ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/8980/02/20 2025 թ. | ||||||
| Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/8980/02/20 | |||||||
| |||||||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող |
Գ. Հակոբյան | |
| զեկուցող |
Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ | |
|
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Է. Սեդրակյան | ||
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2025 թվականի ապրիլի 25-ին
գրավոր ընթացակարգով քննելով Անահիտ Թադևոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.08.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ Լուսինե Իսրաելյանի հայցի ընդդեմ Աշոտ Իսրաելյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Անահիտ Թադևոսյանի` որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Լուսինե Իսրաելյանը պահանջել է Աշոտ Իսրաելյանին պարտավորեցնել իր անվամբ գրանցել Երևանի Քանաքեռ‑Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի 2/3 շենքի թիվ 73 տարածքը, ինչպես նաև ճանաչել իր սեփականության իրավունքն այդ տարածքի նկատմամբ։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 01.04.2021 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է` կողմերի կնքած հաշտության համաձայնությունը հաստատելու հիմքով։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.08.2021 թվականի որոշմամբ Անահիտ Թադևոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.04․2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անահիտ Թադևոսյանը (ներկայացուցիչ Գայանե Սարգսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Լուսինե Իսրաելյանը և Աշոտ Իսրաելյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 8-րդ ու 17-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 57-րդ, 61-րդ և 151-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը, դատավարական իմաստով նույնացնելով կողմերին և գործին մասնակցող անձանց, դատավարության կողմերի՝ հայցվորի ու պատասխանողի միջև ստորագրված և Դատարան ներկայացված հաշտության համաձայնությունը համարել է կնքված ու ստորագրված գործին մասնակցող անձանց միջև:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը հաշտության համաձայնությունը հաստատել է առանց դատական նիստ հրավիրելու՝ հաշվի չառնելով, որ այն խախտում է իր իրավունքները և օրինական շահերը։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վիճելի գույքը ձեռք է բերվել իր և Աշոտ Իսրաելյանի ամուսնության ընթացքում, ու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի ուժով գույքի 1/2 մասը պատկանում է իրեն։ Լուսինե և Աշոտ Իսրաելյանների հորինած պարտավորությունը չունի որևէ իրավական ուժ:
Վերաքննիչ դատարանը գտել է, որ իր կողմից չի ապացուցվել այն հանգամանքը, որ վիճելի գույքը ձեռք է բերվել իր և Աշոտ Իսրաելյանի ամուսնության ընթացքում, մինչդեռ գործի քննության ընթացքում Լուսինե ու Աշոտ Իսրաելյաններն ընդունել են այդ փաստը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը Լուսինե և Աշոտ Իսրաելյանների միջև կնքված հաշտության համաձայնությունը հաստատել է վիճելի գույքից բաժնեմասի առանձնացման վերաբերյալ դատարանում վեճի առկայության պայմաններում, ինչի արդյունքում ինքը զրկվել է իր սեփականության իրավունքից։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նախնական դատական նիստ կայանալու դեպքում իր կողմից որպես երրորդ անձ պետք է կատարվեին մի շարք գործողություններ, այդ թվում՝ պետք է ներկայացվեին ապացույցներ՝ իր կողմից նշվածի հիմնավորման համար, սակայն Դատարանի կողմից իրեն այդպիսի հնարավորություն չի ընձեռվել։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.08.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանների հիմքերը և հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն ամբողջությամբ անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ գործին մասնակցող անձանց միջև կնքված հաշտության համաձայնությունը որևէ ձևով չի շոշափել երրորդ անձի իրավունքներն ու օրինական շահերը։
Երրորդ անձ Անահիտ Թադևոսյանը, պնդելով, որ առուվաճառքի պայմանագիրը կնքելու պահին Աշոտ Իսրաելյանի հետ գտնվել է ամուսնական հարաբերությունների մեջ, և վեճի առարկա հանդիսացող գույքը ձեռք է բերվել իրենց ամուսնության ընթացքում, չի ներկայացրել այդ հանգամանքները հավաստող որևէ ապացույց։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Աշոտ Իսրաելյանը և Անահիտ Թադևոսյանը ամուսնացել են 23․07․1999 թվականին, որի վերաբերյալ Նոր Նորքի ՔԿԱԳ տարածքային բաժնում կատարվել է թիվ 321 գրանցումը (ամուսնության վկայական՝ տրված 23․07․1999 թվականին Նոր Նորքի ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից և ամուսնության վկայական՝ տրված 18․04․2018 թվականին Նոր Նորքի ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից, ներկայացվել են վճռաբեկ բողոքին կից) (հատոր 2-րդ, գ․թ․ 18, 19)․
2) Աղավնի Գյումուշյանի և Աշոտ Իսրաելյանի միջև 29.08.2013 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն՝ Աղավնի Գյումուշյանն Աշոտ Իսրաելյանին վաճառել է իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ Երևանի Քանաքեռ‑Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի 2/3 շենքի թիվ 73 տարածքը (հատոր 1-ին, գ.թ. 39).
3) թիվ ԵԴ/0587/02/18 քաղաքացիական գործով՝ ըստ Անահիտ Թադևոսյանի հայցի ընդդեմ Աշոտ Իսրաելյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 29.11.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ վճռվել է․ «լուծել Անահիտ Թադևոսյանի և Աշոտ Իսրաելյանի՝ Երևան քաղաքի Նոր Նորք ՔԿԱԳ բաժնում 18.04.2018 թվականին (ամուսնության վկայական՝ ԱԱ № 200743) գրանցված ամուսնությունը» (հիմք՝ «www.datalex.am» տեղեկատվական համակարգ).
4) թիվ ԵԴ/0600/02/18 քաղաքացիական գործով՝ ըստ Անահիտ Թադևոսյանի հայցի ընդդեմ Աշոտ Իսրաելյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Լուսինե Իսրաելյանի՝ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ համասեփականատեր ճանաչելու, բաժնեմասն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը բաժիններին համապատասխան բաշխելու պահանջների մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 31.07.2020 թվականի որոշմամբ գործի վարույթը կասեցվել է մինչև սույն քաղաքացիական գործով վերջնական որոշում կայացվելը (հիմք՝ «www.datalex.am» տեղեկատվական համակարգ).
5) Աշոտ Իսրաելյանը 10.04.2018 թվականին ստորագրել է «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթուղթ, որով պարտավորվել է իր անունից և «Զարգացման Հայկական բանկ» ԲԲԸ-ի միջոցով՝ Աղավնի Գյումուշյանից 29.08.2013 թվականին գնված Երևանի Քանաքեռ‑Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի 2/3 շենքի թիվ 73 տարածքն անվանափոխել քրոջ՝ Լուսինե Իսրաելյանի անունով՝ վերջինիս կողմից նշված անշարժ գույքի նկատմամբ իր վարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարելուց հետո՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անշարժ գույքն իրականում գնել է Լուսինե Իսրաելյանը՝ իր անունից բանկի հետ պայմանագիր կնքելու միջոցով (հատոր 1‑ին, գ.թ. 9).
6) սույն գործով երրորդ անձ Անահիտ Թադևոսյանը, 30․09․2020 թվականին Դատարան ներկայացնելով հայցադիմումի դեմ գրավոր առարկություն, ի թիվս այլի հայտնել է, որ վիճելի գույքը ձեռք է բերվել իր և Աշոտ Իսրաելյանի ամուսնության ընթացքում, այն հանդիսանում է ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունը, որի բաժանման պահանջով ինքը հայցադիմում է ներկայացրել դատարան, մինչդեռ Աշոտ Իսրաելյանն ու նրա քույրը՝ Լուսինե Իսրաելյանը, «հորինված պարտավորության» հիմքով սույն գործով փորձում են իրեն զրկել ամուսնության ընթացքում ձեռք բերված իր գույքից (հատոր 1-ին, գ.թ. 31-33).
7) 23․03․2021 թվականին Լուսինե Իսրաելյանը Դատարանի հաստատմանն է ներկայացրել իր և Աշոտ Իսրաելյանի միջև 22.03.2021 թվականին կնքված հաշտության համաձայնությունը՝ խնդրելով այն քննել իրենց բացակայությամբ։ Հաշտության համաձայնության տեքստը եզրափակվում է «Կողմերս համաձայնության ենք գալիս սույն հաշտության համաձայնությունը մեր բացակայությամբ քննելու վերաբերյալ» նախադասությամբ (հատոր 1-ին, գ․թ․ 57-59)․
8) Դատարանի 01.04.2021 թվականի վճռով հաստատվել է Լուսինե Իսրաելյանի և Աշոտ Իսրաելյանի միջև 22.03.2021 թվականին կնքված հաշտության համաձայնությունը՝ հետևյալ բովանդակությամբ.
«… 1-ին կողմից Լուսինե Արամայիսի Իսրաելյանս (…) 2-րդ կողմից Աշոտ Արամայիսի Իսրաելյանս (…), հիմք ընդունելով կողմերի միջև առկա թիվ ԵԴ/8980/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Լուսինե Արամայիսի Իսրաելյանի ընդդեմ Աշոտ Արամայիսի Իսրաելյանի, երրորդ անձ Անահիտ Ջանիբեկի Թադևոսյանի՝ պարտավորություններն կատարելուն պարտավորեցնելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, գործով ձեռք բերված երկկողմ համաձայնությամբ որոշել ենք սույն քաղաքացիական գործն ավարտել հաշտության համաձայնությամբ։
1. Հայցվոր Լուսինե Արամայիսի Իսրայելյանը պարտավորվում է հրաժարվել թիվ ԵԴ/8980/02/20 քաղաքացիական գործով հայցից այն պայմանով, որ պատասխանող կողմ հանդիսացող Աշոտ Արամայիսի Իսրաելյանը կպարտավորվի սույն հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատելու պահից 10-օրյա ժամկետում հայցվորի հանդեպ կատարել իր պարտավորությունները, այն է՝ պատասխանող Աշոտ Արամայիսի Իսրաելյանը կպարտավորվի իր անունով 29.08.2013 թվականին «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ի միջոցով Աղավնի Գյումուշյանից առուվաճառքի պայմանագրի միջոցով գնված Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի Ռուբինյանց փողոցի 2/3 շենք, թիվ 73 տարածքը (սեփականության իրավունքի վկայական թիվ 04092013-01-0066) անվանափոխել իմ՝ Լուսինե Իսրայելյանիս անվամբ։ Միևնույն ժամանակ չի խոչընդոտի սեփականության իրավունքի գրանցման հարցում և կօժանդակի՝ համապատասխան փաստաթղթեր ստորագրելով և ներկայացնելով։
2. Պատասխանող Աշոտ Արամայիսի Իսրայելյանը պարտավորվում է իր անունով 29.08.2013 թվականին «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ի միջոցով Աղավնի Գյումուշյանից առուվաճառքի պայմանագրի միջոցով գնված Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի, Ռուբինյանց փողոց, 2/3 շենք, թիվ 73 տարածքը (սեփականության իրավունքի վկայական թիվ 04092013-01-0066) անվանափոխել հայցվոր Լուսինե Իսրաելյանիս անվամբ և պատասխանող կողմը համարում է Լուսինե Իսրաելյանի սեփականության իրավունքը ճանաչված Երևան քաղաքի, Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի, Ռուբինյանց փողոց, 2/3 շենք, թիվ 73 տարածքի նկատմամբ, (սեփականության իրավունքի վկայական թիվ 04092013-01-0066) տարածքի նկատմամբ» (հատոր 1-ին, գ.թ. 60-63)․
9) Անահիտ Թադևոսյանը գործի քննությանը երրորդ անձի կարգավիճակով ներգրավվել է հայցադիմումում որպես այդպիսին նշված լինելու փաստի ուժով և մինչև գործի քննության ավարտը Դատարանի որոշմամբ չի հանվել գործին մասնակցող անձանց կազմից․
10) գործի նյութերում բացակայում են Լուսինե և Աշոտ Իսրաելյանների միջև 22.03.2021 թվականին կնքված հաշտության համաձայնությունը Դատարանի հաստատմանը ներկայացնելու վերաբերյալ միջնորդությունը երրորդ անձ Անահիտ Թադևոսյանին ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1‑ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1‑ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հաշտության համաձայնությունը հաստատելիս վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց ունեցած իրավունքների և օրինական շահերի իրականացման ու պաշտպանության պայմաններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանն ապահովում է, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք են` կողմերը, երրորդ անձինք, դիմողները և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք` նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ երրորդ անձինք մասնակից են դառնում գործի դատական քննությանն իրենց սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության նպատակով, և դատարանը պետք է ապահովի գործուն երաշխիքներ, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան անխոչընդոտ իրականացնել այդ իրավունքների պաշտպանությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կարգով (...), կողմերը կարող են վեճը լուծել հաշտության համաձայնությամբ, (․․․)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը։
Նույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի (…), հաշտության համաձայնություն կնքելու, (․․․) իրավունքից:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տնօրինչականության սկզբունքը քաղաքացիական դատավարության հիմնաքարային սկզբունքներից է, որը յուրաքանչյուրի համար երաշխավորում է սեփական հայեցողությամբ իր նյութական և դատավարական իրավունքներն ու դրանց պաշտպանության եղանակները տնօրինելու հնարավորություն: Մասնավորապես, տնօրինչականության սկզբունքը կողմերին ընձեռում է իրենց հայեցողությամբ օրենքով նախատեսված որոշակի գործողություններ կատարելու կամ դրանց կատարումից հրաժարվելու ազատություն:
Տնօրինչականության սկզբունքն իր արտահայտումը գտել է դատարանի վարույթում գտնվող վեճը դատավարության ցանկացած փուլում հաշտության համաձայնությամբ ավարտելու գործին մասնակցող անձանց վերապահված հնարավորությամբ: Ընդ որում՝ հաշտության համաձայնությունը գործին մասնակցող անձանց համատեղ կամահայտնության արդյունքն է, այսինքն՝ երկկողմանի փոխհամաձայնեցված տնօրինչական գործողությունը։ Տնօրինչական գործողություններն օրինականության սկզբունքի պահպանմամբ՝ դատարանի վերահսկողության ներքո կատարելու անհրաժեշտությունն օրինականության սկզբունքի ապահովման նախադրյալն է: Այդ պատճառով յուրաքանչյուր դեպքում հաշտության համաձայնությունը հաստատելիս դատարանը պարտավոր է պարզել այդպիսի հաստատումը բացառող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանների բացակայությունը (տե՛ս Սոնա Առաքելյանը, Արմենուհի և Մանյակ Սարգսյաններն ընդդեմ Բուրաստան Դավթյանի, Գևորգ ու Գայանե Առաքելյանների թիվ ԱՐԱԴ/2965/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2022 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տնօրինչականությունը, որպես գործին մասնակցող անձի՝ սեփական հայեցողությամբ իր նյութական և դատավարական իրավունքներն ու դրանց պաշտպանության եղանակները տնօրինելու օրենքով երաշխավորված հնարավորություն, այդուհանդերձ ենթադրում է որոշակի սահմաններ: Այդպիսիք են համարվում որոշակի գործողություններ կատարելու արգելքները, որոնք, սահմանված լինելով օրենքով, հանդես են գալիս որպես գործին մասնակցող անձի տնօրինչական կամքը և վարքագիծը սահմանափակող արտաքին ներգործիչներ: Օժտված լինելով սեփական հայեցողությամբ ընտրություն կատարելու հնարավորությամբ՝ սուբյեկտը կարող է ընտրել վարքագծի տարբերակ բացառապես օրենքի շրջանակներում՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված իմպերատիվ պահանջները և այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ, որը ձևակերպվում է գրավոր, ստորագրում են գործին մասնակցող անձինք և ներկայացվում է դատարանի հաստատմանը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը հաշտության համաձայնությունը քննարկում է դատական նիստում՝ գործին մասնակցող անձանց մասնակցությամբ, եթե վերջիններս չեն միջնորդել հաշտության համաձայնությունն իրենց բացակայությամբ քննարկելու վերաբերյալ: Նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը դատարանը դատական նիստին ներկայացած գործին մասնակցող անձանց պարզաբանում է դրա դատավարական հետևանքները:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե՝
1) այն հակասում է օրենքին կամ այլ իրավական ակտերին.
2) խախտում է այլ անձի իրավունքները կամ օրինական շահերը.
3) պարունակում է այնպիսի պայմաններ, որոնք թույլ չեն տալիս որոշակիորեն պարզել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք կողմը պարտավոր է կատարել.
4) պարունակում է այնպիսի պարտավորություններ, որոնց կատարումը պայմանավորված է մյուս կողմի պարտավորության կատարմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով դատական կարգով կնքված հաշտության համաձայնությանը, արձանագրել է, որ հաշտության համաձայնությունը կողմերի միջև փոխզիջման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություն է, որը հաստատվում է դատարանի կողմից: Հաշտության համաձայնություն կնքելը տնօրինչական դատավարական գործողություն է, որի միջոցով կողմերը տնօրինում են ինչպես իրենց նյութական, այնպես էլ դատավարական իրավունքները: Մասնավորապես, կնքելով նման համաձայնություն` կողմերը փոխադարձ պայմանավորվածությամբ որոշակի փոփոխության են ենթարկում վիճելի իրավահարաբերությունը` այդ իրավահարաբերության շրջանակներում ստանձնելով նոր պարտավորություններ կամ վիճելի իրավահարաբերությունը փոխարինելով մեկ այլ իրավահարաբերությամբ կամ ուղղակիորեն դադարեցնելով այն: Վերը նշվածում դրսևորվում է հաշտության համաձայնության նյութաիրավական (քաղաքացիաիրավական) կողմը: Հաշտության համաձայնությամբ կողմերը միաժամանակ տնօրինում են իրենց դատավարական իրավունքները, ինչի արդյունքում դատավարության հետագա ընթացքը գործի վարույթի կարճմամբ դադարում է: Նշվածում էլ դրսևորվում է հաշտության համաձայնության դատավարական կողմը: Ընդ որում, հաշտության համաձայնությունը հաստատող դատարանի վճիռն իր դատավարական նշանակությամբ և հետևանքներով հավասարեցված է գործն ըստ էության լուծող վճռին, որի կամավոր չկատարումը հանգեցնում է դատական ակտի հարկադիր կատարման (տե՛ս «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հաշտության համաձայնությամբ գործին մասնակցող անձինք զիջումների միջոցով փոխադարձաբար ընդունելի պայմաններով նորովի որոշում են իրենց իրավունքներն ու պարտականությունները, և, միմյանց հետ համաձայնեցնելով վեճը լուծելու պայմանները, դադարեցնում են իրենց միջև ծագած դատական վեճը: Այդուհանդերձ դատական վեճը լուծելու նպատակով փոխադարձաբար ընդունելի պայմաններ սահմանելու տնօրինչական գործողություն կատարելու ազատությունը սահմանափակված է օրինականության սկզբունքի պահպանման պահանջով: Այսպես.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե՝
1) այն հակասում է օրենքին կամ այլ իրավական ակտերին.
2) խախտում է այլ անձի իրավունքները կամ օրինական շահերը.
3) պարունակում է այնպիսի պայմաններ, որոնք թույլ չեն տալիս որոշակիորեն պարզել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք կողմը պարտավոր է կատարել.
4) պարունակում է այնպիսի պարտավորություններ, որոնց կատարումը պայմանավորված է մյուս կողմի պարտավորության կատարմամբ:
Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 4-րդ մասի մեկնաբանմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ հաշտության համաձայնությունը գործին մասնակցող անձանց փոխհամաձայնեցված կամքն արտահայտելու հետ մեկտեղ չպետք է հակասի օրենքին կամ այլ իրավական ակտերին, խախտի այլ անձի իրավունքները կամ օրինական շահերը, պարունակի այնպիսի պայմաններ, որոնք թույլ չեն տալիս որոշակիորեն պարզել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք կողմը պարտավոր է կատարել, պարունակի այնպիսի պարտավորություններ, որոնց կատարումը պայմանավորված է մյուս կողմի պարտավորության կատարմամբ: Հետևաբար հաշտության համաձայնությունը հաստատելու փուլում դատարանի վերահսկողության առարկան կազմում է հաշտության համաձայնությամբ օրինականության սկզբունքի պահանջները պահպանված լինելու հարցի պարզումը: Եթե հաշտության համաձայնության ուսումնասիրության արդյունքում դատարանը բացահայտում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 4-րդ մասում ներառված պայմաններից որևէ մեկի առկայությունը, ապա չի հաստատում այն, և գործի քննությունը շարունակվում է: Ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 4-րդ մասում ներառված պայմաններից մեկի առկայությունը հաշտության համաձայնության հաստատումը բացառող հանգամանք է: Արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ տնօրինչական գործողություններն օրինականության սկզբունքի պահպանմամբ՝ դատարանի վերահսկողության ներքո կատարելու անհրաժեշտությունն օրինականության սկզբունքի ապահովման նախադրյալն է: Այդ պատճառով յուրաքանչյուր դեպքում հաշտության համաձայնությունը հաստատելիս դատարանը պարտավոր է պարզել այդպիսի հաստատումը բացառող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանների բացակայությունը: Հաշտության համաձայնությունը հաստատելիս օրինականության սկզբունքի պահպանությունն ապահովելը կարևորվում է այն տեսանկյունից, որ դատական ակտը կարող է անբարենպաստ հետևանքներ ունենալ երրորդ անձանց քաղաքացիական հարաբերությունների վրա՝ անուղղակի առնչվելով նրանց որևէ իրավունքին կամ կողմերի միջև հաստատված հարաբերություններին։
ՀՀ վճռաբեկ դատարանը, հաշտության համաձայնության հաստատման համատեքստում անդրադառնալով նաև երրորդ անձանց տարբերակման դատավարական առանձնահատկություններին՝ արձանագրել է, որ հաշտության համաձայնության հաստատումը բացառող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանների բացակայությունը պարզելու դատարանի պարտականությունն ուղղված է նաև ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձի իրավունքների պաշտպանությանը: ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ, չնայած ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձն իրավունք չունի կնքել հաշտության համաձայնություն և ուղղակիորեն չի կարող ազդել դրա բովանդակության և պայմանների վրա, այդուհանդերձ, պետք է պաշտպանված լինի այն ռիսկից, որ գործին մասնակցող մյուս անձինք կկնքեն իր իրավունքներն ու օրինական շահերը խախտող հաշտության համաձայնություն: Ներկայացված դեպքերում կարևորվում է դատարանի դերը՝ պարզելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանների առկայությունը և չհաստատելու հաշտության համաձայնությունը, եթե այն խախտում է այլ անձի, այդ թվում՝ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձի իրավունքները կամ օրինական շահերը (տե՛ս Սոնա Առաքելյանը և մյուսներն ընդդեմ Բուրաստան Դավթյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ/2965/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2022 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ հաշտության համաձայնությունը հաստատելիս օրինականության սկզբունքի պահպանության ապահովման նպատակն այդպիսի համաձայնությամբ օրենքի, ինչպես նաև այլ անձանց (այդ թվում՝ համաձայնությունը չստորագրած, գործին մասնակից չդարձած) իրավունքների և օրինական շահերի խախտումը բացառելն է: Ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձը նույնպես պետք է պաշտպանված լինի այն ռիսկից, որ գործին մասնակցող անձինք չկնքեն իր իրավունքներն ու օրինական շահերը խախտող հաշտության համաձայնություն: Հետևաբար հաշտության համաձայնություն ներկայացվելու դեպքում դատարանը նախևառաջ պետք է ստուգի դրա բովանդակությունը, դրանում առկա դրույթների համապատասխանությունն օրենքին և այլ իրավական ակտերին, այնուհետև՝ պարզի, թե որքանով են հաշտության համաձայնության մեջ տեղ գտած դրույթներն առնչվում այլ անձանց իրավունքներին և օրինական շահերին, արդյոք հաշտության համաձայնությունը խախտում է այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը, արդյոք պարունակում է այնպիսի պայմաններ, որոնք թույլ չեն տալիս որոշակիորեն պարզել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք կողմը պարտավոր է կատարել, արդյո՞ք պարունակում է այնպիսի պարտավորություններ, որոնց կատարումը պայմանավորված է մյուս կողմի պարտավորության կատարմամբ: Ընդ որում, դրանցից թեկուզև մեկի առկայության դեպքում դատարանը պետք է չհաստատի ներկայացված հաշտության համաձայնությունը և վեճը պետք է քննի ըստ էության (տե՛ս «Ակվա-Լեն Շին» ՍՊԸ-ն ընդդեմ Սմբատ, Արմեն և Նունե Ավագյանների, Սյուզաննա Կարագաշյանի, երրորդ անձ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի ու Կադաստրի կոմիտեի թիվ ԵԴ/21216/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2024 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ մասով դատարանի համար սահմանել է համապարտադիր պահանջ՝ հաշտության համաձայնությունը քննարկելու դատական նիստում` գործին մասնակցող անձանց մասնակցությամբ։ Նշված կանոնից բացառություն են կազմում այն դեպքերը, երբ գործին մասնակցող անձինք միջնորդում են հաշտության համաձայնությունը քննարկել իրենց բացակայությամբ։ Ընդ որում, վերջին դեպքում ևս հաշտության համաձայնությունը քննարկվում է դատական նիստում։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հաշտության համաձայնության քննարկման նման դատավարական ձևն ինքնանպատակ չէ․ այն թույլ է տալիս գործը քննող դատարանին, մի կողմից, հավաստիանալ, որ հաշտության համաձայնություն կնքած կողմերը լիովին գիտակցում են քննարկվող տնօրինչական գործողությունը կատարելու դատավարական հետևանքները, այդ հետևանքները դատարանի կողմից պարզաբանելուց հետո պնդում են ներկայացված հաշտության համաձայնությունը կնքելու իրենց մտադրությունը, մյուս կողմից, կողմերի կնքած հաշտության համաձայնության վերաբերյալ նաև գործին մասնակցող այլ անձանց արտահայտած դիրքորոշումների հիման վրա վեր հանել դրա հաստատումը մերժելու հնարավոր հիմքերը։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեև վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց մասով օրենսդիրն ուղղակիորեն բացառել է հաշտության համաձայնություն կնքելու հնարավորությունը, այդուհանդերձ, նման սահմանափակումը չի բացառում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց իրավունքը՝ դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջև կնքված ու դատարանի հաստատմանը ներկայացված հաշտության համաձայնության վերաբերյալ։
Հաշտության համաձայնության հաստատումը բացառող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանների բացակայությունը պարզելու դատարանի պարտականությունն ուղղված է նաև վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձի իրավունքների պաշտպանությունն ապահովելուն: Ուստի, եթե գործին մասնակցող անձինք, օգտվելով իրենց տնօրինչական իրավունքներից, որոշել են վեճը լուծել հաշտության համաձայնություն կնքելու միջոցով, ապա գործի բազմակողմանի և ճիշտ լուծումն ապահովելու տեսանկյունից կարևոր է, որ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձն իրական հնարավորություն ունենա արտահայտելու իր դիրքորոշումը հաշտության համաձայնության վերաբերյալ բոլոր այն դեպքերում, երբ կնքվելիք հաշտության համաձայնությունն այս կամ այն կերպ կարող է ազդեցություն ունենալ վերջինիս իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության վրա:
Դատարանը չի կարող հաստատել կողմերի կնքած հաշտության համաձայնությունը ոչ միայն այն դեպքերում, երբ նման համաձայնությունն ակնհայտորեն խախտում է այլ անձի, այդ թվում՝ գործով վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձի իրավունքները կամ օրինական շահերը, այլ նաև այն պարագայում, երբ գործի քննությանը վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձի դատավարական կարգավիճակով ներգրավված անձը, որի իրավունքների կամ օրինական շահերի վրա կարող է ազդել կնքված հաշտության համաձայնությունը, տվյալ վարույթի շրջանակում չի ունեցել դատական նիստում հաշտության համաձայնության քննարկմանը մասնակցելու իրական հնարավորություն, նրա համար չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ կնքված հաշտության համաձայնության՝ իր իրավունքների կամ օրինական շահերի վրա ազդեցության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար։ Հակառակ պարագայում խախտվում են նաև վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձի համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 6‑րդ կետով նախատեսված՝ դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումը և փաստարկները ներկայացնելու, ինչպես նաև նույն հոդվածի նույն մասի 7‑րդ կետով սահմանված՝ գործի քննության ընթացքում գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու դատավարական իրավունքները, ու, որպես հետևանք, նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածով երաշխավորված՝ օրենքի ու դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքը և Սահմանադրության 63-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իրավունքը։
Հետևաբար, ինքնուրույն պահանջ չներկայացրած երրորդ անձին պետք է հնարավորություն ընձեռվի բոլոր դատավարական երաշխիքների պահպանմամբ մասնակցելու դատական նիստում հաշտության համաձայնությունը հաստատելու հարցի քննարկմանը:
Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանը հաշտության համաձայնությունը հաստատելիս գործի օբյեկտիվ, բազմակողմանի և ճիշտ լուծումն ապահովելու համար պետք է հաշտության համաձայնության հաստատմանը մասնակից դարձնի նաև վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց, եթե այդպիսի համաձայնությունն անմիջականորեն առնչվում է նրանց իրավունքներին ու օրինական շահերին՝ պահպանելով հաշտության համաձայնությունը դատական նիստում քննարկելու իմպերատիվ պահանջը, հակառակ դեպքում երրորդ անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հաշտության համաձայնությունը հաստատելը կհամարվի կողմերի հավասարության ու մրցակցային դատավարության սկզբունքների խախտում:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական գործով ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձը ներգրավվում է միայն այն դեպքում, երբ տվյալ քաղաքացիական գործի ելքով ունի որոշակի հիմնավորված շահ։ Նման շահի առկայությունը հերքվելու կամ վերանալու պարագայում վերանում է երրորդ անձին դատավարությունում ներգրավելու հիմքը, որպիսի պայմաններում դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ մինչև դատաքննության ավարտը կարող է վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին հանել գործին մասնակցող անձանց կազմից՝ այդ մասին կայացնելով համապատասխան որոշում (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդված, մաս 8-րդ)։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քանի դեռ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձը դատարանի որոշմամբ չի հանվել գործին մասնակցող անձանց կազմից, գործում է այն կանխավարկածը, որ գործով կայացվելիք դատական ակտն անխուսափելիորեն ազդելու է նրա իրավունքների և պարտականությունների վրա, հետևաբար դատարանը նաև այդպիսի երրորդ անձի համար պետք է ապահովի դատավարական օրենսդրությամբ երաշխավորված բոլոր դատավարական իրավունքներն իրականացնելու, այդ թվում՝ դատարանի հաստատմանը ներկայացված հաշտության համաձայնության՝ իր իրավունքների վրա ազդեցության վերաբերյալ դիրքորոշումը ներկայացնելու հնարավորությունը, առավել ևս, որ նաև այդպիսի ազդեցության բնույթով ու աստիճանով է օրենսդիրը պայմանավորել դատարանի կողմից հաշտության համաձայնությունը հաստատելու թույլատրելիությունը։
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Թիվ ԵԴ/0600/02/18 քաղաքացիական գործով դիմելով դատարան՝ Անահիտ Թադևոսյանը պահանջել է իրեն ճանաչել ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ համասեփականատեր, բաժնեմասն առանձնացնել, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարը բաժիններին համապատասխան բաշխել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 31.07.2020 թվականի որոշմամբ գործի վարույթը կասեցվել է մինչև սույն քաղաքացիական գործով վերջնական որոշում կայացվելը։
Սույն գործով Լուսինե Իսրաելյանը, դիմելով դատարան ընդդեմ Աշոտ Իսրաելյանի և երրորդ անձ Անահիտ Թադևոսյանի, պահանջել է Աշոտ Իսրաելյանին պարտավորեցնել իր անվամբ գրանցել Երևանի Քանաքեռ‑Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի 2/3 շենքի թիվ 73 տարածքը, ինչպես նաև ճանաչել իր սեփականության իրավունքը վերը նշված տարածքի նկատմամբ։
Երրորդ անձ Անահիտ Թադևոսյանը, 30․09․2020 թվականին Դատարան ներկայացնելով հայցադիմումի դեմ գրավոր առարկություն, ի թիվս այլի հայտնել է, որ վիճելի գույքը ձեռք է բերվել իր և Աշոտ Իսրաելյանի ամուսնության ընթացքում, այն հանդիսանում է ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն, որի բաժանման պահանջով ինքը հայցադիմում է ներկայացրել դատարան, մինչդեռ Աշոտ Իսրաելյանն ու նրա քույրը՝ Լուսինե Իսրաելյանը, «հորինված պարտավորության» հիմքով սույն գործով փորձում են իրեն զրկել ամուսնության ընթացքում ձեռք բերված իր գույքից։
23․03․2021 թվականին Լուսինե Իսրաելյանը Դատարանի հաստատմանն է ներկայացրել իր և Աշոտ Իսրաելյանի միջև 22.03.2021 թվականին կնքված հաշտության համաձայնությունը՝ խնդրելով այն քննել իրենց բացակայությամբ։ Հաշտության համաձայնության տեքստը եզրափակվում է «Կողմերս համաձայնության ենք գալիս սույն հաշտության համաձայնությունը մեր բացակայությամբ քննելու վերաբերյալ» նախադասությամբ։
Դատարանի 01.04.2021 թվականի վճռով հաստատվել է Լուսինե Իսրաելյանի և Աշոտ Իսրաելյանի միջև 22.03.2021 թվականին կնքված հաշտության համաձայնությունը, որով Աշոտ Իսրաելյանը պարտավորվել է իր անունից գնված՝ Երևանի Քանաքեռ‑Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի 2/3 շենքի թիվ 73 տարածքն անվանափոխել Լուսինե Իսրաելյանի անունով:
Վերաքննիչ դատարանը 20.08.2021 թվականի որոշմամբ մերժել է Անահիտ Թադևոսյանի վերաքննիչ բողոքը, պատճառաբանելով, որ՝
- «Լուսինե Իսրաելյանը 23.03.2021 թվականին Դատարան է ներկայացրել իր և Աշոտ Իսրաելյանի միջև 22.03.2021 թվականին կնքված հաշտության համաձայնությունը և խնդրել հաստատել այն, միաժամանակ, հղում կատարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ մասին, խնդրել է այն քննարկել կողմերի բացակայությամբ, ինչին պատասխանողը չի առարկել։ Նկատի ունենալով, որ տվյալ դեպքում գործին մասնակցող անձինք Դատարանին միջնորդել են հաշտության համաձայնությունը քննարկել իրենց բացակայությամբ, ուստի Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորմամբ, իրավացիորեն հաշտության համաձայնության քննարկման նպատակով դատական նիստ չի հրավիրել, այսինքն՝ կողմերին լսելու նպատակով դատական նիստ չհրավիրելով Դատարանը որևէ խախտում թույլ չի տվել, քանի որ գործում առկա է եղել միջնորդություն՝ կողմերի բացակայությամբ հաշտության համաձայնությունը քննարկելու մասին, որպիսի իրավունքն ուղղակիորեն նախատեսված է վերը նշված իրավական նորմով»,
- «երբ գործով չի հիմնավորվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1‑ին մասի հիմքով վիճելի գույքի համատեղ սեփականություն հանդիսանալը, խոսք չի կարող լինել նաև կնքված հաշտության համաձայնությամբ բողոքաբերի՝ սեփականատիրոջ իրավունքների և օրինական շահերի խախտված լինելու մասին»։
Վերը նշված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են՝ հետևյալ պատճառաբանությամբ։
Վերը նշված փաստերի համակարգային վերլուծությունից պարզ է դառնում, որ Անահիտ Թադևոսյանը, ով սույն քաղաքացիական գործով հանդիսանում է վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացվող երրորդ անձ, մեկ այլ քաղաքացիական գործով (թիվ ԵԴ/0600/02/18) հանդես է գալիս որպես հայցվոր և պահանջ է ներկայացրել վեճի առարկա գույքի նկատմամբ: Նշված քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև սույն գործով վերջնական որոշում կայացվելը, որպիսի պայմաններում Դատարանը հաստատել է Լուսինե և Աշոտ Իսրաելյանների միջև կնքված հաշտության համաձայնությունը:
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համատեքստում անդրադառնալով հաշտության համաձայնությունը Դատարանի կողմից դատական նիստից դուրս քննարկելու իրավաչափության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգմանը՝ Վճռաբեկ դատարանն այն հիմնավորված չի համարում։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած Լուսինե Իսրաելյանը միջնորդել է հաշտության համաձայնությունը քննարկել իր և Աշոտ Իսրայելյանի բացակայությամբ, իսկ վերջինս դրա դեմ չի առարկել, այնուամենայնիվ հաշտության համաձայնությունը պետք է քննարկեր դատական նիստում։ Հաշտության համաձայնությունն իրենց բացակայությամբ քննարկելու վերաբերյալ կողմերի միջնորդության առկայությունը դատարանին ազատում է հաշտության համաձայնությունը բացառապես նման միջնորդություն ներկայացրած անձանց պարտադիր մասնակցությամբ քննարկելու պարտականությունից, սակայն որևէ կերպ չի բացառում գործով վեճի առարկայի նկատմամբ երրորդ անձի դատավարական կարգավիճակ ունեցող Անահիտ Թադևոսյանի իրավունքը՝ օրենքով սահմանված միակ թույլատրելի դատավարական ձևի՝ դատական նիստի շրջանակներում ներկայացնելու դիրքորոշում կողմերի՝ Լուսինե և Աշոտ Իսրայելյանի միջև կնքված ու դատարանի հաստատմանը ներկայացված հաշտության համաձայնության վերաբերյալ՝ իրացնելով նաև իր առարկությունների հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցներ ներկայացնելու օրենքով երաշխավորված հնարավորությունը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, նախնական դատական նիստում քննարկման առարկա չդարձնելով Անահիտ Թադևոսյանին սույն գործին որպես երրորդ անձ ներգրավելու հիմքերի առկայության և գործին մասնակցող անձանց կազմից նրան հանելու հարցերը, ըստ էության գտել է, որ գործով կայացվելիք դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել նրա իրավունքների ու պարտականությունների վրա, որպիսի պայմաններում գործի քննությանը երրորդ անձի կարգավիճակով հանդես եկող Անահիտ Թադևոսյանի համար պետք է ապահովվեր իր առարկությունների հիմքում դրված և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը հաստատող ապացույցներ ներկայացնելու, կողմերի դիմումների, միջնորդությունների, գործի քննության ընթացքում ծագած հարցերի վերաբերյալ իր փաստարկներն ու դիրքորոշումը հայտնելու հնարավորություն։
Նշվածի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հաշտության համաձայնությամբ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունն ուղղակիորեն առնչվում է երրորդ անձ Անահիտ Թադևոսյանի իրավունքներին և օրինական շահերին, որպիսի պայմաններում վերջինիս պետք է հնարավորություն ընձեռվեր ներգրավվելու հաշտության համաձայնության քննարկմանը՝ իր իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունն իրականացնելու նպատակով: Նրան պետք է հնարավորություն ընձեռվեր ներկայացնելու գործի ելքում իր նյութաիրավական շահագրգռվածությունը հիմնավորող ապացույցներ, այդ թվում՝ սույն վճռաբեկ բողոքին կից ներկայացված ամուսնության վկայականները, որոնցով հաստատվում է, որ իր և Աշոտ Իսրաելյանի ամուսնությունը գրանցվել է դեռևս 23․07․1999 թվականին, հետևաբար վիճելի գույքը ձեռք է բերվել նրանց ամուսնության ընթացքում։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, թե Անահիտ Թադևոսյանը, պնդելով, որ Աշոտ Իսրաելյանի հետ առուվաճառքի պայմանագիրը կնքելու պահին գտնվել է ամուսնական հարաբերությունների մեջ, և վիճելի գույքը ձեռք է բերվել համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, իր վկայակոչած հանգամանքները հավաստող որևէ ապացույց Դատարանին չի ներկայացրել, հետևաբար չի կարող խոսք լինել կնքված հաշտության համաձայնությամբ նրա իրավունքների և օրինական շահերի խախտված լինելու մասին։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կողմերի միջև կնքված և Դատարանի հաստատմանը ներկայացված հաշտության համաձայնության բովանդակությունն Անահիտ Թադևոսյանի առջև նախապես չբացահայտելու (այն նրան չուղարկելու) ու այն քննարկելու նպատակով դատական նիստ չհրավիրելու արդյունքում Անահիտ Թադևոսյանը, ըստ էության, զրկվել է իր վկայակոչած փաստերն ապացուցելու հնարավորությունից։
Նկատի ունենալով այն, որ վեճի առարկա հանդիսացող գույքի նկատմամբ Անահիտ Թադևոսյանն ունի սեփական հավակնություններ, և կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունն ուղղակի ազդեցություն ունի նրա իրավունքների ու օրինական շահերի վրա, քանի որ կնքված հաշտության համաձայնությամբ Աշոտ Իսրաելյանը պարտավորվել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի 2/3 շենքի թիվ 73 տարածքն անվանափոխել Լուսինե Իսրաելյանի անունով և ճանաչել վերջինիս սեփականության իրավունքն այդ գույքի նկատմամբ՝ Լուսինե և Աշոտ Իսրաելյանների միջև կնքված ու Դատարանի հաստատմանը ներկայացված հաշտության համաձայնությունը ոչ միայն պետք է բացահայտվեր գործով երրորդ անձ Անահիտ Թադևոսյանի առջև, այլ նաև վերջինիս պետք է հնարավորություն ընձեռվեր դատական նիստում ներկայացնելու կնքված հաշտության համաձայնության վերաբերյալ իր դիրքորոշումը, այդ թվում՝ իր առարկությունների հիմքում դրված փաստերը հիմնավորող ապացույցները։
Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Անահիտ Թադևոսյանը, ում իրավունքներին և օրինական շահերին ուղղակիորեն առնչվում է սույն գործով կնքված հաշտության համաձայնությունը, մասնակից չի դարձել հաշտության համաձայնության քննարկմանն ու հնարավորություն չի ունեցել իր դիրքորոշումը հայտնելու դրա վերաբերյալ՝ ներկայացնելով իր առարկությունների հիմքում դրված և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը հաստատող ապացույցներ, որպիսի պայմաններում Դատարանը հաստատել է այն և կարճել քաղաքացիական գործի վարույթը՝ արդյունքում խախտելով կողմերի հավասարության ու մրցակցային դատավարության սկզբունքները:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի խախտում թույլ տրված լինելու մասին վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները և վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3‑րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 20.08.2021 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2‑րդ կետով սահմանված դատական ակտը բեկանելու և գործը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության ուղարկելու լիազորությունը:
Վերոգրյալ պատճառաբանությամբ միաժամանակ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանների հիմնավորումները:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.08.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
|
Նախագահող |
Գ. հակոբյան |
|
Զեկուցող |
Ս. Մեղրյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ |
|
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ | |
|
Ա. Մկրտչյան Է. Սեդրակյան Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2025 թվական: