ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ՍԴ2/0248/02/17 2025 թ. | ||||||
| Քաղաքացիական գործ թիվ ՍԴ2/0248/02/17 | |||||||
| |||||||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող |
Գ. Հակոբյան | |
| զեկուցող |
Է. Սեդրակյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ | |
|
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2025 թվականի ապրիլի 04-ին
գրավոր ընթացակարգով քննելով Ռաֆիկ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.01.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ) հայցի ընդդեմ Ռաֆիկ Խաչատրյանի և Կարինե Զախարյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է «Ռաֆիկ Ռուբենի Խաչատրյանից և Կարինե Գեորգիի Զախարյանից հօգուտ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի համապարտության կարգով բռնագանձել ընդհանուր 5․115․021,3 ՀՀ դրամ, որից օվերդրաֆտի օգտագործված գումար՝ 4․454․628,9 ՀՀ դրամ, հաշվարկված տոկոսագումարը՝ 388․357,4 ՀՀ դրամ, ժամկետանց օվերտրաֆտի գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսը՝ 198․522,3 ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսի նկատմամբ հաշվարկված տույժը՝ 73․512,7 ՀՀ դրամ։ 4․454․628,9 ՀՀ դրամ օվերդրաֆտի օգտագործված գումարի մնացորդին հաշվեգրել և բռնագանձել տոկոսներ՝ սկսած 23․06․2017 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ, պայմանագրի 3․3 կետով նախատեսված տարեկան 36% տոկոսադրույքով։ 384.387 ՀՀ դրամ ժամկետանց տոկոսագումարներին հաշվեգրել և բռնագանձել տույժ՝ սկսած 23․06․2017 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ, պայմանագրի 3․4 կետով նախատեսված յուրաքանչյուր ուշացված օրվա համար՝ չվճարված տոկոսագումարի 0․2 տոկոսի չափով»:
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 04.07.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01․12․2022 թվականի որոշմամբ Ռաֆիկ Խաչատրայնի միջնորդությունը՝ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ բավարարվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է։
Վերաքննիչ դատարանի 16.01.2023 թվականի որոշմամբ պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ Ռաֆիկ Խաչատրյանի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռաֆիկ Խաչատրյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «ա» և «դ» կետերը ու 31-րդ հոդվածի «գ» կետը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ օրենսդիրը, սահմանելով պետական տուրքի վճարման պարտականություն, միաժամանակ նախատեսել է այն դեպքերը, երբ անձն օրենքի ուժով ազատված է պետական տուրքի վճարման պարտականությունից, ինչպես նաև այն, որ ազատման համար հիմք հանդիսացող հանգամանքների սպառիչ ցանկ նախատեսելու անհնարինությամբ պայմանավորված՝ օրենսդիրը նախատեսել է նաև դատարանների կողմից պետական տուրքի գծով արտոնություններ սահմանելու և կիրառելու հնարավորություն՝ ելնելով կողմերի գույքային դրությունից:
Բողոք բերած անձը նշել է, որ ծանր գույքային դրության փաստը հաստատելու և, միաժամանակ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ վերադարձի հիմք հանդիսացած թերությունը շտկելու նպատակով Վերաքննիչ դատարանին ներկայացվել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված՝ «Ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվացք»-ը, որով հաստատվում է եկամուտի բացակայության փաստը։ Միաժամանակ Վերաքննիչ դատարանին խնդրել է վերոնշյալ հանգամանքների հիման վրա՝ գույքային դրությամբ պայմանավորված, անհամաչափ պարտականություն չդնելու և իր դատական պաշտպանության իրավունքը չսահմանափակելու համար պետական տուրքի վճարման ազատում արտոնություն կիրառելու անհնարինության պայմաններում՝ գոնե հետաձգել պետական տուրքի վճարումը, մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է վերոնշյալ փաստերը՝ թույլ տալով նյութական ու դատավարական իրավունքի նորմերի խախտումներ։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել թիվ ՍԴ/0393/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.03.2022 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը՝ պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու միջնորդություն ներկայացվելու դեպքում դատարանի կողմից ապացուցողական առավել մեղմ չափանիշ կիրառելու վերաբերյալ։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 16.01.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Վերաքննիչ դատարանի 01․12․2022 թվականի որոշմամբ Ռաֆիկ Խաչատրյանի միջնորդությունը բավարարվել է՝ վերականգնվել է վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված դատավարական ժամկետը, իսկ Ռաֆիկ Խաչատրյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ մերժել է պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը։ Միաժամանակ Վերաքննիչ դատարանը սահմանել է 15-օրյա ժամկետ՝ բողոքում առկա խախտումները վերացնելու ու կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու համար (հատոր 5-րդ, գ․թ 15-17)։
2) Ռաֆիկ Խաչատրյանը կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ միջնորդելով սահմանել պետական տուրքի գծով արտոնություն և իրեն ազատել վերաքննիչ բողոք բերելու համար պետական տուրքի վճարման պարտականությունից, իսկ դրա անհնարինության դեպքում հետաձգել պետական տուրքի վճարումը՝ այն հիմնավորմամբ, որ սույն գործով իր պարտավորություններն առաջացել են աշխատանքային վեճի արդյունքում, որի հետևանքով 04.11.2022 թվականից մինչ օրս ինքն ունի գործազուրկի կարգավիճակ ու չունի որևէ եկամուտ (հատոր 5-րդ, գ․թ 50-67)․
3) Վերաքննիչ դատարանի 16.01.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ Ռաֆիկ Խաչատրյանի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են (հատոր 5-րդ, գ․թ 89,90)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ՍԴ/0393/02/20 քաղաքացիական գործով 03.03.2022 թվականին կայացրած որոշման մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին․
1․ արդյո՞ք Վերաքննիչ դատարանը պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու միջնորդությունը քննելիս իրավաչափորեն է միջնորդության քննության համար էական հանգամանք համարել բողոքաբերի ծանր գույքային դրությունն այն դեպքում, երբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի համաձայն՝ պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու միջնորդության քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանք է միջնորդությունը ներկայացրած անձի գույքային դրությունը,
2․ արդյո՞ք Վերաքննիչ դատարանն իրավասու է վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել այն պայմաններում, երբ որևէ անդրադարձ չի կատարել վերաքննիչ բողոք բերած անձի` «Պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին» միջնորդությանը և որևէ եզրահանգում չի արել այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ.
1․ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Էշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության ՄԻԵԴ-ի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
ՄԻԵԴ-ը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, սակայն այդ սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե´ս, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով ՄԻԵԴ-ի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
Սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում արձանագրել է, որ՝
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման (տե՛ս թիվ ՍԴՈ-652, թիվ ՍԴՈ-690, թիվ ՍԴՈ-719, թիվ ՍԴՈ-765, թիվ ՍԴՈ-844, թիվ ՍԴՈ-873, թիվ ՍԴՈ-890, թիվ ՍԴՈ-932, թիվ ՍԴՈ-942, թիվ ՍԴՈ-1037, թիվ ՍԴՈ-1052, թիվ ՍԴՈ-1115, թիվ ՍԴՈ-1127, թիվ ՍԴՈ-1190, թիվ ՍԴՈ-1192, թիվ ՍԴՈ-1196, թիվ ՍԴՈ-1197, թիվ ՍԴՈ-1220, թիվ ՍԴՈ-1222, թիվ ՍԴՈ-1257, թիվ ՍԴՈ-1289 որոշումները):
Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման համաձայն` դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և անձին խոչընդոտում են հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս Դումիտրու Գեորգն ընդդեմ Ռումինիայի գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր անձ իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
Մինչև 07.01.2023 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները։ Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից։ (…):
Նշված նորմի մեկնաբանությունից բխում է, որ վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում բողոքաբերը կրում է օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարված լինելու փաստը հաստատող ապացույց ներկայացնելու պարտականություն: Պետական տուրքի վճարման արտոնություն ակնկալելու պայմաններում բողոքին կցվում կամ բողոքում ներառվում է համապատասխան միջնորդություն, եթե բողոքաբերն օրենքով արդեն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն (...) դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար (...):
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` պետական տուրքի վճարումից ազատում:
Նույն հոդվածի «դ» կետի համաձայն՝ պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ վերլուծելով վերը նշված նորմերը, արձանագրել է, որ դատարանները լիազորված են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի կիրառմամբ սահմանելու նույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված արտոնություն, ներառյալ՝ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու արտոնություն։ Այն դրսևորվում է պետական տուրք վճարելու պարտականություն ունեցող դատավարական կողմի ներկայացրած պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությամբ և դատարանի կողմից համապատասխան միջնորդության քննության արդյունքում առանձին որոշման ընդունմամբ՝ հիմք ընդունելով այդ անձի գույքային դրությունը: Այլ կերպ ասած՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը լիազորում է դատարաններին և դատավորներին սահմանելու պետական տուրքի վճարումը հետաձգելու արտոնություն՝ անձի գույքային դրության հաշվառմամբ (տե՛ս Սիմոն և Մելսինա Խաչիկյաններն ընդդեմ «Ագարակի Պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության թիվ ՍԴ/0393/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.03.2022 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից: Միաժամանակ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը նման արտոնություն կիրառելու հնարավորություն ընձեռել է դատարաններին կամ դատավորներին այն դեպքերում, երբ թեև բացակայում են նույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հիմքերը, սակայն ելնելով կողմերի գույքային դրությունից` անհրաժեշտ է սահմանել նման արտոնություն` երաշխավորելու անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե՛ս Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ վերահաստատելով և զարգացնելով իր նախկին որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, գտել է, որ դատարանները պետական տուրքի մասով արտոնություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացրած անձի գույքային դրությունը գնահատելիս, որպես ուղղորդող չափանիշներ պետք է հիմք ընդունեն վիճելի իրավահարաբերության բնույթը, վճարման ենթակա պետական տուրքի չափը, գույքային դրության վերաբերյալ քաղաքացիական գործի հանգամանքները, կենսաապահովման համար անհրաժեշտ միջոցների չափը։
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանները պետական տուրքի արտոնություն կարող են կիրառել, եթե միջնորդություն ներկայացրած անձն ապացուցում է իր անբարենպաստ գույքային դրությունը, որի համար, ի տարբերություն ապացուցման ընդհանուր կանոնի, գործնականում դատարանը պետք է կիրառի ավելի մեղմ չափանիշ՝ բավարար համարելով անուղղակի ապացույցների առկայությունը։ ՀՀ վերաքննիչ դատարանը «ծանր գույքային դրությունը» ապացուցող չափանիշ հիմք ընդունելով, ըստ էության, սահմանել է օրենքի պահանջից ավելի բարձր շեմ՝ անհարկի ծանրաբեռնելով բողոքաբերներին օրենքով չնախատեսված լրացուցիչ պարտականությամբ (տե՛ս Սիմոն և Մելսինա Խաչիկյաններն ընդդեմ «Ագարակի Պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության թիվ ՍԴ/0393/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.03.2022 թվականի որոշումը):
Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ այն դեպքերում, երբ օրենքի ուժով պետական տուրքը վճարելու պարտականությունից անձն ազատված չէ, որպիսի հանգամանքով պայմանավորված էլ վերջինս ներկայացված միջնորդությամբ հայցում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի գծով արտոնություններից մեկը, դատարանը, ելնելով կողմի գույքային դրությունից, պարտավոր է քննարկել հայցված արտոնություններից յուրաքանչյուրի սահմանման հնարավորությունը: Ընդ որում դատարանը, միջնորդությամբ հայցված արտոնությունը սահմանելու անհրաժեշտությունը հաստատելու կամ հերքելու համար ներկայացված ապացույցների հաշվառմամբ պետք է գնահատի միջնորդություն ներկայացրած անձի ոչ թե ծանր գույքային դրությունը, այլ գույքային դրությունը:
2․ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը հիմնավորված է, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն` միջնորդություններ անելու, (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ միջնորդությունը քննարկելու արդյունքով դատարանը կայացնում է որոշում:
Մինչև 07․01․2023 թվականի գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները։ Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից։ Բողոքին կարող են կցվել բողոք բերող անձի այլ միջնորդությունները: (․․․):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, կամ բողոքը ներկայացրել է նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, կամ նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն, որը մերժվել է։
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ քաղաքացիական դատավարությունում կողմերը, ի թիվս այլնի, իրավասու են ներկայացնել օրենքով սահմանված միջնորդություններ, որոնք ենթակա են լուծման դատարանի կողմից համապատասխան դատական ակտի՝ որոշման կայացման միջոցով:
Դատավարության մասնակիցների կողմից ներկայացված այս կամ այն միջնորդության քննարկման արդյունքում կայացվող որոշման եզրափակիչ մասում, մասնավորապես՝ դատարանը պարտավոր է նախևառաջ անդրադառնալ այդ միջնորդությունը մերժելու կամ բավարարելու հարցին, այնուհետև՝ այդ միջնորդությունը մերժելու կամ բավարարելու դատավարական հետևանքներին: Այլ կերպ ասած՝ դատարանը պարտավոր է դատական ակտերի եզրափակիչ մասում արտացոլել դատավարության մասնակիցների կողմից ներկայացված միջնորդությունը մերժելու կամ բավարարելու մասին իր եզրահանգումը, որը պետք է ունենա հստակ, միանշանակ և հրամայական բնույթ: Համապատասխան միջնորդությունը մերժելու կամ բավարարելու մասին դատարանի եզրահանգումը որոշման եզրափակիչ մասում հստակ, միանշանակ և հրամայական կերպով ձևակերպելուց հետո միայն դատարանը կարող է անցնել իր որոշման եզրափակիչ մասում այդ եզրահանգման դատավարական հետևանքի ամրագրմանը, որը ևս պետք է համապատասխանի վերոգրյալ չափանիշներին (տե՛ս նաև ըստ Մարուսյա Խոջումյանի դիմումի թիվ ԵԿԴ/1324/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.01.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև որ (…) Վերաքննիչ դատարանն իր որոշման պատճառաբանական մասում թեև անդրադարձել է պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությանը, սակայն այդ միջնորդության քննարկման արդյունքում որևէ որոշում չի կայացրել միջնորդությունը մերժելու կամ բավարարելու` պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին, ինչն անձի դատական պաշտպանության իրավունքի խախտում է: Մասնավորապես` շահագրգիռ անձը, իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս, դատավարական օրենքով նախատեսված որևէ միջնորդություն հարուցելով, ակնկալում է իր կողմից բարձրացված հարցի որոշակի լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձևով: Այսինքն` դատավարության մասնակցի միջնորդություն հարուցելու իրավունքին համապատասխանում է տվյալ հարցով որոշում կայացնելու դատարանի պարտականությունը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատարանի որոշմանը ներկայացվող պարտադիր պահանջ է քննարկվող հարցի վերաբերյալ համապատասխան եզրահանգումը, հետևաբար այդպիսի եզրահանգման բացակայության պայմաններում բացակայում է նաև դատարանի որոշումը, ինչի արդյունքում խախտվում է անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե´ս, «Ռեքվիեմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ընդդեմ «Մեգարոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սպառիչ սահմանել է վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերը, որոնցից են, ի թիվս այլնի, պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդության մերժումը: Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշումը պետք է իր մեջ բովանդակի պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդությունը մերժելու հիմքերի վերաբերյալ վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը: Այլ կերպ՝ այն պետք է պարունակի դատարանի վերջնական եզրահանգումն այն հարցի շուրջ, որի քննարկման արդյունքում կայացնում է այդ որոշումը: Ընդ որում, դատարանի կողմից կատարվող եզրահանգումը պետք է ունենա հստակ, միանշանակ, անպայմանական, հրամայական, կատեգորիկ բնույթ և բացառի որոշումը մեկնաբանելու անհրաժեշտությունը: Այսինքն՝ դատական ակտի պատճառաբանական և եզրափակիչ մասը պետք է լրիվ ու սպառիչ կերպով պատասխանի դատարանի առջև բարձրացած այն բոլոր հարցերին, որոնց լուծման նպատակով կայացվում է այդ դատական ակտը: Հետևաբար, եթե վերաքննիչ բողոքի ընդունման մերժումը պայմանավորված է վերաքննիչ բողոք բերած անձի համապատասխան միջնորդության կամ միջնորդությունների մերժմամբ, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանի դատական ակտը պետք է ունենա նաև այդ միջնորդությունը կամ միջնորդությունները մերժելու վերաբերյալ պատճառաբանություն և վերջնական եզրահանգում:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը 04.07.2022 թվականի վճռով հայցը բավարարել է։ Նշված վճռի դեմ Ռաֆիկ Խաչատրյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ միաժամանակ միջնորդելով վերականգնել վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը, ինչպես նաև կիրառել պետական տուրքի վճարման գծով արտոնություն։
Վերաքննիչ դատարանի 01․12․2022 թվականի որոշմամբ Ռաֆիկ Խաչատրյանի միջնորդությունը բավարարվել է՝ վերականգնվել է վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված դատավարական ժամկետը, իսկ Ռաֆիկ Խաչատրյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ մերժել է պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը։ Միաժամանակ Վերաքննիչ դատարանը սահմանել է 15-օրյա ժամկետ՝ բողոքում առկա խախտումները վերացնելու ու կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու համար։
Ռաֆիկ Խաչատրյանը կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ միջնորդելով սահմանել պետական տուրքի գծով արտոնություն և իրեն ազատել վերաքննիչ բողոք բերելու համար պետական տուրքի վճարման պարտականությունից, իսկ դրա անհնարինության դեպքում հետաձգել պետական տուրքի վճարումը՝ այն հիմնավորմամբ, որ սույն գործով իր պարտավորություններն առաջացել են աշխատանքային վեճի արդյունքում, որի հետևանքով 04.11.2022 թվականից մինչ օրս ունի գործազուրկի կարգավիճակ ու չունի որևէ եկամուտ։
Վերաքննիչ դատարանի 16.01.2023 թվականի որոշմամբ պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ Ռաֆիկ Խաչատրյանի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել են այն պատճառաբանությամբ, որ՝ «(․․․) ուսումնասիրելով կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը, կից փաստաթղթերը Վերաքննիչ արձանագրում է, որ բողոքը վարույթ ընդունվել չի կարող, քանի որ Վերաքննիչ դատարանի 01.12.2022 թվականի որոշմամբ արձանագրված խախտումը չի վերացվել, մասնավորապես` վերաքննիչ բողոքին չի կցվել պետական տուրքի վճարումը հավաստող որևէ ապացույց, իսկ պետական տուրքի գծով արտոնություն՝ պետական տուրքի վճարումից ազատելու, կիրառելու վերաբերյալ բողոք բերած անձի միջնորդությունը ենթակա չէ բավարարման, քանի որ կրկին ներկայացվել է առանց բողոք բերած անձի գույքային ծանր դրությունը հաստատող ապացույցների: Մինչդեռ Վերաքննիչ դատարանի 01.12.2022 թվականի որոշմամբ անդրադառնալով պետական տուրքի վճարումից ազատելու միջնորդությանը Վերաքննիչ դատարանն արձանագրել էր, որ Ռաֆիկ Խաչատրյանի կողմից բողոքին կից ներկայացված միջնորդությամբ մատնանշված փաստերը հիմնավորող միակ ապացույցը՝ ՄՍԾ Կապանի ՏՍ տնօրենի կողմից տրված տեղեկանքի պատճենն առ այն, որ 04.11.2022 թվականից Ռաֆիկ Խաչատրյանն ունի գործազուրկի կարգավիճակ, այնուամենայնիվ բավարար օբյեկտիվ հիմք չէ վերջինիս գույքային դրությունը ծանր դիտելու և դրա հիման վրա «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի հիմքով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով գանձման ենթակա պետական տուրքի վճարումից ազատելու համար: Տվյալ դեպքում բողոքաբերը կրկին միջնորդել է իրեն ազատել պետական տուրքի վճարումից` պատճառաբանելով, որ գործազուրկի կարգավիճակով պայմանավորված ներկայումս գտնվում է ծանր գույքային դրության մեջ», (․․․) «բողոքաբերի ներկայացրած հիմքերը և փաստաթղթերը բավարար չեն վերջինիս պետական տուրքի վճարումից ազատելու համար, դրանք կարող են առնվազն պետական տուրքի վճարումը հետաձգելու հիմք հանդիսանալ»:
Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և սույն գործի փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ:
Վերաքննիչ դատարանը 16.01.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ ոչ իրավաչափորեն գնահատման առարկա է դարձրել Ռաֆիկ Խաչատրյանի ծանր գույքային դրությունը, այն դեպքում, երբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետով սահմանված պահանջի հաշվառմամբ պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու միջնորդության քննության շրջանակներում Վերաքննիչ դատարանը պետք է քննարկման առարկա դարձներ վերջինիս գույքային դրությունը։
Վերաքննիչ դատարանը, պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու միջնորդության մերժելու համար էական հանգամանք համարելով բողոքաբերի «ծանր գույքային դրության» հաստատումը, սահմանել է օրենքի պահանջից առավել բարձր ապացուցողական շեմ՝ անհարկի ծանրաբեռնելով բողոքաբերին օրենքով չնախատեսված լրացուցիչ պարտականությամբ: Արձանագրելով, որ ներկայացված ապացույցները բավարար չեն Ռաֆիկ Խաչատրյանի գույքային դրությունը ծանր դիտելու և համապատասխան արտոնություն սահմանելու համար՝ Վերաքննիչ դատարանն ըստ էության անտեսել է նաև այն, որ բողոքաբերի կողմից ներկայացված ապացույցներով հաստատվել են վերջինիս գործազուրկ լինելու ու այլ եկամուտների բացակայության փաստական հանգամանքները: Հետևաբար՝ Վերաքննիչ դատարանի կողմից գործի փաստական հանգամանքների հաշվառմամբ պատշաճ հետազոտության և գնահատման չեն ենթարկվել Ռաֆիկ Խաչատրյանի կողմից միջնորդությանը կից ներկայացված ապացույցները:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով բողոք բերած անձի պատճառաբանությանն այն մասին, որ Վերաքննիչ դատարանը որևէ անդրադարձ չի կատարել պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին վերաքննիչ բողոք ներկայացրած անձի միջնորդությանը, հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Վերաքննիչ դատարանը 16․01․2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման պատճառաբանական մասում նշել է, որ «բողոքաբերի ներկայացրած հիմքերը և փաստաթղթերը բավարար չեն վերջինիս պետական տուրքի վճարումից ազատելու համար, դրանք կարող են առնվազն պետական տուրքի վճարումը հետաձգելու հիմք հանդիսանալ»՝ սակայն որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասում պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ Ռաֆիկ Խաչատրյանի միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին որևէ եզրահանգում չի կատարել: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդպիսի եզրահանգման բացակայության պայմաններում բացակայում է նաև դատարանի որոշումը՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու միջնորդության քննարկման վերաբերյալ, ինչի արդյունքում սահմանափակվում է անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ քննության առարկա չի դարձվել պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու, այն է՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունը։ Մինչդեռ, վերաքննիչ բողոքի ընդունումը կարող էր մերժվել, տվյալ դեպքում, միայն այն պայմաններում երբ Վերաքննիչ դատարանը օրենքով սահմանված կարգով մերժեր պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին վերաքննիչ բողոք ներկայացրած անձի միջնորդությունը։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշումը չի բովանդակում պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունը մերժելու կամ բավարարելու հիմքերի վերաբերյալ վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը: Այլ կերպ՝ առկա չէ Վերաքննիչ դատարանի վերջնական եզրահանգումն այդ հարցի շուրջ, հետևաբար՝ քննարկման արդյունքում որոշում կայացված չէ, ինչ հիմքով առկա չէ նաև վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը։
Անդրադառնալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394‑րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված պայմանի առկայությանը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը․
Վերաքննիչ դատարանը, բողոքարկվող դատական ակտում անդրադառնալով պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությանը, այն մերժել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի այնպիսի մեկնաբանության արդյունքում, որ վերաքննիչ բողոքը «(․․․) կրկին ներկայացվել է առանց բողոք բերած անձի գույքային ծանր դրությունը հաստատող ապացույցների»։
Մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանը, նմանատիպ փաստական հանգամանքով թիվ ՍԴ/0393/02/20 քաղաքացիական գործով 03․03․2022 թվականի որոշմամբ անդրադառնալով համանման բովանդակություն ունեցող՝ մինչև 30․10․2021 թվականը գործած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի մեկնաբանությանը, հանգել է այն եզրակացության, որ դատարանները պետական տուրքի արտոնություն կարող են կիրառել, եթե միջնորդություն ներկայացրած անձն ապացուցում է իր անբարենպաստ գույքային դրությունը, որի համար, ի տարբերություն ապացուցման ընդհանուր կանոնի, գործնականում դատարանը պետք է կիրառի ավելի մեղմ չափանիշ՝ բավարար համարելով անուղղակի ապացույցների առկայությունը։ ՀՀ վերաքննիչ դատարանը «ծանր գույքային դրությունը» ապացուցող չափանիշ հիմք ընդունելով, ըստ էության, սահմանել է օրենքի պահանջից ավելի բարձր շեմ՝ անհարկի ծանրաբեռնելով բողոքաբերներին օրենքով չնախատեսված լրացուցիչ պարտականությամբ:
Վճռաբեկ դատարանը, համեմատական վերլուծության ենթարկելով ինչպես Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշմամբ, այնպես էլ թիվ ՍԴ/0393/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03․03․2022 թվականի որոշմամբ արտահայտած վերոշարադրյալ դիրքորոշումները, արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը հիմնավոր է, քանի որ Վերաքննիչ դատարանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը կիրառել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նույն նորմին տրված վերը նշված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ։
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված խախտումները հանգեցրել են բողոքաբերի՝ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության ու դատարանի մատչելիության իրավունքների սահմանափակման և դրանով պայմանավորված նաև՝ արդարադատության բուն էության խաթարման:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու լիազորությունը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո քննելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո
Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.01.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և Ռաֆիկ Խաչատրյանի կողմից ներկայացված պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու համար գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
|
Նախագահող |
Գ. հակոբյան |
|
Զեկուցող |
Է. Սեդրակյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ |
|
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ | |
|
Ս. Մեղրյան Ա. Մկրտչյան Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2025 թվական: