ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3290-Ա |
«18» օգոստոսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ, ԽԱՂԱՂ ԴՈՆԻ ՓՈՂՈՑ Հ. 45/27 ՀԱՍՑԵՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի ԹԻՎ 01/18-02-897 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված հիմքով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում 2025 թվականի հուլիսի 22-ին հարուցվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի հ. 45/27 հասցեում Երևանի քաղաքապետի 2024 թվականի մայիսի 27-ի թիվ 01/18-02-897 շինարարության թույլտվության իրավաչափությունը գնահատման ենթարկելու վարույթ (այսուհետ՝ Վարույթ)՝ դրա տրման իրավաչափության, ինչպես նաև դրա՝ ոլորտում իրավահարաբերությունները կարգավորող իրավական նորմերի պահանջներին համապատասխանության հարցի ուսումնասիրման նպատակով:
Վարույթի շրջանակներում 2025 թվականի հուլիսի 25-ին ժամը 10:00-ին և 11:00-ին հրավիրվել են լսումներ, որոնց մասնակցելու նպատակով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 21-րդ և 38-րդ հոդվածներից բխող իրավակարգավորումների համաձայն՝ ծանուցվել են վարույթին մասնակից դարձված անձինք:
Վարույթով 2025 թվականի հուլիսի 25-ին հրավիրված լսումների մասին ծանուցումն ապահովվել է 2025 թվականի հուլիսի 20-ի թիվ 18/95694 և թիվ 18/95330 գրություններով:
Վարչական վարույթի լսումներին երկու կողմերն էլ ներկայացել և հայտնել են իրենց դիրքորոշումները:
Վարույթի շրջանակներում լրացուցիչ ուսումնասիրման ենթարկվելով Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոն փողոցի հ. 45/27 հասցեում շինարարական աշխատանքների կատարման համար տրված՝ Երևանի քաղաքապետի 2022 թվականի հունիսի 3-ի թիվ 01/18-Դ-16771-937 շինարարության թույլտվությունը, այնուհետև 27.05.2024 թվականին երկարաձգված թիվ 01/18-02-897 շինարարության թույլտվությունը, դրա տրման հիմքում դրված ապացույցները, վարույթի լսումների վերաբերյալ 2025 թվականի հուլիսի 25-ի արձանագրությունները, ինչպես նաև գործին առնչվող փաստական հանգամանքները, վարչական մարմինը պարզել է հետևյալը.
2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 07.10.2024 թվականի թիվ ԵԴ1/0104/01/24 քրեական գործով կայացված դատավճռով վճռել է հետևյալը`
Սասուն Անաստասի Հովհաննսիյանին մեղավոր ճանաչել 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով` 2 դրվագ (համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասին` 2 դրվագ):
2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200.000 ՀՀ դրամի) չափով:
2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200.000 ՀՀ դրամի) չափով:
2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված, պատիժները լրիվ գումարելու կանոնի կիրառմամբ, Սասուն Անաստասի Հովհաննսիյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել չորս հարյուր հազար (400.000) ՀՀ դրամի չափով:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 07.10.2024 թվականի թիվ ԵԴ1/0104/01/24 դատավճռով արձանագրել և հաստատված է համարել հետևյալը`
2023 թվականի դեկտեմբերի 29-ի ՀՀ դատախազության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Մ. Սահակյանի որոշմամբ Սասուն Հովհաննիսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն հանցանքը կատարելու համար, որ նա, հանդիսանալով առևտրային կազմակերպություն հանդիսացող «Ս և Գ քոնսթրաքշեն» ՍՊ ընկերության տնօրեն, օգտագործելու նպատակով 2022 թվականի մարտի 21-ին ձեռագիր եղանակով երկու անգամ կեղծել է Անահիտ Մելքոնյանի անվամբ «համաձայնագիր» վերտառությամբ իրավաբանական նշանակություն ունեցող, փաստ հավաստող, իրավունք վերապահող փաստաթուղթ և անձամբ երկու անգամ օգտագործել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության ներկայացնելու եղանակով, ինչի հետևանքով 2022 թվականի հունիսի 3-ին Սիմոն Սիմոնյանին տրվել է թիվ 01-18-Դ-16771-937 շինարարության թույլտվությունը` ք.Երևան, Խաղաղ Դոնի փողոցի հ.45/27 հասցեում շինարարություն կատարելու նպատակով:
Հիմք ընդունելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի վճիռը, որով հաստատվել է, որ վարչական ակտն ընդունվել է կեղծ փաստաթղթերի հիման վրա, ինչպես նաև առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի բ կետով՝
«1. Անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է`
բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում», ակնհայտ է դառնում վարչական ակտի ոչ իրավաչափ լինելը:
3. Վարչական ակտն ընդունելու իրավական հիմքերը և հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
«Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրած մարմնի կողմից ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը ՀՀ կառավարության սահմանած կարգով համաձայնեցնելուց և կառուցապատողի կողմից դրանք հաստատելուց հետո` նույն օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի «ժ» կետով նախատեսված ժամկետով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 67-րդ հոդվածի համաձայն՝ վարչական մարմնի ընդունած վարչական ակտի վերաբերյալ բողոքի բացակայության դեպքում այդպիսի ակտ ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմինը (պաշտոնատար անձը), վերահսկողության կարգով և իր նախաձեռնությամբ, իրավունք ունի վերանայել ստորադաս վարչական մարմնի ընդունած վարչական ակտը:
Նշված իրավանորմից հետևում է, որ տեղական ինքնակառավարման մարմին հանդիսացող Երևանի քաղաքապետը, չունենալով վերադաս վարչական մարմին, իրավասու է իր նախաձեռնությամբ վերանայել Երևանի քաղաքապետի կողմից կայացված վարչական ակտը, որպիսին հանդիսանում է շինարարության թույլտվությունը, ինչպես նաև՝ աշխատանքային նախագծի համաձայնեցումը՝ որպես վարչական մարմնի գործողություն-վարչական ակտ:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքապետն իր գործունեությունը կազմակերպում է քաղաքապետի տեղակալի (տեղակալների), վարչական շրջանների ղեկավարների, քաղաքապետի խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի միջոցով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ վարչական վարույթ հարուցելու հիմք է վարչական մարմնի նախաձեռնությունը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը հարուցվում է այն գործողության (գործողությունների) սկսման օրվանից, որը նպատակամղված է վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական ակտի ընդունմանը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտին ներկայացվում են հետևյալ պահանջները.
ա) վարչական ակտն իր բովանդակությամբ պետք է համապատասխանի դրա ընդունման համար օրենքով սահմանված պահանջներին, նշում պարունակի այն բոլոր էական փաստական և իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշում.
բ) վարչական ակտը պետք է կազմված լինի սահմանված ձևի և նմուշի թղթի վրա:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը: Վարչական մարմնի հայեցողական լիազորությունների իրականացման արդյունքում ընդունված վարչական ակտի հիմնավորումից պետք է պարզ լինեն այն նկատառումները, որոնց հիման վրա վարչական մարմինն ընտրել է տվյալ լուծումը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով:
Վարույթով հաստատվել է, որ 15.04.2022 թվականին տրված թիվ 01/18-07/1-Հ-2602-275 աշխատանքային նախագիծը, 03.06.2022 թվականին համաձայնեցված թիվ 01/18-05/1-Դ-16771-565 աշխատանքային նախագիծը, 03.06.2022 թվականի թիվ 01/18-Դ-16771-937 շինարարության թույլտվությունը և 27.05.2024 թվականի թիվ 01/18-02-897 երկարաձգված շինարարության թույլտվությունը տրվել է կեղծ համաձայնագրի հիման վրա, ինչից հետևում է, որ առկա են բավարար հիմքեր 03.06.2022 թվականի թիվ 01/18-05/1-Դ-16771-565 կառուցապատման նախագծի համաձայնեցումը և 03.06.2022 թվականի թիվ 01/18-Դ-16771-937 շինարարության թույլտվությունը և դրա հիման վրա երկարաձգված 27.05.2024 թվականի թիվ 01/18-02-897 շինարարության թույլտվությունը ոչ իրավաչափ գնահատելու և անվավեր ճանաչելու համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ոչ իրավաչափ վարչական ակտը չի կարող անվավեր ճանաչվել, եթե ակտի հասցեատերն իրավունք ունի վստահելու վարչական ակտի գոյությանը, և վերջինիս գործողության մեջ գտնվելը չի կարող վնաս պատճառել որևէ անձի իրավունքներին, Հայաստանի Հանրապետությանը կամ որևէ համայնքի:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասի «գ» կետի համաձայն՝ վարչական ակտի հասցեատերը վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունք չունի, եթե նա նախապես իմացել է վարչական ակտի ոչ իրավաչափ լինելու մասին կամ այդ մասին պարտավոր էր իմանալ` իր համար մատչելի տեղեկությունների հիման վրա:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, նույն հոդվածի 2-րդ մասով.
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի հ. 45/27 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու համար տրված՝ 2024 թվականի մայիսի 27-ի թիվ 01/18-02-897 շինարարության թույլտվությունը ճանաչել անվավեր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու պահից:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |