ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
|
ԲԴԽ-34-Ո-Կ-9 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՄԱՍԻՍ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ
|
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Ա. Աթաբեկյանի |
|
|
|
|
անդամներ |
Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Կ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻ Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԷԴ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ |
|
ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ |
Հ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ |
|
ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ |
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ |
|
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր |
Մ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻ |
|
քարտուղարությամբ՝ |
Շ. ՄԵՍՐՈՊՅԱՆԻ |
| 8 հուլիսի 2025 թվականի |
ք. Երևան |
դռնբաց
նիստում, քննության առնելով ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2025 թվականի մայիսի 5-ի N-Կ-4/2025 որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի նախապատմությունը.
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել 23․01․2025 թվականին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) ստացված Վահրամ Ներսեսյանի (այսուհետ նաև՝ Հաղորդում ներկայացրած անձ) հաղորդումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Մասիս Մելքոնյանի (այսուհետ նաև` Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։
Հանձնաժողովի 24․03․2025 թվականի N-Կ-4/2025 որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։
Հանձնաժողովի 05․05․2025 թվականի N-Կ-4/2025 որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Խորհրդի 19.05.2025 թվականի որոշմամբ նշանակվել է դատական նիստ:
09.06.2025 թվականին նշանակված նիստը Դատավորի և Հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդության բավարարման արդյունքում հետաձգվել է, և հաջորդ դատական նիստը նշանակվել է 19.06.2025 թվականին:
19.06.2025 թվականին նշանակված նիստը հետաձգվել է և նշանակվել 07.07.2025 թվականին:
07.07.2025 թվականին կայացած նիստում գործի քննությունն ավարտվել է, իսկ 08.07.2025 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:
2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.
Հանձնաժողովը, ներկայացրած միջնորդությամբ վկայակոչելով Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, 65-րդ, 66-րդ, 75-րդ, 76-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածի 1-ին մասը, 67-րդ հոդվածի 1-ին մասը, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՔԴՕ) 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 17-րդ հոդվածը, 20-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 43-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 9-րդ կետերը, նույն հոդվածի 2-րդ մասը, 88-րդ հոդվածի 1-ին մասը, 326-րդ հոդվածի 1-3-րդ մասերը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (տե՛ս Saunders v. the United Kingdom, գանգատ թիվ 19187/91, Մեծ Պալատի 1996թ. դեկտեմբերի 17-ի վճիռը, կետ 68) և Սահմանադրական դատարանի 26․01․2016 թվականի թիվ ՍԴՈ-1252 որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները, նշել է, որ վերոգրյալ իրավակարգավորումների և դրանց վերաբերյալ արտահայտված դիրքորոշումների համակարգային վերլուծությունից հետևում է, որ ինչպես Սահմանադրությամբ, ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ՝ Կոնվենցիայով, որպես հիմնական իրավունքներ և ազատություններ, երաշխավորված են նաև անմեղության կանխավարկածի սկզբունքը և ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու՝ «լռելու» իրավունքը, որոնք սերտ փոխկապակցված են և կազմում են արդար դատաքննության իրավունքի առանձին մասը։ Պետությունը, պարտականություն կրելով հարգել ու պաշտպանել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, միևնույն ժամանակ, սահմանափակված լինելով դրանցով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք, ոչ միայն պարտավոր է ապահովել անմեղության կանխավարկածի և ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու իրավունքի իրացման անհրաժեշտ պայմաններ, այդ թվում նաև՝ օրենքներով սահմանել համապատասխան կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, այլև՝ իր գործողություններով զերծ մնալ դրանց ցանկացած խախտումներից։ Ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու իրավունքը և անմեղության կանխավարկածի սկզբունքը, դրանցով պաշտպանվող շահերի կարևորությունից ելնելով, դասվում են սահմանափակման ոչ ենթակա հիմնական իրավունքների և ազատությունների թվին, ուստի որևէ իրավիճակում, անգամ՝ արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ, չեն կարող սահմանափակվել։ Հատկանշական է, որ քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակից բխող հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման ու դրանց արդյունավետ իրացումն ապահովելու առնչությամբ հատկապես ընդգծելի է հենց դատարանի, ի դեմս՝ կոնկրետ գործը քննող դատավորի դերը, քանզի գործի դատաքննության փուլում նշվածները զուգակցվում են մեղադրյալի՝ անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի քննության իրավունքի ապահովման հետ, որի անմիջական երաշխավորը դատարանն է։
Վերոգրյալ իրավական նորմերի և փաստերի համակարգային վերլուծության արդյունքում Հանձնաժողովը, անդրադառնալով կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներին, փաստել է, որ Դատավորը 02.11.2023 թվականի որոշմամբ ստանձնել է թիվ ԵԴ1/1772/01/23 քրեական գործը (այսուհետ նաև՝ Գործ), որը դեռևս գտնվում է վերջինիս վարույթում։ Հաղորդում ներկայացրած անձը՝ Վահրամ Ներսեսյանը, նշված քրեական գործով ունի մեղադրյալի կարգավիճակ և հարցաքննվել է 23.04.2024 թվականին կայացած դատական նիստի ընթացքում։
23.04.2024 թվականի դատական նիստի ընթացքում Հաղորդում ներկայացրած անձի հարցաքննության մեկնարկին Դատավորը հարցրել է վերջինիս. «Խնդրեմ, ըտե՞ղ եք ուզում ցուցմունք տալ, թե ըստեղ, Ձեզ ո՞նց ա հարմար, ինչպե՞ս ա Ձեզ հարմար, այ էս դեպքի վերաբերյալ ի՞նչ եք ցանկանում հայտնել Դատարանին, Ձեզ մեղադրանք է առաջադրվել, ապացույցներն էլ հետազոտել ենք արդեն, տուժողին էլ հարցաքննել ենք»։ Նույն դատական նիստին մեղադրյալի հարցաքննության ընթացքում, երբ վերջինս հրաժարվել է պատասխանել տուժող Անգելիկա Ումրիկյանի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանի հերթական հարցադրմանը, Դատավորը նշել է. «Հիմա Ձեզ պարզաբանեմ, եթե Դուք որոշել եք ցուցմունք տալ ուրեմն պարտավոր եք պատասխանել Դատարանի հնչած բոլոր հարցերին, հետևաբար պատասխանեք հարցին (...): Հիմա հարց հնչեցնողի նկատմամբ կապ չունի՝ ինչ վերաբերմունք ունեք, պարտավոր եք պատասխանել հարցին»։ Դրանից հետո մեղադրյալը շարունակել է պատասխանել հարցերին։ Այնուհետև, երբ տուժող Անգելիկա Ումրիկյանի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը հայտարարել է, թե. «(...) մեղադրյալին ոնց որ սկզբից չգիտեմ, չեմ հիշում էդ պահը իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը (...): Ներկայիս քրեական օրենսգրքով, եթե սուտ ցուցմունք է տալիս, ենթակա է լինելու քրեական պատասխանատվության (...), ես ուզում եմ, որ մեղադրյալը ևս մեկ անգամ դրա մասին նախազգուշացվի (...)», Դատավորը նշել է հետևյալը. «Դատարանը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ մեղադրյալը պարտավոր է ճշմարտացի ցուցմունք տալ, ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար նախատեսված է պատասխանատվություն»։
Վերոշարադրյալի կապակցությամբ Հանձնաժողովը հարկ է համարել ընդգծել, որ դեռևս կարգապահական վարույթի հարուցման փուլում որոշակիորեն հայտնի դարձած հանգամանքների համատեքստում, այն է՝ թիվ ԵԴ1/1772/01/23 քրեական գործով 23.04.2024 թվականին կայացած դատական նիստի ձայնային արձանագրության ուսումնասիրության հիման վրա կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշմամբ փաստվել էր, որ Գործով 23.04.2024 թվականին կայացած դատական նիստում մեղադրյալի հարցաքննությունն սկսելուց առաջ Դատավորը չի բացատրել վերջինիս ցուցմունք տալու հետ կապված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված նրա իրավունքները և պարտականությունները, այդ թվում նաև՝ լռություն պահպանելու, իր, ամուսնու և մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք չտալու իր իրավունքի, ինչպես նաև իր ցուցմունքը որպես ապացույց օգտագործվելու հնարավորության մասին գրավոր տեղեկացվելու իրավունքները, որի կապակցությամբ Վահրամ Ներսեսյանը չի ստորագրել դատական նիստի արձանագրության մեջ։ Դրանից բացի, Դատավորը չի նախազգուշացրել մեղադրյալին ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին։ Ավելին՝ Դատավորը մեղադրյալի հարցաքննության ընթացքում վերջինիս պարզաբանել է (երբ մեղադրյալը, ըստ էության, չի ցանկացել պատասխանել տուժող կողմի հարցերին), որ եթե որոշել է ցուցմունք տալ, ուրեմն պարտավոր է պատասխանել Դատարանի հնչած բոլոր հարցերին։
Այս տեսանկյունից Հանձնաժողովն ուշադրության արժանի է համարել այն հանգամանքը, որ հետագայում՝ 17.04.2025 թվականին կայացված որոշմամբ Դատարանը Գործով մեղադրյալ Վահրամ Ներսեսյանի 23.04.2024 թվականի հարցաքննության արձանագրությունը ճանաչել է անթույլատրելի ապացույց և այն պահել վարույթի նյութերում՝ ըստ այդմ փաստելով, որ Հանձնաժողովին ներկայացված գրավոր բացատրությամբ Դատավորն ընդունելի է համարել այն դիրքորոշումը, որ Գործով 23.04.2024 թվականին հիմնական դատալսումների ժամանակ մեղադրյալին չեն պարզաբանվել նրա իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում՝ Դատարանը «Ապացույցն անթույլատրելի ճանաչելու մասին» 17.04.2025 թվականին կայացված որոշմամբ արձանագրել է, որ 23.04.2024 թվականին կայացած դատական նիստի ժամանակ նիստը նախագահող դատավորը մեղադրյալի հարցաքննությունը սկսելուց չի բացատրել և չի պարզաբանել նրա իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև չի պարզաբանել նրա լռելու սահմանադրական հիմնարար իրավունքը։ Փաստացի մեղադրյալը նաև նախազգուշացված չի եղել ակնհայտ սուտ ցուցմունք տալու մասին սահմանված քրեական պատասխանատվության մասին։ Նման պայմաններում Դատարանն արձանագրել է, որ արձանագրությունը կազմվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի խախտմամբ և վարույթի այդ փուլում հնարավոր չէ հետևանքը վերացնել այլ ապացուցողական գործողության պատշաճ կատարմամբ:
Դրանից բացի, ըստ Հանձնաժողովի, այդ իրավունքի չպարզաբանումը չի կրել ձևական բնույթ (օրինակ՝ մեղադրյալը փաստացի կօգտվեր այդ իրավունքից), այլ ընդհակառակը՝ հարցաքննության ընթացքում Հաղորդում ներկայացրած անձը ցանկացել է լռել (հարցերի որոշակի հատվածներում), սակայն չի կարողացել օգտվել այդ իրավունքից, քանի որ Դատավորը պարտավորեցրել է պատասխանել հարցերին։
Միևնույն ժամանակ, Հանձնաժողովը փաստել է նաև, որ թեև Գործով մեղադրյալի 23.04.2024 թվականի հարցաքննության ընթացքում Դատավորը մեղադրյալ Վահրամ Ներսեսյանին «ևս մեկ անգամ» հիշեցրել է ճշմարտացի ցուցմունք տալու և ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, սակայն նշված գործողությունը կատարել է տուժողի ներկայացուցչի ուղղորդմամբ և նախորդիվ մեղադրյալին չի նախազգուշացրել ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, վերջինն իր ստորագրությամբ չի հավաստել նախազգուշացված լինելու փաստը և ցուցմունքներն արդեն իսկ տրված են եղել։ Հանձնաժողովն այս առումով էական է համարել այն հանգամանքը, որ նախազգուշացումը պետք է տրվեր նախքան ցուցմունքը, և ցուցմունքն ավարտելուց հետո տրված նախազգուշացումն անձի համար չի կարող ապահովել այն երաշխիքները, որոնք ապահովվում են նախազգուշացմամբ։ Ավելին՝ հիշեցումից հետո մեղադրյալը կրկին չի հարցաքննվել և գործով որպես ապացույց արդեն իսկ ձեռք է բերվել մեղադրյալի կողմից բանավոր տրված և արձանագրված ցուցմունքը։
Ինչ վերաբերում է Դատավորի կողմից բերված այն փաստարկին, որ վերջինս շփոթել է քրեական դատավարության կարգավորումները, ապա Հանձնաժողովն արձանագրել է, որ 01.07.1998 թվականի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի, 65-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 101-րդ հոդվածի, 334-րդ հոդվածի 2-րդ մասի, 336-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներն ուղղակիորեն պարտավորեցրել են դատարանին ամբաստանյալին պարզաբանել վերջինիս լռելու իրավունքի և դա ի վնաս նրա մեկնաբանվելու անթույլատրելիության մասին և ի տարբերություն նախկին քրեական դատավարության օրենսգրքի, գործող օրենսգրքով խնդրո առարկա հարցի կապակցությամբ միակ տարբերությունը, ըստ էության, կայանում է նրանում, որ մեղադրյալը նախազգուշացվում է սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության ենթակա լինելու մասին, ուստի մեղադրյալի լռելու իրավունքը, որպիսի խախտումը նաև դրված է կարգապահական խախտման հիմքում, քրեադատավարական օրենսդրությամբ միշտ էլ եղել է անձի անբաժան իրավունք։ Ավելին, Հանձնաժողովն անհրաժեշտ է համարել նշել, որ գերծանրաբեռնված աշխատանքը, հոգնածությունը և դրանց արդյունքում շփոթմունքը չեն կարող դրվել որպես քրեական գործով դատավարական որևէ կարգավիճակ, առավել ևս՝ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձին իր իրավունքներն ու պարտականությունները պարզաբանելու պահանջը չապահովելու իրավաչափության հիմքում, քանզի քրեական վարույթի շրջանակներում դրանց երաշխավորումն ու ապահովումն իրավական պետությունում վարույթն իրականացնող մարմնի, տվյալ դեպքում՝ Դատարանի անմիջական պարտավորությունն են։
Ամփոփելով վերը նշված փաստերը՝ Հանձնաժողովը գտել է, որ քննարկվող դեպքում առկա են Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, 65-րդ և 66-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 20-րդ հոդվածի 2-րդ մասի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 9-րդ կետերի, 326-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների խախտման հատկանիշներ։
Անդրադառնալով Դատավորի կողմից թույլ տրված կարգապահական խախտման մեղքի ձևին՝ Հանձնաժողովը, վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերը, 147-րդ հոդվածի 5-ին մասը, 148-րդ հոդվածի 1-ին մասը, նշել է, որ Դատավորի կողմից թույլ տրված կարգապահական խախտման նկատմամբ վերջինիս հոգեբանական վերաբերմունքը և ըստ այդմ՝ մեղքի ձևը գնահատելու համար ելակետային է համարել վերջինիս բացատրությամբ հայտնված տեղեկությունները և գտել է, որ Դատավորը, թիվ ԵԴ1/1772/01/23 քրեական գործով 23.04.2024 թվականի դատական նիստի ընթացքում հարցաքննվող մեղադրյալին չբացատրելով իր կարգավիճակից բխող իրավունքներն ու պարտականությունները, այն է՝ լռություն պահպանելու կամ ցուցմունք տալու, իր, ամուսնու և մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք չտալու իր իրավունքի, իր ցուցմունքը որպես ապացույց օգտագործվելու հնարավորության մասին, ինչպես նաև չնախազգուշացնելով ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել։ Այսպիսով, Հանձնաժողովը գտել է, որ Դատավորը թույլ է տվել վերը շարադրված իրավունքի նորմերի և դատավորի վարքագծի կանոնների խախտումներ, որոնք վերջինս կատարել է կոպիտ անփութությամբ։
Հանձնաժողովը, ապահովելով վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ընթացքը, հաշվի առնելով Դատավորի բացատրությամբ ներկայացված փաստարկներն առ այն, որ մեղադրյալի 23.04.2024 թվականի հարցաքննության արձանագրությունն այլևս իրավաբանական ուժ չունի և չի կարող առաջացնել որևէ իրավական հետևանքներ, փաստել է, որ Գործով մեղադրյալ Վահրամ Ներսեսյանը հարցաքննվել է 23.04.2024 թվականին կայացած դատական նիստում, Դատավորը «Ապացույցն անթույլատրելի ճանաչելու մասին» որոշումը կայացրել է 17.04.2025 թվականին իր նկատմամբ կարգապահական վարույթը հարուցելուց հետո՝ Հանձնաժողովի կողմից Դատավորին բացատրություններ տալու համար տրամադրված լրացուցիչ ժամկետի ընթացքում։ Այս առումով հատկանշական է այն հանգամանքը, որ Դատավորը լրացուցիչ ժամկետ է խնդրել սահմանել մինչև 18.04.2025 թվականը՝ նշանակված դատական նիստի հաջորդ օրը։ Դրանից բացի, Հանձնաժողովը հարկ է համարել նշել, որ, ինչպես վկայում է 23.04.2024 թվականին կայացած դատական նիստի ձայնային արձանագրության ուսումնասիրությունը, մեղադրյալի հարցաքննության արդյունքում պարզված հանգամանքները հիմք են հանդիսացել Դատարանի կողմից այլ ապացույցներ պահանջելու և ստանալու, ինչպես նաև դրանով պայմանավորված այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ հարկադրանքի միջոց կիրառելու համար։
Մասնավորապես՝ հարցաքննության ժամանակ մեղադրյալը հայտնել է տեղեկություններ՝ «Վիկտորի Պարկ»-ի կողմից վճարում կատարելու հանգամանքի շուրջ, և հիմք ընդունելով մեղադրյալի կողմից հայտնած էական նշանակություն ունեցող նոր փաստական հանգամանքները՝ Դատարանը ՀՀ-ում գրանցված «Վիկտորի Պարկ»-ի ՍՊԸ-ի տնօրենից գրավոր պահանջել է «Վիկտորի Պարկ»-ի ՍՊԸ-ի և «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ի միջև կնքված համատեղ գործունեության պայմանագրի պատճենը և հրավիրել հարցաքննության «Վիկտորի Պարկ»-ի ՍՊԸ-ի ներկա և նախկին տնօրեններին։
Այնուհետև, Դատարանը, ստանալով տեղեկություններ Հերմինե Վարդանյանի առողջական խնդիրների մասին, որոշում է կայացրել նրա հարցաքննությունն իրականացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 327-րդ հոդվածով սահմանված՝ հարցաքննության հատուկ կարգով, այն է՝ տեսակապով։ 18.12.2024 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում վկա Հերմինե Վարդանյանը հարցաքննվել է տեսակապի միջոցով և ըստ վարույթի տեղեկությունների՝ վկան ֆիզիկապես և հոգեբանորեն պատրաստ չէր հարցաքննությանը, ողջ հարցաքննության ընթացքում հայտարարել է, որ իրեն լավ չի զգում, հարցաքննության ժամին նախապես պայմանավորված այց ունի բժշկի մոտ, ունի լուրջ առողջական խնդիրներ՝ գլխի ուռուցքներ, որոնց պատճառով էլ ի վիճակի չէ կենտրոնանալ և տալ ցուցմունք, հայտնել է, որ վիրահատություններից հետո հիշողության խնդիրներ ունի և տրվող հարցերի պատասխանները չի հիշում։ Հարցաքննությունից հետո տուժողի ներկայացուցիչը միջնորդել է վկային հարկադրաբար ներկայացնել Դատարան, և Դատարանը, հիմք ընդունելով այդ հայտարարությունը և չնայած վկայի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերի հիման վրա նախորդ դատական նիստին որոշում է կայացրել հարցաքննության հատուկ կարգ կիրառելու մասին, բավարարել է միջնորդությունը։
Ավելին, նույն քրեական գործով Հանձնաժողովն ստացել է նաև վկա Հերմինե Վարդանյանի գրությունը, որտեղ վերջինս իր հերթին իր անհամաձայնությունն է ներկայացրել Դատավորի գործողությունների կապակցությամբ՝ համարելով, որ իր առողջական վիճակի պայմաններում ինքը ոչ միայն առանց հիմնավորման հարցաքննվել է, այլև իր նկատմամբ կիրառվել է հարկադրանքի միջոց, այն դեպքում, երբ տեսակապով հարցաքննությունն ընդհատվել է իր առողջական վիճակի ու իր հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների արդյունքում հոգեհուզական վիճակում հայտնվելու արդյունքում (հիմք՝ Հանձնաժողովին ուղղված Հերմինե Վարդանյանի 11.04.2025 թվականի թիվ Դ-252 մուտքային համարով գրությունը)։
Հանձնաժողովը հարկ է համարել նաև ընդգծել, որ Դատարանը, քննության առնելով ապացույցն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ հարցը, 17.04.2025 թվականին կայացված որոշմամբ Գործով մեղադրյալ Վահրամ Գեղամի Ներսեսյանի 23.04.2024 թվականի հարցաքննության արձանագրությունը ճանաչել է անթույլատրելի ապացույց և այն պահել վարույթի նյութերում։ Որոշման հիմքում դրվել են սույն կարգապահական վարույթի առիթ հանդիսացած՝ հաղորդմամբ ներկայացված խախտումների առկայությունը, մասնավորապես՝ հարցաքննությունը սկսելուց մեղադրյալին ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին չնախազգուշացնելը, ինչպես նաև՝ լռելու իրավունքի մասին չպարզաբանելը։
Մինչդեռ մեղադրյալի հարցաքննության արձանագրությունն անթույլատրելի ճանաչելուց հետո այդ ապացույցի հիման վրա կատարված դատավարական գործողություններն ու դրանց արդյունքում ձեռք բերված ապացույցները, այդ թվում՝ վկայի հարցաքննության արձանագրությունն անթույլատրելի չեն ճանաչվել, այն դեպքում, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքի էական խախտմամբ ստացված տվյալները, ինչպես նաև դրանց հիման վրա կատարված վարութային գործողությունների արդյունքով ձեռք բերված տվյալները ճանաչվում են անթույլատրելի և չեն կարող օգտագործվել որպես ապացույց։ Սա ինքնին վկայում է, որ մեղադրյալի հարցաքննության արձանագրությունն անթույլատրելի ճանաչելով թույլ տրված խախտման այլ բացասական հետևանքները ևս չեն վերացվել։
Դրանից բացի, Հանձնաժողովի համոզմամբ Դատարանի կողմից անձի իրավունքների և ազատությունների խախտմամբ ձեռք բերված ու հետազոտված ապացույցները հետագայում Դատարանի կողմից անթույլատրելի ապացույց ճանաչելու միջոցով կարգապահական պատասխանատվությունից խուսափելու արատավոր պրակտիկան ինքնին կարող է բացասաբար անդրադառնալ դատական իշխանության նկատմամբ հասարակության վստահության և հեղինակության վերականգնման համար։ Օրինակ՝ նման պրակտիկան կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ կարելի է հարցաքննել վկաների, տուժողների և վարույթի այլ մասնակիցների, իսկ հետո դրանք ճանաչել անթույլատրելի՝ ի չիք դարձնելով այդպիսի ապացույցների հանրային ու իրավական կարևոր նշանակությունը։
Միևնույն ժամանակ, Հանձնաժողովի համոզմամբ, իր իսկ կատարած դատավարական գործողության խախտման արձանագրումը Դատավորի լիազորություններից դուրս է, և Դատավորի թույլ տրված սխալը, որը կատարվել էր արդեն իսկ ավարտված արարքի արդյունքում, այս դեպքում կարող էր ուղղվել բացառապես վերադաս դատական ատյանի կողմից։ Ավելին՝ Դատավորը չի կարող իր իսկ կատարած քրեադատավարական գործողության արդյունքում ձեռք բերված ապացույցը ճանաչել անթույլատրելի՝ դրանով իսկ կորցնելով դրա ապացուցողական նշանակությունը, ինչը նշանակում է, որ առհասարակ Դատավորի կողմից կատարված այդպիսի գործողությունը չի բխում քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից՝ հաշվի առնելով, որ ապացույցի ընթացակարգի խախտմամբ ձեռք բերված լինելը չի կարող վերագրվել Դատավորի՝ ի պաշտոնե իրականացվող այնպիսի գործողություններին, որոնք կատարվում են դատավարության ընթացքում, քանի որ Դատավորի դատավարական իմաստով ոչ իրավաչափ գործողությունները և դրանց հետևանքները կարող են վերացվել բացառապես անմիջական կամ հետաձգված բողոքարկման իրավունքների միջոցով՝ վերադաս դատական ատյանի դատարանների կողմից, որոնք ոչ թե Դատավորի կատարած դատավարական գործողությունը համարում են անթույլատրելի, այլ համարում են ոչ իրավաչափ և վերացնում են թույլ տրված խախտման հետևանքը՝ դատական ակտը բեկանելու միջոցով։
Ավելին՝ Դատավորն ապացույցն անթույլատրելի ճանաչելու մասին իր որոշման հիմքում դրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 3-րդ մասի 3- րդ կետի պահանջն առ այն, որ օրենքի էական խախտմամբ ստացված են համարվում այն տվյալները, որոնք ձեռք են բերվել սույն օրենսգրքով նախատեսված ընթացակարգի խախտմամբ, եթե հնարավոր չէ դրա հետևանքը վերացնել այլ ապացուցողական գործողության պատշաճ կատարմամբ, սակայն մյուս կողմից իր բացատրության մեջ ինքն իր որոշման կիրառման համար էական օրենսդրական պայմանին հակասելով՝ պնդել է, որ մեղադրյալը զրկված չէ գործի քննության շրջանակներում կրկին անգամ ցուցմունք տալու հնարավորությունից, այսինքն՝ առկա չէ մեղադրյալի կողմից իր իրավունքներն իրացնելու որևէ խոչընդոտ, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածի համաձայն, եթե վարույթի մասնակիցն իր եզրափակիչ ելույթում կամ մեղադրյալն իր եզրափակիչ հայտարարության մեջ հայտնում է վարույթի համար էական նշանակություն ունեցող նոր հանգամանքներ կամ հետազոտման համար ներկայացնում է նախկինում իր համար անհայտ նոր ապացույցներ, ապա դատարանը մինչև առանձին սենյակ հեռանալը, ելնելով վարույթի անհրաժեշտությունից, իրավունք ունի որոշում կայացնելու ապացույցների հետազոտումը վերսկսելու մասին։ Այսինքն՝ սույնով Դատավորն ընդունել է, որ իր կողմից թույլ տրված խախտման հետևանքն ամեն դեպքում հնարավոր է վերացնելը, եթե եզրափակիչ ելույթում կամ մեղադրյալն իր եզրափակիչ հայտարարության մեջ հայտնի վարույթի համար էական նշանակություն ունեցող նոր հանգամանքներ կամ հետազոտման համար ներկայացնի նախկինում իր համար անհայտ նոր ապացույցներ, և դատարանը մինչև առանձին սենյակ հեռանալը, ելնելով վարույթի անհրաժեշտությունից, որոշում կայացնի ապացույցների հետազոտումը վերսկսելու մասին։
Միևնույն ժամանակ Հանձնաժողովը, անդրադառնալով Դատավորի վերը նշված դիտարկմանը, հարկ է համարել արձանագրել, որ, նախ՝ հնարավոր չէ փաստեր արձանագրել ապագայում դեռևս կատարման ենթակա գործողությունների ու դրանց արդյունքների մասին, դրանք պարզապես ոչնչով չհիմնավորված ենթադրություններ են, երկրորդ՝ դա պայմանավորված է մեղադրյալի կամքով ու կամահայտնությամբ, և գուցե մեղադրյալը չօգտվի այդ իրավունքից, երրորդ՝ դա կարող է տեղի ունենալ վարույթի համար էական նշանակություն ունեցող նոր հանգամանքներ կամ հետազոտման համար նախկինում մեղադրյալի համար անհայտ նոր ապացույցներ ներկայացվելու պայմանների առկայության դեպքում, իսկ մեղադրյալի հարցաքննության արդյունքում արձանագրված ցուցմունքներն արդեն իսկ գոյություն ունեցող իրողություն է, և դրանք ոչ նոր հանգամանքներ են և ոչ էլ մեղադրյալի համար անհայտ նոր ապացույցներ։ Նշվածները հերքում են խախտման նվազ հետևանքների մասին Դատավորի դիտարկման իրավական նշանակությունը։
Ընդ որում, մեղադրյալը, տեղեկացված չլինելով լռելու իրավունքի մասին, առաջին անգամ հարցաքննվելով արդեն իսկ հայտնել է որոշակի տեղեկություններ, որոնք դատավարության մասնակիցների մոտ (հանրային մեղադրողի, տուժողի), այդ թվում՝ Դատարանի, այլևս ձևավորել է որոշակի պատկերացումներ հայտնած տվյալների վերաբերյալ, որից հաջորդիվ հարցաքննության ժամանակ, ուղղակի կամ անուղղակի ձևով (նախապես տեղեկացված լինելով նախորդ հարցաքննության ընթացքում հայտնած տեղեկություններից՝ այդ մասով, օրինակ՝ քողարկված հարցեր տրվեն) կարող են օգտվել ինչպես Դատարանը, այնպես էլ դատավարության մասնակիցները և դա օգտագործել մեղադրյալի ցուցմունքի արժանահավատությունը գնահատելու, ներքին համոզմունք ձևավորելու տեսանկյունից։
Հանձնաժողովը սույն վարույթով իրավասու է Դատավորի կայացրած դատական ակտին տալ իրավական գնահատական՝ հաշվի առնելով, որ Դատավորն այդ գործողության կատարմամբ, իր ընկալմամբ, վերացրել է թույլ տրված խախտման հետևանքները, և այս գործողության իրավաչափությունն էական է արարքի նվազ կարևոր նշանակությունը որոշելու հարցում։
Բացի այդ, Դատավորն իր բացատրության մեջ նշել է նաև, որ գործի քննության ընթացքում դատարանն իր նախաձեռնությամբ, հիմք ընդունելով մեղադրյալի կողմից հայտնած էական նշանակություն ունեցող նոր փաստական հանգամանքները, որոնք հակասում էին հանրային քրեական հետապնդման որոշմամբ արձանագրված փաստական հանգամանքներին, ՀՀ-ում գրանցված «Վիկտորի Պարկ» ՍՊԸ-ի տնօրենից գրավոր պահանջել է «Վիկտորի Պարկ» ՍՊԸ-ի և «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ի միջև կնքված համատեղ գործունեության պայմանագրի պատճենը և հրավիրել հարցաքննության «Վիկտորի Պարկ» ՍՊԸ-ի ներկա և նախկին տնօրեններին։ Գործող տնօրենը ներկայացել է հարցաքննության, իսկ նախկին տնօրեն Հերմինե Վարդանյանը խուսափել է ներկայանալ դատարան։ Դատարանի կողմից կայացվել է արձանագրային որոշում «Վիկտորի Պարկ» ՍՊԸ-ից փաստաթղթեր պահանջելու վերաբերյալ, որը սակայն նրանց կողմից չի կատարվել։ Դատարանը որոշում է կայացրել հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ՀՀ դատախազություն։ 30.12.2024 թվականին հաղորդում է ներկայացվել ՀՀ դատախազության Երևան քաղաքի դատախազին՝ «Վիկտորի Պարկ» ՍՊԸ-ի պատասխանատու անձանց գործողությունների փաստական հանգամանքների վերաբերյալ քրեական վարույթ նախաձեռնելու համար։ Հաղորդման վերաբերյալ նախաձեռնել է թիվ 09104325 քրեական վարույթը, որի քննության արդյունքներով նախաձեռնվել է նաև մեկ այլ վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում։ 28.03.2025 թվականին վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարանին ներկայացվել է «Վիկտորի Պարկ» ՍՊԸ-ի և «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ի միջև կնքված համատեղ գործունեության վերաբերյալ 05.05.2022 թվականին կնքված պայմանագրի պատճենը, որն անհրաժեշտ և էական փաստական տեղեկություններ է պարունակում վերդիկտ կայացնելու համար և դատարանն էլ, առաջնորդվելով արդարադատության շահով, այն պահանջել է կողմից։
Հանձնաժողովը նշել է, որ վերոգրյալ փաստական տեղեկություններն իրենց հերթին փաստում են, որ իրականում Դատավորի թույլ տրված խախտմամբ ձեռք բերված ապացույցից ստացված տվյալների հիման վրա ոչ միայն կատարվել են այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ ձեռք բերվել լրացուցիչ ապացույցներ, ինչպես նաև՝ կիրառվել է հարկադրանքի միջոց, այլև դրանց իրականացման արդյունքում առաջացել են այլ հետևանքներ, մասնավորապես՝ հաղորդում է ներկայացվել դատախազություն, նախաձեռնվել է քրեական այլ վարույթ, որպիսի հետևանքները ևս վերացված չեն։
Ըստ Հանձնաժողովի, վերոգրյալի հիման վրա, Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման համար էական պայմանների բացակայության մասին փաստում են վարույթի ընթացքում ձեռք բերված ու վերևում ներկայացված հետևյալ ամփոփ տվյալներն ու հանգամանքները.
- Դատավորի կողմից թույլ տրված խախտումներն իրենց բնույթով այնպիսի պարզ դատավարական ընթացակարգին կամ պահանջներին են վերաբերում, որոնց չիմացությունը կամ սխալ կիրառելը հանգեցրել է մեղադրյալի և վերջինիս պաշտպանության իրավունքի հիմնարար խախտման։
- Դատավորը թույլ է տվել այնպիսի խախտումներ, որոնք իրենց բովանդակությամբ դատավարության ընթացքն ապահովելու ամենապարզ ու մեղադրյալի պաշտպանության իրավունքը երաշխավորող, անմեղության կանխավարկածի գործնական կիրառելիությունն ապահովող նորմերի սխալ կիրառման արդյունք են։
- Խնդիրը ոչ միայն թույլ տրված խախտման բովանդակության մեջ է, այլև՝ թույլ տրված խախտման առաջացրած այնպիսի հետևանքի, հաշվի առնելով, որ մեղադրյալին ոչ միայն չի պարզաբանվել ցուցմունք չտալու իրավունքը, այլև՝ պարտավորեցվել է ցուցմունք տալ, և այդ պարտավորեցման հիմքով մեղադրյալը ստիպված ցուցմունք է տվել, այսինքն՝ այլ կլիներ իրավիճակը, երբ մեղադրյալը, այնուամենայնիվ, ցուցմունք չտար՝ անկախ այդ իրավունքի մասին պարզաբանումից, սակայն մեղադրյալն ցուցմունք տալուն պարտավորեցնելու և ցուցմունք տալու արդյունքում այս դեպքում խախտումն ակնհայտորեն ունեցել է գործնական նշանակություն՝ պարտադրանքի ուժով մեղադրյալից ստանալով այնպիսի ցուցմունք, որն առաջացրել է նաև այլ դատավարական հետևանքներ։
- Թույլ տրված խախտումը հանգեցրել է նաև դրանից բխող այլ դատավարական գործողությունների, դրա արդյունքում ձեռք են բերվել այլ ապացույցներ, առողջական լուրջ խնդիրներ ունեցող վկայի նկատմամբ կիրառվել է հարկադրանքի միջոց, ինչպես նաև նախաձեռնվել է մեկ այլ քրեական վարույթ։
- Դատավորի կայացրած որոշումը՝ ապացույցն անթույլատրելի ճանաչելու մասին, Հանձնաժողովի գնահատմամբ իրավաչափ չէ՝ իր իսկ թույլ տված սխալի ուղղման նման ընթացակարգի բացակայության և այլ պատճառաբանություններով։ Ավելին՝ այս պրակտիկան լի է արդարադատության, հանրային և մասնավոր շահերի խախտման լուրջ վտանգներով և իր բնույթով խեղաթյուրում է ապացույցի անթույլատրելիության մասին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներն ու նպատակները։
- Եթե անգամ ապացույցի անթույլատրելիության ճանաչման նման ընթացակարգը ընդունելի է, ապա ստացվում է, որ Դատավորի ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով կորսվել է վարույթի համար էական նշանակություն ունեցող, մեղադրյալի իրավունքների պաշտպանությունը երաշխավորող ապացույցը։
- Եթե անգամ ապացույցի անթույլատրելիության ճանաչման նման ընթացակարգը ընդունելի է, ապա ստացվում է, «թունավոր ծառի պտուղները ևս թունավոր են» սկզբունքի համատեքստում այն կարող էր հանգեցնել քննվող քրեական գործի շրջանակներում կատարված այլ դատավարական գործողությունների ու դրանց արդյունքում ձեռք բերված ապացույցների՝ մեղադրանքի հիմքում օգտագործելու անթույլատրելիության։
Ամբողջ վերոգրյալի հիման վրա Հանձնաժողովն ընդգծել է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումները չունեն նվազ կարևոր նշանակություն, ավելի՝ վերը թվարկված փաստերն իրենց համակցության մեջ վկայում են ոչ միայն դատական իշխանության, այլև Դատավորի բարձր դերի հեղինակազրկման մասին, երբ Դատավորն իր գործողություններով դատական իշխանությանը զերծ չի պահել վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող այսպիսի պարզ քրեադատավարական նորմերի խախտումներ թույլ չտալու հետևանքներից, որի պարագայում դատական իշխանության նկատմամբ հասարակության վստահությունն առնվազն վտանգվել է, ուստի Հանձնաժողովը գտել է, որ առկա չէ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքը։
Միաժամանակ Հանձնաժողովը, հարգելով Դատավորի կարգավիճակն ու գիտակցելով վերջինիս հեղինակությունը բարձր պահելու իր պարտականությունը, ընդգծել է, որ Դատավորի վերաբերյալ արձանագրված պնդումները, դիրքորոշումները, այդ թվում՝ խախտումների մասին եզրահանգումները, արվել են Հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում՝ վարույթի համար էական փաստերի գնահատման և իրավունքի նորմերի մեկնաբանության սեփական ընկալման արդյունքների համաձայն՝ հաշվի առնելով, որ խախտումները Դատավորի կողմից թույլ տրված լինելու փաստը կարող է վերջնականապես հաստատել բացառապես Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը քննող դատարանը՝ Բարձրագույն դատական խորհուրդը։
Դատական նիստում Հանձնաժողովի ներկայացուցիչները պնդել են ներկայացված միջնորդությունը:
3․ Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Դատավորը Հանձնաժողովին ներկայացրած բացատրությամբ հայտնել է, որ Գործը 01.11.2023 թվականին մակագրվել է իրեն և 02.11.2023 թվականին որոշում է կայացվել վարույթ ստանձնելու ու նախնական դատալսումներ նշանակելու մասին։ 17.04.2025 թվականին հիմնական դատալսումների փուլում, նախնական դատալսումներով սահմանված հետազոտման ենթակա ապացույցները հետազոտելուց հետո Դատարանը սեփական նախաձեռնությամբ քննարկման է ներկայացրել 23.04.2024 թվականին մեղադրյալ Վահրամ Գեղամի Ներսեսյանի հարցաքննության արձանագրությունն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ հարցը։
17.04.2025 թվականին հիմնական դատալսումներով Դատարանն ավարտելով նախնական դատալսումներով սահմանված ապացույցների հետազոտումը կողմերի առջև բարձրացրել է ապացույցների անթույլատրելիության հարցը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 335-րդ հոդվածի կարգավորումների համաձայն։ Վարույթի թե հանրային և թե մասնավոր մասնակիցների կողմից միջնորդություն չի ներկայացվել որևէ ապացույց անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ։ Դատարանն իր նախաձեռնությամբ քննարկման է ներկայացրել մեղադրյալի 23.04.2024 թվականի հարցաքննության արձանագրությունը և այն ճանաչել է որպես անթույլատրելի ապացույց։
Դատավորը, վկայակոչելով Սահմանադրության 5-րդ, 6-րդ, 162-րդ, 164-րդ հոդվածները, Օրենսգրքի 7-րդ, 20-րդ, 51-րդ, 66-րդ, 67-րդ, 68-րդ, 69-րդ, 70-րդ հոդվածները, վերլուծելով Հանձնաժողովի 24.03.2025 թվականի թիվ N-Կ-4/2025 որոշմամբ առաջ քաշված հիմնավորումները, ընդունելի է համարել Հանձնաժողովի այն դիրքորոշումը, որ թիվ ԵԴ1/1772/01/23 քրեական գործով 23.04.2024 թվականին հիմնական դատալսումների ժամանակ մեղադրյալ Վահրամ Գեղամի Ներսեսյանին չեն պարզաբանվել նրա իրավունքներն ու պարտականությունները, ինչպես ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 504-րդ հոդվածով սահմանված քրեական պատասխանատվության այնպես էլ նրա՝ լռելու հիմնարար իրավունքը։ Դատավորն ընդունելի է համարել, որ խախտվել են մեղադրյալի իրավունքները, սակայն ընդունելի չի համարել այն եզրահանգումը, որ դա կատարվել է դիտավորության կամ կոպիտ անփութության արդյունքում։ Դատավորը պարզաբանել է, որ 12.01.1999 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների համաձայն մեղադրյալի կողմից ցուցմունքներ տալը նրա համար սահմանված էր որպես իրավունք, ոչ թե՝ պարտականություն, հետևաբար ձևավորված երկարատև պրակտիկան հաստատել էր, որ մեղադրյալները ընդհանրապես չէին նախազգուշացվում ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս իր վարույթում առկա են մի քանի քրեական գործեր, որոնց քննությունը գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի կարգավորումների համաձայն իրականացվում է նախկին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներով, ուստի երբեմն՝ հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ հանգամանքներ (դատարանների գերծանրաբեռնված աշխատանք, հոգնածություն, ինչի արդյունքում նաև շփոթմունք) իր կողմից շփոթմունքի արդյունքում (կարծելով թե գործի քննությունն իրականացվում է նախկին քրեադատավարական կարգավորումներով, քանի որ քրեական գործը հարուցվել է 23.03.2022 թվականին, այսինքն նախկին քրեադատավարական կարգավորումներով) հարցաքննությունը սկսելուց մեղադրյալը չի նախազգուշացվել ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության, ինչպես նաև՝ լռելու իրավունքի մասին։ Դատավորը ևս մեկ անգամ Հանձնաժողովի ուշադրությունն է հրավիրել այս հանգամանքի վրա, որ հարցաքննության ընթացքում նախագահող դատավորը փորձել է շտկել այդ հանգամանքը (ինչն անվիճելիորեն հաստատում է դիտավորության բացակայության կամ կոպիտ անփութության բացակայության փաստը), սակայն գրեթե հարցաքննությունն ավարտված էր և չի կազմվել նրան ՀՀ քրեական օրենսգրքի 504-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության մասին նախազգուշացնելու մասին արձանագրություն։ Այնուհանդերձ, հաշվի առնելով ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների առանձնահատկությունները, համակողմանի վերլուծելով առկա իրավիճակը, գործում առկա փաստական հանգամանքները, առաջնորդվելով արդարադատության շահով՝ 17.04.2025 թվականի նիստի ժամանակ վարույթի համապատասխան փուլում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 335-րդ հոդվածի 3–րդ մասի համաձայն նախագահող դատավորն իր նախաձեռնությամբ քննարկման առարկա է դարձրել մեղադրյալ Վահրամ Ներսեսյանի 23.04.2024 թվականի հարցաքննության արձանագրությունը, որպես անթույլատրելի ճանաչելու հարցը, որի վերաբերյալ նույնիսկ մեղադրյալը և իր պաշտպանը չեն բարձրաձայնել, իսկ դիրքորոշում հայտնելիս գտել են, որ գործում առկա բոլոր ապացույցները թույլատրելի են։ Քննարկման արդյունքում դատարանը մեղադրյալ Վահրամ Գեղամի Ներսեսյանի 23.04.2024 թվականի հարցաքննության արձանագրությունը (ցուցմունքը) ճանաչել է, որպես անթույլատրելի ապացույց։
Դատավորն իր բացատրությամբ Հանձնաժողովին պարզաբանել է նաև, որ մեղադրյալը զրկված չէ գործի քննության շրջանակներում, կրկին անգամ ցուցմունք տալու հնարավորությունից, այսինքն՝ առկա չէ մեղադրյալի կողմից իր իրավունքներն իրացնելու որևէ խոչընդոտ, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածի համաձայն, եթե վարույթի մասնակիցն իր եզրափակիչ ելույթում կամ մեղադրյալն իր եզրափակիչ հայտարարության մեջ հայտնում է վարույթի համար էական նշանակություն ունեցող նոր հանգամանքներ կամ հետազոտման համար ներկայացնում է նախկինում իր համար անհայտ նոր ապացույցներ, ապա դատարանը մինչև առանձին սենյակ հեռանալը, ելնելով վարույթի անհրաժեշտությունից, իրավունք ունի որոշում կայացնելու ապացույցների հետազոտումը վերսկսելու մասին։
Ավելին, Դատավորը անհրաժեշտ է համարել պարզաբանել, թե ինչու է մեղադրյալը 2024 թվականի ապրիլ ամսվա հանգամանքը բողոքարկել միայն 2025 թվականի հունվար ամսվա վերջերին՝ մասնավորապես Գործի քննության ընթացքում դատարանն իր նախաձեռնությամբ, հիմք ընդունելով մեղադրյալի կողմից հայտնած էական նշանակություն ունեցող նոր փաստական հանգամանքները, որոնք հակասում էին հանրային քրեական հետապնդման որոշմամբ արձանագրված փաստական հանգամանքներին, ՀՀ-ում գրանցված «Վիկտորի Պարկ» ՍՊԸ-ի տնօրենից գրավոր պահանջել է «Վիկտորի Պարկ» ՍՊԸ-ի և «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ի միջև կնքված համատեղ գործունեության պայմանագրի պատճենը և հրավիրել հարցաքննության «Վիկտորի Պարկ» ՍՊԸ-ի ներկա և նախկին տնօրեններին։ Գործող տնօրենը ներկայացել է հարցաքննության, իսկ նախկին տնօրեն Հերմինե Վարդանյանը խուսափել է ներկայանալ դատարան։ Դատարանի կողմից կայացվել է արձանագրային որոշում «Վիկտորի Պարկ» ՍՊԸ-ից փաստաթղթեր պահանջելու վերաբերյալ, որը սակայն նրանց կողմից չի կատարվել։ Դատարանը որոշում է կայացրել հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ՀՀ դատախազություն։ 30.12.2024 թվականին հաղորդում է ներկայացվել ՀՀ դատախազության Երևան քաղաքի դատախազին՝ «Վիկտորի Պարկ» ՍՊԸ-ի պատասխանատու անձանց գործողությունների փաստական հանգամանքների վերաբերյալ քրեական վարույթ նախաձեռնելու համար։ Հաղորդման վերաբերյալ նախաձեռնել է թիվ 09104325 քրեական վարույթը, որի քննության արդյունքներով նախաձեռնվել է նաև մեկ այլ վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում։ 28.03.2025 թվականին վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարանին ներկայացվել է «Վիկտորի Պարկ» ՍՊԸ-ի և «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ի իջև կնքված համատեղ գործունեության վերաբերյալ 05.05.2022 թվականին կնքված պայմանագրի պատճեն։ Պայմանագրի պատճենը, որը որպես ապացույց զննվել է դատարանի կողմից, անհրաժեշտ և էական փաստական տեղեկություններ էր պարունակում վերդիկտ կայացնելու համար և դատարանն էլ առաջնորդվելով արդարադատության շահով այն պահանջել է կողմից։
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Գործով մեղադրյալ Վահրամ Գեղամի Ներսեսյանի 23.04.2024 թվականի հարցաքննության արձանագրությունն այլևս չունի իրավաբանական ուժ, այն ճանաչվել է անթույլատրելի ապացույց և չի կարող առաջացնել որևէ իրավական հետևանքներ՝ Դատավորը խնդրել է այդ հիմքով կարճել կարգապահական վարույթը։
Դատավորը Խորհրդին ներկայացրած գրավոր պատասխանով հայտնել է, որ իր կողմից Հանձնաժողովին ներկայացվել է բացատրություն անհրաժեշտ հիմնավորումներով։ Ըստ էության իր կողմից ընդունվել է մեղադրյալ Վահրամ Ներսեսյանի հարցաքննության ժամանակ տեղի ունեցած հարցաքննության կարգի խախտման փաստը, միևնույն ժամանակ անհրաժեշտ և օբյեկտիվ հիմնավորումներ ներկայացվել Հանձնաժողովին այդ խախտման պատճառների մասին։ Հանձնաժողովին պարզաբանվել է նաև, որ Դատարանն օգտվելով իր օրենսդրական լիազորություններից համապատասխան դատավարական փուլում կայացրել է որոշում վիճարկելի համարվող ապացույցն անթույլատրելի ճանաչելու մասին։ Հանձնաժողովին պարզաբանվել է, որ 2025 թվականի դատական նիստի ժամանակ մեղադրյալին ևս մեկ անգամ պարզաբանվել են իր իրավունքներն ու պարտականությունները ՀՀ գործող քրեական դատավարության օրենսդրության կարգավորումներով, պարզաբանվել ցուցմունք տալու իրավունքի, ինչպես նաև լռելու իրավունքի մասին, որից հետո մեղադրյալը հայտարարել է, որ օգտվելով իր դատավարական իրավունքներից չի ցանկանում ցուցմունք տալ։
Դատավորը, վկայակոչելով Սահմանադրության 5-րդ, 6-րդ, 162-րդ հոդվածները, 164-րդ հոդվածի 1-3-րդ, 5-րդ մասերը, Օրենսգրքի 7-րդ, 20-րդ, 68-րդ, 69-րդ, 70-րդ հոդվածները, 51-րդ հոդվածի 1-ին մասը, 66-րդ հոդվածի 1-3-րդ մասերը, 67-րդ հոդվածի 1-2-րդ մասերը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը, 43-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 9-րդ կետերը, 97-րդ հոդվածի 1-4-րդ մասերը, 326-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 335-րդ հոդվածի 1-3-րդ մասերը, Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, նույն հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև վերլուծելով Հանձնաժողովի 05.05.2025 թվականի թիվ N-Կ-4/2025 որոշմամբ առաջ քաշված հիմնավորումները կրկին անգամ վերահաստատել է արդեն իսկ հայտնած այն դիրքորոշումը, որ թիվ ԵԴ1/1772/01/23 քրեական գործով 23.04.2024 թվականին հիմնական դատալսումների ժամանակ մեղադրյալ Վահրամ Գեղամի Ներսեսյանին մինչև հարցաքննության սկսվելը չեն պարզաբանվել նրա իրավունքներն ու պարտականությունները, ինչպես ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 504-րդ հոդվածով սահմանված քրեական պատասխանատվության այնպես էլ նրա՝ լռելու հիմնարար իրավունքը։ Տեղի ունեցած երևույթն ըստ էության քրեադատավարական ընթացակարգի խախտում է, սակայն ինչպես արդեն իսկ արձանագրված է նիստի արձանագրությամբ հարցաքննության ընթացքում՝ 14․34 րոպեին (հարցաքննությունը սկսվել է 14.07 րոպեին) դատարանի կողմից մեղադրյալ Վահրամ Ներսեսյանը նախազգուշացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նոր կարգավորումների մասին, այն է՝ մեղադրյալը պարտավոր է տալ ճշմարտացի ցուցմունք և բանավոր կարգով նախազգուշացվել է ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին։ Այդ նախազգուշացումից հետո մեղադրյալ Վ. Ներսեսյանը ըստ էության հրաժարվել է պատասխանել տուժողի ներկայացուցչի մի շարք հարցերին, քանի որ նա իրազեկված է եղել լռելու իր իրավունքի մասին։ Ըստ էության իր կողմից նախազգուշացնելուց հետո մեղադրյալ Վահրամ Ներսեսյանը հնչեցված հարցերին պատասխանել է օգտվելով իր լռելու իրավունքից, քանի որ բազմաթիվ հարցերին ի պատասխան հայտնել է, որ չի պատասխանում կամ հրաժարվում է պատասխանել։ Տուժողի ներկայացուցչի բազմաթիվ հարցեր դատարանի կողմից հանվել են, քանի որ եղել են ոչ վերաբերելի։ Մեղադրյալ Վահրամ Ներսեսյանն օգտվելով լռելու իր իրավունքից չի պատասխանել նաև մեղադրող Տ․ Մխիթարյանի հարցին։ Դատավորն այնուամենայնիվ գտել է, որ դատարանի կողմից մեղադրյալ Վահրամ Ներսեսյանի ցուցմունքը, որպես անթույլատրելի ապացույց ճանաչելուց հետո, կարգապահական վարույթի շրջանակներում չեն կարող քննարկվել այդ որոշման իրավաչափությունը կամ պատճառաբանվածությունը, քանի որ այդ որոշման, որոշման հիմնավորումների և իրավաչափության վերաբերյալ կարող է գնահատական տալ վերադաս դատարանը՝ համապատասխան բողոքի քննության շրջանակներում, այն հիմնավորմամբ, որ ՀՀ քրեական դատավարական օրենսդրությունն առանձին կայացված՝ ապացույցն անթույլատրելի ճանաչելու մասին որոշումը բողոքարկելու կարգ չի նախատեսել և այն կարող է բողոքարկվել վերջնական դատական ակտի բողոքարկման շրջանակներում։
Ինչ վերաբերվում է Հանձնաժողովի այն դիտարկմանը, որ իր իսկ կողմից կատարված դատավարական գործողության խախտման արձանագրումը դատավորի լիազորություններից դուրս է և դատավորի թույլ տված սխալը, որը կատարվել է արդեն իսկ ավարտված արարքի արդյունքում, այս դեպքում կարող էր ուղղվել բացառապես վերադաս դատական ատյանի կողմից, ապա Դատավորը գտել է, որ այս հարցի և դրանից բխող իրավահարաբերությունն իր հստակ կարգավորումն է ստացել գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասում: Օրենսդիրը նորմի դիսպոզիցիայում գործածել է ցանկացած ապացույց բառակապակցությունը, որպեսզի իրավակիրառ պրակտիկան զերծ պահի տարընթերցումներից և տարատեսակ մեկնաբանություններից։ Նախ՝ Հանձնաժողովի կողմից չի մատնանշվել, թե որ նորմով է կարգավորվում այդ արգելքը։ Կարգավորումը վերաբերվում է հետազոտված ցանկացած ապացույցին և չկա որևէ առանձնացում, կամ դրանից բխող ձևակերպում, ինչը հիմք կտա գալ եզրահանգման, որ դատավորը չուներ իրավունք իր իսկ կատարած դատավարական գործողության արդյունքում ստեղծված ապացույցն անթույլատրելի ճանաչելու մասին։ Առաջին ատյանի դատարանում ապացույցների թույլատրելիության հարցի այսօրինակ լուծումը նորույթ է և թե դրա բնույթի, և թե վարութային ժամանակահատվածի առումով։ Մասնավորապես վարույթի արդարացիության անհրաժեշտությունից ելնելով, դատարանն իրավասու է վերսկսել ապացույցների հետազոտումը, եթե եզրափակիչ ելույթում կողմը հայտնել է վարույթի համար էական նշանակություն ունեցող նոր հանգամանքներ կամ ներկայացրել է նոր ապացույցներ։ Բացի այդ, դատարանը լիազորված է օգտվել նույն կառուցակարգից, եթե վերդիկտ կայացնելիս գալիս է այն հետևության, որ որոշակի հարցերի լուծման համար հարկավոր է լրացուցիչ ապացույցներ հետազոտել։ Նույն կերպ դատարանն իր վարութային ինքնուրույնության շրջանակներում օժտված է սեփական նախաձեռնությամբ հետազոտված ցանկացած ապացույց անթույլատրելի ճանաչելու իրավասությամբ։ Բնականաբար, այս դեպքում ևս ՀՀ օրենսդրությամբ նշված հարցը բարձրացնելու առաջնությունը վերապահել է կողմերին, սակայն դատարանը կաշկանդված չէ ոչ նրանց միջնորդությունների փաստարկներով, ոչ էլ դրանք ներկայացնելու կամ չներկայացնելու փաստերով։ Դրա շնորհիվ կողմերի համար լիովին կանխատեսելի է դառնում այն ապացուցողական զանգվածը, որը կարող է օգտագործվել եզրափակիչ ելույթներում և դատական ակտ կայացնելիս։ Դատավորի՝ իր կողմից իրականացված դատավարական գործողության վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը նախատեսել է այլ իրավիճակների և իրավահարաբերությունների կարգավորումներ, մասնավորապես 283-րդ հոդվածը սահմանել է դատական ակտի անհստակությունների լուծման հնարավորություն: Օրենսդիրը այս նորմով հավանական է համարել դատական ակտը կայացնող Դատավորի կողմից վրիպակների և բացթողումների հավանականությունը և նույն ակտը կայացնող դատավորին հնարավորություն տվել դրանք լուծել։ Այսինքն քրեադատավարական օրենսդրությունը այս առումով էական զարգացում է ապահովել հնարավոր և հավանական համարելով Դատավորի կողմից վարույթի ընթացքում վրիպակներ կամ բացթողումներ ունենալու առումով, միևնույն ժամանակ սահմանելով դրանց լուծման հնարավորությունը նույն դատավորի կողմից։
Դատավորն անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի վերաբերյալ Հանձնաժողովի տրված մեկնաբանությանը՝ նշել է, որ ընդունելի չի համարում Հանձնաժողովի դիտարկումները, քանի որ իրավանորմում օրենսդիրը գործածել է այլ ապացուցողական գործողություն հասկացությունը, որի տառացի մեկնաբանության պայմաններում նշանակում է ոչ նույնական ապացուցողական գործողություն, հակառակ պարագայում նորմը կձևակերպվեր հետևյալ կերպ. սույն օրենսգրքով նախատեսված ընթացակարգի խախտմամբ, եթե հնարավոր չէ դրա հետևանքը վերացնել այլ, կամ նույն ապացուցողական գործողության պատշաճ կատարմամբ։ Դատավորի կողմից բերված պատճառաբանությունը վերաբերվում է այն հանգամանքին, որ նշված ապացուցողական գործողության կատարման օրենսդրական քրեադատավարական հնարավորություն դեռևս առկա է, օրենսդրությունը նախատեսել է, որն ըստ էության գործուն միջոց է պարզաբանելու համար մեղադրյալի այդ իրավունքը կրկին անգամ իրացնելու մասին, որն էլ իր հերթին կչեզոքացնի և կնվազեցնի տեղի ունեցած խախտման հետևանքներն այն իմաստով, որ դա չի հանգեցրել Սահմանադրությամբ կամ ՀՀ վավերացված միջազգային պայմանագրերով ամրագրված մարդու իրավունքների և կամ ազատությունների հիմնարար խախտման կամ դատական իշխանության հեղինակազրկման։ Պարզաբանումը վերաբերվում է ոչ թե այլ դատավարական գործողություններին կատարմանը, այլ նույն վարույթային գործողությունը կրկին անգամ կատարելուն, ինչը թույլատրելի է և իրավաչափ։ Բացի այդ, Դատավորը վկայակոչելով Խորհրդի 18.07.2022 թվականի թիվ ԲԴԽ-63-Ո-Կ-15 և 05.04.2021 թվականի թիվ ԲԴԽ-7-Ո-Կ-2 որոշումներով արտահայտած դիրքորոշումները, այդ համատեքստում արձանագրել է, որ տեղի ունեցած խախտմամբ որևէ կերպ առաջ չի բերել մեղադրյալի իրավունքից զրկելուն կամ դրա սահմանափակման, ինչպես նաև չի առաջացրել օրենքով չնախատեսված պարտականություններ կամ այդպիսիք առաջանալու հնարավորություն՝ քանի որ ինչպես արդեն արձանագրվել է իր կողմից հարցաքննության ընթացքում դատարանի կողմից մեղադրյալին պարզաբանվել են իր իրավունքները և վերջինս հնչեցված մի շարք հարցերի հրաժարվել է պատասխանել։ Բացի այդ իրավունքից զրկում կամ սահմանափակում հասկացությունների մեկնաբանումն իր ընկալմամբ վերաբերվում է կոնկրետ վարույթի ընթացքին, հետևաբար ինչպես արդեն հայտնի էր սույն գործով հերթական դատական նիստ էր նշանակված 21.05.2025 թվականին ժամը 12։30-ին, որի ժամանակ մեղադրող դատախազը միջնորդել է հարցաքննել մեղադրյալ Վահրամ Ներսեսյանին հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինիս 23.04.2024 թվականի հարցաքննության արձանագրությունը դատարանի կողմից ճանաչվել էր որպես անթույլատրելի ապացույց: Մեղադրյալ Վահրամ Ներսեսյանը դիրքորոշում է հայտնել, որ ցանկանում է ցուցմունք տալ։ Դատարանի կողմից բավարարվել է ներկայացված միջնորդությունը և մեղադրյալ Վահրամ Ներսեսյանը հարցաքննվել է, որպես մեղադրյալ։ Նրան բացատրվել են ինչպես իր իրավունքները, այնպես էլ պարտականությունները ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Մեղադրյալը պատասխանել է հնչեցված հարցերին, միևնույն ժամանակ օգտվելով լռելու իր իրավունքից, հրաժարվել է պատասխանել մի շարք հարցերի։ Հիշյալ փաստն արդեն իսկ հաստատում է, որ տեղի ունեցած խախտումը չէր հանգեցրել մեղադրյալի իրավունքի սահմանափակման կամ դրա զրկմանը, քանի որ նույն գործի շրջանակներում մեղադրյալը հարցաքննվել է, նրա իրավունքներն իրացվել են օրենքով սահմանված կարգով, ուստի այս հանգամանքն էլ արդեն իսկ ամբողջովին նվազեցնում է տեղի ունեցած խախտման կարևորությունը, կասկածի տակ չի դնում դատարանի հեղինակությունը, կասկածի տակ չի դնում դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին։ Վերջին պարբերության մասին վերաբերելի է հետևյալ դիտարկումը. նախորդ դատական նիստում, որը տեղի է ունեցել 18.04.2025 թվականին, դատարանը մինչև ապացույցն անթույլատրելի ճանաչելու հարցը քննարկման բարձրացնելը մեղադրյալ Վահրամ Ներսեսյանից և պաշտպանական կողմից դիրքորոշում է ճշտել, թե մեղադրյալը ցանկանում է հարցաքննվել և գործի հանգամանքների վերաբերյալ տալ ցուցմունք։ Վերջինս հրաժարվել էր ցուցմունքներ տալուց, սակայն այնուհետև երբ դատարանը 23.04.2024 թվականի հարցաքննության արձանագրությունը ճանաչել է անթույլատրելի՝ մեղադրյալ Վահրամ Ներսեսյանը ցանկություն է հայտնել հարցաքննվել և դատարանում ցուցմունք տալ։ Դատավորը գտել է, որ նախագահող դատավորի կողմից ապացույցն անթույլատրելի ճանաչելու որոշումն իրավաչափ է, բավարար չափով պատճառաբանված և դրանով վերացվել է մեղադրյալի իրավունքների հնարավոր սահմանափակումները և հնարավորություն ստեղծվել մեղադրյալի կողմից օգտվել պաշտպանական իր իրավունքների իրացման հնարավորությունից։ Ավելին՝ Դատավորը նշել է, որ արդեն իսկ իր կողմից արձանագրվել է այն հանգամանքը, որ քննարկման առարկա հանդիսացող հարցաքննության ժամանակ դատավորի կողմից մեղադրյալի իրավունքները և պարտականությունները բանավոր կարգով պարզաբանելուց հետո մեղադրյալը փաստացի օգտվել է լռելու իր իրավունքից՝ չպատասխանելով ինչպես տուժողի ներկայացուցչի, այնպես էլ հանրային մեղադրողի հնչեցրած հարցերին, հետևաբար այս համատեքստում Հանձնաժողովի այն դիտարկումները թե նրա հետագա հարցաքննության ժամանակ կարող է քողարկված ձևով հարցեր հնչեցվել արդեն իսկ նրա կողմից հայտնած տեղեկությունների մասին՝ այս վարույթի որևէ փաստական հանգամանքով չհաստատվող ենթադրություն է, բացի այդ իր կողմից այդ հանգամանքը քիչ հավանական է համարվում, քանի որ մեղադրյալը հարցաքննության ընթացքում արդեն իսկ հրաժարվել է պատասխանել նմանատիպ հարցերի, իսկ տուժողի ներկայացուցչի կողմից հնչեցված մի շարք հարցեր հանվել են՝ դատարանի որոշմամբ։ Դատարանի կողմից 18.04.2025 թվականին կայացված դատական նիստի ժամանակ քննարկելով այլ ապացուցողական գործողություններ կատարելու վերաբերյալ հարցը, մեղադրյալ Վահրամ Ներսեսյանի պարզաբանել է իր իրավունքներն ու պարտականությունները, պարզաբանելով նաև լռելու իրավունքը, սակայն մեղադրյալը օգտվելով լռելու իր իրավունքից չի ցանկացել ցուցմունք տալ, ինչից հետո Դատարանի կողմից քննարկման է առաջարկվել հետազոտված ապացույցն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ հարցի քննարկումը։
Ինչ վերաբերվում է Հանձնաժողովի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի վկայակոչմանը, ապա Դատավորը նշել է, որ ընդունելի չի համարում Հանձնաժողովի դիտարկումը, քանի որ արդեն իսկ իր կողմից տրվել է պարզաբանում, որը վկայում է ոչ թե դատավարական պարզ ընթացակարգերի չիմացության, այլ իմացության, պարզապես օրենսդրական փոփոխությունների և քննվող վարույթի հարուցման ամսաթվի ֆիքսման պատճառով շփոթ է տեղի ունեցել, նախկին և գործող ընթացակարգերի միջև, ինչը հանգեցրել է նրան, որ մեղադրյալին չի պարզաբանվել իր իրավունքները, որը սակայն բանավոր կերպով շտկվել է հենց նույն հարցաքննության ընթացքում, իսկ նույն մեղադրյալն էլ օգտվել է այդ իրավունքից։ Միաժամանակ Դատավորը գտել է, որ բացի այն հանգամանքից, որ ապացույցն անթույլատրելի ճանաչելու մասին որոշմամբ չեզոքացվել են տեղի ունեցած խախտման հնարավոր բոլոր հետևանքները, բացի այդ, արդեն 21.05.2025 թվականի դատական նիստում մեղադրյալ Վահրամ Ներսեսյանը հարցաքննվել է որպես մեղադրյալ և տվել ցուցմունք, որով փաստվում է՝ ենթադրյալ խախտման որևէ հետևանք առկա չէ, ինչպես նաև առկա չէ որևէ ապացույցի կորստյան վտանգ։
Դատավորն ընդգծել է նաև, որ դատարանի կողմից դեռևս չի կայացվել վերջնական դատական ակտ և որևէ կերպ հնարավոր չէ արձանագրել, որ Վահրամ Ներսեսյանի կողմից սկզբնական հարցաքննության արդյունքում ձեռք բերված տեղեկությունները որպես ապացույց կօգտագործվեն, քանի որ այս պահին գործի քննությունը գտնվում է այլ ապացուցողական գործողություններ կատարելու հարցի քննարկման փուլում։ Ինչ վերաբերում է Հանձնաժողովի հայտնած այն մտավախությանը, որ ապացույցն անթույլատրելի ճանաչելը կարող է դիտարկվել արատավոր պրակտիկա, ապա Դատավորը գտել է, որ գործող քրեական դատավարության օրենսգիրքն այս և նմանատիպ մի շարք հարցերի վերաբերյալ որդեգրել է ավելի ճկուն մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս ինչպես կողմերին այնպես էլ դատարանի հնարավորինս ընդլայնված ներգործություն ունենալ ապացուցողական գործընթացի նկատմամբ, ինչն իր կարծիքով համապատասխանում է ինչպես իրավունքի գերակայության, այնպես էլ արդար դատաքննության սկզբունքներին։ Քրեադատավարական կարգավորումների բովանդակ վերլուծությունը հանգեցնում է այն մտքին, որ վարույթային և ապացուցողական գործողությունների արդյունքում արձանագրված փաստերը չեն կարող համարվել բացարձակ և անշտկելի մինչև վերջնական դատական ակտ կայացնելը։
Դատավորը գտել է նաև, որ Դատավորի կողմից խախտման փաստն արձանագրելուց հետո այն վերացնելու ուղղված գործուն քայլեր ձեռնարկելն արդեն իսկ վկայում է այն մասին, որ դատավորը պատասխանատվության բարձր զգացողությամբ գիտակցում է հարցի ողջ լրջությունն ու կարևորությունը, ինչի արդյունքում պատշաճ դատավարական գործողությունների միջոցով այս պահի դրությամբ չեզոքացված են տեղի ունեցած զանցակազմի նյութական բաղադրիչի տարրերը, այսինքն՝ խախտման փաստի հիմքով կազմված հարցաքննության արձանագրությունը ճանաչված է անթույլատրելի, իսկ մեղադրյալը կրկին անգամ հարցաքննված է։ Պահպանված է դատավարական պատշաճ ընթացակարգերը, վերջինիս պարզաբանվել են նրա իրավունքներն ու պարտականությունները, հետևաբար արդեն իսկ արձանագրված խախտումը կորցրել է կարևորության աստիճանը և իր նվազ կարևորության տեսանկյունից չի կարող հիմք հանդիսանալ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։
Ելնելով վերոգրյալից՝ Դատավորը Խորհրդին խնդրել է մերժել իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը, իսկ հարուցված վարույթը՝ կարճել։
4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
4.1. Թիվ 09169923 քրեական վարույթն ըստ մեղադրանքի Վահրամ Ներսեսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով (այն բանի համար, որ նա պատշաճ կերպով տեղեկացված լինելով ՀՀ վարչական դատարանի 01.09.2022թ. թիվ ՎԴ/3144/05/22 դատական ակտի մասին և պարտավորված լինելով առանց Անգելիկա Ումրիկյանի համաձայնության չկատարել դատարանի դատական ակտով նշված գործողությունները, այն է՝ արգելել «Ուրախ ժամանց» ՍՊ ընկերության տնօրեն Վահրամ Ներսեսյանին առանց հայցվոր Անգելիկա Ումրիկյանի համաձայնության կնքելու գործարքներ և իրականացնելու գործադիր մարմնի այնպիսի լիազորություններ, որոնք վերաբերում են «Ուրախ ժամանց» ՍՊ ընկերության անունից վճարումներ կատարելուն, գույք հանձնելուն կամ վճարումներ ստանալուն, դիտավորությամբ չի կատարել ՀՀ վարչական դատարանի 01.09.2022 թվականի թիվ ՎԴ/3144/05/22 օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։ Մասնավորապես, Վահրամ Գեղամի Ներսեսյանը իր՝ որպես «Ուրախ ժամանց» ՍՊ ընկերության տնօրենի ծառայողական լիազորություններն օգտագործելով «Ուրախ ժամանց» ՍՊ ընկերության անունից, առանց Անգելիկա Ումրիկյանի համաձայնության՝ ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի հետ՝ 11.10.2022 թվականին կնքել է արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող՝ Երևան քաղաքի Ազատության 2 հասցեում նոր տեղադրված «Պտտվող Անիվ» /24 ԿՎՏ հզորության, 50մ առավելագույն բարձրության, մոդուլների թիվը 24, 144 նստատեղերով կարուսելի արտադրական վտանգավոր օբյեկտների փորձաքննության թիվ 2191 պայմանագիրը, վճարել է պայմանագրի գինը՝ 25.000 ՀՀ դրամը և 12.10.2022թ. ստացել արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության վկայագրի փորձաքննության թիվ 2191 դրական եզրակացությունը), 2023 թվականի նոյեմբերի 1-ին ստացվել է Դատարանում, մակագրվել է Դատավորին, 2023 թվականի նոյեմբերի 2-ին կայացվել է վարույթն ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին որոշում (թիվ ԵԴ1/1772/01/23 քրեական գործ)։
4.2. Թիվ ԵԴ1/1772/01/23 քրեական գործով մեղադրյալ Վահրամ Ներսեսյանը հարցաքննվել է 2024 թվականի ապրիլի 23-ին կայացած դատական նիստի ընթացքում։
4.3. Թիվ ԵԴ1/1772/01/23 քրեական գործով 2024 թվականի ապրիլի 23-ին կայացած դատական նիստի ձայնային արձանագրության ուսումնասիրության համաձայն՝ նշված դատական նիստի ընթացքում հարցաքննվել է մեղադրյալ Վահրամ Ներսեսյանը, հարցաքննության մեկնարկին Դատավորը հարցրել է մեղադրյալին. «Խնդրեմ, ըտե՞ղ եք ուզում ցուցմունք տալ, թե ըստեղ, Ձեզ ո՞նց ա հարմար, ինչպե՞ս ա Ձեզ հարմար, այ էս դեպքի վերաբերյալ ի՞նչ եք ցանկանում հայտնել Դատարանին, Ձեզ մեղադրանք է առաջադրվել, ապացույցներն էլ հետազոտել ենք արդեն, տուժողին էլ հարցաքննել ենք»։
Նշված դատական նիստին մեղադրյալի հարցաքննության ընթացքում, երբ վերջինս հրաժարվել է պատասխանել տուժող Անգելիկա Ումրիկյանի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանի հերթական հարցադրմանը, Դատավորը նշել է. «Հիմա Ձեզ պարզաբանեմ, եթե Դուք որոշել եք ցուցմունք տալ, ուրեմն պարտավոր եք պատասխանել Դատարանի հնչած բոլոր հարցերին, հետևաբար պատասխանեք հարցին (...): Հիմա հարց հնչեցնողի նկատմամբ կապ չունի՝ ինչ վերաբերմունք ունեք, պարտավոր եք պատասխանել հարցին»։ Դրանից հետո մեղադրյալը շարունակել է պատասխանել հարցերին։
Նույն դատական նիստի ընթացքում տուժող Անգելիկա Ումրիկյանի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը հայտարարել է. «(...) մեղադրյալին ոնց որ սկզբից չգիտեմ, չեմ հիշում էդ պահը իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը (...): Ներկայիս քրեական օրենսգրքով, եթե սուտ ցուցմունք է տալիս, ենթակա է լինելու քրեական պատասխանատվության (...), ես ուզում եմ, որ մեղադրյալը ևս մեկ անգամ դրա մասին նախազգուշացվի (...)»: Նշված հայտարարությունից հետո Դատավորը նշել է. «Դատարանը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ մեղադրյալը պարտավոր է ճշմարտացի ցուցմունք տալ, ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար նախատեսված է պատասխանատվություն»։
4.4. Դատավորն իր բացատրությամբ ընդունել է, որ մեղադրյալին չի պարզաբանել իր իրավունքներն ու պարտականությունները, ինչպես ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 504-րդ հոդվածով սահմանված քրեական պատասխանատվության այնպես էլ նրա՝ լռելու հիմնարար իրավունքը։ Դատավորն ընդունելի է համարել, որ խախտվել են մեղադրյալի իրավունքները։ Ընդունել է նաև, որ կախված նախկին և նոր քրեական դատավարության օրենսգրքերի տարբեր պահանջներից երբեմն՝ հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ հանգամանքներ (դատարանների գերծանրաբեռնված աշխատանք, հոգնածություն, ինչի արդյունքում նաև շփոթմունք) Դատավորի կողմից շփոթմունքի արդյունքում (կարծելով թե գործի քննությունն իրականացվում է նախկին քրեադատավարական կարգավորումներով, քանի որ քրեական գործը հարուցվել է 2022 թվականի մարտի 23-ին, այսինքն նախկին քրեադատավարական կարգավորումներով) հարցաքննությունը սկսելուց մեղադրյալը չի նախազգուշացվել ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության, ինչպես նաև՝ լռելու իրավունքի մասին։
4.5. Հարցաքննության ժամանակ մեղադրյալը հայտնել է տեղեկություններ՝ «Վիկտորի Պարկ»-ի կողմից վճարում կատարելու հանգամանքի շուրջ, և հիմք ընդունելով մեղադրյալի կողմից հայտնած էական նշանակություն ունեցող նոր փաստական հանգամանքները՝ Դատարանը ՀՀ–ում գրանցված «Վիկտորի Պարկ» ՍՊ ընկերության տնօրենից գրավոր պահանջել է «Վիկտորի Պարկ» ՍՊ ընկերության և «Ուրախ ժամանց» ՍՊ ընկերության միջև կնքված համատեղ գործունեության պայմանագրի պատճենը և հրավիրել հարցաքննության «Վիկտորի Պարկ» ՍՊ ընկերության ներկա և նախկին տնօրեններին։
4.6. Դատարանը, քննության առնելով ապացույցն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ հարցը, 2025 թվականի ապրիլի 17-ին կայացված որոշմամբ թիվ ԵԴ1/1772/01/23 քրեական գործով մեղադրյալ Վահրամ Գեղամի Ներսեսյանի 2024 թվականի ապրիլի 23-ի հարցաքննության արձանագրությունը ճանաչել է անթույլատրելի ապացույց և այն պահել վարույթի նյութերում։ Որոշման հիմքում դրվել են սույն կարգապահական վարույթի առիթ հանդիսացած՝ հաղորդմամբ ներկայացված խախտումների առկայությունը, մասնավորապես՝ հարցաքննությունը սկսելուց մեղադրյալին ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին չնախազգուշացնելը, ինչպես նաև՝ լռելու իրավունքի մասին չպարզաբանելը։
5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները.
Հաշվի առնելով Հանձնաժողովի կողմից միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի կողմից ներկայացված հակափաստարկները` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
5.1. արդյո՞ք Դատավորի կողմից ԵԴ1/1772/01/23 քրեական գործով թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտում/ներ,
5.2. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված ենթադրյալ դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտումը/ները կատարվել է դիտավորությամբ, թե՞ կոպիտ անփութությամբ,
5.3. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված ենթադրյալ դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտումը հանգեցրել է դատավորի վարքագծի կանոնների խախտման:
6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Հանձնաժողովի հաղորդումը, Հանձնաժողովի ներկայացուցիչների և Դատավորի դիրքորոշումները, ինչպես նաև ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Խորհուրդն արձանագրում է, որ վարույթ հարուցած մարմնի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնվում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»:
Այդ կապակցությամբ Խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներով:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ։ Օրենքը կարող է սահմանել ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու այլ դեպքեր։
Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:
Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, իսկ 4-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։
Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով։
Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:
Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է՝ զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց.
Օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:
Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:
ՔԴՕ 326-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարցաքննությունն սկսելուց առաջ նախագահողը պարզում է հարցաքննվողի ինքնությունը, նրա հարաբերությունները վարույթի մասնակիցների հետ, բացատրում ցուցմունք տալու հետ կապված` սույն օրենսգրքով նախատեսված նրա իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև այդ պարտականությունների չկատարման համար սահմանված պատասխանատվությունը: Այդ կապակցությամբ հարցաքննվողն ստորագրում է դատական նիստի արձանագրության մեջ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի1 (այսուհետ նաև՝ Նախկին քրեական դատավարության օրենսգիրք) 336-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նախագահողն ամբաստանյալին առաջարկում է ցուցմունք տալ նրան առաջադրված մեղադրանքի և գործի այլ հանգամանքների մասին: Ամբաստանյալին պարզաբանվում է, որ նա իրավունք ունի ցուցմունքներ չտալ, և դա չի կարող մեկնաբանվել ի վնաս նրա:
ՔԴՕ 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է մեղադրյալին պարզաբանել նրա իրավունքները և ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրա պաշտպանվելու իրական հնարավորությունը:
ՔԴՕ 43-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 9-րդ կետերի համաձայն՝ մեղադրյալը սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի՝ պահպանելու լռություն կամ տալ ցուցմունք, այդ թվում՝ պաշտպանի ներկայությամբ, ինչպես նաև մինչև ցուցմունք տալը գրավոր տեղեկացվելու իր, ամուսնու և մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք չտալու իր իրավունքի, ինչպես նաև այն մասին, որ իր ցուցմունքը կարող է օգտագործվել որպես ապացույց:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշման համաձայն՝ «լռություն պահպանելու իրավունքը և դրա բաղկացուցիչ մասը՝ իր դեմ ցուցմունք չտալու իրավունքը Կոնվենցիայի 6-րդ հոդվածում հստակ հիշատակված չեն, սակայն դրանք հանրաճանաչ միջազգային նորմեր են, որոնք ընկած են արդարացի դատաքննության հասկացության հիմքում, որի մասին խոսվում է 6-րդ հոդվածում: Դրանց իմաստը, inter alia, իշխանությունների ոչ պատշաճ հարկադրանքից մեղադրյալին պաշտպանելն է, ինչն օգնում է խուսափել դատական սխալներից և հասնել 6-րդ հոդվածով նախատեսված նպատակներին (...): Մասնավորապես այդ իրավունքը նպաստում է, որ մեղադրանքը չհիմնվի այնպիսի ապացույցների վրա, որոնք ձեռք են բերվել մեղադրյալի կամքին հակառակ՝ հարկադրանքի կամ ճնշման միջոցով: Այս իմաստով նշված իրավունքը սերտորեն կապված է անմեղության կանխավարկածի հետ, որը նախատեսված է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասում»2:
Վերոնշյալ քրեադատավարական նորմերի վերլուծությունից հետևում է, հարցաքննության դատավարական ընթացակարգի առանցքային պահանջներից է հարցաքննվող անձին իր իրավունքները և պարտականությունները, այդ թվում` լռելու, ինչպես նաև այդ պարտականությունների չկատարման համար սահմանված պատասխանատվության մասին բացատրելը, անձի քրեական վարույթի ընթացքում պաշտպանության իրավունքը սերտորեն փոխկապակցված է լռելու իրավունքի հետ և պետությունը Սահմանադրության և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի հիմքով կրում է հիմնական իրավունքների և ազատությունների, անմեղության կանխավարկածի սկզբունքի՝ որպես անմիջականորեն գործող իրավունքների երաշխավորման և կենսագործման պարտականությունը:
Տվյալ դեպքում, թիվ ԵԴ1/1772/01/23 քրեական գործով 23.04.2024 թվականին կայացած դատական նիստի ընթացքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրավակարգավորումների հիմքով Դատարանը, ունենալով մեղադրյալի հարցաքննությունն սկսելուց առաջ ցուցմունք տալու հետ կապված նրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված իրավունքները և պարտականությունները, այդ թվում նաև՝ լռություն պահպանելու, իր, ամուսնու և մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք չտալու իրավունքի, ինչպես նաև իր կողմից տրված ցուցմունքը որպես ապացույց օգտագործվելու հնարավորության մասին նախազգուշացնելու մասին օրենսդրորեն ամրագրված պարտականություն, չի կատարել դրանք, որի արդյունքում թույլ է տվել դատավարական իրավունքի խախտում, ինչն էլ իր հերթին հանգեցրել է Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու մասին վարքագծի կանոնի խախտման:
Ինչ վերաբերում է Դատավորի կողմից մեղադրյալին հարցաքննությունից առաջ իր կարգավիճակից բխող իրավունքները և պարտականությունները չպարզաբանելու պայմաններում մեղադրյալի կողմից տրված ցուցմունքների արդյունքում Դատավորի կողմից կատարված դատավարական գործողությունները որպես թույլ տրված կարգապահական խախտման հետևանք համարելուն, ապա Խորհրդի գնահատմամբ տվյալ գործողությունների իրավաչափության և դրանց թույլատրելիության գնահատումը գտնվում է բացառապես տվյալ գործի քննությունն իրականացնող մարմնի լիազորությունների տիրույթում և դրանց վերաբերյալ Խորհրդի գնահատականները ողջամտորեն կարող են պարունակել դրա «ճակատագրի» կանխորոշման տարրեր:
Գնահատման առարկա դարձնելով Դատավորի կողմից թույլ տրված արարքում մեղքի առկայության հարցը՝ Խորհուրդն արձանագրում է, որ այն կատարվել է կոպիտ անփութությամբ՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Վերը նշված իրավանորմերի տրամաբանությունից բխում է, որ օրենսդրի կողմից արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման վարքագծի առումով առանձնացվել են մեղքի դրսևորման երկու ձևեր՝ դիտավորություն և կոպիտ անփութություն:
Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:
Անդրադառնալով մեղադրյալին հարցաքննությունից առաջ ցուցմունք տալու հետ կապված նրա իրավունքներն և պարտականությունները չբացատրելը գործող և ուժը կորցրած վերաբերելի դատավարական իրավակարգավորումների շփոթման արդյունք հանդիսանալու վերաբերյալ Դատավորի փաստարկին՝ Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից մատնանշված պատճառաբանությունը հիմք է տալիս համարելու, որ Դատավորն իրեն վերագրվող դատավարական իրավունքի նորմի խախտումը թույլ է տվել կոպիտ անփութությամբ, քանի որ չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Խորհուրդն արձանագրում է նաև, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորը չի ունեցել կարգապահական տույժ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 2-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը,
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին հայտարարել նկատողություն:
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
________________________
1 Ընդունվել է 01․07․1998 թվականին, ուժի մեջ է մտել 12․01․1999 թվականին, ուժը կորցրել է 01․07․2022 թվականին, բացառությամբ 30․06․21 թվականի ՀՕ-306-Ն օրենսգրքի 483-րդ հոդվածով նախատեսված դեպքերի։
2 Տե՛ս Saunders v. the United Kingdom, գանգատ թիվ 19187/91, Մեծ Պալատի 1996թ. դեկտեմբերի 17-ի վճիռը, կետ 68:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ա. Աթաբեկյան Անդամներ` Ա. Դանիելյան Կ. Թումանյան Ե. Թումանյանց Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Ա. Հայրապետյան Ա. հարությունյան Էդ. Հովհաննիսյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հուլիսի 2025 թվական: