ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
19 սեպտեմբերի 2017 թվականի |
թիվ 129 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՄԱՐՈԿԿՈՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մարոկկոյի Թագավորության կառավարության միջև համագործակցության հուշագրի նախագծին (կից ներկայացվում է):
Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ Ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով անդամ (նախարար) Տ.Դ. Վալովայային ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով դրա ստորագրման մասին բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Նախագիծ
ՀՈՒՇԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մարոկկոյի Թագավորության կառավարության միջև համագործակցության մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Մարոկկոյի Թագավորության կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,
հիմնվելով հավասարության, թափանցիկության, բարեխղճության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա,
ընդունելով Կողմերի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ու Մարոկկոյի Թագավորության միջև փոխշահավետ տնտեսական համագործակցություն ապահովելու և առևտրի ընդլայնմանն ու բազմազանեցմանն աջակցություն ցուցաբերելու նպատակով երկխոսություն ստեղծելու ձգտումը,
հաստատելով հավատարմությունը միջազգային իրավունքի, Միավորված ազգերի կազմակերպության և Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնադրության սկզբունքներին,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթների վրա,
համաձայնեցին հետևյալի մասին՝
1. Սույն հուշագրի շրջանակներում Կողմերի համագործակցության նպատակն է աջակցություն ցուցաբերել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Մարոկկոյի Թագավորության միջև բազմակողմանի փոխգործակցության զարգացմանը՝ փոխադարձ առևտրի և ներդրումների ծավալների ավելացման, առևտրի զարգացմանը և ներդրումների ներգրավմանը խոչընդոտող արգելքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով ավելի սերտ համագործակցության համար։
2. Կողմերն իրենց իրավասության շրջանակներում մտադիր են համագործակցել հետևյալ ուղղություններով՝
տարածաշրջանային տնտեսական ինտեգրում,
առևտրային քաղաքականություն,
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ու Մարոկկոյի Թագավորությունում տնտեսական զարգացման և մակրոտնտեսական վիճակի վերլուծություն,
մաքսային կարգավորում,
տեխնիկական կանոնակարգում,
սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառում,
ֆինանսական շուկաներ,
տրանսպորտ,
էներգետիկ քաղաքականություն,
ագրոարդյունաբերական համալիր,
մրցակցային քաղաքականություն և հակամենաշնորհային կարգավորում,
արդյունաբերություն,
մտավոր սեփականություն,
սպառողների իրավունքների պաշտպանություն,
ծառայությունների առևտուր և ներդրումներ,
ձեռնարկատիրության զարգացում,
տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ և թվային տնտեսություն,
պետական գնումներ,
աշխատանքային միգրացիա,
փոխադարձ հետաքրքրություն ներկայացող այլ տնտեսական ուղղություններ։
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համատեղ իրավասության մեջ մտնող ոլորտներում համագործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության շահագրգիռ անդամ պետությունների հետ համաձայնեցմամբ։
3. Սույն հուշագրի կիրարկման նպատակներով՝ փոխգործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մարոկկոյի Թագավորության կառավարության միջև Կողմերի ներկայացուցիչներից ձևավորվող՝ փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի շրջանակներում (այսուհետ՝ աշխատանքային խումբ): Աշխատանքային խմբի գործունեության ղեկավարումն իրականացվում է 2 համանախագահների կողմից, որոնցից յուրաքանչյուրը նշանակվում է համապատասխան Կողմի կողմից։
Աշխատանքային խմբի նիստերին հրավիրվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմինների ներկայացուցիչները։
Աշխատանքային խմբի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության։
Աշխատանքային խմբի նիստերի անցկացման օրը և վայրը, աշխատանքային խմբի կազմը և նիստերի օրակարգը համատեղ սահմանվում են աշխատանքային խմբի համանախագահների կողմից։ Աշխատանքային խմբի նիստերի արդյունքները ձևակերպում են արձանագրություններով, որոնք ստորագրվում են համանախագահների կողմից։
Աշխատանքային խմբի նիստերի անցկացման կազմակերպական և տեխնիկական ապահովումն իրականացնում է ընդունող Կողմը:
4. Սույն հուշագրի կիրարկման շրջանակներում համագործակցությունն իրականացվում է հետևյալ եղանակներով՝
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փորձի և տեղեկատվության փոխանակում.
առևտրային խոչընդոտների բացահայտման, դրանց հաղթահարման հետ կապված հարցերի և առևտրատնտեսական վեճերի կարգավորման (միջնորդ-հաշտարարության) հետ կապված հարցերի մասով փորձի փոխանակում.
տնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակում.
Կողմերի ներկայացուցիչների հանդիպումների անցկացում.
համաժողովների, ֆորումների, տոնավաճառների, ցուցահանդեսների, խորհրդակցությունների և կլոր սեղանների անցկացման համատեղ նախապատրաստում ու կազմակերպում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Մարոկկոյի Թագավորության գործարար համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ.
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ վերլուծական նյութերի և զեկույցների նախապատրաստում։
5. Կողմերն իրենց իրավասության շրջանակներում կարող են մշակել համագործակցության պլաններ ու ծրագրեր։
6. Սույն հուշագրով չի ենթադրվում այն տեղեկատվության փոխանակումը, որի հասանելիությունը սահմանափակված է՝ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը և Մարոկկոյի Թագավորության օրենսդրությանը համապատասխան։
7. Սույն հուշագրի շրջանակներում ստացված տեղեկատվությունը Կողմերը պետք է օգտագործեն միայն սույն հուշագրի կիրարկման նպատակով, և չպետք է այն հաղորդեն երրորդ կողմին առանց այդ տեղեկատվությունը տրամադրած Կողմի գրավոր համաձայնության։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին է տրամադրում Մարոկկոյի Կողմի ներկայացուցչից ստացված տեղեկատվությունն առանց վերջինիս գրավոր համաձայնության։
8. Սույն հուշագրի կիրարկմանը և կիրառմանը վերաբերող հարցերը պետք է կարգավորվեն Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
9. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ, չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ և Կողմերի վրա ֆինանսական պարտավորություններ չի դնում։
10. Սույն հուշագիրը կիրառվում է այն ստորագրելու օրվանից։
11. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառումը՝ մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Կողմի կողմից այդպիսի ծանուցում ստանալու օրվանից։ Սույն հուշագրի կիրառման դադարեցումը չի ազդում դրա կիրառման ժամանակ սկսած միջոցառումներն ու նախագծերն ավարտին հասցնելու վրա։
Ստորագրված է ________ քաղաքում, 20___ թվականի __________ «_____» -ին, երկու օրինակից, յուրաքանչյուրը՝ ռուսերենով, արաբերենով և անգլերենով: Տարընթերցվածքների դեպքում օգտագործվում է անգլերեն տեքստը։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ |
Մարոկկոյի Թագավորության կառավարության կողմից՝ |