ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ՍնԴ/0091/04/19 2025 թ. | ||||||
|
Սնանկության գործ թիվ ՍնԴ/0091/04/19 |
|||||||
| |||||||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող |
Գ. Հակոբյան | |
| զեկուցող |
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ | |
|
Ս. ՄԵՂՐՅԱՆ | ||
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2025 թվականի հուլիսի 07-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Յունիբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) դիմումի՝ Էմիլ Պետրոսյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.08.2022 թվականի որոշման դեմ Բանկի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Էմիլ Պետրոսյանին ճանաչել սնանկ։
Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 25.03.2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Դատարանի 11.06.2019 թվականի որոշմամբ հաստատվել է Էմիլ Պետրոսյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը:
Սնանկության գործով կառավարիչը (այսուհետ՝ Կառավարիչ) 21.12.2021 թվականին Դատարան է ներկայացրել Էմիլ Պետրոսյանի սնանկության գործն ավարտելու վերաբերյալ միջնորդություն:
Դատարանի 06.04.2022 թվականի վճռով ավարտվել է պարտապան Էմիլ Պետրոսյանի սնանկության գործը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 15.08.2022 թվականի որոշմամբ Բանկի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.04.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Դատավոր Ն. Կարապետյանը հայտնել է հատուկ կարծիք։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Օվսաննա Առաքելյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով դեռևս չեն սպառվել բոլոր միջոցներն՝ ուղղված գրավի առարկան և պարտապանին պատկանող գույքը հայտնաբերելուն, ու սնանկության գործի ավարտով ստացվում է, որ պարտապանն ազատվում է իր պարտավորությունների կատարումից, իսկ գրավի առարկան, առանց պարտավորությունը մարելու, մնում է նրա սեփականությունը:
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել այն հանգամանքին, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից 21.11.2021 թվականի և 17.01.2022 թվականի գրությունների համաձայն՝ պարտապանին պատկանող տրանսպորտային միջոցների նկատմամբ հայտարարված հետախուզումը դեռևս շարունակվում է ու առկա է դրանք հայտնաբերելու հնարավորություն:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գույքի առկայության և պարտատիրոջ պարտքի չմարման դեպքում ներկայացվել է վերջնական հաշվետվություն, այնինչ օրենքը հստակ սահմանում է, որ վերջնական հաշվետվությունը ներկայացվում է պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո, ինչպես նաև սույն որոշման արդյունքում պարտապանների համար ստեղծվում են բարենպաստ պայմաններ պարտատիրոջ պարտքերը չմարելու համար:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.08.2022 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 27.04.2019 թվականի գույքագրման արձանագրության և ֆինանսական վիճակի վերլուծության համաձայն՝ Կառավարիչ Սամսոն Ղուկասյանը 27.04.2019 թվականին իրականացրել է պարտապան Էմիլ Պետրոսյանի գույքի գույքագրում ու ֆինանսական վիճակի վերլուծություն (հատոր 2-րդ, գ.թ. 4, 5).
2) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 25.04.2019 թվականի թիվ 17/38345 գրության համաձայն՝ պարտապան Էմիլ Պետրոսյանի անվամբ հաշվառված է «BMW 730I» մակնիշի 07 ՕՕ 784 հաշվառման համարանիշի ավտոմեքենա (հատոր 2-րդ, գ.թ. 6).
3) տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 01BA166567 վկայականի համաձայն՝ պարտապան Էմիլ Պետրոսյանի անվամբ հաշվառված է «PORSCHE CAYENNE V8 4.5L» մակնիշի հաշվառման համարանիշի ավտոմեքենա՝ WP1AB29P76LA64083 նույնացման համարով (հատոր 2-րդ, գ.թ. 13).
4) պարտապան Էմիլ Պետրոսյանի գույքի գույքագրման և փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ վերջինիս սեփականության իրավունքով պատկանում է «PORSCHE CAYENNE V8 4.5L» մակնիշի 34 AS 748 հաշվառման համարանիշի ավտոմեքենա, որը Կառավարչի ձեռնարկած միջոցառումների արդյունքում չի հայտնաբերվել. Կառավարչի կողմից 19.06.2019 թվականին միջնորդություն է ներկայացվել Դատարան նշված ավտոմեքենայի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 49).
5) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից տրված գրությամբ պարտապան Էմիլ Պետրոսյանի անվամբ հաշվառված է «BMW 730I» մակնիշի 07 ՕՕ 784 հաշվառման համարանիշի ավտոմեքենա, որը Կառավարիչ Սամսոն Ղուկասյանի ձեռնարկած միջոցառումների արդյունքում չի հայտնաբերվել, վերջինիս կողմից 20.08.2019 թվականին միջնորդություն է ներկայացվել Դատարան նշված ավտոմեքենայի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 50).
6) Դատարանի 23.08.2019 թվականի որոշմամբ հետախուզում է հայտարարվել պարտապան Էմիլ Պետրոսյանի անվամբ հաշվառված, «BMW 730I» մակնիշի 07 ՕՕ 784 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի նկատմամբ (հատոր 2-րդ, գ.թ. 51).
7) Դատարանի 13.09.2019 թվականի որոշմամբ հետախուզում է հայտարարվել պարտապան Էմիլ Պետրոսյանի անվամբ հաշվառված «PORSCHE CAYENNE V8 4.5L» մակնիշի 34 AS 748 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի նկատմամբ (հատոր 2-րդ, գ.թ. 59).
8) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 18.10.2019 թվականի որոշման համաձայն՝ պարտապան Էմիլ Պետրոսյանի անվամբ հաշվառված «PORSCHE CAYENNE V8 4.5L» մակնիշի 34 AS 748 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և ավարտվել է Դատարանի 13.09.2019 թվականի որոշման հիման վրա հարուցված թիվ 05429604 կատարողական վարույթը (հատոր 3-րդ, գ.թ. 163).
9) Կառավարիչ Սամսոն Ղուկասյանը 21.12.2021 թվականին Դատարան է ներկայացրել պարտապան Էմիլ Պետրոսյանի սնանկության գործն ավարտելու վերաբերյալ միջնորդություն, որին կից ներկայացրել է վերջնական հաշվետվություն, ինչի հիմքում դրել է հետևյալը. «Իմ կողմից կատարված հարցմանը ՀՀ ՀԿԱԾ-ից հայտնել են, որ Էմիլ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող «PORSCHE CAYENNE V8 4.5L» մակնիշի, պետ. համարանիշը՝ 34 AS 748 և «BMW 730I» մակնիշի, պետ. համարանիշը 07 ՕՕ 784, արտադրության տարեթիվը՝ 1995թ., ավտոմեքենաները 01.11.2021թ. դրությամբ չի հայտնաբերվել: Իմ կողմից կատարված գործողությունների, նախարարություններին և պետական կազմակերպություններին համապատասխան հարցումների արդյունքում, այդ թվում նաև ԱԻՆ պաշտոնական կայքի՝ mes.am «Լիցենզավորման գործընթաց» բաժնում, Էմիլ Վահագնի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող այլ գույք և դեբիտորական պարտքեր չեն հայտնաբերվել, վերջին 5 տարում նրա կողմից օտարման գործարքներ չեն կատարվել» (հատոր 3-րդ, գ.թ. 136,137).
10) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 02.07.2019 թվականի թիվ 17-7-16218 գրության համաձայն՝ պարտապան Էմիլ Պետրոսյանի անվամբ հաշվառված են «BMW 730I» մակնիշի 07 ՕՕ 784 հաշվառման համարանիշի և «PORSCHE CAYENNE V8 4.5L» մակնիշի 34 AS 748 հաշվառման համարանիշի ավտոմեքենաներ (հատոր 3-րդ, գ.թ. 147, 148).
11) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարի 11.07.2019 թվականի թիվ 02/01.3/5279-19 գրության համաձայն՝ պարտապան Էմիլ Պետրոսյանի անվամբ գրանցված, ինչպես նաև նախորդ հինգ տարիների ընթացքում օտարված օբյեկտներ չկան (հատոր 3-րդ, գ.թ. 146).
12) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի 15.07.2019 թվականի թիվ 08/331/8602-19 գրության համաձայն՝ պարտապան Էմիլ Պետրոսյանի անվամբ 12.07.2019 թվականի դրությամբ ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների, երկաթուղային տրանսպորտային միջոցների, թռչող և լողացող ապարատներ ու սարքավորումների, ինչպես նաև դրանց բաղկացուցիչ մասերի նկատմամբ սեփականության իրավունք գրանցված չեն և վերջին հինգ տարվա ընթացքում նրա մասնակցությամբ որևէ գործարք չի կատարվել (հատոր 3-րդ, գ.թ. 145).
13) Պետական եկամուտների կոմիտեի 22.07.2019 թվականի թիվ 11-7/40259-2019 գրության համաձայն՝ պարտապան Էմիլ Պետրոսյանի կողմից 08.07.2014-08.07.2019 թվականների ժամանակահատվածում կատարված գործարքների վերաբերյալ մաքսային վիճակագրական տվյալների շտեմարանում տեղեկություն առկա չէ (հատոր 3-րդ, գ.թ. 144).
14) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 01.11.2021 թվականի գրության համաձայն՝ պարտապան Էմիլ Պետրոսյանի անվամբ սեփականության իրավունքով հաշվառված «PORSCHE CAYENNE» մակնիշի 34 AS 748 հաշվառման համարանիշի և «BMW 730I» մակնիշի 07 ՕՕ 784 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցները հայտնաբերելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը տեղեկատվություն չի տրամադրվել (հատոր 3-րդ, գ.թ. 149).
15) Բանկը 27.12.2021 թվականին առարկություն է ներկայացրել Դատարան՝ պարտապան Էմիլ Պետրոսյանի սնանկության գործն ավարտելու վերաբերյալ (հատոր 3-րդ, գ.թ. 159, 160).
16) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 17.01.2022 թվականի թիվ 214/03 գրության համաձայն՝ պարտապան Էմիլ Պետրոսյանի անվամբ հաշվառված «PORSCHE CAYENNE V8 4.5L» մակնիշի 34 AS 748 հաշվառման համարանիշի և «BMW 730I» մակնիշի 07 ՕՕ 784 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները գտնվում են հետախուզման մեջ ու չեն հայտնաբերվել (հատոր 3-րդ, գ.թ. 195)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայությամբ, որը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածով սահմանված կարգով սնանկության վարույթն ավարտելու համար անհրաժեշտ՝ կառավարչի կողմից իրականացվող գործողություններին և դրանց առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն՝ սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը կազմակերպում է գույքագրում, միջոցներ է ձեռնարկում պարտապանին պատկանող գույքի պահպանության ապահովման համար։
Նույն հոդվածի 1-ին մասի «զ» կետի համաձայն՝ սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը վերլուծում է պարտապանի ֆինանսական վիճակը, սնանկության պատճառները, ինչպես նաև պարտապանի ֆինանսական, տնտեսական և ներդրումային գործունեությունը և նրա դրությունն ապրանքային շուկայում:
Մինչև 15․04․2020 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի կազմում է ներառվում պարտապանին պատկանող ցանկացած գույք, (...):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի համաձայն՝ պարտապանի գույքի գնահատումն իրականացնում է կառավարիչը: Պարտապանի միջոցների հաշվին կառավարիչն իրավունք ունի հրավիրելու անկախ գնահատող պարտապանին պատկանող գույքի գնահատման համար` այդ մասին նախօրոք տեղյակ պահելով խորհրդին, իսկ այն ձևավորված չլինելու դեպքում` առավել մեծ պահանջներ ունեցող 5 հայտնի պարտատերերին։
Մինչև 15․04․2020 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելուց հետո` 35 օրվա ընթացքում, կառավարիչը դատարան է ներկայացնում պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունը: Պարտապանի գործունեությունը բազմաբնույթ լինելու և մեծ ծավալներ ունենալու կամ այլ հարգելի պատճառների առկայության դեպքում դատարանը կարող է երկարաձգել ֆինանսական վիճակի վերլուծությունը ներկայացնելու ժամկետը ողջամիտ ժամկետով: (...)
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի վաճառքն իրականացնում է կառավարիչը` իր կողմից գույքագրման արդյունքներով ներկայացված և պարտատերերի խորհրդի, իսկ խորհուրդ ձևավորված չլինելու դեպքում պարտատերերի ժողովի կողմից հաստատված գույքի վաճառքի ծրագրի համաձայն և դատարանի թույլտվությամբ` հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կառավարիչը պարտավոր է պարտապանի լուծարման մասին որոշման ընդունման պահից դատարան ներկայացնել հաշվետվություն` պարտապանի գույքի վաճառքի, դրանից առաջացած միջոցների բաշխման, պարտատերերի պահանջների բավարարման, պարտապանի գույքի և ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքման ուղղությամբ իր իրականացրած միջոցառումների մասին:
ՀՀ վճռաբեկ դատարանը վերը նշված նորմերի վերլուծության արդյունքում արձանագրել է, որ սնանկության գործով նշանակված կառավարիչը պարտավոր է իրականացնել օրենքով սահմանված որոշակի գործողություններ՝ պարտապանին պատկանող գույքի և այլ ակտիվների հավաքագրման ուղղությամբ: Մասնավորապես՝ սնանկության գործով կառավարիչն իրականացնում է պարտապանի գույքի գույքագրում, որը ընդգրկում է պարտապանին պատկանող ամբողջ գույքը, ներառյալ` երրորդ անձանց համար կատարված, սակայն չվճարված աշխատանքներն ու ծառայությունները, ինչպես նաև պարտապանի տիրապետման ներքո գտնվող իրերը։ Պարտապանի գույքային դրությունն ուսումնասիրելու նպատակով սնանկության գործով կառավարիչը պարտավոր է օգտագործել գույքագրման արդյունքում ձեռք բերված ֆինանսական տվյալները, ձեռնարկել միջոցներ՝ պարտապանին պատկանող, սակայն երրորդ անձանց տիրապետության տակ գտնվող գույքը վերադարձնելու ուղղությամբ:
Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է նաև պարտապանի գույքային դրությունը պարզելու և տեղեկատվություն ստանալու նպատակով հարցումներ կատարել համապատասխան մարմիններին, հաշվապահական հաշվետվությունների ստուգման ու գույքագրման արդյունքում տարաձայնությունների հայտնաբերման դեպքերում բացահայտել անհամապատասխանության պատճառները, ձեռնարկել միջոցներ գույքի վերադարձման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում վերականգնել անշարժ գույքի փաստաթղթերը և իրականացնել այդ գույքի պետական գրանցում, սահմանված կարգով հայց ներկայացնել ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը վերադարձնելու ու վնասները հատուցելու պահանջով: Վերոնշյալ գործողություններն ուղղված են պարտապանին պատկանող գույքի հայտնաբերմանը և համապատասխանաբար դրանց՝ սնանկության վարույթում պարտատերերի պահանջների բավարարմանն ուղղելուն (տե՛ս ըստ Պետական եկամուտների կոմիտեի դիմումի թիվ ԵԴ/0264/04/18 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.03.2025 թվականի որոշումը):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց ոչ ուշ, քան 15 օր հետո կառավարիչը դատավորին է ներկայացնում պարտապանի վերջնական հաշվետվությունը։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարան ներկայացված վերջնական հաշվետվությանը կցվում են՝
ա) պարտապանի գույքի վաճառքը հավաստող փաստաթղթերը.
բ) պարտատերերի պահանջների գրանցամատյանը` նշելով բավարարված պահանջները.
գ) պարտատերերի պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը:
Կառավարչի վերջնական հաշվետվությունը պետք է պարունակի ամփոփ տեղեկատվություն` պարտապանի ակտիվների հավաքման վերաբերյալ, և հիմնավորված միջնորդություն` սնանկության գործն ավարտելու վերաբերյալ:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատավորը, քննելով վերջնական հաշվետվությունը, վճիռ է կայացնում պարտապանի լուծարման հետևանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին, կամ մերժում է գործն ավարտելու միջնորդությունը` նշելով մերժման պատճառները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը սահմանել է պարտատերերի պահանջների ամբողջական բավարարման անհնարինության պայմաններում սնանկության գործը պարտապանի լուծարմամբ ավարտելու կարգը: Մասնավորապես՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ սնանկության գործով կառավարչի կողմից պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց ոչ ուշ, քան 15 օր հետո վերջինս պարտավոր է դատարան ներկայացնել վերջնական հաշվետվություն, որը պետք է պարունակի ամփոփ տեղեկատվություն` պարտապանի ակտիվների հավաքման վերաբերյալ, և հիմնավորված միջնորդություն, սնանկության գործն ավարտելու վերաբերյալ: Ընդ որում վերջնական հաշվետվությունն ինքնին բավարար չէ սնանկության գործն ավարտելու համար: Օրենսդիրն ամրագրել է դրույթ առ այն, որ վերջնական հաշվետվությանը կառավարիչը պետք է կցի նաև պարտապանի գույքի վաճառքը հավաստող փաստաթղթերը, պարտատերերի պահանջների գրանցամատյանը` նշելով բավարարված պահանջները, պարտատերերի պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը (տե՛ս ըստ «Յունիբանկ» ԲԲԸ-ի դիմումի թիվ ԵԿԴ/0090/04/13 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.07.2021 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԴ/0264/04/18 սնանկության գործի շրջանակներում արձանագրել է, որ սնանկության գործը հնարավոր է ավարտել ինչպես պարտապանի ֆինանսական առողջացմամբ, այնպես էլ՝ պարտապանի լուծարումով: Սնանկության գործը պարտապանի լուծարումով ավարտելու իրավական հիմքերից մեկը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածն է: Այդ հիմքով սնանկության գործը կարող է ավարտվել, եթե պարտապանի գույքի վաճառքից ստացված միջոցները սահմանված կարգով բաշխելուց հետո այլևս բացակայում է այլ գործողությունների կատարման անհրաժեշտությունը: Այդ դեպքում կառավարիչը դատարան պետք է ներկայացնի սնանկության գործով վերջնական հաշվետվությունը, որը պետք է պարունակի՝
1) ամփոփ տեղեկատվություն պարտապանի ակտիվների հավաքման վերաբերյալ,
2) միջնորդություն, որում հիմնավորվում է պարտապանի սնանկության գործն ավարտելու անհրաժեշտությունը:
Սնանկության գործն ավարտելու համար էական է այն հանգամանքը, թե արդյոք կառավարիչը ձեռնարկել է իրենից կախված անհրաժեշտ ու բավարար միջոցներպարտապանի ակտիվների հավաքման ուղղությամբ և արդյոք ներկայացրել է դրանց հավաքագրման հնարավորության կամ անհնարինության վերաբերյալ հստակ տեղեկություններ: Այսինքն՝ սնանկության գործով կառավարիչը պարտավոր է յուրաքանչյուր դեպքում ձեռնարկել իրենից կախված և պարտապանի գույքի հայտնաբերման համար էական նշանակություն ունեցող գործողություններ:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածով սահմանված կարգով սնանկության գործն ավարտելու հարցը քննարկելիս դատարանները պետք է պարզեն՝
1) արդյո՞ք միջնորդությանը կից ներկայացվել են պարտապանի գույքի վաճառքը հավաստող փաստաթղթերը, պարտատերերի պահանջների գրանցամատյանը` նշելով բավարարված պահանջները, պարտատերերի պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը,
2) արդյո՞ք կառավարիչը ձեռնարկել է անհրաժեշտ և բավարար միջոցներ պարտապանի ակտիվների հավաքման ուղղությամբ,
3) արդյո՞ք կառավարչի կողմից ներկայացված վերջնական հաշվետվությունը պարունակում է ամփոփ և հստակ տեղեկատվություն ակտիվների հավաքման վերաբերյալ,
4) արդյո՞ք միջնորդության մեջ նշված հիմնավորումները բավարար են սնանկության գործն ավարտելու համար:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Կառավարիչը 27.04.2019 թվականին իրականացրել է Էմիլ Պետրոսյանի գույքի գույքագրում և ֆինանսական վիճակի վերլուծություն, որի արդյունքում արձանագրել է, որ պարտապան Էմիլ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանում են թվով երկու ավտոմեքենաներ, որոնք ձեռնարկած միջոցառումների արդյունքում չեն հայտնաբերվել, հետևաբար Դատարանին միջնորդել է ավտոմեքենաների նկատմամբ հայտարարել հետախուզում։
Դատարանի 23.08.2019 թվականի և 13.09.2019 թվականի որոշումներով հետախուզում է հայտարարվել պարտապան Էմիլ Պետրոսյանին պատկանող թվով երկու ավտոմեքենաների նկատմամբ։
Կառավարիչը 21.12.2021 թվականին Դատարան է ներկայացրել պարտապան Էմիլ Պետրոսյանի սնանկության գործն ավարտելու վերաբերյալ միջնորդություն, որին կից ներկայացրել է վերջնական հաշվետվություն, ինչի հիմքում դրել է այն հանգամանքը, որ պարտապան Էմիլ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող թվով երկու ամտոմեքենաները չեն հայտնաբերվել։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 01.11.2021 թվականի գրության համաձայն՝ պարտապան Էմիլ Պետրոսյանի անվամբ սեփականության իրավունքով հաշվառված «PORSCHE CAYENNE» մակնիշի 34 AS 748 հաշվառման համարանիշի և «BMW 730I» մակնիշի 07 ՕՕ 784 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցները հայտնաբերելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը տեղեկատվություն չի տրամադրվել:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 17.01.2022 թվականի թիվ 214/03 գրության համաձայն՝ պարտապան Էմիլ Պետրոսյանի անվամբ հաշվառված «PORSCHE CAYENNE V8 4.5L» մակնիշի 34 AS 748 հաշվառման համարանիշի և «BMW 730I» մակնիշի 07 ՕՕ 784 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները գտնվում են հետախուզման մեջ ու չեն հայտնաբերվել։
Դատարանը, 06.04.2022 թվականի վճռով ավարտելով սնանկության վարույթը, արձանագրել է, որ «սնանկության վարույթում կատարված հարցումների արդյունքում պարզվել է, որ պարտապանը ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող թվով 2 ավտոմեքենաներ, որոնք չհայտնաբերվելու հիմքով Դատարանի 23.08.2019 թվականի և 13.09.2019 թվականի որոշումներով հայտարարվել են հետախուզումներ։ Ծառայության կատարողական գործողությունների արդյունքում տրանսպորտային միջոցները չեն հայտնաբերվել, որը հաստատվում է Ծառայության 17.01.2022 թվականի թիվ 214/03 գրությամբ։ Այլ կերպ ասած՝ սպառվել են պարտապանին պատկանող գույքը հայտնաբերելու ուղղությամբ սնանկության վարույթի ընթացքում իրականացվելիք բոլոր միջոցները»։
Վերաքննիչ դատարանը Բանկի վերաքննիչ բողոքը մերժել է հետևյալ պատճառաբանությամբ. (...) «իրավաչափ է Դատարանի հետևությունն այն մասին, որ սնանկության գործի վարույթը ավարտելու հանգամանքը չի կարող կախվածության մեջ լինել պարտապանի վերաբերյալ քրեական գործի հարուցման հանգամանքից, քանզի, միևնույն է, պարտապանը չի կարող ազատ ճանաչվել իր պարտավորությունների կատարումից, ներառյալ «Սնանկության մասին» օրենքի 90-րդ հոդվածի 4-րդ մասի «դ» կետով նախատեսված` հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պարտավորություններից: Նշվածից հետևում է, որ Դատարանի՝ սնանկության գործն ավարտելու մասին վճռով պարտապանը չի ազատվել հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պարտավորությունից, ուստի սնանկության գործի ավարտով չի խախտվում գրավի միջոցներից հետագայում բավարարում ստանալու իրավունքը, որպիսի պայմաններում հիմնավորված չեն այդ առնչությամբ բողոքում բերված փաստարկները»։
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Տվյալ դեպքում պարտապան Էմիլ Պետրոսյանը Դատարանի 25.03.2019 թվականի վճռով ճանաչվել է սնանկ։ Կառավարիչը 21.12.2021 թվականին Դատարան է ներկայացրել պարտապան Էմիլ Պետրոսյանի սնանկության գործն ավարտելու վերաբերյալ միջնորդություն, որին կից ներկայացրել է՝
1. Վերջնական հաշվետվությունը, որով վերջինս հայտնել է, որ հարկադիր ծառայությունից հայտնել են, որ պարտապան Էմիլ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող «BMW 730I» մակնիշի 07 ՕՕ 784 հաշվառման համարանիշի և «PORSCHE CAYENNE V8 4.5L» մակնիշի 34 AS 748 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները 01.11.2021 թվականի դրությամբ չեն հայտնաբերվել։
Բացի այդ, հայտնել է նաև, որ իր կողմից կատարված գործողությունների, նախարարություններին և պետական կազմակերպություններին համապատասխան հարցումների արդյունքում, այդ թվում նաև ԱԻՆ պաշտոնական կայքի՝ mes.am «Լիցենզավորման գործընթաց» բաժնում, Էմիլ Վահագնի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող այլ գույք և դեբիտորական պարտքեր չեն հայտնաբերվել, վերջին 5 տարում նրա կողմից օտարման գործարքներ չեն կատարվել,
2. ՀՀ ՊԵԿ-ի 22.07.2019 թվականի գրությունը, որի համաձայն՝ պարտապան Էմիլ Պետրոսյանի կողմից 08.07.2014-08.07.2019 թվականների ժամանակահատվածում կատարված գործարքների վերաբերյալ տեղեկություն մաքսային վիճակագրական տվյալների շտեմարանում առկա չեն,
3. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի 15.07.2019 թվականի գրությունը, որի համաձայն՝ պարտապանի Էմիլ Պետրոսյանի անվամբ 12.07.2019 թվականի դրությամբ ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների, երկաթուղային տրանսպորտային միջոցների, թռչող և լողացող ապարատներ ու սարքավորումների, ինչպես նաև դրանց բաղկացուցիչ մասերի նկատմամբ սեփականության իրավունք գրանցված չեն և վերջին հինգ տարվա ընթացքում նրա մասնակցությամբ որևէ գործարք չի կատարվել,
4. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարի 11.07.2019 թվականի գրությունը, որի համաձայն՝ պարտապանի Էմիլ Պետրոսյանի անվամբ գրանցված, ինչպես նաև նախորդ հինգ տարիների ընթացքում օտարված օբյեկտներ չկան,
5. ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 02.07.2019 թվականի գրությունը, որի համաձայն՝ պարտապան Էմիլ Պետրոսյանի անվամբ հաշվառված է 1. «BMW 730I» մակնիշի 07 ՕՕ 784 հաշվառման համարանիշի և «PORSCHE CAYENNE V8 4.5L» մակնիշի 34 AS 748 հաշվառման համարանիշի ավտոմեքենաներ,
6. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 01.11.2021 թվականի գրությունը, որի համաձայն՝ պարտապան Էմիլ Պետրոսյանի անվամբ սեփականության իրավունքով հաշվառված «PORSCHE CAYENNE» մակնիշի 34 AS 748 հաշվառման համարանիշի և «BMW 730I» մակնիշի 07 ՕՕ 784 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցները հայտնաբերելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը տեղեկատվություն չի տրամադրվել:
Դատարանի 06.04.2022 թվականի վճռով ավարտվել է Էմիլ Պետրոսյանի սնանկության գործը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Կառավարիչը, ղեկավարվելով «Սնանկության մասին ՀՀ օրենքով, իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել է իրենից կախված և պարտապանի գույքի հայտնաբերման ուղղությամբ անհրաժեշտ ու բավարար միջոցներ, մասնավորապես՝ 27.04.2019 թվականին իրականացրել է պարտապան Էմիլ Պետրոսյանի գույքի գույքագրում ու ֆինանսական վիճակի վերլուծություն, ինչպես նաև Դատարան է ներկայացրել վերջնական հաշվետվությունը, ՀՀ ՊԵԿ-ի 22.07.2019 թվականի գրությունը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի 15.07.2019 թվականի գրությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարի 11.07.2019 թվականի գրությունը, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 02.07.2019 թվականի գրությունը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 01.11.2021 թվականի գրությունը, որոնց համաձայն՝ պարտապան Էմիլ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենաները չեն հայտնաբերվել, իսկ կատարողական վարույթն էլ ավարտվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, որով ըստ էության արձանագրվել է, որ անհնարին է պարզել պարտապան Էմիլ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող թվով երկու ավտոմեքենաների գտնվելու վայրը, իսկ ձեռնարկված՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն։ Ընդ որում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 17.01.2022 թվականի գրության համաձայն՝ պարտապան Էմիլ Պետրոսյանին պատկանող թվով երկու ավտոմեքենաները գտնվում են հետախուզման մեջ ու չեն հայտնաբերվել։ Այսինքն՝ պարտապան Էմիլ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքը հայտնաբերել հնարավոր չի եղել և այդ մասով Կառավարիչը հնարավոր բոլոր գործողություններն իրականացրել է: Ավելին, վերջնական հաշվետվությամբ պարտապան Էմիլ Պետրոսյանի ակտիվների հավաքագրման վերաբերյալ ամփոփ տեղեկությունում նշված փաստերի ուսումնասիրությունից ևս հետևում է, որ սնանկության գործով կառավարչի կողմից պարտապան Էմիլ Պետրոսյանի ակտիվների հավաքագրմանն ուղղված բոլոր միջոցառումները կատարվել են օրենքով սահմանված կարգով, ինչի արդյունքում թվով երկու ավտոմեքենաները չեն հայտնաբերվել: Այսինքն՝ սույն գործով ինչպես կառավարչի, այնպես էլ Դատարանի կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունները՝ ուղղված պարտապան Էմիլ Պետրոսյանի գույքերի հայտնաբերմանը, եղել են ապարդյուն։
Բացի այդ, Բանկը վճռաբեկ բողոքում նշելով, որ պարտապան Էմիլ Պետրոսյանին պատկանող գույքը հայտնաբերելու ուղղությամբ իրականացվող բոլոր միջոցները սպառված չեն, այդուհանդերձ ո՛չ Դատարան ներկայացված առարկության մեջ, և ո՛չ էլ վերաքննիչ բողոքում չի մասնավորեցրել, թե կոնկրետ որ գործողության կատարմամբ հնարավոր կլիներ հայտնաբերել գույքը, որոնք չեն իրականացվել Դատարանի և Կառավարչի կողմից, այն դեպքում, երբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, որը գույք հայտնաբերելու համար ունի անհամեմատ ավելի մեծ ռեսուրսներ և լիազորություններ, չի կարողացել դրանք հայտնաբերել, ապա ինչ գործիքակազմի միջոցով դրանք պետք է հայտնաբերեր Կառավարիչը, ում հնարավորություններն ու լիազորություններն անհամեմատ քիչ են:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը Սնանկության մասին ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի հակասական մեկանաբանություններն ու անորոշությունները բացառելու և դատական միասնական ու կանխատեսելի պրակտիկա ձևավորելու նպատակով սույն գործի փաստերի համադրմամբ անհրաժեշտ է համարում անդրադառնալ թիվ ԵԴ/0264/04/18 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.03.2025 թվականի որոշմանը, որով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «սույն գործով թեև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով Դատարանի կողմից կայացված որոշման հիման վրա հարուցված կատարողական վարույթն ավարտվել է՝ պայմանավորված կատարողական գործողությունների ընթացքում Ընկերության անվամբ գույք և դրամական միջոցներ հայտնաբերված չլինելու հանգամանքով, այնուամենայնիվ, միայն կատարողական վարույթն այդ պատճառաբանությամբ ավարտելու մասին որոշման առկայությունը չի կարող բավարար հիմք հանդիսանալ հաստատված համարելու, որ Կառավարիչն իրականացրել է համապատասխան, անհրաժեշտ ու բավարար գործողություններ պարտապանի ակտիվների մասին տեղեկություններ հավաքագրելու և դրանք գույքագրելու ուղղությամբ, քանի որ Կառավարիչն առնվազն զրկված չի եղել Ընկերությանը պատկանող ակտիվների հայտնաբերման կամ դրանց հայտնաբերման հնարավորության կամ անհնարինության վերաբերյալ Ընկերության տնօրենին հարցում կատարելու ու պարզաբանում ստանալու հնարավորությունից, որպիսի գործողությունն իրագործելու դեպքում նոր միայն կարող էր գալ նման եզրահանգման»։
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ «Վերաքննիչ դատարանը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կատարված գործողությունների արդյունքում ստացված տեղեկատվությունն առավել քան հավաստի լինելու հիմքով Ընկերության տնօրենից ակտիվների առկայության կամ բացակայության վերաբերյալ բացատրություններ վերցնելու կառավարչի հնարավորություն ունենալն առարկայազուրկ համարելով, անտեսել է մասնավորապես այն, որ Կառավարչի ուղարկած «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի պահանջն ու պարտատերերի պահանջների նախնական ցուցակը, Դատարանի 13․05․2020 թվականի «Պարտապանի լուծարման վարույթ սկսելու մասին» որոշումը և Դատարանի 21․08․2020 թվականի «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշումն Ընկերության տնօրեն Արտակ Բարխուդարյանի կողմից ստացված լինելու պայմաններում Կառավարիչը պարտավոր էր չսահմանափակվել միայն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կատարված կատարողական գործողություններով ու ինքնուրույն, կառավարչին տրված լիազորությունների հնարավոր բոլոր եղանակներով, այդ թվում՝ Ընկերության տնօրենին հարցում կատարելու, պարտապանի գույքի գույքագրումը պատշաճ կատարելու միջոցով պետք է հնարավորինս փորձեր բացահայտել Ընկերության ակտիվների առկայության կամ բացակայության հանգամանքը»:
Վերոգրյալից հետևում է, որ ի տարբերություն վերը նշված թիվ ԵԴ/0264/04/18 սնանկության գործի, որի շրջանակում Սնանկության դատարանը սնանկության գործն ավարտել է` հիմքում ունենալով միայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով հարուցված կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը, որի համաձայն՝ կատարողական վարույթն ավարտվել է, քանի որ կատարողական գործողությունների ընթացքում գույք և դրամական միջոցներ չեն հայտնաբերվել, սույն գործով Կառավարիչը չի սահմանափակվել միայն պարտապան Էմիլ Պետրոսյանի գույքի գույքագրում և ֆինանսական վիճակի վերլուծություն իրականացնելով, այլ ձեռնարկել է իրենից կախված և պարտապանի շարժական գույքի հայտնաբերման համար էական նշանակություն ունեցող անհրաժեշտ գործողություններ, մասնավորապես՝ պարտապան Էմիլ Պետրոսյանին պատկանող թվով երկու ավտոմեքենաները հայտնաբերելու համար միջնորդություն է ներկայացրել Դատարան, որի հիման վրա Դատարանը հետախուզում է հայտարարել պարտապան Էմիլ Պետրոսյանին պատկանող թվով երկու ավտոմեքենաների հայտնաբերման համար, սակայն այդ գործողությունները եղել են ապարդյուն, քանի որ պարտապան Էմիլ Պետրոսյանին պատկանող թվով երկու ավտոմեքենաները Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից 2021-2022 թվականներին հարուցված ու ավարտված կատարողական վարույթների արդյունքում չեն հայտնաբերվել, ինչն էլ բավարար էր ստորադաս դատարանների համար հաստատված համարելու, որ պարտապան Էմիլ Պետրոսյանին պատկանող շարժական գույքը հայտնաբերել հնարավոր չէ։
Հետևաբար սույն գործով Կառավարիչը, ղեկավարվելով «Սնանկության մասին ՀՀ օրենքով, իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել է իրենից կախված և պարտապանի գույքի հայտնաբերման ուղղությամբ անհրաժեշտ ու բավարար միջոցներ, ուստի սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներն ու պատճառաբանությունները բավարար են եզրահանգելու, որ Դատարանը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի հիմքով սնանկության գործն ավարտելու վերաբերյալ Կառավարչի միջնորդությունը բավարարելով և պարտապան Էմիլ Պետրոսյանի սնանկության վերաբերյալ գործն ավարտելով, իսկ Վերաքննիչ դատարանն էլ այն համարելով իրավաչափ, եկել են ճիշտ եզրահանգման, ուստի վճռաբեկ բողոքն այս հիմքով անհիմն է։
Անդրադառնալով վճռաբեկ բողոքի այն հիմքին, որ սնանկության գործի ավարտով պարտապանն ազատվում է պարտավորությունների կատարումից և գրավի առարկան առանց պարտավորությունը մարելու մնում է պարտապանի սեփականությունն ու պարտապանի համար ստեղծվում է բարենպաստ պայմաններ պարտատիրոջ պարտքերը չմարելու համար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ հիմքը ևս անհիմն է, քանի որ Սնանկության մասին ՀՀ օրենքի 97-րդ հոդվածի համաձայն՝ ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո սնանկ ճանաչված ֆիզիկական անձն ազատվում է բոլոր դրամական պարտավորությունների կատարումից, բացառությամբ՝ (...) պարտատերերի պահանջներից սնանկության վարույթի ընթացքում գույք թաքցրած լինելու դեպքում` թաքցված գույքի արժեքի չափով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թաքցված գույքի հայտնաբերման անհնարինությունը չի հանգեցնում պարտավորությունից ազատման և սնանկության գործի ավարտը չի կարող զրկել պարտատիրոջը պարտապանի կողմից թաքցված գույքից հետագայում բավարարում ստանալու հնարավորությունից, որն իրավաչափորեն կարող էր ակնկալել, քանի որ հետախուզման մեջ գտնվող թաքցված գույքը հայտնաբերվելու դեպքում պահանջատերը զրկված չէ այդ կամ պարտապանին պատկանող այլ գույքի վրա թաքցված գույքի արժեքի չափով բռնագանձում տարածելու պահանջով դատարան դիմելու իրավունքից։
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը բավարար չեն Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վճռաբեկ բողոքը մերժելու և Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը՝ սույն որոշման պատճառաբանություններով։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ ոչ դրամական պահանջի գործերով՝ բազային տուրքի քսանապատիկի չափով։
Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի բովանդակությունից բխում է, որ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:
Տվյալ դեպքում Բանկը վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարել է 40.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի գումար։ Բանկի վճռաբեկ բողոքը մերժվելու պայմաններում մեկ ոչ դրամական պահանջի գործով վճարման ենթակա պետական տուրքի գումարի՝ 20.000 ՀՀ դրամ չափով, դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված, իսկ Բանկի կողմից ավել վճարված 20.000 ՀՀ դրամը ենթակա է վերադարձման՝ օրենքով սահմանված կարգով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.08.2022 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով։
2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
|
Նախագահող |
Գ. հակոբյան |
|
Զեկուցող |
Է. Սեդրակյան Ա . ԱԹԱԲԵԿՅԱՆ |
|
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս. Մեղրյան Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | |
| Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ՍնԴ/0091/04/19 սնանկության գործով 2025 թվականի 07-ի կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
07․07․2025 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2025 թվականի հուլիսի 07-ին գրավոր ընթացակարգով քննելով «Յունիբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.08.2022 թվականի որոշման դեմ` ըստ Բանկի դիմումի՝ Էմիլ Պետրոսյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, որոշել է մերժել վճռաբեկ բողոքը։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.08.2022 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ։
Վճռաբեկ դատարանի դատավոր Էդ. Սեդրակյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Էմիլ Պետրոսյանին ճանաչել սնանկ։
ՀՀ սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 25.03.2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Դատարանի 11.06.2019 թվականի որոշմամբ հաստատվել է պարտապանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը:
Դատարանի 23.08.2019 թվականի որոշմամբ հետախուզում է հայտարարվել պարտապանի անվամբ հաշվառված BMW 730I մակնիշի 07 ՕՕ 784 պետական համարանիշի ավտոմեքենայի նկատմամբ։
Դատարանի 13.09.2019 թվականի որոշմամբ հետախուզում է հայտարարվել պարտապանի անվամբ հաշվառված PORSCHE CAYENNE V8 4.5L մակնիշի 34 AS 748 պետական համարանիշի ավտոմեքենայի նկատմամբ։
Դատարանի 03.03.2020 թվականի որոշմամբ թույլատրվել է պարտապանին սեփականության իրավունքով պատկանող, ՀՀ Գեղարքունիքի մարզի, Վարսեր համայնքի, Երևանյան խճուղի թիվ 9/1 հասցեում գտնվող անշարժ գույքի վաճառքը՝ հրապարակային սակարկությունների միջոցով։
Դատարանի 21.05.2021 թվականի որոշմամբ թույլատրվել է քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Անդրանիկի 54-րդ շենք, թիվ 29 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի վաճառքը՝ ուղղակի գործարքի միջոցով։
Սնանկության գործով կառավարիչը 21.12.2021 թվականին Դատարան է ներկայացրել Էմիլ Պետրոսյանի սնանկության գործն ավարտելու վերաբերյալ միջնորդություն:
Դատարանի 06.04.2022 թվականի վճռով ավարտվել է Էմիլ Պետրոսյանի սնանկության գործը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 15.08.2022 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.04.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Դատավոր Ն․ Կարապետյանը սույն գործով հայտնել է հատուկ կարծիք։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Օվսաննա Առաքելյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենսգրքի 87-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Սույն գործով դեռևս սպառված չեն գրավի առարկան և պարտապանին պատկանող գույքը հայտնաբերելու ուղղությամբ իրականացվող բոլոր միջոցները, և սնանկության գործի ավարտով ստացվում է, որ պարտապանն ազատվում է պարտավորությունների կատարումից, և գրավի առարկան առանց պարտավորությունը մարելու մնում է պարտապանի սեփականություն:
Վերաքննիչ դատարանը, քննելով Բանկի բողոքը, ընդհանրապես չի անդրադարձել բողաքաբերի կողմից նշած այն հանգամանքին, որ ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության կողմից 21.11.2021 թվականի և 17.01.2022 թվականի գրությունների համաձայն պարտապանին պատկանող տրանսպորտային միջոցների նկատմամբ հայտարարված հետախուզումը դեռևս շարունակվում է, և դեռևս առկա է դրանք հայտնաբերելու հնարավորություն:
Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենսգրքի 87-րդ հոդվածը, մասնավորապես, հաշվի չի առել այն հանգամանքը, որ գույքի առկայության և պարտատիրոջ պարտքի չմարման առկայության դեպքում ներկայացվել է վերջնական հաշվետվություն, այնինչ օրենքը հստակ սահմանում է, որ վերջնական հաշվետվությունը ներկայացվում է պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո, ինչպես նաև սույն որոշման արդյունքում անպարտաճանաչ պարտապանների համար ստեղծվում են բարենպաստ պայմաններ պարտատիրոջ պարտքերը չմարելու համար:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.08.2022 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Ըստ Կադաստրի կոմիտեի 15.04.2019 թվականի թիվ ՔՓ-1/2079 գրության՝ պարտապանի անվամբ քաղաք Երևան, Մալաթիա Սեբաստիա, Անդրանիկի 54 շենք, թիվ 29 բնակարանի նկատմամբ գրանցված է ընդհանուր համատեղ սեփականության իրավունք, իսկ Գեղարքունիքի մարզ, համայնք Վարսեր Երևանյան խճուղի 9/1 հասցեի նկատմամբ գրանցված է սեփականության իրավունք (հատոր 2-րդ, գ․թ․ 1)։
2. Ըստ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 25.04.2019 թվականի թիվ 17/38345 գրության՝ պարտապանի անվամբ հաշվառված է «BMW 730I» մակնիշի 07 ՕՕ 784 պետական համարանիշի ավտոմեքենան (հատոր 2-րդ, գ․թ․ 6)։
3. Ըստ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 01BA166567 վկայականի պատճենի՝ պարտապանի անվամբ հաշվառված է «PORSCHE CAYENNE V8» 4․5L մակնիշի 34 AS 748 պետական համարանիշի ավտոմեքենան (հատոր 2-րդ, գ․թ․ 12)։
4․ Դատարանի 23.08.2019 թվականի որոշմամբ հետախուզում է հայտարարվել պարտապանի անվամբ հաշվառված BMW 730I մակնիշի 07 ՕՕ 784 պետական համարանիշի ավտոմեքենայի նկատմամբ (հատոր 2-րդ, գ․թ․ 51)։
5․ Դատարանի 13.09.2019 թվականի որոշմամբ հետախուզում է հայտարարվել պարտապանի անվամբ հաշվառված PORSCHE CAYENNE V8 4.5L մակնիշի 34 AS 748 պետական համարանիշի ավտոմեքենայի նկատմամբ (հատոր 2-րդ, գ․թ․ 59)։
6. Ըստ Արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) 18.10.2019 թվականի որոշման՝ ավարտվել է ՀՀ սնանկության դատարանի 13.09.2019 թվականի որոշման հիման վրա հարուցված թիվ 05429604 կատարողական վարույթը (հատոր 3-րդ, գ․թ․ 163)։
7. Սնանկության գործով կառավարիչը 21.12.2021 թվականին Դատարան է ներկայացրել Էմիլ Պետրոսյանի սնանկության գործն ավարտելու վերաբերյալ միջնորդություն (հատոր 3-րդ, գ․թ․ 136), որին կից ներկայացրել է վերջնական հաշվետվությունը, ինչի հիմքում դրել է հետևյալը․ «Իմ կողմից կատարված հարցմանը ՀՀ ՀԿԱԾ-ից հայտնել են, որ Էմիլ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող PORSCHE CAYENNE V8 4.5L մակնիշի, պետ․ համարանիշը՝ 34 AS 748 և BMW 730I մակնիշի, պետ․ համարանիշը 07 ՕՕ 784, արտադրության տարեթիվը՝ 1995թ․, ավտոմեքենաները 01․11․2021թ․ դրությամբ չի հայտնաբերվել։
Իմ կողմից կատարված գործողությունների, նախարարություններին և պետական կազմակերպություններին համապատասխան հարցումների արդյունքում, այդ թվում նաև ԱԻՆ պաշտոնական կայքի՝ mes.am «Լիցենզավորման գործընթաց» բաժնում, Էմիլ Վահագնի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող այլ գույք և դեբիտորական պարտքեր չեն հայտնաբերվել, վերջին 5 տարում նրա կողմից օտարման գործարքներ չեն կատարվել»:
8․ Սնանկության գործով կառավարիչը 20.12.2021 թվականի Ծանուցագրով պարտատերերին և պարտապանին տեղեկացրել է․ «Համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի, իմ կողմից ՀՀ սնանկության դատարան է ներկայացվել Էմիլ Վահագնի Պետրոսյանի սնանկության գործի ավարտի վերջնական հաշվետվությունը և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի հատկանիշներով սնանկության գործի ավարտի վերաբերյալ միջնորդությունը։ Համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 3-րդ կետի, Պարտատերերը կարող են տասնօրյա ժամկետում ծանոթանալ դրանց՝ սնանկության գործով կառավարչի մոտ դեպոնացված օրինակին։»
9․ Բանկի կողմից 27․12․2021 թվականին առարկություն է ներկայացվել սնանկության գործով ավարտի դեմ, որի համաձայն՝ «ՀՀ ԱՆ ՀԿ ԱԾ 01․11․2021թ․ գրությամբ սնանկության կառավարչին տեղեկացվել է, որ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը դեռևս ՀՀ ճանապարհային ոստիկանությունից տեղեկատվություն չի ստացել։
Հետևաբար ստացվում է, որ հարկադիր կատարողի կողմից դեռևս չեն սպառվել գրավի առարկայի նկատմամբ հետախուզմանն ուղղված բոլոր միջոցառումները և հետախուզման գործընթացը շարունակվում է։
Ավելին, հետախուզման արդյունքում մեքենան չհայտնաբերելու պարագայում, Բանկը պատրաստվում է համապատասխան դիմում ներկայացնել ՀՀ դատախազություն պարտապանի նկատմամբ՝ գրավի առարկան թաքցնելու կամ ոչնչացնելու համար»։
10. Ըստ Ծառայության 17.01.2022 թվականի թիվ 214/03 գրության՝ պարտապանի անվամբ հաշվառված թվով երկու մեքենաները մինչ օրս գտնվում են հետախուզման մեջ և չեն հայտնաբերվել (հատոր 3-րդ, գ․թ․ 195)։
11․ Քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին 21․02․2022 թվականի թիվ Ք/Գ-13191522 որոշման համաձայն՝ «11․02․2022թ․ ՀՀ Դատախազության, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունից՝ 180-181 հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար ոստիկանության Կենտրոնական բաժին է ստացվել «Յունիբանկ» ԲԲԸ-ի վարչության նախագահ՝ Մ․ Հակոբյանի դիմումն այն մասին, որ իրենց Բանկի վարկառու հանդիսացող Էմիլ Պետրոսյանը, ով դատական վճռով ճանաչվել է սնանկ, գրավի առարկա հանդիսացող «Պորշ Կայեն» մակնիշի 34 AS 748 հաշվառման համարանիշներով ավտոմեքենան թաքցնում է ընկերությունից և սնանկության կառավարչից, ինչի հետևանքով իրենց պատճառվում է՝ 5․250․000 (հինգ միլիոն երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով գույքային վնաս, որի վերաբերյալ բողոքում են։ Նկատի ունենալով, որ առերևույթ առկա է ՀՀ քրեական օրեսգրքի 184․1 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով քրեական գործ հարուցելու օրիnնական առիթ և բավարար հիմք, ուստի ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27, 57, 175-176, 180-182 և 187 հոդվածների պահանջներով․ որոշեցի 1․ Մ․ Հակոբյանի դիմումի հիման վրա հարուցել թիվ՝ 13191522 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184․ 1 հոդվածի 1-ին մասով և ընդունել վարույթ»։ (հատոր 3-րդ, գ․թ․ 189)։
12․ 26․05․2022 թվականի քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշմամբ թիվ 13191522 քրեական գործով վարույթը կարճվել է և Էմիլ Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 184․1-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ (հատոր 4-րդ, գ․թ․ 86-91)։
4. Հատուկ կարծիքի հիմնավորումները`
Մինչև 15․04․2020 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (…) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատարաններում սնանկության գործերի վարումն իրականացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, սնանկության վարույթի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը կիրառվում են այնքանով, որքանով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերով այլ կանոններ նախատեսված չեն: Այսինքն՝ այն պարագայում, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով նախատեսված է այլ կանոն, սակայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերը նշված հանգամանքի նկատմամբ սահմանել են այլ մոտեցումներ, ապա պետք է կիրառվեն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթները (տե՛ս ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումի թիվ ՍնԴ/0104/04/19 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշումը):
Անդրադառնալով սնանկության ինստիտուտի նպատակներին՝ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վերլուծությունը վկայում է, որ օրենքն ուղղված է ընկերության պարտատերերի շահերի պաշտպանությանը, որը դրսևորվում է նախևառաջ անբարենպաստ ֆինանսական դրություն ունեցող ընկերությունների ֆինանսական առողջացմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ընկերության գույքի հաշվին ընկերության պարտատերերի պահանջների բավարարմամբ (տե՛ս Սահմանադրական դատարանի 12․04․2011 թվականի թիվ ՍԴՈ-954 որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ անձին սնանկ ճանաչելու նպատակը քաղաքացիական շրջանառության կայունության ապահովումն է՝ այդ շրջանառության անվճարունակ մասնակիցներին ֆինանսապես առողջացնելու կամ նրանց քաղաքացիական շրջանառությունից դուրս մղելու նպատակով, որպեսզի վերջիններիս անվճարունակության հետևանքով չոտնահարվեն նաև քաղաքացիական շրջանառության մնացած մասնակիցների շահերը: ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ պարտապանին սնանկ ճանաչելը պարտավորությունը ոչ պատշաճ կատարած պարտապանի նկատմամբ դատական այնպիսի միջամտություն է, որի պայմաններում սահմանափակվում է պարտապանի գործողությունների շրջանակը մինչև սնանկության վարույթի ավարտը, որպիսի կարգավորման նպատակը պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռությունն ապահովելն է (տե՛ս ըստ «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ի դիմումի՝ Հարություն Վարդանյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին թիվ ԵՄԴ/0049/04/15 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Մինչև 15․04․2020 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն՝ սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը կազմակերպում է գույքագրում, միջոցներ է ձեռնարկում պարտապանին պատկանող գույքի պահպանության ապահովման համար։
Նույն հոդվածի 1-ին մասի «զ» կետի համաձայն՝ սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը վերլուծում է պարտապանի ֆինանսական վիճակը, սնանկության պատճառները, ինչպես նաև պարտապանի ֆինանսական, տնտեսական և ներդրումային գործունեությունը և նրա դրությունն ապրանքային շուկայում:
Մինչև 15․04․2020 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի կազմում է ներառվում պարտապանին պատկանող ցանկացած գույք, իրավունք կամ այլ ակտիվ, ներառյալ` մտավոր սեփականության օբյեկտ: (…):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կառավարիչը պարտավոր է պարտապանի լուծարման մասին որոշման ընդունման պահից դատարան ներկայացնել հաշվետվություն` պարտապանի գույքի վաճառքի, դրանից առաջացած միջոցների բաշխման, պարտատերերի պահանջների բավարարման, պարտապանի գույքի և ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքման ուղղությամբ իր իրականացրած միջոցառումների մասին:
Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով սնանկության վարույթում կառավարչի ունեցած դերակատարությանը՝ հարկ եմ համարում արձանագրել, որ սնանկության վարույթի մասնակիցների շարքում սնանկության գործով կառավարչին վերապահված է կենտրոնական դերակատարում։ Դա պայմանավորված է այն իրողությամբ, որ սնանկության ինստիտուտի նպատակների իրագործումն ուղղակիորեն կախվածության մեջ է գտնվում սնանկության գործով կառավարչի գործունեությունից։ Ընդ որում, իր գործունեության ընթացքում կառավարիչը հանդես է գալիս դատարանի, պարտատերերի և պարտապանի միջև կապող օղակի դերում՝ ապահովելով հավասարակշռություն պարտապանի ու պարտատերերի շահերի միջև։ Սնանկության գործով կառավարչի առջև դրված խնդիրների լուծումը ենթադրում է նրա լիազորությունների համարժեք ծավալ։
Մինչև 01․07․2023 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց ոչ ուշ, քան 15 օր հետո կառավարիչը դատարան է ներկայացնում վերջնական հաշվետվությունը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարան ներկայացվող վերջնական հաշվետվությանը կցվում են`
ա) պարտապանի գույքի վաճառքը հավաստող փաստաթղթերը,
բ) պարտատերերի պահանջների գրանցամատյանը` նշելով բավարարված պահանջները,
գ) պարտատերերի պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը:
Կառավարչի վերջնական հաշվետվությունը պետք է պարունակի ամփոփ տեղեկատվություն` պարտապանի ակտիվների հավաքման վերաբերյալ, և հիմնավորված միջնորդություն` սնանկության գործն ավարտելու վերաբերյալ:
Մինչև 15․04․2020 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 105-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության վարույթի ցանկացած փուլում դատավորը, կառավարչի կամ պարտատիրոջ ներկայացմամբ և պարտատերերի առարկությունների բացակայության դեպքում, առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում սնանկության վերաբերյալ գործի ավարտի մասին, եթե`
ա) պարտապանը չունի որևէ գույք.
բ) պարտապանի գույքը հայտնաբերել հնարավոր չէ.
գ) պարտապանի գույքն այնքան փոքրարժեք է, որ ողջամիտ չէ սնանկության հետագա ընթացակարգերի իրականացումը.
դ) պարտապանի գույքի հայտնաբերման կամ ակտիվների հավաքման ուղղությամբ իրականացվելիք ծախսերը չեն արդարացնում սնանկության հետագա ընթացակարգերի իրականացումը։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո, սահմանված ժամկետում կառավարիչը դատարան է ներկայացնում վերջնական հաշվետվություն, որը քննելով էլ դատարանը, վճիռ է կայացնում պարտապանի լուծարման հետևանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտելու կամ միջնորդությունը մերժելու մասին: Մասնավորապես դատարանը վճիռ է կայացնում սնանկության վերաբերյալ գործի ավարտի մասին, եթե պարտապանը չունի որևէ գույք (տե՛ս Մարգարիտա Շահինյանն ընդդեմ Էդգար Թորոսյանի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի և «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/5155/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2023 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը սահմանել է պարտատերերի պահանջների ամբողջական բավարարման անհնարինության պայմաններում սնանկության գործը պարտապանի լուծարմամբ ավարտելու կարգը: Մասնավորապես, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ սնանկության գործով կառավարչի կողմից պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց ոչ ուշ, քան 15 օր հետո վերջինս պարտավոր է դատարան ներկայացնել վերջնական հաշվետվություն, որը պետք է պարունակի ամփոփ տեղեկատվություն` պարտապանի ակտիվների հավաքման վերաբերյալ, և հիմնավորված միջնորդություն, սնանկության գործն ավարտելու վերաբերյալ: Ընդ որում վերջնական հաշվետվությունն ինքնին բավարար չէ սնանկության գործն ավարտելու համար: Օրենսդիրն ամրագրել է դրույթ առ այն, որ վերջնական հաշվետվությանը կառավարիչը պետք է կցի նաև պարտապանի գույքի վաճառքը հավաստող փաստաթղթերը, պարտատերերի պահանջների գրանցամատյանը` նշելով բավարարված պահանջները, պարտատերերի պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը (տե՛ս ըստ «Յունիբանկ» ԲԲԸ-ի դիմումի թիվ ԵԿԴ/0090/04/13 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.07.2021 թվականի որոշումը):
Անդրադառնալով սնանկության գործի ավարտի վերաբերյալ օրենսդրի կողմից սահմանված իրավակարգավորմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը դատարանին սնանկության գործի ավարտի վերաբերյալ վճիռ կայացնելու իրավական հնարավորություն վերապահել է օրենքով հստակ նախատեսված պայմանների, ինչպես նաև օրենքով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության պարագայում։ Մասնավորապես, սնանկության գործն ավարտելու պայմաններն են՝ համապատասխան միջնորդության առկայությունը և դրա դեմ պարտատերերի առարկության բացակայությունը։ Ընդ որում, նշված պայմանները պետք է գոյություն ունենան միաժամանակ։ Ինչ վերաբերում է հիմքերին, ապա դրանք են՝ պարտապանի գույքի բացակայությունը կամ այն հայտնաբերելու անհնարինությունը կամ դրա փոքրարժեք լինելը և այլն, որոնցից մեկի առկայությունն արդեն իսկ բավարար է վարույթը վերոնշյալ երկու պայմանների գոյության պարագայում ավարտելու համար (տե՛ս ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումի թիվ ԼԴ4/0066/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2022 թվականի որոշումը)։
Վերոշարադրյալի հիման վրա հարկ եմ համարում արձանագրել, որ սնանկության գործով նշանակված կառավարիչը պարտավոր է իրականացնել օրենքով սահմանված որոշակի գործողություններ՝ պարտապանին պատկանող գույքի և այլ ակտիվների հավաքագրման ուղղությամբ: Մասնավորապես՝ պարտապանի գույքային դրությունն ուսումնասիրելու նպատակով սնանկության գործով կառավարիչը պարտավոր է օգտագործել գույքագրման արդյունքում ձեռք բերված ֆինանսական տվյալները, ձեռնարկել միջոցներ՝ պարտապանին պատկանող, սակայն երրորդ անձանց տիրապետության տակ գտնվող գույքը վերադարձնելու ուղղությամբ: Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է նաև պարտապանի գույքային դրությունը պարզելու և տեղեկատվություն ստանալու նպատակով հարցումներ կատարել համապատասխան մարմիններին, հաշվապահական հաշվետվությունների ստուգման ու գույքագրման արդյունքում տարաձայնությունների հայտնաբերման դեպքերում բացահայտել անհամապատասխանության պատճառները, ձեռնարկել միջոցներ գույքի վերադարձման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում վերականգնել անշարժ գույքի փաստաթղթերը և իրականացնել այդ գույքի պետական գրանցում, սահմանված կարգով հայց ներկայացնել ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը վերադարձնելու ու վնասների հատուցման պահանջով: Վերոնշյալ գործողություններն ուղղված են պարտապանին պատկանող գույքի հայտնաբերմանը և համապատասխանաբար դրանց՝ սնանկության վարույթում պարտատերերի պահանջների բավարարմանն ուղղելուն:
Հարկ եմ համարում նշել, որ սնանկության գործը հնարավոր է ավարտել ինչպես պարտապանի ֆինանսական առողջացմամբ, այնպես էլ՝ պարտապանի լուծարումով: Սնանկության գործը պարտապանի լուծարումով ավարտելու իրավական հիմքերից մեկը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածն է: Այդ հիմքով սնանկության գործը կարող է ավարտվել, եթե պարտապանի գույքերի վաճառքից ստացված միջոցները սահմանված կարգով բաշխելուց հետո այլևս բացակայում է այլ գործողությունների կատարման անհրաժեշտությունը: Այդ դեպքում կառավարիչը դատարան պետք է ներկայացնի սնանկության գործով վերջնական հաշվետվությունը, որը պետք է պարունակի՝ ՝ 1) ամփոփ տեղեկատվություն պարտապանի ակտիվների հավաքման վերաբերյալ, 2) միջնորդություն, որում հիմնավորվում է պարտապանի սնանկության գործն ավարտելու անհրաժեշտությունը:
Վերոնշյալ միջնորդությունը բավարարելու և սնանկության գործն ավարտելու համար էական է այն հանգամանքը, թե կառավարիչը ձեռնարկել է արդյոք իրենից կախված անհրաժեշտ ու բավարար միջոցներ պարտապանի ակտիվների հավաքման ուղղությամբ և ներկայացրել է արդյոք դրանց հավաքագրման հնարավորության կամ անհնարինության վերաբերյալ հստակ տեղեկություններ: Այսինքն՝ սնանկության գործով կառավարիչը պարտավոր է յուրաքանչյուր դեպքում ձեռնարկել իրենից կախված և պարտապանի գույքի հայտնաբերման համար էական նշանակություն ունեցող գործողություններ՝ չսահմանափակվելով գույքի գրանցում կամ հաշվառում իրականացնող մարմիններին հարցումներ կատարելով:
Ելնելով վերոգրյալից՝ հարկ եմ արձանագրել, որ իրավահարաբերության ծագման պահին գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածով սահմանված կարգով՝ պարտապանի լուծարումով սնանկության գործն ավարտելու հարցը քննարկելիս դատարանները բոլոր դեպքերում պարտավոր են պարզել՝
1) արդյո՞ք կառավարիչը ձեռնարկել է անհրաժեշտ և բավարար միջոցներ պարտապանի ակտիվների հավաքման ուղղությամբ,
2) արդյո՞ք կառավարչի կողմից ներկայացված վերջնական հաշվետվությունը պարունակում է ամփոփ ու հստակ տեղեկատվություն ակտիվների հավաքման վերաբերյալ,
3) արդյո՞ք միջնորդության մեջ նշված հիմնավորումները բավարար են սնանկության գործն ավարտելու համար:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ծառայության 18.10.2019 թվականի որոշմամբ ավարտվել է ՀՀ սնանկության դատարանի 13.09.2019 թվականի որոշման հիման վրա հարուցված թիվ 05429604 կատարողական վարույթը։ Ըստ Ծառայության 17.01.2022 թվականի թիվ 214/03 գրության՝ պարտապանի անվամբ հաշվառված թվով երկու մեքենաները 17.01.2022 թվականի դրությամբ գտնվում են հետախուզման մեջ և չեն հայտնաբերվել։
Սնանկության գործով կառավարիչը 21.12.2021 թվականին Դատարան է ներկայացրել վերջնական հաշվետվությունը, ինչի հիմքում դրել է այն հանգամանքը, որ իր կողմից կատարված հարցմանը ՀՀ ՀԿԱԾ-ից հայտնել են, որ Էմիլ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող PORSCHE CAYENNE V8 4.5L մակնիշի, պետական համարանիշը՝ 34 AS 748 և BMW 730I մակնիշի, պետական համարանիշը 07 ՕՕ 784, արտադրության տարեթիվը՝ 1995թ․, ավտոմեքենաները 01․11․2021թ․ դրությամբ չի հայտնաբերվել։
Բանկի կողմից 27․12․2021 թվականին առարկություն է ներկայացվել սնանկության գործով ավարտի դեմ։
Դատարանն ավարտելով սնանկության վարույթն՝ արձանագրել է, որ սնանկության վարույթում կատարված հարցումների արդյունքում պարզվել է, որ պարտապանը ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող թվով 2 ավտոմեքենաներ, որոնք չհայտնաբերվելու հիմքով Դատարանի 23.08.2019 թվականի և 13.09.2019 թվականի որոշումներով հայտարարվել են հետախուզումներ։ Ծառայության կատարողական գործողությունների արդյունքում տրանսպորտային միջոցները չեն հայտնաբերվել, որը հաստատվում է Ծառայության 17.01.2022 թվականի թիվ 214/03 գրությամբ։ Այլ կերպ ասած՝ սպառվել են պարտապանին պատկանող գույքը հայտնաբերելու ուղղությամբ սնանկության վարույթի ընթացքում իրականացվելիք բոլոր միջոցները։
Վերաքննիչ դատարանը Բանկի վերաքննիչ բողոքը մերժել է հետևյալ հիմնավորմամբ․ «(․․․)տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ, թեև սույն դեպքում Բանկի պահանջը մնացել է առանց բավարարման, այնուամենայնիվ իրավաչափ է Դատարանի հետևությունն այն մասին, որ սնանկության գործի վարույթը ավարտելու հանգամանքը չի կարող կախվածության մեջ լինել պարտապանի վերաբերյալ քրեական գործի հարուցման հանգամանքից, քանզի, միևնույն է, պարտապանը չի կարող ազատ ճանաչվել իր պարտավորությունների կատարումից, ներառյալ «Սնանկության մասին» օրենքի 90-րդ հոդվածի 4-րդ մասի «դ» կետով նախատեսված` հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պարտավորություններից: Նշվածից հետևում է, որ Դատարանի՝ սնանկության գործն ավարտելու մասին վճռով պարտապանը չի ազատվել հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պարտավորությունից, ուստի սնանկության գործի ավարտով չի խախտվում գրավի միջոցներից հետագայում բավարարում ստանալու իրավունքը, որպիսի պայմաններում հիմնավորված չեն այդ առնչությամբ բողոքում բերված փաստարկները»։
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը՝ հարկ եմ համարում արձանագրել հետևյալը.
Սույն գործով Դատարանը Էմիլ Պետրոսյանի սնանկության վերաբերյալ գործն ավարտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի հիմքով և Վերաքննիչ դատարանն այն համարել է իրավաչափ, մինչդեռ ստորադաս դատարանները պարտապանի սնանկության գործի ավարտի հիմքերի վերաբերյալ եզրահանգումներին են եկել, այն դեպքում երբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի հիմքով սնանկության վարույթն ավարտելու պայմանը՝ պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելու պահանջը պահպանված չի եղել, որպիսի պայմաններում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի հիմքով սնանկության գործն ավարտելու վերաբերյալ միջնորդությունն հիմնավոր չի կարող համարվել և ենթակա է մերժման։
Բացի այդ՝ ստորադաս դատարանները հաշվի չեն առել նաև այն հանգամանքը, որ սույն գործի փաստերի համաձայն՝ Ծառայության 18.10.2019 թվականի որոշմամբ ավարտվել է միայն ՀՀ սնանկության դատարանի 13.09.2019 թվականի որոշման հիման վրա հարուցված թիվ 05429604 կատարողական վարույթը, ինչպես նաև այն, որ Ծառայության 17.01.2022 թվականի թիվ 214/03 գրության համաձայն՝ պարտապանի անվամբ հաշվառված թվով երկու մեքենաները 17.01.2022 թվականի դրությամբ գտնվում են հետախուզման մեջ և չեն հայտնաբերվել։
Հարկ եմ համարում արձանագրել, որ սույն դեպքում թեև հարուցված կատարողական վարույթն ավարտվել է, այնուամենայնիվ կատարողական վարույթի ավարտը չի կարող բնութագրվել որպես գույքը հայտնաբերելու անհնարինություն, չի կարող բացառել պարտապանի գույքի հետագա հայտնաբերումը, այն ևս պարտատերերի պահանջների բավարարմանն ուղղելու հնարավորությունը ԱՊՊԱ ոլորտին առնչվող գործողություններ։ Սա նշանակում է, որ կատարողական վարույթն ավարտելու որոշման հիմքով սնանկության վարույթը ավարտելու պարագայում սույն գործով պարտատերը շարունակում է հանդիսանալ որոշակի ակտիվների սեփականատեր, իսկ սնանկության վարույթի ավարտը հանգեցնում է նրան իր պարտավորություններից ազատման, մինչդեռ քանի դեռ գույքը հայտնաբերելու հնարավորությունը չի վերացել, ապա սնանկության վարույթի ավարտը կարող է զրկել պարտապանին այն գույքից բավարարում ստանալու հնարավորությունից, որն իրավաչափորեն կարող էր ակնկալել։
Հարկ եմ համարում նշել, որ գործում առկա են Կառավարիչն առնվազն զրկված չի եղել Էմիլ Պետրոսյանին պատկանող ակտիվների հայտնաբերման կամ դրանց հայտնաբերման հնարավորության կամ անհնարինության վերաբերյալ հարցումներ կատարելու հնարավորությունից: Կառավարիչը պարտավոր էր չսահմանափակվելով հարկադիր կատարման ծառայության կողմից կատարված կատարողական գործողություններով, ինքնուրույն, կառավարչին տրված լիազորությունների հնարավոր բոլոր եղանակներով, այդ թվում՝ հարցում կատարելու, պարտապանի գույքի գույքագրում կատարելու, ինչպես նաև պարտատերերի ժողով հրավիրելու միջոցով փորձել բացահայտել Էմիլ Պետրոսյանի ակտիվների հայտնաբերման հանգամանքը: Մինչդեռ, տվյալ դեպքում Կառավարչի կողմից Էմիլ Պետրոսյանին պատկանող գույքի և ակտիվների հավաքագրմանն ու գույքագրմանն ուղղված գործողությունները թերի են կատարվել, և հետևապես դրանք անհրաժեշտ ու բավարար չեն Էմիլ Պետրոսյանի՝ սնանկության վարույթն ավարտելու համար:
Այսպիսով, կառավարիչը մինչև սնանկության վարույթն ավարտելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելը չի կատարել օրենքով սահմանված բոլոր գործողությունները պարտապանի ակտիվների հավաքագրման և պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելու ուղղությամբ, ուստի կառավարչի միջնորդությունը` սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին հիմնավոր չէ։
Նման պայմաններում ստորադաս դատարանները, անտեսելով սնանկության գործն ավարտելու վերաբերյալ միջնորդության անհիմն լինելը, սխալ են կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածը, որպիսի պայմաններում սնանկության վերաբերյալ գործի ավարտն իրավաչափ չէ։
Վերոգրյալի հաշվառմամբ գտնում եմ, որ սույն գործով վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար։
Հետևաբար անհրաժեշտ էր վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.08.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ սնանկության դատարան՝ նոր քննության:
|
Դատավոր |
Էդ. ՍԵԴՐԱԿՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2025 թվական: