ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/7636/02/23 2025 թ. | ||||||
| Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/7636/02/23 | |||||||
| |||||||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող |
Գ. Հակոբյան | |
| զեկուցող |
Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Է. Սեդրակյան Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2025 թվականի հուլիսի 08-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Բեստշին» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ դատական դեպարտամենտի (այսուհետ՝ Դեպարտամենտ)՝ որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.12.2023 թվականի որոշման դեմ Դեպարտամենտի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է մասնակիորեն՝ իրեն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասով, անվավեր ճանաչել Դեպարտամենտի 02․05․2023 թվականի թիվ 5 որոշումը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 03.07.2023 թվականի վճռով հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.12.2023 թվականի որոշմամբ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 03․07․2023 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ Ընկերության հայցը բավարարվել է՝ անվավեր է ճանաչվել Ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասով Դեպարտամենտի 02․05․2023 թվականի թիվ 5 որոշումը։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դեպարտամենտը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետը, Կառավարության 04.05.2017 թվականի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 526-Ն որոշման (այսուհետ՝ Կարգ) 32-րդ կետի 19-րդ ենթակետը։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գնումների գործընթացի օրենսդրական կարգավորումներից բխում է, որ, ի թիվս այլ դեպքերի, եթե մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում, անհամապատասխանությունը շտկելու համար մեկ անգամ հնարավորություն ստանալուց հետո չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը, ապա այդ հանգամանքը գնահատվում է որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում, ինչը հիմք է վերջինիս գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը» արտահայտությունը պետք է մեկնաբանել՝ ելնելով Օրենքի կարգավորման ու գնումների գործընթացի իրականացման տրամաբանությունից։
Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետով սահմանված «հրավերով նախատեսված փաստաթղթեր» և «հրավերով սահմանված կարգով և ժամկետներում» պահանջների իմաստային բեռն այն է, որ գնման գործընթացի մասնակիցը՝ այն անձը, որը հրավերի հիման վրա հայտ է ներկայացրել, արձանագրված անհամապատասխանության մասին մեկ անգամ ծանուցվելուց հետո պարտավոր է ներկայացնել փաստաթղթեր, որոնք համապատասխանում են հրավերով սահմանված կարգին ու որոնք ներկայացվում են հրավերով սահմանված ժամկետներում, հակառակ պարագայում մասնակցի վարքագիծը կարող է գնահատվել որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում և հանգեցնել վերջինս՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելուն։ Մինչդեռ Կարգի 32-րդ կետի 19‑րդ ենթակետին Վերաքննիչ դատարանի կողմից տրված մեկնաբանությամբ ստացվում է, որ մասնակցի կողմից հրավերով սահմանված փաստաթղթերի պահանջներին ձևական առումով համապատասխանող ցանկացած փաստաթուղթ ներկայացնելը պետք է դիտարկվի որպես մասնակցի կողմից պատշաճ վարքագծի դրսևորում։ Ավելին, Վերաքննիչ դատարանի կողմից տրված մեկնաբանությունից բխում է, որ մասնակիցը գնահատող հանձնաժողովի կողմից հայտում արձանագրված անհամապատասխանությունների մասին ծանուցվելուց հետո առհասարակ չունի փաստաթղթեր ներկայացնելու որևէ պարտավորություն, ուստի չներկայացնելն էլ չի կարող համարվել պարտավորության խախտում և հանգեցնել մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելուն, ինչը հակասում է գնումների գործընթացի տրամաբանությանը, իսկ պետական գնման գործընթացի իրականացումը կախման մեջ է դնում մասնակիցների կամքից։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ գնումների մասին օրենսդրությունը չի բովանդակում որևէ կարգավորում մասնակիցների կողմից ներկայացված հայտերում արձանագրված անհամապատասխանությունները «թերի շտկված» որակելու վերաբերյալ, քանի որ կառուցված է այն տրամաբանությամբ, որ կա՛մ մասնակիցը ներկայացրել է հրավերով սահմանված պահանջներին համապատասխանող փաստաթղթեր, կա՛մ, եթե մասնակցի ներկայացրած փաստաթղթերում առկա են անհամապատասխանություններ, ապա մասնակիցը չի ներկայացրել «հրավերով նախատեսված» փաստաթղթերը։ Գնումների գործընթացում կարևորվում է հրավերով նախատեսված և հրավերով սահմանված կարգով ու ժամկետներում փաստաթղթերի ներկայացումը, իսկ դրանց չհամապատասխանող փաստաթղթերի ներկայացումը չի կարող գնահատվել որպես դրանց ներկայացում։
Առնվազն թիվ ԵԴ/63151/02/22, թիվ ԵԴ2/7344/02/23 և թիվ ԵԴ2/4968/02/23 քաղաքացիական գործերով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետն ու Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետը կիրառվել են սույն գործով Վերաքննիչ դատարանի տված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.12.2023 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 03.07.2023 թվականի վճռին։
2.1 Ընկերության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։
Մասնակցին գնման գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորության խախտում վերագրելու համար առնվազն անհրաժեշտ է, որպեսզի մասնակիցն ստանձնած լինի որոշակի պարտավորություն, որը սահմանված է գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ։
Գործող իրավակարգավորումներից բխում է, որ ներկայացված հայտերում անհամապատասխանություն արձանագրվելու դեպքում գնման գործընթացին մասնակցող անձին ոչ թե առաջադրվում է անհամապատասխանությունը վերացնելու պարտականություն, այլ մասնակցին առաջարկվում է շտկել անհամապատասխանությունը, իսկ ներկայացված անհամապատասխանությունը չվերացնելու միակ բացասական հետևանքն այն է, որ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է, իսկ ընտրված մասնակից է ճանաչվում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակիցը:
Ներկայացված հայտում առկա անհամապատասխանությունը թերի շտկելը (կամ թերությունները չվերացնելը) և հրավերով սահմանված կարգով ու ժամկետներում հրավերով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելը տարբեր գործողություններ են, որոնք պայմանավորված են նաև դրանց չկատարման արդյունքում վրա հասնող տարբեր անբարենպաստ հետևանքներով։ Հետևաբար մասնակցի կողմից հայտում առկա անհամապատասխանությունը թերի շտկելը չի կարող դիտվել որպես հրավերով սահմանված կարգով ու ժամկետներում հրավերով նախատեսված փաստաթղթերի չներկայացում և Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետով որակվել որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում։
Ո՛չ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետում, ո՛չ Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետում խոսքը չի գնում ներկայացված փաստաթղթի բովանդակության մասին, խոսքը գնում է միայն փաստաթղթի ներկայացված լինելու կամ չլինելու մասին, և բացասական հետևանքն էլ դիտարկվում է միայն այդ տեսանկյունից։ Հետևաբար համապատասխան փաստաթղթերը, այդ թվում՝ շտկման ենթակա, ներկայացված լինելու պարագայում՝ գնման գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու բացասական հետևանքը չի կարող կիրառվել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) գնահատող հանձնաժողովի հաստատած 02.03.2023 թվականի թիվ 1 որոշման հիման վրա Դեպարտամենտը հայտարարել է գնանշման հարցում (այսուհետ նաև՝ Ընթացակարգ), որն իրականացվում է մեկ փուլով՝ էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով: Ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքների (Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակ քաղաքի նստավայրի վարչական շենքի ընթացիկ նորոգման աշխատանքների) կատարման պայմանագիր: Ընթացակարգի ծածկագիրն է՝ «ԴԴ‑ԳՀԱՇՁԲ-23/01» (հատոր 1-ին, գ.թ. 20).
2) Թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-23/01» ծածկագրով գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի 02․03․2023 թվականի թիվ 1 որոշմամբ հաստատվել է Դեպարտամենտի կարիքների համար շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքների (Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակ քաղաքի նստավայրի վարչական շենքի ընթացիկ նորոգման աշխատանքների) ձեռքբերման նպատակով հայտարարված գնանշման հարցման հրավերը (այսուհետ՝ Հրավեր)։
Հրավերի 1-ին մասի 8․9-րդ կետի համաձայն՝ եթե հայտերի բացման և գնահատման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ՝ հրավերի պահանջների նկատմամբ, ներառյալ այն դեպքը, երբ հայտում ներառված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակցի կողմից հաստատված փաստաթղթերը կամ դրանց մի մասը հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին համակարգի միջոցով տեղեկացնում է մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը:
Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտի գնահատման ընթացքում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները:
Հրավերի նույն մասի 8.10-րդ կետի համաձայն՝ եթե նույն հրավերի 8.9-րդ կետով սահմանված ժամկետում մասնակիցը շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա վերջինիս հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է, ներառյալ եթե մասնակիցը նույն հրավերով սահմանված ժամկետում չի ներկայացնում հայտի ապահովման բնօրինակը, իսկ ընտրված մասնակից է ճանաչվում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակիցը:
Հրավերի նույն մասի 8.14-րդ կետի համաձայն՝ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու դեպքում պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։ (...) Ընդ որում, եթե մասնակցի գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին դիմում-հայտարարությունը որակվում է որպես իրականությանը չհամապատասխանող կամ մասնակիցը նույն հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը (այդ թվում՝ շտկման ենթակա) (...), ապա այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում մասնակցի ստանձնած պարտավորության խախտում։
Հրավերի 2-րդ մասի 2․6-րդ կետի համաձայն՝ մասնակիցը հայտով ներկայացնում է իր կողմից հաստատված՝ լրացված ծավալաթերթ-նախահաշիվ՝ համաձայն Հավելված թիվ 2.1-ի (հատոր 1-ին, գ.թ. 20‑28)․
Հրավերի հավելված թիվ 2.1-ով սահմանված է եղել, որ մասնակցի կողմից ներկայացված ծավալաթերթ-նախահաշիվը պետք է պարունակի «Չնախատեսված ծախսեր 3%» տողը (անվիճելի փաստ)․
3) Ընթացակարգի շրջանակներում Ընկերությունը ներկայացրել է գնանշման հարցմանը մասնակցելու դիմում-հայտարարություն (հատոր 1-ին, գ.թ. 78)․
4) գնահատող հանձնաժողովի 21․03․2023 թվականի թիվ 4 արձանագրության 1․1-ին կետի համաձայն՝ (...) Ընկերության կողմից ներկայացված հայտում առկա են հրավերով պահանջվող փաստաթղթերը։ Նույն արձանագրության 2․13-րդ կետի համաձայն՝ Ընկերության կողմից ներկայացված հայտում առկա․
- դիմում-հայտարարությունը (Հավելված 1) կազմված է հրավերով սահմանված պայմաններին համապատասխան,
- գնային առաջարկը (Հավելված 2) կազմված է հրավերով սահմանված պայմաններին համապատասխան,
- ծավալաթերթ-նախահաշվում (Հավելված թիվ 2․1) բացակայում է կատարման ենթակա աշխատանքների համար պահանջվող չնախատեսված ծախսերի (3%) հաշվարկը։
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Կարգի 41-րդ ու Հրավերի 8․9 կետերով՝ գնահատող հանձնաժողովը որոշել է նիստը կասեցնել և Հրավերի պահանջների նկատմամբ անհամապատասխանությունների մասին էլեկտրոնային եղանակով ծանուցել Ընկերությանը՝ առաջարկելով մինչև 22․03․2023 թվականը ներառյալ շտկել արձանագրված անհամապատասխանությունները (հատոր 1-ին, գ.թ. 91-96)․
5) Դեպարտամենտի ղեկավարի ֆինանսատնտեսական հարցերով տեղակալ Ա․ Մեսրոպյանի 21․03․2023 թվականի թիվ ԴԴ-3-Ե-2311 գրությամբ Ընկերության տնօրեն Գ. Սարգսյանը ծանուցվել է այն մասին, որ Ընթացակարգի հայտերի բացման և գնահատման նիստի ընթացքում գնահատող հանձնաժողովի կողմից Ընկերության հայտի գնահատման արդյունքում ներկայացված հայտում արձանագրվել է հրավերի պահանջների նկատմամբ անհամապատասխանություն՝ նշելով, թե կոնկրետ ինչ անհամապատասխանություն է առկա Ընկերության կողմից ներկայացված հայտում, ու առաջարկվել է մինչև 22․03․2023 թվականը շտկել արձանագրված անհամապատասխանությունը (հատոր 1-ին, գ.թ. 82-84)․
6) Ընկերությունը սահմանված ժամկետում ներկայացրել է ծավալաթերթ-նախահաշվի (Հավելված թիվ 2․1) փոփոխված տարբերակը (անվիճելի փաստ)․
7) գնահատող հանձնաժողովի 24․03․2023 թվականի թիվ 6 արձանագրության 1․1-ին կետի համաձայն՝ Ընկերությունը հրավերով սահմանված կարգով և ժամկետում շտկել է ներկայացված հայտում արձանագրված անհամապատասխանությունը։ Որոշվել է հրավերի պահանջների նկատմամբ արձանագրված անհամապատասխանությունների շտկման ներկայացված հայտերի ուսումնասիրության համար հաջորդ նիստը հրավիրել 29․03․2023 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 100)․
8) գնահատող հանձնաժողովի 28․03․2023 թվականի արտահերթ նիստի թիվ 7 արձանագրության համաձայն՝ գնահատող հանձնաժողովը որոշել է նիստը կասեցնել և հայտերի բացման ու գնահատման հաջորդ նիստը հրավիրել 30․03․2023 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 101)․
9) գնահատող հանձնաժողովի 30․03․2023 թվականի թիվ 8 արձանագրությամբ նշվել է, որ Ընկերության կողմից հրավերի պահանջների նկատմամբ անհամապատասխանությունների շտկման նպատակով սահմանված կարգով և ժամկետում ներկայացված փաստաթղթերում առկա են անհամապատասխանություններ հրավերի պահանջների նկատմամբ, այն է՝ Ընկերության կողմից ներկայացված հայտը չի համապատասխանում հրավերով սահմանված պայմաններին, մասնավորապես՝ «Ընդամենը» տողում նշված գումարը չի համապատասխանում «Ընդհանուր արժեքը» սյունակի տողերի հանրագումարին, հետևաբար չեն համապատասխանում նաև «Չնախատեսված ծախսեր 3%» տողում չնախատեսված ծախսերի (3%), «Ընդամենը» տողի հանրագումարի, «ԱԱՀ» տողում ԱԱՀ-ի (20%) և «Ընդհանուրը» տողի հանրագումարի հաշվարկները։ Նույն արձանագրությամբ որոշվել է Ընկերության կողմից ներկայացված հայտը գնահատել անբավարար և մերժել (հատոր 1-ին, գ.թ. 102, 103)․
10) Դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար Ն․ Գալստյանի 02․05․2023 թվականի թիվ 5 որոշմամբ Ընկերությունը ներառվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։ Որպես որոշման իրավական հիմք վկայակոչվել են Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետը և Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետը։ Որպես Ընկերության՝ գնումների գործընթացին մասնակցելու պայմաններին չբավարարելու հիմք նշվել է այն հանգամանքը, որ Ընկերությունը «խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է գնման գործընթացին մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը» (հատոր 1-ին, գ.թ. 85, 86)։
4․ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394‑րդ հոդվածի 1‑ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1‑ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ առնվազն թիվ ԵԴ/63151/02/22, թիվ ԵԴ2/4968/02/23 և թիվ ԵԴ2/7344/02/23 քաղաքացիական գործերով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում Օրենքի 6‑րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետն ու Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետը կիրառվել են սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից նույն նորմերին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ։
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե ներկայացված հայտում հրավերի պահանջների նկատմամբ արձանագրված անհամապատասխանությունը հայտ ներկայացրած մասնակցի կողմից թերի շտկելը կարո՞ղ է արդյոք գնահատվել որպես գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում և հիմք հանդիսանալ մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար։
Օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է պատվիրատուների կողմից ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռք բերելու գործընթացի հետ կապված հարաբերությունները, սահմանում այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները և պարտականությունները:
Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում եմ հետևյալ հիմնական հասկացությունները․
1) պատվիրատու`
ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, պետության կամ համայնքների հիմնարկներ․
(...)
3) գնում` պատվիրատուի հատուցմամբ` ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքելու միջոցով բոլոր տեսակի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը, լիզինգը, պատվիրատուի կողմից նվիրաբերության կարգով իրավաբանական անձանց հատկացվող միջոցների հաշվին ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը, փոխանակման ձևով ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերումը.
(...)
5) մասնակից` պատվիրատուի հետ պայմանագիր կնքելու նպատակով գնումների գործընթացին մասնակցող անձ.
6) ընտրված մասնակից` մասնակից (մասնակիցներ), որին (որոնց) պատվիրատուն առաջարկում է կնքել պայմանագիր.
7) հրավեր` պայմանագիր կնքելու նպատակով մասնակցին առաջարկվող պայմաններ.
8) հայտ` հրավերի հիման վրա մասնակցի կողմից ներկայացվող առաջարկ.
(...)
21) գնումների բազային միավոր` մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ․
(...)
23) գնման գործընթաց` գնում կատարելու նպատակով գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, իրավունքների և պարտականությունների իրագործմանն ուղղված գործողությունների ամբողջություն, ներառյալ՝ գնումների պլանավորումը, գնման առարկայի բնութագրի հաստատումը, պայմանագրի կատարումը և կառավարումը.
(...)։
Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ (...), գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, եթե՝
խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը և մասնակիցը հրավերով և (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրի և (կամ) որակավորման ապահովման գումարը։
Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «(…) Մասնակիցը հայտը ներկայացնում է հրավերով սահմանված կարգով: Հայտը ներառում է մասնակցի հաստատած`
1) հրավերի պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին հայտարարությունը.
2) գնային առաջարկը.
3) ոչ գնային առաջարկը (տեխնիկական առաջարկ կամ տեխնիկական բնութագիր), եթե հրավերով նախատեսված է.
4) հրավերով նախատեսված այլ փաստաթղթեր (տեղեկություններ):»
Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտերը բացվում են հրավերում նշված օրը, ժամին և վայրում` հայտերի բացման նիստում: (...):
Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ հայտերի բացման նիստում հրապարակվում են՝ տեղեկություններ` բացված յուրաքանչյուր ծրարում հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայության վերաբերյալ։
Նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ հայտերի բացման նիստում հրապարակվում են՝ տեղեկություններ` յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` հրավերով սահմանված վավերապայմաններին համապատասխանելու մասին։
Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտերը գնահատվում են հրավերով սահմանված կարգով: Բավարար են գնահատվում հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են:
Կարգի 32-րդ կետի՝ մինչև 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ ենթակետի համաձայն՝ հրավերով նախատեսվում է նաև, որ եթե մասնակցի` հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին հավաստումը որակվում է որպես իրականությանը չհամապատասխանող, կամ մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը կամ ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման կամ պայմանագրի ապահովումը կամ համաձայնագիրը կնքելու նպատակով պայմանագիրը կնքած անձը չի փոխարինում տուժանքի ձևով ներկայացված որակավորման կամ պայմանագրի ապահովումը, ապա այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում։
Կարգի 40-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության համաձայն՝ հայտերի բացման և գնահատման նիստում (...) հանձնաժողովը գնահատում է բացված յուրաքանչյուր ծրարում պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայությունը և դրանց կազմման համապատասխանությունը հրավերով սահմանված վավերապայմաններին։
Նույն կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ հայտերի բացման և գնահատման նիստում Հանձնաժողովը մերժում է այն հայտերը, որոնցում բացակայում է գնային առաջարկը և (կամ) հայտի ապահովումը, կամ եթե դրանք ներկայացված են հրավերի պահանջներին անհամապատասխան, բացառությամբ նույն կարգի 41-րդ կետով նախատեսված դեպքի: (...)։
Կարգի 41-րդ կետի համաձայն՝ եթե հայտերի բացման և գնահատման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ՝ հրավերի պահանջների նկատմամբ ներառյալ այն դեպքերը, երբ հայտում ներառված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակցի կողմից հաստատված փաստաթղթերը կամ դրանց մի մասը հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները:
Կարգի 42-րդ կետի համաձայն՝ եթե նույն կարգի 41-րդ կետով սահմանված ժամկետում մասնակիցը շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա նրա հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է, ներառյալ եթե մասնակիցը նույն կարգի 32-րդ կետի 1-ին մասի «ե» պարբերությամբ սահմանված ժամկետում չի ներկայացնում հայտի ապահովման բնօրինակը, իսկ ընտրված մասնակից է ճանաչվում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակիցը:
Նախկինում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գնումը հանրային կարիքների համար անհրաժեշտ ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը ձեռք բերելու համար կատարվող որոշակի գործողությունների համախումբ է, որոնց արդյունքում կնքվում է գնման պայմանագիրը, և բավարարվում է պատվիրատուի կարիքը։
Գնման գործընթացն իրականացվում է միմյանց տրամաբանորեն հաջորդող որոշակի փուլերով։
Գնման գործընթացը պայմանականորեն կարելի է բաժանել հաջորդաբար տեղի ունեցող առնվազն երկու փուլերի՝
1) կոնտրագենտի ընտրության (նախապայմանագրային) փուլ, որը հետապնդում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով նախանշված սկզբունքների պահպանմամբ լավագույն (տնտեսող, արդյունավետ և օգտավետ) առաջարկի ընտրության և նրա հետ պայմանագրի կնքման նպատակ․
2) ընտրված մասնակցի հետ կնքված պայմանագրի կատարման (պայմանագրային) փուլ, որի նպատակը նախորդ փուլում ընտրված մասնակցից նրա կողմից առաջարկված և հավանության արժանացած առաջարկի պայմաններով ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ձեռքբերման ապահովումն ու պատվիրատուի կարիքի բավարարումն է։
Գնման գործընթացի փուլերից յուրաքանչյուրի ընթացքում գնման գործընթացը նախաձեռնող պատվիրատուի և գնման գործընթացի մասնակիցների միջև ծագում են տարաբնույթ պարտավորական հարաբերություններ, որոնց իրավական կարգավորման հիմքում օրենսդիրը դրել է գնման գործընթացի տնտեսող, արդյունավետ և օգտավետ իրականացման վերջնանպատակն ու գնման գործընթացը միասնական կանոններով իրականացնելու, այն մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպելու, մասնակիցների շրջանակի ընդլայնման, նրանց միջև մրցակցության խրախուսման, ցանկացած անձի համար գնման գործընթացին մասնակցելու հնարավորության ապահովման սկզբունքները։ Ընդ որում, նախապայմանագրային փուլում որպես գնման գործընթացի սուբյեկտների քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների ծագման հիմք հանդես են գալիս Օրենքով նախատեսված միակողմանի գործողությունները (գնումների հայտարարության և հրավերի հրապարակումը, հայտի ներկայացումը, ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշում կայացնելը և այլն), իսկ պայմանագրային փուլում՝ պատվիրատուի ու սահմանված կարգով ընտրված մասնակցի միջև կնքված պայմանագիրը։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գնումների գործընթացում ստանձնած պարտավորությունների ապահովման գործիքակազմի առումով օրենսդիրը նախատեսել է հայտի ապահովման և պայմանագրի ապահովման ինստիտուտները։ Ընդ որում, հայտի ապահովումը դիտարկվում է որպես մասնակցի կողմից հայտով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող [Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետ], իսկ պայմանագրի ապահովումը՝ սահմանված կարգով ներկայացված հայտերը գնահատման հանձնաժողովի կողմից գնահատելու արդյունքում ընտրված մասնակցի կողմից պայմանագրով ստանձնվող պարտավորությունների կատարումն ապահովող միջոց [Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9‑րդ կետ] (տե՛ս Պաշտպանության նախարարությունն ընդդեմ «Լիվադ» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/54386/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04․04․2025 թվականի որոշումը)։
Նախկինում կայացված մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել, որ հայտի ապահովման նպատակը մասնակցի կողմից հայտերի ներկայացման փուլից մինչև պայմանագրի կնքման փուլն ընկած ժամանակահատվածում մասնակցի կողմից հայտի ներկայացմամբ ստանձնած պարտավորությունների կատարման ապահովումն է: Ուստի ընտրված մասնակցի հետ պայմանագրի կնքմամբ եզրափակվում է հայտի ապահովման գործառույթը, առավել ևս, որ ընտրված մասնակիցը պարտավորվում է ներկայացնել պայմանագրի ապահովում՝ Օրենքի 35-րդ հոդվածի համաձայն: Ի տարբերության հայտի ապահովման՝ պայմանագրի ապահովումն ապահովում է պայմանագրի կատարման գործընթացը (տե՛ս «Եղեգնաձոր ՃՇՇ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձի թիվ ԵԴ/12436/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22․10․2021 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախկինում կայացված վերոնշյալ որոշումներով ՀՀ վճռաբեկ դատարանը, ըստ էության, հերքել է դատական պրակտիկայում արտահայտված այն իրավական դիրքորոշման իրավաչափությունը, որի համաձայն՝ գնման գործընթացին մասնակցելու հայտ ներկայացնելով՝ մասնակիցը որևէ պարտավորություն չի ստանձնում, քանի դեռ համապատասխան գործընթացի արդյունքներով չի ճանաչվել հաղթող մասնակից, և հրավերով նախատեսված փաստաթղթերը նույն հրավերով սահմանված ժամկետում ու կարգով ներկայացնելը հանդիսանում է ոչ թե մասնակցի պարտականություն, այլ՝ օրենքով իրեն վերապահված հնարավորություն, որից չօգտվելը, որպես բացասական հետևանք, կարող է հանգեցնել բացառապես ներկայացված հայտն անբավարար գնահատելուն և մերժելուն ու չի կարող հիմք հանդիսանալ մասնակցի նկատմամբ այլ անբարենպաստ հետևանքների կիրառման համար։
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև իրավական դիրքորոշում է հայտնել, որ հրապարակված հրավերի հիման վրա գնումների գործընթացին մասնակցելու հայտ ներկայացնելով՝ անձը ոչ միայն պարզապես ձեռք է բերում գնման գործընթացին մասնակցող անձի կարգավիճակ, այլ նաև, որպես հետևանք՝ գնումների գործընթացի նախապայմանագրային փուլում առնվազն ստանձնում է՝
1) հայտն օրենքով և հրավերով սահմանված կարգով ներկայացնելու պարտավորություն՝ ներառյալ հայտին հրավերով պահանջվող փաստաթղթերը (այդ թվում՝ հայտի ապահովումը հավաստող) կցելու, գնման գործընթացում գնահատող հանձնաժողովին պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու պարտականություն,
2) հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին արժանահավատ հավաստում ներկայացնելու պարտականություն,
3) ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում որակավորման ապահովում ներկայացնելու, պայմանագրի ապահովում ներկայացնելու, պայմանագիրը կնքելու պարտականություն (տե՛ս Պաշտպանության նախարարությունն ընդդեմ «Լիվադ» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/54386/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04․04․2025 թվականի որոշումը)։
Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գնման գործընթացին մասնակցող անձի՝ հայտն օրենքով և հրավերով սահմանված կարգով ներկայացնելու պարտավորությունը ներառում է ոչ միայն գնման գործընթացին մասնակցելու հայտ ներկայացնելիս օրենքով ու հրավերով նախատեսված փաստաթղթերը (տեղեկությունները) ներկայացնելու, այլ նաև իր կողմից ներկայացված հայտում հրավերի պահանջների նկատմամբ արձանագրված անհամապատասխանությունները շտկելու նպատակով հանձնաժողովի կողմից պահանջված փաստաթղթերը սահմանված կարգով, ձևով և ժամկետում ներկայացնելու պարտականությունը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գնման գործընթացի մասնակցի կողմից օրենքով և հրավերով սահմանված կարգով հայտը (պահանջվող փաստաթղթերը) ներկայացնելու պարտավորությունը չկատարելու իրավական հետևանքները, նախևառաջ, կախված են գնահատող հանձնաժողովի կողմից հայտերի բացման ու գնահատման նիստում արձանագրված անհամապատասխանությունների բնույթից։ Այսպես՝
1) եթե մասնակցի հայտում բացակայում է գնային առաջարկը կամ հայտի ապահովումը՝ ներառյալ այն դեպքերը, երբ Կարգի 32-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությամբ սահմանված ժամկետում չի ներկայացնում հայտի ապահովման բնօրինակը, ապա մասնակցի ներկայացրած հայտը մերժվում է՝ առանց հայտը ներկայացրած մասնակցին հայտնաբերված անհամապատասխանությունը շտկելու հնարավորություն տալու․
2) եթե մասնակցի հայտում արձանագրվում են հրավերի պահանջների նկատմամբ այլ անհամապատասխանություններ, ապա հանձնաժողովը պարտավոր է մեկ աշխատանքային օրով կասեցնել նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը՝ նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցել մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել արձանագրված անհամապատասխանությունը: Ընդ որում, եթե մասնակիցը մինչև կասեցման ժամկետի ավարտը չի շտկում կամ թերի է շտկում արձանագրված անհամապատասխանությունը՝ ներառյալ այն դեպքերը, երբ արձանագրված անհամապատասխանությունը շտկելու նպատակով չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերը, դրանք ներկայացնում է սահմանված ժամկետի խախտմամբ կամ դրանցում թույլ է տալիս այլ անհամապատասխանություն հրավերի պահանջների նկատմամբ, տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է:
Բոլոր նշված դեպքերում մասնակցի հայտն անբավարար գնահատելը և մերժելը հանգեցնում է գնման գործընթացին նրա հետագա մասնակցության դադարեցման։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գնահատող հանձնաժողովի կողմից մասնակցի հայտն անբավարար գնահատելն ու մերժելը, որպես հետևանք՝ գնման գործընթացին նրա հետագա մասնակցության դադարեցումը, ըստ գնումների մասին օրենսդրության, տվյալ մասնակցի համար կարող է առաջացնել նաև այլ անբարենպաստ հետևանքներ՝ հայտի ապահովման գումարը վճարելու պարտականություն [Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ], ինչպես նաև ընդգրկում գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում [Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետ]։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ մասնակիցն ընդգրկվում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝
1) եթե խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը,
2) մասնակիցը հրավերով և (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրի և (կամ) որակավորման ապահովման գումարը։
Միևնույն ժամանակ Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ մասնակիցը վճարում է հայտի ապահովումը, եթե նա`
1) հայտարարվել է ընտրված մասնակից, սակայն հրաժարվում կամ զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից.
2) խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորություն, որը հանգեցրել է գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը։
Վերոշարադրյալից բխում է, որ գնման գործընթացին մասնակցի հետագա մասնակցության դադարեցումից զատ նրա համար այլ անբարենպաստ հետևանքներ կարող են առաջանալ միայն այն դեպքերում, երբ վերջինս թույլ է տվել գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում և հրավերով սահմանված ժամկետում չի վճարել հայտի ապահովման գումարը (վերջին պայմանը՝ եթե կիրառելի է1)։ Այլ կերպ ասած՝ մասնակցի ներկայացրած հայտը մերժելու պատճառը կարող է հայտի ապահովման գումարը վճարելու պարտականության առաջացման և գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու հիմք հանդիսանալ միայն այն դեպքում, երբ հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը շտկելուն ուղղված մասնակցի վարքագիծը գնահատվում է որպես «գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում»։
Կարգի 32-րդ կետի՝ մինչև 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ կետի բովանդակությունից բխում է, որ գնումների գործընթացի մասնակցի վարքագիծը կարող է որակվել որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում հետևյալ դեպքերում՝
1) մասնակցի` հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին հավաստումը գնահատող հանձնաժողովի կողմից գնահատվում է որպես իրականությանը չհամապատասխանող․
2) մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը․
3) ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման կամ պայմանագրի ապահովումը կամ համաձայնագիրը կնքելու նպատակով պայմանագիրը կնքած անձը չի փոխարինում տուժանքի ձևով ներկայացված որակավորման կամ պայմանագրի ապահովումը։
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել, որ երբ օրենքի լեզուն պարզ, միանշանակ և հասկանալի է, դատարանն այլևս այն լրացուցիչ մեկնաբանելու պարտականություն չի կրում ու մեկնաբանման այլ կառուցակարգեր կիրառելու անհրաժեշտությունը բացակայում է (այն մեկնաբանվում է բառացիորեն): Օրենքը միանշանակ չէ միայն այն դեպքում, երբ այն կարող է միաժամանակ ողջամտորեն տարբեր կերպ մեկնաբանվել կամ բավարար չափով հստակ ձևակերպված չէ։ Սա բխում է այն կանոնից, որ դատարանն առաջին հերթին պետք է ենթադրի, որ օրենսդիրը սահմանել է օրենքով այն, ինչ ինքն իրականում նկատի ունի (տե՛ս Լևոն Բարսեղյանն ընդդեմ Արտյոմ Խաչատրյանի թիվ ԵԴ/23801/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15․04․2022 թվականի որոշումը):
Հիմք ընդունելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները, նկատի ունենալով, որ տվյալ դեպքում Կարգի 32-րդ կետի՝ մինչև 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ ենթակետը շարադրված է բավարար չափով հստակ և հասկանալի, ողջամտորեն բացակայում է այն տարբեր կերպ մեկնաբանելու հնարավորությունը՝ Վճռաբեկ դատարանը, ղեկավարվելով նորմատիվ իրավական ակտի նորմն իր տառացի նշանակությամբ մեկնաբանելու կանոնով, արձանագրում է, որ նշված նորմի իմաստով «մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը» պայմանի առկայության մասին խոսք կարող է գնալ միայն այն դեպքերում, երբ մասնակիցը գնահատման հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը շտկելու նպատակով սահմանված կարգով ու ժամկետում չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերը, այլ կերպ ասած՝ դրսևորում է անգործություն, կամ ներկայացնում է այնպիսի փաստաթղթեր, որոնք ակնհայտորեն վերաբերելի չեն արձանագրված անհամապատասխանությանը, առերևույթ չեն կարող ուղղված լինել արձանագրված անհամապատասխանությունը շտկելուն։
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Կարգի 32-րդ կետի՝ մինչև 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19‑րդ ենթակետով գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում է դիտարկվում «փաստաթղթեր չներկայացնելը», որը հարկ է տարբերել այն իրավիճակներից, երբ մասնակիցը, նպատակ հետապնդելով շտկել հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը, սահմանված կարգով և ժամկետում ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ հանձնաժողովի գնահատմամբ թերի շտկելով արձանագրված անհամապատասխանությունները կամ դրանցում թույլ տալով նոր անհամապատասխանություններ։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման դեպքերում, թեև Կարգի 42-րդ կետի ուժով մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է՝ հանգեցնելով գնման գործընթացին նրա հետագա մասնակցության դադարեցմանը, այդուհանդերձ մասնակցի վարքագիծը չի կարող գնահատվել որպես գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում։ Համապատասխանաբար նման իրավիճակում չի կարող խոսք լինել նաև մասնակցի մոտ հայտի ապահովումը վճարելու պարտականության առաջացման (եթե կիրառելի է), իսկ վերջինս հրավերով սահմանված ժամկետում չվճարելու դեպքում՝ նաև մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու հիմքի առկայության մասին։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ գնահատող հանձնաժողովի հաստատած 02.03.2023 թվականի թիվ 1 որոշման հիման վրա Դեպարտամենտը հայտարարել է գնանշման հարցում, որի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով պետք է առաջարկվեր կնքել շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքների (Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակ քաղաքի նստավայրի վարչական շենքի ընթացիկ նորոգման աշխատանքների) կատարման պայմանագիր:
Ընթացակարգի շրջանակներում գնանշման հարցմանը մասնակցելու դիմում-հայտարարություն է ներկայացրել նաև Ընկերությունը։
Գնահատող հանձնաժողովի 21․03․2023 թվականի թիվ 4 արձանագրության 1․1-ին կետում նշվել է, որ Ընկերության կողմից ներկայացված հայտում առկա են եղել հրավերով պահանջվող փաստաթղթերը։ Միևնույն ժամանակ նույն արձանագրության 2․13-րդ կետով արձանագրվել է, որ Ընկերության կողմից ներկայացված հայտում առկա ծավալաթերթ-նախահաշվում (Հավելված թիվ 2․1) բացակայում է կատարման ենթակա աշխատանքների համար պահանջվող չնախատեսված ծախսերի (3%) հաշվարկը, որպիսի փաստը հիմք ընդունելով և ղեկավարվելով Կարգի 41-րդ ու Հրավերի 8․9-րդ կետերով՝ գնահատող հանձնաժողովը որոշել է նիստը կասեցնել և Հրավերի պահանջների նկատմամբ անհամապատասխանությունների մասին էլեկտրոնային եղանակով ծանուցել Ընկերությանը՝ առաջարկելով մինչև 22․03․2023 թվականը ներառյալ շտկել արձանագրված անհամապատասխանությունները։
Սահմանված ժամկետում Ընկերությունը ներկայացրել է ծավալաթերթ-նախահաշվի (Հավելված թիվ 2․1) փոփոխված տարբերակը։
Գնահատող հանձնաժողովի 30․03․2023 թվականի թիվ 8 արձանագրությամբ նշվել է, որ Ընկերության կողմից հրավերի պահանջների նկատմամբ անհամապատասխանությունների շտկման նպատակով սահմանված կարգով և ժամկետում ներկայացված փաստաթղթերում առկա են անհամապատասխանություններ հրավերի պահանջների նկատմամբ, այն է՝ Ընկերության կողմից ներկայացված հայտը չի համապատասխանում հրավերով սահմանված պայմաններին, մասնավորապես՝ «Ընդամենը» տողում նշված գումարը չի համապատասխանում «Ընդհանուր արժեքը» սյունակի տողերի հանրագումարին, հետևաբար չեն համապատասխանում նաև «Չնախատեսված ծախսեր 3%» տողում չնախատեսված ծախսերի (3%), «Ընդամենը» տողի հանրագումարի, «ԱԱՀ» տողում ԱԱՀ-ի (20%) և «Ընդհանուրը» տողի հանրագումարի հաշվարկները։ Նույն արձանագրությամբ որոշվել է Ընկերության կողմից ներկայացված հայտը գնահատել անբավարար և մերժել։
Դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար Ն․ Գալստյանի 02․05․2023 թվականի թիվ 5 որոշմամբ Ընկերությունը ևս ներառվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։ Որպես որոշման իրավական հիմք վկայակոչվել են Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետը և Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետը։ Որպես Ընկերության՝ գնումների գործընթացին մասնակցելու պայմաններին չբավարարելու հիմք նշվել է այն հանգամանքը, որ Ընկերությունը «խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է գնման գործընթացին մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը»։
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է մասնակիորեն՝ իրեն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասով, անվավեր ճանաչել Դեպարտամենտի 02․05․2023 թվականի թիվ 5 որոշումը՝ հայցի հիմքում, ի թիվս այլնի, դնելով նաև այն, որ Դեպարտամենտը պարտավորության խախտում է գնահատել հայտում արձանագրված անհամապատասխանությունը թերի շտկելը, մինչդեռ Ընկերության կողմից հայտում առկա անհամապատասխանությունը թերի շտկելը չի կարող դիտարկվել որպես հրավերով սահմանված կարգով և ժամկետներում հրավերով նախատեսված փաստաթղթերի չներկայացում ու Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետով որակվել որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում:
Դատարանը պատճառաբանելով, որ «օրենսդրի նպատակը Օրենքի 3-րդ հոդվածով հայտարարված այնպիսի նպատակի իրագործման ապահովումն է՝ ինչպիսին գնումների և գնումների գործընթացի տնտեսող, արդյունավետ և օգտավետ իրականացումն է, որն իր հերթին անհնարին կլինի ապահովել, եթե գնմանը մասնակցող սուբյեկտներին հնարավորություն տրվի ցանկացած պահի հրաժարվել մասնակցությունից կամ խոչընդոտել գործընթացը՝ ներառյալ ձևական կամ ոչ պատշաճ մասնակցության ուժով», «Ցուցակում ներառելը հանդիսանում է այն հիմնական կանխարգելիչ միջոցը, որի սպառնալիքի ազդեցությամբ օրենսդիրը ցանկացել է զերծ պահել գնման գործընթացը ոչ պատշաճ, ձևական կամ հայեցողական մասնակցությունից, որոնք իրենց հերթին կարող են հանգեցնել մի ամբողջ գործընթացի տապալման և դրա արդյունքում նաև հետապնդվող հանրային շահի վնասման», «Օրենքով հետապնդվող նպատակից ելնելով հարկ է արձանագրել, որ օրենսդիրը թույլ չի տալիս ցանկացած բովանդակությամբ փաստաթղթի ներկայացումը, այլ միայն հրավերով նախատեսված, իսկ դրա խախտման պարագայում, մինչև բացասական հետևանքի կիրառումը, մեկ անգամ հնարավորություն է ընձեռնում համապատասխանեցնել փաստաթղթերը հրավերի պահանջներին», և արձանագրելով, որ «սույն գործով անվիճելի են այնպիսի փաստեր, ինչպիսիք են՝ Ընկերության կողմից հրավերին ոչ համապատասխան փաստաթղթերի ներկայացումը և դրա շտկման հնարավորության ընձեռնմամբ, թերությունը վերացված չլինելը, ինչն իր հերթին հիմք է հանդիսացել հայտի մերժման համար, և հայտի մերժման իրավաչափության վիճարկված չլինելը», 03.07.2023 թվականի վճռով Ընկերության հայցը մերժել է։
Վերաքննիչ դատարանը 20.12.2023 թվականի որոշմամբ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը բավարարել է, Դատարանի 03․07․2023 թվականի վճիռը բեկանել է և փոփոխել՝ Ընկերության հայցը բավարարել է՝ անվավեր ճանաչելով Դեպարտամենտի 02․05․2023 թվականի թիվ 5 որոշումը՝ Ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասով, հետևյալ պատճառաբանությամբ․
«Գործադիրը, արձանագրված անհամապատասխանությունների շտկում ներկայացնելու հնարավորության կատարման համար սահմանելով այդպիսի առաջարկ ստանալու պահից հաշված 1 աշխատանքային օրյա ժամկետ, գնման գործընթացի մասնակիցներին ընձեռել է այն օբյեկտիվ ժամանակահատվածը, երբ վերջիններս կարող են իրացնել Օրենքով և Կարգով սահմանված՝ արձանագրված անհամապատասխանությունների շտկելու իրավական հնարավորությունը։
Թե՛ հանձնաժողովի, և թե՛ վկայակոչված նորմատիվ ակտի համապատասխան նորմի դիսպոզիցիայում տեղ գտած «առաջարկել» եզրույթը՝ դրա կիրառման համատեքստում ինքնին չի նախատեսում հայտ ներկայացնողի համար որևէ պարտավորության ի հայտ գալու փաստ կամ առավել ևս այդպիսի պարտավորության ստանձնում վերջինիս կողմից, այն ընդամենը հնարավորություն է հայտ ներկայացնողի համար, որից օգտվելու կամ չօգտվելու հարցը գտնվում է վերջինիս բացառիկ հայեցողության ներքո՝ ելնելով պայմանագրի ազատության սկզբունքի անխոչընդոտ իրացման՝ օրենքով երաշխավորված հնարավորությունից։
Այսինքն, գնման գործընթացի նշված փուլում՝ հայտերի բացման ժամանակահատվածում, ներկայացված հայտերում անհամապատասխանություն արձանագրվելու դեպքում, գնման գործընթացին մասնակցող անձին ոչ թե առաջադրվում է անհամապատասխանությունը վերացնելու պարտականություն, այլ մասնակցին առաջարկվում է շտկել անհամապատասխանությունը։
Այդպիսի հնարավորությունը չիրացնելու արդյունքում ընկերությունն ինքն է կրում այդպիսի թերությունները չշտկելու բացասական հետևանքը, որը հանգեցնում է միայն գնման գործընթացի արդյունքներով պարտվող որակվելուն։
Այսինքն, նման որոշման ընդունման փաստն ինքնին նշանակում է, որ գնման գործընթացում մասնակցի ընտրությունը եզրափակել է գնման գործընթացի մասնակցի ընտրության փուլը, այդ փուլը այլևս չի շարունակվում, իսկ անբավարար գնահատված հայտ ներկայացրած սուբյեկտը պարտվել է ընտրության փուլում և այդ փաստի ուժով էլ դադարել՝ նրա հետագա մասնակցությունը գնման գործընթացում։
«Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի (այսուհետ նաև՝ Կարգ) 32-րդ կետի 19-րդ ենթակետի համաձայն՝ եթե մասնակցի` հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին հավաստումը որակվում է որպես իրականությանը չհամապատասխանող, կամ մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը կամ ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման ապահովումը, ապա այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում:
Վերը նշվածից հետևում է, որ Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետը հստակ և սպառիչ սահմանում է այն բոլոր դեպքերը, երբ մասնակցի կողմից դրսևորած վարքագիծը կարող է դիտարկվել որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում, դրանք են.
1. հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին հավաստումը որակվում է որպես իրականությանը չհամապատասխանող.
2. մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը.
3. ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման կամ պայմանագրի ապահովումը կամ համաձայնագիրը կնքելու նպատակով պայմանագիրը կնքած անձը չի փոխարինում տուժանքի ձևով ներկայացված որակավորման կամ պայմանագրի ապահովումը:
Վերը նշված կարգավորումները սույն գործի փաստերի հետ համադրելով՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Ընկերության դրսևորած վարքագիծը՝ ներկայացված հայտում առկա անհամապատասխանությունը թերի շտկելը, չի կարող դիտարկվել գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում։ Որպեսզի գնման գործընթացի մասնակցին վերագրվի գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում, անհրաժեշտ է, որպեսզի առկա լինի Կարգի 32‑րդ կետի 19-րդ ենթակետով նախատեսված հիմքերից որևէ մեկը, իսկ ներկայացված հայտում առկա անհամապատասխանությունը թերի շտկելը չի համապատասխանում Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետով նախատեսված հիմքերից որևէ մեկին։
Ներկայացված հայտում առկա անհամապատասխանությունը թերի շտկելը (կամ թերությունները չվերացնելը) և հրավերով սահմանված կարգով և ժամկետներում հրավերով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելը տարբեր գործողություններ են, որոնք պայմանավորված են նաև դրանց չկատարման արդյունքում վրա հասնող տարբեր անբարենպաստ հետևանքներով։ Հետևաբար՝ Ընկերության կողմից հայտում առկա անհամապատասխանությունը թերի շտկելը չի կարող դիտվել որպես հրավերով սահմանված կարգով և ժամկետներում հրավերով նախատեսված փաստաթղթերի չներկայացում և Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետով որակվել որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում։
Ընդ որում՝ շատ կարևոր է նաև նշել, որ գնահատող հանձնաժողովի 30․03․2023թ. նիստի թիվ 8 արձանագրությունը ևս որևէ նշում չի պարունակում Ընկերության կողմից Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության մասին։ Սա էական հանգամանք է, քանի որ այդ հիմքերից որևէ մեկի առկայության պայմաններում դրա մասին գնահատող հանձնաժողովի եզրակացության մեջ պետք է հատուկ նշում կատարվեր՝ համապատասխան պատճառաբանությամբ։
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ ներկայացված հայտում առկա անհամապատասխանությունը թերի շտկելը, ինչպես «Գնումների մասին» ՀՀ օրենքով, այնպես էլ Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետով չի դիտվում որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում, հետևաբար՝ Ընկերության համար չի կարող առաջանալ Կարգի 42-րդ կետով նախատեսված հետևանքից զատ որևէ այլ անբարենպաստ հետևանք։
Նշվածի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատարանում հաստատված փաստն առ այն, որ «Բեստշին» ՍՊ ընկերության կողմից թույլ է տրվել գնման գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորության խախտում, ինչն էլ հիմք է հանդիսացել պատվիրատուի ղեկավարի կողմից վերջինիս գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին որոշման կայացման համար, չի կարող ընդունվել որպես հիմք, քանի որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս՝ Դատարանը սխալ է թույլ տվել»:
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը, որ Կարգի 41-րդ կետում «տեղ գտած «առաջարկել» եզրույթը՝ դրա կիրառման համատեքստում ինքնին չի նախատեսում հայտ ներկայացնողի համար որևէ պարտավորության ի հայտ գալու փաստ կամ առավել ևս այդպիսի պարտավորության ստանձնում վերջինիս կողմից, այն ընդամենը հնարավորություն է հայտ ներկայացնողի համար, որից օգտվելու կամ չօգտվելու հարցը գտնվում է վերջինիս բացառիկ հայեցողության ներքո՝ ելնելով պայմանագրի ազատության սկզբունքի անխոչընդոտ իրացման՝ օրենքով երաշխավորված հնարավորությունից», «Այդպիսի հնարավորությունը չիրացնելու արդյունքում ընկերությունն ինքն է կրում այդպիսի թերությունները չշտկելու բացասական հետևանքը, որը հանգեցնում է միայն գնման գործընթացի արդյունքներով պարտվող որակվելուն»՝ Վճռաբեկ դատարանն այն համարում է ոչ իրավաչափ, քանի որ նման եզրահանգմամբ Վերաքննիչ դատարանը փաստացի բացառել է գնումների գործընթացի նախապայմանագրային փուլում հայտ ներկայացրած մասնակցի մոտ որևէ պարտավորության ծագումը։ Մինչդեռ, ինչպես նշվել է վերը, գնման ընթացակարգի շրջանակներում մասնակցության հայտ ներկայացնելով՝ մասնակիցը ոչ միայն ձեռք է բերում գնման գործընթացին մասնակցող անձի կարգավիճակ, այլ նաև ստանձնում է մի շարք պարտականություններ, այդ թվում՝ գնումների գործընթացի նախապայմանագրային փուլում հայտն օրենքով և հրավերով սահմանված կարգով ներկայացնելու՝ ներառյալ հայտին հրավերով պահանջվող փաստաթղթերը կցելու, ինչպես նաև արձանագրված թերությունները վերացնելու նպատակով գնահատող հանձնաժողովի կողմից պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու պարտականություն։ Նշված պարտականության խախտումը Կարգի 32-րդ կետի՝ մինչև 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ ենթակետի իմաստով հանդիսանում է մասնակցի կողմից գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում, որը ոչ միայն հիմք է տվյալ մասնակցի կողմից ներկայացված հայտը մերժելու և գնումների գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցությունը դադարեցնելու համար, այլ նաև տվյալ մասնակցի համար կարող է առաջացնել այլ անբարենպաստ հետևանքներ՝ հայտի ապահովման գումարը վճարելու պարտականություն, ինչպես նաև ընդգրկում գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից արտահայտված դիրքորոշմանը, որ «տվյալ դեպքում Ընկերության դրսևորած վարքագիծը՝ ներկայացված հայտում առկա անհամապատասխանությունը թերի շտկելը, չի կարող դիտարկվել գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում», Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում այն համարում է հիմնավոր հետևյալ պատճառաբանությամբ։
Դատարանը, արձանագրելով, որ Ընկերությունը, գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը թերի շտկելով, թույլ է տվել գնման գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորության խախտում, հաշվի չի առել, որ
Կարգի 32-րդ կետի՝ մինչև 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ կետի իմաստով «մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը» հիմքի առկայության մասին խոսք կարող է գնալ միայն այն դեպքերում, երբ մասնակիցը գնահատման հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը շտկելու նպատակով սահմանված կարգով ու ժամկետում չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերը, այլ կերպ ասած՝ դրսևորում է անգործություն, կամ ներկայացնում է այնպիսի փաստաթղթեր, որոնք ակնհայտորեն վերաբերելի չեն արձանագրված անհամապատասխանությանը, այլ կերպ ասած՝ կարող են որակվել որպես հրավերով չնախատեսված, առերևույթ չեն կարող ուղղված լինել արձանագրված անհամապատասխանությունը շտկելուն։ Դատարանը հաշվի չի առել, որ Կարգի 32-րդ կետի՝ մինչև 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ կետով գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում է դիտարկվում «հրավերով նախատեսված փաստաթղթեր չներկայացնելը», որը հարկ է տարբերել այն իրավիճակներից, երբ մասնակիցը, նպատակ հետապնդելով շտկել հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը, սահմանված կարգով և ժամկետում ներկայացնում է անհրաժեշտ (հրավերով նախատեսված, վերաբերելի) փաստաթղթերը՝ հանձնաժողովի գնահատմամբ թերի շտկելով արձանագրված անհամապատասխանությունները կամ դրանցում թույլ տալով նոր անհամապատասխանություններ։
Սույն գործով հաստատվել է, որ գնահատող հանձնաժողովի 21․03․2023 թվականի թիվ 4 արձանագրության 2․13-րդ կետով արձանագրված անհամապատասխանությունը, այն է՝ Ընկերության կողմից ներկայացված հայտում առկա ծավալաթերթ-նախահաշվում (Հավելված թիվ 2․1) կատարման ենթակա աշխատանքների համար պահանջվող չնախատեսված ծախսերի (3%) հաշվարկի բացակայությունը, շտկելու նպատակով Ընկերությունը ներկայացրել է ծավալաթերթ-նախահաշվի փոփոխված տարբերակը, որում, սակայն, գնահատող հանձնաժողովի գնահատմամբ [30.03.2023 թվականի թիվ 8 արձանագրություն] Ընկերությունը թույլ է տվել նոր անհամապատասխանություն, այն է՝ «Ընդամենը» տողում նշված գումարը չի համապատասխանում «Ընդհանուր արժեքը» սյունակի տողերի հանրագումարին, հետևաբար չեն համապատասխանում նաև «Չնախատեսված ծախսեր 3%» տողում չնախատեսված ծախսերի (3%), «Ընդամենը» տողի հանրագումարի հաշվարկները։
Վերոգրյալ իրավական վերլուծության և արտահայտված դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքերում, թեև Կարգի 42-րդ կետի ուժով Ընկերության ներկայացրած հայտը գնահատող հանձնաժողովի կողմից իրավաչափորեն է գնահատվել անբավարար և մերժվել՝ հանգեցնելով գնման գործընթացին նրա հետագա մասնակցության դադարեցման, այդուհանդերձ Ընկերության վարքագիծը չի կարող գնահատվել որպես գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում, քանի որ Ընկերությունը գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը շտկելու նպատակով սահմանված ժամկետում չի դրսևորել անգործություն, այլ ներկայացրել է արձանագրված անհամապատասխանությունը շտկելուն ուղղված և անհամապատասխանությանն ակնհայտորեն վերաբերելի փաստաթուղթ, այն է՝ կատարման ենթակա աշխատանքների համար պահանջվող չնախատեսված ծախսերի (3%) հաշվարկը պարունակող ծավալաթերթ-նախահաշիվը (Հավելված թիվ 2․1)՝ թեկուզև, ըստ գնահատող հանձնաժողովի, դրանում թույլ տալով նոր խախտում (անհամապատասխանություն)։ Նման իրավիճակում, հիմք ընդունելով վերը նշված փաստերը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չի կարող խոսք լինել Ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու հիմքի առկայության մասին։
Անդրադառնալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394‑րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված պայմանի առկայությանը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը։
Տվյալ դեպքում բողոք բերած անձի կողմից վկայակոչվել են 23.01.2023 թվականի թիվ ԵԴ/63151/02/22, 30.06.2023 թվականի թիվ ԵԴ2/4968/02/23 և 06.07.2023 թվականի թիվ ԵԴ2/7344/02/23 քաղաքացիական գործերով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, հիմնավորելով, որ այդ դատական ակտերում Օրենքի 6‑րդ հոդվածի 1-ին մասի 6‑րդ կետի «ա» ենթակետն ու Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետը կիրառվել են Վերաքննիչ դատարանի 20.12․2023 թվականի որոշմամբ նույն նորմերին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը թիվ ԵԴ/63151/02/22 քաղաքացիական գործով 23.01.2023 թվականին կայացված վճռով, մասնավորապես, արձանագրել է. «Անդրադառնալով վկայակոչված այն հանգամանքին, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված գնման գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորության խախտում և շտկում չկատարելը (թերի կատարելը) չի կարող դիտարկվել որպես Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետով նախատեսված գնման գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորության խախտման թվարկված որևիցե հիմքերից մեկը, չի կարող նույնացվել այդ հիմքերից որևիցե մեկի հետ, Դատարանն արձանագրում է, որ գնումների մասնակիցը կրում է պարտավորություն հրավերով սահմանված կարգով և ժամկետներում (նաև շտկման փուլում) ներկայացնելու հրավերով նախատեսված փաստաթղթերը, որոնք դատարանի գնահատմամբ ոչ թե պարզապես փաստաթղթեր են, այլ հրավերի պահանջներին համապատասխանող պատշաճ փաստաթղթեր, հակառակ պարագայում Դատարանի գնահատմամբ կխախտվի գնումների գործընթացի ողջ տրամաբանությունը և հակառակ մեկնաբանումը կհակասի գնումների ոլորտը կարգավորող օրենսդրությանը: Այսպիսով, դատարանն արձանագրում է, որ հայցվոր ընկերությունը խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը՝ հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելով հրավերով նախատեսված (հրավերի պահանջներին համապատասխան) անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը»։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը թիվ ԵԴ2/4968/02/23 քաղաքացիական գործով 30.06.2023 թվականին կայացված վճռով, մասնավորապես, արձանագրել է. «Հրավերի հիման վրա մասնակցի կողմից ներկայացվող առաջարկը պետք է համապատասխանի պայմանագիր կնքելու նպատակով մասնակցին առաջարկվող պայմաններին, որի անհամապատասխանության դեպքում մեկ աշխատանքային օրով կասեցվում է նիստը՝ առաջարկելով մասնակցին մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը, իսկ այն չկատարելու դեպքում մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է, որպիսի պայմաններում մասնակցի կողմից խախտվում է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը: Այսինքն, թե հայտ ներկայացնելու և թե հայտում արձանագրված անհամապատասխանությունները շտկելու համար տրված ժամանակահատվածում զուտ փաստաթղթեր ներկայացնելն ինքնին բավարար չէ գնման գործընթացի շրջանակում ստանձնած մասնակցի պարտավորությունը կատարված համարելու համար, այլ անհրաժեշտ է, որպեսզի ներկայացված փաստաթղթերը համապատասխանեն հրավերի պահանջներին»։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը թիվ ԵԴ2/7344/02/23 քաղաքացիական գործով 06.07.2023 թվականին կայացված վճռով, մասնավորապես, արձանագրել է. «Գնումների գործընթացին մասնակցող անձը պարտավորվում է հրավերով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնելու հրավերով նախատեսված փաստաթղթերը, ընդ որում՝ այս առումով դատարանի խորին համոզմամբ որևէ նշանակություն չունի, թե հրավերով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու պարտավորությունը երբ է ենթակա կատարման՝ հայտն ի սկզբանե ներկայացնելիս, թե շտկման փուլում։ (…) Գնանշման հարցման հրավերով նախատեսված է եղել, որ մասնակցի գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին դիմում-հայտարարությունը որակվում է որպես իրականությանը չհամապատասխանող կամ մասնակիցը սույն հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը (այդ թվում՝ շտկման ենթակա) (…), ապա այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում մասնակցի ստանձնած պարտավորության խախտում: (…) Հրավերով սահմանված կարգով և ժամկետներում հրավերով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելը համարվելու է որպես գնման գործընթացի շրջանակում մասնակցի ստանձնած պարտավորության խախտում՝ այդ թվում, եթե դա տեղի է ունեցել շտկման փուլում»։
Միևնույն ժամանակ, սույն գործով Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտում քննարկվող հարցի վերաբերյալ, մասնավորապես, նշել է. «Ընկերության դրսևորած վարքագիծը՝ ներկայացված հայտում առկա անհամապատասխանությունը թերի շտկելը, չի կարող դիտարկվել գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում։ (…) Ներկայացված հայտում առկա անհամապատասխանությունը թերի շտկելը (կամ թերությունները չվերացնելը) և հրավերով սահմանված կարգով և ժամկետներում հրավերով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելը տարբեր գործողություններ են, որոնք պայմանավորված են նաև դրանց չկատարման արդյունքում վրա հասնող տարբեր անբարենպաստ հետևանքներով։ Հետևաբար՝ Ընկերության կողմից հայտում առկա անհամապատասխանությունը թերի շտկելը չի կարող դիտվել որպես հրավերով սահմանված կարգով և ժամկետներում հրավերով նախատեսված փաստաթղթերի չներկայացում և Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետով որակվել որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում»։
Վճռաբեկ դատարանը, համեմատական վերլուծության ենթարկելով ինչպես Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշմամբ, այնպես էլ 23.01.2023 թվականի թիվ ԵԴ/63151/02/22, 30.06.2023 թվականի թիվ ԵԴ2/4968/02/23 և 06.07.2023 թվականի թիվ ԵԴ2/7344/02/23 քաղաքացիական գործերով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում արտահայտած դիրքորոշումները, արձանագրում է, որ բողոքի հիմքը հիմնավոր է, քանի որ թիվ ԵԴ/63151/02/22, թիվ ԵԴ2/4968/02/23 ու թիվ ԵԴ2/7344/02/23 քաղաքացիական գործերով ստորադաս դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում Օրենքի 6‑րդ հոդվածի 1-ին մասի 6‑րդ կետի «ա» ենթակետը և Կարգի 32-րդ կետի՝ մինչև 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19‑րդ ենթակետը կիրառվել են Վերաքննիչ դատարանի բողոքարկվող դատական ակտում նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ։ Մասնավորապես՝ ստորադաս դատարանների կողմից, ի հակադրություն ինչպես Վերաքննիչ դատարանի կողմից բողոքարկվող որոշմամբ, այնպես էլ Վճռաբեկ դատարանի կողմից սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման, այն իրավիճակները, երբ մասնակիցը, նպատակ հետապնդելով շտկել հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը, սահմանված կարգով և ժամկետում ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերը, թեև հանձնաժողովի գնահատմամբ թերի շտկելով արձանագրված անհամապատասխանությունները կամ դրանցում թույլ տալով նոր անհամապատասխանություններ, ոչ իրավաչափորեն գնահատվել է որպես գնման շրջանակներում ստանձնած պարտավորության խախտում։
Վերը նշված փաստերից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը, ապահովելով օրենքի միատեսակ կիրառելիության երաշխավորման իր սահմանադրաիրավական առաքելությունը, կրկին փաստում է, որ նմանատիպ փաստական հանգամանքներով գործերի քննության դեպքում վերը նշված իրավական նորմերն անհրաժեշտ է կիրառել սույն որոշմամբ տրված մեկնաբանություններով:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, թեև հիմնավոր համարելով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքի առկայությունը, այնուամենայնիվ, գտնում է, որ վերոգրյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի փաստարկները, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից Օրենքի 6‑րդ հոդվածի 1-ին մասի 6‑րդ կետի «ա» ենթակետի ու Կարգի 32-րդ կետի՝ մինչև 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19‑րդ ենթակետի մեկնաբանության արդյունքում թույլ չի տրվել գործի ելքի վրա ազդող դատական սխալ։
Վերոգրյալ պատճառաբանությամբ միաժամանակ հիմնավորվում են վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը բավարարելով՝ Դատարանի 03․07․2023 թվականի վճիռը բեկանելով ու փոփոխվելով՝ Ընկերության հայցը բավարարելով, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ: Հետևաբար, սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ժդ» ենթակետի համաձայն՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի 75-ապատիկի չափով։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Դեպարտամենտի կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.12․2023 թվականի որոշումը թողնել անփոփոխ։
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
____________
1 Կարգի 32-րդ կետի 9-րդ ենթակետի համաձայն՝ եթե գնման հայտով տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը (պլանավորված (կանխատեսվող) գնման ընդհանուր գինը) չի գերազանցում գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, ապա հայտի ապահովում չի ներկայացվում, իսկ պայմանագրի ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով: (․․․)։ Եթե տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության նախահաշվային գինը գերազանցում է գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, ապա ինչպես հայտի, այնպես էլ պայմանագրի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով: (․․․):
Նախագահող Գ. հակոբյան Զեկուցող Ս. Մեղրյան Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա. Մկրտչյան Է. Սեդրակյան Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2025 թվական: