ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2605-Ա |
«01» հուլիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված «Էֆես» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ նաև Ընկերություն) իրավաբանական բաժնի իրավաբան Նշան Խաչատրյանի 2025 թվականի հունիսի 3-ի թիվ Դ-58721-25 դիմում-ծանուցման հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան` իրականացվել է վարչարարություն:
2025 թվականի հունիսի 3-ի թիվ Դ-58721-25 դիմում-ծանուցման առարկայի քննության կապակցությամբ 2025 թվականի հունիսի 25-ին, ժամը 11:00-ին հրավիրվել են լսումներ, որը կայանալու վայրի և ժամանակի մասին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալի 2025 թվականի հունիսի 6-ի թիվ 07/72462-25 և թիվ 07/72480-25 գրություններով ծանուցվել է Ընկերության իրավաբանական բաժնի իրավաբան Նշան Խաչատրյանը (ծանուցումներն ապահովվել են «info@efes.am» էլեկտրոնային փոստի հասցեով «Mulberry 2.0» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով, փաստաթղթի հսկիչ համար՝ YN5B-7EF5-6858-A24C, ինչպես նաև «ք. Երևան, Զարոբյան 11» հասցեով, փոստային առաքանի թիվ ALO128207548AM):
2025 թվականի հունիսի 3-ի թիվ Դ-58721-25 դիմում-ծանուցման հիման վրա իրականացվող վարչարարության շրջանակներում 2025 թվականի հունիսի 25-ին, ժամը 11:00-ին հրավիրված լսումներին Ընկերության իրավաբանական բաժնի իրավաբան Նշան Խաչատրյանը կամ Ընկերության անունից հանդես գալու իրավասություն (լիազորություն) ունեցող որևէ անձ չի ներկայացել:
Ուսումնասիրելով 2025 թվականի հունիսի 3-ի թիվ Դ-58721-25 դիմում-ծանուցումը, դրան կից ներկայացված ապացույցները, գնահատելով ներկայացված պահանջին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված 2025 թվականի հունիսի 3-ի թիվ Դ-58721-25 դիմում-ծանուցմամբ (այսուհետ՝ Դիմում-ծանուցում) Ընկերության իրավաբանական բաժնի իրավաբան Նշան Խաչատրյանը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի N 604-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասը, 345-րդ հոդվածի 1-ին մասը, 347-րդ հոդվածը, 1021-րդ հոդվածի 1-ին մասը, 1071.1-րդ հոդվածի 1-ին մասը, հետադարձ պահանջի իրավունքով խնդրել է Ընկերությանը վճարել Ռոզի Թադևոսյանի սեփականությունը հանդիսացող «Lexus NX 300 2.0T» մակնիշի «07 RT 077» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա 2025 թվականի մարտի 31-ին, Երևան քաղաքի Մալխասյանց փողոցի թիվ 4 հասցեում ծառի ճյուղեր ընկնելու արդյունքում, որպես նշված ավտոմեքենան վնասվելու հետևանքով առաջացած վնաս, վերջինիս հատուցված 323.000 (երեք հարյուր քսաներեք հազար) ՀՀ դրամ գումարը, ինչպես նաև 150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ գումարը՝ որպես փորձաքննություն կատարելու ծախս:
2021 թվականի դեկտեմբերի 27-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ XB532994 վկայագրի համաձայն՝ «Lexus NX 300 2.0T» մակնիշի «07 RT 077» հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը հանդիսանում է Ռոզի Թադևոսյանի սեփականությունը:
Դիմում-ծանուցման կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի կողմից 2025 թվականի հունիսի 11-ին հայտնվել է, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունից 2025 թվականի հունիսի 10-ին ստացված տեղեկատվության համաձայն՝ 2025 թվականի մարտի 31-ին Արաբկիր վարչական շրջանի Մալխասյանց փողոցի թիվ 4 հասցեում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների կողմից մասնատվել և դուրս է բերվել տարածքից կենսունակ մանրատերև թեղու կոտրված, կենսունակ ճյուղը և այդ ժամանակահատվածում վնասված ավտոմեքենա նշված տարածքում չի եղել:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ՀՈԳՎ Արաբկիրի բաժնի պետին ուղղված՝ նույն բաժնի ավագ Համայնքային ոստիկանի՝ 2025 թվականի ապրիլի 4-ի զեկուցագրի համաձայն՝ 2025 թվականի մարտի 31-ին ստացված հաղորդման կապակցությամբ Դավիթ Մեհրաբյանը բանավոր հայտնել է, որ իր կողմից շահագործվող՝ «Lexus NX 300 2.0T» մակնիշի «07 RT 077» հաշվառման համարանիշի ավտոմեքենան կայանել է Մալխասյանց փողոցի թիվ 4 հասցեի մոտ և 2025 թվականի մարտի 31-ին, ժամը 08:00-ի սահմաններում նկատել է, որ ուժգին քամու հետևանքով ծառի ճյուղերը կոտրվել և ընկել են նշված ավտոմեքենայի վրա՝ վնասելով ավտոմեքենայի հետևի աջ լուսարձակը, տանիքը և աջ կողային անվաթևը:
Ընկերության կողմից կազմված՝ «Lexus NX 300 2.0T» մակնիշի «07 RT 077» հաշվառման համարանիշի ավտոմեքենային պատճառված վնասի գնահատման 2025 թվականի ապրիլի 7-ի թիվ Կ/522 հաշվետվության համաձայն՝ փոխարինման ենթակա օգտագործված գործարանային պահեստամասերի արժեքի, օգտագործվող նյութերի արժեքի, վերանորոգման և տեղադրման աշխատանքների արժեքի հանրագումարը կազմել է 323.000 (երեք հարյուր քսաներեք հազար) ՀՀ դրամ:
Ընկերության 2024 թվականի մայիսի 7-ի ապահովագրական հատուցման որոշման համաձայն՝ «Lexus NX 300 2.0T» մակնիշի «07 RT 077» հաշվառման համարանիշի ավտոմեքենան վնասվելու արդյունքում հատուցման ենթակա գումարը կազմել է 323.000 (երեք հարյուր քսաներեք հազար) ՀՀ դրամ:
«Արարատբանկ» բաց բաժնետիրական ընկերության կողմից տրված՝ «Փոխանցում հաշվին N 68824» վերտառությամբ քաղվածքի համաձայն՝ Ընկերության կողմից 2025 թվականի մայիսի 8-ին, շահառու Ռոզի Թադևոսյանի բանկային հաշվին փոխանցվել է 323.000 (երեք հարյուր քսաներեք հազար) ՀՀ դրամ:
Դիմում-ծանուցմանը կից ներկայացվել է «Սյուռվեկս Կոնսալտինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետների կողմից 2025 թվականի մայիսի 19-ին կազմված թիվ V-1008-10/05/25 վնասի գնահատման հաշվետվությունը (այսուհետ՝ Հաշվետվություն):
Հաշվետվության 3-րդ մասում նշվել են հետազոտության նպատակով հավաքագրված նյութերը և փաստաթղթերը, որոնք են՝ տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ XB532994 վկայագիրը` տրված 2021 թվականի դեկտեմբերի 27-ին, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ՀՈԳՎ Արաբկիրի բաժնի ոստիկանության աշխատակցի՝ 2025 թվականի ապրիլի 4-ի զեկուցագիրը, Ընկերության կողմից տրամադրված լուսանկարներն ու տեսագրությունը, փորձագետի կողմից զննման ժամանակ կատարված լուսանկարները:
Հաշվետվության 6.1-րդ կետի 1-ին պարբերությամբ նշված է, որ համաձայն ստացված տեղեկության՝ 2025 թվականի մարտի 31-ին քամու հետևանքով Մալխասյանց փողոցի թիվ 4 հասցեի մոտ կայանված «Lexus NX 300 2.0T» մակնիշի «07 RT 077» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ընկել են ծառի կոտրված ճյուղեր և վնասել ավտոմեքենայի որոշ դետալներ:
Հաշվետվության 6.2-րդ կետի 1-ին պարբերությամբ նշված է, որ 2025 թվականի մայիսի 10-ին ավտոմեքենան զննելու և առաջացած վնասվածքներն արձանագրելու նպատակով փորձագետներն այցելել են ք.Երևան, Նոր Նորքի 1-ին զանգված, Լվովյան թիվ 1 հասցե, որտեղ ավտոմեքենայի սեփականատիրոջ ներկայացուցչի հետ միասին զննել են ավտոմեքենան:
Հաշվետվության 6.2-րդ կետի 3-րդ պարբերությամբ փորձագետները նշել են, որ «Lexus NX 300 2.0T» մակնիշի «07 RT 077» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա արձանագրված վնասվածքները, ք. Երևան, Մալխասյանց փողոցի թիվ 4 հասցեում ծառի կոտրված ճյուղերի ընկնելու ուղղակի հետևանք են:
«Արարատբանկ» բաց բաժնետիրական ընկերության կողմից տրված՝ «Փոխանցում հաշվին N 71685» վերտառությամբ քաղվածքի համաձայն՝ Ընկերության կողմից 2025 թվականի մայիսի 22-ին, շահառու «Սյուռվեկս Կոնսալտինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բանկային հաշվին փոխանցվել է 150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Քննարկվող պարագայում, ելնելով Դիմում-ծանուցմամբ ներկայացված պահանջի հիմքում դրված փաստական հանգամանքներից, ենթակա է պարզման, թե.
1) արդյո՞ք ներկայացված ապացույցներով հիմնավորվում է Ընկերության իրավաբանական բաժնի իրավաբան Նշան Խաչատրյանի կողմից ներկայացված պահանջը Ընկերության անունից ներկայացված լինելու հանգամանքը,
2) արդյո՞ք ներկայացված ապացույցներով հիմնավորվում է Ընկերության կողմից կազմված՝ 2025 թվականի ապրիլի 7-ի թիվ Կ/522 վնասի գնահատման հաշվետվության մեջ նշված՝ «Lexus NX 300 2.0T» մակնիշի «07 RT 077» հաշվառման համարանիշի փոխարինման ենթակա մասերը 2025 թվականի մարտի 31-ին նույն ավտոմեքենայի վրա ծառի կոտրված ճյուղ ընկնելու արդյունքում վնասվելու հանգամանքը (ծառի ճյուղն ընկնելու և ավտոմեքենայի մասերը վնասվելու միջև պատճառահետևանքային կապի առկայությունը),
3) արդյո՞ք հիմնավորվում է Ընկերության կողմից կազմված՝ 2025 թվականի ապրիլի 7-ի թիվ Կ/522 վնասի գնահատման հաշվետվության և «Սյուռվեկս Կոնսալտինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետների կողմից 2025 թվականի մայիսի 19-ին կազմված թիվ V-1008-10/05/25 վնասի գնահատման հաշվետվության միջև պատճառական կապն ու դրանց փոխկապվածությունը՝ հաշվի առնելով նշված հաշվետվությունները կազմելու հաջորդականությունն ու ժամկետները,
4) արդյո՞ք հիմնավորվում է Ընկերության կողմից կազմված՝ 2025 թվականի ապրիլի 7-ի թիվ Կ/522 հաշվետվությունը 2025 թվականի մարտի 31-ին Մալխասյանց փողոցի թիվ 4 հասցեի մոտ կայանված «Lexus NX 300 2.0T» մակնիշի «07 RT 077» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի կոտրված ճյուղ ընկնելու հետևանքով առաջացած վնասը գնահատելու նպատակով կազմված լինելու հանգամանքը (ծառի ճյուղն ընկնելու և 323.000 (երեք հարյուր քսաներեք հազար) ՀՀ դրամ գումարի չափով հաշվարկված վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը),
4) արդյո՞ք ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ Ընկերության կողմից 2025 թվականի մայիսի 7-ին կայացված «Ապահովագրական հատուցման որոշման» հիման վրա Ռոզի Թադևոսյանին հատուցված 323.000 (երեք հարյուր քսաներեք հազար) ՀՀ դրամն իրենից ներկայացրել է բացառապես 2025 թվականի մարտի 31-ին «Lexus NX 300 2.0T» մակնիշի «07 RT 077» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ ընկնելու արդյունքում առաջացած վնասի հատուցում,
5) արդյո՞ք ներկայացված ապացույցներով հիմնավորվում է 2025 թվականի մայիսի 7-ի «Ապահովագրական հատուցման որոշմամբ» Ռոզի Թադևոսյանին փոխհատուցված 323.000 (երեք հարյուր քսաներեք հազար) ՀՀ դրամի չափով գումարի և «Սյուռվեկս Կոնսալտինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վճարված 150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով գումարի մասով Երևան համայնքի նկատմամբ Ընկերության հետադարձ պահանջի իրավունք ունենալու հանգամանքը:
Նշված փաստական հանգամանքների ապացուցման նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի դրույթը, որով սահմանված է, որ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է անձը՝ նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության «է» կետի համաձայն՝ վարչական մարմին դիմումը ներկայացվում է գրավոր և պետք է պարունակի դիմողի ստորագրությունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության համաձայն՝ եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի նաև օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ վարչական վարույթում վարույթի մասնակիցները կարող են մասնակցել ինքնուրույն, իրենց ներկայացուցիչների միջոցով կամ նրանց հետ միասին, իսկ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ վարչական վարույթում որպես վարույթի մասնակիցների ներկայացուցիչներ կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով լիազորված անձինք, այդ թվում՝ փաստաբաններ:
«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ընկերությունների նկատմամբ կիրառվում են, ըստ ընկերության կազմակերպական ձևի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «բաժնետիրական ընկերությունների մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքների և այլ իրավական ակտերի դրույթները:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ իրավաբանական անձի անունից լիազորագիրը տրվում է նրա ղեկավարի կամ դրա համար նրա կանոնադրությամբ լիազորված մեկ այլ անձի ստորագրությամբ:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ընկերության տնօրենը (գլխավոր տնօրենը) ներկայացնում է ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում (կետ «բ»), գործում է առանց լիազորագրի (կետ «գ»), տալիս է լիազորագիր (կետ «դ»):
Քննարկվող պարագայում Ընկերությունը Դիմում-ծանուցումն ուղարկել է Երևանի քաղաքապետարան՝ էլեկտրոնային եղանակով, իսկ Դիմում-ծանուցումը ստորագրված է Ընկերության իրավաբանական բաժնի իրավաբան Նշան Խաչատրյանի կողմից, սակայն ներկայացված չէ Նշան Խաչատրյանի՝ Ընկերության անունից Երևանի քաղաքապետարանում հանդես գալու և գումարի պահանջ ներկայացնելու իրավունք վերապահող՝ օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր: Նշված հանգամանքով պայմանավորված՝ չի հաստատվում Նշան Խաչատրյանի՝ Ընկերության անունից Դիմում-ծանուցումը ներկայացնելու իրավասությունը, ինչից հետևում է, որ Երևանի քաղաքապետարանին ուղղված դրամական պահանջը ներկայացվել է դրա իրավասությունը չունեցող անձի կողմից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
Դիմում-ծանուցմանը կից, որպես պահանջը հիմնավորող ապացույցներ, ներկայացվել են 2025 թվականի մարտի 31-ին Մալխասյանց փողոցի թիվ 4 հասցեի մոտ ծառի ճյուղերն ավտոմեքենաների վրա ընկնելու վերաբերյալ ստացված հաղորդումների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ՀՈԳՎ Արաբկիրի բաժնի աշխատակցի կողմից կազմված՝ «Հասցե այցելելու վերաբերյալ» արձանագրությունը, 2025 թվականի ապրիլի 4-ի զեկուցագիրը, Ընկերության 2025 թվականի ապրիլի 7-ի՝ ավտոմեքենային պատճառված վնասի գնահատման թիվ Կ/522 հաշվետվությունը, Ընկերության՝ 2025 թվականի մայիսի 7-ի ապահովագրական հատուցման որոշումը, Հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ԿԴ3/0133/02/09 քաղաքացիական գործով 2013 թվականի ապրիլի 5-ին կայացված որոշմամբ անդրադառնալով փորձագիտական եզրակացության գնահատման հարցին՝ արձանագրել է, որ փորձագետի հետևությունների ձևը չի որոշում եզրակացության դերը և տեղը ապացուցման պրոցեսում: Հետևության ձևը (հավանական կամ կատեգորիկ) և փորձաքննության արդյունքում տրված եզրակացությունն այն երկու բաղադրամասերն են, որոնք հնարավոր չէ տարանջատել: Ոչ հավանական եզրակացությունն ինքնին և ոչ էլ եզրակացության մեջ նշված տվյալներն առանձին վերցրած չունեն ապացուցողական նշանակություն. այդպիսին չեն համարվում նաև հիպոթետիկ եզրակացության համար հիմք հանդիսացող տվյալները: Հավանական հետևությունների թվից, որքան էլ որ շատ դրանք լինեն, չի առաջանում հավաստի և իրական եզրակացություն. հավանական հետևությունների քանակը չի ավելացնում փորձագիտական եզրակացության ապացուցողական նշանակությունը: Հետևաբար, փորձագիտական եզրակացությունների գնահատումը պետք է կատարել այնպես, որ ամբողջ եզրակացությունը, այլ ոչ թե այդ եզրակացության որոշակի բաժնում արտացոլված տվյալները գնահատվեն որպես մեկ ապացույց:
Ներկայացված ապացույցների բազմակողմանի հետազոտությամբ պարզվում է, որ ավտոմեքենային պատճառված վնասի գնահատման թիվ Կ/547/1 հաշվետվությունն Ընկերության կողմից կազմվել է 2025 թվականի ապրիլի 7-ին, որում առկա չէ տեղեկատվություն ավտոմեքենայի վնասվածքների առաջացման պատճառների մասին, իսկ ավտոմեքենան հետքաբանական փորձաքննության ենթարկելու արդյունքների վերաբերյալ Հաշվետվությունը կազմվել է 2025 թվականի մայիսի 19-ին, որում փորձագետները, որպես փորձաքննությանը տրամադրված նյութ, չեն օգտագործել և հիմք չեն ընդունել 2025 թվականի ապրիլի 7-ի թիվ Կ/547/1 հաշվետվությունը: Նշված երկու ապացույցներն իրար հետ համադրելու եղանակով գնահատման ենթարկելիս կարելի է հանգել հետևության, որ դրանցով չի ապացուցվում Ընկերության 2025 թվականի ապրիլի 7-ի թիվ Կ/522 հաշվետվությամբ գնահատված վնասվածքները Հաշվետվության մեջ, որպես ծառի ճյուղերն ընկնելու հետևանք դիտարկված վնասվածքների հետ նույնական լինելու հանգամանքը: Նշված հանգամանքից հետևում է, որ Դիմում-ծանուցմանը կից ներկայացված ապացույցներով չի հիմնավորվում 2025 թվականի մայիսի 7-ի «Ապահովագրական հատուցման որոշմամբ» Ռոզի Թադևոսյանին փոխհատուցված 323.000 (երեք հարյուր քսաներեք հազար) ՀՀ դրամի չափով գումարի մասով Երևան համայնքի նկատմամբ Ընկերության հետադարձ պահանջի իրավունք ունենալու հանգամանքը:
Ինչ վերաբերում է Ընկերության կողմից «Սյուռվեկս Կոնսալտինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վճարված 150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով գումարի պահանջին, ապա այն իրենից չի ներկայացնում ապահովադրին (Ռոզի Թադևոսյան) վճարված գումար, հետևաբար դրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածով սահմանված կարգավորումները կիրառելի չեն:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ Դիմում-ծանուցումը ներկայացվել է դրա իրավունքը չունեցող անձի կողմից, Դիմում-ծանուցմանը կից չի ներկայացվել Ընկերության անունից հանդես գալու իրավունք վերապահող՝ օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր, ինչպես նաև նկատի ունենալով, որ Դիմում-ծանուցմանը կից ներկայացված ապացույցներով չի հիմնավորվել 2025 թվականի մարտի 31-ին «Lexus NX 300 2.0T» մակնիշի «07 RT 077» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղեր ընկնելու արդյունքում Ընկերության կողմից կազմված՝ 2025 թվականի ապրիլի 7-ի թիվ Կ/522 վնասի գնահատման հաշվետվության մեջ նշված մասերը վնասվելու և վնասը 323.000 (երեք հարյուր քսաներեք հազար) ՀՀ դրամ կազմելու հանգամանքը, ինչով պայմանավորված՝ չի հիմնավորվել Ռոզի Թադևոսյանին փոխհատուցված 323.000 (երեք հարյուր քսաներեք հազար) ՀՀ դրամ գումարի և «Սյուռվեկս Կոնսալտինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վճարված 150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով գումարի մասով Ընկերության կողմից՝ Երևանի քաղաքապետարանի նկատմամբ հետադարձ պահանջի իրավունք ձեռք բերելու հանգամանքը, ուստի հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 134-րդ, 321-րդ, 1021-րդ, 1058-րդ, 1071.1-րդ հոդվածների և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 23-րդ, 31-րդ, 37-րդ, 42-րդ, 43-րդ հոդվածների դրույթները՝
ՈՐՈՇԵՑԻ
1. «Էֆես» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության իրավաբանական բաժնի իրավաբան Նշան Խաչատրյանի կողմից Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2025 թվականի հունիսի 3-ի թիվ Դ-58721-25 դիմում-ծանուցմամբ ներկայացված պահանջը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |