ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան,նախագահող դատավոր` Հ․ Ավագյան |
ԵԴ1/0064/11/24 |
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
||||
|
| ||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ | ||
|
|
|
Լ. Թադևոսյանի Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
11 հունիսի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի ապրիլի 16-ի որոշման դեմ տուժող Սիրանուշ Մանուչարյանի ներկայացուցիչ Լ.Վարդանյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2024 թվականի հունվարի 31-ի որոշմամբ տուժող Սիրանուշ Մանուչարյանի ներկայացուցիչ Լ.Վարդանյանի բողոքի հիման վրա մինչդատական ակտի վիճարկման վերաբերյալ վարույթ հարուցելը մերժվել է։
2. Նշված որոշման դեմ Ս.Մանուչարյանի ներկայացուցիչ Լ.Վարդանյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով անփոփոխ:
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Ս.Մանուչարյանի ներկայացուցիչ Լ.Վարդանյանը ներկայացրել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
4. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանների կողմից թույլ է տրվել դատական սխալ՝ դատավարական նորմերի էական խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Ըստ բողոքաբերի, մինչդատական ակտի վիճարկման վարույթ չհարուցելու արդյունքում թույլ է տրվել ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով նախատեսված մարդու հիմնարար իրավունքների խախտում։
4.1. Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ Սահմանադրության 29-րդ, 61-րդ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 13-րդ, 14-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածների խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա և զրկել տուժող Ս.Մանուչարյանին իր իրավունքների պաշտպանության հնարավորությունից։
Բողոք բերած անձը փաստել է, որ Առաջին ատյանի դատարանը, մինչդատական ակտի վիճարկման վարույթ հարուցելը մերժելու մասին որոշում է կայացրել այն հիմնավորմամբ, որ ներկայացված բողոքին չէր կցվել բողոքի պատճենը վիճարկվող դատական ակտը կայացրած վարույթի հանրային մասնակցին ուղարկելը հավաստող փաստաթուղթը, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 1.1-րդ կետի համաձայն՝ պետք է վերադարձներ այն՝ ժամանակ տրամադրելով բողոքաբերին այդ թերությունը շտկելու և բողոքը կրկին դատարանին ներկայացնելու համար։
Բողոքի հեղինակը նշել է, որ նույնանման հանգամանքներում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի տարբեր կազմեր, միմյանց հակասող կերպով են մեկնաբանում նույն օրենսդրական նորմը՝ մի դեպքում վերադարձնելով բողոքը և հնարավորություն տալով շտկելու թերությունները, մյուս դեպքում՝ ինչպես սույն բողոքի առարկա հանդիսացող դատական ակտի դեպքում՝ վարույթի հարուցումը մերժելով։
4.2. Բողոքաբերը նաև փաստել է, որ հսկող դատախազի որոշումը՝ քրեական հետապնդում չհարուցելու մասին, անհիմն է, քանի որ Վահրամ Խաչատրյանի գործողություններում առկա է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 143-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմը, քանզի վերջինս խախտել է Ս.Մանուչարյանի սեռական ազատության իրավունքը՝ զուգորդված նրա սեռի նկատմամբ խտրականությամբ։
5. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական և իրավական հանգամանքները.
6. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հունվարի 31-ի որոշման համաձայն՝ «(…) Ըստ այդմ, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում բողոք ներկայացնելիս բողոքաբերը պարտավոր է դրան կցել բողոքի պատճենը վիճարկվող ակտը կայացրած (կատարած)՝ վարույթի հանրային մասնակցին ուղարկած լինելը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ ձերբակալման իրավաչափության վիճարկման դեպքի։ Ընդ որում, նշված օրենսդրական պահանջը պահպանված չլինելն ինքնին առաջացնում է դատարանի պարտավորությունը՝ հիմնավորված մերժելու մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը։
Անդրադառնալով սույն վարույթի փաստական հանգամանքներին՝ Դատարանն արձանագրում է, որ Սիրանուշ Մանուչարյանի լիազոր ներկայացուցիչ Լ.Վարդանյանը ներկայացված բողոքով փաստացի վիճարկել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Ա.Դալլաքյանի 2023 թվականի նոյեմբերի 7-ի որոշումը՝ թիվ 13203422 քրեական վարույթով Վահրամ Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին։
Միևնույն ժամանակ, բողոքաբերի կողմից դրան կից Դատարան չի ներկայացվել բողոքի պատճենը վիճարկվող ակտը կայացրած վարույթի հանրային մասնակցին՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Ա.Դալլաքյանին ուղարկած լինելը հավաստող փաստաթուղթը։
Այսինքն՝ պահպանված չեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:
Ուստի, Դատարանը գտնում է, որ թիվ 13203422 քրեական վարույթով տուժող Սիրանուշ Մանուչարյանի լիազոր ներկայացուցիչ Լ.Վարդանյանի բողոքի հիման վրա մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը ենթակա է մերժման (…)»1:
7. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է հետևյալը. «(…) [Ի] համեմատություն 2024 թվականի փետրվարի 6-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների՝ հին կարգավորումները ի տարբերություն մինչդատական վարույթի դատական երաշխիքներին վերաբերող այլ ընթացակարգերի, երբ համապատասխան վարույթի հարուցման մերժումը խոչընդոտ չէ նոր միջնորդություն ներկայացնելու համար, այս վարույթը նախաձեռնողին օրենսդիրը երկրորդ նման հնարավորություն չէր տալիս՝ թերևս դա պայմանավորելով բողոքի ներկայացման համար սահմանված հստակ ժամկետի գոյության հետ, ուստի ձևական սխալները դիտարկում էին որպես վարույթի հարուցումը մերժելու հիմք: Սակայն կատարված փոփոխությունները հնարավորություն են տալիս այն դիտարկել որպես վերադարձման հիմք՝ հնարավորություն տալով անձին՝ շտկելու ձևական սխալները և բողոքը կրկին ներկայացնելու դատարան (ինչն էլ փաստարկել է հենց Բողոքաբերը):
Միևնույն ժամանակ, վերոգրյալի համատեքստում Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ հիմնավորված են Առաջին ատյանի դատարանի հետևությունները՝ վարույթի հանրային մասնակցին բողոքի պատճենը ուղարկված լինելը հավաստող փաստաթուղթը չկցելու հիմքով վարույթի հարուցումը մերժելու մասին, քանի որ Բողոքաբերի կողմից ըստ էության չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջը, իսկ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս՝ այն է՝ 2024 թվականի հունվարի 31-ին, Առաջին ատյանի դատարանը մինչդատական ակտի վիճարկման վարույթի շրջանակներում, ձևական սխալի շտկման համար բողոքը վերադարձնելու լիազորությամբ օժտված չի եղել:
Վերաքննիչ դատարանը անդրադառնալով Բողոքաբերի՝ Վահրամ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման իրավաչափության վերաբերյալ փաստարկներին, հարկ է համարում արձանագրել, որ սույն գործի վերաբերյալ վարույթի չհարուցման պայմաններում, Առաջին ատյանի դատարանը գործի՝ ըստ էության քննություն չի իրականացրել: Նման հանգամանքներում Վերաքննիչ դատարանը զրկված է Վահրամ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման իրավաչափության հարցը քննարկելուց:
Վերոգրյալ փաստական հանգամանքների, ինչպես նաև հատուկ վերանայման բողոքի հիմքի և այն հաստատող փաստերի սահմաններում գնահատման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի որոշմամբ արտահայտված դիրքորոշումները՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից կատարվել է ներկայացված բողոքի հիման վրա մինչդատական ակտի վիճարկման վարույթ հարուցելու հարցի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, իսկ ներկայացված մինչդատական ակտի վիճարկման բողոքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջը պահպանված չլինելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավորված են և բխում են ներկայացված նյութերի համակցությունից, ուստի տվյալ պատճառաբանությամբ վարույթ հարուցելը մերժելու մասով Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել դատական սխալ, այն է՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, իսկ Բողոքաբերի փաստարկներն ի զորու չեն չեզոքացնելու՝ Առաջին ատյանի դատարանի իրավաչափ հետևությունները (...)»2:
8. Մինչև 2024 թվականի փետրվարի 6-ը գործող խմբագրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մինչդատական ակտի վերաբերյալ վարույթի հարուցումը դատարանը հիմնավորված մերժում էր, եթե պահպանված չէր նույն օրենսգրքի 299-301-րդ հոդվածներով սահմանված որևէ պահանջ։
2024 թվականի հունվարի 16-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-32-Ն ՀՀ օրենքով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածը փոփոխվել է և լրացվել՝ 1․1-ին և 1.2-րդ մասերով։ Վերը նշված փոփոխություններն ուժի մեջ են մտել 2024 թվականի փետրվարի 6-ին3։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցման կարգը սահմանող իրավակարգավորումների պայմաններում իրավաչա՞փ է արդյոք դիմող Լ.Վարդանյանի վերաքննիչ բողոքը մերժելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը պարունակում է՝
1) իրավասու դատարանի անվանումը.
2) բողոքարկողի անունը, հայրանունը, ազգանունը, ունենալու դեպքում` կարգավիճակը.
3) բողոքը դատարան ներկայացնելու տարին, ամիսը, օրը.
4) առկայության դեպքում` վարույթի համարը.
5) բողոքարկվող վարութային ակտը.
6) բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման ընթացքը և արդյունքը.
7) սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարութային ակտերի բողոքարկման դեպքում` հիմնավորում այն մասին, որ դատաքննության ընթացքում տվյալ ակտի վիճարկումն անհնար է լինելու կամ բողոքարկողին ակնհայտորեն զրկելու է իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից.
8) բողոքի փաստարկները և պահանջը.
9) բողոքին կցվող նյութերի ցանկը»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2024 թվականի փետրվարի 6-ից գործող խմբագրությամբ 302-րդ հոդվածի համաձայն՝ «1․1․ Եթե մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված որևէ պահանջի, ապա համապատասխան թերությունները մատնանշելով և երեքից վեց օր ժամկետ տրամադրելով՝ դատարանն այն վերադարձնում է բողոքը ներկայացրած անձին։ Դատարանի նշած ժամկետում թերությունները վերացնելու և կրկին ներկայացնելու դեպքում բողոքը համարվում է տրված դրա սկզբնական ներկայացման օրը:
1.2. Մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը վերադարձնելու մասին որոշումը կայացվում է եռօրյա ժամկետում և անհապաղ ուղարկվում բողոքը ներկայացրած անձին:
2. Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն օրենսգրքի 299-րդ և 300-րդ հոդվածներով սահմանված որևէ պահանջ, կամ երբ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը դատարանի սահմանած ժամկետում չի համապատասխանեցվել սույն օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված պահանջներին։ (...)»:
Բողոքարկված դատական ակտի բեկանման կամ փոփոխման հիմքերը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ «1․ Դատական վերանայման արդյունքով բողոքարկված դատական ակտը բեկանվում կամ փոփոխվում է, եթե`
(...)
4) առկա է որևէ փաստական կամ իրավական հանգամանք, որի հետևանքով բողոքարկվող դատական ակտը դարձել է ոչ իրավաչափ:
(...)
5. Բողոքարկվող դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող փաստական կամ իրավական հանգամանք է դատական ակտ կայացնելիս դատարանին և կողմերին անհայտ մնացած կամ դատական ակտը հրապարակելուց հետո առաջացած որևէ փաստ կամ ուժի մեջ մտած որևէ իրավական ակտ կամ արտահայտված որևէ իրավական դիրքորոշում: (...)»:
10. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի հունվարի 31-ի որոշմամբ տուժողի ներկայացուցիչ Լ.Վարդանյանի բողոքի հիման վրա մինչդատական ակտի վիճարկման վերաբերյալ վարույթ հարուցելը մերժել է4։
- Վկայակոչելով 2024 թվականի հունվարի 16-ին ընդունված և 2024 թվականի փետրվարի 6-ին ուժի մեջ մտած՝ ՀՀ քրեական դատավարության 302-րդ հոդվածի իրավակարգավորումները, Լ․Վարդանյանը 2024 թվականի մարտի 30-ին հատուկ վերանայման վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան։
- Վերաքննիչ դատարանը 2024 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ դիմող Լ.Վարդանյանի բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով անփոփոխ5։
11. Նախորդ կետում մեջբերված փաստերը վերլուծելով սույն որոշման 9-րդ կետում վկայակոչված իրավակարգավորումների լույսի ներքո, հարկ է արձանագրել, որ թեև Առաջին ատյանի դատարանի որոշման կայացման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի համաձայն՝ մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը մերժելու հիմք էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-301-րդ հոդվածներով սահմանված որևէ պահանջի չպահպանումը, սակայն Վերաքննիչ դատարանի կողմից Լ.Վարդանյանի վերաքննիչ բողոքը քննության առնելու պահին և ներկայումս գործող իրավակարգավորումների՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 1․1․-ին հոդվածի համաձայն, մինչդատական ակտի վերաբերյալ բողոքի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված որևէ պահանջի անհամապատասխանությունը հիմք է համապատասխան թերությունները մատնանշելով և երեքից վեց օր ժամկետ տրամադրելով՝ բողոքը վերադարձնելու համար, որի վերաբերյալ բողոքաբերը համապատասխան փաստարկներ է ներկայացրել իր վերաքննիչ բողոքում։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանի բողոքարկվող դատական ակտը հրապարակելուց հետո ի հայտ է եկել այն ոչ իրավաչափ դարձնող իրավական հանգամանք, ղեկավարվելով Վերաքննիչ դատարանի վիճարկվող դատական ակտը կայացնելու պահին արդեն իսկ չգործող իրավակարգավորումներով, վերաքննիչ բողոքը մերժել է։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցման կարգը սահմանող իրավակարգավորումների պայմաններում, դիմող Սիրանուշ Մանուչարյանի ներկայացուցիչ Լ.Վարդանյանի վերաքննիչ բողոքը մերժելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ։
12. Անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 4.2-րդ կետում մատնանշված փաստարկներին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ելնելով դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքից, զրկված է դրանց անդրադառնալու հնարավորությունից, քանի որ ստորադաս դատարանները բողոքի՝ ըստ էության քննություն չեն իրականացրել։
13. Վերը նշվածի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի խախտում, որն էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի հիման վրա, ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և վարույթն Առաջին ատյանի դատարան` նոր քննության փոխանցելու հիմք է6: Նոր քննության ընթացքում, Առաջին ատյանի դատարանը պետք է մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցման հարցը քննարկի՝ գործող իրավակարգավորումների համատեքստում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ, 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 31-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի ապրիլի 16-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
________________
1 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 28-30:
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 38-45։
3 Տե՛ս 2024 թվականի հունվարի 16-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասը։
4 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը։
5 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը։
6 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 և Ավաթ Ամինի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները։
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. Ավետիսյան Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ Ա. ՊՈՂՈՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական: