ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան,նախագահող դատավոր Վ. Գրիգորյան |
ԵԴ/1284/01/21 |
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
|||||||||
|
| |||||||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Լ . Թադևոսյանի | ||
|
|
|
Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
27 հունիսի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Գրիգոր Արտավազդի Մուրադխանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 21-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2020 թվականի դեկտեմբերի 27-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 60134920 քրեական գործը։
Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի սեպտեմբերի 14-ի որոշմամբ Գրիգոր Արտավազդի Մուրադխանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ու նրան մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով։
2021 թվականի սեպտեմբերի 27-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի օգոստոսի 2-ի դատավճռով Գրիգոր Մուրադխանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով 1 (մեկ) տարի ժամկետով:
3․ Դատախազի և մեղադրյալի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի փետրվարի 21-ին որոշում է կայացրել դատախազի բողոքը մերժելու, մեղադրյալի բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 2-ի դատավճիռը փոփոխելու մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա, մեղադրյալ Գ․Մուրադխանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ու սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա, ու միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն։
Մասնավորապես, բողոք բերած անձը գտել է, որ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանը Վճռաբեկ դատարանի վերաբերելի նախադեպային իրավունքի լույսի ներքո պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել մեղադրյալ Գ․Մուրադխանյանի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության վրա ազդող ստորև նշված գործոնները:
Այսպես` պատշաճ իրավական գնահատականի չի արժանացել մեղադրյալի կողմից բնակավայրում սահմանված արագությունը գերազանցող՝ շուրջ 70-80 կիլոմետր ժամում արագությամբ տրանսպորտային միջոց վարելը, ինչի հետևանքով վրաերթի է ենթարկել երկու անչափահաս երեխայի՝ իննամյա Ա․Առաքելյանին և անզգուշությամբ նրան պատճառել մահ, ու Ն․Առաքելյանին, ում առողջությանը պատճառվել է քրեաիրավական հետևանք չառաջացնող թեթև աստիճանի մարմնական վնասվածք։ Այս համատեքստում բողոքաբերը փաստարկել է, որ եթե մեղադրյալը տրանսպորտային միջոցը վարեր բնակավայրում սահմանված թույլատրելի արագությամբ՝ 60 կիլոմետր ժամում, ապա բարձր կլիներ հավանականությունն առ այն, որ տրանսպորտային միջոցը չէր դառնա անկառավարելի, չէր բախվի բետոնե կառուցվածքին և հետնամասով վրաերթի չէր ենթարկի մանկահասակ երեխաներին։ Նշվածի հաշվառմամբ, բողոք բերած անձը գտել է, որ մեղադրյալի կողմից թույլ է տրվել ճանապարհային երթևեկության կանոնների առավել կոպիտ խախտում, ինչը, կոնկրետ իրադրությունում, ավելի հավանական է դարձրել ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հնարավորությունը։
Միաժամանակ, մեղադրյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանի հաշվի առնված հանգամանքները, ըստ բողոքի հեղինակի՝ չեն կարող ողջամտորեն նվազեցնել մեղադրյալ Գ․Մուրադխանյանի կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանալ։ Այս համատեքստում բողոք բերած անձը նշել է, որ քննության սկզբնական փուլում մեղադրյալը տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք՝ այդ կերպ փորձելով շեղել քննության ուղղությունը, ուստի, ինքնախոստովանական ցուցմունք տալը և հանցագործությունը բացահայտելուն աջակցելը որպես պատասխանատվությունն ու պատիժ մեղմացնող հանգամանք դիտարկելը հիմնավորված չէ։
Արդյունքում բողոքի հեղինակը եզրահանգել է, որ սույն գործի փաստական հանգամանքների համակցությունը վկայում են առանց պատիժը փաստացի կրելու պատժի նպատակներին հասնելու անհնարինության մասին։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 26-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի օգոստոսի 2-ի դատավճռին։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Գրիգոր Մուրադխանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ նա․ «[Ու]նենալով «B/C» կարգի վարորդական վկայական, գտնվելով սթափ վիճակում, իր տիրապետման տակ գտնվող «Օպել» մակնիշի 36 UA 662 հաշվառման համարանիշի ավտոմեքենան առանց ուղևորների և բեռի 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, վարել է Երևան քաղաքի վարչական շրջանում, «Հյուսիս-հարավ» նորակառույց ճանապարհով Եղվարդ քաղաքի կողմից, դեպի Երևան քաղաք տանող ուղեմասով, մոտ 70-80 կմ/ժ արագությամբ, ճանապարհի կենտրոնական հատվածով: Նշված ուղղությամբ և արագությամբ ընթանալով, հասնելով Երևան քաղաքի Շահումյան թաղամասի 16-րդ փողոցի 162-րդ հասցեի շրջակայքին՝ թույլ է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված «Ճանապարհային երթևեկության կանոնների» 66-րդ կետի պահանջին հակասող գործողություններ, այն է՝ իրականացնելով իր վարած ավտոմեքենայի ոչ պատշաճ և վտանգավոր կառավարում, առկա ճանապարհային պայմաններում նախապես չընտրելով երթևեկության համապատասխան անվտանգ ու սահուն ռեժիմ, որի արդյունքում ավտոմեքենան դարձել է անկառավարելի՝ դեպի ձախ կորությամբ դուրս է եկել երթևեկելի մասից, աջ կողմով բախվել է իր ընթացքի ուղղությամբ ձախ կողմում ձյունածածկ տարածքում առկա բետոնե կառուցվածքի, որից հետո պտտվելով՝ հետնամասով վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Շահումյան թաղամասի 16-րդ փողոցի 162-րդ հասցեի դիմաց կանգնած Ա․Առաքելյանին և անզգուշությամբ նրան պատճառել է մահ՝ ինքն իրեն զրկելով վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորությունից»1։
8․ Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն՝ «(…) [Վ]րաերթի պատճառը եղել է Գ․Մուրադխանյանի կողմից թույլ տված իրավախախտումները, մասնավորապես՝ Գ.Մուրադխանյանը կատարել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված «Ճանապարհային երթևեկության կանոնների» 66-րդ կետի պահանջին հակասող գործողություններ, որպիսի պայմաններում վերջինս զրկել է իրեն վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորությունից: Մասնավորապես՝ դեպքի օրը, եղանակային ցածր ջերմաստիճանային, ինչպես նաև ճանապարհահատվածի ոչ լիարժեք շահագործման ենթակա պայմաններում Գ.Մուրադխանյանը երթևեկել է 70-80կմ/ժ արագությամբ, ինչը և հիմք է հանդիսացել մեքենայի կողմից կառավարումը կորցնելու համար: Տվյալ դեպքում Գ.Մուրադխանյանը չի ընտրել երթևեկության համապատասխան անվտանգ ու սահուն ռեժիմ և դրանով պայմանավորված ինքն իրեն զրկել է վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորությունից:
(…)
Ամբաստանյալ Գ․Մուրադխանյանի պատիժն ու պատասխանատվությունը որպես մեղմացնող հանգամանք [Առաջին ատյանի] դատարանն արձանագրում է, որ Գ․Մուրադխանյանը նախաքննության ընթացքում տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, աջակցել է վարույթն իրականացնող մարմնին, փոխհատուցել է պատճառված նյութական վնասը, ինչպես նաև դրսևորել է այնպիսի վարքագիծ, որ տուժողի իրավահաջորդը հայտնել է, որ նրա դեմ բողոք չունի:
[Առաջին ատյանի դ]ատարանը որպես ամբաստանյալի պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք չի արձանագրում:
Ուսումնասիրելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, (…) [Առաջին ատյանի դ]ատարանը հաշվի է առնում (…) այն, որ նա սույն արարքը կատարելուց առաջ կատարված որևէ արարքի համար դատապարտված չի եղել:
(…) [Առաջին ատյանի դ]ատարանը գտնում է, որ Գ.Մուրադխանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկում նշանակելով հնարավոր է հասնել պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնման, պատժի ենթարկված անձին ուղղելու, ինչպես նաև հանցագործութունները կանխելու իրագործմանը»2։
9․ Վերաքննիչ դատարանը, մեղադրյալ Գ.Մուրադխանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու իր եզրահանգումը պատճառաբանել է հետևյալ կերպ․ «(…) [Վ]երաքննիչ դատարան է ստացվել տուժողի իրավահաջորդ Ն․Առաքելյանի դիմումը, որը նա հաստատեց [Վ]երաքննիչ դատարանում և որում մասնավորապես նշել է հետևյալը.
«(…) Ես դատարանին հայտնել եմ, որ Գ․Մուրադխանյանի նկատմամբ բողոք նյութական պահանջ չունեմ, խնդրել եմ նրա նկատմամբ մեղմ վերաբերվել։ [Առաջին ատյանի դ]ատարանը Գ․Մուրադխանյանի նկատմամբ պատիժ է նշանակել մեկ տարի ժամկետով ազատազրկում։ Ինձ համար հասկանալի է օրենքի պահանջը, սակայն որպես անչափահաս որդուն կորցրած մայր խնդրում եմ Գ․Մուրադխանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել։ Ես նրա նկատմամբ նման դիրքորոշում ունեմ ոչ թե այն բանի համար, որ նա նյութապես կանգնած է եղել ու այժմ էլ կանգնած է իմ ընտանիքի կողմը։ Այդ ընթացքում այնքան ենք մտերմացել, որ ես նոր ցավ կապրեմ, որ նման երիտասարդը կալանավորվի։ Խնդրում եմ ընդունել իմ խնդրանքը և Գ․Մուրադխանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել։ (…)»:
Վերոգրյալի համատեքստում հաշվի առնելով Գ․Մուրադխանյանի անձը բնութագրող տվյալները, հանցանքը կատարելուց հետո նրա դրսևորած վարքագիծը, տուժողի իրավահաջորդի դիրքորոշումը, ելնելով նաև պատժի ինքնանպատակության բացառման պահանջից, ինչպես նաև հաշվի առնելով հետևանքի առաջացման կոնկրետ փաստական հանգամանքները, այն է՝ ավտոմեքենան պտույտ կատարելով, որոշակի տարածություն անցնելով նոր միայն հայտնվել է երթևեկության հակառակ մայթեզրին, որտեղ կանգնած են եղել երեխաները, որոնք էականորեն նվազեցնում են ինչպես արարքի, այնպես էլ մեղադրյալի անձի հանրորեն վտանգավորության աստիճանը, [Վ]երաքննիչ դատարանը հանգում է այն համոզման, որ տվյալ պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանն ու մեղադրյալի ուղղմանը, և պատժի մյուս նպատակը` հանցագործությունների կանխումը, գործի փաստական հանգամանքները հաշվի առնելով, նույնպես իրագործվում է, (…)»3:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10․ Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք մեղադրյալ Գ.Մուրադխանյանի կողմից կատարված հանցանքի համար ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանի հետևությունը:
11․ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված հանցանք կատարած անձանց նկատմամբ կիրառման ենթակա քրեաիրավական ներգործության միջոցի համաչափությունն ապահովելու առումով, ի թիվս այլնի, համարժեք իրավական գնահատական պետք է ստանան․
ա) հանցագործության կատարման եղանակը և հանգամանքները, հանցագործության կատարման մեջ ամբաստանյալի մեղավորության աստիճանը, հանցանքը կատարելուն նպաստող պայմանները,
բ) ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը,
գ) ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը,
դ) հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը,
ե) հանցագործությամբ պատճառված վնասը, և
զ) հանցանքի կատարումից անմիջապես հետո, ինչպես նաև հետագայում հարուցված քրեական գործի քննության ընթացքում հանցավորի դրսևորած վարքագիծը4։
12․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Գ.Մուրադխանյանը մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ նա «Հյուսիս-հարավ» ճանապարհի՝ Երևան քաղաքի Շահումյան թաղամասի 16 փողոցի 162 հասցեի շրջակայքում, «Օպել» մակնիշի 36 UA 662 հաշվառման համարանիշի ավտոմեքենան շուրջ 70-80 կիլոմետր ժամում արագությամբ վարելով իրականացրել է այդ տրանսպորտային միջոցի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում՝ առկա ճանապարհային պայմաններում նախապես չընտրելով երթևեկության համապատասխան անվտանգ ու սահուն ռեժիմ՝ այդ կերպ թույլ տալով ՀՀ Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման (այսուհետ՝ նաև Ճանապարհային երթևեկության կանոններ) 66-րդ կետի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, որի հետևանքով «Օպել» մակնիշի հիշյալ տրանսպորտային միջոցը դարձել է անկառավարելի՝ դեպի ձախ կորությամբ դուրս է եկել երթևեկելի մասից, աջ կողմով բախվել իր ընթացքի ուղղության ձախ կողմում, ձյունածածկ տարածքում, առկա բետոնե կառուցվածքին, ինչից հետո պտտվելով՝ հետնամասով վրաերթի է ենթարկել վերը նշված հասցեի մոտ կանգնած Ա․Առաքելյանին և նրան անզգուշությամբ մահ պատճառել5։
Գնահատելով կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, Գ.Մուրադխանյանի անձը բնութագրող փաստական տվյալները և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները՝ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ պատժի նպատակներին հնարավոր է հասնել Գ.Մուրադխանյանի նկատմամբ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկում նշանակելով6։
Վերաքննիչ դատարանը, որպես մեղադրյալ Գ.Մուրադխանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմնավորում, նշել է, որ քրեական օրենսգիրքը որպես պատժի նպատակ դիտարկում է նաև սոցիալական արդարությունը վերականգնելը։ Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարան է ստացվել մեղադրյալ Գ.Մուրադխանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու խնդրանքով տուժողի իրավահաջորդի դիմումը։ Նշվածը փոխկապակցելով Գ.Մուրադխանյանի անձը բնութագրող տվյալների, հետհանցավոր վարքագծի ու հանրորեն վտանգավոր հետևանքի առաջացման հանգամանքների հետ, այն, որ Գ.Մուրադխանյանի վարած տրանսպորտային միջոցը պտույտ կատարելով և որոշակի տարածություն անցնելուց հետո է միայն հայտնվել երթևեկելի հակառակ մայթեզրին, որտեղ կանգնած են եղել երեխաներ՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ այդպիսիք իրենց համակցությամբ նվազեցնում են մեղադրյալի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը համարվի իրավաչափ։ Ըստ Վերաքննիչ դատարանի՝ Գ.Մուրադխանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը միտված է նաև պատժի ինքնանպատակ լինելը բացառելուն7։
13․ Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-րդ կետում վկայակոչած գործերով արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ.Մուրադխանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել մեղադրյալի և նրա կատարած հանցավոր արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ:
Մասնավորապես՝ ստորադաս դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել մեղադրյալի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը: Այսպես` մեղադրյալի կողմից խախտված՝ Ճանապարհային երթևեկության կանոնների 66-րդ կետի պահանջից հետևում է, որ վարորդը պետք է ընտրի երթևեկության այնպիսի արագություն, որը հնարավորություն է տալիս նրան կանոնների պահանջներին համապատասխան ապահովելու տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը: Նշվածից բացի, Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել, որ դեպքի օրը ճանապարհահատվածը ենթակա չի եղել լիարժեք շահագործման8։ Տվյալ դեպքում, Գ.Մուրադխանյանը նախապես չի ընտրել ճանապարհային երթևեկության իրադրությանը համապատասխան երթևեկության անվտանգ ու սահուն ռեժիմ, և շուրջ 70-80 կիլոմետր ժամում արագությամբ ընթանալով իրականացրել է իր վարած տրանսպորտային միջոցի ընթացքի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում։ Այսինքն՝ ճանապարհային երթևեկության տվյալ իրադրությունում մեղադրյալը չի երթևեկել այնպիսի արագությամբ, որ հնարավորություն կտար նրան ապահովելու տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը: Նշվածի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանի համար ընդունելի է բողոքի հեղինակի պնդումն առ այն, որ մեղադրյալի կողմից թույլ է տրվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտում, ինչը, կոնկրետ իրադրությունում, ավելի հավանական է դարձրել ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հնարավորությունը։
Այստեղ հարկ է անդրադառնալ տուժողին անզգուշությամբ մահ պատճառելուն նախորդած իրադարձություններին, քանի որ ըստ Վերաքննիչ դատարանի՝ այդպիսիք էականորեն նվազեցնում են թե՛ մեղադրյալի, թե՛ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը։ Այսպես, հարկ է փաստել, որ մեղադրյալի կողմից թույլ տրված խախտման, այն է՝ տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումն ապահովելու համար պիտանի արագությամբ չընթանալու արդյունքում է, որ «Օպել» մակնիշի տրանստորտային միջոցը դարձել է անկառավարելի՝ դեպի ձախ կորությամբ դուրս եկել երթևեկելի մասից, աջ կողմով բախվել իր ընթացքի ուղղությամբ ձախ կողմում, ձյունածածկ տարածքում, առկա բետոնե կառուցվածքին, որից հետո պտտվելով՝ հետնամասով վրաերթի է ենթարկել տուժողին։ Այսինքն՝ հանրորեն վտանգավոր հետևանքի առաջացմանը նախորդած իրադարձությունները մեղադրյալի կողմից իր վարած ավտոմեքենայի ոչ պատշաճ և վտանգավոր կառավարման հետևանք են, ինչը, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հակադարձ համեմատական է Վերաքննիչ դատարանի հիշյալ արձանագրմանը։
Վերոգրյալից բացի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը բավարար ուշադրության չի արժանացրել նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արդյունքում պատճառված վնասի չափին և բնույթին: Մասնավորապես, խախտման արդյունքում կյանքից զրկվել է իննամյա երեխա։ Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից տուժողի դիրքորոշումը մատնանշելուն՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տուժողի դիրքորոշումը կոնկրետ դեպքում չի նվազեցնում ինչպես հանցավորի անձի, այնպես էլ հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը։ Այս համատեքստում հարկ է նկատել, որ ճանապարհի ձախ կողմում բետոնե կառուցվածքի առկայությունն ու տուժողին՝ տան դիմաց վրաերթի ենթարկելը9 վկայում են, որ տուժողը գտնվել է երթևեկելի մասի սահմաններից հեռու։
14․ Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը մեղադրյալ Գ.Մուրադխանյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները չի կառուցել վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության վրա: Սույն որոշման շրջանակում մեջբերված ու վերլուծված փաստական տվյալների համակցությունը վկայում է մեղադրյալի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանի՝ մեղադրյալ Գ.Մուրադխանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրած հանգամանքները բավարար չեն կարող համարվել ողջամիտ հետևության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Գ.Մուրադխանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ ստորադաս դատարանի կողմից Գ.Մուրադխանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը համարվի իրավաչափ։
Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Գ.Մուրադխանյանի կողմից կատարված հանցանքի համար ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանի հետևությունը հիմնավորված չէ:
Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը, պատշաճ կերպով վերլուծելով և գնահատման ենթարկելով վարույթում առկա՝ մեղադրյալ Գ.Մուրադխանյանի անձը բնութագրող փաստական տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև՝ ծանրացնող հանգամանքների բացակայությունը, կատարված արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, հանգել է ճիշտ հետևության՝ իրավաչափորեն արձանագրելով, որ պատժի նպատակներին հնարավոր է հասնել Գ.Մուրադխանյանի նկատմամբ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ նշանակելով։
15․ Հիմք ընդունելով նախորդ կետում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, մեղադրյալ Գ.Մուրադխանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում, ինչը դատական ակտը բեկանելու հիմք է։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 2-ի դատավճռին։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ, 385-րդ ու 387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Մեղադրյալ Գրիգոր Արտավազդի Մուրադխանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 2-ի դատավճռին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 116-124:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 116-124:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 36-51:
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գագիկ Ղուկասյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0075/01/16 որոշման 13-14-րդ կետերը, ինչպես նաև, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Արամ Սահակյանի գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԳԴ1/0003/01/10, Էդմոն Ասատրյանի գործով 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԷԴ/0201/01/11, Արամայիս Հովհաննեսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14 որոշումները:
5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
9 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 2-81
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Լ. Թադևոսյան Ա. ՊՈՂՈՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական: