ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
|
«24» հուլիսի 2025 թ. ք. Երևան |
N 1673-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՄԱԶ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹԻՎ ՏՄՏԶ 00108 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ուսումնասիրելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի (այսուհետ՝ նաև Նախարար) 2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 446-Ա հրամանի հիման վրա ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի (այսուհետ՝ նաև Հանձնաժողով) կողմից ներկայացված՝ «ՀԱՄԱԶ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ 2025 թվականի հուլիսի 14-ի N 1571-Ա հրամանով հարուցված վարչական վարույթի արդյունքները՝
ՊԱՐԶԵՑԻ
1․ Վարչական վարույթի նախապատմությունը.
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի հուլիսի 14-ի N 1571-Ա հրամանով «ՀԱՄԱԶ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ։
Վարչական վարույթի հարուցման համար հիմք են հանդիսացել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) 2025 թվականի հուլիսի 11-ի ՔՏՄ/14.1.2/18374-25 գրությունը առ այն, որ Վարչապետի հանձնարարականի կատարման վերաբերյալ 2025 թվականի գրության և Տեսչական մարմնի ղեկավարի 2025 թվականի հունիսի 02-ի թիվ S/666-2025 հանձնարարագրի՝ 2025 թվականի հունիսի 10-ից մինչև հունիսի 14-ը Ընկերությանը պատկանող տեխնիկական զննության կայանում իրականացվել է ըստ անհրաժեշտության ստուգում։ Ստուգումը ընդգրկել է 2024 թվականի հունիսի 10-ից 2025 թվականի հունիսի 13-ը ընկած ժամանակահատվածը, ինչի արդյունքում բացահայտված խախտումների հիմքով կազմվել և Ընկերությանն է տրամադրվել ստուգման թիվ S/666-2025 ակտը։
Տեսչական մարմնի կողմից Ընկերությունում անցկացված ստուգման № թիվ S/666-2025 ակտում արձանագրվել են հետևյալ խախտումները․
1) Ընկերության կողմից չի ներկայացվել տեխնիկական զննության համար նախատեսված տարածքի սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականը, որը դիտարկվել է ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի № 690-Ն որոշման հավելված 1-ի 6-րդ կետի խախտում։
2) Չի ներկայացվել տեխնիկական զննության իրականացման գործընթացի տեսաձայնագրությունները, որը մեկնաբանվել է որպես ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի № 1565-Ն որոշման հավելվածի 15-րդ կետի պահանջի խախտում։
Տեսչական մարմինը Լիազոր մարմնին առաջարկել է քննարկել Ընկերությանը տրամադրված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության թիվ ՏՄՏԶ 00108 լիցենզիայի գործողության կասեցման հարցը։
Հիմք ընդունելով Տեսչական մարմնի թիվ ՔՏՄ/14.1.2/18374-25 գրությունը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի (բ) կետով՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի հուլիսի 14-ի N 1571-Ա հրամանով Ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ քննարկելու Ընկերության տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության թիվ ՏՄՏԶ 00108 լիցենզիայի գործողության կասեցման հարցը։
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Հանձնաժողովի կողմից քննարկվող փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումն ապահովելու նպատակով 2025 թվականի հուլիսի 16-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հրավիրվել է վարչական լսում՝ ապահովելով Ընկերության ներկայացուցիչների մասնակցությունը։
Վարչական լսման ընթացքում Տեսչական մարմնի թիվ S/666-2025 ստուգման ակտի առաջին կետով արձանագրված խախտման վերաբերյալ Ընկերությունը պարզաբանել է, որ ստուգման ժամանակ առկա է եղել նախկին անվանմամբ («ԷՍ ԷՅՉ ԹԻ ՍԵՐՎԻՍ ՍՊԸ») տեխնիկական զննության համար նախատեսված տարածքի սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական, սակայն Տեսչական մարմնի կողմից պահանջվել է Ընկերության նոր անվանմամբ («ՀԱՄԱԶ ԳՐՈՒՊ ՍՊԸ») վկայական, որը Ընկերության կողմից ներկայացվել է ստուգումից հետո, ուստի հանձնաժողովը արձանագրել է, որ խախտումը Ընկերության կողմից վերացվել է։
Երկրորդ կետով արձանագրված խախտման վերաբերյալ Ընկերությունը պարզաբանել է, որ տեսաձայնագրությունները պահպանող կրիչը վնասվել է՝ Երևան քաղաքի Սեբաստիա 3/3 հասցեում 2025 թվականի փետրվարի 10-ին ժամը՝ 03․00-ից մինչև 04․15-ը, վթարային անջատման և 2025 թվականի մարտի 20-ին ժամը՝ 11․30-ից 17․00-ն պլանային անջատման պատճառներով, ինչպես նաև ներկայացրել է նշված անջատումները հավաստող՝ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության գրությունը։ Ընկերությունը նշել է, որ կրիչը ուղարկվել է համապատասխան մասնագետների մոտ վերականգնելու, սակայն մինչև ստուգումների ավարտը չեն կարողացել վերականգնել։ Ընկերությունը Տեսչական մարմնին հնարավորություն է ունեցել տրամադրելու՝ տեխնիկական զննության իրականացման գործընթացի 64 տեսագրություն։
2․ Ընկերության կողմից ներկայացրած նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է.
Ըստ տեխնիկական զննության էլեկտրոնային շտեմարանի տվյալների՝ Ընկերությունը 2024 թվականի հունիսի 10-ից 2025 թվականի հունիսի 13-ը ընկած ժամանակահատվածում շտեմարան է մուտքագրել 27 հազար 661 տրանսպորտային միջոցներ, իսկ 2025 թվականի մարտի 20-ից հետո՝ 9 հազար 35 տրանսպորտային միջոցներ։
Ընկերությունը Հանձնաժողովին ներկայացրել է 2025 թվականի փետրվարի 10-ին և մարտի 20-ին Երևան քաղաքի Սեբաստիա 3/3 հասցեում հոսանքի անջատումների մասին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գրությունը։
Վարչական վարույթի շրջանակներում, ինչպես նաև Տեսչական մարմնի ստուգումների ընթացքում Ընկերության կողմից չեն ներկայացվել համապատասխան հիմնավորումներ կամ փորձագիտական եզրակացություն՝ անջատման պատճառով տեսանկարահանող սարքավորումների վնասման մասին։
Բացի այդ, Ընկերությունը ստուգման ժամանակ, ինչպես նաև վարչական վարույթի ընթացքում չի ներկայացրել ինչպես մինչև հոսանքի անջատումները իրականացված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման փաստը հավաստող տեսագրությունները, այնպես էլ անջատումներից հետո ընկած ժամանակահատվածում՝ 2025 թվականի մարտի 20-ից հետո՝ 9 հազար 35 տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման փաստը հավաստող տեսագրություններ։
3․ Հրամանի իրավական հիմքերը և հիմնավորումները.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝
1. Վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը:
2. Վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում` իրավական այլ ակտերով:
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝
1. Սույն օրենքով նախատեսված դեպքերում լիցենզավորող մարմինն իր որոշումներն ընդունում է համապատասխան հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Սակայն լիցենզավորող մարմինն իրավունք ունի որոշման համար հիմք չընդունել հանձնաժողովի եզրակացությունը: Այս դեպքում նա պարտավոր է իր որոշմամբ հիմնավորել հանձնաժողովի եզրակացությունը չընդունելու պատճառները:
2. Լիցենզավորող մարմնի որոշման մեջ պետք է նշվեն`
1) լիցենզավորող մարմնի անվանումը, որոշումը կայացնելու ամսաթիվը.
2) հարցը (հայտը, բողոքը, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի գործողության կասեցումը և այլն), որի վերաբերյալ կայացվել է որոշումը.
3) հարցը ներկայացնող անձի անունը (անվանումը).
4) շարժառիթները կամ հիմքերը, որոնցով լիցենզավորող մարմինը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ.
5) քննարկվող հարցի վերաբերյալ եզրակացությունը:
Նույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության համաձայն՝ լիցենզավորող մարմինն իրավունք ունի օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողությունը կասեցնել միայն լիցենզավորող մարմնի լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության համաձայն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Նույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիայի գործողության կասեցման հարցը քննարկում և համապատասխան եզրակացություն է կայացնում սույն օրենքով և հանձնաժողովի կանոնադրությամբ նախատեսված կարգով:
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 2025 թվականի հունիսի 14-ը ընկած ժամանակահատվածում Տեսչական մարմնի կողմից իրականացվել են ստուգումներ՝ «ՀԱՄԱԶ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանը պատկանող տեխնիկական զննության կայանում, որի արդյունքում Ընկերությանն է տրամադրվել Տեսչական մարմնի կողմից կայացված ստուգման թիվ S/666-2025 ակտը։
Տեսչական մարմնի կողմից Ընկերությունում անցկացված ստուգման ակտում արձանագրվել են հետևյալ խախտումները․
1) Ընկերության կողմից չի ներկայացվել տեխնիկական զննության համար նախատեսված տարածքի սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականը, որը դիտարկվել է ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի № 690-Ն որոշման հավելված 1-ի 6-րդ կետի խախտում։
2) Չի ներկայացվել տեխնիկական զննության իրականացման գործընթացի տեսաձայնագրությունները, որը դիտարկվում է որպես ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի № 1565-Ն որոշման հավելվածի 15-րդ կետի պահանջի խախտում։
Հիմք ընդունելով Տեսչական մարմնի թիվ ՔՏՄ/14.1.2/18374-25 գրությունը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի (բ) կետով՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի հուլիսի 14-ի N 1571-Ա հրամանով՝ Ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ քննարկելու Ընկերության տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության թիվ ՏՄՏԶ 00108 լիցենզիայի գործողության կասեցման հարցը։
Ստուգման ակտի առաջին կետով արձանագրված խախտման վերաբերյալ Ընկերությունը վարչական լսման ընթացքում պարզաբանում է ներկայացրել Լիազոր մարմին, որը Հանձնաժողովի կողմից համարվել է ընդունված։
Անդրադառնալով ստուգման ակտի երկրորդ կետով արձանագրված խախտմանը՝ հարկ է նշել հետևյալը․
«Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝
1. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել`
5) լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց՝ օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 3-րդ, 3.1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ և 11.1-ին կետերով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև խախտման պատճառի վերացումը:
Միևնույն ժամանակ ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի «Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 344-Ն, 2007 թվականի փետրվարի 15-ի N 346-Ն, 2007 թվականի ապրիլի 5-ի N 401-Ն ու 2011 թվականի մարտի 31-ի N 350-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1565-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը (այսուհետ՝ Կարգ)։
Կարգի 15-րդ կետի համաձայն՝ տեխնիկական զննության իրականացման գործընթացը տեսաձայնագրվում է, որի ձայնագրությունները կայանում պահպանվում են մեկ տարի ժամկետով։
Այսինքն՝ Ընկերությունը պարտավորվում է տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության իրականացման գործընթացը տեսաձայնագրել և պահպանել մեկ տարի ժամկետով։
Վերոգրյալի առթիվ արձանագրվում է, որ Տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունքում Ընկերությունից պահանջվել են տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի տեսաձայնագրությունները, որոնք Ըներության կողմից չեն ներկայացվել, ինչպես նաև դրանց չներկայացման համար որպես հիմնավորում է ներկայացվել ՀԷՑ-ի կողմից տրված տեղեկանքն՝ առ այն, որ Երևան քաղաքի Սեբաստիա 3/3 հասցեում 2025 թվականի փետրվարի 10-ին ժամը՝ 03․00-ից մինչև 04․15-ը, տեղի է ունեցել վթարային անջատում և 2025 թվականի մարտի 20-ին ժամը՝ 11․30-ից 17․00-ն պլանային անջատում։
Այսինքն, Ընկերության կողմից 2024 թվականի հունիսի 10-ից 2025 թվականի հունիսի 13-ը ընկած ժամանակահատվածում շտեմարան մուտքագրված 27 հազար 661 տրանսպորտային միջոցների, ինչպես նաև 2025 թվականի մարտի 20-ից հետո՝ 9 հազար 35 տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության փաստը հավաստաող տեսագրությունների բացակայությունը Ընկերության կողմից հիմնավորվում է բացառապես «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից տրված տեղեկանքով, որը պարունակում է որոշակի ժամանակահատվածներում տեղի ունեցած անջատումների վերաբերյալ տեղեկատվություն։ Մինչդեռ Ընկերության կողմից, բացի տեղեկանքով նշված ժամանակահատվածների, այլ ժամանակահատվածներում ևս իրականացրած տեխնիկական զննության գործընթացի տեսագրությունները չեն ներկայացվել։
Արձանագրվում է, որ Ընկերության կողմից իրականացվել են ավելի քան 27 հազար 661 տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացներ, սակայն Ընկերությունը Տեսչական մարմնին ներկայացրել է բացառապես 66 տեսագրություն, ընդ որում, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի իրականացման փաստը հավաստող տեսագրությունների իրականացումը և պահպանումը 1 տարի ժամկետով Կարգով սահմնված պարտադիր պահանջ է։
Այսինքն Ընկերության կողմից վերոգրյալ նյութերը Տեսչական մարմին չներկայացնելը հանդիսանում է «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված՝ Ընկերությանը տրամադրված՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության լիցենզիայի կասեցման հիմք։
Միևնույն ժամանակ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ընկերության լիցենզիան կասեցված է մնում քանի դեռ Ընկերության կողմից կասեցման համար հիմք հանդիսացած խախտման պատճառը չի վերացվում։
Հաշվի առնելով, որ Ընկերությունը Տեսչական մարմնի ստուգումների ընթացքում չի ներկայացրել Տեսչական մարմնի կողմից պահանջվող փաստաթղթերը առանց պատշաճ հիմնավորումների, ուստի Ընկերությանը տրամադրված թիվ ՏՄՏԶ 00108 լիցենզիայի գործողությունը ենթակա է կասեցման՝ մինչև Ընկերության կողմից պահանջված փաստաթղթերի Տեսչական մարմին ներկայացումը։
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 2-րդ և 8-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2025 թվականի հուլիսի 17-ի N 07/1 եզրակացությունը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Կասեցնել «ՀԱՄԱԶ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության թիվ ՏՄՏԶ 00108 լիցենզիայի գործողությունը՝ մինչև սույն կասեցման համար հիմք հանդիսացած խախտման պատճառի վերացումը։
2. Լիցենզավորման հանձնաժողովի քարտուղարին՝ վարչական ակտն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում ծանուցել վարույթի մասնակիցներին:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում այն հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկամսյա ժամկետում:
4. Սույն հրամանը ուժի մեջ մտնելուց հետո մեկօրյա ժամկետում ապահովել «ՀԱՄԱԶ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անջատումը տեխնիկական զննության կայանների ընդհանուր համակարգչային ցանցից:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:
|
Նախարար`
7/24/2025 |
Դ. Խուդաթյան |