ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
|
15 հոկտեմբերի 2018 թվական |
քաղաք Մինսկ |
Եվրասիական տնտեսական միությանդ դատարանի մեծ կոլեգիան` հետևյալ կազմով.
Նախագահող դատավոր, դատարանի նախագահ Ժ.Ն. Բաիշևի,
զեկուցող դատավոր Է.Վ.Այրիյանի,
դատավորներ Ա.Մ. Աժիբրաիմովայի, Դ.Գ.Կոլոսի, Տ.Ն. Նեշատաևայի, Վ.Խ. Սեյտիմովայի, Գ.Ա. Սկրիպկինայի, Ա.Է. Թումանյանի, Ա.Ա. Ֆեդորցովի, Կ.Լ. Չայկայի,
դատական նիստի քարտուղար՝ Վ.Վ. Վիննիկի,
ուսումնասիրելով գործի նյութերը, լսելով զեկուցող դատավորին,
ղեկավարվելով Եվրասիական տնտեսական միության դատարանի կանոնադրության 46-րդ, 50-րդ, 68-րդ, 69-րդ, 73-րդ, 96-րդ, 98-րդ կետերով, Եվրասիական տնտեսական միության դատարանի կանոնակարգի 72-րդ, 85-րդ կետերով,
տրամադրում է հետևյալ Խորհրդատվական եզրակացությունը՝
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 25-րդ հոդվածի և «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման կարգի մասին» 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագրի դրույթների պարզաբանման մասին Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության դիմումի հիման վրա։
I. Դիմողի հարցը
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարությունը դիմել է Եվրասիական տնտեսական միության դատարան (այսուհետ՝ Դատարան) «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 25-րդ հոդվածի և «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման կարգի մասին» 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագրի (այսուհետ՝ 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագիր) դրույթների՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածքից Եվրասիական տնտեսական միության մեկ այլ անդամ պետության տարածք տարանցման կարգով երրորդ երկրների տարածքով օդային տրանսպորտով տեղափոխվելիս 10 000 (տաս հազար) ԱՄՆ դոլարի չափով կանխիկ դրամական միջոցները ֆիզիկական անձանց կողմից՝ այն դեպքում, երբ ֆիզիկական անձը գտնվել է տրանսֆերային գոտում, հայտարարագրելու հնարավորության և (կամ) անհրաժեշտության մասով կիրառումը պարզաբանելու մասին դիմումով:
Դիմումի մեջ նշվում է, որ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիր) 25-րդ հոդվածին համապատասխան, Մաքսային միության սահմաններում իրականացվում է ապրանքների ազատ տեղափոխում անդամ պետությունների տարածքներով՝ առանց մաքսային հայտարարագրման ու պետական հսկողության (տրանսպորտային, սանիտարական, անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական) կիրառման՝ բացառությամբ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով նախատեսված դեպքերի։
Եվրասիական տնտեսական համայնքի՝ պետության ղեկավարների մակարդակով Միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) 2009 թվականի նոյեմբերի 27–ի թիվ 17 որոշմամբ ընդունված «Մաքսային միության Մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի հավելված հանդիսացող Մաքսային միության Մաքսային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին կետի 35-րդ) ենթակետով (այսուհետ՝ ՄՄ ՄՕ) նախատեսված է, որ ապրանքը՝ մաքսային սահմանով տեղափոխվող ցանկացած շարժական գույք է, այդ թվում՝ տեղեկատվության կրիչները, Մաքսային միության անդամ պետությունների արժույթը, արժեթղթերը և (կամ) արժութային արժեքները, ճանապարհային չեկերը, էլեկտրական էներգիան և էներգիայի այլ տեսակներ, ինչպես նաև անշարժ գույքին հավասարեցված այլ տեղափոխվող իրեր:
Ինչպես հետևում է դիմումից, 2016 թվականի օգոստոսի 16-ին Ղազախստանի Հանրապետության քաղաքացի Մ.Ժ. Ամիրխանովը ինքնաթիռով Ալմաթի քաղաքից (Ղազախստանի Հանրապետություն) Կիև քաղաքով (Ուկրաինա) տարանցիկ թռիչքով ուղևորվել է Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)՝ ունենալով Ղազախստանի Հանրապետությունից 20 000 (քսան հազար) ԱՄՆ դոլար արտահանելու վերաբերյալ ուղևորային մաքսային հայտարարագիր (ՈւՄՀ)՝ հաստատված Ղազախստանի Հանրապետության մաքսային մարմնի կողմից:
«Մինսկ 2» (Բելառուսի Հանրապետություն) մաքսային կետում արժույթի օրինականացումը մերժել են՝ չճանաչելով ՈԻՄՀ-ի հաստատված լինելը Ղազախստանի Հանրապետության մաքսային մարմնի կողմից, նաև պահանջելով ներկայացնել Ուկրաինայից 20 000 (քսան հազար) ԱՄՆ դոլար արտահանելու վերաբերյալ հայտարարագիրը:
Ուկրաինայի մաքսային մարմնի կողմից հաստատված ՈՒՄՀ-ի բացակայության պատճառով Մ.Ժ. Ամիրխանովից բռնագրավվել է 9 300 (ինը հազար երեք հարյուր) ԱՄՆ դոլար (հաշվի առնելով Բելառուսի Հանրապետության ազգային արժույթին կատարված վերահաշվարկը), տեղի է ունեցել 700 (յոթ հարյուր) ԱՄՆ դոլարի կորուստ:
Դիմումատուն նշում է, որ Մ.Ժ. Ամիրխանովի կողմից Ուկրաինայի հայտարարագիր ներկայացնելը հնարավոր չի եղել, քանի որ նա գտնվել է «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանի տարանցիկ գոտում, որտեղ մաքսային և սահմանային հսկողություն նախատեսված չէ:
Բացի այդ՝ Մ.Ժ. Ամիրխանովը չի լքել «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանի տարանցիկ գոտին, ինչը հավաստվում է նրա անձնագրում Ուկրաինայի սահմանային ծառայության նշման բացակայությամբ, ինչպես նաև Ուկրաինայի պետական սահմանային ծառայության 2017 թվականի մայիսի 25-ի թիվ 0.64-17028/0/15- 17 պաշտոնական նամակով՝ նշված անձի կողմից 2016 թվականի օգոստոսի 16-ին Ուկրաինայի պետական սահմանը հատելու վերաբերյալ տեղեկությունների բացակայության մասին:
Դիմումի մեջ նշվում է, որ Բելառուսի Հանրապետության Գերագույն դատարանի կողմից՝ Բելառուսի Հանրապետության Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 14.5-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, ինչպես նաև «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման կարգի մասին» 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագրի հիման վրա, Մ.Ժ. Ամիրխանովը ճանաչվել է մեղավոր:
Դիմումատուի կարծիքով, 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան, ֆիզիկական անձի կողմից կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք իրականացվում է առանց սահմանափակումների հետևյալ կարգով՝
10,000 (տաս հազար) ԱՄՆ դոլարին համարժեք գումարին հավասար կամ դրա չափը չգերազանցող ընդհանուր գումարով կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի միանվագ ներմուծման դեպքում նշված դրամական միջոցները և (կամ) ճանապարհային չեկերը ենթակա չեն գրավոր մաքսային հայտարարագրման.
10,000 (տաս հազար) ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափը գերազանցող ընդհանուր գումարով կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի միանվագ ներմուծման դեպքում նշված դրամական միջոցները և (կամ) ճանապարհային չեկերը ենթակա են գրավոր մաքսային հայտարարագրման՝ ներմուծվող կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի ամբողջ գումարի մասով ուղևորային մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով:
Ընդ որում, 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագրով, դրամական միջոցների տեղափոխումը Միության անդամ պետությունների տարածքներով կանոնակարգված չէ: Դիմումատուն նշում է, որ այսպիսով Միության անդամ պետությունների տարածքներով դրամական միջոցների տեղափոխումը ֆիզիկական անձանց կողմից իրականացվում է առանց սահմանափակումների և առանց մաքսային հայտարարագրման:
Դիմումատուն խնդրում է Դատարանին պարզաբանել 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 25-րդ հոդվածի և 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագրի դրույթների կիրառումը՝ Միության անդամ պետության տարածքից Միության մեկ այլ անդամ պետության տարածք տարանցման կարգով երրորդ երկրների տարածքով օդային տրանսպորտով տեղափոխվելիս 10 000 (տաս հազար) ԱՄՆ դոլարի չափով կանխիկ դրամական միջոցները ֆիզիկական անձանց կողմից հայտարարագրելու հնարավորության և (կամ) անհրաժեշտության մասով՝ այն դեպքում, երբ ֆիզիկական անձը գտնվել է տրանսֆերային գոտում:
2018 թվականի մայիսի 14-ի Դատարանի մեծ կոլեգիայի որոշմամբ` Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության դիմումն ընդունվել է վարույթ:
II. Ընթացակարգը Դատարանում
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 2-րդ հավելված հանդիսացող՝ Եվրասիական տնտեսական միության Դատարանի կանոնադրության (այսուհետ՝ Դատարանի կանոնադրություն) 68-րդ կետի համաձայն՝ պարզաբանման վերաբերյալ գործերի քննության կարգը սահմանվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 101 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի կանոնակարգով (այսուհետ՝ Դատարանի կանոնակարգ):
Պարզաբանման վերաբերյալ գործերի դատավարությունն իրականացվում է Դատարանի կանոնակարգի VIII գլխի դրույթներին համապատասխան:
Դատարանի կանոնադրության 73-րդ կետով նախատեսվում է, որ դատարանը պարզաբանման վերաբերյալ գործերը քննում է Դատարանի մեծ կոլեգիայի նիստերի ժամանակ։ Պարզաբանման վերաբերյալ գործը Դատարանի կանոնակարգի 75-րդ հոդվածի կարգով քննությանը նախապատրաստելու շրջանակներում հարցումներ են ուղարկվել Եվրասիական տնտեսական հանձնաժողով, Բելառուսի Հանրապետության Գերագույն դատարան, Միության անդամ պետությունների մաքսային մարմիններ, Համաշխարհային մաքսային կազմակերպություն։
Միության դատարանը Բելառուսի Հանրապետության Գերագույն դատարանից ստացել է Բելառուսի Հանրապետության դատական մարմինների ակտերի պատճենները՝ քաղաքացի Մ.Ժ.Ամիրխանովի վարչական իրավախախտման գործով, ինչպես նաև պատասխաններ Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեից, Ռուսաստանի Դաշնության Դաշնային մաքսային ծառայությունից, Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեից, Ղազախստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության Պետական եկամուտների կոմիտեից, Եվրասիական տնտեսական հանձնաժողովից:
III. Դատարանի իրավասությունը
1. Դատարանի կանոնադրության 46-րդ կետին համապատասխան, Դատարանը՝ Միության անդամ պետության կամ Միության մարմնի դիմումի հիման վրա իրականացնում է 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, Միության շրջանակներում միջազգային պայմանագրերի դրույթների և Միության մարմինների որոշումների պարզաբանում:
Դատարանի մեծ կոլեգիան համարում է, որ ելնելով Դատարանի կանոնադրության նշված նորմի բովանդակությունից և Ղազախստանի Հանրապետության Ազգային էկոնոմիկայի նախարարության դիմումից, պարզաբանման առարկա են 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 25-րդ հոդվածի և 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագրի դրույթները, վերջինիս՝ Միության շրջանակներում որպես միջազգային պայմանագիր գործողության ժամանակաշրջանում, Միության անդամ պետության տարածքից Միության մեկ այլ անդամ պետության տարածք տարանցման կարգով երրորդ երկրների տարածքով օդային տրանսպորտով տեղափոխվելիս 10 000 (տաս հազար) ԱՄՆ դոլարի չափով կանխիկ դրամական միջոցները ֆիզիկական անձանց կողմից հայտարարագրելու հնարավորության և (կամ) անհրաժեշտության իրավական կարգավորման մասով՝ այն դեպքում, երբ ֆիզիկական անձը գտնվել է տրանսֆերային գոտում:
Սույն Խորհրդատվական եզրակացության առարկա չեն դիմումի մեջ նշված կոնկրետ ֆիզիկական անձի իրավահարաբերությունները Միության անդամ պետությունների և երրորդ երկրների իշխանության մարմինների հետ:
IV. Դատարանի եզրահանգումները
2. Դատարանի մեծ կոլեգիան՝ ղեկավարվելով 1969 թվականի մայիսի 23-ի Վիեննայի կոնվենցիայի 31-րդ հոդվածով սահմանված միջազգային պայմանագրերի մեկնաբանության ընդհանուր կանոնով, փաստում է հետևյալը՝
2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 25-րդ հոդվածի դրույթների պարզաբանման մասով Դատարանի մեծ կոլեգիան տրամադրում է դիմումի ձևակերպման նկատմամբ կիրառելի և Պայմանագրի 25-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի դրույթների նորմատիվ կարգավորման սահմաններում Խորհրդատվական եզրակացություն՝ կապված այն հանգամանքի հետ, որ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 25-րդ հոդվածի 1-ին կետի 1–3-րդ ենթակետերի և 2-րդ կետի դրույթները չեն կարգավորում Միության անդամ պետության տարածքից Միության մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվելիս ֆիզիկական անձանց կողմից կանխիկ դրամական միջոցների հայտարարագրման կարգն ու կանոնները:
Ելնելով դիմումի ձևակերպումից՝ Դատարանի մեծ կոլեգիան համարում է, որ պարզաբանումը կապված է ֆիզիկական անձի կողմից օդային տրանսպորտով կանխիկ դրամական միջոցները Մաքսային միության մաքսային տարածք/տարածքից փաստացի ներմուծելու/արտահանելու և տվյալ անձի՝ Միության անդամ չհանդիսացող պետության միջազգային օդանավակայանի տարանցիկ գոտում գտնվելու միջև կապի առկայության կամ բացակայության (կանխիկ դրամական միջոցների պարտադիր մաքսային հայտարարագրման նպատակներով) վերաբերյալ հարցի՝ Դատարանի կողմից ուսումնասիրությամբ:
2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 25-րդ հոդվածը, որով կանոնակարգվում են Մաքսային միության գործունեության սկզբունքները, ընդգրկվել է տվյալ Պայմանագրի «Մաքսային միության գործունեություն» VI բաժնում և հարաբերակցվում է 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 2-րդ հոդվածի 15-րդ պարբերության և 3-րդ հոդվածի 6-րդ պարբերության նորմերի հետ: Նշված դրույթների համաձայն՝ Մաքսային միությունը անդամ պետությունների առևտրատնտեսական ինտեգրման ձևն է, որով նախատեսվում է միասնական մաքսային տարածք: Եվրասիական տնտեսական միության հիմնական սկզբունքներից մեկը անցումային ժամանակահատվածների ավարտից հետո Մաքսային միության գործունեությունն է՝ առանց բացառումների և սահմանափակումների:
Մաքսային միության շրջանակներում ՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 25-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի դրույթներին համապատասխան, սահմանված է միասնական մաքսային կարգավորում և ապրանքների ազատ տեղափոխում անդամ պետությունների տարածքներով՝ առանց մաքսային հայտարարագրման ու պետական հսկողության (տրանսպորտային, սանիտարական, անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական) կիրառման՝ բացառությամբ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով նախատեսված դեպքերի։
Տվյալ նորմի հետ թղթակցում են ՄՄ ՄՕ 1-ին գլխի 1-2-րդ հոդվածների դրույթները, որոնք ենթակա են ուսումնասիրության՝ պարզաբանման առարկա հանդիսացող միջազգային պայմանագրերի դրույթների հետ փոխկապված:
ՄՄ ՄՕ 2-րդ հոդվածի դրույթների ուժով Մաքսային միության միասնական մաքսային տարածք են կազմում անդամ պետությունների տարածքները, ինչպես նաև այդ տարածքների սահմաններից դուրս գտնվող արհեստական կղզիները, կայանքները, կառույցները և այլ օբյեկտներ, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններն ունեն բացառիկ իրավազորություն:
Մաքսային միության մաքսային տարածքի սահմանագծերը կազմում են Մաքսային միության մաքսային սահմանը։ Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան՝ մաքսային սահման կարող են լինել Մաքսային միության անդամ պետությունների տարածքներում գտնվող առանձին տարածքների սահմանները։
Մի շարք դեպքերում մաքսային սահմանը համընկնում է անդամ պետություններից մեկի պետական սահմանի հետ:
Ինչպես և պետական սահմանը, մաքսային սահմանով նշվում են միասնական մաքսային տարածքի տարածքային սահմանները, որոնցից դուրս գործում են ապրանքները դրանց տարածք/տարածքից ներմուծման/արտահանման մասով այլ միջազգային պայմանագրերով և երրորդ երկրների օրենսդրությամբ սահմանված կանոնները:
3. 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 25-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված՝ անդամ պետությունների տարածքներով ապրանքների ազատ տեղափոխման սկզբունքը ներառում է ապրանքների մաքսային հայտարարագրում և պետական հսկողություն չկիրառելու իմպերատիվ պայմանը՝ բացառությամբ տվյալ Պայմանագրով նախատեսված դեպքերի:
Հաշվի առնելով, որ ՄՄ ՄՕ-ի 4-րդ հոդվածի 1-ին կետի 35-րդ ենթակետի նորմին համապատասխան՝ այլնի հետ մեկտեղ, ապրանքների թվին են դասվում նաև անդամ պետությունների արժույթը, արժեթղթերը և (կամ) արժութային արժեքները, ճանապարհային չեկերը, և նշված սկզբունքը տարածվում է նաև վերջիններիս վրա:
2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 25-րդ հոդվածի դրույթի պարզաբանման նպատակների համար էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ նշված նորմը կիրառվում է՝ պայմանով, որ ապրանքների, այդ թվում՝ արժույթի, արժութային արժեքների ազատ տեղափոխումն իրականացվում է անմիջապես անդամ պետությունների տարածքներով:
Դատարանի մեծ կոլեգիան փաստում է, որ արժույթի, արժութային արժեքների, դրամական միջոցների՝ Միության մաքսային տարածքի սահմաններում ազատ տեղափոխման իրավական կարգավորումն իրականացվում է միջազգային իրավական մակարդակով՝ համապատասխան միջազգային պայմանագրերի ընդունմամբ:
Պարզաբանվող նորմերին վերաբերվող՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 25-րդ հոդվածի 1-ին կետի 4-5-րդ ենթակետերի դրույթների՝ դրանց նշանակությանը համապատասխան, դրանց համատեքստում, ինչպես նաև Պայմանագրի օբյեկտի և նպատակների, ՄՄ ՄՕ-ի լույսի ներքո փոխկապված ընթերցումը թույլ է տալիս ձևակերպել հետևյալ եզրահանգումը.
Ֆիզիկական անձանց կողմից կանխիկ դրամական միջոցների՝ անդամ պետությունների տարածքներով տեղափոխման ժամանակ բացառվում է դրանց մաքսային հայտարարագրման պարտականությունը՝ հետևյալ պայմանների պահպանման դեպքում.
կանխիկ դրաման միջոցների տեղափոխումն իրականացվում է Միության անդամ պետությունների տարածքներով՝ Միության միասնական մաքսային տարածքի սահմաններում.
կանխիկ դրաման միջոցների տեղափոխումը Միության անդամ պետությունների տարածքներով՝ օդային, ջրային տրանսպորտով, իրականացվում է Միության անդամ չհանդիսացող երկրի տարածքով՝ տարանցման կարգով, առանց կանգառի (վայրէջքի, նստափոխման), նավի մուտք գործելու երրորդ պետության նավահանգիստ:
Ընդ որում, կանխիկ դրաման միջոցների տեղափոխումն օդային կամ ջրային տրանսպորտով Միության երկու անդամ պետություններով՝ առանց երրորդ երկրում կանգառ կատարելու, ՄՄ ՄՕ-ի «Անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները» 49-րդ գլխի դրույթների և «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով ընդունված՝ Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ ԵԱՏՄ ՄՕ) համապատասխան դրույթների իմաստով՝ Միության մաքսային տարածքից արտահանում և տվյալ տարածք ներմուծում չէ:
Այն դեպքում, երբ տեղի է ունենում կանխիկ դրամական միջոցների ներմուծում/արտահանում ֆիզիկական անձի կողմից, որն ուղևորվել է Միության անդամ պետությունից Միության մեկ այլ անդամ պետություն (անդամ պետություններ), սակայն կատարել է կանգառ երրորդ պետության միջազգային օդանավակայանի տարանցիկ, տրանսֆերային գոտում, 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 25-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի նորմը նշված անձի նկատմամբ ենթակա չէ կիրառման հետևյալ հիմքերով՝
ՄՄ ՄՕ-ի 1-ին գլխի 4-րդ հոդվածի 3–4-րդ և 22-րդ կետերին համապատասխան՝
ապրանքների ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք՝ մաքսային սահմանն անցնելու հետ կապված գործողությունների իրականացումն է, որոնց արդյունքում ապրանքները Մաքսային միության մաքսային տարածք են ժամանել ցանկացած միջոցով՝ ներառյալ միջազգային փոստային առաքանիներով առաքման, խողովակաշարային տրանսպորտի և էլեկտրահաղորդման գծերի օգտագործմամբ փոխադրումների միջոցով՝ մինչև մաքսային մարմինների կողմից դրանց բացթողումը.
Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների արտահանումը՝ Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների արտահանմանն ուղղված գործողությունների իրականացումն է ցանկացած միջոցով, այդ թվում՝ միջազգային փոստային առաքանիներով առաքման, խողովակաշարային տրանսպորտի և էլեկտրահաղորդման գծերի օգտագործմամբ փոխադրումների միջոցով՝ մինչև մաքսային սահմանը փաստացի անցնելը.
մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը՝ Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ներմուծումը կամ Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների արտահանումն է:
Դատարանի մեծ կոլեգիան համարում է, որ ապրանքներ կամ կանխիկ դրամական միջոցներ ունեցող ֆիզիկական անձի կողմից Մաքսային միության մաքսային սահմանի փաստացի հատումը նշանակում է դրանց արտահանում կամ ներմուծում և բացառում է 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 25-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի նորմի գործողությունը:
Ընդ որում, ՄՄ ՄՕ-ի 355-րդ հոդվածի 1-ին կետի, 2-րդ կետի 5-րդ ենթակետի, 3-րդ կետի համաձայն, անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվել է ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով անցնելիս՝ ապրանքները մաքսային մարմնին միաժամանակյա ներկայացմամբ:
Գրավոր մաքսային հայտարարագրման ենթակա էին Մաքսային միության անդամ պետությունների արժույթը, արժեթղթերը և (կամ) արժութային արժեքները, ճանապարհային չեկերը՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ և (կամ) միջազգային պայմանագրով սահմանված դեպքերում:
Անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվել է գրավոր՝ օգտագործելով ուղևորային մաքսային հայտարարագիր: Ուղևորային մաքսային հայտարարագրի ձևը, այն լրացնելու, ներկայացնելու և գրանցելու կարգը սահմանված են Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ։ Նույնանման նորմեր առկա են ԵԱՏՄ ՄՕ-ի 260-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետում, 3-րդ կետում:
Դիմումի մեջ շարադրված գործի հանգամանքների առնչությամբ, Դատարանի մեծ կոլեգիան փաստում է, որ ֆիզիկական անձի կողմից երկու անգամ կատարվել է Մաքսային միության մաքսային սահմանի փաստացի հատում՝ կանխիկ դրամական միջոցների տեղափոխմամբ: Համապատասխանաբար, տեղի է ունեցել ֆիզիկական անձի փաստացի ելք ԵԱՏՄ անդամ պետությունից ԵԱՏՄ մեկ այլ անդամ պետություն՝ երրորդ երկրի օդանավակայանի տարանցիկ գոտիով, անկախ այն հանգամանքից, որ երրորդ պետության միջազգային օդանավակայանի տարանցիկ, տրանսֆերային գոտում գտնվելու ժամանակահատվածում այդ անձի նկատմամբ չեն իրականացվել մաքսային և սահմանային հսկողության ընթացակարգեր:
Նշված հանգամանքները բացառում են 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 25-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի գործողությունը, որով սահմանվում է ապրանքների (ներառյալ կանխիկ դրամական միջոցների) ազատ տեղափոխումն անդամ պետությունների տարածքներով՝ առանց մաքսային հայտարարագրում կիրառելու:
4. Հաշվի առնելով, որ դիմումատուի կողմից ձևակերպվել է 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագրի դրույթների պարզաբանման հարցը, Դատարանի մեծ կոլեգիայի կողմից ուսումնասիրվել են տվյալ Պայմանագրի դրույթները՝ ՄՄ ՄՕ-ի համապատասխան դրույթների հետ փոխկապված:
2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագրով սահմանվել է ֆիզիկական անձանց կողմից կանխիկ դրամական միջոցների և(կամ) դրամական գործիքների տեղափոխման կարգն ու դրա կիրառման պայմանները՝ ներառյալ տվյալ Պայմանագրի 3-րդ հոդվածի 1-ին կետի երրորդ պարբերության և 4-րդ հոդվածի 1-ին կետի երրորդ պարբերության դրույթներով սահմանված՝ պարտադիր մաքսային հայտարարագրում իրականացնելու համար ընդհանուր դրամական գումարի «շեմային» չափորոշիչը՝
10,000 (տաս հազար) ԱՄՆ դոլարին համարժեք գումարը գերազանցող ընդհանուր գումարի չափով՝ միանվագ ներմուծման դեպքում,
10,000 (տաս հազար) ԱՄՆ դոլարին համարժեք գումարը գերազանցող ընդհանուր գումարի չափով՝ միանվագ արտահանման դեպքում:
Ընդ որում, 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագրի 3-րդ հոդվածի 3-րդ կետին և 4-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, ֆիզիկական անձի կողմից դրամական գործիքների, բացառությամբ ճանապարհային չեկերի, արտահանումը և ներմուծումն իրականացվել են ուղևորային մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով՝ գրավոր մաքսային հայտարարագրում իրականացնելու պայմանով:
Դատարանի մեծ կոլեգիան համարում է, որ 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագրի դրույթները չեն տարածվել ֆիզիկական անձանց կողմից Միության անդամ պետությունների տարածքներով՝ առանց նրանց կողմից Մաքսային միության մաքսային սահմանը հատելու, կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման հետ կապված իրավահարաբերությունների վրա:
Կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական չեկերի պարտադիր հայտարարագրման համար (2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագրի 4-րդ հոդվածի 1-ին կետի երրորդ պարբերությամբ և 3-րդ հոդվածի 1-ին կետի երրորդ պարբերությամբ սահմանված չափորոշիչների առկայության դեպքում) նշանակություն ունի անձի կողմից Մաքսային միության մաքսային սահմանի փաստացի հատումը՝ Միության անդամ պետությունից Միության մեկ այլ անդամ պետություն մեկնելիս (ներառյալ օդային տրանսպորտը)` ներառյալ երրորդ պետությունների միջազգային օդանավակայանների տրանսֆերային գոտիներում կանգառը:
5. Դատարանի մեծ կոլեգիան նշում է, որ «ներմուծում» և «արտահանում» եզրույթների սահմանումները պարունակում են ՄՄ ՄՕ-ի 1-ին գլխի 4-րդ հոդվածի 3– 4-րդ և 22-րդ կետերի դրույթները:
ՄՄ ՄՕ-ի 357-րդ հոդվածին համապատասխան՝ Մաքսային միության մաքսային տարածք ժամանման կամ այդ տարածքից մեկնման վայրերում անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրում կատարելու նպատակով կարող էր կիրառվել երկուղի համակարգը, որի կիրառմամբ նախատեսվում է մաքսային սահմանով ուղևորվող ֆիզիկական անձի կողմից անձնական օգտագործման ապրանքների գրավոր մաքսային հայտարարագրում իրականացնելու և մաքսային գործառնություններ իրականացնելու համար համապատասխան ուղու («Կանաչ» կամ «Կարմիր») ինքնուրույն ընտրության կատարումը:
«Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման և դրանց բացթողնման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրի (ուժը կորցրել է 2018 թվականի մարտի 19-ին, այսուհետ՝ 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիր) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Մաքսային միության մաքսային տարածք ժամանման կամ այդ տարածքից մեկնման վայրերում (այսուհետ՝ ժամանման կամ մեկնման վայր) կարող է կիրառվել երկուղի համակարգը։
«Կանաչ» ուղին ժամանման կամ մեկնման վայրերում հատուկ նշված վայր է, որը նախատեսված է ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով ուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման այնպիսի ապրանքների տեղափոխման համար, որոնք ենթակա չեն մաքսային հայտարարագրման՝ այդպիսի անձանց մոտ չուղեկցվող ուղեբեռի միաժամանակյա բացակայության դեպքում։
«Կարմիր» ուղին ժամանման կամ մեկնման վայրերում հատուկ նշված վայր է, որը նախատեսված է ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով ուղեկցվող ուղեբեռով այնպիսի ապրանքներ տեղափոխելու համար, որոնք ենթակա են մաքսային հայտարարագրման, ինչպես նաև այնպիսի ապրանքներ, որոնց նկատմամբ իրականացվում է հայտարարագրում՝ ըստ ֆիզիկական անձի ցանկության։
Նշված միջազգային պայմանագրի 8-րդ հոդվածի ուժով՝ անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով ուղևորվելու ժամանակ՝ ապրանքները մաքսային մարմին ներկայացնելու հետ միաժամանակ. անձնական օգտագործման ապրանքների՝ բացառությամբ միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող և «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի տակ գտնվող ապրանքների, հայտարարագրումն իրականացվում է գրավոր՝ ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ։
ՄՄ ՄՕ-ի 357-րդ հոդվածի համաձայն` Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ներսբերման վայրերում և այդ տարածքից դուրսհանման վայրերում երկուղանի համակարգը հարմարություններով ապահովելուն ներկայացվող պահանջները սահմանվում էին Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ (ԵՏՀ):
Նշված պահանջները հաստատված են Մաքսային միության Հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի «Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայրերում և այդ տարածքից մեկնման վայրերում երկուղի համակարգը հարմարություններով ապահովելու նկատմամբ կիրառվող պահանջների մասին» թիվ 259 որոշմամբ:
ՄՄ ՄՕ-ի և 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրի դրույթներից հետևում է, որ ֆիզիկական անձի կողմից «կանաչ» կամ «կարմիր» ուղիով տեղափոխումը նրա կողմից Մաքսային միության մաքսային սահմանի հատում է, ինչը բացառում է նման անձի նկատմամբ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 25-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի կիրառումը, որը կիրառվում է միայն այն դեպքերում, եթե ապրանքը, կանխիկ դրամական միջոցները և (կամ) ճանապարհային չեկերը չեն լքում Մաքսային միության մաքսային տարածքը:
Ֆիզիկական անձի մոտ 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափը գերազանցող ընդհանուր գումարով կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի առկայության դեպքում, նման անձը, չնայած «ուղու» ինքնուրույն ընտրության իր իրավունքի առկայության, բացասական իրավական հետևանքների առաջացումից խուսափելու նպատակով պետք է հատի մաքսային սահմանը «կարմիր» ուղիով, իսկ նշված դրամական միջոցները և (կամ) ճանապարհային չեկերը ենթակա են գրավոր մաքսային հայտարարագրման՝ ներմուծվող/արտահանվող կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի ամբողջ գումարի համար ուղևորային մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով:
Այսպիսով, ՄՄ ՄՕ-ի 357-րդ հոդվածին համապատասխան՝ ֆիզիկական անձի կողմից Մաքսային միության մաքսային սահմանի մեկնման կետի հատումը, 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափը գերազանցող ընդհանուր գումարով կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի նրա կողմից գրավոր հայտարարագրումը՝ երրորդ երկիր արտահանելու նպատակով, ֆիզիկական անձի կողմից՝ Մաքսային միության մաքսային տարածքից դուրս կանխիկ դրամական միջոցների արտահանման իրավաբանական փաստ է նշանակում:
Ֆիզիկական անձի գտնվելը երրորդ պետության միջազգային օդանավակայանի տարանցիկ, տրանսֆերային գոտում հաստատում է անձի՝ Մաքսային միության միասնական տարածքից դուրս գտնվելու փաստը:
Հաշվի առնելով շարադրվածը և հայտատուի հարցի շրջանակներում՝ Դատարանի մեծ կոլեգիան գալիս է հետևյալ եզրահանգման.
Ֆիզիկական անձանց կողմից Միության անդամ պետության տարածքից Միության մեկ այլ անդամ պետության տարածք երրորդ պետությունների միջազգային օդանավակայանների տարանցիկ, տրանսֆերային գոտիներով օդային տրանսպորտով 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը գերազանցող ընդհանուր գումարով կանխիկ դրամական միջոցներ և (կամ) ճանապարհային չեկեր տեղափոխելիս՝ ենթակա էր կիրառման 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագրի 3-րդ հոդվածի 1-ին կետի երրորդ պարբերության դրույթը, որով սահմանվում է 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափը գերազանցող ընդհանուր գումարով կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի միանվագ ներմուծման դեպքում կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի հայտարարագրում իրականացնելու պարտականությունը, կամ 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագրի 4-րդ հոդվածի 1-ին կետի երրորդ պարբերության դրույթը, որով սահմանվում է 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափը գերազանցող ընդհանուր գումարով կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի միանվագ արտահանման դեպքում կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի հայտարարագրում իրականացնելու ֆիզիկական անձանց պարտականությունը:
6. Դատարանի մեծ կոլեգիան նշում է, որ 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագրի գործողության ընթացքում, Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ ուսումնասիրել է նշված Պայմանագրում փոփոխություններ կատարելու հնարավորությունը՝ անդամ պետության տարածքից մեկ այլ անդամ պետության տարածք տարանցման կարգով երրորդ երկրների տարածքով օդային տրանսպորտով 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը գերազանցող ընդհանուր գումարով կանխիկ դրամական միջոցներ և (կամ) ճանապարհային չեկեր տեղափոխելիս ֆիզիկական անձանց կողմից պարտադիր մաքսային հայտարարագրում իրականացնելու մասով՝ այն դեպքում, երբ ֆիզիկական անձը գտնվել է երրորդ պետության օդանավակայանի տրանսֆերային (տարանցման) գոտում: Նշված կատեգորիայի ֆիզիկական անձանց նկատմամբ մաքսային հայտարարագրում իրականացնելու ընթացակարգերի փոփոխությանն ուղղված՝ Հանձնաժողովի կողմից առաջարկված միջոցների նորմատիվ ամրագրում չգտնվեց:
7. Դատարանի մեծ կոլեգիան անհրաժեշտ է համարում նշել հետևյալը.
2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագրի (ներկայումս՝ ԵԱՏՄ ՄՕ 260-րդ հոդվածի) դրույթները համապատասխանել են կանխիկ դրամական միջոցների և ճանապարհային չեկերի տեղափոխման կարգի կարգավորման մասով ձևավորված միջազգային փորձին:
2000 թվականի նոյեմբերի 15-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 55-րդ նստաշրջանի 62-րդ լիագումար նիստի ժամանակ 55/25 Բանաձևով ընդունված՝ «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիայի» (այսուհետ՝ 2000 թվականի նոյեմբերի 15-ի Կոնվենցիա), և «Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական գործողությունների հանձնախմբի (ՖԱՏՖ) հանձնարարականների»՝ 2012 թվականի փետրվարի 15-ին հաստատված տարբերակի (այսուհետ՝ ՖԱՏՖ հանձնարարականներ) դրույթներում ամրագրված են կանխիկ դրամական միջոցների շարժի մոնիթորինգի՝ ավելորդ արգելքները միաժամանակյա վերացնելուն, ընթացակարգերի արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված նորմերը:
ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից՝ ՖԱՏՖ հանձնարարականներում պարունակվող միջազգային ստանդարտների պահպանման անհրաժեշտությունն ընդգրկված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 2005 թվականի հուլիսի 29-ի 5244-րդ նիստին ընդունված 1617 (2005) Բանաձևի 7-րդ կետում:
ՖԱՏՖ թիվ 32 հանձնարարականին համապատասխան՝ երկրներում պետք է առկա լինեն կանխիկ դրամական միջոցների և ըստ ներկայացնողի՝ շրջանառու գործիքների ֆիզիկական անդրսահմանային տեղափոխման բացահայտմանն ուղղված միջոցներ, այդ թվում՝ հայտարարագրման համակարգի և(կամ) իրազեկման համակարգի միջոցով: Պետությունները պետք է ապահովեն արդյունավետ, համաչափ և զսպողական պատժամիջոցներ այն անձանց նկատմամբ, որոնք իրականացնում են ոչ հավաստի հայտարարագրում կամ իրազեկում:
Նշված միջազգային իրավական մեխանիզմների իրագործումը կանոնակարգվել է 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագրի 6-րդ հոդվածի առաջին պարբերության նորմով (ներկայումս՝ ԵԱՏՄ ՄՕ-ի 260-րդ հոդվածի 17-րդ կետի առաջին պարբերության նորմով)՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու նպատակով ֆիզիկական անձանց կողմից գրավոր հայտարարագրման ենթակա կանխիկ դրամական միջոցներ և(կամ) դրամական գործիքներ տեղափոխելու դեպքում ուղևորային մաքսային հայտարարագրի մեջ պարտադիր տեղեկություններ նշելու մասին: 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագրի 6-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դրանց թվում ընդգրկված են կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների աղբյուրի, դրանց սեփականատերերի (հայտարարատուի սեփականությունը չհանդիսացող կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման դեպքերում), ինչպես նաև ենթադրվող օգտագործման մասին տվյալները:
ՄՄ ՄՕ 6–րդ հոդվածի 1–ին կետի 7–րդ ենթակետին համապատասխան՝ մաքսային մարմինների հիմնական խնդիրներից էր մաքսային սահմանով Մաքսային միության անդամ պետությունների արժույթի, արժեթղթերի և (կամ) արժութային արժեքների, ճանապարհային չեկերի տեղափոխման նկատմամբ հսկողության իրականացման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման դեմ հակազդման միջոցների ապահովումը։
Նույնանման նորմ ընդգրկված է 2017 թվականի ապրիլի 11-ի ԵԱՏՄ ՄՕ-ի 351-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետում, ինչը ցույց է տալիս կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման միջազգային իրավական կարգավորման հարցում Միության անդամ պետությունների հետևողականությունը:
2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագրի, ՄՄ ՄՕ-ի, ԵԱՏՄ ՄՕ-ի դրույթների վերլուծությունը թույլ է տալիս կատարել եզրահանգում, որ Միության` իրավունքով սահմանված ֆիզիկական անձանց կողմից կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման կարգը համապատասխանում է միջազգային ստանդարտներին:
2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագրի դրույթներով սահմանվել է Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցներ և ճանապարհային չեկեր տեղափոխող ֆիզիկական անձանց իրավունքների և պարտականությունների պարիտետը: Դատարանի մեծ կոլեգիան նշում է, որ կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի տեղափոխման կարգի խախտումներ հայտնաբերելիս՝ անձին վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցի լուծման ժամանակ անհրաժեշտ է պահպանել պատժամիջոցների համամասնության սկզբունքը:
8. Դատարանի մեծ կոլեգիան նշում է, որ 2018 թվականի հունվարի 1-ից՝ ԵԱՏՄ ՄՕ-ն ուժի մեջ մտնելու օրվանից՝ Միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցները տեղափոխելու կարգը և կանոնները կարգավորվում են ԵԱՏՄ ՄՕ-ի 37-րդ գլխի՝ «Անձնական օգտագործման ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխելու կարգի և պայմանների առանձնահատկությունները» 260-րդ հոդվածի դրույթներով:
ԵԱՏՄ ՄՕ-ի 260-րդ հոդվածի նորմով սահմանված՝ նման միջոցների մաքսային հայտարարագրում իրականացնելու պարտականության առաջացման համար իրավական հիմք հանդիսացող չափորոշիչները նույնական են 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագրով ավելի վաղ կանոնակարգված չափորոշիչներին:
ԵԱՏՄ ՄՕ-ի 260-րդ հոդվածի 1-ին կետի 7-8-րդ ենթակետերին համապատասխան, մաքսային հայտարարագրման ենթակա են՝
կանխիկ դրամական միջոցները և (կամ) ճանապարհային չեկերը, եթե Միության մաքսային տարածք միանվագ ներմուծման կամ Միության մաքսային տարածքից միանվագ արտահանման ժամանակ այդ կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի ընդհանուր գումարը գերազանցում է ուղևորային մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին ներկայացնելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը.
դրամական գործիքները՝ բացառությամբ ճանապարհային չեկերի:
ԵԱՏՄ ՄՕ-ի 260-րդ հոդվածով սահմանված՝ կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի հայտարարագրման պարտականությունը տարածվում է նաև այն ֆիզիկական անձանց վրա, որոնք Միության անդամ պետություններով՝ երրորդ պետությունների տարածքներով, տեղափոխում են կանխիկ դրամական միջոցները և (կամ) ճանապարհային չեկերը, այն դեպքերում, երբ տեղի է ունեցել Միության մաքսային սահմանի հատում, այդ թվում՝ այն դեպքում, երբ ֆիզիկական անձինք տարանցման կարգով ուղևորվում են երրորդ պետությունների միջազգային օդանավակայանների տրանսֆերային գոտիներով:
V. Եզրափակիչ դրույթներ
9. Սույն Խորհրդատվական եզրակացության պատճենն ուղարկել դիմողին:
10. Խորհրդատվական եզրակացությունը տեղադրել Դատարանի պաշտոնական ինտերնետային կայքում:
|
Նախագահող` |
Ժ.Ն. Բաիշև |
|
Զեկուցող դատավոր՝ |
Է.Վ. Հայրիյան |
|
Դատավորներ՝ |
Ա.Մ. Աժիբրաիմովա |
|
Դ.Գ. Կոլոս | |
|
Տ.Ն. Նեշատաևա | |
|
Վ.Խ. Սեյտիմովա | |
|
Գ.Ա. Սկրիպկինա | |
|
Ա.Է. Թումանյան | |
|
Ա.Ա. Ֆեդորցով | |
|
Կ.Լ. Չայկա |