կոնկրետ դեղաբուսական հումքի (բուսական դեղագործական սուբստանցիայի) կամ դեղաբուսական պատրաստուկի նկատմամբ կիրառվող փորձարկում՝ պայմանավորված դրանց սպեցիֆիկ հատկություններով և (կամ) նշանակությամբ.
համապարփակ փորձարկում (universal test)՝ ամբողջ դեղաբուսական հումքի, բոլոր բուսական դեղագործական սուբստանցիաների (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) կամ դեղաբուսական պատրաստուկների նկատմամբ պոտենցիալ կիրառելի փորձարկում (օրինակ՝ նկարագրություն, իսկություն, քանակական որոշում և խառնուկների որոշման մասով փորձարկում):
Սույն ուղեցույցում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 151 որոշմամբ հաստատված՝ Դեղապատրաստուկների որակի մասով նորմատիվ փաստաթուղթ կազմելու ուղեցույցով և Դեղաբուսական պատրաստուկների որակի ուղեցույցով սահմանված իմաստներով:
III. Դեղաբուսական հումքի, բուսական դեղագործական սուբստանցիաների (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) և դեղաբուսական պատրաստուկների մասնագրերում թեստերի և ընդունելիության չափանիշների ընտրության ցուցումները
1. Բնութագրերի սահմանում
16. Բուսական ծագման արտադրանքի որակի հաստատունությունը կարելի է երաշխավորել միայն այն դեպքերում, երբ հստակ որոշվել է դեղաբուսական հումքի բաղադրությունը: Այդ իսկ պատճառով դեղաբուսական հումքի, բուսական դեղագործական սուբստանցիաների (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) բնութագրերի սահմանումը, այդ թվում՝ բույսերի ձևաբանական և բուսաքիմիական հատկությունների մանրամասն վերլուծությունը և դեղաբուսական պատրաստուկների արտադրական գործընթացի մանրամասն նկարագրությունն անհրաժեշտ պայմաններ են, որոնք թույլ են տալիս մշակել մասնագրերը:
17. Ընդունելիության չափանիշներն առաջին հերթին պետք է սահմանվեն և հիմնավորվեն մինչկլինիկական (կլինիկական) հետազոտությունների համար օգտագործվող սերիաների վերլուծության ժամանակ ստացված տվյալների և արդյունքների հիման վրա կամ համապատասխան գրականության աղբյուրներից տեղեկատվության հիման վրա, ինչպես նաև պետք է հաշվի առնվեն սերիաների (արտադրության վալիդացման, կայունության հետազոտությունների համար օգտագործվող) մասին և նախկինում արտադրված սերիաների մասին մյուս տվյալները:
18. Բնութագրերի մանրամասն սահմանումը սովորաբար կատարվում է միայն մշակման փուլերում և տեխնոլոգիական գործընթացում էական փոփոխություններ մտցնելու անհրաժեշտության դեպքում: Եթե կիրառելի է, դեղաբուսական պատրաստուկի գրանցման հայտի ներկայացման պահին արտադրողը պետք է ունենա սեփական համապատասխան ստանդարտ նմուշները (նախնական և աշխատանքային)՝ արտադրական սերիաների բաղադրության բաղադրիչների իսկության որոշման և քանակական որոշման համար:
Մակրոսկոպիկ և միկրոսկոպիկ բնութագրերը
19. Մակրոսկոպիկ և միկրոսկոպիկ բնութագրերը պետք է ներառեն բնորոշ հատկություններ (hատկանիշներ), որոնք թույլ են տալիս տարբերել դեղաբուսական հումքը պոտենցիալ խառնուկներից (փոխնյութերից):
Բուսաքիմիական բնութագրեր
20. Բուսաքիմիական բնութագրերին են դասվում բաղադրության բաղադրիչների վերաբերյալ վերլուծական տվյալները (ներառյալ՝ հայտնի թերապևտիկ ակտիվությամբ բաղադրիչները և որպես ակտիվ մարկերներ կամ վերլուծական մարկերներ օգտագործման համար պիտանի միացությունները): Բուսաքիմիական բնութագրերը որոշվում են բնութագրական քրոմատագրման կիրառմամբ:
Խառնուկներ
21. Խառնուկները բաժանվում են՝
ա) ելակետային նյութով (ազդող նյութերով, օժանդակ նյութերով) և փաթեթավորման նյութերով պայմանավորված խառնուկների.
բ) արտադրության գործընթացում առաջացող տեխնոլոգիական խառնուկների:
22. Դեղաբուսական պատրաստուկների մասնագրեր կազմելիս հնարավորինս, հաշվի առնելով բաղադրությունը, սույն ուղեցույցի 21-րդ կետում նշված խառնուկներից բացի՝ անհրաժեշտ է հաշվի առնել խառնուկների հետևյալ խմբերը՝
ա) աղտոտիչներ, որոնց դասվում են թունավոր տարրերը, թունաքիմիկատների և ֆումիգանտների մնացորդները, միկոտոքսինները (աֆլատոքսինները, օխրատոքսին Ա-ն և այլն), ինչպես նաև մանրէաբանական աղտոտումները.
բ) ռադիոնուկլիդներ.
գ) դեղաբուսական հումքի (բուսական դեղագործական սուբստանցիաների) դեգրադացման ժամանակ առաջացող դեգրադացման արգասիքներ: Դեղաբուսական պատրաստուկների սպեցիֆիկ բնույթից ելնելով՝ նախևառաջ պետք է նշել դեգրադացման այն արգասիքները, որոնք թունավոր են (թունավոր ազդեցություն ունեն).
դ) մնացորդային լուծիչներ, որոնց առաջացումը կապված է արտադրության գործընթացում լուծիչների կիրառման հետ:
Կենսաբանական փոփոխականություն
23. Կենսաբանական փոփոխականության գնահատականը ներառում է արտադրական սերիաներին վերաբերող ռետրոսպեկտիվ տվյալների և կենսաբանական փոփոխականության մասով գրականության տվյալների օգտագործումը՝ մասնագրի հիմնավորման համար:
2. Մասնագրերը մշակելու և կազմելու սկզբունքները
24. Մասնագրերի պահանջների սահմանման հիմք պետք է ծառայեն դեղաբուսական պատրաստուկի մշակման ընթացքում կուտակված փորձը և տվյալները: Թույլատրվում է սահմանափակվել դեղաբուսական պատրաստուկի որակի այն բնութագրերին համապատասխանության ստուգմամբ, որոնք միանշանակ կապված են որոշակի դեղաձևի, դեղաբուսական հումքի կամ բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) հետ և բացառել, կրճատել կամ փոխարինել այնպիսի փորձարկումները, ինչպիսիք են՝
թունաքիմիկատների մնացորդների որոշման մասով փորձարկումները: Թույլատրվում է դրանց կրճատումն այն դեպքում, եթե՝
դեղաբուսական հումքի աճեցման համար օգտագործվում են միայն օրգանական պարարտանյութեր (աճեցում՝ առանց թունաքիմիկատների և այլն), և ապացուցված է հարևան պլանտացիաներից պոտենցիալ աղտոտման բացակայությունը.
վայրի աճող դեղաբուսական հումքի հավաքման համար ապացուցված է պոտենցիալ աղտոտման բացակայությունը.
մանրէաբանական մաքրության որոշման մասով փորձարկում (թույլատրվում է դրա բացառումը կամ փորձարկման ծավալի կրճատումն այնպիսի բուսական դեղագործական սուբստանցիաների (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) համար, ինչպիսիք են էթիլսպիրտի բարձր պարունակությամբ լուծամզուքները կամ թուրմերը, եթե նման բացառումը կամ փորձարկման ծավալի կրճատումը հաստատված է գիտական տվյալներով և թույլատրվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից հաստատված՝ դեղաբուսական հումքի, բուսական դեղագործական սուբստանցիաների (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) և դեղաբուսական պատրաստուկների մանրէային կոնտամինացիայի ռիսկերի վերահսկողության ուղեցույցով):
3. Փորձարկումների դեղագրքային մեթոդիկաներ և ընդունելիության չափանիշներ
25. Անհրաժեշտ է կիրառել Միության դեղագրքում պարունակվող փորձարկումների մեթոդիկաները և ընդունելիության չափանիշները, իսկ դրանում բացակայության դեպքում՝ անդամ պետությունների դեղագրքերինը:
4. Պարբերական (ընտրանքային) փորձարկումներ
26. Պարբերական (ընտրանքային փորձարկումներ)՝ թողարկման որոշակի փորձարկումներ, որոնք անցկացվում են նախապես ընտրված սերիաների վրա և (կամ) նախապես սահմանված ինտերվալներով: Նման մոտեցումը կարող է կիրառելի լինել լուծման, մնացորդային լուծիչների որոշման մասով փորձարկումների և պինդ դեղաձևերի համար մանրէաբանական փորձարկումների նկատմամբ (Դեղապատրաստուկի որակի մասով նորմատիվ փաստաթուղթ կազմելու ուղեցույցի թիվ 1 հավելված) Պատշաճ արտադրական գործելակերպի կանոններին համապատասխան դեղաբուսական պատրաստուկը գրանցելուց և անդամ պետության լիազորված մարմնի (փորձագիտական կազմակերպության) կողմից հավանության արժանանալուց հետո:
5. Որակի ցուցանիշների ընդունելիության չափանիշներն արտադրանքի թողարկման պահին և պիտանիության սահմանված ժամկետի ընթացքում
27. Դեղաբուսական պատրաստուկների, ինչպես նաև բացառիկ դեպքերում նաև բուսական դեղագործական սուբստանցիաների (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) նկատմամբ (եթե դա արդարացված է) կարող է կիրառվել մոտեցում, որը կայանում է ընդունելիության տարբեր չափանիշների սահմանման մեջ՝ մասնագրում՝ արտադրանքի թողարկման պահին, և մասնագրում՝ պիտանիության սահմանված ժամկետի ընթացքում: Նման մոտեցմամբ սահմանվում են որակի ցուցանիշների ընդունելիության առավել խիստ չափանիշներ թողարկման պահի մասնագրում, քան պիտանիության սահմանված ժամկետի ընթացքում կիրառվող մասնագրում: Դա կարող է կիրառելի լինել ակտիվ (վերլուծական) մարկերների քանակական որոշման և խառնուկների (դեգրադացման արգասիքների) պարունակության որոշման համար:
6. Ներարտադրական փորձարկումներ
28. Ներարտադրական փորձարկումներ՝ փորձարկումներ, որոնք կարող են անցկացվել բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) կամ դեղաբուսական պատրաստուկի արտադրության ժամանակ (դրանց չեն դասվում նախքան արտադրանքի սերիայի թողարկումը կատարվող փորձարկումները):
29. Աշխատանքային ընդգրկույթի շրջանակներում տեխնոլոգիական պարամետրերի ճշգրտման նպատակով անցկացվող ներարտադրական փորձարկումները (օրինակ՝ այն հաբերի կարծրության և մաշելիության վերահսկողությունը, որոնք պատվելու են թաղանթով) մասնագրում չեն ներառվում:
30. Որոշ ներարտադրական փորձարկումներ (օրինակ՝ pH լուծույթի որոշումը) կարող են անցկացվել պատրաստի արտադրանքի մասնագրի պահանջներին համապատասխանության հաստատման համար՝ պայմանով, որ այդ փորձարկումը ներառված է մասնագրում, և այդ փորձարկման ընդունելիության չափանիշները նույնանման են կամ առավել խիստ:
7. Այլընտրանքային մեթոդիկաներ
31. Այլընտրանքային մեթոդիկաներ ասելով պետք է հասկանալ փորձարկումների մեթոդիկաներ, որոնք կարող են օգտագործվել որևէ ցուցանիշի (հատկության) չափման (որոշման) համար և թույլ են տալիս ապահովել դեղաբուսական հումքի, բուսական դեղագործական սուբստանցիաների (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) կամ դեղաբուսական պատրաստուկների որակի հսկողությունը նույն կամ դեղագրքային մեթոդիկաների հետ համեմատած առավել բարձր մակարդակով: Օրինակ՝ հաբերի համար, եթե հաստատված է, որ արտադրության գործընթացում դեգրադացման արգասիքների մակարդակը չի ավելանում, ելքային վերահսկողության համար թույլատրելի է պաշտոնապես ընդունված փորձարկումների քրոմատագրման մեթոդի փոխարեն օգտագործել սպեկտրալուսաչափական մեթոդը: Այնուհանդերձ, ընդունելիության չափանիշներին պիտանիության սահմանված ժամկետի ընթացքում դեղաբուսական պատրաստուկի որակի համապատասխանությունը հաստատելու համար անհրաժեշտ է կիրառել քրոմատագրման մեթոդը:
8. Ժամանակակից մեթոդներ
32. Առկա վերլուծական մեթոդներն անընդհատ կատարելագործվում են, միաժամանակ մշակվում են նոր վերլուծական մեթոդներ: Անհրաժեշտ է ներդնել ժամանակակից վերլուծական մեթոդներ, եթե դրանց օգտագործումը կապահովի դեղաբուսական պատրաստուկի որակի հավելյալ երաշխիքներ կամ հիմնավորված է այլ պատճառներով:
9. Ստանդարտ նմուշ՝ դեղաբուսական պատրաստուկի համար
33. Ստանդարտ նմուշը (դեղագրքային ստանդարտ նմուշ, ստանդարտ նյութ) նախատեսված է իսկության մասով փորձարկման կամ խառնուկների պարունակության որոշման մասով փորձարկման մեջ որպես ստանդարտ օգտագործելու համար: Դեղաբուսական պատրաստուկի համար ստանդարտ նմուշ (դեղագրքային ստանդարտ նմուշ, ստանդարտ նյութ) կարող է լինել՝
ա) դեղաբուսական հումքի հերբարիումային նմուշ.
բ) բուսական դեղագործական սուբստանցիայի նմուշ (օրինակ՝ լուծամզուք կամ թուրմ).
գ) հայտնի քիմիական բաղադրությամբ նյութ (օրինակ՝ հայտնի դեղագործական արդյունավետությամբ բաղադրիչ).
դ) ակտիվ կամ վերլուծական մարկեր.
ե) հայտնի խառնուկ (տվյալ պատրաստուկի մեջ հանդիպող խառնուկ):
34. Ստանդարտ նմուշի դեղագրքային որակը պետք է համապատասխանի այդ ստանդարտ նմուշի նշանակությանը: Անհրաժեշտ է վերահսկել քանակական փորձարկումների համար նախատեսված՝ դեղաբուսական հումքի, բուսական դեղագործական սուբստանցիաների (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) ստանդարտ նմուշների կազմը, իսկ դրանց մաքրությունը պետք է որոշվի միայն վալիդացված քանակական վերլուծական մեթոդիկաների օգնությամբ:
Հերբարիումային նմուշ
35. Այն դեպքում, երբ դեղաբուսական հումքը, բուսական դեղագործական սուբստանցիան նկարագրված չեն Միության դեղագրքում և անդամ պետությունների դեղագրքերում, անհրաժեշտ է բույսի հերբարիումային նմուշի կամ դրա հումքային մասի առկայությունը (օրինակ՝ եթե բույսը ծառ է):
10. Վիճակագրական վերլուծություն
36. Հաշվետվությունում ներկայացված քանակական փորձարկումների տվյալները պետք է ուղեկցվեն համապատասխան վիճակագրական վերլուծությամբ:
37. Վիճակագրական վերլուծության մեթոդները, ներառյալ՝ դրանց հիմնավորումը և հաստատումը, անհրաժեշտ է ամբողջությամբ նկարագրել: Նկարագրությունը պետք է լինի պարզ, որպեսզի հնարավորություն լինի անցկացնելու ներկայացված արդյունքների անկախ հաշվարկ:
IV. Մասնագրեր
1. Մասնագրերի սահմանում և հիմնավորում
38. Մասնագիրը փորձարկումների, վերլուծական և կենսաբանական մեթոդիկաներին, ինչպես նաև համապատասխան այն ընդունելիության չափանիշներին (թույլատրելի նորմերին) հղումների ցանկ է, որոնք նկարագրված փորձարկումների համար թվային (քանակական) սահմաններ, ընդգրկույթներ և այլ չափանիշներ են։ Բացի այդ, մասնագրում տրվում է չափանիշների համալիր, որոնց պետք է համապատասխանեն դեղաբուսական հումքը, բուսական դեղագործական սուբստանցիան (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկը) և (կամ) դեղաբուսական պատրաստուկը՝ իր նպատակային նշանակության համար պիտանի համարվելու համար:
39. Մասնագրին համապատասխանությունը նշանակում է, որ դեղաբուսական հումքը, բուսական դեղագործական սուբստանցիան (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկը) և (կամ) դեղաբուսական պատրաստուկը համապատասխանում են մասնագրում նշված ընդունելիության չափանիշներին, եթե դեղաբուսական հումքը, բուսական դեղագործական սուբստանցիան (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկը) և (կամ) դեղաբուսական պատրաստուկն անցնում են փորձարկումները ցուցված վերլուծական և կենսաբանական մեթոդիկաների օգնությամբ:
40. Մասնագրերն առաջարկվում և հիմնավորվում են արտադրողի կողմից ու հաստատվում են անդամ պետության լիազորված մարմնի (փորձագիտական կազմակերպության) կողմից:
41. Ի լրումն թողարկման փորձարկումների՝ մասնագիրը կարող է պարունակել ներարտադրական փորձարկումների, պարբերական (բաց թողնվող) փորձարկումների և այլ փորձարկումների ցանկ, որոնք ոչ միշտ են անցկացվում սերիաներով: Հայտատուն պետք է նշի, թե որ փորձարկումներն են անցկացվում սերիաներով, որոնք՝ ոչ, և հիմնավորի այդպիսի փորձարկումների փաստացի հաճախականությունը: Այդ դեպքում դեղաբուսական հումքը, բուսական դեղագործական սուբստանցիան (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկը) և (կամ) դեղաբուսական պատրաստուկը պետք է համապատասխանեն ընդունելիության չափանիշներին, եթե դրանք ենթարկվում են փորձարկումների:
42. Մասնագրում փոփոխություններ կատարելու համար հայտը հաստատելուց հետո պահանջվում է անդամ պետության լիազորված մարմնի (փորձագիտական կազմակերպության) նախնական հավանությունը:
43. Դեղաբուսական հումքի, բուսական դեղագործական սուբստանցիաների (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) և (կամ) դեղաբուսական պատրաստուկի համար մասնագրերի մշակումը որակի կառավարման ընդհանուր ռազմավարության մաս է կազմում:
Միասին այդ գործընթացները երաշխավորում են դեղաբուսական հումքի, բուսական դեղագործական սուբստանցիաների (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) և (կամ) դեղաբուսական պատրաստուկների պատշաճ որակի պահպանումը:
44. Քանի որ մասնագրի նշանակությունն է դեղապատրաստուկի որակի, այլ ոչ թե դեղաբուսական պատրաստուկի կոնկրետ բնութագրերի հաստատումը, արտադրողը պետք է ներկայացնի մասնագրում որակի կոնկրետ ցուցանիշներ ներառելու և (կամ) այնտեղից դրանք հանելու համար հիմնավորում:
2. Դեղաբուսական հումքի մասնագիր
45. Դեղաբուսական հումքի մասնագիրը պետք է պարունակի՝
ա) դեղաբույսի (բույսի մասի) բուսաբանական բնութագիր (ցեղատեսակ, տեսակ, սորտ, քեմոտիպ, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների օգտագործում).
բ) մակրո- և միկրոսկոպիկ բնութագրեր, բուսաքիմիական բնութագրեր (իսկություն, քանակական որոշում, հայտնի թերապևտիկ ակտիվությամբ բաղադրիչների, մարկերների, թունավոր բաղադրիչների համար սահմանային պարունակության որոշման մասով փորձարկումներ).
գ) կենսաբանական (աշխարհագրական) փոփոխականության մասին տվյալներ.
դ) աճեցման, հավաքման, չորացման պայմանների մասին տեղեկություններ (մանրէաբանական կոնտամինացիա, աֆլատոքսիններ, թունավոր տարրեր, ռադիոնուկլիդներ և այլն).
ե) մինչև հավաքելը և դրանից հետո քիմիական մշակման մասին տվյալներ (թունաքիմիկատներ, ֆումիգանտներ).
զ) դեղաբուսական հումքի բաղադրության բաղադրիչների պրոֆիլի և դրանց կայունության նկարագրություն:
3. Բուսական դեղագործական սուբստանցիաների (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) մասնագիր
46. Բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) մասնագիրը պետք է պարունակի՝
ա) դեղաբուսական հումքի որակի նկատմամբ պահանջները.
բ) ելակետային հումքի և ստացված լուծամզուքի հարաբերակցության, լուծամզուքային լուծիչի (լուծիչների) պարունակության մասին տեղեկությունները.
գ) բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) պատրաստման մեթոդի նկարագրությունը.
դ) բուսական դեղագործական սուբստանցիայի բաղադրության բաղադրիչների ցանկը (հայտնի թերապևտիկ ակտիվությամբ բաղադրիչներ, ակտիվ (վերլուծական) մարկերներ, բաղադրության այլ բաղադրիչներ)՝ դրանց իսկության որոշման, քանակական որոշման, տվյալ բաղադրիչների սահմանային պարունակության որոշման մասով փորձարկման մեթոդիկաների նշմամբ.
ե) չորացման պայմանների մասին, ինչպես նաև չորացման գործընթացի հետ կապված որակի ցուցանիշների (օրինակ՝ մանրէաբանական կոնտամինացիայի, լուծամզուքներում մնացորդային լուծիչների և այլնի) մասին տեղեկությունները.
զ) բուսական դեղագործական սուբստանցիաների բաղադրության բաղադրիչների պրոֆիլի և դրանց բաղադրիչների կայունության նկարագրությունը.
է) պահպանման ժամանակ մանրէաբանական մաքրության ցուցանիշները.
ը) մինչկլինիկական (կլինիկական) փորձարկումներում օգտագործված սերիաների նշումը (անվտանգության գնահատումը և արդյունավետության որոշումը) (եթե կիրառելի է):
4. Դեղաբուսական պատրաստուկների պատրաստի դեղաձևերի մասնագրերը
47. Դեղաբուսական պատրաստուկների պատրաստի դեղաձևերի մասնագրերը պետք է պարունակեն՝
ա) դեղաբուսական հումքի և (կամ) բուսական դեղագործական սուբստանցիաների (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) որակի մասին տվյալները.
բ) տեխնոլոգիական գործընթացի (ջերմաստիճանի ազդեցություն, մնացորդային լուծիչներ և այլն) նկարագրությունը.
գ) փաթեթավորելիս ակտիվ բաղադրիչների (կազմի) պրոֆիլը և կայունությունը.
դ) մինչկլինիկական (կլինիկական) փորձարկումներում օգտագործված սերիաների նշումը (անվտանգության գնահատումը և արդյունավետության որոշումը) (եթե կիրառելի է):
48. Մասնագիրը պետք է հիմնված լինի մշակման տվյալների (մինչկլինիկական, կլինիկական հետազոտությունների, կայունության հետազոտությունների, վալիդացման փորձարկումների), գրականության աղբյուրների և նախկինում արտադրված սերիաների մասին տվյալների (եթե կիրառելի է) վրա:
49. Մասնագրերն անհրաժեշտ է մշակել՝ հաշվի առնելով տեխնոլոգիական գործընթացները, հատկապես դեղաբուսական պատրաստուկի բաղադրիչների (խառնուկների) դեգրադացման արգասիքների և տեխնոլոգիական խառնուկների առկայության դեպքում: Տեխնոլոգիական գործընթացի փոփոխությունը և դեգրադացման արգասիքները, որոնք առաջանում են պահպանման ժամանակ, կարող են հանգեցնել նրան, որ արտադրանքը տարբերվի մինչկլինիկական (կլինիկական) հետազոտություններում օգտագործված սերիաներից: Նման փոփոխությունների կարևորությունն անհրաժեշտ է գնահատել:
50. Հաշվի առնելով դեղաբուսական պատրաստուկների բարդ բաղադրությունը՝ չի կարելի հենվել դեղաբուսական հումքի, բուսական դեղագործական սուբստանցիաների (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) և դեղաբուսական պատրաստուկի կայունության քանակական որոշման (վերահսկողության համար ցուցանիշի) միակ մեթոդի վրա: Այդ իսկ պատճառով հայտատուն պետք է առաջարկի կայունության մի շարք սպեցիֆիկ փորձարկումներ և հետազոտություններ, որոնց օգնությամբ կարելի է հուսալի կերպով որոշել դեղապատրաստուկի որակի փոփոխությունը դրա պիտանիության ժամկետի ընթացքում:
51. Մասնագրում ներառվող փորձարկումների ցանկը պայմանավորված է դեղաբուսական պատրաստուկի տեսակից և բաղադրությունից:
52. Հայտատուները պետք է պահպանեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 10-ի թիվ 69 որոշմամբ հաստատված՝ Դեղապատրաստուկների և դեղագործական սուբստանցիաների կայունության հետազոտությանը ներկայացվող պահանջների դրույթները:
5. Համապարփակ փորձարկումներ և ընդունելիության չափանիշներ
53. Համապարփակ փորձարկումների նախագծեր և ընդունելիության չափանիշներ մշակելիս անհրաժեշտ է հաշվի առնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2018 թվականի հուլիսի 17-ի թիվ 113 որոշմամբ հաստատված՝ Դեղամիջոցների փորձարկումների անցկացման վերլուծական մեթոդիկաների վալիդացման ուղեցույցի դրույթները:
Դեղաբուսական հումքի համար փորձարկումները և ընդունելիության չափանիշները
54. Դեղաբուսական հումքն ինչպես ամբողջական բույս է, այնպես էլ դրա մասերն է, այդ թվում՝ տերևներ, խոտ, արմատներ, ծաղիկներ, սերմեր, կեղև եւ այլն: Դեղաբուսական հումքի բոլոր բնութագրերը ներառող մասնագիրը պետք է մշակվի դեղաբուսական հումքի յուրաքանչյուր տեսակի համար, նույնիսկ եթե դեղաբուսական պատրաստուկի արտադրության համար ելակետային նյութ է բուսական դեղագործական սուբստանցիան (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկը):
55. Եթե դեղաբուսական պատրաստուկի մեջ ազդանյութերն են ճարպայուղերը կամ եթերայուղերը, ապա պահանջվում է դեղաբուսական հումքի մասով մասնագիր (այլ հիմնավորումների բացակայության դեպքում):
56. Մասնագիրը պետք է մշակվի արդիական գիտական տվյալների հիման վրա և պետք է համապատասխանի Միության դեղագրքի հոդվածների (մենագրությունների) պահանջներին, իսկ Միության դեղագրքում բացակայության դեպքում՝ անդամ պետությունների դեղագրքերի հոդվածների (մենագրությունների) պահանջներին:
57. Դեղաբուսական հումքի բոլոր տեսակների մասով մասնագրում ներառվում են հետևյալ փորձարկումները և ընդունելիության չափանիշները՝
ա) բուսաբանական աղբյուրի, բույսի օգտագործված մասի որակական բնութագիրը (ամբողջական բույս, բույսի մաս, փոշենման, թարմ, չոր), դեղաբուսական հումքի աշխարհագրական աղբյուրը (աղբյուրները) և ստացման պայմանները.
բ) բնորոշ հատկանիշների նշմամբ՝ դեղաբուսական հումքի օրգանոլեպտիկ հատկությունների որակական բնութագրերի տեսքով բնորոշ հատկանիշները, դեղաբուսական հումքի մակրոսկոպիկ և միկրոսկոպիկ բուսաբանական առանձնահատկությունները.
գ) դեղաբուսական հումքի նույնականացման (իսկության) այն փորձարկումների տեսքով իսկություն, որոնք թույլ կտան տարբերել դեղաբուսական հումքի ցեղատեսակները և (կամ) բացահայտել դեղաբուսական հումքում անցանկալի խառնուկների (փոխնյութերի) հնարավոր առկայությունը: Դեղաբուսական հումքի իսկության մասով փորձարկումները պետք է լինեն սպեցիֆիկ, դրանք, որպես կանոն, ներառում են 3 և ավելի փորձարկումներից համակցություն (մակրոսկոպիկ հատկանիշներ, միկրոսկոպիկ հատկանիշներ, քրոմատագրման մեթոդներ, քիմիական ռեակցիաներ).
դ) ֆարմակոգնոստիկ հետազոտություններ, ներառյալ՝ կողմնակի ներառումերի որոշումը, ընդհանուր մոխրի որոշման մասով փորձարկումը և քլորաջրածնային թթվի մեջ չլուծվող մոխրի որոշման մասով փորձարկումը, մզվածքային նյութերի և ջրում լուծվող մզվածքային նյութերի որոշման մասով փորձարկումը.
ե) մասնիկների չափի որոշման մասով փորձարկում: Խոտային թեյերի արտադրության համար նախատեսված դեղաբուսական հումքի կամ պինդ դեղաբուսական պատրաստուկների դեպքում մասնիկների չափը կարող է զգալի ազդեցություն ունենալ դեղաբուսական պատրաստուկի լուծման արագության, կենսամատչելիության և (կամ) կայունության վրա: Այդ դեպքերում պետք է անցկացվի համապատասխան մեթոդիկայի կիրառմամբ դեղաբուսական հումքի դիսպերսային բաղադրության որոշում (մասնիկի բաշխում ըստ չափի), և պետք է սահմանվեն դեղաբուսական հումքի մասնիկների չափի որոշման մասով փորձարկումների ընդունելիության չափանիշներ: Մասնիկների չափը նույնպես կարող է ազդել պինդ դեղաձևերի տրոհելիության ժամանակի վրա.
զ) խոնավության պարունակության որոշման մասով փորձարկում: Փորձարկումն անհրաժեշտ է ներառել դեղաբուսական հումքի, մանրացված և փոշենման բուսական հումքով, ինչպես նաև խիտ և չոր լուծամզուքներով ներկայացված բուսական դեղագործական սուբստանցիայի մասնագրում: Դեղաբուսական հումքի խոնավության կլանման ազդեցության մասին տվյալները պետք է այդ դեղաբուսական հումքի մասնագրում ընդունելիության չափանիշների հիմնավորում հանդիսանան: Միության դեղագրքում և անդամ պետությունների դեղագրքերում չնկարագրված դեղաբուսական հումքի համար ընդունելիության չափանիշները պետք է լինեն հիմնավորված՝ հաշվի առնելով դեղաբուսական հումքի խոնավության կլանման մասին փորձարարական տվյալները: Դեղաբուսական հումքի խոնավության կլանման որոշման ընդունելի մեթոդներն են «Չորացման դեպքում զանգվածի կորուստ» թեստը կամ խոնավության պարունակության որոշման այլ սպեցիֆիկ մեթոդ (այն դեպքում, երբ խոնավության պարունակությունը որոշվում է եթերային յուղեր պարունակող բույսերում).
է) խառնուկների, ներառյալ՝ հանքային խառնուկների և թունավոր (ծանր) մետաղների որոշման մասով փորձարկում: Խառնուկների որոշման մասով փորձարկումների մասնագրում ներառման և հանքային խառնուկների համար ընդունելիության չափանիշների սահմանման անհրաժեշտությունը պետք է ուսումնասիրվի դեղաբուսական պատրաստուկի մշակման ընթացքում և հիմնված լինեն բույսի տեսակային առանձնահատկության, դրա աճեցման պայմանների և արտադրության գործընթացի մասին տվյալների վրա: Ընդունելիության չափանիշները սահմանելիս նախևառաջ անհրաժեշտ է առաջնորդվել անվտանգության նկատառումներով: Այնտեղ, որտեղ դա հիմնավորված է, «սուլֆատային մոխիր (մնացորդ շիկացումից հետո)» ցուցանիշի համար մեթոդիկաները և ընդունելիության չափանիշները պետք է համապատասխանեն Միության դեղագրքի պահանջներին, իսկ Միության դեղագրքում համապատասխան պահանջների բացակայության դեպքում՝ անդամ պետությունների դեղագրքերի պահանջներին.
ը) մանրէաբանական մաքրության որոշման մասով փորձարկումներ՝ խմորասնկերի և բորբոսասնկերի աերոբ միկրոօրգանիզմների ընդհանուր քանակի, ինչպես նաև սպեցիֆիկ միկրոօրգանիզմների բացակայության մասին տեղեկությունների նշմամբ: Փորձարկումների այդ խմբում այլ հնարավոր պաթոգենների (օրինակ՝ Campylobacter spp. և Listeria spp.) որոշման մասով փորձարկումները ներառելու անհրաժեշտության մասին հարցը դիտարկելիս (ի լրումն Միության դեղագրքում կամ անդամ պետության դեղագրքերում նշվածների) անհրաժեշտ է հաշվի առնել դեղաբուսական հումքի ստացման աղբյուրը: Մանրէաբանական մաքրության որոշումն անցկացվում է դեղագրքային կամ վալիդացված այլ մեթոդների կիրառմամբ: Ընդունելիության չափանիշների սահմանման ցուցումները բերված են Միության դեղագրքում, իսկ Միության դեղագրքում համապատասխան տեղեկությունների բացակայության դեպքում՝ անդամ պետությունների դեղագրքերում.
թ) միկոտոքսինների (աֆլատոքսիններ, օխրատոքսին Ա) որոշման մասով փորձարկումներ. այդ փորձարկումները ներառելիս անհրաժեշտ է հաշվի առնել դեղաբուսական հումքի՝ միկոտոքսիններով կոնտամինացման հնարավորությունը՝ դեղաբուսական պատրաստուկների որակի ուղեցույցի 23-րդ կետի ցուցումներին համապատասխան: Միկոտոքսինների պարունակությունը վերահսկելու համար անհրաժեշտ է կիրառել համապատասխան վալիդացված մեթոդիկաներ և հիմնավորել ընդունելիության չափանիշները.
ժ) թունաքիմիկատների, ֆումիգանտների որոշման մասով փորձարկումներ. այդ փորձարկումները ներառելիս անհրաժեշտ է մանրակրկիտ վերլուծել կուլտիվացվող և վայրի աճող դեղաբուսական հումքում թունաքիմիկատների, ֆումիգանտների և այլնի մնացորդների առկայության պոտենցիալ հավանականությունը: Անհրաժեշտության դեպքում թունաքիմիկատների, ֆումիգանտների հնարավոր մնացորդների պարունակության վերահսկման համար անհրաժեշտ է կիրառել համապատասխան վալիդացված մեթոդիկաներ և հիմնավորել ընդունելիության սահմանված չափանիշները.
ժա) ռադիոակտիվության որոշման մասով փորձարկումները պետք է ներառեն ռադիոնուկլիդների պարունակության որոշման մասով դեղաբուսական հումքի ստուգումը.
ժբ) այլ փորձարկումներ (օրինակ՝ ուռչելու գործակից) ներառվում են դեղաբուսական հումքի մասնագրում, եթե նման փորձարկումները կիրառելի են տվյալ տեսակի դեղաբուսական հումքի նկատմամբ:
Դեղաբուսական հումքի համար
«Քանակական որոշում» փորձարկումը
58. Դեղաբուսական հումքի համար, որի բաղադրության մեջ մտնում են հայտնի թերապևտիկ ակտիվությամբ բաղադրիչներ կամ ակտիվ մարկերներ, անհրաժեշտ է անցկացնել այդ բաղադրիչների կամ մարկերների քանակական որոշման մեթոդիկայի մանրամասն նկարագրություն: Հնարավորության դեպքում բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) կայունության վերահսկման համար մասնագրում անհրաժեշտ է ներառել բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) կայունության մասին վկայող քանակական որոշման մեթոդը:
59. Այն դեպքերում, երբ քանակական որոշման ոչ սպեցիֆիկ մեթոդի կիրառումը հիմնավորված է, քանակական որոշման լրիվ սպեցիֆիկության հասնելու համար թույլատրվում է կիրառել փորձարկումների օժանդակ մեթոդիկաներ:
60. Դեղաբուսական հումքի համար, որի նկատմամբ բացակայում է թերապևտիկ ակտիվության համար պատասխանատու բաղկացուցիչ բաղադրիչների մասին տեղեկատվությունը, անհրաժեշտ է անցկացնել ակտիվ (վերլուծական) մարկերների քանակական որոշում: Մարկերների ընտրության նպատակահարմարությունը պետք է հիմնավորվի փորձարարական և գիտական տվյալներով: Որպես նման հիմնավորում կարող է ծառայել ընտրված մարկերի համար քանակական որոշման մեթոդի առկայությունը Միության դեղագրքի հոդվածում (մենագրությունում), իսկ Միության դեղագրքում համապատասխան տեղեկությունների բացակայության դեպքում՝ անդամ պետությունների դեղագրքերի համապատասխան հոդվածներում (մենագրություններում):
Բուսական դեղագործական սուբստանցիաների (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) համար փորձարկումներ և ընդունելիության չափանիշներ
61. Բուսական դեղագործական սուբստանցիաները (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկները) ներառում են բաղադրությունով և բնույթով տարբեր դեղագործական արտադրանքներ (պարզ, մանրացված նյութերից մինչև լուծամզուքներ, թուրմեր, յուղեր և խեժեր): Յուրաքանչյուր բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) համար պետք է մշակվի մանրամասն մասնագիր:
62. Բոլոր տեսակի բուսական դեղագործական սուբստանցիաների (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) մասնագրում ներառվում են հետևյալ փորձարկումները և ընդունելիության չափանիշները՝
ա) դեղագործական արտադրանքի բուսաբանական ծագման և տիպի մասին տեղեկատվություն (չոր, հեղուկ լուծամզուք և այլն), արտադրանքում դեղաբուսական հումքի հարաբերակցության մասին տեղեկատվություն.
բ) բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) օրգանոլեպտիկ հատկությունների որակական բնութագրերի տեսքով բնորոշ հատկանիշներ.
գ) բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) նույնականացման (իսկության) փորձարկումների տեսքով իսկությունը պետք է թույլ տա տարբերել փոխնյութերը (անցանկալի խառնուկները) բուսական դեղագործական սուբստանցիայում (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկում) և փորձարկվող բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) համար լինի սպեցիֆիկ: Քրոմատագրման փորձարկման մեջ բացառապես պահման ժամանակի հիման վրա իսկության հաստատումը սպեցիֆիկ չի համարվում: Ընդունելի է փորձարկման մի քանի քրոմատագրման մեթոդիկաների կիրառումը (օրինակ՝ ԲԱՀՔ և ՆՇՔ) կամ մեկ մեթոդիկայում տարբեր փորձարկումների համակցությունները (օրինակ՝ ԲԱՀՔ/ՈւՄ-սպեկտր, ԲԱՀՔ/ՄՍ կամ ԳՔ/ՄՍ).
դ) խոնավության պարունակության որոշման մասով փորձարկումներ (հիգրոսկոպիկ արտադրանքի համար): Թույլատրվում է անցկացնել փորձարկումների տվյալ տեսակը «Չորացման դեպքում զանգվածի կորուստ» մեթոդիկայով, սակայն դեղագործական արտադրանքների առանձին խմբերի համար (մասնավորապես եթերային յուղեր պարունակող արտադրանքի համար) անհրաժեշտ է կիրառել խոնավության պարունակության որոշման այլ սպեցիֆիկ մեթոդ: Ընդունելիության չափանիշների հիմնավորում կարող են ծառայել բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) որակի ցուցանիշների վրա խոնավության կլանման ազդեցության մասին փորձարարական տվյալները.
ե) խառնուկների որոշման մասով փորձարկումը ներառում է մնացորդային լուծիչների (Միության դեղագրքում շարադրված պահանջներին համապատասխան, իսկ Միության դեղագրքում համապատասխան պահանջների բացակայության դեպքում՝ անդամ պետությունների դեղագրքերի պահանջներին համապատասխան), հանքային խառնուկների, ծանր (թունավոր) մետաղների, մկնդեղի որոշումը: Հանքային խառնուկների որոշման մասով փորձարկումների ներառման անհրաժեշտությունը և հանքային խառնուկների համար ընդունելիության չափանիշների սահմանումը պետք է ուսումնասիրվեն դեղաբուսական պատրաստուկի մշակման ընթացքում և հիմնված լինեն բույսի տեսակային առանձնահատկության, դրա աճեցման պայմանների և բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) արտադրության գործընթացի մասին տվյալների վրա: Անհրաժեշտ է նախատեսել արտադրական գործընթացում թունավոր մնացորդների կոնցենտրացման պոտենցիալ հնարավորությունը: Եթե տեխնոլոգիական գործընթացը թույլ է տալիս նվազեցնել թունավոր մնացորդների պարունակությունը բուսական դեղագործական սուբստանցիայում (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկում), ապա բավական է անցկացնել միայն դեղաբուսական հումքի փորձարկումներ: Ընդունելիության սահմանվող չափանիշները պետք է հենվեն անվտանգության պահանջների վրա: Այնտեղ, որտեղ դա հիմնավորված է, «սուլֆատային մոխիր (մնացորդ շիկացումից հետո)», «ծանր մետաղներ» մասնագրի ցուցանիշների համար մեթոդիկաները և ընդունելիության չափանիշները պետք է համապատասխանեն Միության դեղագրքի պահանջներին, իսկ Միության դեղագրքում համապատասխան պահանջների բացակայության դեպքում՝ անդամ պետությունների դեղագրքերի պահանջներին.
զ) մանրէաբանական մաքրության որոշման մասով փորձարկումներ՝ աերոբ միկրոօրգանիզմների, խմորասնկերի և բորբոսասնկերի ընդհանուր քանակի, ինչպես նաև սպեցիֆիկ միկրոօրգանիզմների բացակայության մասին տեղեկությունների նշմամբ: Մանրէաբանական մաքրության որոշումն անցկացվում է դեղագրքային կամ վալիդացված այլ մեթոդիկաների կիրառմամբ: Ընդունելիության չափանիշների մասով ցուցումները բերված են Միության դեղագրքում, իսկ Միության դեղագրքում համապատասխան տեղեկությունների բացակայության դեպքում՝ անդամ պետությունների դեղագրքերում.
է) միկոտոքսինների (աֆլատոքսինների, օխրատոքսին Ա-ի) որոշման մասով փորձարկումներ. այդ փորձարկումները ներառելիս անհրաժեշտ է հաշվի առնել բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի)՝ միկոտոքսիններով կոնտամինացման հավանականությունը՝ դեղաբուսական պատրաստուկների որակի ուղեցույցի 23-րդ կետի ցուցումներին համապատասխան: Միկոտոքսինների պարունակությունը վերահսկելու համար անհրաժեշտ է կիրառել համապատասխան վալիդացված մեթոդիկաներ և հիմնավորել ընդունելիության չափանիշները.
ը) թունաքիմիկատների, ֆումիգանտների որոշման մասով փորձարկումներ. այդ փորձարկումները ներառելիս անհրաժեշտ է մանրակրկիտ վերլուծել բուսական դեղագործական սուբստանցիայում (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկում) թունաքիմիկատների, ֆումիգանտների և նմանատիպ նյութերի մնացորդների առկայության պոտենցիալ հավանականությունը՝ ելնելով ելակետային դեղաբուսական հումքի վերլուծության արդյունքներից: Անհրաժեշտության դեպքում բուսական դեղագործական սուբստանցիայում (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկում) թունաքիմիկատների, ֆումիգանտների հնարավոր մնացորդների պարունակության վերահսկման համար անհրաժեշտ է կիրառել համապատասխան վալիդացված մեթոդիկաները և հիմնավորել ընդունելիության սահմանված չափանիշները.
թ) քանակական որոշումը: Բուսական դեղագործական սուբստանցիաների համար, որոնց կազմի մեջ մտնում են հայտնի թերապևտիկ ակտիվությամբ բաղադրիչներ կամ ակտիվ մարկերներ, անհրաժեշտ է ներկայացնել այդ բաղադրիչների կամ մարկերների քանակական որոշման մեթոդիկայի մանրամասն նկարագրությունը: Հնարավորության դեպքում բուսական դեղագործական սուբստանցիայի վերահսկման համար բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) մասնագրում անհրաժեշտ է ներառել բուսական դեղագործական սուբստանցիայի կայունության մասին վկայող քանակական որոշման մեթոդը: Այն դեպքերում, երբ քանակական որոշման ոչ սպեցիֆիկ մեթոդի կիրառումը հիմնավորված է, քանակական որոշման լրիվ սպեցիֆիկության հասնելու համար թույլատրվում է կիրառել փորձարկումների օժանդակ մեթոդիկաներ: Օրինակ՝ որպես անտրագլիկոզիդների քանակական որոշում մասնագրում ոչ սպեցիֆիկ սպեկտրալուսաչափական մեթոդիկան ներառելիս այն անհրաժեշտ է լրացնել ըստ բնութագրական քրոմատագրի՝ իսկության մասով փորձարկման օժանդակ սպեցիֆիկ մեթոդիկայով: Բուսական դեղագործական սուբստանցիաների (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) համար, որոնց մասով բացակայում է դրանց թերապևտիկ ակտիվության համար պատասխանատու բաղադրիչների կամ ակտիվ մարկերների մասին տեղեկությունը, անհրաժեշտ է անցկացնել վերլուծական մարկերների քանակական որոշում կամ այլ փորձարկումներ, որոնք թույլ են տալիս կատարել քանակական որոշում: Մարկերների ընտրության նպատակահարմարությունը պետք է հիմնավորվի փորձարարական և գիտական տվյալներով:
Դեղաբուսական պատրաստուկների կազմում վիտամինների և միներալների համար փորձարկումներ և ընդունելիության չափանիշներ
63. Վիտամիններ և (կամ) վիտամինահանքային կոմպլեքսներ պարունակող՝ բժշկական կիրառման համար նախատեսված դեղաբուսական պատրաստուկների մասնագրում ներառվում են հետևյալ փորձարկումները և ընդունելիության չափանիշները՝
ա) իսկության մասով փորձարկումներ, որոնք թույլ են տալիս որոշել վիտամինների և (կամ) միներալների իսկությունը.
բ) քանակական որոշումը պետք է ներառի վիտամինների և (կամ) միներալների քանակական որոշման վալիդացված մեթոդիկաներ.
գ) խառնուկների որոշման մասով փորձարկումներն անհրաժեշտ է անցկացնել Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ դեղամիջոցներում խառնուկների ուսումնասիրության և մասնագրերում դրանց նկատմամբ պահանջներ սահմանելու մասին կանոններին, Միության դեղագրքի՝ մնացորդային լուծիչների մասով հոդվածներին (մենագրություններին), իսկ Միության դեղագրքում համապատասխան հոդվածների բացակայության դեպքում՝ անդամ պետությունների՝ մնացորդային լուծիչների մասով հոդվածներին (մենագրություններին) համապատասխան: Անհրաժեշտ է անցկացնել վիտամինների և (կամ) միներալների դեգրադացման ժամանակ առաջացող խառնուկների պարունակության մշտադիտարկում: Եթե ներկայացված են համապատասխան վերլուծական մեթոդիկաների օգնությամբ ստացված զգալի քանակությամբ տվյալներ, որոնք ապացուցում են, որ վիտամինը և (կամ) միներալները չեն տրոհվում տվյալ կոնկրետ դեղագրությունում և պահպանման կոնկրետ պայմաններում, ապա դեգրադացման արգասիքների պարունակության որոշման մասով փորձարկումները կարելի է կրճատել կամ բացառել (անդամ պետության լիազորված մարմնի (փորձագիտական կազմակերպության) համաձայնությամբ):
Դեղաբուսական պատրաստուկների համար փորձարկումներ և ընդունելիության չափանիշներ
64. Բոլոր տեսակի դեղաբուսական պատրաստուկների մասնագրում ներառվում են հետևյալ փորձարկումները և ընդունելիության չափանիշները՝
ա) դեղաձևի որակական բնութագրերի նկարագրությունը (օրինակ՝ չափ, ձև, գույն): Ընդունելիության չափանիշները պետք է ներառեն դեղապատրաստուկի արտաքին տեսքը պահպանման ժամկետի ավարտին: Եթե դեղաբուսական պատրաստուկը պահպանելիս դրա արտաքին տեսքը գույնով փոփոխվում է, ապա մասնագրում անհրաժեշտ է քանակական գնահատման մեթոդիկայի ներառում.
բ) իսկության մասով փորձարկումներ: Իսկության մասով փորձարկումները պատրաստի դեղապատրաստուկի կազմի մեջ մտնող դեղաբուսական հումքի և բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) համար պետք է լինեն սպեցիֆիկ և հնարավորություն տան տարբերել փոխնյութերը (անցանկալի խառնուկները): Քրոմատագրման փորձարկման մեջ բացառապես պահման ժամանակի հիման վրա իսկության որոշումը սպեցիֆիկ փորձարկում չի համարվում: Ընդունելի է փորձարկման մի քանի քրոմատագրման մեթոդիկաների կիրառումը (օրինակ՝ ԲԱՀՔ և ՆՇՔ) կամ մեկ մեթոդիկայում տարբեր փորձարկումների համակցությունները (օրինակ՝ ԲԱՀՔ/ՈւՄ-սպեկտր, ԲԱՀՔ/ՄՍ կամ ԳՔ/ՄՍ): Փոշենման կամ մանրացված դեղաբուսական հումք պարունակող դեղաբուսական պատրաստուկների իսկությունը հաստատելու համար անհրաժեշտ է կիրառել դեղաբուսական հումքի միկրոսկոպիկ և մակրոսկոպիկ բնութագրերի սահմանումն այլ մեթոդների հետ զուգակցմամբ.
գ) քանակական որոշում՝ դեղաբուսական հումք և (կամ) բուսական դեղագործական սուբստանցիա (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկներ) պարունակող դեղաբուսական պատրաստուկների համար, որոնց բաղադրության մեջ մտնում են հայտնի թերապևտիկ ակտիվությամբ բաղադրիչներ, անհրաժեշտ են այդ բաղադրիչների քանակական որոշման վալիդացված և մանրամասն նկարագրված մեթոդիկաներ: Անհրաժեշտության դեպքում դեղաբուսական հումքի և (կամ) բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) կայունության վերահսկողության համար դեղաբուսական պատրաստուկի մասնագրի մեջ անհրաժեշտ է ներառել կայունության մասին վկայող փորձարկումների սպեցիֆիկ մեթոդ: Այն դեպքում, երբ հիմնավորված է քանակական որոշման ոչ սպեցիֆիկ մեթոդի կիրառումը, լրիվ սպեցիֆիկության հասնելու համար կարելի է օգտագործել այլ օժանդակ վերլուծական մեթոդիկաներ: Օրինակ՝ որպես անտրագլիկոզիդների քանակական որոշում մասնագրում ոչ սպեցիֆիկ սպեկտրալուսաչափական մեթոդիկան ներառելիս այն անհրաժեշտ է լրացնել ըստ բնութագրական քրոմատագրի՝ իսկության մասով փորձարկման օժանդակ սպեցիֆիկ մեթոդիկայով: Եթե դեղաբուսական պատրաստուկի բաղադրության մեջ մտնում է դեղաբուսական հումք և (կամ) բուսական դեղագործական սուբստանցիա (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկներ), որոնց մասով բացակայում է դրանց թերապևտիկ ակտիվության համար պատասխանատու բաղկացուցիչ բաղադրիչների մասին տեղեկությունը, ապա անհրաժեշտ է անցկացնել ակտիվ կամ վերլուծական մարկերների պարունակության քանակական որոշում կամ այլ հիմնավորված փորձարկումներ: Մարկերների ընտրության նպատակահարմարությունը պետք է հիմնավորվի փորձարարական և գիտական տվյալներով: Այն դեպքերում, երբ հնարավոր չի լինում անցկացնել դեղապատրաստուկի մեջ դեղաբուսական հումքի յուրաքանչյուր տեսակի քանակական որոշումը, պահանջվում են բաղադրիչների քանակական բաղադրության որոշման այլ հիմնավորված մեթոդներ (օրինակ՝ բազմաբաղադրիչ դեղաբուսական պատրաստուկներում միևնույն մարկերները կարող են առկա լինել մի քանի տեսակի դեղաբուսական հումքի մեջ և բուսական դեղագործական սուբստանցիայի մեջ (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի մեջ).
դ) խառնուկների որոշման մասով փորձարկումներն անհրաժեշտ է անցկացնել Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ դեղամիջոցներում խառնուկների ուսումնասիրության և մասնագրերում դրանց նկատմամբ պահանջներ սահմանելու վերաբերյալ կանոններին, Միության դեղագրքի դեղագրքային հոդվածներին, իսկ դրանում բացակայության դեպքում՝ անդամ պետությունների դեղագրքերի դեղագրքային հոդվածներին համապատասխան: Անհրաժեշտություն չկա անցկացնել փորձարկումներ դեղաբուսական պատրաստուկում այն խառնուկների որոշման մասով, որոնք արդեն վերահսկվել են դեղաբուսական հումքի և բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) փորձարկումների ընթացքում (օրինակ՝ թունաքիմիկատների (ֆումիգանտների), ծանր մետաղների մնացորդների): Նաև անհրաժեշտություն չկա վերահսկելու դեղաբուսական պատրաստուկի արտադրության գործընթացում հայտնվող մնացորդային լուծիչների պարունակությունը (օրինակ՝ լուծամզման դեպքում), եթե դրանց պարունակությունը վերահսկվում է արտադրության գործընթացում: Սակայն անհրաժեշտ է վերահսկել հաբերի թաղանթապատման գործընթացում օգտագործվող լուծիչների պարունակությունը: Դեղաբուսական պատրաստուկներում անհրաժեշտ է վերահսկել դեղաբուսական հումքի և բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) դեգրադացման ակնհայտ արգասիքների պարունակությունը (օրինակ՝ անտրագլիկոզիդներից ագլիկոնները): Դեգրադացման այդ արգասիքների համար անհրաժեշտ է սահմանել ընդունելիության չափանիշներ: Եթե ներկայացված է համապատասխան վերլուծական մեթոդիկաների օգնությամբ ստացված զգալի քանակության տվյալներ, որոնք ապացուցում են, որ դեղաբուսական հումքը, բուսական դեղագործական սուբստանցիան (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկը) չեն դեգրադանում կոնկրետ դեղագրությունում և պահպանման կոնկրետ պայմաններում, ապա դեգրադացման արգասիքների պարունակության որոշման մասով փորձարկումները կարելի է կրճատել կամ բացառել (անդամ պետության լիազորված մարմնի (փորձագիտական կազմակերպության) համաձայնությամբ):
ե) մանրէաբանական մաքրության որոշման մասով փորձարկումներ՝ աերոբ միկրոօրգանիզմների, խմորասնկերի և բորբոսասնկերի ընդհանուր քանակի, ինչպես նաև սպեցիֆիկ միկրոօրգանիզմների բացակայության մասին տեղեկությունների նշմամբ: Միկրոօրգանիզմների քանակը պետք է որոշվի դեղագրքային կամ այլ վալիդացված մեթոդիկաների կիրառմամբ: Ընդունելիության չափանիշները պետք է համապատասխանեն Միության դեղագրքին, իսկ դրանում բացակայության դեպքում՝ անդամ պետությունների դեղագրքերի ընդունելիության չափանիշներին:
6. Լրացուցիչ (սպեցիֆիկ) փորձարկումներ և ընդունելիության չափանիշներ
65. Ի լրումն սույն ուղեցույցի IV բաժնի 5-րդ ենթաբաժնով նախատեսված համապարփակ փորձարկումների՝ կոնկրետ դեղաբուսական պատրաստուկների համար անհրաժեշտ է մասնագրում ներառել լրացուցիչ (սպեցիֆիկ) փորձարկումներ և ընդունելիության չափանիշներ, եթե դրանք առավել լավ են բնութագրում դեղաբուսական պատրաստուկի որակը կամ բնորոշ են տվյալ դեղաձևի համար:
Լրացուցիչ (սպեցիֆիկ) փորձարկումները և ընդունելիության չափանիշները դեղաբուսական պատրաստուկների համար
66. Լրացուցիչ (սպեցիֆիկ) փորձարկումները և ընդունելիության չափանիշները, որպես կանոն, պետք է ներառվեն կոնկրետ դեղաբուսական պատրաստուկների մասնագրում: Սույն ուղեցույցի 67-րդ և 68-րդ կետերում որպես օրինակ ներկայացված են դեղաբուսական պատրաստուկների բնորոշ պատրաստի դեղաձևերը և դրանց համապատասխանող փորձարկումների տիպերն ու ընդունելիության չափանիշները: Սույն ուղեցույցում դիտարկված պատրաստի դեղաձևերին են դասվում պինդ և հեղուկ պերօրալ դեղաբուսական պատրաստուկները: Դեղաբուսական պատրաստուկների այլ տեսակի պատրաստի դեղաձևերի համար անհրաժեշտ է կիրառել նույնանման մոտեցում:
Հաբեր (թաղանթով պատված և չպատված) և պինդ դեղապատիճներ
67. Բոլոր տեսակի հաբերի (թաղանթով պատված և չպատված) և պինդ դեղապատիճների մասնագրում ներառվում են հետևյալ փորձարկումները և ընդունելիության չափանիշները (որոնք թույլատրվում է նույնպես կիրառել փափուկ դեղապատիճների և հատիկների նկատմամբ)`
ա) լուծման (տրոհելիության) մասով փորձարկում, որն անցկացվում է արագ ձերբազատմամբ դեղաբուսական պատրաստուկների համար՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝
in vitro ազդանյութի ձերբազատման մասով փորձարկումը կարելի է չանցկացնել, եթե թերապևտիկ ակտիվության համար պատասխանատու բաղադրիչների մասին տեղեկատվությունը բացակայում է.
բավական է անցկացնել տրոհելիության մասով փորձարկում, եթե դեղաբուսական պատրաստուկը պարունակում է pH-ի ֆիզիոլոգիական արժեքների ամբողջ տիրույթում լավ լուծվող բուսական դեղագործական սուբստանցիաներ.
տրոհելիության մասով փորձարկումը, որպես կանոն, բավական է անցկացնել 1 կետում (pH-ի 1 արժեքի դեպքում):
Տրոհելիության մասով փորձարկումներն առավել նպատակահարմար է անցկացնել այն դեպքերում, երբ սահմանված է տրոհելիության և լուծման միջև կախվածությունը, կամ եթե տրոհելիության մասով փորձարկում անցկացնելն առավել էական է, քան լուծման մասով փորձարկում անցկացնելը: Նման դեպքերում լուծման մասով փորձարկումներ անցկացնելը ոչ միշտ է պարտադիր, կամ դրանք կարելի է անցկացնել բացառապես պարբերական վերահսկողության շրջանակներում:
Վերահսկողության ընտրված ռազմավարությունը հիմնավորելու համար (լուծման մասով փորձարկումներ կամ տրոհելիության մասով փորձարկումներ անցկացնելը) դեղաբուսական պատրաստուկի գրանցման դոսյեում անհրաժեշտ է ներառել դեղաբուսական պատրաստուկի բաղադրագրային կազմի հաստատունության պահպանման և տեխնոլոգիական արտադրական գործընթացի մշակման վերաբերյալ տեղեկատվությունը:
Ձևափոխված ձերբազատմամբ պատրաստի դեղաձևերի համար անհրաժեշտ է սահմանել փորձարկումների անցկացման և նմուշառման կոնկրետ պայմաններ՝
փորձարկման անցկացում մի քանի կետերում (pH-ի տարբեր ֆիզիոլոգիական արժեքների դեպքում)՝ երկարատև ձերբազատմամբ դեղաբուսական պատրաստուկների դեղաձևերի համար.
երկփուլ փորձարկումների անցկացում մի քանի կետերում (հաջորդաբար կամ զուգահեռաբար մի քանի միջավայրերի օգտագործմամբ)՝ դանդաղ ձերբազատմամբ դեղաբուսական պատրաստուկների դեղաձևերի համար: Փորձարկումներ և ընդունելիության չափանիշներ մշակելիս կարևոր է հաշվի առնել այն պացիենտների համակազմը, որոնք ընդունելու են դեղաբուսական պատրաստուկը (օրինակ՝ աքլորհիդրիայով տառապող պացիենտներ, տարեց պացիենտներ և այլն).
մի քանի վերահսկվող կետերի համար ընդունելիության չափանիշներ սահմանելու համար կարելի է օգտագործել in vitro - in vivo կոռելյացիա (մարդու կամ որոշակի տեսակի կենդանիների համար ձերբազատման տարբեր արագություններ դրսևորող դեղապատրաստուկի բաղադրությունների (դեղագրությունների) կենսամատչելիության մասին տվյալների առկայության դեպքում): Այդպիսի տվյալների բացակայության դեպքում և եթե անհնար է ապացուցել, որ դեղապատրաստուկի ազդանյութի ձերբազատումը պայմանավորված չէ in vitro փորձարկումների անցկացման պայմաններից, ապա ընդունելիության չափանիշներն անհրաժեշտ է սահմանել արտադրական սերիաների վերլուծության մասին մատչելի տվյալների հիման վրա:
Որպես կանոն, ձերբազատման աստիճանի արժեքի թույլատրելի տատանումը ցանկացած պահի չպետք է գերազանցի դեղաբուսական հումքի կամ բուսական դեղագործական սուբստանցիայի հայտարարագրված պարունակության ± 10 %-ը (այսինքն՝ թույլատրելի գումարային տատանումը կազմում է 20 %): Այսպիսով, (50 ± 10)% պահանջը նշանակում է, որ թույլատրելի ընդգրկույթը գտնվում է 40 %-ի և 60 %-ի միջև (բացառությամբ դեպքերի, եթե կենսահամարժեքության հետազոտությունը թույլ է տալիս սահմանել առավել լայն ընդգրկույթ).
բ) ամրության (մաշելիության) որոշման մասով փորձարկում: Եթե տվյալ փորձարկումն անցկացվում է տեխնոլոգիական վերահսկողության շրջանակներում, ապա, որպես կանոն, բացակայում է տվյալ փորձարկումը մասնագրում ներառելու անհրաժեշտությունը: Այս փորձարկման մասով ընդունելիության չափանիշները ներառվում են մասնագրում այն դեպքում, երբ դրանք դեղաբուսական պատրաստուկի (օրինակ՝ ծամելու հաբերի) որակի կարևոր բնութագիր են.
գ) դոզավորման միասեռության որոշման մասով փորձարկում. անցկացվում է դեղագրքային մեթոդիկաների կիրառմամբ: Անհրաժեշտության դեպքում տվյալ փորձարկումը կարելի է անցկացնել ներարտադրական վերահսկողության շրջանակներում, ընդունելիության չափանիշներն անհրաժեշտ է ներառել մասնագրում.
դ) խոնավության պարունակության որոշման մասով փորձարկումը անհրաժեշտության դեպքում պետք է ներառել մասնագրում: Ընդունելիության չափանիշները կարելի է հիմնավորել դեղաբուսական պատրաստուկի որակի և կայունության ցուցանիշների վրա խոնավության կամ խոնավության կլանման ազդեցության մասին տվյալներով: Որոշ դեպքերում բավական է անցկացնել «Չորացման դեպքում զանգվածի կորուստ» փորձարկումը՝ պայմանով, որ կիրառվում է խոնավության պարունակության որոշման սպեցիֆիկ մեթոդիկա (օրինակ՝ տիտրում՝ Կարլ Ֆիշերի մեթոդով).
ե) մանրէաբանական մաքրության որոշման մասով փորձարկում: Թույլատրվում է չանցկացնել տվյալ փորձարկումը դեղաբուսական պատրաստուկի յուրաքանչյուր սերիայի պատրաստի դեղաձևի համար, եթե անցկացվում է ելակետային բաղադրիչների վերահսկողություն, իսկ տեխնոլոգիական գործընթացը վալիդացված է և չի ստեղծում մանրէային կոնտամինացման ռիսկ: Նպատակահարմար է տվյալ ցուցանիշի մասով պարբերական փորձարկումների անցկացումը: Անհրաժեշտության դեպքում պետք է սահմանել ընդունելիության չափանիշներ՝ աերոբ միկրոօրգանիզմների, սնկերի ընդհանուր քանակության, առանձին սպեցիֆիկ միկրոօրգանիզմների (օրինակ՝ Staphylococcus aureus, Escherichia coli, Salmonella spp., Pseudomonas spp.) համար: Քանակական ցուցանիշներն անհրաժեշտ է որոշել դեղագրքային կամ այլ վալիդացված մեթոդիկաների կիրառմամբ, իսկ ընտրանքային ներարտադրական վերահսկողության անցկացման հաճախականությունը և ժամանակը պետք է հիմնավորվեն կուտակված փորձարարական տվյալներով: Գիտական հիմնավորման առկայության դեպքում (Դեղապատրաստուկի որակի մասով նորմատիվ փաստաթուղթը կազմելու ուղեցույցի թիվ 1 հավելվածին համապատասխան) պինդ դեղաձևերի համար մանրէաբանական մաքրության փորձարկումներ կարելի է չանցկացնել:
Ներքին ընդունման հեղուկներ
68. Որպես կանոն, ներքին ընդունման հեղուկների և այդպիսի հեղուկ դեղաձևերի պատրաստման համար նախատեսված փոշիների նկատմամբ նպատակահարմար է անցկացնել հետևյալ լրացուցիչ (սպեցիֆիկ) փորձարկումներից մեկը կամ ավելին՝
ա) դոզավորման միասեռության որոշման մասով փորձարկում. իր մեջ ներառում է և՛ պարունակության միասեռությունը, և՛ զանգվածի միասեռությունը: Ընդունելիության չափանիշներն անհրաժեշտ է սահմանել լիալցման զանգվածի, ծավալի և (կամ) լիալցման միասեռության շեղումների համար: Ընդ որում, անհրաժեշտ է օգտագործել դեղագրքային մեթոդներ: Անհրաժեշտության դեպքում փորձարկումները կարելի է անցկացնել ներարտադրական վերահսկողության շրջանակներում, սակայն ընդունելիության չափանիշներն անհրաժեշտ է ներառել մասնագրում: Տվյալ մոտեցումը կարելի է կիրառել միադեղաչափ և բազմադեղաչափ փաթեթվածքների նկատմամբ: Որպես դոզավորման միավոր ընդունում են պացիենտի կողմից ընդունվող ստանդարտ դեղաչափը: Ստուգիչ փորձարկման մեջ այս միանվագ դեղաչափը կարելի է որոշել ուղղակի չափմամբ կամ հաշվարկել՝ ելնելով դեղաբուսական պատրաստուկի չափված ընդհանուր զանգվածից կամ ծավալից՝ բաժանած դեղաչափերի ընդհանուր սպասվող քանակի: Եթե փաթեթվածքի կազմի մեջ մտնում է դոզավորման համար նախատեսված սարք (օրինակ՝ բժշկական կաթոցիկ կամ դոզատորի ծայրակալ սրվակների համար), ապա դրանք անհրաժեշտ է օգտագործել դեղաչափի չափման համար: Հակառակ դեպքում անհրաժեշտ է օգտագործել ստանդարտ հարմարանքներ՝ ծավալը չափելու համար: Դոզավորման համար օգտագործվող սարքը սովորաբար ընտրում են մշակման ընթացքում: Ներքին ընդունման համար հեղուկներ պատրաստելու համար նախատեսված փոշիների համար ընդունելի է զանգվածի միասեռության որոշման մասով փորձարկումների անցկացումը.
բ) pH արժեքի որոշում. անհրաժեշտության դեպքում պետք է ներկայացնել pH արժեքների ընդգրկույթի համար ընդունելիության չափանիշները և հիմնավորել արժեքների առաջարկվող ընդգրկույթը.
գ) մանրէաբանական մաքրության որոշման մասով փորձարկումը չի անցկացվում յուրաքանչյուր սերիայի մասով, եթե իրականացվում է ելակետային բաղադրիչների վերահսկողություն, իսկ տեխնոլոգիական գործընթացը վալիդացված է և չի ստեղծում մանրէային կոնտամինացման ռիսկ: Նպատակահարմար է տվյալ ցուցանիշի մասով պարբերական փորձարկումների անցկացումը: Գիտական հիմնավորման առկայության դեպքում (Դեղապատրաստուկի որակի մասով նորմատիվ փաստաթուղթը կազմելու մասին ուղեցույցի թիվ 1 հավելվածին համապատասխան) լուծման և ներքին ընդունման համար նախատեսված փոշիների մանրէաբանական մաքրության որոշման մասով փորձարկումները կարելի է չանցկացնել: Մանրէաբանական մաքրության ցուցանիշների վերահսկողությունն անցկացվում է Միության դեղագրքի պահանջներին համապատասխան, իսկ դրանում բացակայության դեպքում՝ անդամ պետությունների դեղագրքերին համապատասխան: Անհրաժեշտության դեպքում պետք է սահմանել ընդունելիության չափանիշներ աերոբ միկրոօրգանիզմների, սնկերի ընդհանուր քանակության, առանձին սպեցիֆիկ միկրոօրգանիզմների (օրինակ՝ Staphylococcus aureus, Escherichia coli, Salmonella spp., Pseudomonas spp.) համար: Մանրէաբանական մաքրության քանակական ցուցանիշները պետք է որոշել դեղագրքային կամ այլ վալիդացված մեթոդիկաների կիրառմամբ, իսկ ընտրանքային ներարտադրական վերահսկողության անցկացման հաճախականությունը և ժամանակը պետք է հիմնավորվեն կուտակված փորձարարական տվյալներով.
դ) հակամանրէային կոնսերվանտների պարունակության որոշման մասով փորձարկումը կատարվում է պերօրալ դեղաբուսական պատրաստուկների համար, որոնց կազմի մեջ են մտնում հակամանրէային կոնսերվանտներ: Պետք է սահմանել և հիմնավորել հակամանրէային կոնսերվանտների թույլատրելի պարունակության ընդունելիության չափանիշները՝ ելնելով պիտանիության ժամկետի ընթացքում արտադրանքի մանրէաբանական որակի պահպանումը երաշխավորող թույլատրելի սահմաններից: Անհրաժեշտ է հաստատել կոնսերվանտի նվազագույն կոնցենտրացիայի դեպքում հակամանրէային ազդեցության արդյունավետությունը: Որպես կանոն, հակամանրէային կոնսերվանտների պարունակության որոշման մասով փորձարկումներն անհրաժեշտ է անցկացնել պատրաստի արտադրանքի վերահսկողության շրջանակներում: Սակայն որոշակի հանգամանքներում բավական է ներարտադրական վերահսկողության շրջանակներում փորձարկումների անցկացումը: Եթե մանրէաբանական կոնսերվանտների պարունակության վերահսկողությունն իրականացվում է արտադրության գործընթացում, ապա ընդունելիության չափանիշները պետք է ներառվեն պատրաստի արտադրանքի մասնագրում: Հակամանրէային կոնսերվանտի արդյունավետությունն անհրաժեշտ է ապացուցել մշակման ընթացքում, մասշտաբավորման ժամանակ և պիտանիության ժամկետի ընթացքում (օրինակ՝ Բժշկական կիրառման համար նախատեսված դեղապատրաստուկների արտադրական գործընթացի վալիդացման ուղեցույցին համապատասխան՝ կայունության հետազոտությունների անցկացման շրջանակներում)՝ չնայած նրան, որ կոնսերվանտի պարունակության մասով քիմիական անալիզը սովորաբար ներառվում է մասնագրում.
ե) հակաօքսիդանտների պարունակության որոշման մասով փորձարկում. որպես կանոն, անցկացվում է պատրաստի արտադրանքի վերահսկողության շրջանակներում: Պատրաստի դեղաբուսական պատրաստուկների մշակման և կայունության ուսումնասիրության գործընթացում ստացված հիմնավորված տվյալների առկայության դեպքում փորձարկումներ պիտանիության ժամկետի ընթացքում կարելի է չանցկացնել, իսկ պատրաստի արտադրանքի վերահսկողության շրջանակներում փորձարկումների փոխարեն բավական կլինի ներարտադրական փորձարկումների անցկացումը: Եթե հակաօքսիդանտների պարունակության վերահսկողությունն իրականացվում է արտադրության գործընթացում, ապա ընդունելիության չափանիշները պետք է ներառվեն պատրաստի արտադրանքի մասնագրում: Դեղաձևի արտադրության տեխնոլոգիական գործընթացում փոփոխությունների կամ առաջնային փաթեթավորման փոփոխությունների դեպքում անհրաժեշտ է անցկացնել հակաօքսիդանտների վերահսկողության կիրառվող եղանակների կրկնակի գնահատում.
զ) մզվածքային նյութերի որոշման մասով փորձարկումներն անցկացվում են այն դեպքում, երբ առաջնային փաթեթվածքը պատրաստված է ոչ ապակե նյութերից կամ ներառում է նյութեր ոչ ապակուց (ռետինե (պոլիմերային)) խցաններ, խցարար միջադիրներ, կափարիչներ, սրվակներ և այլն): Առաջնային փաթեթվածքի բաղադրիչներն այդ դեպքում պետք է թվարկվեն, իսկ տվյալ բաղադրիչների մասով տեղեկատվությունն անհրաժեշտ է հավաքել մշակման գործընթացի ելակետային փուլում: Եթե դեղապատրաստուկի մշակման փուլում ստացված տվյալներով հաստատվում է, որ նյութերի առաջնային փաթեթվածքից լուծամզում տեղի չի ունենում, ապա բացակայում է նման վերահսկողություն անցկացնելու անհրաժեշտությունը: Առաջնային փաթեթվածքի փոփոխության դեպքում անհրաժեշտ է կրկնակի վերլուծել մզվածքային նյութերի վերահսկողության եղանակը.
է) սպիրտի պարունակության մասով փորձարկումն անցկացվում է այն դեպքում, երբ դեղապատրաստուկի մասին տեղեկատվությունում բերվում են նշումներ՝ սպիրտի պարունակության մասին.
ը) լուծման մասով փորձարկումները կատարվում են ի լրումն վերը նշված որակի ցուցանիշների, որոշ դեպքերում (օրինակ՝ երբ դեղաբուսական հումքի կամ բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) բաղադրիչները դժվարալույծ են) նպատակահարմար է ներառել մասնագրում լուծման մասով փորձարկում և ընդունելիության չափանիշներ՝ պերօրալ սուսպենզիաների և վերասուսպենզավորման համար նախատեսված չոր փոշիների համար: Սարքավորումը, լուծման միջավայրը և փորձարկումների անցկացման պայմանները հնարավորինս պետք է համապատասխանեն Միության դեղագրքի պահանջներին, իսկ դրանում բացակայության դեպքում՝ անդամ պետությունների դեղագրքերի պահանջներին: Դեղագրքային պահանջներից շեղումներն անհրաժեշտ է հիմնավորել: Դեղագրքային կամ ոչ դեղագրքային տիպի սարքերի օգտագործմամբ և պայմանների կիրառմամբ լուծման մեթոդիկաներն անհրաժեշտ է վալիդացնել: Ազատ ձերբազատմամբ պատրաստի դեղաձևերի համար, որպես կանոն, բավական է անցկացնել փորձարկումներ մեկ կետում (մեկարժեք): Կարգավորվող ձերբազատմամբ պատրաստի դեղաձևերի համար անհրաժեշտ է անցկացնել ընտրանքային վերահսկողություն մի քանի ֆիքսված կետերում (մի քանի արժեք), համապատասխան ընդմիջումներով: Ընդունելիության չափանիշներն անհրաժեշտ է սահմանել շեղումների դիտարկվող ընդգրկույթի հիման վրա՝ հաշվի առնելով in vivo ընդունելի բնութագրեր ցուցադրած սերիաների լուծման պրոֆիլները: Լուծման մասով փորձարկման կամ մասնիկների չափով բաշխման մասով փորձարկման միջև ընտրություն կատարելիս անհրաժեշտ է օգտագործել դեղաբուսական պատրաստուկի դեղագործական մշակման տվյալները: Լուծման մասով փորձարկումը կարելի է անցկացնել ինչպես ներարտադրական վերահսկողության շրջանակներում, այնպես էլ թողարկման վերահսկողության շրջանակներում՝ պայմանավորված արտադրանքի աշխատանքային բնութագրերի համար դրա կարևորությունից: Անհրաժեշտ է ներքին ընդունման համար նախատեսված պինդ դեղաձևերի լուծման մասով փորձարկման և ըստ մասնիկների չափի բաշխման մասով փորձարկման միջև ընտրության հիմնավորումը.
թ) ըստ չափի մասնիկների բաշխման մասով փորձարկումը նպատակահարմար է ներառել պերօրալ սուսպենզիաների համար նախատեսված մասնագրում: Լուծման կամ ըստ չափի մասնիկների բաշխման մասով փորձարկումների անցկացման միջև ընտրության անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել դեղաձևի մշակման գործընթացում ստացված տվյալներով: Ըստ չափի մասնիկների բաշխման մասով փորձարկումը կարելի է անցկացնել ինչպես ներարտադրական վերահսկողության շրջանակներում, այնպես էլ թողարկման վերահսկողության շրջանակներում՝ պայմանավորված արտադրանքի աշխատանքային բնութագրերի համար դրա կարևորությունից: Եթե դեղաձևի մշակման ընթացքում հաստատվել է դեղանյութի արագ ձերբազատումը, ապա ըստ չափի մասնիկների բաշխման մասով փորձարկումը մասնագրում կարելի է չներառել: Համապատասխան հիմնավորման դեպքում թույլատրվում է լուծման մասով փորձարկման փոխարեն անցկացնել ըստ չափի մասնիկների բաշխման մասով փորձարկում: Ընդունելիության չափանիշները պետք է ներառեն ըստ չափի մասնիկների թույլատրելի բաշխում (չափերի տրված ընդգրկույթում մասնիկների ընդհանուր թվի տոկոսներով) մասնիկների տարբեր չափերի միջակայքերի համար: Անհրաժեշտ է հստակ որոշել մասնիկների չափերի միջին, վերին և (կամ) ստորին սահմանները: Ըստ մասնիկների չափերի բաշխման՝ ընդունելիության չափանիշներն անհրաժեշտ է որոշել շեղումների դիտարկվող ընդգրկույթի հիման վրա՝ հաշվի առնելով ինչպես in vivo ընդունելի բնութագրեր ցուցադրած սերիաների լուծման պրոֆիլները, այնպես էլ դեղաբուսական պատրաստուկի ենթադրվող կիրառումը: Դեղաբուսական պատրաստուկի մշակման ընթացքում անհրաժեշտ է հետազոտել մասնիկների չափերի ավելացման պոտենցիալ հնարավորությունը, և հետազոտությունների տվյալների արդյունքներն անհրաժեշտ է հաշվի առնել ընդունելիության չափանիշները որոշելիս.
ժ) վերադիսպերսայնության (դիսպերսության վերականգնում) որոշման մասով փորձարկումը ներառվում է պահպանման ընթացքում նստվածքներ առաջացնող պերօրալ սուսպենզիաների համար մասնագրում և դրա համար սահմանում են վերադիսպերսայնության մասով ընդունելիության չափանիշներ: Վերադիսպերսայնության որոշման մասով փորձարկման ընդունելի տարբերակ է համարվում թափախառնման որոշման մասով փորձարկումը: Այդ դեպքում անհրաժեշտ է նշել թափախառնման մեթոդը (մեխանիկական կամ ձեռքով) և հստակ որոշել վերասուսպենզավորման ժամանակը՝ ելնելով դեղաձևի մշակման ընթացքում ստացված տվյալներից: Թույլատրվում է սերիաների ընտրանքային փորձարկումների անցկացում կամ մշակման փուլում ստացված տեղեկությունների հիման վրա մասնագրից տվյալ ցուցանիշի բացառում.
ժա) ռեոլոգիական հատկությունների (մածուցիկություն) որոշման մասով փորձարկումը նպատակահարմար է ներառել համեմատաբար մածուցիկ լուծույթների կամ սուսպենզիաների համար նախատեսված մասնագրում: Անհրաժեշտ է նշել ռեոլոգիական հատկությունների (մածուցիկության) որոշման վերլուծական մեթոդիկան և սահմանել ընդունելիության չափանիշները: Սերիայի ընտրանքային փորձարկումների հիմնավորման կամ մասնագրից տվյալ ցուցանիշը բացառելու համար բավական են մշակման ընթացքում ստացված տվյալները.
ժբ) տեսակարար քաշի (խտություն) որոշման մասով փորձարկումները նպատակահարմար է ներառել պերօրալ սուսպենզիայի, ինչպես նաև մածուցիկ կամ ոչ ջրային լուծույթների մասնագրում: Փորձարկումը թույլատրվում է անցկացնել արտադրության գործընթացում վերահսկողության շրջանակներում.
ժգ) լուծման ժամանակը ներառվում է վերականգնման (ռեկոնստիտուցիայի) համար նախատեսված չոր փոշիների համար նախատեսված մասնագրում: Լուծիչի ընտրությունը պետք է հիմնավորվի: Սերիայի ընտրանքային փորձարկումները հիմնավորելու կամ մասնագրից տվյալ ցուցանիշը բացառելու համար կարող են բավական լինեն մշակման ընթացքում ստացված տվյալները.
ժդ) խոնավության պարունակության որոշման մասով փորձարկում. նպատակահարմար է ներառել մասնագրում և սահմանել ընդունելիության չափանիշները որոշ դեպքերում լուծում պահանջող պերօրալ դեղաբուսական պատրաստուկների համար: Խոնավության պարունակության որոշման մեթոդը սահմանում են դեղաբուսական պատրաստուկի մշակման փուլում ստացված տեղեկատվության հիման վրա: Եթե տվյալ փուլում հավաստի նկարագրված է դեղաբուսական պատրաստուկի վրա կլանված խոնավության ազդեցությունը, ապա սովորաբար բավական է «Չորացման դեպքում զանգվածի կորուստ» փորձարկման անցկացումը: Կոնկրետ դեպքերում (օրինակ՝ եթերային յուղեր պարունակող պատրաստուկներում) պահանջվում է սպեցիֆիկ փորձարկման անցկացում (օրինակ՝ տիտրում՝ ըստ Կարլ Ֆիշերի մեթոդի):
Բացառապես դեղաբուսական հումք պարունակող դեղաբուսական պատրաստուկների համար փորձարկումները և ընդունելիության չափանիշները (բուսական թեյեր, հավաքույթներ)
69. Բացառապես դեղաբուսական հումք պարունակող բոլոր տեսակի դեղաբուսական պատրաստուկների մասնագրում ներառվում են հետևյալ փորձարկումները և ընդունելիության չափանիշները՝
ա) չորացման դեպքում զանգվածի կորստի որոշման մասով փորձարկումներն անհրաժեշտ է ներառել մասնագրում, եթե այդ փորձարկումը չի կատարվել դեղաբուսական հումքի վերահսկողության շրջանակներում, ինչպես նաև պայմանավորված բույսերի այն մասերից, որոնք օգտագործվել են դեղաբուսական պատրաստուկի ստացման համար.
բ) իսկության մասով փորձարկումները պետք է լինեն սպեցիֆիկ դեղաբուսական պատրաստուկի կազմում մտնող դեղաբուսական հումքի համար, հնարավորություն տան հայտնաբերելու տարբերությունը դեղաբուսական հումքի տարբեր այն բաղադրիչների և փոխնյութերի (անցանկալի խառնուկների) միջև, որոնք կարող են առկա լինել: Դրանք, որպես կանոն, անցկացվում են քրոմատագրման մեթոդի օգնությամբ: Իսկությունը հաստատելու համար նույնպես կարելի է օգտագործել միկրոսկոպիկ և մակրոսկոպիկ բնութագրերի սահմանում (համապատասխան հիմնավորման առկայության դեպքում).
գ) մաքրության որոշման մասով փորձարկումը ներառում է ուղեկցող խառնուկների և փոխնյութերի սահմանում (օրինակ, եթե դեղաբուսական հումքում հայտնի են թունավոր խառնուկներ և փոխնյութեր).
դ) զանգվածի միասեռության որոշման մասով փորձարկումները (փաթեթի միջին զանգված) (օրինակ՝ բուսական թեյի) ներառում են լցվածքի զանգվածի և (կամ) ծավալի շեղումների համար ընդունելիության սահմանում: Անհրաժեշտ է կիրառել դեղագրքային մեթոդներ: Հիմնավորման առկայության դեպքում փորձարկումները կարելի է անցկացնել ներարտադրական վերահսկողության շրջանակներում, ընդ որում, ընդունելիության չափանիշներն անհրաժեշտ է ներառել մասնագրում: Տվյալ մոտեցումը կարելի է կիրառել միադեղաչափ և բազմադեղաչափ դեղաձևերի նկատմամբ: Որպես դոզավորման միավոր ընդունում են պացիենտի կողմից ընդունվող ստանդարտ դեղաչափը: Ստուգիչ փորձարկման մեջ այս միանգամյա դեղաչափը կարելի է որոշել ուղղակի չափմամբ կամ հաշվարկել՝ ելնելով դեղաբուսական հումքի չափված ընդհանուր զանգվածից կամ ծավալից՝ բաժանած դեղաչափերի ընդհանուր սպասվող քանակի: Եթե փաթեթվածքի կազմի մեջ է մտնում դոզավորման համար նախատեսված սարք, ապա այն անհրաժեշտ է օգտագործել դեղաչափի չափման համար: Հակառակ դեպքում անհրաժեշտ է օգտագործել ծավալի ստանդարտ չափ: Դոզավորման համար օգտագործվող սարքը սովորաբար ընտրում են մշակման ընթացքում.
ե) քանակական որոշման մասով փորձարկումները կիրառվում են դեղաբուսական հումք պարունակող դեղաբուսական պատրաստուկների համար, որոնց բաղադրության մեջ են մտնում հայտնի թերապևտիկ ակտիվությամբ բաղադրիչներ. անհրաժեշտ են այդ բաղադրիչների քանակական որոշման վալիդացված և մանրամասն նկարագրված մեթոդիկաներ: Անհրաժեշտության դեպքում մասնագրում ներառում են սպեցիֆիկ մեթոդիկա, որը թույլ է տալիս որոշել դեղաբուսական պատրաստուկի մեջ դեղաբուսական հումքի կայունությունը: Ոչ սպեցիֆիկ որոշումը (դրա հիմնավորման դեպքում) անհրաժեշտ է զուգակցել համապատասխան սպեցիֆիկ փորձարկմամբ: Օրինակ՝ անտրաքինոնային շարքի գլիկոզիդների՝ սպեկտրալուսաչափական մեթոդով քանակական որոշումը կարելի է լրացնել նույնականացման (իսկության) մասով սպեցիֆիկ փորձարկմամբ (բնութագրական քրոմատագրով): Եթե դեղաբուսական պատրաստուկի կազմի մեջ մտնում է դեղաբուսական հումք, որի մասով բացակայում է թերապևտիկ ակտիվության համար պատասխանատու բաղկացուցիչ բաղադրիչների մասին տեղեկատվությունը, անհրաժեշտ է անցկացնել ակտիվ կամ վերլուծական մարկերների քանակական որոշում կամ այլ հիմնավորված փորձարկումներ: Մարկերների ընտրությունն անհրաժեշտ է հիմնավորել: Դեղաբուսական պատրաստուկների համար, որոնց կազմի մեջ մտնում է միայն դեղաբուսական հումքը՝ առանց որևէ օժանդակ նյութերի, քանակական որոշման մեթոդը կարող է ներառվել ելակետային դեղաբուսական հումքի մասնագրում: Բազմաբաղադրիչ դեղաբուսական պատրաստուկների դեպքում, երբ դեղաբուսական հումքի յուրաքանչյուր տեսակի քանակական որոշումը հնարավոր չի լինում, անհրաժեշտ է հիմնավորել, թե ինչպես է երաշխավորվում և վերահսկվում պատրաստի դեղաբուսական պատրաստուկի կազմի վերարտադրելիությունը.
զ) մասնիկների չափի որոշման մասով փորձարկումը ենթակա է արտադրողի կողմից ներառման՝ դեղաբուսական պատրաստուկների տվյալ խմբի համար նախատեսված մասնագրում.
է) մանրէաբանական մաքրության որոշման մասով փորձարկումը չի թույլատրվում անցկացնել յուրաքանչյուր սերիայի համար, եթե իրականացվում է ելակետային բաղադրիչների վերահսկողություն, իսկ տեխնոլոգիական գործընթացը վալիդացված է և չի ստեղծում մանրէային կոնտամինացման ռիսկ: Նպատակահարմար է պարբերական փորձարկումների անցկացումը: Անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է սահմանել ընդունելիության չափանիշներ՝ աերոբ միկրոօրգանիզմների, սնկերի ընդհանուր քանակության, առանձին անցանկալի բակտերիաների (օրինակ՝ Staphylococcus aureus, Escherichia coli, Salmonella spp., Pseudomonas spp.) համար: Քանակական ցուցանիշներն անհրաժեշտ է որոշել դեղագրքային կամ այլ վալիդացված մեթոդիկաների կիրառմամբ, իսկ արտադրական գործընթացում ընտրանքային վերահսկողության անցկացման ժամանակը և հաճախականությունը պետք է հիմնավորվեն կուտակված փորձարարական տվյալներով: