ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան,նախագահող դատավոր` Հ․ Ավագյան |
ԵԴ1/0525/06/23 |
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
||||
|
| ||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ | ||
|
|
|
Լ. Թադևոսյանի Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
25 հունիսի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Արման Այսերի Արիստակեսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի դեկտեմբերի 16-ի որոշման դեմ պաշտպան Հ․Բայանդուրյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2021 թվականի ապրիլի 25-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում հարուցվել է թիվ 14851421 քրեական գործը` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 117-րդ և 118-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով։
2. Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի մարտի 16-ի որոշմամբ Արման Այսերի Արիստակեսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 118-րդ հոդվածով։
2023 թվականի հունիսի 21-ին որոշում է կայացվել Արման Արիստակեսյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասին, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետին և 195-րդ հոդվածի 1-ին մասին)։
3. 2022 թվականի նոյեմբերի 28-ին, ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորքի վարչական շրջանների քննչական բաժնում, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 17711522 քրեական վարույթը։
2023 օգոստոսի 10-ին որոշում է կայացվել թիվ 17711522 քրեական վարույթից Արման Արիստակեսյանի վերաբերյալ մասն առանձին վարույթում անջատելու մասին, որին շնորհվել է 17838123 համարը։
2023 թվականի հոկտեմբերի 24-ին Ա.Արիստակեսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
2023 թվականի դեկտեմբերի 7-ին որոշում է կայացվել թիվ 17838123 և 14851421 քրեական վարույթները միացնելու մասին։
4․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է, և մեղադրյալ Ա.Արիստակեսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ երկու ամիս ժամկետով։
5․ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) մեղադրյալ Ա․Արիստակեսյանի պաշտպան Հ․Բայանդուրյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը 2024 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ թողել է առանց քննության՝ ժամկետանց լինելու հիմքով։
6․ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Ա․Արիստակեսյանի պաշտպան Հ․Բայանդուրյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի փետրվարի 21-ի որոշմամբ վարույթ է ընդունվել և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
7. Բողոքի հեղինակի կարծիքով քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված ժամկետների պահպանմամբ ներկայացված վերաքննիչ բողոքը ժամկետանց գնահատելով և առանց քննության թողնելով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն իր բնույթով էական է, ազդել է գործի ելքի վրա և հիմք է դատական ակտը բեկանելու համար:
Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ հատուկ վերանայման բողոքը փոստային ծառայությանը հանձնվել է 2024 թվականի դեկտեմբերի 9-ին, ինչը հավաստվում է վճռաբեկ բողոքին կից ներկայացված «Հայփոստ» ՓԲ ընկերության ստացականով՝ փոստային առաքանի՝ N532831272, կոդ՝ LO125680908AM։
Բողոքաբերը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը ստացվել է 2024 թվականի նոյեմբերի 27-ին, վերաքննիչ բողոքը «Հայփոստ» ՓԲ ընկերությանը ներկայացվել է 2024 թվականի դեկտեմբերի 9-ին, իսկ դրան նախորդող օրերը եղել են ոչ աշխատանքային, սակայն Վերաքննիչ դատարանը հատուկ վերանայման բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ թողել է առանց քննության՝ արձանագրելով, որ այն փոստին է ներկայացվել 2024 թվականի դեկտեմբերի 11-ին:
Արդյունքում, բողոքի հեղինակը նշել է, որ վերաքննիչ բողոքարկման 10-օրյա ժամկետի պահպանմամբ ներկայացված հատուկ վերանայման բողոքը Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափորեն թողել է առանց քննության:
8․ Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9․ Ա․Արիստակեսյանի պաշտպան Հ․Բայանդուրյանն Առաջին ատյանի դատարանի որոշումն առձեռն ստացել է 2024 թվականի նոյեմբերի 27-ին1։
10․ «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջի համաձայն՝ LO125680908AM բեռնային համարով առաքանին հաճախորդից ընդունվել է 2024 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 23:50-ին2։
11․ Բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացված փոստային անդորրագրի համաձայն՝ փոստային առաքանին բաժանմունք է մուտքագրվել 2024 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 23։49 ընկած ժամանակահատվածում3։
12․ Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով պաշտպան Հ․Բայանդուրյանի վերաքննիչ բողոքը, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ․ «(․․․) Պաշտպան Հովհաննես Բայանդուրյանի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը ժամկետանց է, քանի որ նա բաց է թողել Առաջին ատյանի դատարանի 27.11.2024թ. որոշումը բողոքարկելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված 10-օրյա ժամկետը։
Այսպես՝ ըստ գործի նյութերի՝ մեղադրյալ Արման Այսերի Արիստակեսյանը Առաջին ատյանի դատարանի 27.11.2024թ. որոշումը (առձեռն) ստացել է 27.11.2024թ.:
Պետք է արձանագրել, որ Դատարանի վիճարկվող որոշման բողոքարկման 10-օրյա ժամկետը լրացել է 07.12.2024 թվականին:
Դատարանի 27.11.2024թ. որոշման դեմ բողոքաբերը հատուկ վերանայման բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան 11.12.2024թ.:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 59-րդ կետի ձևակերպումների համաձայն՝ հարգելի պատճառ են՝ հիվանդություն, մերձավոր ազգականի մահ կամ անձի կամքից անկախ այլ հատուկ և օբյեկտիվ հանգամանքը։
Բողոքաբերի կողմից միջնորդությանը կից չի ներկայացվել որևէ ապացույց այն մասին, որ դատարանի վիճարկվող որոշման բողոքարկման ժամկետը բաց է թողել իր կամքից անկախ ստույգ և օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, ինչպիսիք են վերը նշվածները։
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 27.11.2024թ. թիվ ԵԴ1/0525/06/23 որոշման դեմ բերված հատուկ վերանայման բողոքը պետք է թողնել առանց քննության՝ ժամկետանց լինելու հիմքով»4։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
13. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք պաշտպան Հ․Բայանդուրյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:
14. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»։
ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար։ Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն ՝ «1․ Դատական վերանայման բողոք բերելու իրավունք ունեն՝ (․․․)
1) վարույթի մասնավոր մասնակիցը.»։
15․ Վճռաբեկ դատարանը, արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող` դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում անդրադառնալով դատական բողոքարկման դատավարական ժամկետների պահպանության ստուգման հարցին, արձանագրել է, որ անձի` դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակումները բացառելու նպատակով, ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելիս, դատարանների եզրահանգումները պետք է հիմնվեն հստակ և որոշակի փաստական հանգամանքների վրա։ Մասնավորապես, առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելիս որպես հիմք կարող են ընդունվել փոստային անդորրագրի, փոստային բաժանմունքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքը, փոստային առաքումների ռեեստրի, «Հայփոստ» ՓԲԸ–ի կայքէջի, համապատասխան հարցում կատարելու և այլ միջոցներով ձեռք բերված տվյալները5։
16. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջի համաձայն՝ LO125680908AM բեռնային համարով առաքանին հաճախորդից ընդունվել է 2024 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 23:50-ին6։
- Բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացված փոստային անդորրագրի համաձայն՝ փոստային առաքանին բաժանմունք է մուտքագրվել 2024 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 23։49 ընկած ժամանակահատվածում7։
- Վերաքննիչ դատարանը, պաշտպան Հ․Բայանդուրյանի վերանայման բողոքն առանց քննության թողնելով, նշել է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ի որոշումը մեղադրյալ Ա․Արիստակեսյանն առձեռն ստացել է 2024 թվականի նոյեմբերի 27–ին, հետևաբար պաշտպան Հ․Բայանդուրյանի համար վիճարկվող դատական ակտի բողոքարկման վերջնաժամկետ է հանդիսացել նույն թվականի դեկտեմբերի 7-ը, մինչդեռ հատուկ վերանայման բողոքը փոստային ծառայության միջոցով Վերաքննիչ դատարան է ներկայացվել 2024 թվականի դեկտեմբերի 11-ին, այսինքն՝ հատուկ վերանայման բողոք բերելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տասնօրյա ժամկետի խախտմամբ8։
17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-14-րդ կետերում մեջբերված իրավանորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պաշտպան Հ․Բայանդուրյանը, Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ի որոշումն առձեռն ստացել է նույն օրը, հետևաբար, դրա դեմ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու ժամկետը սկսվել է նույն թվականի նոյեմբերի 28-ին՝ ժամը 00։00–ից, և ավարտվել դեկտեմբերի 9-ին՝ ժամը 24։00-ին՝ հաշվի առնելով բողոքի ժամկետի ավարտման հաջորդող օրերի ոչ աշխատանքային լինելու հանգամանքը։ Իսկ վերաքննիչ բողոքին կից ներկայացված փոստային անդորրագրի համաձայն՝ վերաքննիչ բողոքը «Հայփոստ» ՓԲԸ-ին է հանձնվել 2024 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 23։49-ին, ինչը հիմք է տալիս փաստելու, որ պաշտպան Հ․Բայանդուրյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը փոստին է հանձնվել մինչև բողոքարկման ժամկետի ավարտը։
Վերոշարադրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը պաշտպան Հ․Բայանդուրյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի ներկայացման ժամկետային հաշվարկների վերաբերյալ հանգել է սխալ եզրահանգման, ինչը հանգեցրել է անձի` դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակման։ Ուստի, պաշտպան Հ․Բայանդուրյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն հիմնավոր չէ։
18․ Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է վարույթի ելքի վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ և 362-րդ հոդվածների, հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և վարույթը նույն դատարան` նոր քննության փոխանցելու համար9։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Մեղադրյալ Արման Այսերի Արիստակեսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան` նոր քննության:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 104։
2 Տե՛ս https://www.haypost.am
3 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 71։
4 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 85։
5 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Վարդգես Գասպարիի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0067/11/16 որոշման 15-րդ կետը, Անդրանիկ Խաչատրյանի գործով՝ 2019 թվականի փետրվարի 7-ի թիվ ՇԴ2/0049/01/17 որոշումը, Էդուարդ Ստեփանյանի գործով՝ 2022 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԴ/0081/06/21 որոշման 14-րդ կետը, Ժորա Սարոյանի՝ գործով 2024 թվականի հունիսի 14-ի թիվ ՇԴ/0006/06/24 որոշման 16-րդ կետը։
6 Տե'ս սույն որոշման 10-րդ կետը։
7 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։
8 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը։
9 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 և Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները:
|
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
|
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ | |
|
Լ. Թադևոսյան Ա. ՊՈՂՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական: