ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
23 հունվարի 2018 թվականի |
թիվ 11 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՈՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԵՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՎ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում այն արտադրանքի շրջանառության կարգի և անվտանգության ապահովման կանոնների մասին համաձայնագրի նախագծի վերաբերյալ, որին ներկայացվող պահանջները սահմանված չեն Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » ի 20 թ. |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում այն արտադրանքի շրջանառության կարգի և անվտանգության ապահովման կանոնների մասին համաձայնագրի նախագծի վերաբերյալ, որին ներկայացվող պահանջները սահմանված չեն Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում այն արտադրանքի շրջանառության կարգի և անվտանգության ապահովման կանոնների մասին համաձայնագրի նախագծին, որին ներկայացվող պահանջները սահմանված չեն Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով (կցվում է), և ուղարկել այն Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական ընթացակարգեր անցկացնելու համար։
2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 180 օրացուցային օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել սույն կարգադրության 1-ին կետում նշված Համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
|
Ի. Շուվալով |
Նախագիծ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում այն արտադրանքի շրջանառության կարգի և անվտանգության ապահովման կանոնների մասին, որին ներկայացվող պահանջները սահմանված չեն Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) դրույթների վրա,
ելնելով Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում անվտանգ արտադրանքի արտադրությունն ու շրջանառությունն ապահովելու անհրաժեշտությունից,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
1. Սույն համաձայնագրով սահմանվում են Միության շրջանակներում այն արտադրանքի շրջանառության կարգը և անվտանգության ապահովման կանոնները, որն ընդգրկված չէ այն արտադրանքի միասնական ցանկում (այսուհետ՝ միասնական ցանկ), որի նկատմամբ Միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ, ինչպես նաև՝ այն արտադրանքի շրջանառության կարգը և անվտանգության ապահովման կանոնները, որն ընդգրկված է միասնական ցանկում, որի մասով, սակայն, Միության տեխնիկական կանոնակարգեր չեն ընդունվել կամ ուժի մեջ չեն մտել՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված արտադրանքի։
2. Սույն համաձայնագրի դրույթները չեն կիրառվում ստորև նշվածների առնչությամբ՝
ա) պետական պաշտպանության պատվերով մատակարարվող պաշտպանական արտադրանք (աշխատանքներ, ծառայություններ), պետական գաղտնիք (գաղտնիքներ) կազմող կամ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պահպանվող՝ սահմանափակ հասանելիություն ունեցող այլ տեղեկատվության շարքին դասվող տեղեկությունների պաշտպանության նպատակներով օգտագործվող արտադրանք (աշխատանքներ, ծառայություններ), արտադրանք (աշխատանքներ, ծառայություններ), որի վերաբերյալ տեղեկությունները պետական գաղտնիք (գաղտնիքներ) են կազմում, արտադրանք (աշխատանքներ, ծառայություններ) և օբյեկտներ, որոնց համար սահմանվում են ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում անվտանգության ապահովման հետ կապված պահանջներ, ինչպես նաև նշված արտադրանքի և օբյեկտների նախագծման (ներառյալ հետազննությունը), արտադրման, կառուցման, մոնտաժման, կարգաբերման, շահագործման, պահպանման, փոխադրման, իրացման, ուտիլիզացման, թաղման գործընթացները,
բ) օգտագործված արտադրանք,
գ) դեղամիջոցներ,
դ) բժշկական արտադրատեսակներ (բժշկական նշանակության արտադրատեսակներ և բժշկական տեխնիկա)։
3. Սույն համաձայնագիրը չի տարածվում սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման հետ կապված իրավահարաբերությունների վրա։
Հոդված 2
Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
անվտանգ արտադրանք՝ արտադրանք, որը շահագործման (օգտագործման, կիրառման) պայմանները կատարելու դեպքում՝ հաշվի առնելով դրա բնութագրերն ու սպառողական հատկությունները (ներառյալ՝ բաղադրությունը, պիտանիության ժամկետը (ծառայության ժամկետը), ինչպես նաև՝ մոնտաժման, կարգաբերման, շահագործման, պահպանման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման պայմանի անհրաժեշտության, այդ թվում՝ սպասարկման անհրաժեշտության դեպքում), ռիսկ չի պարունակում.
արտադրանքի շրջանառությունից հանում՝ միջոցառում, որն ուղղված է վտանգավոր արտադրանքի՝ Միության շրջանակներում շրջանառության մեջ դնելուն և դրա շրջանառությունը կանխելուն.
մականշվածք՝ նշանների, պայմանանշանների, գրառումների, նկարների և այլ նշագրումների ձևով տեղեկատվություն, որը զետեղվում է արտադրանքի, փաթեթվածքի, մանեկապիտակի, պիտակի, ներդիր թերթիկի կամ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված՝ փաթեթվածքին ամրացված, դրա մեջ տեղադրված կամ դրան կցվող տեղեկակրի այլ տեսակի վրա, և որը նախատեսված է արտադրանքի նույնականացումն ապահովելու ու դրա բաղադրության, սպառողական հատկությունների և շահագործման (օգտագործման, կիրառման) վերաբերյալ հրահանգների մասին ձեռք բերողին (սպառողին) տեղեկացնելու համար.
արտադրանքի շրջանառություն՝ արտադրանքի մատակարարումից կամ ներմուծումից հետո (այդ թվում՝ արտադրողի պահեստից արտադրանքն ուղարկելուց կամ առանց պահեստավորման բեռն առաքելուց հետո) արտադրողից ձեռք բերողին (սպառողին) դրա շարժի գործընթացները՝ անդամ պետությունների տարածքում առևտրային գործունեության ընթացքում անհատույց կամ հատուցելի հիմքով տարածելու նպատակով.
վտանգավոր արտադրանք՝ արտադրանք, որը շահագործման (օգտագործման, կիրառման) պայմանները կատարելու դեպքում՝ հաշվի առնելով դրա բնութագրերն ու սպառողական հատկությունները (այդ թվում՝ բաղադրությունը, պիտանիության ժամկետը (ծառայության ժամկետը), ինչպես նաև՝ մոնտաժման, կարգաբերման, շահագործման, պահպանման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման պայմանի անհրաժեշտության, այդ թվում՝ սպասարկման անհրաժեշտության դեպքում), ռիսկ է պարունակում.
արտադրանքի հետկանչ՝ միջոցառում, որն ուղղված է Միության շրջանակներում շրջանառության մեջ դրված և շրջանառվող վտանգավոր արտադրանքի, ինչպես նաև՝ ձեռք բերողին (սպառողին) իրացված վտանգավոր արտադրանքի վերադարձին (այդ թվում՝ ժամանակավոր վերադարձին).
սպառող՝ ֆիզիկական անձ, որը մտադիր է արտադրանքը պատվիրել (ձեռք բերել) կամ այն պատվիրում է (ձեռք է բերում, օգտագործում է) ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հետ առնչություն չունեցող՝ բացառապես անձնական (կենցաղային) կարիքների համար.
ձեռք բերող՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, այդ թվում՝ սպառողը, որը մտադիր է արտադրանքը պատվիրել (ձեռք բերել) կամ այն պատվիրում է (ձեռք է բերում, օգտագործում է) ցանկացած օրինական նպատակով օգտագործելու համար:
Սույն համաձայնագրում գործածվող մյուս հասկացությունները կիրառվում են Պայմանագրով սահմանված իմաստներով։
Հոդված 3
1. Սույն համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետում նշված արտադրանքի անվտանգությունն ապահովվում է իրավաբանական անձանց կամ որպես անհատ ձեռնարկատերեր գրանցված ֆիզիկական անձանց, նրանց լիազորված ներկայացուցիչների, այդ թվում՝ արտադրողների, արտադրողների կողմից լիազորված անձանց ու արտադրանքի արտադրությունը և (կամ) իրացումն իրականացնող ներմուծողների և վաճառողների կողմից՝ արտադրանքի կենսական պարբերաշրջանի բոլոր փուլերում (նախագծման (ներառյալ՝ հետազննությունը), արտադրման, կառուցման, մոնտաժման, կարգաբերման, շահագործման, պահպանման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման ժամանակ)՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով սույն համաձայնագիրը։
2. Վտանգավոր արտադրանքը Միության շրջանակներում շրջանառության մեջ դնելու և դրա շրջանառության համար պատասխանատվությունը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
Հոդված 4
1. Սույն համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետում նշված արտադրանքի մշակման (նախագծման) դեպքում պետք է կիրառվեն տեխնիկական այնպիսի լուծումներ, որոնք թույլ են տալիս սահմանել արտադրանքի անվտանգությունն ապահովող հատկությունները (ցուցանիշները, բնութագրերը)։ Անհրաժեշտության դեպքում պետք է նախատեսվեն հնարավոր ռիսկերից պաշտպանություն ապահովող անվտանգության համակարգեր (տարրեր), և (կամ) պետք է ներկայացվի արտադրանքի շահագործման (օգտագործման, կիրառման) անվտանգ պայմանների վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ առանձնապես խոցելի սպառողների առանձին կատեգորիաների համար, որոնց համար կարող են ռիսկեր առաջանալ դրա շահագործման (օգտագործման, կիրառման) դեպքում։
2. Սույն համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետում նշված արտադրանքի արտադրության դեպքում պետք է ապահովվի անվտանգության հատկությունների (ցուցանիշների, բնութագրերի) կայունությունը՝ այդ արտադրանքի մշակման (նախագծման) ժամանակ սահմանված մակարդակով։
3. Սույն համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետում նշված արտադրանքի՝ Միության շրջանակներում շրջանառության դեպքում պետք է ապահովվի արտադրանքի անվտանգության հատկությունների (ցուցանիշների, բնութագրերի) պահպանումը՝ այդ արտադրանքի մշակման (նախագծման) և արտադրման ժամանակ սահմանված մակարդակով։
Հոդված 5
1. Միասնական ցանկում չընդգրկված արտադրանքի, ինչպես նաև միասնական ցանկում ընդգրկված այն արտադրանքի անվտանգությունն ապահովելու նպատակով, որի նկատմամբ, սակայն, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ անվտանգության պարտադիր պահանջներ սահմանված չեն, արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը) պետք է հիմք ընդունի՝
ա) արտադրանքի բնութագրերը (ներառյալ դրա բաղադրությունը) հաշվի առնելու անհրաժեշտությունը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները, դրա շահագործման (օգտագործման, կիրառման) հրահանգի (ձեռնարկի) և, անհրաժեշտության դեպքում, դրա մոնտաժման, գործարկման, կարգավորման և փորձարարական գործարկման հրահանգի առկայությունը.
բ) տվյալ արտադրանքն այլ արտադրանքի հետ համատեղ օգտագործելու հնարավորության մասին տեղեկատվության կամ հիմնավորված ենթադրությունների առկայության դեպքում՝ այլ արտադրանքի վրա տվյալ արտադրանքի ազդեցության մասին տեղեկությունները.
գ) ձեռք բերողին (սպառողին) արտադրանքի և դրա մակնշման մասին տեղեկատվություն, ինչպես նաև դրա շահագործման (օգտագործման, կիրառման), ուտիլիզացման վերաբերյալ հրահանգ (ձեռնարկ) և (կամ) այլ ցուցումներ տրամադրելու, այդ թվում՝ տվյալ արտադրանքի վերաբերյալ այլ տեղեկատվություն տրամադրելու անհրաժեշտությունը (ներառյալ առանձին դեպքերում պիտանիության ժամկետում (ծառայության ժամկետում) դրա օգտագործման վերաբերյալ հրահանգները և (կամ) սահմանափակումները), ինչպես նաև հնարավոր այն ռիսկերի վերաբերյալ տեղեկատվությունը, որոնք կարող են առաջանալ արտադրանքի մոնտաժի, կարգաբերման, շահագործման (օգտագործման, կիրառման) հետևանքով.
դ) արտադրանքը ոչ ըստ նշանակության կիրառելու հնարավորության մասին հիմնավորված ենթադրությունները, եթե այդ կիրառումը կարող է ռիսկային լինել.
ե) սպառողների առանձին կատեգորիաների (անչափահասների, հղի կանանց, կերակրող մայրերի, հաշմանդամների) կողմից արտադրանքի շահագործման (օգտագործման, կիրառման) մասին տեղեկատվություն տրամադրելու անհրաժեշտությունը:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված արտադրանքն արտադրելիս արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը) պետք է կիրառի այնպիսի տեխնիկա և տեխնոլոգիաներ, որոնց մակարդակն ապահովում է այդ արտադրանքի անվտանգությունը, դրա համապատասխանությունը մականշվածքում ներկայացված հատկություններին և արտադրողի կողմից ձեռք բերողին (սպառողին) տրամադրված հիմնական սպառողական հատկությունների և արտադրանքի անվտանգության վերաբերյալ տեղեկություններին (արտադրողի կողմից սահմանված՝ արտադրանքի պիտանիության ժամկետի (ծառայության ժամկետի) ընթացքում արտադրողի կողմից սահմանված շահագործման (օգտագործման, կիրառման) վերաբերյալ հրահանգները (ցուցումները) և (կամ) սահմանափակումները պահպանելու պայմանով)։
3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված արտադրանքի արտադրության ժամանակ արտադրողի կողմից կամավոր հիմունքով անդամ պետությունների այն միջպետական ստանդարտների և (կամ) ազգային (պետական) ստանդարտների կիրառումը, որոնց գործողությունը տարածվում է նշված արտադրանքի վրա, սույն հոդվածի 2-րդ կետում նշված պահանջները պահպանելու և արտադրանքի անվտանգությունն ապահովելու համար բավարար պայման է:
Անդամ պետությունների այն միջպետական ստանդարտները և (կամ) ազգային (պետական) ստանդարտները չկիրառելը, որոնց գործողությունը տարածվում է այդ արտադրանքի վրա, չի կարող դիտարկվել որպես սույն հոդվածի 2-րդ կետում նշված պահանջների չկատարում, և չի կարող արտադրանքը որպես վտանգավոր դիտարկելու նախապայման լինել:
4. Սույն հոդվածի 1-ին կետում նշված արտադրանքի շահագործման (օգտագործման, կիրառման) անվտանգությունն ապահովելու, դա պահպանելու, փոխադրելու և ուտիլիզացնելու նպատակներով վաճառողը (ներմուծողը) պարտավոր է պահպանել արտադրողի կողմից սահմանված պայմանները և պարտավոր է ձեռք բերողին (սպառողին) տեղեկացնել դրանց մասին, այդ թվում՝ արտադրանքի ուղեկցող փաստաթղթերում՝ դրա մականշվածքում դրանք ներառելու միջոցով կամ այլ եղանակով։
Հոդված 6
1. Միասնական ցանկում ընդգրկված այն արտադրանքի անվտանգությունն ապահովելու նպատակներով, որի մասով Միության տեխնիկական կանոնակարգեր չեն ընդունվել կամ ուժի մեջ չեն մտել, անդամ պետություններն իրենց օրենսդրության մեջ կարող են արտադրանքը շրջանառության մեջ դնելու կանոններ և անվտանգության պարտադիր պահանջներ սահմանել:
Այն արտադրանքը, որի նկատմամբ, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, գործում են անվտանգության պարտադիր պահանջներ, համարվում է անվտանգ՝ նշված պահանջներին դրա համապատասխանության պայմանով։
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված արտադրանքի նկատմամբ անվտանգության պարտադիր պահանջների, նշված պահանջներին այդ արտադրանքի համապատասխանությունը գնահատելու ձևերի մասին, ինչպես նաև այդ արտադրանքի համապատասխանության գնահատում իրականացնող մարմինների մասին տեղեկությունները (նշելով այդ արտադրանքի անվանումները և անվտանգության պարտադիր պահանջներ սահմանող փաստաթղթերը) անդամ պետությունների կողմից ուղարկվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողով։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ապահովում է Միության պաշտոնական կայքում նշված տեղեկությունների տեղադրումը:
3. Անդամ պետությունները միմյանց և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնում են միասնական ցանկում ընդգրկված այն արտադրանքի համար շրջանառության մեջ դնելու կանոններ և անվտանգության պարտադիր պահանջներ սահմանելու մասին, որի մասով Միության տեխնիկական կանոնակարգեր չեն ընդունվել կամ ուժի մեջ չեն մտել՝ոչ ուշ, քան նշված նորմերն ուժի մեջ մտնելու օրվանից 180 օրացուցային օր առաջ։
Հոդված 7
1. Միասնական ցանկում չընդգրկված արտադրանքի, ինչպես նաև միասնական ցանկում ընդգրկված այն արտադրանքի անվտանգությունն ապահովելու նպատակով, որի մասով, սակայն, Միության տեխնիկական կանոնակարգեր չեն ընդունվել կամ ուժի մեջ չեն մտել և, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, անվտանգության պարտադիր պահանջներ չեն սահմանվել, վտանգավոր արտադրանքի հայտնաբերման դեպքում անդամ պետություններն իրենց օրենսդրությանը համապատասխան իրականացնում են հսկողություն (վերահսկողություն), ինչպես նաև ձեռնարկում են միջոցներ՝ դրա շրջանառության հետ կապված վնաս հասցնելը կանխելու (այդ թվում՝ վտանգավոր արտադրանքը շրջանառությունից հանելու և հետ կանչելու) մասով։
2. Սույն համաձայնագրի իրագործման նպատակով անդամ պետությունները, իրենց օրենսդրությանը համապատասխան, ապահովում են արտադրանքի անվտանգության դիտանցում անցկացնելը, այդ թվում՝ իրականացնում են վտանգավոր արտադրանքի շրջանառության հետ կապված՝ վնաս հասցնելու հայտնաբերված դեպքերի և մարդու կյանքի և (կամ) առողջության, գույքի, շրջակա միջավայրի, կենդանիների ու բույսերի կյանքի և (կամ) առողջության վրա բացասաբար անդրադառնալու և (կամ) դրանց վնաս հասցնելու ռիսկի աստիճանի վերաբերյալ տեղեկատվության հավաքումն ու վերլուծությունը։
Վտանգավոր արտադրանքի շրջանառության հետ կապված՝ վնաս հասցնելու և (կամ) մարդու կյանքի և (կամ) առողջության, գույքի, շրջակա միջավայրի, կենդանիների ու բույսերի կյանքի և (կամ) առողջության վրա բացասաբար անդրադառնալու հայտնաբերված դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը ենթակա է տեղադրման Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներում ։
Տեղեկատվությունը ներկայացնելու, հավաքելու, ամփոփելու և Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներում դրա տեղադրման կարգը սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից։
Հոդված 8
Անդամ պետությունների միջև սույն համաձայնագրի կիրառման և (կամ) մեկնաբանման հետ կապված վեճերը կարգավորվում են Պայմանագրով սահմանված կարգով։
Հոդված 9
1. Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Միության իրավունքի մաս է կազմում։
2. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարված լինելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
3. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ՝ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և սույն համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում։
Կատարված է ___________ քաղաքում 2018 թվականի ___________ ____-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն։
Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը՝ որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետության կուղարկի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի Հանրապետության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության |
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ |