ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«15» հուլիս 2025 թվականի |
N 72-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱԿՆԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.
Հրամայում եմ
1. Հաստատել ակնաբանի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
15.07.2025 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի հուլիս «15»-ի |
ԱԿՆԱԲԱՆԻ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
1. Ընդհանուր դրույթներ
1. Ակնաբանն իրականացնում է մասնագիտական գործունեություն ակնաբանություն մասնագիտությամբ հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:
2. Ակնաբան կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն ակնաբանություն մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից։
3. Ակնաբանը կարող է անցնել նեղ մասնագիտացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։
2. Պաշտոնական գործառույթների իրականացման հնարավորություններ
4. Ակնաբանն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.
1) Հիվանդանոցային բժշկական հաստատության ակնաբան.
2) Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ծառայության ակնաբան.
3) Ակնաբուժական բաժանմունքի վարիչ.
4) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն).
5) Մանկական ակնաբան։
3. Մասնագիտական գիտելիքներ, ունակություններ և հմտություններ
5. Բժշկական գիտելիքներ. ակնաբանը պետք է․
1) Իմանա անատոմիա և ֆիզիոլոգիա, աչքի կառուցվածքը և ֆունկցիոնալության առանձնահատկությունները.
2) Իմանա օֆթալմոլոգիա. տիրապետի ակնաբուժության հիմնական մեթոդներին և տեխնոլոգիաներին՝ աչքի հիվանդությունների ախտորոշումը և բուժումը կատարելու համար.
3) Իմանա կենսաքիմիա` աչքի բջջային և մոլեկուլային կառուցվածքը, գործառույթները, որոնք կարող են ազդել տեսողության վրա, ներառյալ բջջային մետաբոլիզմը և բջջային վնասվածքները.
4) Տիրապետի աչքի վարակիչ հիվանդությունների ախտորոշման և բուժման մեթոդներին.
5) Իմանա իմունաբանություն. ուսումնասիրի և ճանաչի աուտոիմուն հիվանդությունները, որոնք կարող են ազդել տեսողական օրգանի վրա, ներառյալ մանկական ռևմատոիդ արթրիտը և ուվեիտը.
6) Իմանա դեղաբանություն. հասկանա դեղերի ազդեցությունը և կիրառումն աչքերի հիվանդությունների բուժման համար՝ ներառյալ հակամանրէային հակաբորբոքային և անզգայացնող դեղերը, հաշվարկի և կիրառի ճիշտ դեղաչափը՝ խուսափելով կողմնակի ազդեցություններից.
7) Իմանա մանկական ակնաբանություն. իմանա և հասկանա գենետիկական հիվանդությունները, որոնք կարող են ազդել երեխաների տեսողության վրա, ներառյալ գենետիկական համախտանիշները, որոնք կարող են ուղեկցվել աչքի խնդիրներով.
8) Իմանա մանկական հիվանդություններ և նյարդաբանություն. hասկանա երեխաների ընդհանուր առողջական վիճակը և իմանա ընդհանուր մանկական հիվանդությունների և վիճակների ազդեցությունը տեսողական օրգանի վրա, հասկանա երեխայի տեսողական և ընդհանուր զարգացման փուլերը` տեսողական խնդիրները ճիշտ գնահատելու համար.
9) Իմանա հոգեբանություն. իմանա երեխաների հոգեբանական վիճակը և գործի այնպես, որ նվազեցնի նրանց սթրեսը և վախը բժշկական միջամտություններից, հասկանա և կիրառի արդյունավետ հաղորդակցման մեթոդներ ծնողների հետ՝ նրանց վստահությունն ու աջակցությունը շահելու համար.
10) Իմանա համաճարակաբանություն (աչքի հիվանդությունների տարածվածության). ուսումնասիրի և գնահատի երեխաների մոտ ակնային հիվանդությունների տարածման և կանխարգելման մեթոդները.
11) Բարձրորակ և մասնագիտական խնամք ցուցաբերելու համար ունենա հետևյալ կլինիկական հմտությունները և ունակությունները.
ա. տեսողական սրության գնահատում` օգտագործելով տարբեր տեսողական թեստեր, ինչպիսիք են Snellen-ի աղյուսակը, Lea պատկերները, Teller Acuity քարտերը և այլ մեթոդներ՝ երեխայի տեսողական սրությունը գնահատելու համար, կատարել տեսողական սրության չափում տարբեր՝ կոպիտ լուսավորության և մութ պայմաններում.
բ. ակնային հետազոտություն. օֆթալմոսկոպիա. կատարել ֆունդոսկոպիա՝ աչքի ներսի կառուցվածքները զննելու համար, բիոմիկրոսկոպիա՝ օգտագործել ճեղքային լամպի բիոմիկրոսկոպիա՝ աչքի առջևի և հետին հատվածները մանրամասն զննելու համար.
գ. ռեֆրակցիայի գնահատում. ռետինոսկոպիա. կատարել ռետինոսկոպիա՝ ռեֆրակցիոն սխալները հայտնաբերելու համար, օգտագործել ավտոռեֆրակտոմետրը՝ ռեֆրակցիայի արագ և ճշգրիտ գնահատման համար.
դ. կոնտակտային ոսպնյակների կիրառություն. ընտրություն և տեղադրում` ընտրել և տեղադրել կոնտակտային ոսպնյակներ երեխաների համար, հետևելով նրանց անվտանգության և հարմարավետության պահանջներին. ուսուցում` ուսուցանել ծնողներին և երեխաներին կոնտակտային ոսպնյակների ճիշտ կիրառման և պահպանման մեթոդները.
ե. ակնային շարժումների և հավասարակշռության գնահատում. կատարել ստրաբիզմ (ախտորոշում և գնահատում), օգտագործել տարբեր թեստեր՝ ակնային շարժումների և հավասարակշռության խնդիրները հայտնաբերելու համար.
զ. ախտորոշիչ հետազոտություն. օգտագործել ակնային ուլտրաձայնային հետազոտությունն աչքի կառուցվածքները գնահատելու և ախտորոշելու համար, օգտագործել օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա (ՕԿՏ)` ցանցաթաղանթի և տեսողական նյարդի մանրամասն պատկերներ ստանալու համար.
է. վիրաբուժական հմտություններ. շլության շտկման վիրաբուժություն` կատարել կամ տիրապետել շլության շտկման վիրահատությունների ցուցումներին, եղանակներին. շաղկապենու և կատարակտի վիրաբուժություն, կատարել կամ տիրապետել կատարակտի հեռացման և շաղկապենու վիրահատությունների ցուցումներին, եղանակներին՝ տեսողության բարելավման համար.
ը. հիվանդությունների կառավարման հմտություններ. ամպլիոպիայի բուժում` կատարել և տիրապետել ցուցումներին, տեխնիկաներին ամպլիոպիայի բուժման տարբեր մեթոդներին, ներառյալ պաչինգ, օքլյուդորներ և տեսողական թերապիա.
թ. գլաուկոմայի կառավարում. կատարել գլաուկոմայի ախտորոշում և բուժում՝ ներառյալ դեղորայքային և վիրաբուժական մեթոդները.
ժ. դեղորայքային կառավարում. անզգայացնող և հակաբորբոքային դեղեր՝ ճիշտ ընտրել և կիրառել դեղորայքը աչքի հիվանդությունների բուժման համար, հետևելով դեղաչափերին և կողմնակի ազդեցություններին, հակաբիոտիկներ. կիրառել համապատասխան հակաբիոտիկներ ակնային վարակների բուժման համար.
ժա. հետազոտությունների մեկնաբանում. տեսողական դաշտի հետազոտություններ՝ կատարել և վերլուծել տեսողական դաշտի հետազոտությունների արդյունքները, էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություններ` կատարել և մեկնաբանել ակնային էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտությունները, ներառյալ էլեկտրառետինոգրաման և տեսողական ազդեցության պոտենցիալները.
12) Իրականացնի պացիենտի նույնականացում և գրանցում.
13) Իրականացնի բժշկական օգնություն ստանալու համար պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի տեղեկացված համաձայնության գրանցում (թղթային, էլեկտրոնային կամ հավելվածի միջոցով) օրենսդրությամբ սահմանված կարգով՝ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի մոտ.
14) Իրականացնի պացիենտի բժշկական պատմության և գանգատների հավաքագրում.
15) Իրականացնի պացիենտի զննում.
16) Իրականացնի նախնական ախտորոշում.
17) Իրականացնի լաբորատոր-գործիքային հետազոտությունների նշանակում կամ կատարում, ուղեգրում, հետազոտության տվյալների գնահատում.
18) Կազմի պացիենտի բուժման պլան.
19) Իրականացնի նեղ մասնագետի խորհրդատվության ուղեգրում, հիվանդության համատեղ վարում` ըստ գործելակարգի.
20) Իրականացնի պլանային և շտապ կարգով վիրահատական միջամտության կազմակերպում.
21) Պացինետի ցուցաբերի առաջին և անհետաձգելի բուժօգնություն՝ ըստ գործելակարգի.
22) Նշանակի դեղերի նշանակում և դեղատոմսի դուրս գրի.
23) Սահմանի պացիենտի շարունակական հսկողություն.
24) Իրականացնի բնակչության թիրախային խմբերի սքրինինգային և կանխարգելիչ հետազոտություններ․
25) Իրականացնի ռիսկի գործոնների վաղ հայտնաբերում (շաքարային դիաբետ, ներակնային ճնշման բարձրացում, զարկերակային հիպերտենզիա).
26) Կազմակերպի և իրականացնի նախազորակոչային և զորակոչային բժշկական հետազոտություններ.
27) Իրականացնի պացիենտի ուղեգրում բժշկասոցիալական փորձաքննության` անձի ֆունկցիոնալության գնահատման (ԲՍՓ) նպատակով.
28) Իրականացնի բժշկական տվյալների մուտքագրում էլեկտրոնային տեղեկատվական համակարգ.
29) Իմանա և ապահովի բուժօգնության որակի և անվտանգության ապահովման ցուցանիշներ.
30) Կիրառի բարձրորակ և համապարփակ բուժում ապահովելու համար մասնագիտական ուղեցույցները և չափորոշիչները.
6. Բժշկական hատուկ գիտելիքներ. Ակնաբանը պետք է․
1) Կարողանա որոշել տեսողության սրությունը․
2) Կարողանա որոշել ռեֆրակցիայի՝ կարճատեսություն, հեռատեսություն կամ աստիգմատիզմ.
3) Կարողանա իրականացնել ռեֆրակցիոն շեղման դեպքում տեսողության սրության շտկում (ակնոցներ, կոնտակտային ոսպնյակներ, ռեֆրակցիոն վիրահատություններ).
4) Կարողանա իրականացնել ներակնային ճնշման չափում (Մակլակով, պնևմոտոնոմետր, i-care, Գոլդման)
5) Կարողանա իրականացնել աչքի առաջային և հետին հատվածի մանրամասն գործիքային հետազոտություն՝ բիոմիկրոսկոպիա, ակնահատակի զննում.
6) Կարողանա իրականացնել աչքի կառուցվածքների բիոմիկրոսկոպիկ զննում՝ եղջերաթաղանթ, առաջային խցիկ, ծիածանաթաղանթ, հետին խցիկ, ոսպնյակ, ապակենման մարմին.
7) Կարողանա իրականացնել եղջերաթաղանթի և ցանցաթաղանթի օպտիկ կոհերենտ տոմոգրաֆիա.
8) Կարողանա իրականացնել տեսադաշտի հետազոտություն.
9) Կարողանա իրականացնել վիրահատական միջամտություններ՝ ֆակոէմուլսիֆիկացիա, էքստրակապսուլյար էքստրակցիա, չթափանցող խորը սկլերէկտոմիա, սինուս տրաբեկուլէկտոմիա.
10) Կարողանա իրականացնել լազերային միջամտություններ, ռեֆրակցիայի շտկում՝ էքսիմեր լազերային կորեկցիա (տրանս ֆոտոռեֆրակտիվ կերատէկտոմիա, Ֆեմտո-լազիկ, Լասեկ, Սմայլ).
11) Կարողանա իրականացնել գլաուկոմայի լազերային միջամտություններ՝ սելեկտիվ լազերային տրաբեկուլոպլաստիկա, Yag-իրիդոտոմիա, ցիկլոֆոտո-լազեր-կոագուլյացիա.
12) Իրականացնի հետվիրահատական շրջանի հսկողություն.
13) Ակնաբանը մանկական ակնաբուժության մեջ պետք է կարողանա.
ա. վարել բուժկանխարգելիչ աշխատանքներ` վաղ ախտորոշում. պարբերական զննումներ, նորածինների պարբերական ակնային զննումներ, մանուկների և դպրոցական տարիքի երեխաների տեսողական խնդիրների և հիվանդությունների վաղ ախտորոշում, կանխարգելիչ բուժում, աչքերի առողջության համար կարևոր վիտամինների և սննդանյութերի նշանակում․
բ․ Ծնողներին աչքերի ճիշտ խնամքի վերաբերյալ խորհրդատվություն տրամադրել՝ վարակներից և վնասվածքներից խուսափելու, ակնային վարակների կանխարգելման համար.
գ․ Պատվաստումներ. խորհուրդ տալ և խթանել պատվաստումները՝ այնպիսի հիվանդություններից պաշտպանվելու համար, որոնք կարող են ազդել տեսողության վրա.
դ. վարել սանիտարական նորմերի իրազեկման աշխատանքներ.
ե. հանրային կրթության ուղղությամբ կազմակերպել հանրային կրթական արշավներ և դասախոսություններ՝ աչքերի առողջության, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ: Հրապարակել և տարածել տեղեկատվական գրքույկներ, բրոշյուրներ և այլ նյութեր՝ ճիշտ խնամքի և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ.
զ. դպրոցական ծրագրերի իրականացման ուղղությամբ կազմակերպել կրթական ծրագրեր դպրոցներում՝ երեխաներին և ուսուցիչներին ակնային առողջության կարևորության մասին տեղեկացնելու համար, դպրոցներում իրականացնել տեսողական զննումներ՝ ակնային խնդիրները վաղ հայտնաբերելու, կանխարգելելու և բուժելու նպատակով.
է. համայնքային ներգրավվածության ուղղությամբ մասնակցել և կազմակերպել համայնքային միջոցառումներ՝ աչքերի առողջության վերաբերյալ գիտելիքների տարածման նպատակով, համագործակցել այլ բժշկական մասնագետների և առողջապահական կազմակերպությունների հետ՝ ակնային առողջության խթանման և պահպանման համար.
ը. իրականացնել հիվանդների գնահատում. ապահովել հետադարձ կապ հիվանդների և նրանց ծնողների հետ՝ բուժման որակը գնահատելու և բարելավելու համար.
թ. անցկացնել կլինիկական արդյունքների մոնիտորինգ. մշտապես մոնիտորինգի ենթարկել կլինիկական արդյունքները և գնահատել բուժման արդյունավետությունը:
4․ Այլ հմտություններ
7․ Ակնաբանը պետք է ունենա.
1) հաղորդակցման հմտություններ․
2) վեճերի լուծման հմտություններ.
3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:
5. Ընդհանուր ունակություններ
8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. ակնաբանը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման։
9. Տեխնիկական հմտություններ. ակնաբանը պետք է կարողանա.
1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.
2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.
3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.
4) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.
5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.
6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:
6. Միջդիսցիպլինար համագործակցություն, թիմային աշխատանքի հմտություններ և առաջնորդություն
10. Ակնաբանը պետք է կարողանա.
1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն․
2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։
7․ Ակնաբանի իրավունքները և պարտականությունները
11․ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են ակնաբանի վրա։
8. Կոմպետենտությունների մակարդակներն ակնաբանություն մասնագիտությամբ հետբուհական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում
12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրայի, ռեզիդենտուրայի) ընթացքոմ ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի: 1
13. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներ են.
1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:
2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:
3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար՝ բժիշկ մասնագետի հսկողությամբ):
Աղյուսակ
|
Բժշկական միջամտություն |
Կոմպետենտության աստիճան |
Կոմպետենտության մակարդակ |
|
Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Դիտորդ |
1 |
|
Իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն |
2 |
|
Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Լիարժեք կոմպետենտություն |
3 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հուլիսի 2025 թվական: