ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ՕԳՈՍՏՈՍԻ 2025 թ. N 85-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 27.1-ին հոդվածով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ( 22 )`
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ __________________
ԱՆՈՒՇ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ __________________
ԳՈՌ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ __________________
ԳԵՎՈՐԳ ԴԻՆՈՒՆՑ __________________
ԶՈՐԱՅՐ ԳԱԼՍՏՅԱՆ __________________
ՎԱՀԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ __________________
ՅՈՒՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________
ԱՆԺԵԼԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ __________________
ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________
ԱԼԵՆ ԱՐՄԵՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ __________________
ԱՐՏՅՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________
ՍՈՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ __________________
ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ __________________
ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ __________________
ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ __________________
ՍՊԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________
ԶԱՐԻՆԵ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ___________________
ՄՀԵՐ ՎԵԶԻՐՅԱՆ ___________________
ՍԱՍՈՒՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ___________________
ՎԱՀԱԳՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________
ԱՐՄԻՆԵ ՊԱՊԵՅԱՆ ___________________
ԼԱՎՐԵՆՏ ՍՏԵՓԱՆՅԱՆ ___________________
Դեմ ( 0 )
Ձեռնպահ ( 0 )
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ |
|
2025 թ. օգոստոսի 12 ք. Կապան |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 12 օգոստոս 2025 թ․ N 85-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐ
ՆԱԽԱԲԱՆ
Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգում օրենսդրությամբ սահմանվել է համայնքում իրականացվող ռազմավարական ծրագրավորման երեք փուլ, որոնք տարբերվում են միմյանցից ինչպես դրանց ծրագրավորման ժամանակային հորիզոնով, այնպես էլ յուրաքանչյուր փուլում ծրագրավորվող տարրերի ագրեգացման մակարդակով։ Ըստ գործունեության մասշտաբայնության և ժամկետայնության, տարբերվում են պլանավորման հետևյալ մակարդակները՝
● ռազմավարական (երկարաժամկետ),
● մարտավարական (միջնաժամկետ),
● գործառական (կարճաժամկետ)։
Այսպես, կախված ծրագրավորման ժամանակային հորիզոնից՝ նախատեսվում է հնգամյա ժամանակահատվածի (երկարաժամկետ), եռամյա ժամանակահատվածի (միջնաժամկետ) և մեկ տարվա ժամանակահատվածի (կարճաժամկետ) ծրագրերի մշակում։ Երկարաժամկետ ծրագրերում ծրագրային տարրերը ներկայացվում են ագրեգացման առավել բարձր մակարդակով՝ համաձայն համայնքի տեսլականի, առաքելության և ռազմավարական նպատակների, քան միջնաժամկետ ծրագրերում, իսկ միջնաժամկետ ծրագրերում դրանց մակարդակն ավելի բարձր է քան կարճաժամկետ ծրագրերում։ Միջնաժամկետ ծրագրում ներառվում են ռազմավարական նպատակներին հասնելու համար որոշակի խնդիրների լուծման համար անհրաժեշտ գործողությունները, մարդկային, նյութատեխնկական ու ֆինանսական միջոցները, իրականացման ժամկետներն ու պատասխանատուները:
Ծրագրավորման երեք փուլերը փոխկապակցված են, և յուրաքանչյուր փուլում կազմված և սահմանված կարգով հաստատված ծրագիրը հիմք է հանդիսանում հաջորդ փուլում կազմվելիք ծրագրի համար։ Մասնավորապես, երկարաժամկետ ծրագիրը հիմք է հանդիսանում միջնաժամկետ ծրագրի մշակման համար, իսկ միջնաժամկետ ծրագիրը իր հերթին հիմք է հանդիսանում կարճաժամկետ ծրագրի մշակման համար։
Առաջիկա երեք տարվա` տեղական ինքնակառավարման մարմինների միջնաժամկետ ծախսերի ծրագրի (այսուհետ՝ ՄԺԾԾ) մշակման նպատակն է հնարավորություն ստեղծել համայնքների համար կառավարելու ֆինանսական ռեսուրսներն իր միջնաժամկետ նպատակներին և քաղաքականության գերակայություններին համապատասխան: Միաժամանակ, ՄԺԾԾ-ն հիմք է հանդիսանում համայնքի բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար:
Հաշվի առնելով Կապան համայնքի հնգամյա զարգացման ծրագրով նախատեսված գերակայություններն ու առկա ռեսուրսները, ընթացիկ տարում իրականացված ծրագրերի արդյունավետությունն ու դրանց զարգացման միտումները, 2026-2028 թվականների ՄԺԾԾ-ով համայնքի զարգացման հիմնական ուղղությունները միտված են լինելու բնակչության կենսապայմանների բարելավմանը ու բարեկեցիկ և հարմարավետ միջավայրի ձևավորմանը, համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը:
Առաջիկա երեք տարիների Կապան համայնքի զարգացումը խարսխվելու է սոցիալական, մշակութային, բարեկարգման, կանաչապատման և համայնքի կայուն ու նպատակային առաջընթացն ապահովող այլ կարևոր ուղղությունների արդյունավետ լուծմանն ուղղված քայլերի հետևողական իրագործման հիմքի վրա:
1․ ՀԱՄԱՅՆՔԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՇԱՐԱԴՐՈՂ ՄԱՍ
1․ 2026-2028 թվականների Կապան համայնքի միջնաժամկետ ծախսային ծրագրում առաջիկա երեք տարիների համար համայնքի եկամուտները պլանավորելիս հիմք են հանդիսացել օրենքով սահմանված և նախորդ երեք տարիներին հավաքագրված միջին ցուցանիշները։
Կապան համայնքի եկամուտների կանխատեսումը կատարվում է եկամուտների և ծախսերի հաշվեկշռվածության, խնայողության, արդյունավետության սկզբունքների հիման վրա:
Կանխատեսվող ծառայությունների քանակը և որակը հիմնականում կախված է կանխատեսվող եկամուտների ծավալից, առկա տնտեսական պայմաններից, մասնավորապես՝ գործող գներից, գնաճից և սղաճից, որոնց համաձայն 2026-2028 թվականների բյուջեի եկամուտները կանխատեսվել են աճի բարձր տեմպի միտումով:
Համայնքի բյուջեի ցուցանիշների բարելավումը շարունակվում է, ինչը վկայում են աղյուսակում ներկայացված տվյալները:
2․ Կապան համայնքի փաստացի ցուցանիշները 2022-2026 թվականներին
|
Աղյուսակ 1 հազար դրամ |
|
Մուտքեր |
Ընդամենը մուտքեր |
Հարկեր և տուրքեր |
Պաշտոնական դրամաշնորհներ |
Այլ եկամուտներ |
Կապիտալի իրացումից մուտքեր |
Սեփական եկամուտներ | ||||
| 2022 փաստ. |
5 030 244,0 |
351 385,10 |
2 958 653,30 |
1 658 043,00 |
62 162,60 |
1268319,1 | ||||
|
2023 փաստ. |
6 259 269,8 |
402 206,1 |
4 214 966,7 |
1 567 516,1 |
74 581,0 |
1371985,5 | ||||
|
2024 փաստ. |
6 231 614,1 |
446 304,3 |
4 108 009,2 |
1 577 142,9 |
100 157,7 |
1532900,6 | ||||
|
2025 հաստ. |
4 957 490,8 |
415 957,5 |
3 470 285,3 |
1 006 248,0 |
65 000,0 |
1349022,1 | ||||
|
2026 կանխ. |
7 149 882,8 |
514 511,5 |
5 575 503,3 |
1 013 168,0 |
46 700,0 |
1491682,5 | ||||
| Ընդամենը մուտքերը ներառում են ընդամենը եկամուտները, ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերը և հավելուրդ/պակասուրդի ֆինանսավորման աղբյուրները |
Գծապատկեր 1 - Կապան համայնքի փաստացի, հաստատաված և կանխատեսվող ցուցանիշները 2022-2026 թվականներին
Ցուցանիշների նման աճը պայմանավորված է բյուջեի եկամուտների հավաքագրման մակարդակի բարձրացման կայուն միտումով և դրա շնորհիվ ծախսերի ծավալների ավելացմամբ: Համայնքի բյուջեի սեփական եկամուտների (առանց պետբյուջեից ստացված պաշտոնական դրամաշնորհների և պետության կողմից համայնքներին պատվիրակված լիազորությունների ֆինանսավորման համար ստացվելիք հատկացումների) փաստացի հավաքագրված ծավալների տատանվող դինամիկան վկայում է սեփական եկամուտների աճի և կայունացման մասինլ:
Ծրագրով կանխատեսվող եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 1 491 682.5 հազ. դրամ (ընդամենը եկամուտների տեսակարար կշռի 20.9%)՝ 2025 թվականի նախատեսվածից 142,660.4 հազ. դրամով կամ 10.6%-ով ավելի: Ըստ էության կարելի է արձանագրել, որ Կապան համայնքի սեփական եկամուտների աճի դինամիկան պահպանվում է, մասնավորապես, 2021 թվականից ի վեր նշված ցուցանիշը աճել է շուրջ 776 712.6 հազ. դրամով կամ 208.6%-ով:
Գծապատկեր 1.1- Կապան համայնքի սեփական եկամուտների դինամիկան 2021- 2026 թվականներին.
Եկամուտների կանխատեսման գործընթացը իրականացվել է բյուջետային գործընթացը կարգավորող օրենսդրությանը համապատասխան։ Բյուջեի մուտքերի կանխատեսումները կատարելիս հաշվի են առնվել մուտքերի առումով բյուջեի եկամտային մասի ապառքները, առկա ապրանքների բռնագանձման հայցապահանջները։ Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի 2026 թվականի եկամուտների ընդհանուր գումարը կանխատեսվել է 7 103 182,8 հազ. ՀՀ դրամ, որը 145,2 %-ով գերազանցում է 2025 թվականի հաստատված բյուջեի ցուցանիշը և շուրջ 15,8%-ով կամ 971 726.4 հազ. ՀՀ դրամով ավել է 2024 թվականի փաստացի հավաքագրված եկամուտներից: Նախագծի կանխատեսվող եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 1 491 682,5 հազ. ՀՀ դրամ, որը 10,6%-ով գերազանցում է 2025 թվականի ճշտված 1 349 022, 1 հազ. ՀՀ դրամը:
3․ Նախագծով կանխատեսվող եկամուտների հիմնավորումն ու համեմատական վերլուծությունն առավել հստակ կլինի դրանք առանձին եկամտատեսակների տեսքով ներկայացման պարագայում.
1) Հարկեր և տուրքեր՝ 2026-2028 թվականի հարկային եկամուտները և տուրքերը ծրագրելիս օգտագործվել են մակրոտնտեսական այն ցուցանիշների կանխատեսումները, որոնք էական ազդեցություն ունեն առանձին հարկատեսակների հարկման բազայի ձևավորման վրա: Իրատեսական կանխատեսումների համար հաշվի է առնվել նաև նախորդ տարիներին այդ հարկերի գանձելիության մակարդակը, ինչպես նաև այս բնագավառում առկա խնդիրների առաջացման պատճառներն ու դրանք հաղթահարելու հնարավորությունները։ Ցուցանիշների կանխատեսման համար հիմք են ընդունվել նախնական վերլուծությունները, կիրառման առաջարկված մոտեցումներն ու հաշվարկները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքը:
Հարկեր և տուրքերը 2026 թվականի համար նախագծով կանխատեսվել են 514 511.5 հազ. ՀՀ դրամ՝ ընթացիկ տարվա ի սկզբանե հաստատված 415 957.5 հազ. ՀՀ դրամի դիմաց, ինչն ավել է 2024 թվականի փաստացի հավաքագրված ցուցանիշից 68 207,2 հազ. ՀՀ դրամով՝ շուրջ 15.3 %-ով:
2) Անշարժ գույքի հարկի կանխատեսումներում հաշվի է առնվել, որ անշարժ գույքի հարկով հարկման բազա են համարվում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով սահմանված կարգով գնահատված՝ հողամասերի և (կամ) դրանց բարելավումների շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները: Բացի այդ, նույն հարկային օրենսգրքով սահմանվել է, որ 2021 թվականի հաշվետու տարվա համար անշարժ գույքի հարկը (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) հաշվարկվում է անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների և ՀՀ հարկային օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով սահմանված դրույքաչափերի արտադրյալի 25 տոկոսի չափով, 2022 թվականի համար՝ 30 տոկոսի չափով, 2023 թվականի հաշվետու տարվա համար՝ 35 տոկոսի չափով, 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 50 տոկոսի չափով, 2025 թվականի հաշվետու տարվա համար՝ 75 տոկոսի չափով և 2026 թվականի հաշվետու տարվա և հետագա հաշվետու տարիների համար՝ 100 տոկոսի չափով: Փոխադրամիջոցների գույքահարկի կանխատեսումներում հաշվի ենք առել փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտները՝ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը, մոտոցիկլետը, ձյունագնացը, մոտոամենագնացը:
Գծապատկեր 1.2- Կապան համայնքի անշարժ գույքի հարկի դինամիկան 2021- 2025 թվականներին.
3) Տեղական տուրքերի և վճարների գծով համայնքի բյուջեի եկամուտների հաշվարկման համար կարևոր է բազայի գնահատումը, քանի որ տեղական տուրքերը և դրանց դրույքաչափերը սահմանվում են համայնքի տարեկան բյուջեի հաստատումից առաջ: Դրույքաչափերի հաստատումից հետո տեղական տուրքերի կանխատեսումը կհանգի միայն տարվա ընթացքում տվյալ տեղական տուրքի քանակի (բազայի) կանխատեսմանը: Նույն մոտեցմամբ իրականացվում է նաև տեղական վճարներից համայնքի բյուջեի մուտքերի կանխատեսումը։ Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելիս ավագանին առաջնորդվել է գոտիավորման սկզբունքով, գոտի համարելով համայնքի կազմում առկա յուրաքանչյուր բնակավայրը։
4) Պետական տուրքեր - Պետական տուրքերի գծով բյուջետային մուտքերի կանխատեսումները կատարվել են ըստ նախորդ տարիների փաստացի հավաքագրումների միտումների, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ կատարված առանձին փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաև պետական տուրքի յուրաքանչյուր տեսակի առանձնահատկությունները:
Կապան համայնքի բյուջե են մուտքագրվում օրենքով ամրագրված հետևյալ պետական տուրքերից մուտքերը.
ա․ քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումներում փոփոխությունների, լրացումների, ուղղումների և վերականգնման վկայականներ տալու համար պետական տուրքերը,
բ․ նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու և դրանցից քաղվածքներ տալու համար պետական տուրքերը։
5) Պաշտոնական դրամաշնորհները դոտացիան, սուբվենցիան, համայնքային մասհանումներն (ռոյալթի) են։
Ֆինանսական համահարթեցումը համայնքի ներդաշնակ զարգացմանը նպաստելու, նվազագույն մակարդակի ծախսեր կատարելու հնարավորություն ստեղծելու և օրենքով վերապահված սեփական լիազորությունների իրականացման համար ֆինանսական հնարավորությունների միջև առկա տարբերությունների նվազեցումն է:
Դոտացիան՝ որպես ոչ նպատակային, պետության կողմից անհատույց տրվող դրամական միջոց, համայնքը կուղղի համայնքի բյուջեի վարչական մասի ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը, այն օգտագործելով ազատ և ինքնուրույն՝ համահարթեցնելով (մեղմելով) համայնքում ֆինանսական հնարավորությունների միջև առկա անհամաչափությունները:
Համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի 2026 թվականի համար պետության կողմից հատկացվող դոտացիա է կանխատեսվել 3 028 685,7 հազ. ՀՀ դրամ։
Սուբվենցիան համայնքի կողմից իրականացվող առանձին նպատակային ծախսատեսակի (ծրագրի) կատարման համար պետական բյուջեից անհատույց և անվերադարձ կարգով տրվող դրամական միջոց է, որն ուղղվում է համայնքում գործող երաժշտական և արվեստի դպրոցներում (ազգային նվագարաններ) սովորող երեխաների ծախսերի փոխհատուցմանը՝ ընթացիկ ծախսերին, և համայնքի կապիտալ բնույթի խնդիրների լուծմանը:
Ընթացիկ ծախսերի հատկացումը կատարվում է երաժշտական և արվեստի դպրոցների կողմից ներկայացված երեխաների հաճախումների հիմնավոր հաշվարկների, համայնքապետարանի և լիազոր մարմնի միջև կնքված համապատասխան պայմանագրերի հիման վրա: Երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, լարային, փողային նվագարանների գծով սովորում են 175 երեխա, սակայն «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով փոխհատուցում է հատկացվում ընդամենը 41 սովորողի համար (պայմանագիր ՍՄՍՀ-01 10․01․2025թ․)։ Համայնքի 2026 թվականի համար միջնաժամկետ ծախսերի ծրագրով կանխատեսվել է 2025 թվականի մակարդակը։
Համայնքի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով հիմք ընդունելով համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքին տրամադրվող սուբվենցիա է կանխատեսվել ընդամենը 2 537 884,4 հազ. ՀՀ դրամ, որից տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղվող սուբվենցիա՝ 2 304 477,8 հազ. ՀՀ դրամ, «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի համաձայն համայնքի բնապահպանական ծրագրերի իրականացման համար տրամադրվող սուբվենցիա՝ 233 406,6 հազ. ՀՀ դրամ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված ռոյալթիներից մասհանում ազդակիր բնակավայրերի ու ազդակիր բնակավայրեր ներառող համայնքների բյուջեներին՝ գումարները հստակեցված չեն:
6) Պետության պատվիրակած լիազորությունների իրականացման համար հատկացումներ՝ 2026 թվականին պետության պատվիրակած լիազորությունների իրականացման համար համայնքն կստանա պետական բյուջեից ֆինանսավորում՝ համապատասխան առաձնացված ստորաբաժանման (քաղաքացիական կացության ակտերի գրանցում) միջոցով իրականացնելով քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործունեություն: 2026 թվականի համար պատվիրակած լիազորությունների իրականացման համար կանխատեսվում է պետական բյուջեից հատկացում 5 997,0 հազ. ՀՀ դրամ:
7) Այլ եկամուտների գծով բյուջետային մուտքերը 2026 թվականի համար կանխատեսվել է 1 013 168,0 հազ. ՀՀ դրամ:
Այլ եկամուտների կազմում հաշվառվող առանձին եկամտատեսակների գծով 2026 թվականի մուտքերը կանխատեսվել են հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները, նախորդ տարիների մուտքերի հավաքագրման միտումները, ինչպես նաև ընթացիկ տարվա անցած ժամանակահատվածի փաստացի մուտքերը, կնքված պայմանագրերը և ապառքները:
Վարձակալական վճարները (հողի և անշարժ գույքի) հաշվեգրվել են ըստ վարձակալական պայմանագրերի, հողերի դեպքում՝ ըստ կատեգորիաների և ըստ նպատակային նշանակության, անշարժ գույքի դեպքում՝ ըստ կադաստրային արժեքների։
Ծնողական վճարները (նախադպրոցական կրթություն, արտադպրոցական դաստիարակություն) պլանավորվել են՝ հիմք ընդունելով մեկ երեխայի օրական կամ ամսական ծախսային նորման, նախադպրոցական կրթական հաստատություններում՝ նաև սննդի նորման:
Աղբահանության, վճարները սահմանվել են համապատասխան գործող օրենքների և ծառայությունների մատուցման կարգի՝ ըստ շնչերի, սպասարկման տարածքների մակերեսների:
Գծապատկեր 1.3- Կապան համայնքի 2026թվականի կանխատեսվող եկամուտները
2․ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԱԽՍԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐԱԴՐՈՂ ՄԱՍ
4․ Արդյունքները, որոնց համայնքը ցանկանում է հասնել համայնքի կողմից իրականացվելիք ծրագրերի շրջանակներում ծախսեր կատարելու միջոցով՝ ներկայացված հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր խնդիրները, հետևյալն են՝
1) Նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության կազմակերպումը․
Նախադպրոցական տարիքի բոլոր երեխաների ընդգրկվածության ապահովում նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ ավելացնելով խմբասենյակների թիվը, նորոգելով մանկապարտեզները և կառուցելով նոր մանկապարտեզներ, գյուղերում ներդնելով այլընտրանքային նախադպրոցական կրթության անվճար ծառայություններ և ստեղծելով հնարավորություններ՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։
Նախադպրոցական կրթության որակի բարելավում՝ վերապատրաստումներ, մասնագիտական փորձի փոխանակումներ կազմակերպելու միջոցով։
Արտադպրոցական կրթության որակի բարելավում հաստատություններում՝ պարապմունքների կազմակերպման ժամանակակից մեթոդների կիրառման, վերապատրաստումների, փորձի փոխանակման ծրագրերի, որակավորման տարակարգերի չափորոշիչներ սահմանելու և բարձր առաջադիմություն ունեցող լավագույն սաներին՝ բարձրագույն մասնագիտական նպատակային կրթություն ստանալու և աշխատանք ապահովելու միջոցով։
Ակումբ-գրադարանների տեխնիկական վերազինման և կենսաթոշակի անցած մասնագետների միջոցով արտադպրոցական կրթության հասանելիության ապահովում այն թաղամասերի ու գյուղերի երեխաների համար, որտեղ չկան արտադպրոցական հաստատություններ։
2) Համայնքում մարզական կյանքի կազմակերպումը, ֆիզիկական կուլտուրայի և առողջ ապրելակերպի խրախուսումը․
Սպորտի և առողջ ապրելակերպի խթանում՝ տարբեր մարզաձևերից կազմակերպված մրցաշարեր, քաղաքի բոլոր թաղամասերում և մի շարք գյուղերում կառուցված բազմաֆունկցիոնալ խաղահրապարակներ, խաղադաշտեր, տեղադրված մարզասարքեր և այլն։
3) Համայնքի մշակութային կյանքի կազմակերպումը․
Մշակութային ավանդույթների ընդգրկվածության պահպանում, զարգացում և ապահովում՝ փառատոնների և միջոցառումների կազմակերպման, գյուղերում մշակութային օջախների բարեկարգման և վերազինման, կապանյան մշակույթը ներկայանալի դարձնելու միջոցով։
Թանգարանների և գրադարանների հետ կապի աշխուժացում և ավելի ամրապնդում՝ համալրելով գործող թանգարանների թանգարանային ֆոնդը, հիմնելով նոր թանգարան, ստեղծելով գրադարանային գրավիչ միջավայր և համալրելով գրադարանների գրքային ֆոնդը, ստեղծելով գրադարանների աշխատակիցների խրախուսման համակարգ՝ նրանց մասնագիտական պատրաստվածության և որակավորման հիման վրա։
4) Համայնքի երիտասարդության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների կազմակերպումը․
Համայնքում երիտասարդության ակտիվության բարձրացում և պահպանում՝ ապահովելով երիտասարդության ռազմավարական ծրագրերի հետևողական իրականացումը, համայնքի կառավարման և որոշումների կայացման հարցում երիտասարդների ակտիվ մասնակցության խթանումը, երիտասարդական փառատոնների կազմակերպումը և հավաքների կազմակերպման աջակցությունը՝ հանրապետության տարբեր մարզերի երիտասարդների մասնակցությամբ, երիտասարդական ակումբների /հայրենասիրական, մարզական, ինտելեկտուալ/ հիմնումը /հիմնման աջակցությունը/, մարզական և մշակութային միջոցառումներին երիտասարդ ընտանիքների մասնակցության խթանումը։
5) Համայնքի բնակչության սոցիալական պաշտպանությունը, համայնքում ծնելիության և բազմազավակության խթանումը (տեղական սոցիալական ծրագիր).
Բնակիչների ավելի բարեկեցիկ կյանքի ապահովում՝ խոցելի ընտանիքների հասցեական և թիրախավորված աջակցության, համայնքային սոցիալական աշխատանքի խթանման միջոցով առավել խոցելի ընտանիքների կարիքներին արձագանքման, խոցելի ընտանիքների տնտեսական դիմակայունության բարձրացման հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի հնարավորության և սոցիալ հոգեբանական ծառայությունների ընդլայնման, սոցիալական ոլորտի գործընկերների հետ համատեղ սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման, համայնքային մակարդակում երեխաների պաշտպանության ցանցի հիմնման և կանոնավոր գործունեության ապահովման, Կապանի Մանկական կենտրոնի ծառայությունների ընդլայնման և մասնագետների կարողությունների զարգացման, Արցախից տեղահանված ընտանիքների լիարժեք ինտեգրման, տնտեսական կայունության և սոցիալ հոգեբանական աջակցության տրամադրման միջոցով։
6) Համայնքում գյուղատնտեսության զարգացման խթանումը․
Գյուղատնտեսության զարգացման ապահովում՝ ոռոգման և խմելու ջրերի հին համակարգերի հիմնանորոգման, նոր համակարգերի ստեղծման, ավանդական գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման աջակցության և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ գյուղատնտեսության զարգացման աջակցությամբ՝ փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման, տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերման, ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների ստեղծման և փոքր, միջին ու մեծ ջերմոցների ստեղծման միջոցով։
7) Համայնքում զբոսաշրջության զարգացման խթանումը․
Զբոսաշրջության զարգացման՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման աջակցության, գյուղերը զբոսաշրջային տեսանկյունից ավելի գրավիչ դարձնելու, պատմամշակութային հուշարձանների պահպանության աջակցության նպատակով շահագրգիռ կողմերի հետ համագործակցության, զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և անհատների հետ համագործակցության միջոցով։
8) Համայնքի բնակավայրերի կառուցապատումը, բարեկարգումը և կանաչապատումը, համայնքի աղբահանությունը և սանիտարական մաքրումը, կոմունալ տնտեսության աշխատանքների ապահովումը, ինչպես նաև համայնքային գերեզմանատների պահպանումը և գործունեության ապահովումը, համայնքի հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպումը, համայնքային ճանապարհային ենթակառուցվածքների պահպանումը և շահագործումը, համայնքային գույքի կառավարումը․
Համայնքի բարեկարգ տեսքի ապահովում՝ հիմնանորոգելով Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգին և տեղադրելով նոր կարուսելներ, Գարեգին Նժդեհի հուշահամալիրի հարևանությամբ կազմակերպելով հանգստի գոտի, բարեկարգելով հարակից տարածքը, հիմնանորոգելով նախադպրոցական ուսումնական հաստատությունները և հիմնելով նոր նախադպրոցական ուսումնական հաստատություններ, կառուցելով տեխնոպարկ կոմունալ ծառայության համար, հիմնանորոգելով ակումբներն ու գրադարանները, բարեկարգելով բակերն ու ճանապարհները, նորոգելով և հիմնելով խաղադաշտեր, խաղահրապարակներ, մարզահրապարակներ և հանգստի գոտիներ, նորոգելով բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներն ու վերելակները, մաքրելով Ողջի գետի հունը, ստեղծելով հայելային պատկերներ ու վերականգնելով հենապատերը, ապահովելով մի շարք գյուղական բնակավայրերի խմելու ջրի մատակարարումն ու բարձրացնելով ջրամատակարարման որակը, վերանորոգելով խմելու ջրագծերը, հիմնելով և նորոգելով մի շարք գյուղերի ոռոգման ցանցը, բարեկարգելով մի շարք գյուղերի գյուղամիջյան ճանապարհները և ասֆալտապատելով դրանց մի մասը, նորոգելով գյուղերի հասարակական և վարչական շենքերը, ցանկապատելով համայնքային գերեզմանատները և այլն։
Հասարակական տրանսպորտի հասանելիության ապահովում բոլոր ուղղություններով։
Քաղաքային միջավայրի էկոլոգիական պայմանների և քաղաքի արտաքին տեսքի բարելավում՝ ծաղկապատ տարածքների, կանաչ գոտիների ընդլայնմանն ուղղված աշխատանքներ իրականացնելու միջոցով։
Բնակիչների անվտանգ տեղաշարժը ապահովելու և հիվանդությունների տարածումը կանխարգելելու նպատակով թափառող կենդանիների վնասազերծում։
Աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման ապահովում համայնքի բոլոր գյուղերում, կոմունալ ծառայության ավտոպարկի համալրում բազմաֆունկցիոնալ մեքենաներով, աղբահանության վարձավճարների էլեկտրոնային գանձման համակարգի ներդնում։
9) Պետության պաշտպանության իրականացման աջակցումը, աղետների ռիսկերի նվազեցման և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը․
Քաղաքացիական պաշտպանության արդյունավետության բարձրացում և բնակչության լիարժեք պատսպարման ապահովում՝ հնարավորինս անվտանգ դարձնելով Կապան համայնքի գյուղերն իրար կապող ճանապարհները, արդիականացնելով քաղաքացիական պաշտպանության ինժեներական, վթարավերականգնողական ծառայությունները և վերազինելով անհրաժեշտ տեխնիկայով և սարքավորումներով, կառուցելով նոր ապաստարաններ, նորոգելով բազմաբնակարան շենքերի նկուղները, արդիականացնելով և վերազինելով քաղաքացիական պաշտպանության ծառայությունները։
Համայնքի բնակչության անվտանգության ապահովում և անհրաժեշտության դեպքում սահմանային միջադեպերին արձագանքում՝ արագ արձագանքման խմբեր ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերին՝ համայնքի սահմանամերձ բնակավայրերում պաշտպանությանն ուղղված ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներում աջակցելու, սահմանների կահավորման ու ճանապարհների կառուցման գործում Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի հետ համագործակցելու միջոցով։
Աղետների ռիսկերի արդյունավետ կառավարման ապահովում՝ հանքարդյունաբերական ձեռնարկությունների հետ համագործակցությամբ ուսումնասիրելով կոնսերվացված և գործող պոչամբարների ու ապարային թափոնակույտերի և Գեղիի ջրամբարի տեխնիկական վիճակը, շարունակելով գետերի և սելավատարների մաքրման աշխատանքները, ամրացնելով և վերականգնելով Ողջի գետի վնասված հենապատերը, ուսումնասիրելով Կապան համայնքի սողանքային գոտիները, ստեղծելով տեղեկատվական բազա և իրականացնելով կանխարգելիչ միջոցառումներ, բնական աղետների դեպքում աջակցելով փրկարարական վարչությանը որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու գործում։
10) Գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթանումը․
Գործարար միջավայրի բարելավում և ձեռնարկատիրության խթանում՝ գործարարների համար վստահելի ներդրումային միջավայր ստեղծելու միջոցով։
11) Համայնքում բնակարանային շինարարության խթանումը․
Բնակարանային շինարարության խթանում՝ համագործակցելով կառուցապատողների հետ։
12) Համայնքում շրջակա միջավայրի պահպանությունը, ներառյալ համայնքում էկոլոգիական կրթության և դաստիարակության խթանումը․
Շրջակա միջավայրի պահպանության ապահովում՝ կանաչապատ տարածքների պահպանության, նոր կանաչապատ տարածքների ստեղծման միջոցով։
13) Բարեգործության խթանումը համայնքում մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, մարզական, սոցիալական և այլ հաստատությունների հիմնադրման, ֆինանսավորման, ինչպես նաև դրանց ֆինանսական անկախության ապահովման նպատակով․
Բարեգործության խթանում՝ համագործակցելով բարերարների հետ, ստեղծելով գործընկերային հարաբերություններ, ինչպես նաև կապ հաստատելով և ներգրավելով արտերկրում բնակվող կապանցիներին։
5․ Ծախսային գործոնները, որոնք կանխատեսվող ժամանակահատվածում կազդեն համայնքում իրականացվելիք ծախսերի վրա հետևյալն են՝
1) Աշխատավարձի բարձրացում, ինչպես նվազագույն աշխատավարձի, այնպես էլ սահմանված կարգով տարբեր ոլորտների մասնագետների, օրինակ՝ նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի և այլն,
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 24-րդ կետով սահմանված՝ պետական բյուջեից համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրի ընդհանուր արժեքի չափաբաժնի, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերի առաջնահերթությունների փոփոխությունները,
3) Պատերազմի վտանգը և դրա հետևանքները, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կապան խոշորացված համայնքի 39 բնակավայրերի մեծ մասը սահմանամերձ են, իսկ 19 բնակավայրերը՝ խիստ սահմանակից են Ադրջեբանի Հանրապետությանը,
4) Covid-19 համավարակի (և այլ հնարավոր համավարակի) սրացումը (նոր ի հայտ գալը) և դրանով պայմանավորված սահմանափակումների, այդ թվում՝ տնտեսական, կիրառումը և խստացումը, համավարակով ու սահմանափուկմների կիրառման/խստացումներով պայմանավորված սոցիալական վիճակի վատթարացում և այն մեղմելու նպատակով նոր ծախսերի առաջացում,
5) Արտակարգ իրավիճակով կամ որևէ բնական երևույթով պայմանավորված նոր՝ չնախատեսված ծախսերի անհրաժեշտություն կամ պլանավորված եկամտի նվազում,
6) Տարբեր գործընթացներով պայմանավորված արդեն իսկ նախատեսված ծրագրերի շահառուների թվի կտրուկ ավելացում,
7) Բոլոր այն ներքին և արտաքին ծախսային գործոնները, որոնք կարող են ազդել պետական բյուջեից ստացվող դոտացիաների, սուբվենցիաների և հատկացումների վրա,
8) ՀՀ դրամի արժևորումը կամ արժեզրկումը, տարածաշրջանում արտահանվող օգտակար հանածոների գների հնարավոր անկումը կամ նավթի և շինանյութերի գների կտրուկ աճը, գնաճը, աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված պարենային և ոչ պարենային ապրանքների արտահանման կամ ներկրման սահմանափակումները, որոնք կարող են որևէ ազեդցություն ունենալ համայնքի սոցիալական և տնտեսական իրավիճակի վրա՝ դրանով պայմանավորված նաև կանխատեսվող ծախսերի վրա։
Հնարավոր է լինեն նաև այլ ներքին և արտաքին գործոններ, որոնք ներկա պահին հնարավոր չէ կանխատեսել կամ որպես ռիսկ դիտարկել, որոնք, սակայն, կարող են էական բացասական ազդեցություն թողնել համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա՝ դրանով իսկ խոչընդոտելով կանխատեսվող ծախսերի կատարումը կամ նախատեսված ծրագրերի իրականացումը։
6․ Համայնքի հնգամյա զարգացման ծրագրի, հետևաբար նաև միջնաժամկետ ծախսային ծրագրի համար, որպես առաջնահերթություն և գերակայություն է սահմանվում ավելի անվտանգ, բարեկարգ, կանաչապատ, էկոլոգիապես մաքուր, նորոգված ենթակառուցվածքներով, տնտեսապես զարգացած, հոգևոր, մշակութային, մարզական ակտիվ կյանքով ապրող և ավելի բարեկեցիկ բնակիչներով համայնք ունենալը: Առաջնահերթությունների թվում են՝ ավելի համակարգված աղբահանություն, նախադպրոցական և արտադպրոցական կրթության ոլորտում ընդգրկված առավել շատ երեխաներ,համայնքային կյանքում երիտասարդների ակտիվ մասնակցությունն և այլն:
Համայնքի զարգացման հիմնական գրավականը պետք է լինի տնտեսության դիվերսիֆիկացիան (բազմատեսակացում), այսինքն՝ հանքարդյունաբերությունից զատ և նրանով չպայմանավորված ոլորտների զարգացումը, որոնցից առաջնահերթը մեր համայնքում կլինեն բարձր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ և ինտելեկտուալ ներուժի օգտագործմամբ նոր աշխատատեղերի հիմնումը, գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացումը և այլն:
7․ Համայնքում արտաքին ֆինանսական աջակցության չափերը և աղբյուրները կանխատեսելն այնքան էլ իրատեսական չէ։
Սուբվենցիոն ծրագրերի և համայնքում այլ բարեկարգման աշխատանքների իրականացման համար համայնքին աջակցություն են ցուցաբերել տարածաշրջանում գործող հանքարդյունաբերական ընկերությունները։
Համայնքն ակտիվ համագործակցում է նաև տարբեր միջազգային և տեղական կազմակերպությունների հետ՝ դիմելով նաև այդ կազմակերպությունների կողմից հայտարարված դրամաշնորհներին։ Միջազգային դրամաշնորհների և այլ ֆինանսական աջակցությունների միջոցով համայնքը միտված է զարգացնել հատկապես զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, կրթությունը, իրականացնել նաև սոցիալական բնույթի և արևային էներգիայի կիրառմանն ուղղված ծրագրեր։
|
Աշխատակազմի քարտուղար |
Կարեն Ալավերդյան |
|
Հավելված |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2025 թվական: